Երեց Մ. Ռասսել Բալլարդ, “Հետևեք Քրիստոսի ավետարանի վարդապետությանը,” Nov 2010
ԵԿՀ հավաք երիտասարդ չափահասների համար • Նոյեմբերի 7, 2010 • Բրիգամ Յանգի Համալսարան
Դուք հրաշալի տեսարան եք և լավագույն երիտասարդ տղաներն ու աղջիկներն եք ողջ աշխարհում: Չարը շատանում է այսօրվա աշխարհում, բայց դուք ունեք Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը, որն ուղենիշ է հավատքի ձեր քայլերին: Ինձ համար և քույր Բալլարդի համար հաճելի է լինել ձեզ հետ այսօր՝ թե՛ այստեղ, թե՛ Մարիոտ կենտրոնում և թե աշխարհով մեկ՝ եկեղեցու բոլոր շենքերում: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ, ենթադրում եմ, որ ձեզանից ոմանք մեզ են միացել նաև թվային ինտերնետային սնուցման կամ էլեկտրոնային հրաշք սարքերի միջոցով: Սակայն անկախ նրանից, թե որտեղ եք դուք այսօր, ես երախտապարտ եմ ձեզ հետ խոսելու համար և աղոթում եմ, որ Տերն օրհնի մեզ, որպեսզի այն, ինչ ես ասեմ, օգտակար լինի յուրաքանչյուրիդ համար ձեր կյանքի այս ժամանակաշրջանում:
Շնորհակալություն եմ հայտնում Լոգանի Համալսարանի Կրոնի Ինստիտուտի երգչախմբին գեղեցիկ երաժշտության համար և հատուկ երախտագիտություն եմ հայտնում Նախագահ Թոմ Մուլենին, որը ներկա ցցի նախագահներից մեկն է և եղել է հիանալի միսիոներ, շատ տարիներ առաջ ծառայելով Քույր Բալլարդի և ինձ հետ Կանադայի Տորոնտո միսիայում:
«Ա՜խ, այդ խորամանկ ծրագիրը` այն չար մեկի»
Այս երեկո ես ցանկանում եմ շարունակել այն թեման, որի մասին խոսեցի անցած գերագույն համաժողովում: Ձեզանից նրանք, ովքեր լսում էին, և հուսով եմ ոմանք արժանացել են դրան, խորհուրդներ եք ստացել Եկեղեցու բարձրագույն իշխանություններից և գերագույն պաշտոնյաներից: Հնարավոր է դուք հիշեք՝ իմ ելույթում ձկնորսների կողմից օգտագործվող արհեստական միջատներին ես համեմատեցի այն արհեստական խայծերի հետ, որոնք Սատանան օգտագործում է, որպեսզի մեզ թակարդը գցի և, թելակոճը փաթաթելով, մեզ տանի դեպի թշվառության իր սարսափելի աշխարհը:
Համաժողովից մի քանի օր անց ես նամակ ստացա Չեյտոն Սնայդեր անունով մի հրաշալի երիտասարդից: Նա 11 տարեկան է: Նա լսել էր իմ ելույթը և մի նկար նկարել, ավելացնելով անձնական մի նշում. «Արհեստական խայծ կուլ տված ձկանը թելակոճով քաշող ձկնորսը նման է նրան, թե ինչպես է Սատանան մեզ ներքաշում հակվածության մեջ (իր արհեստական խայծերով): Երբ ձկնորսը ձկանը գցում է ցամաքի վրա, իսկ ձուկը փորձում է թփրտալով ետ գնալ ջրի մեջ, այդ թփրտալը կարծում եմ խորհրդանշում է այն, թե ինչպես ենք մենք չարչարվում, որպեսզի ետ վերադառնանք ավետարանի ապահով ջրերը: Սակայն մենք օգնության կարիք ունենք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի կողմից, որպեսզի ազատվենք հակվածությունից»:1
Շնորհակալություն Չեյտոն համաժողովի իմ ելույթի քո հակիրճ համառոտագրության համար:
Մի մեջբերում իմ այդ ելույթից. «Ինչպես ձկնորսը գիտի, որ կարմրախայտը դրդվում է սովից, այնպես էլ Լյուցիֆերը գիտի մեր «ախորժակը» կամ թուլությունները, և նա մեզ գայթակղում է արհեստական խայծերով, որոնք, եթե կուլ տանք, կարող են [պոկել մեզ] կյանքի հոսանք[ներ]ից՝ գցելով իր անողորմ ազդեցության տակ: Եվ ի տարբերություն ձկնորսի, որը ձուկը որսալուց հետո այն անվնաս բաց է թողնում ջրի մեջ, Լյուցիֆերը կամավոր ձևով մեզ բաց չի թողնի: Նրա նպատակն է իր զոհերին դարձնել իր պես թշվառ»:2
Պահպանեք Հիսուս Քրիստոսի Ավետարանի պարզությունը
Իմ աղոթքն է, որ Տերն օրհնի ինձ, որ կարևոր մի սկզբունք ուսուցանեմ ձեզ: Սկզբունքը սա է. «Պահպանեք Հիսուս Քրիստոսի ավետարանի պարզությունը»: Պողոս Առաքյալը միևնույն մտահոգությունն է ունեցել իր օրերում, երբ ասել է. «Բայց վախենում եմ՝ մի գուցէ ինչպէս օձը [դևը] իր խորամանկութեամբը խաբեց Եւային, այնպես էլ ձեր միտքը հեռացնի այն պարզությունից, որ Քրիստոսումն է» (Բ Կորնթացիս ԺԱ.3):
Մորմոնի Գրքում մարգարե Նեփին Քրիստոսի ավետարանը բացատրում է այս պարզ տերմիններով: Ես վկայակոչում եմ և մեջբերում եմ 2 Նեփիի 31-րդ գլխից:
-
• «Քանզի իմ հոգին հրճվում է պարզությամբ» (հատված 3):
-
• «Կարո՞ղ ենք մենք հետևել Հիսուսին, եթե մենք հոժար չլինենք՝ պահելու Հոր պատվիրանները» (հատված 10):
-
• «Եվ Հայրն ասել է. Ապաշխարեք, ապաշխարեք և մկրտվեք, իմ Սիրելի Որդու անունով» (հատված 11):
-
• «Նա, ով մկրտվում է իմ անունով, նրան Հայրը կպարգևի Սուրբ Հոգին» (հատված 12):
-
• «Եվ ես մի ձայն լսեցի Հորից, ասելիս. Այո, իմ Սիրելիի խոսքերը ճշմարիտ են և հավատարիմ: Ով որ համբերում է մինչև վերջ, նա կփրկվի» (հատված 15):
-
• «Քանզի դուք չէիք գա այսքան հեռու, եթե դա չլիներ Քրիստոսի խոսքով և անխախտ հավատքով նրա հանդեպ» (հատված 19):
-
• «Իմ սիրելի եղբայրներ, չկա ոչ մի այլ ճանապարհ, ոչ էլ անուն՝ երկնքի տակ տրված, որով մարդ կարողանա փրկվել Աստծո արքայությունում» (հատված 21):
-
• «Եվ այժմ, ահա, սա է Քրիստոսի վարդապետությունը» (հատված 21):
Հավատո Հանգանակի չորրորդ կետում Մարգարե Ջոզեֆ Սմիթը սահմանել է ավետարանի առաջին սկզբունքներն ու արարողությունները. «Առաջին՝ Հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս. երկրորդ՝ Ապաշխարություն. երրորդ՝ ընկղմամբ Մկրտություն մեղքերի թողության համար. չորրորդ՝ Ձեռնադրում Սուրբ Հոգու պարգևի համար»:
Այսօր ես ցանկանում եմ կենտրոնանալ Քրիստոսի վարդապետության և ավետարանի վրա: Իմ թանկագին երիտասարդներ, աշխարհում շատ բաներ են կատարվում, որոնք անմիջական հակադրության մեջ են ավետարանի սկզբունքների հետ: Դուք պետք է գիտենաք Քրիստոսի վարդապետությունը և ապրեք ու պաշտպանեք այն ձեր կյանքի բոլոր օրերում:
Տիրոջը հավասար ժամանակ տրամադրեք
Տարիներ առաջ իմ միսոներներից մեկը եկավ ինձ տեսնելու: Նա ասաց. «Նախագահ, ես կորցնում եմ իմ վկայությունը: Ես մի քանի հարցեր ունեմ, որոնց պատասխանը ոչ ոք չի կարողանում ինձ տալ: Իմ եպիսկոպոսն ու ցցի նախագահն ինձ ասացին՝ պարզապես մոռացիր դրանք, և նրանք պատասխան չունեին»:
Ես խնդրեցի, որ նա թղթի վրա գրի այդ բոլոր հարցերը, և ապա, առաջարկեցի, որ նա վերադառնա 10 օրից, և ես կպատասխանեմ դրանց բոլորին:
Երբ նա հեռանում էր գրասենյակից, ես հուշում զգացի հարցնել նրան. «Երեց, վերջին անգամ ե՞րբ ես կարդացել սուրբ գրությունները»:
Նա ընդունեց, որ երկար ժամանակ է չի կարդում:
Ես ասացի. «Դու ինձ տվել ես հանձնարարություն. արդար կլինի, որ ես էլ քեզ մի հանձնարարություն տամ: Խնդրում եմ մինչև քո հարցերի համար ինձ մոտ վերադառնալն օրական մեկ ժամ կարդաս սուրբ գրությունները»:
Նա համաձայնվեց անել դա:
Երբ նա վերադարձավ, ես պատրաստ էի: Նա ասաց. «Նախագահ, ես կարիք չունեմ պատասխանի: Ես գիտե՛մ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե է: Հիմա ինձ մոտ ամեն ինչ լավ է»:
Ես պատասխանեցի. «Միևնույնն է ես կպատասխանեմ քո հարցերին. Ես շատ ժամանակ եմ ծախսել դրանց վրա»: Այն, ինչ նրան անհանգստացնում էր, հակամորմոնական քննադատություններն էին:
Մեր զրույցից հետո ես հարցրեցի նրան. «Երեց, այս ամենից հետո, ի՞նչ դաս սովորեցիր դու»:
Եվ նա ինձ տվեց շատ նշանակալից պատասխան. «Ես սովորեցի, որ Տիրոջը հավասար ժամանակ տրամադրեմ»:
Այժմ, միասին, եկեք վերհիշենք Քրիստոսի ավետարանի հիմնական վարդապետությունները:
Վարդապետական սկզբունք 1՝ Հավատք առ Հիսուս Քրիստոս
Վարդապետական առաջին սկզբունքը հավատքն է առ Հիսուս Քրիստոս: «Քրիստոսի հանդեպ հավատք ունենալը ներառում է ամուր համոզվածություն, որ Նա Աստծո Միածին Որդին է և աշխարհի Փրկիչն ու Քավիչը: [Մեր վարդապետությունն] ուսուցանում է, որ մենք կարող ենք Երկնային Հոր մոտ վերադառնալ միայն ապավինելով Նրա Որդու շնորհին ու ողորմությանը: Երբ հավատք ունենք Քրիստոսում, մենք ընդունում և կիրառում ենք Նրա Քավությունը և Նրա ուսմունքները, մենք վստահում ենք Նրան և Նրա խոսքերին: Մենք գիտենք, որ Նա զորություն ունի պահելու Իր խոստումները: Երկնային Հայրն օրհնում է նրանց, ովքեր հավատք ունեն՝ հնազանդվելու Իր Որդուն:…
Մենք հավատում ենք Քրիստոսին, և մենք հավատում ենք, որ Նա ցանկանում է, որ մենք պահենք Նրա պատվիրանները: Մենք ցանկանում ենք ցույց տալ մեր հավատքը՝ հնազանդվելով Նրան:… …
… Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի շնորհիվ՝ Նա կարող է մեզ բժշկել՝ թե՛ ֆիզիկապես, և թե՛ հոգեպես»:3
Իմ թանկագին երիտասա՛րդ ընկերներ, այժմ ժամանակ տրամադրեք և մի պահ կենտրոնացեք Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր իսկ հավատքի վրա, մինչ ես մի քանի հարց կտամ ձեզ:
-
1. Դու բավարարվա՞ծ ես նրանով, թե ինչ ուղով է զարգանում քո կյանքը և թե որքան խորն է քո հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոս:
-
2. Դու սիրո՞ւմ ես Աստծուն քո ողջ սրտով, հոգով, զորությամբ ու մտքով, ինչպես Տերն ուսուցանել է օրինականին Ղուկաս Ժ-ում (տես հատված 27):
-
3. Դու կատարո՞ւմ ես այս հասարակ բաները քո ամենօրյա կյանքում.
-
4. Արդյոք դու բարի և հոգատա՞ր ես քեզ շրջապատող մարդկանց կարիքների հանդեպ:
-
5. Արդյոք դու հետևո՞ւմ ես վերջին համաժողովում Եղբայրների տված խորհրդին՝ ամբողջովին հեռու մնալ ամեն տեսակի պոռնոգրաֆիայից:
Պոռնոգրաֆիան չի կարող տեղ ունենալ մեր կյանքում, եթե մենք իրական հավատք ունենք առ Քրիստոսը: Իմ ողջ զորությամբ ես խնդրում եմ. եթե նման խնդիր կա քո կյանքում, ազատվի՛ր դրանից:
-
6. Դու արժանի՞ ես ապրում տաճարի երաշխավորագրին:
-
7. Դու ակտիվ մասնակցո՞ւմ ես Կիրակնօրյա ժողովներին, հատկապես, հաղորդության ժողովին՝ արժանիորեն ճաշակելով հաղորդությունից և վերականգնելով քո ուխտերն Աստծո հետ:
-
8. Վերադարձած միսիոներնե՛ր, դուք պահպանո՞ւմ եք Տեր Հիսուս Քրիստոսի ծառայի արժանապատվությունը ձեր հագուկապով ու անձնական վարքով:
-
9. Դուք նախապատրաստվում ու եռանդուն ջանքեր գործադրո՞ւմ եք, որպեսզի հավերժական զուգընկեր գտնեք:
Կարող էի երեկոյի մնացած մասն անցկացնել այս հարցի շուրջ խոսելով, սակայն համոզված եմ, արդեն գիտեք, որ ասելով զուգընկեր փնտրել, մենք նկատի չունենք «աննպատակ ժամանակ վատնելը»: Եթե դա պարզ չի եղել ձեզ համար, թող այսօր պարզ դառնա: Այլ կերպ ասած, չխաբվե՛ք: Մեր առաջարկը պատշաճ ժամադրությունն է, դուք գիտեք, դա պարզ է` մի տղա աղջկան առաջարկում է ժամադրվել, և նրանք իմաստալից ժամանակ են անցկացնում: Իրո՞ք, դուք փնտրում եք այնպիսի զուգընկեր, որը սիրում է Տիրոջը և պատվում է Նրա սուրբ անունը:
-
10. Իսկ դուք, որ ամուսնացած եք, կանոնավոր ժամադրության երեկոներ անցկացնո՞ւմ եք՝ շարունակելով խորացնել և ամրապնդել ձեր հարաբերությունները:
Իհարկե կան այլ բաներ ևս, որ կարող էի ավելացնել այս ցանկին: Սակայն, եթե դուք լրջորեն ձգտում եք ձեր ուժերի սահմանում անել լավագույնը՝ հետևելով Քրիստոսին, ապա այս և նման այլ հարցերին կարող եք շեշտադրված՝ ԱՅՈ՛ պատասխանել:
Մտածելով այսօր ձեր իսկ հավատքի մասին առ Տեր Հիսուս Քրիստոս, կա՞ որևէ բան ձեր կյանքում, որը գիտեք՝ այնպես չէ, ինչպես ցանկանում եք, որ լինի: Եթե ձեր սրտում որևէ բան կա, ինչը պատշաճ չէ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ունեցող մարդուն, ապա թույլ տվեք ասել, թե ինչպես կարող եք դա ուղղել:
Վարդապետական սկզբունք 2՝ Ապաշխարություն
Ապաշխարությունը ավետարանի երկրորդ վարդապետական սկզբունքն է: «Քրիստոսի հանդեպ մեր հավատքն ու Նրա հանդեպ մեր սերն առաջնորդում է ապաշխարելու և փոխելու մեր մտքերը, հավատալիքները և արարքները, որոնք ներդաշնակ չեն Նրա կամքին: … Երբ ապաշխարում ենք, մենք Աստվածային տրտմություն ենք զգում և դադարում ենք անել բաներ, որոնք սխալ են և ավելացնում ենք ճիշտ բաներ անելու մեր ջանքերը: …
Անկեղծ ապաշխարությունը հանգեցնում է տարբեր արդյունքների. Մենք զգում ենք Աստծո ներումը և Նրա խաղաղությունը մեր կյանքում: Մեր մեղավորության ու վշտի զգացումն անցնում է»:4
Եղբայրնե՛ր և քույրեր, մեծապես երախտապարտ եղեք, որ Հիսուս Քրիստոսի ավետարանն անկեղծ ապաշխարության միջոցով հնարավորություն է տալիս խուսափել այն սխալներից, որ կարող ենք կատարել: Եթե մարդը չի զարգացնում ապաշխարելու ընդունակությունը, հաճախ փոքր սովորությունները վերածվում են հակվածության: Բոլորս կարող ենք հեշտորեն խուսափել հակվածության թակարդն ընկնելուց՝ պարզապես հեռու մնալով հակվածություն առաջացնող նյութերից կամ վատ սովորություններից: Չսխալվե՛ք, իմ թանկագին երիտասարդ ընկերներ, Սատանայի և նրա հպատակների համար բոլորս էլ թիրախ ենք: Նա կօգտագործի իր ունեցած հնարավոր ամեն մի խափուսիկ խայծ կամ հնարք, որպեսզի տատանվենք և հեռանանք մեր պարտավորություններից ու մեր հավատարիմ նվիրվածությունից, որ ունենք Տիրոջ հանդեպ:
Վարդապետական սկզբունք 3՝ Մկրտություն
Վարդապետական երրորդ սկզբունքը մկրտությունն է: Այս սկզբունքը իմ ձայնի հասանելիության սահմաններում գտնվող ձեզանից շատերն արդեն կիրառել են: Ընկղմամբ մկրտությունը՝ մեղքերի թողության համար առաջին ուխտն է, որ կապում ենք մեր և Տեր Հիսուս Քրիստոսի ու մեր Երկնային Հոր միջև: Մկրտությունն արարողություն է` «այն սրբազան ծես կամ ծիսակարգ է, որը ցույց է տալիս, որ մենք Աստծո հետ ուխտ ենք կապել», և «Աստված միշտ պահանջել է, որ Իր զավակները ուխտեր կապեն: Ուխտը պարտավորեցնող և հանդիսավոր համաձայնություն է Աստծո և մարդու միջև: Աստված խոստանում է օրհնել մեզ, իսկ մենք խոստանում ենք հնազանդվել Նրան: … Ուխտեր պահելն օրհնություններ է բերում այս կյանքում և վեհացում՝ գալիք կյանքում»:5
Հիշեք, Քրիստոսն ինքը մկրտվելով՝ օրինակ ծառայեց մեզ: Եվ մենք օրհնված ենք ամեն շաբաթ հաղորդությունը ճաշակելու արտոնությամբ, որը «մեզ օգնում է արժանի մնալ, որպեսզի Հոգին մեզ հետ լինի բոլոր ժամանակներում: Այն ամեն շաբաթ մեզ հիշեցնում է մեր ուխտերի մասին»6և օգնում է, որ ամրապնդենք մեր հավատքն ու վստահությունն առ Տեր Հիսուս Քրիստոս:
Վարդապետական սկզբունք 4՝ Սուրբ Հոգու պարգևը
Չորրորդ վարդապետական սկզբունքը Սուրբ Հոգու պարգևն է: «Հիսուսն ուսուցանել է, որ մենք պետք է մկրտվենք ջրով և նաև Հոգով: Ջրով մկրտվելուն պետք է հետևի Հոգով մկրտվելը, այլապես այն ամբողջական չի լինի: Մկրտվելուց և Սուրբ Հոգու պարգևը ստանալուց հետո է միայն, որ կարող ենք մեր մեղքերին ներում ստանալ և հոգեպես լիովին վերածնվել: …
…Սուրբ Հոգին վկայում է Քրիստոսի մասին և մեզ օգնում է ճանաչել ճշմարտությունը: Նա հոգևոր ամրություն է տալիս և մեզ օգնում է անել այն, ինչ ճիշտ է: Նա մեզ տալիս է խաղաղություն և փորձանքների կամ վշտի ժամանակ մխիթարում է մեզ: Նա մեզ զգուշացնում է հոգևոր և ֆիզիկական վտանգների մասին: … Սուրբ Հոգու զորությամբ մենք կարող ենք զգալ Աստծո սերը և առաջնորդությունը բոլորիս համար: Այս պարգևը հավերժական ուրախության կանխաճաշակումը և հավերժական կյանքի հույսն է»:7
Վարդապետական սկզբունք 5՝ Համբերել մինչև վերջ
Եվ վերջապես՝ հինգերորդ վարդապետական սկզբունքը. մենք պետք է համբերենք մինչև վերջ: «Կանգնելով նեղ և անձուկ արահետին մեր հավատքով առ Հիսուս Քրիստոս, ապաշխարությամբ և մկրտության ու Սուրբ Հոգին ստանալու արարողություններով, մենք պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի չշեղվենք արահետից»:8
Տարիներ առաջ, մեր ցցի հավատարիմ հայրապետը, որն իննսունն անց մարդ էր, ծոմի և վկայությունների ժողովին կանգնեց և ասաց մի բան, որը մի՛շտ կհիշեմ. «Ամեն գիշեր ես աղոթում եմ, որ Աստված ինձ տեսնի ապահով մահացած՝ ունենալով իմ բոցավառ վկայությունը»:
Ես ասացի նրան. «Հայրապե՛տ, իմ իմացած բոլոր մարդկանցից, անկասկած, դու ընդհանրապես անհանգստանալու կարիք չունես»:
Նա բռնելովվերարկուիս փեշից ինձ մի կողմ տարավ, որ առանձնանանք, և նայելով աչքերիս, ասաց այս խոսքերը. «Տղա՛ս,– ես ամուսնացած էի և երկու երեխա ունեի,– տղա՛ս, ոչ ոք ապահով չէ, մինչև չհամբերի մինչև վերջ»:
Թող որ այնպես լինի, որ մենք հավատարիմ մնանք մինչև վերջ:
Այսպիսով, Քրիստոսի հանդեպ հավատքի վարդապետությունը, ապաշխարությունը, ուխտեր կապելն ու նորացնելը և Հոգու կողմից առաջնորդվելը կդառնա ապրելակերպ: Այս վարդապետական սկզբունքները ձևավորում և կառավարում են մեր ամենօրյա կյանքը:
Հիսուս Քրիստոսի ավետարանը կամուրջ է նախաերկրային և հավերժական կյանքերի միջև
Գիտեմ, վերադարձած միսիոներներից մի քանիսդ մտածում եք. «Երեց Բալլարդն այս ամենը վկայակոչում է ոգեշնչված Քարոզիր իմ ավետարանը ձեռնարկից»: Հուսով եմ, ձեզ ծանոթ են այս խոսքերից մի քանիսը, և որ դուք յուրացրել եք դրանց իմաստը ձեր կյանքում: Երիտասարդներ, որ չեք ծառայել միսիայում, թույլ տվեք առաջարկել, որ ձեզ համար լավ կլինի ունենալ Քարոզիր իմ ավետարանը ձեռնարկի մի օրինակը: Ուսումնասիրեք երրորդ գլուխը՝ «Հիսուս Քրիստոսի ավետարանը» վերնագրով դասը: Այն շատ հստակ և մանրամասն շարադրում է այն քայլերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի խուսափենք Սատանայի արհեստական խայծերի կարթն ընկնելուց և հավերժական կյանք տանող ճանապարհից հեռանալուց:
Որքա՜ն պարզ է Հիսուս Քրիստոսի ավետարանը: Որքա՜ն կարևոր է մեզ համար մնալ Աստծո կողմից սահմանված միակ ճանապարհին՝ որպես Նրա հավերժական ներկայություն վերադառնալու ուղի: Ավետարանը երջանկության ծրագիրն է. այն պարզ է և գեղեցիկ:
Թույլ տվեք ցուցադրել, թե ինչպես են ավետարանի առաջին սկզբունքները նման կամուրջի՝ նախաերկրային կյանքի, որը ես կներկայացնեմ ձախ ձեռքի բարձրացմամբ, և հավերժական կյանքի միջև, որը կներկայացնի իմ աջ ձեռքը: Արդ, երկուսի միջև կամուրջը Հիսուս Քրիստոսի ավետարանն է: Մենք եկել ենք նախամահկանացու կյանքից, որպեսզի իմանանք և ապրենք ավետարանի սկզբունքներով: Այժմ մենք գտնվում ենք այստեղ՝ երկրի վրա, և մենք կերտում ենք մեր ճանապարհը ետ, հուսով եմ, դեպի Աստծո ներկայություն: Դա պահանջում է հասկացողություն և հնազանդություն: Երբ փորձում ենք ապրել ավետարանով՝ մեր նպատակն է հավակնորդ դառնալ՝ ստանալու բոլոր օրհնությունները, որոնք ունի մեր Հայրն իր հավատարիմ և արժանի զավակների համար:
Հիսուսն ասել է.
«Արդ այս է պատվիրանը. Ապաշխարեք, դուք, աշխարհի բոլոր ծայրեր, և եկեք ինձ մոտ ու մկրտվեք իմ անունով, որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին, որպեսզի դուք կարողանաք կանգնել անբիծ իմ առջև վերջին օրը:
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, այս է իմ ավետարանը. և դուք գիտեք այն բաները, ինչ դուք պիտի անեք իմ եկեղեցում» (3 Նեփի 27.20–21):
Դուք մեծ ապագա ունեք առջևում
Այժմ ես կվերադառնամ և ձեզ կխնդրեմ կրկին մտածել ձեր իսկ կյանքի մասին: Ինչպե՞ս եք դուք: Կա՞ արդյոք որևէ բան ձեր կյանքում, ինչը ձեզ հեռացնում է ավետարանի ուսմունքներից՝ գցելով Սատանայի ազդեցության տակ: Դուք հավասարաչափ ժամանակ հատկացնո՞ւմ եք Տիրոջը: Դուք ապրում եք աշխարհում, որը լի է տեխնոլոգիայով, որտեղ շատ հեշտ հասանելի են էլեկտրոնային տեղեկատվությունը, զվարճանքը, հասարակական կայքերի ցանցը ձեր տան համակարգչում, ձեր «ԱյՓադ»-ները կամ ձեր «ԱյՖոն»-ները: Ձեզանից առաջ ոչ մի սերունդ ձեռքի տակ չի ունեցել այդքան շատ մատչելի տեխնոլոգիա: Ֆեյսբուքի և այլ ցանցերի միջոցով դուք կարող եք կապի մեջ մնալ բոլոր ընկերների հետ աշխարհով մեկ: Չնայած որ դրանք զարմանահրաշ միջոցներ են, ես զգուշացնում եմ, որ դուք թույլ չտաք, որ տեխնոլոգիայի օգտագործումը սպառի ձեր ժամանակն այն աստիճանի, որ դուք հակվածություն ձեռք բերեք անընդհատ օգտագործելու այն: Ինչ-որ ձևով դուք պետք է սահմանափակեք դրանց օգտագործումը, որպեսզի դրանք ձեզանից չխլեն այն, ինչը կենսական է, թանկարժեք և հավերժական:
Միայն գիշերային նորությունները դիտելը և օրվա թերթերն ընթերցելը բավական է՝ գիտակցելու, որ աշխարհը վիթխարի աղետի մեջ է: Երկրաշարժեր, փոթորիկներ ու պտուտահողմեր կան տարբեր վայրերում: Կան պատերազմներ ու պատերազմների համբավներ: Սով, տառապանք, ցեղասպանություն, չնշելով սպանություններն ու բռնության մյուս դեպքերը:
Ձեզանից ոմանք այսօրվա աշխարհում հնարավոր է մտածում են, թե ապագան չի կարող արժանի բաներ առաջարկել, որին արժե ձգտել: Հիշում եմ, 13 տարեկան պատանի էի, 1941թ. դեկտեմբերի 7-ին, կիրակի օրը քահանայության ժողովից վերադառնալիսիմ ծնողներից իմացա, որ Ճապոնյան ռմբակոծել էր Պերլ Հարբորը: Դա Միացյալ Նահանգներին ներքաշեց համաշխարհային պատերազմի մեջ, որն արդեն երկու տարի մոլեգնում էր Եվրոպայում: Կարծես թե կյանքը, ինչպիսին որ մենք այն գիտեինք, ավարտին էր մոտենում: Շատ անորոշություն կար, երբ բազմաթիվ երիտասարդներ կանչվում էին զինվորական ծառայության: Ինչևէ, ինչպես հիմա, այնպես էլ այն ժամանակ, բոլոր հակամարտությունների և աշխարհի չար ուժերի հետ մեկտեղ, շատ լավ բաներ էլ կան:
Երբ ես ծնվեցի՝ շատ տարիներ առաջ, երբ դուք բոլորդ դեռ հոգիների աշխարհում էիք, ողջ աշխարհում մոտ 20 երկիր կար միայն, որոնք կարող էին իրենց կոչել դեմոկրատական, որտեղ քաղաքացիները կարող էին վայելել անգամ մասնիկներն այն ազատության, որը մենք սովորական բան ենք համարում: Այսօր, կան ավելի քան 90 երկրներ: Սա նշանակում է, որ աշխարհում ավելի շատ մարդիկ կարող են ապրել ազատ և ըստ իրենց հավատալիքների:
Այսօր, աշխարհով մեկ, աղքատությունը նվազում է և առողջապահությունը բարելավվում է, ինչ վերաբերում է հիգիենային և զարգացող երկրներում խմելու ջրի բարելավմանը: Շատ նշանակալից բան է տեղի ունենում: Կրթական հնարավորությունները նույնպես ավելի շատ մարդկանց են մատչելի դառնում:
Շատ պատճառներ կան ձեզ համար, որ լցվեք հույսով և լավատեսությամբ: Թույլ մի տվեք Սատանային ազդել ձեր վրա և այնպես անել, որ չհավատաք ձեզ սպասվող մեծ ապագային:
Դուք ապագա ղեկավարներ եք
Մեր կատարած ամենօրյա որոշումներով բոլորս նախապատրաստվում ենք վայելել կյանքը: Եթե ճշմարիտ և հավատարիմ լինեք Քրիստոսի վարդապետությանն ու ավետարանին, դուք բազմաթիվ հրաշալի հնարավորություններ կունենաք կյանքում: Եկեղեցում ձեր ղեկավարները՝ ծխի, ցցի և բարձրագույն մակարդակներում, ոգեշնչված կլինեն ձեզ կանչելու, որ ծառայեք կոչումներում, որի համար դուք նախապատրաստվել եք Աստծո պատվիրանները պահելու ձեր իմաստուն ընտրությունների արդյունքում:
Այսօրվանից մի երեսուն տարի անց, Եկեղեցու ղեկավարությունը մեծապես կախված կլինի նրանից, թե որքան լավ է ձեզանից յուրաքանչյուրը պատրաստվել կատարելու այն ծառայությունները, որոնք դուք կկանչվեք կատարելու Եկեղեցում:
Մտածեք այս մասին. Եկեղեցուն պահանջվեց 98 տարի՝ 1830–1928 թվականը (իմ ծնված տարին), որպեսզի կազմավորի իր առաջին 100 ցցերը: Երկրորդ 100 ցցերը կազմավորվեցին հաջորդ 24 տարիների ընթացքում: Ապա սկսում է շատ հետաքրքիր տեսարան բացվել: 1960 թվականի վերջին, միայն 8 տարի անց, Կանադայի Տորոնտո քաղաքում կազմավորվեց 300-րդ ցիցը՝ այն ժամանակ, երբ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն այնտեղ միսիայի նախագահ էր: Երկու շաբաթ առաջ քույր Բալլարդը և ես հաճախեցինք ցցի համաժողով Տորոնտո Օնտարիո ցցում, որը նշում էր իր հոբելյանական 50-րդ տարեդարձը:
Իսկ 1964 թվականին՝ 300-րդ ցցի կազմավորումից միայն չորս տարի անց, կազմավորվեց 400-րդ ցիցը: Հաջորդ ինը տարիներին կազմավորվեցին ևս երկու հարյուր ցցեր, իսկ 900-րդ ցիցը կազմավորվեց 1978 թվականի մարտին: Շուտով կկազմավորվի Եկեղեցու 3000-րդ ցիցը:
Ինչպե՞ս է սա կապված ձեզ հետ՝ երիտասարդ տղաներ և երիտասարդ աղջիկներ: Ենթադրենք Եկեղեցին ամեն տարի կազմավորում է 100 ցից: Սա կնշանակի, որ 2040 թվականին՝ սրանից երեսուն տարի անց, ցցերի քանակը կկրկնկնապատկվի, հասնելով մոտ 6000-ի: Դուք 40 տարիների վերջում կամ 50-ի սկզբում կլինեք: Այժմ ինքներդ ձեզ հարցրեք՝ որտե՞ղ են այդ 6000 ցցի նախագահները: Որտե՞ղ են նրանց առաջին խորհրդականները, երկրորդ խորհրդականները, գործադիր քարտուղարները, գործավարները: Որտե՞ղ են 6000 անգամ 12, այսինքն՝ 72000 բարձրագույն խորհրդականները: Եվ ենթադրենք, թե յուրաքանչյուր ցից ունի մոտ տաս Եկեղեցական միավոր, որն այսօրվա ցցերի միավորների միջին թիվն է. որտե՞ղ են 60000 եպիսկոպոսները, առաջին խորհրդականները, երկրորդ խորհրդականները, գործադիր քարտուղարները, գործավարները, երեցների քվորումների նախագահները և նրանց խորհրդականները, քահանայապետերի խմբերի ղեկավարներն ու նրանց օգնականները, Սփոփող Միության, Երիտասարդ Կանանց և Երեխաների նախագահներն ու նրանց խորհրդականները և այլն և այլն: Որտե՞ղ են նրանք: Ես խոսում եմ նրանց հետ այժմ: Դուք եք այդ մարդիկ: Դուք պատրաստ կլինե՞ք ընդունելու այն կոչումները, որոնք Տերը կփոխանցի ձեզ:
Հավերժական Ծրագիր կա ձեզ համար
Երկնային Հայրը ծրագիր ունի ձեզանից յուրաքանչյուրի համար: Ձեր անդրանիկությունը, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ լինելու ձեր արտոնությունը վեց միլիարդ մարդկանց մեջ նման է հրաշքի: Դուք շատ կարևոր խոստումներ եք տվել և շատ կարևոր պարտավորություններ եք ստանձնել Երկնային Հոր առաջ, երբ ապրում էիք նրա հետ նախամահակացու աշխարհում:
Հնարավոր է դուք մտածեք, թե ինչպես են օժանդակ կազմակերպությունների ղեկավարների, եպիսկոպոսների, ցցերի նախագահների և Գերագույն Իշխանությունների անունները գալիս նրանց մտքում, ովքեր կոչումներ փոխանցելու պատասխանատվություն ունեն: Ինչպե՞ս է ցցի նախագահն իմանում, թե ով պետք է լինի եպիսկոպոսը: Ինչպե՞ս է Բարձրագույն Իշխանավորն իմանում, թե ով պետք է լինի ցցի նախագահը: Հենց այսօր, ես ձեռնադրել եմ նոր ցցի նախագահի: Մենք վերակազմավորեցինք ցիցը այս շաբաթ և կիրակի: Ինչպիսի՜ արտոնություն է դա: Ինչպիսի՜ մեծ պատասխանատվություն: Ինչպե՞ս է Եկեղեցու Նախագահն իմանում, թե ովքեր պետք է Եկեղեցու Բարձրագույն Իշխանավորներ կանչվեն: Հայտնությա՛մբ է, որ հայտնի են դառնում նրանց անունները, ովքեր ցույց են տվել, որ իրենք հավատարիմ են, վստահության արժանի և ապրում են ըստ Քրիստոսի ավետարանի հիմնական վարդապետությունների:
Թույլ մի տվեք մի օր էլ անցնի, որ դուք չձգտեք պատրաստ լինել ծառայելու: Հիշե՛ք, մահկանացու կյանքն է բոլորիս համար ժամանակը նախապատրաստվելու՝ հանդիպելու Աստծուն: Փաստորեն, Ամուղեկն ուսուցանել է.
«Քանզի ահա, մարդկանց համար այս կյանքն է ժամանակը նախապատրաստվելու՝ հանդիպելու Աստծուն. այո, ահա, մարդկանց համար այս կյանքի օրն է իրենց գործերը կատարելու օրը:
Եվ այժմ, ինչպես ես առաջ եմ ասել ձեզ, քանի որ դուք ունեցել եք այսքան շատ ապացույցներ, հետևաբար, ես աղերսում եմ ձեզ, որ դուք չհետաձգեք ձեր ապաշխարության օրը մինչև վերջ. քանզի կյանքի այս օրից հետո, որը տրված է մեզ, որ նախապատրաստվենք հավերժության համար, ահա, եթե մենք ճիշտ չենք օգտագործում մեր ժամանակն այս կյանքում, հետո գալիս է խավարի գիշերը, որի ժամանակ ոչ մի գործ չի կարող կատարվել» (Ալմա 34.32–33):
Ձեր կյանքի յուրաքանչյուր օր Տերը կօգնի ձեզ, եթե դուք ապավինեք Նրան և պահեք Նրա պատվիրանները: Տերը պատասխանատու ղեկավարին հայտնի է դարձնում, որ դուք պատրաստ եք ծառայելու, որովհետև մնացել եք ավետարանի ճանապարհին, և դուք հավատարիմ եք մնացել այն պարտավորություններին, որոնք ստանձնել եք նախքան ձեր ծնվելը, և Հիսուս Քրիստոսի ավետարանը կառաջնորդի ձեզ ձեր կյանքի բոլոր օրերում:
Թույլ տվեք առաջարկել, որ դուք սկսեք հիմա՝ կոչումներ ընդունելով: Դրանք ձեզ կնախապատրաստեն Եկեղեցում ծառայելու ապագա կոչումներին:
Արեք այն, ինչ անհրաժեշտ է, որպեսզի իրական հարաբերություններ ձևավորեք ձեր Երկնային Հոր հետ: Դուք Նրա հոգևոր որդիներն ու դուստրերն եք: Ձեր աստվածային ծնողները սիրում են ձեզ Իրենց ողջ սրտով, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսն է ձեզ սիրում: Նրանք ցանկանում են, որ դուք հետևեք երջանկության մեծ ծրագրին, որը ձեզ ապահով կվերադարձնի ետ՝ դեպի Նրանց ներկայություն:
Կապված մնացեք ավետարանի վարդապետական սկզբունքներին
Մոտենալով այս հավաքի վերջին՝ իմ աղոթքը կլինի, որ յուրաքանչյուրդ մշտապես կապված մնաք ավետարանի վարդապետական սկզբունքներին ու արարողություններին: Միշտ հավասարաչափ ժամանակ հատկացրեք Տիրոջը, որպեսզի ձեր վկայությունները չաղճատվեն աշխարհի կեղծ վարդապետություններով: Լսեք Եղբայրների խոսքերին: Մենք անում ենք ամեն բան, ինչ գիտենք, որպեսզի ուսուցանենք ձեզ ճշմարտությունը և քաջալերենք ձեզ ամուր կառչած մնալ այն բաներին, որոնք ձեզ ապահով և ազատ կպահեն: Ամեն օր արեք ճիշտ բաներ՝ ճիշտ նպատակի համար, և ձեզ հետ ամեն բան լավ կլինի:
Ամեն կերպ նախապատրաստվեք, որպեսզի պատրաստ լինեք, երբ Տերը ձեր ծառայության կարիքն ունենա Իր Եկեղեցում: Եվ մինչ շարունակում եք մուտք գործել աշխարհ, դուք կշարունակեք փորձվել: Դա կյանքի նպատակներից մեկն է: Մեզ ուղարկել են այստեղ, որպեսզի որոշվի, թե իրականում որքան հնազանդ ու նվիրված ենք մենք: Խանդավառություն է հավատալը, որ մենք կարո՛ղ ենք բարձրանալ և մեծ լինել՝ հետևելով Տեր Հիսուս Քրիստոսի պատվիրաններին և ուսմունքներին:
Ինձ դուր է գալիս այս բանաստեղծությունը. այն վերաբերում է բոլորիս: Դրա վերնագիրն է` «Կաղնին», հեղինակն է՝ Ջոննի Ռեյ Ռայդեր կրտսերը.
Զորեղ քամին գիշեր ու ցերեկ
Փչեց՝ կաղնու տերևները գողացավ,
Ճղները ճայթեց, կեղևը պոկեց,
Հոգնատանջ ու մերկ,
Սակայն կանգուն մնաց կաղնին,
Մինչ մյուս ծառերն ընկան գետնին:
Հոգնեց քամին, անձնատուր եղավ ապշած.
«Կաղնի՛, ինչպե՞ս է որ կանգուն ես մնում»:
Կաղնին ասաց. «Գիտեմ, որ դու
Կկոտրես ճղներս ՝ երկու-երկու,
Կքշես տերևս շատ հեռու,
Ու կթափահարես բունս քո ձեռքում:
Սակայն արմատներ ունեմ հողում,
Որ դեռ մանկությունից են աճում:
Դրանք դու երբեք չես կարող կոտրել,
Նրանք ամրություն են ինձ տվել:
Մինչև այսօր վստահ չէի,
Թե որքան ես կդիմանայի:
Բայց այժմ գիտեմ՝ ի շնորհիվ քեզ,
Որ ես ամուր եմ, առավել քան գիտեի»:
Իմ սիրելի երիտասարդ եղբայրներ և քույրեր. ամուր կաղնու պես եղեք: Իմացեք, թե դուք որքան ամուր եք: Առ Աստված և Քրիստոս ձեր հավատքի ու վստահության արմատները խորացրեք ավետարանի հողի մեջ: Միշտ զգուշացեք արհեստական միջատներից, որոնք մեզ են ներկայացվում մարդկանց կեղծ ձկնորսի՝ Լյուցիֆերի կողմից: Թող որ մենք ունենանք իմաստություն և հոգևոր խորաթափանցություն՝ տարբերելու և մերժելու նրա բազմաթիվ առաջարկությունները: Ապրեք Քրիստոսի վարդապետությունով՝ ավետարանի պարզ և հիմնական սկզբունքներով՝ ամեն օր հավատք ունենալով առ Տեր Հիսուս Քրիստոս, ապաշխարեք, պատվեք մկրտության ուխտը, արժանի ապրեք Սուրբ Հոգուն՝ որպես ձեր զուգընկերոջ, և համբերեք մինչև վերջ: Արեք այս բոլորն ամե՛ն օր, և Տիրոջ Հոգին ձեզ հետ կլինի և ձեզ ապահով կպահի դեպի հավերժական կյանք տանող արահետի վրա:
Վկայություն
Ես բերում եմ ձեզ իմ վկայությունը: Ցանկանում եմ իմանաք, որ մենք սիրում ենք ձեզ: Դուք ձեր ուսերին եք տանելու այս Եկեղեցու ապագան: Դուք մեծ ճակատագիր ունեք: Իմ ողջ սրտով ես աղոթում եմ, որ այս երեկո դուք անեք անհրաժեշտ ամեն բան, որպեսզի ուղղեք ձեր կյանքի ընթացքը: Ես վկայում եմ ձեզ, որ Հիսուսը Քրիստոսն է: Նա ապրո՛ւմ է: Սա Նրա Եկեղեցին է: Մենք նրա գործն ենք կատարում: Մենք նրա ուխտյալ ժողովուրդն ենք: Ես գիտեմ դա: Ես բերում եմ այդ վկայությունը և աղոթում եմ, որ Տերն օրհնի ձեզ: Ես այդ օրհնությունը խնդրում եմ ձեզ համար Նրա սուրբ անունով, որ դուք կարողանաք գտնել հանգստություն, ուրախություն և խաղաղ համոզվածություն ձեր սրտում, որ դուք ձեր ուժերի սահմանում անում եք լավագույնը, որպեսզի արժանի լինեք Նրա սուրբ անվանը: Թող որ այդ օրհնությունը մնա ձեզ հետ այսօր և ձեր կյանքի բոլոր օրերում. սա է իմ խոնարհ աղոթքըն, վկայությունը և օրհնությունը՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:
© 2010 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Անգլերենի հաստատումը. 10/09: Թարգմանության հաստատումը. 10/09: Follow the Doctrine and Gospel of Christ. -ի թարգմանությունը: Armenian. PD50021042 201
^ Back to top