Երեց Լ. Թոմ Փերի, “Մենք եղել ենք մեծագույն սերունդը,” Mar 2011
ԵԿՀ Հավաք Երիտասարդ Չափահասների համար • 6 մարտի, 2011թ. • Բրիգամ Յանգ Համալսարան
Միշտ չափազանց հուզվում եմ, երբ կանգնում և նայում եմ գեղեցիկ և հմայիչ երիտասարդ չափահսների խմբին: Թեև էլ ավելի հուզիչ է գիտակցելը, որ տասնյակ հազարավորներով դուք հավաքված եք ողջ աշխարհում:
Դուք Եկեղեցու ապագան եք
Երբ տարիները սրնթաց անցնեն, դուք կնայեք ետ՝ ձեր այս ժամանակին որպես ամենահետաքրքիրը ձեր կյանքում: Ես մեծ վստահություն և հավատ ունեմ Եկեղեցու չափահաս երիտասարդների հանդեպ: Ամենազորեղ հայտնություններից մեկը, որը ես երբևէ ստացել եմ, տրվել է, երբ ես պատրաստվում էի նախագահել Կենտրոնական Եվրոպայի Տարածքում:
Անքուն մի գիշեր ես մի հուշում ստացա, որ երիտասարդները Եվրոպայի Եկեղեցու ապագան են: Ես պետք է կենտրոնացնեմ իր ջանքերը նրանց վրա: Դա դարձավ իմ երկար տարիների ծառայության ամենահատուցող ժամանակը: Մի քանի շատ գոհացնող արդյունքներ ի հայտ եկան վերջին տարիներին, երբ մենք լսեցինք ձեր մտքերը և մտահոգությունները:
Միասին մենք սովորեցինք, թե ինչպես կարող ենք օգնել ձեզ՝ մեծ թվով ընկերներ բերել ձեզ հետ երկրպագելու: Ես տեսել եմ Եկեղեցում երիտասարդների եռանդուն հոգևոր զորությունը: Ես գիտեմ, թե ինչ ունակություն ունեք դուք: Ես տեսել եմ, ինչպես եք դուք ամրացրել միմյանց և բերել ձեր ընկերներին դեպի Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի գիտելիքը:
Դուք երիտասարդ եք, իսկ ես՝ ծեր: Շատ տարիներ են բաժանում ձեզ և ինձ: Երբ ես ձեր տարիքի էի, ես պարզ կանոն էի օգտագործում իմ հաշվապահության դասին: Ես մի օրինակ կբերեմ, թե ինչպես էր այն աշխատում: Ելույթ ունենալիս ես խոսում եմ րոպեն 140 բառ արագությամբ: Երբ ես այդ կանոնը կիրառում եմ արտասանած բառերի քանակի հանդեպ, ես նկատում եմ, թե որքան ժամանակ պետք է խոսեմ: Ինձ համար դա ավելի արագ է, քան արդի հաշվիչ սարքերից օգտվելը:
Սակայն ձեր արդի պայծառ ուղեղներից հետ չընկնելու համար, բոլոր հաշվարկների համար ես ստիպված եմ լավատեղյակ լինել ձեր օրերի ժամանակակից սարքերից: Ձեզ հետ հավասարաչափ քայլելու համար ինձանից պահանջվել է շատ փոփոխություններ կատարել՝ վերջին տեխնոլոգիաներին մոտ մնալ կարողանալու համար: Ես սովորեցի օգտագործել կոմպտոմետր՝ 1401 բայթ քարտ և 360 սկավառակային հիշողությամբ համակարգիչ, լափթոփ, Palm Pilot, բլեքբերի, iPod, iPhone, իսկ այժմ ունեմ iPad: Դրանց ավելացրեք Facebook-ը, Twitter-ը, blog-երը և YouTube-ը: Միայն մտածեք, թե ինչ է դա նշանակում 88 տարեկանի համար:
Ինչ փորձության միջով եք դուք ստիպում անցնել իմ սերնդին՝ ձեզ հետ համաչափ քայլ գցելու համար: Բայց մենք մեկ առավելություն ունենք: Մենք անցել ենք բոլոր փոփոխությունների միջով: Փորձի շնորհիվ մենք ձեռք ենք բերել գիտելիք այնպիսի հին ու առաջնային հիմունքների մասին, որոնք դեռևս մեծ արժեք ունեն, լինելով հիմք, որի վրա պետք է կառուցել: Դուք կարող եք միայն կարդալ դրանց մասին: Ես ուզում եմ խոսել առաջնային հիմունքներից մի քանիսի մասին, որոնք երբեք չպետք է անտեսվեն կամ մի կողմ գցվեն:
Դարձեք մեծագույն սերունդ
Մի քանի տարի առաջ քաջ հայտնի մի գրող նկարագրեց իմ օրերի տղամարդկանց և կանանց որպես «Մեծագույն սերունդ»: Գրող Թոմ Բրոքոուն բացատրում է.
«Այս տղամարդիկ և կանայք եկել են Մեծ Ճգնաժամի դարաշրջանից, երբ տնտեսական հուսահատությունը տարածվել էր երկրով մեկ, ինչպես ժանտախտ: Նրանք տեսնում էին, ինչպես էին իրենց ծնողները կորցնում իրենց ձեռնարկությունները, տնտեսությունները, աշխատանքը և հույսը: Նրանք սովորեցին ընդունել ապագան միայն մեկ օրվա հաշվարկով: Ապա, երբ տնտեսական վերականգնման շողը փայլեց Եվրոպայում և Ասիայում… այս սերնդին հավաքեցին շքերթի հրապարակում և ասացին պատրաստվել պատերազմի: Նրանք թողեցին իրենց ագարակները.…գլխավոր փողոցի իրենց աշխատանքները… նրանք թողեցին արտադրական գծերում և Ուոլ Սթրիթի շարքերում իրենց տեղերը, նրանք թողեցին դպրոցները և գլխարկից ու կոստյումից ուղիղ անցան համազգեստի…
Նրանք տեսան մեծ անհաջողություններ և ունեցան ուշ մեկնարկ կյանքում, սակայն չբողոքեցին: Կյանքի այն տարիները, երբ օրերն ու գիշերները պետք է լցված լինեին անմեղ արկածներով, սիրով և առօրյա կյանքի դասերով, նրանք կռվում էին, հաճախ ձեռնամարտում, հնարավոր ամենահասարակ պայմաններում… Նրանք օդում էին ամենօր՝ ահաբեկչությամբ լցված երկնքում, նրանք մղվում էին թշնամու ծովերի ջրերը՝ հեռու իրենց հարազատ երկրի ափերից…
Երբ պատերազմն ավարտվեց, տղամարդիկ և կանայք, որ մարտնչում էին… միացան ուրախ և կարճատև տոնակատարությանը, որին անմիջապես հաջորդեց իրենց կյանքը և իրենց ցանկալի աշխարհը վերականգնելու աշխատանքը: Նրանք իրենց տարիքից դուրս հասուն էին, կոփված այն ամենով, ինչի միջով անցել էին, կարգապահության սովորած իրենց պատրաստվածության և զոհաբերությունների շնորհիվ: Նրանք ռեկորդային թվով ամուսնություններ կնքեցին և ծնունդ տվեցին մեկ այլ… սերնդի: Նրանք հավատարիմ մնացին անձնական պատասխանատվության, պարտավորության, պատվի և հավատի իրենց արժեքներին»:1
Երբ ես ձեր տարիքին էի, մենք ցանկանում էինք ունենալ նույն բաները, ինչ դուք այսօր: Մենք ակնկալում էինք սիրավեպ, կրթություն, մասնագիտություններ և ամուսնություն: Դրա փոխարեն մեզ կանչեցին ծառայության և ուղարկեցին երկրի չորս կողմերը՝ սաստիկ պատերազմի, որ պաշպտանեինք մտածելու, գործելու, հավաքվելու, կառավարելու և օրենքի ուժով պաշտպանվելու ազատության մեր հիմնարար իրավունքը: Մեր ծառայությունը միայն մեզ համար չէր՝ դա ներդրում էր այն սերունդների համար, որ կհաջորդեին մեզ: Մենք պատրաստակամորեն առաջ գնացինք: Դրա համար մեծ խիզախություն էր հարկավոր:
Թեև ես չեմ հավակնում այդ կոչմանը, բայց ես այդպես կոչված «մեծագույն սերնդի» ողջ մնացածներից մեկն եմ: Նայելով դեպի ապագան՝ նայելով դեպի ձեր ապագան, ես աղոթում եմ, որ դուք առաջ քայլեք և ձեզ վրա վերցնեք անցյալի ազնվացեղ ժառանգության պահպանման պատասխանատվությունը: Ես աղոթում եմ, որ ապագայում դուք հայտնի լինեք որպես «մեծագույն սերունդ»:
Ձեր պատերազմը այլ է լինելու: Ես լիովին տեղյակ եմ, որ ձեր մարտահրավերը շատ ավելի մեծ կլինի, քան մերն է եղել: Մենք գիտեինք մարտի դաշտում մեր թշնամուն: Նրանք կրակում էին մեզ վրա: Այսօրվա թշնամին ավելի կործանարար է: Նա միշտ չէ կանգնած մեզ առճակատ: Փոխարենը, նա թաքնվում է մարդուն հայտնի գրեթե յուրաքանչյուր սարքի մեջ: Նա արմատավորում է մի չար գաղափար այստեղ, մի չար միտք այնտեղ, հեռացնելով մեզ փառավոր պատմության սովորեցրած արժեքներից: Իր խորամանկ ծրագրով նա քրիստոնեական հավատքը թուլացնելու ուղիներ է հնարել:
Այսօր ես կուզենայի ձեզ հետ խոսել քրիստոնեական հավատքի հիմքի թուլացման մասին ողջ աշխարհում:
Ամրացրեք Փրկչի հանդեպ հավատքը
Դուք դերակատարություն ունեք՝ օգնելու մեր Երկնային Հոր զավակներին վերադառնալ դեպի իրենց քրիստոնեական հավատքը՝ Փրկչի և Նրա ճանապարհների հանդեպ հավատք զարգացնելու միջոցով:
Հռոմի Պապ Բենեդիկոս 16-ը գանգատվել է Եվրոպայում, Ավստրալիայում և Միացյալ Նահանգներում եկեղեցիների թուլացման կապակցությամբ: Նա ասել է. «Այլևս չի երևում Աստծո, առավել ևս Քրիստոսի, կարիքը զգալու դրսևորում: Այսպես կոչված ավանդական եկեղեցիները, կարծես, մահանում են»:2
Մենք հեռացել ենք ավանդական երկրպագությունից: Շատերն են ասում, որ իրենք հոգևոր են, բայց ոչ հավատացյալ. եթե ուսմունքը համապատասխանում է իրենց կենսաձևին, նրանք ընդունում են այն և այն դառնում է իրենց հավատքի մասը: Եթե ոչ, նրանք մշակում են իրենց շինծու հավատքը: Հավատքն ու հոգևորը այժմ դիտվում են որպես սպառողական արտադրանք: Նյութապաշտությունը գլուխ է բարձրացրել և փոխարինել Աստծուն: Մեր ձայները պետք է հնչեն որպես ընդդիմություն այդ վտանգավոր միտումներին, որոնց նպատակն է ոչնչացնել մարդկության հավատը:
Մորմոնի Գիրքը կրկին ու կրկին նախազգուշացնում է մեզ Աստծո հանդեպ մեր վստահությունը ոչ հարատև բաներով փոխարինելու վտանգի դեմ: Նկարագրելով այն ժամանակները, երբ Նեփիացիներից շատերը հեռացան իրենց հավատքից, Մորմոնի Գիրքը նշում է. «Նրանք հպարտացան, բարձրամտացած լինելով իրենց սրտերում, իրենց խիստ մեծ հարստությունների պատճառով. հետևաբար, նրանք դարձել էին հարուստ իրենց սեփական աչքում և չէին կամենում ուշք դարձնել նրանց [մարգարեների] խոսքերին` քայլել ուղիղ Աստծո առաջ» (Ալմա 45.24):
Իմ երիտասարդ ընկերներ, տեսնելով, թե ինչպես է հասարակության մեջ թուլանում քրիստոնեական հավատքը, ձեր սեփական հավատքը պետք է դառնա էլ ավելի ամուր և հաստատուն: Հելամանը հայտարարել է. «Հիշեք, որ դա մեր Քավչի վեմի վրա է, որը Քրիստոսն է Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը. որ, երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, այո, իր նետերը պտտահողմում, այո, երբ նրա ողջ կարկուտը և զորեղ փոթորիկը հարվածի ձեզ, այն զորություն չի ունենա ձեր վրա քաշելու ձեզ վար` դեպի թշվառության ու անվերջ վայի անդունդը, այն վեմի շնորհիվ, որի վրա դուք կառուցված եք, որը հաստատուն հիմք է, հիմք, որի վրա, եթե մարդիկ կառուցեն, նրանք չեն ընկնի» (Հելաման 5.12):
Նեփին մեզ հիշեցրել է. «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին, և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն, որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար… այն կյանքին, որը Քրիստոսում է.… քանզի ճիշտ ճանապարհը Քրիստոսին հավատալն է» (2 Նեփի 25.26, 28):
Ունե՞նք մենք արդյոք նման հայտարարություն սատարող հիմք:
Քրիստոսի զոհաբերության խորհրդանշանները պահպանվել են դարեր շարունակ
Ողջ պատմության մեջ գրանցված լավագույն փաստը մեր Տիրոջ և երկրի Փրկչի առաքելության պատմությունն է: Նրա առաքելության մասին մարգարեացվել էր երկրի վրա մարդկության պատմության ամենասկզբից:
Օգտագործենք մեկ օրինակ: Մովսեսի 5-րդ գլխում մենք կարդում ենք.
«Եվ եղավ այնպես, նրանից հետո, երբ ես՝ Տեր Աստվածս, դուրս էի արել նրանց, որ Ադամը սկսեց մշակել երկիրը, և իշխել դաշտի բոլոր գազանների վրա, և ուտել իր հացն իր ճակատի քրտինքով, ինչպես որ ես՝ Տերս, պատվիրել էի նրան: Եվ Եվան՝ իր կինը, ևս տքնում էր նրա հետ: …
Եվ Ադամն ու Եվան՝ նրա կինը, կանչեցին Տիրոջ անունը, և նրանք լսեցին Տիրոջ ձայնը Եդեմի պարտեզի կողմից, որը խոսում էր նրանց հետ, և նրանք չէին տեսնում նրան. քանզի նրանք զրկված էին նրա ներկայությունից
Եվ նա պատվիրաններ տվեց նրանց, որ նրանք պետք է երկրպագեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, և իրենց հոտերի առաջնեկներին պետք է ընծա մատուցեն Տիրոջը: Եվ Ադամը հնազանդ էր Տիրոջ պատվիրաններին:
Եվ շատ օրեր անց Տիրոջ հրեշտակը հայտնվեց Ադամին՝ ասելով. Ինչո՞ւ ես դու զոհ մատուցում Տիրոջը: Եվ Ադամն ասաց նրան. Ես չգիտեմ, գիտեմ միայն, որ Տերն է պատվիրել ինձ:
Եվ ապա հրեշտակը խոսեց՝ ասելով. Դա Հոր Միածնի զոհաբերության նմանությունն է, որը լի է շնորհով և ճշմարտությամբ:
Ուստի, դու պետք է ամեն ինչ անես Որդու անունով, և դու պետք է ապաշխարես և կանչես առ Աստված առհավետ՝ Որդու անունով» (Մովսես 5.1, 4–8):
Այսպիսով, զոհաբերությունը հիմնվեց երկրի վրա որպես ավետարանի ծես, որը պետք է գործածվեր և իրականացվեր քահանայության իշխանությամբ, մարմնավորելով Մարդու Որդու գալիք զոհաբերությունը, որը պետք է տար Իր կյանքը աշխարհի մեղքերի համար:
Ծեսի ձևը միշտ շեշտում էր Տիրոջ զոհաբերության որոշակի իմաստը, երբ Նա պետք է գար ժամանակների գագաթնակետին: Օրինակ, Զատկի զոհաբերությունը պահանջում էր, որպեսզի ընտրվեր առաջին տարվա արու գառ, առանց որևէ բծի կամ արատի: Արյունը թափում էին և հետևում, որ ոչ մի ոսկոր չկոտրվեր՝ այդ ամենը խորհրդանշում էր Փրկչի մահը:
Ինձ ապշեցնում է, որ զոհաբերության կիրառումը առանց ընդհատման շարունակվում էր Ադամից մինչև Փրկչի ժամանակները: Անգամ ուրացության երկար տարիների ընթացքում այն հույսը, որ Տերը կքավի մարդկության մեղքերը Իր Միածին Որդու միջոցով, և որ Նրա քավող արյունը հնարավոր կդարձնի անմահությունը, հստակ մնում էր մարդկանք մտքերում:
Զոհաբերության սովորույթը ընդհանուր առմամբ դադարեց գործել, երբ Փրկիչն եկավ երկիր: Հաղորդությունը հիմնվեց որպես նոր արարողություն՝ հիշեցնելու համար Նրա հետևորդներին, որ Նա եկավ երկիր և իրականացրեց Իր երկրային ծառայությունը: Ղուկաս 22.19-20-ում մենք կարդում ենք.
«Եվ հաց առավ, գոհացավ, կտրեց և նորանց տվավ, և ասեց. Այս է իմ մարմինը, որ ձեզ համար տրվում է. այս արեք իմ հիշատակի համար:
Այնպես էլ ընթրիքից հետո բաժակն առավ, և ասեց. Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունովը, որ ձեզ համար թափվում է»:
Կրկին, ես ապշած եմ, որ այս հիշեցումը, անգամ ուրացության խավար շրջանի ընթացքում, սերունդներ շարունակ կիրառվել է տարբեր ձևերով և եղանակներով ընդհուպ մինչև ավետարանի Վերականգնման ժամանակը, երբ սրբազան ծեսեր կատարելու համար քահանայության զորությունը կրկին երկրի վրա էր:
Պատմության բոլոր ժամանակաշրջաններում մենք մշտական հիշեցում ենք գտնում մեր Փրկչի առաքելության մասին: Նա եկավ երկիր, ունենալով երկքաղաքացիություն՝ մեկը Աստծուց, մյուսը՝ մարդուց: Այդպես Նա կարող էր կատարել իր մեծ ու ազնվագույն զոհաբերությունը մեր բոլորի համար՝ Իր Քավության միջոցով: Կարո՞ղ է լինել ավելի ամուր ապացույց այն մասին, որ Հիսուսը Քրիստոսն է, աշխարհի Փրկիչը, քան սուրբ գրություններում դարեր շարունակ այդ մասին ուսումնասիրելը: Նա մեզ տվեց Իր ավետարանը, որ այն առաջնորդի և ուղղություն տա մեզ մեր երկրային ճանապարհորդության ժամանակ:
Ցույց տվեք աշխարհին Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտությունը
Նախագահ Դեյվիդ Օ. Մաքկեյն ասել է.
«Աշխարհին ցույց տալու պատասխանատվությունը, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը լուծում է աշխարհի բոլոր խնդիրները, դրված է այն մարդկանց վրա, ովքեր հայտարարում են և հավատում,… որ աշխարհի ցանկացած խնդիր կարող է լուծվել Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներին հնազանդվելու միջոցով…:
Աշխարհի մեծագույն խնդիրների լուծումն այստեղ է՝ Հիսուս Քրիստոսի Եկեղեցում: Բավարար լուծումներ են տրվում ոչ միայն անհատների կարիքների, այլ ազգերի և ազգերի խմբերի համար.…Ես ընդունում եմ, որ մենք, հնարավոր է, մերն ենք համարում գերագույն իմաստությունը, բայց դա այդպես չէ: Դա պարզապես Աստծո ծրագրի կիրառումն է աշխարհի խնդիրների լուծման համար: Դո՛ւք, որ քահանայություն եք կրում, ապրելով աշխարհի պատմության այս ստեղծարար շրջանում, ավելի մեծ պատասխանատվություն ունեք այսօ՛ր, ա՛յժմ, քան Եկեղեցին երբևէ ունեցել է իր պատմության մեջ: Ես կկրկնեմ դա: Եթե մենք հայտարարում ենք, որ ունենք ճշմարտությունը, ապա յուրաքանչյուր Վերջին Օրերի Սուրբ պարտավոր է ապրել այնպես, որպեսզի, երբ աշխարհի մարդիկ՝ արձագանքելով կոչին գան ծառի պտղից ճաշակելու, տեսնեն, որ այն առողջ է և բարի»:3
Մեծ ուղերձը, որը մենք տալիս ենք աշխարհին, այն է, որ մեր Տիրոջ և Փրկչի ավետարանը կրկին վերականգնվել է երկրի վրա: Նրա Եկեղեցին կրկին երկրի վրա է՝ Սուրբ Քահանայության զորության փառքի հետ միասին:
իսկ նրանց, ովքեր կարգվել են, տրված է զորություն՝ գործելու Նրա անունից որպես Նրա գործակալներ՝ կրելու վարդապետությունները, ծեսերը, սկզբունքները և զորությունները՝ կապելու երկրի վրա այն, ինչ կկապվի նաև երկնքում: Սա Փրկչի Եկեղեցին է, և Նա է ղեկավարում Իր Եկեղեցու աշխատանքը Իր ընտրած մարգարեների միջոցով: Իրենց հերթին, մարգարեները ուսուցանում են ավետարանը մյուսներին և վկայում են Հիսուս Քրիստոսի՝ որպես Փրկչի և Քավիչի մասին: Այս օրը և դարը ժամանակների լրության տնտեսությունն է, որի մասին խոսել են մարգարեները ժամանակների սկզբից: Սա ժամանակն է, երբ կկատարվի այն ամենը, ինչի մասին գրվել է ըստ մարգարեներին Տիրոջ խոսացածի և արձանագրվել Սուրբ Գրքերում: Սա նոր Եկեղեցի չէ, այլ աշխարհի համար այս օրը և այս դարում վերականգնված Եկեղեցի է:
Դուք այն սերունդն եք, որին Տերը պահել է այս օրվա համար: Դուք դուրս եք եկել մկրտության ջրերից ձեր Տիրոջ հետ կապած ուխտով և խոստումով, որ կներկայացնեք Նրան, օգնելով մարդկանց թողնել իրենց աշխարհիկ ուղիները և վերադառնալ օրհնություններին, որ խոստացվել են մեզ, եթե հետևենք Նրան և ապրենք Նրա ավետարանով: Դուք կարող եք օգնել մեր Երկնային Հոր զավակներին վերադառնալ իրենց քրիստոնեական հավատքին և հավատք զարգացնել Նրա և Նրա ուղիների հանդեպ:
Ի՞նչ դուք կարող եք անել
Դուք կարող եք հարցնել. «Ի՞նչ ես կարող եմ անել»: Մի քանի ամիս առաջ մեր ցցի նախագահը, խոսելով հաղորդության ժողովին, չորս առաջարկ տվեց, որ կարող ենք կատարել մյուսներին մեզ մոտ վերադարձնելու համար.
Առաջինը, ամենօրյա աղոթքն է: Ինձ դուր է գալիս աստվածաշնչյան բառարանի այս սահմանումը. «Երբ [մենք] սովորում ենք Աստծո հետ մեր իրականա հարաբերությունների մասին (այսինքն՝ Աստված մեր Հայրն է, իսկ մենք նրա զավակները), այդ պահից աղոթքը մեր կողմից դառնում է բնական և բնազդային (Մատթ. 7.7–11): Աղոթքի հետ կապված շատ դժվարություններ առաջանում են այդ կապը մոռանալու հետևանքով: Աղոթքը մի գործողություն է, որի միջոցով Հոր կամքը և զավակի կամքը համապատասխանության մեջ են դրվում: Աղոթքի նպատակը ոչ թե Աստծո կամքը փոխելն է, այլ մեր և մյուսների համար Աստծո օրհնությունները ապահովելը, որոնք Նա արդեն իսկ պատրաստ է շնորհել, բայց այն պայմանով, եթե մենք խնդրում ենք այդ մասին: Օրհնությունները մեր կողմից որոշակի աշխատանք կամ ջանք են պահանջում նախքան մենք դրանց կարժանանանք: Աղոթքը աշխատանքի տեսակ է և բոլոր օրհնություններից մեծագույնը ձեռք բերելու հատուկ տրված միջոց»:4
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է.
«Նրանց համար, ովքեր լսում են իմ ձայնը, ովքեր պայքարում են մեծ և փոքր խնդիրների և դժվարությունների դեմ, աղոթքը հոգևոր ուժի աղբյուր է… Աղոթքը այն միջոցն է, որով մենք մոտենում ենք մեր Երկնային Հորը, որը սիրում է մեզ: Խոսեք Նրա հետ աղոթքի միջոցով և ապա լսեք պատասխանը: Հրաշքներ են կատարվում աղոթքի միջոցով: …
Հիշեք ջերմեռանդ աղոթելու մասին»:5
Ունեցեք ամենօրյա աղոթքի սովորույթ, ապա օգնեք ուրիշներին վերադառնալ քրիստոնեական հավատքի՝ խրախուսելով նրանց ծնկի իջնել և աղոթել Աստծուն:
Երկրորդը, սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունն է: Կարո՞ղ է արդյոք լինել Հիսուս Քրիստոսի մասին ավելի ուժեղ վկայություն, քան այն վկայությունները, որոնք մենք գտնում ենք Մորմոնի Գրքում: 239 գլուխներից 233-ում հիշատակվում է Փրկիչը: Արդյո՞ք դա զարմանալի չէ:
Հետևեք, որ ունենաք սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության սովորույթ: Ապա օգնեք ուրիշներին վերադառնալ իրենց քրիստոնեական հավատքին՝ խրախուսելով նրանց նույնպես ամենօր ուսումնասիրել սուրբ գրությունները:
Երրորդը տաճարային արժանավորությունն է: Ձեզանից ոմանք եղել են տաճարում, մյուսները՝ ոչ: Պետք է լավ հասկանալ, թե ինչ է պահանջվում տաճարային երաշխավորագիր ստանալու համար: Մենք հստակ հասկանում ենք այն գործընթացը, որի համաձայն մենք գնում ենք Իսրայելի դատավորի մոտ և հաստատում նրան գործող տաճարային երաշխավորագիր կրելու, այնուհետև դա կրելու համար պահանջվող չափանիշներով ապրելու մեր արժանավորությունը:
Ապրեք այնպես, որպեսզի ձեր արդար օրինակով ցուցադրեք, թե ինչպես պետք է ապրել տաճարային օրհնություններին արժանի:
Չորրոդ, ծառայության ամենօրյա գործեր: Հիշեք Բենյամին թագավորի խոսքերը. «Եվ ահա, ես ասում եմ ձեզ այս բաները, որ դուք կարողանաք իմաստություն սովորել. որ դուք կարողանաք սովորել, որ երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք» (Մոսիա 2.17): Տերը բառացիորեն պատասխանում է մեր աղոթքներին՝ ուրիշներին մատուցած մեր ծառայության միջոցով:
Եղեք քրիստոսանման ծառայության օրինակ և օգնեք ուրիշներին վերադառնալ քրիստոնեական հավատքի՝ խրախուսելով նրանց ծառայել իրենց մերձավորին:
«Առաջ, Քրիստոսի զինվորներ»
Երբ ես ձեր տարիքին էի, մի փորձառություն ունեցա, որն օգնեց ինձ հասկանալ ծառայության կարևորությունը: Տաս տարի առաջ այն ձայնագրվեց որպես Քրիստոսի Հատուկ Վկաներ տեսաֆիլմ: Ես ուզում եմ, որ դուք կրկին դիտեք դա այս երեկո.
«Ես մի փորձառություն եմ ունեցել իմ կյանքում, որն ինձ հաճախ հիշեցնում է այս հարցը տալու արդյունքում ապրած ուրախությունը. «Ի՞նչ կաներ Փրկիչն այս իրավիճակում»:
Ես ծովահետևակայինների առաջին հինգ խմբերի կազմում էի, որոնք Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո իջան Ճապոնիայի ափ: Գետնին հավասարեցված Նագասակի քաղաքը մտնելը իմ կյանքի ամենատխուր փորձառություններից էր: Քաղաքի մեծ մասը ամբողջովին ոչնչացված էր: Կային զոհվածներ, որոնց դեռ չէին թաղել: Որպես բռնագրավող ուժեր, մենք հենակետ հիմնեցինք և անցանք աշխատանքի:
Իրավիճակը շատ ճնշող էր և մեզանից քչերն էին պատրաստ անել ավելին: Մենք գնացինք մեր զորագնդի հոգևորական սպասավորի մոտ և թույլտվություն խնդրեցինք վերականգնելու քրիստոնեական եկեղեցիները: Պատերազմի ընթացքում կառավարության կողմից մտցված սահմանափակումների պատճառով այդ եկեղեցիները գրեթե դադարել էին գործել: Մի քանի շենքեր մեծապես վնասվել էին: Մեզանից մի խումբ ցանկացավ կամավոր վերանորոգել և կրկին երեսապատել այդ եկեղեցիները հերթապահությունից ազատ ժամանակ, որպեսզի դրանք կրկին մատչելի լինեին քրիստոնեական ծառայությունների համար:
Մենք չէինք հասկանում լեզուն: Միակ բանը, որ կարող էինք անել, դա շենքերը ֆիզիկապես վերանորոգելն էր: Մենք գտանք քահանաների, ովքեր ի վիճակի չեն եղել ծառայել պատերազմի տարիներին, և խրախուսեցինք նրանց վերադառնալ իրենց ամբիոններին: Մենք ահռելի մեծ փորձ ունեցանք այդ մարդկանց հետ միասին, ովքեր կրկին զգացին իրենց քրիստոնեական հավատքը գործածելու ազատությունը:
Երբ մենք Նագասակիից տուն էինք վերադառնում, մի դեպք տեղի ունեցավ, որը ես միշտ կհիշեմ: Երբ մենք նստում էինք դեպի մեր նավեր մեզ տանող գնացքը, մեզ սկսեցին ծաղրել մեծ թվով ուրիշ ծովահետևակայիններ: Նրանց հետ էին իրենց ընկերուհիները, որ եկել էին նրանց հաջողություն մաղթելու: Նրանք ծիծաղում էին մեզ վրա, շեշտելով, որ մենք բաց թողեցինք Ճապոնիայում լավ ժամանակ անցկացնելու հնարավորությունը: Մենք պարզապես վատնել էինք մեր ժամաանակը՝ բանվորություն անելով և պատերը գաջելով:
Այդ ժամանակ, երբ նրանք իրենց ծաղրի գագաթնակետին էին, կայարանի կողքին մի փոքր բարձրունքի վար հավաքվեցին մոտ 200 ճապոնացի բարի քրիստոնեաներ այն եկեղեցիներից, որոնք մենք վերանորոգել էինք, երգելով «Առաջ, Քրիստոսի զինվորներ»: Նրանք իջան ներքև և հեղեղեցին մեզ նվերներով: Ապա նրանք մի գծով կանգնեցին երկաթուղային գծերի դիմաց և երբ գնացքը սկսեց շարժվել, մենք ձգվում էինք, հասնելով և դիպչելով նրանց մատներին: Մենք չէինք կարող խոսել, մեր զգացմունքները չափից դուրս ուժեղ էին: Բայց մենք երախտապարտ էինք, որ փոքր չափով անգամ կարողացանք պատերազմից հետո մի երկրում օգնել վերականգնել քրիստոնեությունը»:6
Պարտավորության ավելի բարձր զգացում ձևավորեք
ենք, և որ Նա սիրում է մեզ: Ես գիտեմ, որ Նա ուղարկեց Իր Որդուն աշխարհ՝ լինելու քավող զոհ ողջ մարդկության համար, և նրանք, ովքեր որդեգրում են Նրա ավետարանը և հետևում Նրան, կվայելեն հավերժական կյանք՝ Աստծո բոլոր պարգևներից մեծագույնը: Ես գիտեմ, որ Նա առաջնորդեց այստեղ՝ երկրի վրա ավետարանի վերականգնումը Մարգարե Ջոզեֆ Սմիթի ծառայության միջոցով: Ես գիտեմ, որ միակ հարատև ուրախությունն ու երջանկությունը, որը մենք երբևէ կգտնենք մեր մահկանացու կյանքում, կլինի Փրկչին հետևելու, Նրա օրենքին հնազանդվելու և Նրա պատվիրանները պահելու արդյունքում:
Այսօր, իմ երիտասարդ ընկերներ, ես կոչ եմ անում ձեզ պարտավորվածության նոր զգացում արթնացնել: Ես կոչ եմ անում ձեզ դառնալ «մեծագույն սերունդը», օգնելով մեր Երկնային Հոր զավակներին վերադառնալ իրենց քրիստոնեական հավատքին և կրոնական ամուր հիմքին, որն անչափ անհրաժեշտ է՝ մահկանացու այս փորձաշրջանում մտքի խաղաղություն և իրական երջանկություն վայելելու համար:
Թող Աստված օրհնի ձեզ քաջությամբ, համարձակությամբ, եռանդով և ցանկությամբ՝ կրկին վերականգնելու հավատքը մեր Տեր և Փրկչի ավետարանի միջոցով: Նա ապրո՛ւմ է: Սա իմ վկայությունն է ձեզ՝ Նրա սուրբ անունով: Հիսուս Քրիստոսի անունով՝ ամեն:
© 2011 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են են: Անգլերենի հաստատումը. 6/10: Թարգմանության հաստատումը. 6/10:We Were the Greatest Generation-ի թարգմանությունը: Armenian PD50029874 201
Notes
2. Noelle Knox, “Religion Takes a Back Seat in Western Europe,” USA Today, Aug. 11, 2005, http://www.usatoday.com/news/world/2005-08-10-europe-religion-cover_x.htm.