The Christus statueThe Church of Jesus Christ of Latter-day Saints Search | Feedback | Site Map | Help | Country Sites |
Home Languages Main Menu
General Conference
April 2007
Դաս Մորմոնի Գրքից

Դաս Մորմոնի Գրքից

Վիկի Ֆ. Մացումորի
Երեխաների Միության Գերագույն Նախագահության Երկրորդ Խորհրդական

Որպես առաջին սերնդի անդամներ, դուք այն մարդիկ եք, ովքեր սկսում են հաջորդ սերնդին ուսուցանելու և ամրապնդելու շարունակական գործընթացը:

Վիկի Ֆ. ՄացումորիԵս սիրում եմ Մորմոնի Գիրքը: Այն հրաշալի պատմվածքներ ունի բոլոր տարիքի երեխաների համար, և ամենակարևորը, այն սովորեցնում է համապարփակ դասեր, որոնք հաճախ վերապատմվում են Երեխաների Միության երգերում:

Օրինակ, մի մեծ դաս է գտնվում Հելամանի զորքի մասին երգում: Մենք երգում ենք. «Մենք Հելամանի զորքի պես ենք: Մեզ սովորեցրել են երիտասարդ տարիքում»:1 Մեզանից շատերը այսպիսի զգացում ունեն. «Մենք ծնվել ենք ինչպես Նեփին հնում, լավ ծնողներից»:2

Իմ ուղերձն այսօր ուղղված է ձեզ՝ առաջին սերնդի անդամներիդ, ովքեր թեև ծնվել են լավ ծնողներից, սակայն չեն սովորել ավետարանն իրենց տներում: Հելամանի զորքի պես լինելու փոխարեն, ովքեր «սովորեցվել էին իրենց մայրերի կողմից, [որ] Աստված կազատեր նրանց» (Ալմա 56.47), դուք միգուցե նրանց ծնողների պես եք՝ Ամմոնի ժողովրդի, ովքեր մեծացել էին որպես անհավատներ:

Օգտակար կլիներ վերանայել Ամմոնի ժողովրդի պատմությունը: Նրանք Լամանացիներ էին, ովքեր ուսուցանվել էին ավետարանը Ամմոնի, Ահարոնի և մյուսների կողմից (տես Ալմա 23.1–4): Ավետարանն ընդունելուց հետո, այս Լամանացիները կոչվեցին Անթի-Նեփի-Լեքիներ, իսկ հետագայում կոչվեցին Ամմոնի ժողովուրդ (տես Ալմա 23.16–17, 27.23–26): Ամմոնի ժողովրդի որդիներից էր կազմվել Հելամանի զորքը, ովքեր օգնեցին կռվել դարձի չեկած Լամանացիների դեմ (տես Ալմա 56.3–6):

Այսպիսով, Հելամանի զորքի հզորությունն իրականում սկսվել էր նրանց ծնողներից, որոնք Ամմոնի ժողովուրդն էին: Նրանք այն մարդիկ էին, ովքեր առաջինը սովորեցին ավետարանը սուրբ գրություններից: Նրանք այն մարդիկ էին, ովքեր սովորեցին աղոթքի զորության մասին: Եվ նրանք այն մարդիկ էին, ովքեր առաջինը ուխտեր կապեցին Տիրոջ հետ և պահեցինք դրանք: Ճիշտ այնպես, ինչպես հավատարմությունն առ ավետարանը սկսվել էր նրանց մոտ, այնպես էլ այն սկսվում է ձեզ մոտ: Որպես առաջին սերնդի անդամներ, դուք այն մարդիկ եք, ովքեր սկսում են հաջորդ սերնդին ուսուցանելու և ամրապնդելու շարունակական գործընթացը:

Սուրբ գրություններ

Ահարոնը, որը մեծ միսիոներ էր, օգտագործում էր սուրբ գրությունները՝ Լամանացիների թագավորին և Ամմոնի ժողովրդին հավատքի ու ապաշխարության, ինչպես նաև Հիսուս Քրիստոսի և երջանկության ծրագրի մասին ուսուցանելու համար (տես Ալմա 22.12–14; 23.4–5): Այսօր, սուրբ գրությունների ընթերցանությունն ու ուսումնասիրությունը շարունակում է կառուցել մեր հավատքը, օգնում է մեզ դիմակայել գայթակղությանը և թույլ է տալիս մեզ ավելի մոտենալ Երկնային Հորն ու Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին:

Այդուհանդերձ, սուրբ գրությունները կարդալը կարող է դժվարություն առաջացնել յուրաքանչյուրի մոտ: Նախագահ Բոյդ Կ. Փաքերը պատմում է դեռահաս տարիքում Մորմոնի Գիրքը կարդալու իր առաջին փորձի մասին: Նա ասում է. «Ես բացեցի այն և կարդացի. «Ես` Նեփիս, ծնված լինելով լավ ծնողներից» (1 Նեփի 1.1) . . . Ինձ հետաքրքիր էր, և ես կարողացա շարունակել, մինչև որ հասա Եսայիայի գլուխներին: Մի քանի ամիս անց ես կրկին որոշեցի կարդալ Մորմոնի Գիրքը և բացեցի. «Ես` Նեփիս, ծնված լինելով լավ ծնողներից», բայց ամեն անգամ, երբ հասնում էի Եսայիայի գլուխներին, այն կարծես պատնեշ էր դառնում ինձ համար: . . . Ի վերջո, ես վճռեցի, որ կարդալու եմ դրանք»:3

Եվ իհարկե, Նախագահ Փաքերը կարդացել է դրանք: Համառությունն էր հաջողության բանալին: Սուրբ գրություններն ամեն անգամ կարդալիս անծանոթ բառերը իմաստ են ստանում: Դուք կարող եք կարդալ հերոսների և քաջության մեծ գործերի մասին: Դուք կարող եք իմանալ Տիրոջ գորովագութ ողորմությունների մասին: Եվ ամեն ինչից բացի, դուք կարող եք զգալ Աստծո սերը և իմանալ, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է:

Աղոթք

Աղոթքը հավատքը կառուցելու մեկ այլ միջոց է: Երբ Լամանացիների թագավորը ցանկացավ իմանալ, թե ինչ պետք է անի, որպեսզի ստանա ավետարանի ուրախությունը, նա աղոթեց Տիրոջը (տես Ալմա 22.16–17): Մեզ նույնպես խոստացվում է, որ եթե խնդրենք, մեզ կտրվի:

Սթենլին 19-ամյա հետաքրքրվող էր Հոնգ Կոնգից: Նա հիացած էր ավետարանով և ցանկանում էր մկրտվել մինչև այն օրը, երբ նրա ընկերները քննադատել էին Եկեղեցին: Նա հանդիպել էր միսիոներներին: Նրանք վկայել էին, որ Աստված այնքան հոգ է տանում նրա մասին, որ կպատասխանի նրա աղոթքին: Նրանք հրավիրել էին նրան ծնկի գալ և հարցնել Երկնային Հորը, թե արդյո՞ք ճշմարիտ են ուսմունքները: Նախ զուգընկերներից մեկը, հետո մյուսը կարճ աղոթք էին ասել: Հետո աղոթել էր Սթենլին: Երբ նա ավարտել էր իր խոնարհ աղոթքը, նրանք հարցրել էին. «Սթենլի, ի՞նչ ես զգում»: Նա դանդաղ բարձրացնելով գլուխը, համարյա շշուկով պատասխանել էր. «Մկրտություն, մկրտություն»:4

Ուխտեր

Վերջապես, ուխտեր կապելն ու պահելը նաև մեծացնում է հավատքը: Ամմոնի ժողովուրդը ուխտել էր, «որ նրանք ավելի շուտ կտային իրենց սեփական կյանքը, քան կթափեին իրենց եղբայրների արյունը» (Ալմա 24.18):

Մենք ուխտ ենք կապում, երբ մկրտվում ենք և մեզ վրա ենք վերցնում Քրիստոսի անունը: Մեզ հիշեցվում է այս ուխտերի մասին, երբ մենք ընդունում ենք հաղորդությունը: Եվ երբ մենք պահում ենք այս ուխտերը, մենք կարող ենք ունենալ Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը: Դա Սուրբ Հոգին է, Մխիթարիչը, որ ուսուցանում է մեզ «ամեն բան» (Հովհաննես ԺԴ.26):

Մեխիկոյից մի քույր 16 տարեկան էր, երբ միսիոներները եկան նրանց տուն: Նա ասել է, որ երբ նրանք ուսուցանում էին Հոգով, «թվում էր, թե նրանք հանել էին վիրակապերն իմ աչքերից, և Տերը պարզեցրել էր իմ հասկացողությունը . . . Աստծո խոսքը և իմ աղոթքները ամրապնդեցին ինձ, որպեսզի հաղթահարեմ իմ հաջորդ փորձությունը, հայրիկիս պատմելը: Երբ ես մերժվեցի իմ ընտանիքի կողմից իմ մկրտության պատճառով, Տիրոջ Հոգին ուժ էր տալիս ինձ շշնջալով. «Շարունակիր: Առաջ գնա: Քո հարազատներից ոմանք Եկեղեցու անդամ կդառնան»:5

Սուրբ գրությունները, աղոթքը և ուխտեր կապելն ու պահելը օգնել են ոչ միայն Ամմոնի ժողովրդին, այլ նաև առաջին սերնդի անդամներին ամենուրեք, ներառյալ ինձ: Հասկանում եք, թեև ես ծնվել եմ լավ ծնողներից, ավետարանն ինձ տանը չի ուսուցանվել: Սակայն, իմ ծնողները սովորեցրել են ինձ բարոյական չափանիշներ և քաղաքավարի վարքագիծ: Ես հիշում եմ, երբ իմ հայրը, որը եկեղեցու անդամ չէր, օգնում էր ինձ պատրաստել իմ առաջին ելույթը եկեղեցում: Հանձնարարված թեման՝ ազնվությունն էր և հավատո 13-երորդ հանգանակից մեջբերում կատարելու փոխարեն մենք օգտագործեցինք մի մարդու օրինակը, որի մականունը Ազնիվ Աբե էր:

Ավետարանն ինձ սովորեցնելու պատասխանատվությունը թողնվել էր Երեխաների Միության ուսուցիչներին, Երիտասարդ Կանանց և Քահանայության ղեկավարներին: Երբ ես յոթ տարեկան էի, մեր Կիրակնօրյա Դպրոցի կրտսեր ուսուցիչը ուսուցանեց մեզ աղոթքի մասին, և ես ցանկանում էի աղոթել: Նա սովորեցրեց մեզ տասանորդի մասին, և ես ցանկանում էի տասանորդ վճարել: Նա սովորեցրեց մեզ ծոմապահության մասին և . . . քանի որ ես միայն յոթ տարեկան էի, ապա չէի ցանկանում ծոմ պահել: Սակայն երբ նա ուսուցանեց մեզ մկրտության մասին, ես ցանկանում էի մկրտվել: Ես երախտապարտ եմ իմ լավ ծնողների համար, ովքեր աջակցեցին ինձ իմ որոշման մեջ և որոնք հետագայում նույնպես դարձան Եկեղեցու անդամներ:

Այն սկսվում է մեզանից

Ամմոնի ժողովուրդը ապրում էր ըստ ավետարանի, և «նրանք հաստատուն էին Քրիստոսի հավատքում, նույնիսկ՝ մինչև վերջ» (Ալմա 27.27): Ավետարանի հանդեպ հավատարմությունը սկսվեց Ամմոնի ժողովրդից: Եվ այն սկսվում է մեզանից: Որպես առաջին սերնդի անդամներ, որ ձեռք ենք բերել վկայություններ, մենք այժմ պատասխանատվություն ունենք սովորեցնելու մեր երեխաներին: Մենք պետք է սովորեցնենք նրանց մեր տներում և մեր դասարաններում: Մենք պետք է սովորեցնենք նրանց Աստծո խոսքը սուրբ գրություններից: Մենք պետք է ուսուցանենք նրանց աղոթքի զորության մասին, և պետք է ուսուցանենք նրանց այն օրհնությունների մասին, որոնք գալիս են ուխտերը կապելուց և պահելուց: Եվ եթե սովորեցնենք նրանց, նրանք կկարողանան ասել.

Մենք Հելամանի զորքի պես ենք:
Մեզ սովորեցրել են երիտասարդ տարիքում:
Եվ մենք կլինենք Տիրոջ միսիոներները
Ճշմարտությունը բերելով աշխարհին:6

Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

1. “We’ll Bring the World His Truth,” Children’s Songbook, 172–73.

2. Children’s Songbook, 172–73.

3. “Principles of Teaching and Learning,” Worldwide Leadership Training Meeting, Feb. 2007; in Liahona, June 2007, 53.

4. Անձնական նամակներ:

5. Անձնական նամակներ:

6. Children’s Songbook, 172–73.

 
© 2008 Intellectual Reserve, Inc. All rights reserved.   Rights and use information.  Privacy policy