The Christus statueThe Church of Jesus Christ of Latter-day Saints Search | Feedback | Site Map | Help | Country Sites |
Home Broadcast General Conference Archives
Conferences
April 2007
Թաբերնաքլի հիշողությունները

Թաբերնաքլի հիշողությունները

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն
Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական

Քանի որ այս կառույցն այսօր վերանվիրագործվում է, թող որ մենք խոստանանք մեր կյանքը կրկին նվիրել մեր Տեր և Փրկիչ` Հիսուս Քրիստոսի աշխատանքին:

Նախագահ Թոմաս Ս. ՄոնսոնԹե այստեղ Թաբերնաքլում, և թե ամբողջ աշխարհում, տարբեր միջոցներով լսող իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, ուրախ եմ կրկին անգամ կանգնելու ձեր առջև այս հոյակապ կառույցի ներսում: Այս միջավայրում չես կարող չհիշել վաղ Սրբերի ոգին, ովքեր կառուցեցին երկրպագության այս գեղեցիկ տունը, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ տքնել են պաշտպանելու և գեղեցկացնելու այն:

Վերջերս ես մտածում էի իմ կյանքի այն շատ նշանակալից իրադարձությունների մասին, որոնք կապված են Սոլթ Լեյքի Թաբերնաքլի հետ: Թեպետ շատ բաներ ունեմ նշելու այսօր, ես կուզենայի կիսվել դրանցից միայն մի քանիսով:

Ես հիշում եմ այն ժամանակը, երբ մոտենում էր իմ մկրտությունը, ես ութ տարեկան էի: Մայրս խոսում էր ինձ հետ ապաշխարության և մկրտության նշանակության մասին, իսկ հետո շաբաթ օրը` 1935թ. սեպտեմբերին տրամվայով ինձ տարավ Թաբերնաքլի մկրտարան, որը մինչև վերջերս այստեղ այս կառույցում էր: Այդ ժամանակ այդքան ընդունված չէր, որ հայրերը մկրտեին իրենց երեխաներին, քանի որ այդ արարողությունը հիմնականում կատարվում էր շաբաթ առավոտյան կամ կեսօրին, իսկ շատ հայրեր աշխատում էին այդ օրը: Ես սպիտակ հագա և մկրտվեցի: Հիշում եմ այդ օրը, ասես երեկ լիներ, և այն երջանկությունը, որ զգացի այդ արարողության ժամանակ:

Տարիների ընթացքում, և հատկապես, մի որոշ ժամանակ ծառայելով որպես եպիսկոպոս, ես Թաբերնաքլի ավազանում շատ մկրտությունների ականատեսն եմ եղել: Յուրաքանչյուրը հատուկ և ոգեշնչող դեպք էր, և յուրաքանչյուրը հիշեցրել է ինձ իմ անձնական մկրտությունը:

1950թ. ապրիլին, կինս, Ֆրենսիզը, և ես ներկա էինք գերագույն համաժողովի կիրակի երեկոյան նիստին, որը տեղի էր ունենում այս կառույցում: Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթը Եկեղեցու Նախագահն էր, և համաժողովը փակելիս նա ոգեշնչող և զորավոր ուղերձ հղեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարության մասին: Ինչևէ, նախքան իր խոսքը կավարտեր, նա մարգարեական զգուշացում հնչեցրեց: Նա ասաց. «Շատ չի անցնի և աղետներ կգան մարդկանց վրա, եթե արագ ապաշխարություն չկատարվի: Շատ չանցած նրանք, ովքեր ցրված են երկրի երեսի վրա, միլիոններով կմահանան . . . դրա պատճառով» (in Conference Report, Apr. 1950, 169): Այդ խոսքերը տագնապի ազդանշան էին, քանի որ ասվեցին Աստծո մարգարեի կողմից:

Այդ գերագույն համաժողովից երկուսուկես ամիս անց, 1950թ. հունիսի 25-ին պատերազմ բռնկվեց Կորեայում, պատերազմ, որն ի վերջո, ըստ հաշվարկների, խլեց 2.5 միլիոն կյանք: Դա դրդեց ինձ անդրադառնալ Նախագահ Սմիթի հայտարարությանը, որն արվեց այդ գարնանային օրը, երբ մենք նստած էինք այս կառույցում:

Թաբերնաքլում ես հաճախել եմ գերագույն համաժողովների շատ նիստերի, միշտ շենանալով և ոգեշնչվելով Եղբայրների խոսքերով: Այնուհետև, 1963թ. հոկտեմբերին Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը հրավիրեց ինձ իր գրասենյակ և կանչեց ծառայելու որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ: Նա խնդրեց, որ այդ սուրբ կանչը գաղտնի պահեմ, այդ մասին բացի կնոջիցս ոչ ոքի չասեմ, միայն հաջորդ օրը ես պետք է ներկայացվեի Թաբերնաքլում տեղի ունեցող գերագույն համաժողովում, երբ իմ անունը բարձրաձայն կարդացվեր:

Հաջորդ առավոտ ես եկա Թաբերնաքլ չիմանալով ստույգ, թե որտեղ պետք է նստեմ: Լինելով Քահանայության Տնային Ուսուցման Հանձնաժողովի անդամ, ես որոշեցի, որ կնստեմ այդ հանձնաժողովի անդամների հետ: Ես տեսա իմ ընկերոջը` Հյու Սմիթին, որը նույնպես այդ հանձնաժողովի անդամ էր: Նա ձեռքով նշան արեց, որ նստեմ իր կողքին: Ես նստեցի և չկարողացա ասել նրան իմ կանչի մասին:

Նիստի ժամանակ, Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները հաստատվեցին և, իհարկե, իմ անունը կարդացվեց: Երբ քայլերս ուղղեցի դեպի բեմահարթակ, կարծես դա իմ կյանքի ամենաերկար ճանապարհը լիներ:

44 տարի է անցել այդ համաժողովից: Մինչև 2000 թվականը, երբ Համաժողովների Կենտրոնը նվիրագործվեց, ես արտոնություն եմ ունեցել այս կառույցում հղելու գերագույն համաժողովի 101 ուղերձ այս նույն ամբիոնից, չհաշված այստեղ տեղի ունեցած օժանդակների գերագույն համաժողովների և այլ հավաքների ուղերձները: Իմ խոսքն այսօր կլինի 102-րդը: Տարիների ընթացքում կանգնելով այստեղ ես շատ հոգևոր զգացումներ եմ ունեցել:

1975թ. հոկտեմբերի գերագույն համաժողովին իմ ուղերձը հղելիս ես հուշում ստացա իմ խոսքը հղել այս կառույցի օթյակում նստած երկար մազերով շիկահեր փոքրիկ աղջկան: Ես ներկաների ուշադրությունը հրավիրեցի նրա վրա և արտահայտվելու ազատություն զգացի, որը վկայեց ինձ, որ այս փոքրիկ աղջիկն այն ուղերձի կարիքն ունի, որն ունեի մտքումս մեկ այլ փոքր աղջկա հավատի վերաբերյալ:

Նիստի ավարտից հետո, ես վերադարձա իմ գրասենյակ և տեսա Միսթի Վայթ անունով մի երեխա է ինձ սպասում իր պապիկի, տատիկի և մորաքրոջ հետ: Երբ ողջունեցի նրանց, ես ճանաչեցի օթյակում նստած աղջկան, որին հղել էի իմ խոսքը: Ես իմացա, որ նրա ութերորդ տարեդարձն էր մոտենում, և նա դժվարին որոշում պետք է կայացներ` մկրտվեր, թե ոչ: Նա զգում էր, որ ուզում է մկրտվել, պապիկն ու տատիկը, որոնց հետ նա ապրում էր, նույնպես ուզում էին, որ նա մկրտվեր, սակայն նրա ոչ ակտիվ մայրն առաջարկել էր, որ նա դառնա 18 տարեկան, հետո միայն որոշում կայացնի: Միսթին ասել էր իր պապիկին ու տատիկին. «Եթե մենք գնանք Սոլթ Լեյք Սիթիի համաժողովին, միգուցե Երկնային Հայրն ինձ կասի, թե ինչ պետք է անեմ»:

Միսթին, տատիկը, պապիկն ու մորաքույրը եկել էին Կալիֆորնիայից Սոլթ Լեյք Սիթի համաժողովին և կարողացել էին տեղեր գտնել Թաբերնաքլի շաբաթ օրվա երեկոյան նիստի համար: Այդտեղ էին նրանք նստած, երբ իմ ուշադրությունն ուղղվեց Միսթիի վրա և ես որոշեցի խոսել նրա հետ:

Նիստից հետո, երբ զրուցում էինք իմ գրասենյակում, Միսթիի տատիկն ինձ ասաց. «Կարծում եմ, Միսթին ինչ-որ բան է ուզում ձեզ ասել»: Այդ հաճելի փոքր աղջիկն ասաց. «Եղբա՛յր Մոնսոն, երբ խոսում էիք համաժողովում, դուք պատասխանեցիք իմ հարցին: Ես ցանկանում եմ մկրտվել»:

Ընտանիքը վերադարձավ Կալիֆորնիա, և Միսթին մկրտվեց ու հաստատվեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ: Այս տարիների ընթացքում Միսթին մնացել էր հավատարիմ Հիսուս Քրիստոսի ավետարանին: Տասնչորս տարի առաջ ես արտոնություն ունեցա կատարել նրա տաճարային ամուսնությունը մի լավ երիտասարդի հետ, և միասին նրանք մեծացնում են հինգ չքնաղ երեխաններ, մեկն էլ արդեն պետք է ծնվի:

Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, արտոնություն ունեմ կրկին անգամ կանգնելու Թաբերնաքլի այս ամբիոնի մոտ, որի հետ այնքան շատ հրաշալի հիշողություններ են կապված: Թաբերնաքլն իմ կյանքի մի մասն է, մաս, որը ես փայփայում եմ:

Ես պատիվ եմ ունեցել և հաճույքով եմ իմ ձեռքը բարձրացրել հաստատելու Եկեղեցու ինը նախագահներին, երբ կարդացվել են նրանց անունները: Այս առավոտ ես միացա ձեզ` կրկին անգամ հաստատելով մեր սիրելի մարգարեին` Նախագահ Գորդոն Բ. Հինքլիին: Ուրախություն ու պատիվ է ծառայել նրա կողքին` Նախագահ Ֆաուստի հետ միասին:

Քանի որ այս կառույցն այսօր վերանվիրագործվում է, թող որ մենք խոստանանք մեր կյանքը կրկին նվիրել մեր Տեր և Փրկիչ` Հիսուս Քրիստոսի աշխատանքին, որն այնքան պատրաստակամորեն մահացավ, որպեսզի մենք կարողանանք ապրել: Թող որ մենք ամեն օր քայլենք Նրա հետքերով, ես խոնարհ աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

 
© 2008 Intellectual Reserve, Inc. All rights reserved.   Rights and use information.  Privacy policy