Skip to Content Skip to Navigation

Մեր հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ այսօր

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն
Տասներկու Առաքյալների Քվորումից


Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն,  “Մեր հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ այսօր,”  Jan 2011

ԵԿՀ հավաք երիտասարդ չափահասների համար • Հունվարի 9, 2011 • Բրիգամ Յանգի Համալսարան

Մենք՝ տարեց մարդիկ, նաև ծնողները, Եկեղեցու ղեկավարները, դասախոսները և ընկերները, հաճախ ենք ձեզ հորդորում ծրագրել ձեր ապագան: Մենք ձեզ քաջալերում ենք կրթություն ստանալ և մասնագիտություն սովորել՝ ձեր կյանքի գալիք տարիների համար: Մենք ձեզ հորդորում ենք ամուսնության և ընտանեկան կյանքի հիմք դնել և գործել ըստ այդ ծրագրերի: Մենք ձեզ զգուշացնում ենք մտածել ապագայում սպասվող հնարավոր հետևանքների մասին, երբ որոշումներ եք կայացնում այսօրվա գործերի վերաբերյալ (օրինակ՝ թե ինչպես եք օգտագործում ինտերնետը): Մենք ձեզ խորհուրդ ենք տալիս, թե ինչպես չափեք հաջողությունները ձեր կյանքում և ապա օրինաձևեր և գործելակերպեր հաստատեք, որոնք կառաջնորդեն դեպի այդ հաջողությունը:

Այդ բոլորն իմաստուն և խոհեմ ընթացք կլինի կյանքի համար և այն, ինչ ես կասեմ այս երեկո, չի նվազեցնի մտածելու և ապագան ծրագրելու կարևորությունը: Խելամիտ ծրագրելը և նախապատրաստվելը ապագայում պարգևատրվելու բանալին է, սակայն մենք չենք ապրում ապագայում. մենք ապրում ենք ներկայում: Օրվա ընտրություններով է, որ մենք իրականացնում ենք մեր ապագան: Օրվա ընտրություններով է, որ մենք հասնում ենք մեր նպատակներին: Օր-օրի է, որ մենք աճեցնում ենք ու դաստիարակում մեր ընտանիքները: Օր-օրի է, որ մենք հաղթահարում ենք մեր թուլությունները: Մենք հավատքով համբերում ենք մինչև վերջ օրեցօր: Լավ ապրած շատ օրերի հավաքածուն է, որ լրացնում է լիարժեք կյանքը և սրբացնում մեզ: Այնպես որ ես ցանկանում եմ ձեզ հետ խոսել ամեն օր լավ ապրելու մասին:

Նայել Տիրոջը՝ ամենօրյա կարիքների համար

Ղուկասի գրքում գրված է, որ աշակերտներից մեկը Հիսուսին խնդրեց. «Տէ՛ր, մեզ աղօթել սովորեցրո՛ւ, ինչպէս Յովհաննէսը սովորեցրեց իր աշակերտներին» (Ղուկաս 11.1): Ապա Հիսուսն աղոթքի մի օրինակ տվեց, որը հայտնի է որպես Տիրոջ աղոթք: Նույն օրինակը գրված է Մատթեոսի գրքում որպես Լեռան քարոզի մաս (տես Մատթեոս 6.9–13):

Տիրոջ աղոթքում մի խնդրանք է պարունակվում. «Մեր հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ այսօր» (Մատթեոս 6.11) կամ «Մեր հանապազօրյա հացը տուր մեզ օրեցօր» (Ղուկաս 11.3): Հավատացած եմ, որ բոլորս պատրաստակամորեն կընդունենք, որ ամեն օր կարիքներ ունենք, որոնք հոգալիս Երկնային Հոր օգնությունն ենք խնդրում: Ոմանց համար, որոշ օրեր, դա բառացիորեն հացի կարիք է, այսինքն՝ սննդի, որն անհրաժեշտ է տվյալ օրը գոյատևելու համար: Դա կարող է լինել նաև հոգևոր և ֆիզիկական ուժ՝ դիմանալու խրոնիկական հիվանդությանը կամ դանդաղ վերականգնվող առողջությանը: Մյուս դեպքերում այն կարող է կապված լինել ոչ շոշափելի կարիքի հետ, ինչպես օրինակ՝ օրվա պատասխանատվության կամ գործի հետ՝ դաս ուսուցանելու կամ ստուգարք հանձնելու:

Հիսուսն ուսուցանում է մեզ՝ Իր հետևորդներին, որ մենք պետք է դիմենք առ Աստված հացի համար՝ օգնության և աջակցության համար, որը մեզանից պահանջվում է տվյալ օրվա համար: Սա համապատասխանում է խորհրդին, որ պետք է «միշտ աղոթեք և չթուլանաք. որ դուք չպետք է կատարեք որևէ բան Տիրոջ համար, մինչև առաջին հերթին չաղոթեք Հորը, Քրիստոսի անունով, որ նա նվիրագործի ձեր կատարումը ձեր համար, որպեսզի ձեր կատարումը լինի ձեր հոգու բարօրության համար» (2 Նեփի 32.9):

Մեր Երկնային Հորից մեր ամենօրյա հացը խնդրելու Տիրոջ հրավերը խոսում է սիրող Աստծո մասին, որը տեղյակ է Իր զավակների նույնիսկ ամենօրյա փոքր կարիքների մասին և պատրաստ է օգնելու նրանց՝ մեկ առ մեկ: Նա ասում է, որ կարող ենք հավատքով խնդրել այն Էակից, «որը բոլոր մարդկանց առատորեն տալիս է և չի նախատում. և կտրվի» (Հակոբոս 1.5): Դա, իհարկե, մեծապես հավաստիացնող է, սակայն այստեղ ավելի նշանակալի բան կա, քան պարզապես օրեցօր գոյատևելը: Երբ ամեն օր աստվածային հացի օգնություն ենք խնդրում, մեր հավատքն ու վստահությունն առ Աստված և Նրա Որդին աճում են:

Մեր առօրյա կարիքների համար Տիրոջը նայելը սնում է մեր հավատքը

Դուք կհիշեք Եգիպտոսից Իսրայելի ցեղերի մեծ ելիցը և քառասուն տարիներն անապատում նախքան խոստումի երկիր մտնելը: Մեկ միլիոնից ավել այս հսկայական ժողովուրդը պետք է կերակրվեր: Անկասկած, այդ թվով մարդիկ չէին կարող որսով սնվել և նրանց կիսաքոչվորական կյանքն այդ ժամանակ նպաստավոր չէր բավարար քանակով բերք կամ անասուն աճեցնելու: Եհովան լուծեց խնդիրը, հրաշքով հաց ուղարկելով երկնքից՝ մանանան: Այս փոքր նյութական ուտելիքը, որը հայտնվում էր գետնի վրա ամեն առավոտ, ինչ-որ նոր և չիմացված բան էր: Մանանա բառն, իրականում, նշանակում էր. «Ի՞նչ է սա»: Մովսեսի միջոցով Տերը ժողովրդին հրահանգեց ամեն օր հավաքել մեկ օրվա բաժին, բացի Հանգստության օրվան նախորդող օրը, երբ նրանք պետք է հավաքեին երկու օրվա բաժին:

Սկզբում, չնայած Մովսեսի առանձնահատուկ հրահանգներին, ոմանք փորձեցին հավաքել ավելի քան մեկ օրվա համար, իսկ ավելացածը պահել

«Մովսէսն ասաց նրանց. «Ոչ ոք մինչեւ առաւօտ դրանից աւելցուկ չթողնի.

Ոմանք, սակայն, Մովսէսին չլսեցին և դրանից աւելցուկ պահեցին: Առաւօտեան այն որդնոտած ու նեխած էր» (Ելից 16.19–20):

Ինչպես խոստացված էր, երբ վեցերորդ օրը նրանք հավաքեցին օրվա բնական բաժնից կրկնակի չափով մանանա, այն չփչացավ.

«Եվ դա թողեցին մինչեւ առաւօտ, ինչպէս նրանց հրամայել էր Մովսէսը. այն չնեխեց, չորդնոտեց։

Մովսէսն ասաց. «Այդ կերէ՛ք այսօր, քանի որ Տիրոջ շաբաթ օրն է այսօր, դրանից այսօր դաշտում չէք գտնի։

Վեց օր կը հաւաքէք դա, իսկ եօթներորդ օրը՝ հագստության օրը դրանից չի լինի» (Ելից 16.24–26):

Ինչևէ, կրկին ոմանք չհավատացին և Հանգստության օրը գնացին մանանա հավաքելու:

«Տէրն ասաց Մովսէսին. «Մինչեւ ե՞րբ չէք ուզում պահել իմ պատուիրաններն ու օրէնքները։

Տեսաք, որ Տէրը ձեզ հանգստեան օր նշանակեց այս շաբաթ օրը։ Դրա համար էլ նա վեցերորդ օրը ձեզ երկու օրուայ հաց տուեց՝ ասելով. «Ձեզնից իւրաքանչիւրը թող նստի իր տանը, եօթներորդ օրը թող ոչ ոք չելնի այդ տեղից» (Ելից 16.28–29):

Կարծես թե հին ժամանակներում, այսօրվա պես, կան մարդիկ, ովքեր չեն դիմանում և Հանգստության օրը առևտուր են անում:

Ամենօրյա ուտելիք ապահովելով, օր-օրի, Եհովան փորձում էր հավատք ուսուցանել մի ազգի, որը 400 տարվա ընթացքում կորցրել էր իրենց հայրերի հավատքի մեծ մասը: Նա նրանց ուսուցանում էր վստահել Իրեն. «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք» (ՎևՈւ 6.36): Նա ապահովում էր բավական բաժին ամեն օրվա համար: Բացառությամբ վեցերորդ օրվա, նրանք չէին կարող մանանա պահել հաջորդ մեկ կամ երկու օրվա օգտագործման համար: Ըստ էության՝ Իսրայելի զավակները պետք է քայլեին Նրա հետ այսօր և վստահեին, որ նա բավականաչափ ուտելիք կտրամադրեր հաջորդ օրը և այդպես շարունակ: Այդ ձևով Նա երբեք հեռու չէր լինի նրանց մտքերից և սրտերից:

Պետք է նկատենք, որ քառասուն տարվա մանանան չէր նշանակում ծուլություն սովորեցնել: Երբ որ ցեղերին հնարավորություն էր ստեղծվում իրենց համար ուտելիք հայթայթել, նրանցից պահանջվում էր դա անել: Հորդանան գետն անցնելուց հետո, երբ պատրաստվում էին նվաճել Քանանը, սկսելով Երիքովից, սուրբ գրությունն արձանագրում է, որ «զատիկի հաջորդ օրը հին ցորենից [այսինքն՝ նախորդ տարվա բերքից] բաղարջ եւ աղանձ կերան։ …

Այդ օրը, հին ցորենից ուտելուց յետոյ, մանանան դադարեց, եւ իսրայէլացիները այլեւս մանանայ չգտան։ Եւ այդ տարի նրանք կերան Քանանի երկրի պտուղը» (Հեսու 5.11–12):

Նման ձևով, մինչ Աստծուն աղոթում ենք մեր ամենօրյա հացի համար, այն պահերի համար, երբ ինքներս ի վիճակի չենք լինի ապահովել մեզ համար, մենք ինքներս պետք է գործենք և անենք այն, ինչ մեր ուժերի սահմաններում է:

Վստահեք Տիրոջը – լուծումները կգան ժամանակի ընթացքում

Բարձրագույն Իշխանավոր կանչվելուց շատ տարիներ առաջ ես հայտնվել էի տնտեսական ծանր կացության մեջ, որը շարունակվեց մի քանի տարի: Դա որևէ մեկի սխալի կամ չարակամության արդյունքը չէր, այլ այն փորձություններից մեկը, որ երբեմն լինում է մեր կյանքում: Ժամանակ առ ժամանակ այն ծանրանում և թեթևանում էր, սակայն ամբողջովին չէր վերանում: Կար մի պահ, որ այդ փորձությունը սպառնում էր իմ ընտանիքի և իմ բարօրությանը և ինձ թվում էր, թե մենք ֆինանսական կործանման եզրին ենք: Ես աղոթեցի, որ ինչ-որ մի հրաշագործ միջնորդություն ազատի մեզ: Չնայած որ ես մեծ անկեղծությամբ ու ջանասեր ցանկությամբ բազմաթիվ անգամ աղոթում էի դրա մասին, վերջում պատասխանը լինում էր՝ Ո՛չ: Ի վերջո ես սովորեցի աղոթել ինչպես Փրկիչը՝ «ոչ թե իմ կամքը, այլ քո կամքը թող կատարվի» (Ղուկաս 22.42): Ես փնտրեցի Տիրոջ օգնությունը, որպեսզի փոքր քայլերով ուղղեմ իրավիճակը՝ մինչև եկավ վերջնական լուծումը:

Կային պահեր, երբ բոլոր իմ միջոցները սպառել էին՝ երբ չկար ոչ մի տեղ, ոչ էլ ինչ-որ մեկը, ում կարող էի դիմել այդ պահին, որպեսզի օգներ իմ պարտավորությունը կատարել: Չունենալով ոչ մի միջոց՝ ավելի քան մեկ անգամ ես ծնկի եմ իջել իմ Երկնային Հոր առաջ, արցունքներով աղաչելով Նրան, որ օգնի: Եվ նա օգնե՛լ է: Երբեմն դա եղել է միայն խաղաղության զգացում, համոզվածության զգացում, որ ամեն բան կկարգավորվի: Չնայած ես չէի կարող տեսնել, թե որը և ինչպիսին կլինի ճանապարհը, այնուամենայնիվ, Նա ինձ հայտնի էր դարձնում, ուղղակի կամ անուղղակի ձևով, Նա ճանապա՛րհ էր բացում: Հանգամանքները կարող է փոխվեին, նոր և օգտակար մտքեր կարող է գային իմ մտքում, չսպասված ինչ-որ եկամուտ կամ այլ միջոց էր հայտնվում, որը ճիշտ ժամանակին էր լինում: Ինչ-որ ձևով խնդիրը լուծվում էր:

Չնայած որ այդ ժամանակ ես տառապում էի, ետ նայելով, այժմ ես երախտապարտ եմ, որ իմ խնդիրը միանգամից չլուծվեց: Այն փաստը, որ ես ստիպված էի երկար ժամանակ գրեթե ամեն օր օգնության համար Աստծուն դիմել, ինձ ուսուցանեց իրապես աղոթել և պատասխան ստանալ իմ աղոթքներին և գործնական ձևով ինձ ուսուցանեց հավատք գործադրել առ Աստված: Ես սկսեցի ճանաչել իմ Փրկչին ու Երկնային Հորն այնպես, որ այլ պայմաններում կարող է չճանաչեի կամ որ դրան հասնելու համար շատ ավելի երկար ժամանակ կարող է պահանջվեր: Ես հասկացա, որ հանապազօրյա հացը արժեքավոր ապրանք է: Ես հասկացա, որ այսօրվա մանանան կարող է նույնքան իրական լինել, որքան աստվածաշնչյան մանանան: Ես սովորեցի ապավինել Տիրոջը իմ ողջ սրտով: Ես սովորեցի քայլել Նրա հետ օրեցօր:

Աշխատեք խոշոր խնդիրները լուծել փոքր առօրյա քայլերով

Աստծուց մեր հանապազօրյա հացը խնդրելը, ի տարբերություն մեր շաբաթական, ամսեկան կամ տարեկան հացի, նույնպես մի ճանապարհ է կենտրոնանալու ավելի փոքր, լուծելի խնդիրների վրա: Շատ մեծ մի բանի վրա աշխատելու համար մենք պետք է դրա վրա աշխատենք մաս-մաս՝ ամենօրյա փոքր բաժիններով: Երբեմն այն, ինչ կարող ենք անել, մի օր է (կամ նույնիսկ օրվա մի մասը), որը պետք է կրկնենք շատ անգամ: Թույլ տվեք մի օրինակ բերել, որը սուրբ գրություններից չէ:

Վերջերս մի գիրք կարդացի՝ Lone Survivor, (Միակ փրկվածը) վերնագրով, որն Ավղանստանի հեռավոր մի շրջանում ԱՄՆ-ի հատուկ զորքերի չորս հոգանոց խմբի հինգ տարի առաջ տեղի ունեցած գաղտնի առաքելության ողբերգական պատմությունն է: Երբ երկու հովիվ՝ մի տղամարդ և մի պատանի, հայտնաբերեցին նրանց թաքստոցը, այս լավ պատրաստված հատուկ ջոկատի ծառայողներն ընտրություն ունեին՝ կա՛մ սպանել այդ երկուսին, կա՛մ թույլ տալ, որ նրանք հեռանային, հասկանալով, որ եթե նրանց կենդանի թողնեն, ապա այդ երկուսը կհայտնեն իրենց տեղը և նրանց վրա անմիջապես կհարձակվեն ալ Քայիդայի և Թալիբանի ուժերը: Չնայած դրան, նրանք թույլ տվեցին, որ անմեղ հովիվները հեռանան, և դրան հետևած 100 հոգանոց լավ զինված զինվորների հարձակման փոխհրաձգությունից միայն գրքի հեղինակը՝ Մարկուս Լյուտրելը, կենդանի մնաց:

Իր գրքում Լյուտրելը պատմում է այն արտակարգ վարժեցման և դիմադրողականության մասին, որը պահանջվում է մարդուց, որպեսզի որակավորվի որպես ԱՄՆ-ի հատուկ զորքերի զինվոր: Լյուտրելի վարժեցման խմբում, օրինակ, նախնական ընտրված 164 տղամարդուց միայն 36 կարողացան հաջողությամբ ավարտել պատրաստման դասընթացը: Նրանք դիմացան շաբաթներ տևող մշտական ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, օվկիանոսի սառը ջրում լողալով, թիավարելով և փչովի նավակներ կրելով, ավազի վրա վազելով, ամեն օր հարյուրավոր հրում անելով, խոչընդոտներով լի ճանապարհով գերաններ տանելով և այլն: Նրանք գրեթե մշտատև չարչարանքների մեջ էին:

Ինձ տպավորեց այն, ինչ խմբին ասել էր նրանց ավագ հրամանատարը վարժանքների վերջին և ամենապահանջկոտ փուլից առաջ:

«Նախ և առաջ, – ասել էր նա, – ես չեմ ցանկանում, որ դուք հանձնվեք պահի ճնշմանը: Ամեն անգամ, երբ ցավը պատում է ձեզ, պարզապես շարունակեք: Ավարտին հասցրեք օրը: Ապա, եթե դեռ վատ եք զգում, նախքան դադարելու որոշումը, երկար և խորը մտածեք: Երկրորդ՝ տրամադրվեք տվյալ օրվա համար: Մե՛կ [փուլի] համար:

Թույլ մի՛ տվեք, որ ձեր մտքերը ձեզանից հեռու գնան. դադարելու որոշում մի՛ ծրագրեք այն պատճառով, որ մտահոգված եք ապագայի մասին և նրա մասին, թե որքան կդիմանաք: Մի՛ տարվեք ապագայի ցավերով: Պարզապես տրամադրվեք տվյալ օրվա համար և ձեզ հրաշալի ապագա է սպասում»: 1

Հիմնականում, լավ բան է ակնկալել գալիքը և նախապատրաստվել դրան դիմավորելու: Սակայն, ժամանակ առ ժամանակ, այս հրամանատարի խորհուրդը իմաստություն ունի. «Տրամադրվեք տվյալ օրվա համար: … Մի՛ տարվեք ապագայի ցավերով: Ավարտին հասցրեք օրը»: Մտահոգվելն այն մասին, թե ինչ է լինելու կամ սպասվելու, կարող է բթացնող լինել: Այն կարող է մեզ կաթվածահար անել և ստիպել հանձնվել:

1950-ականներին մայրս տարավ քաղցքեղի ծանր վիրահատություն: Սակայն որքան էլ դժվար լիներ վիրահատությունը, դրան հետևեցին տասնյակ այլ ցավագին ճառագայթային բուժումներ, որը ներկայումս կհամարվեր բավական հնացած բժշկական մեթոդ: Նա հիշում է, որ այդ ժամանակ նրա մայրը նրան ուսուցանեց մի բան, որը դրանից հետո միշտ օգնել է նրան: Մեջ եմ բերում մորս խոսքերը. «Ես շատ հիվանդ և թույլ էի: Մի օր ասացի մայրիկիս. «Ա՜խ, մայրիկ, ես չեմ դիմանա ևս տասնվեց ճառագայթային բուժման»: Մայրս ասաց. «Կարո՞ղ ես այսօր դիմանալ»: «Այո՛»: «Դե՜, քաղցրս, այսօր քեզանից դա է պահանջվում»: Այդ միտքն ինձ օգնել է շատ անգամ, երբ հիշել եմ տվյալ ժամանակ մտահոգվել մեկ օրվա կամ մեկ բանի մասին»:

Հոգին կարող է մեզ առաջնորդել, թե երբ առաջ նայենք և երբ պարզապես հոգանք տվյալ օրվա մասին՝ տվյալ պահի մասին: Եթե հարցնենք, Տերը մեզ թույլ կտա, որ իմանանք, Սուրբ Հոգու միջոցով, թե մեզ համար երբ կարող է պատշաճ լինել կիրառելու Իր հին առաքյալներին տրված պատվիրանը. «Մի մտահոգվեք, ուրեմն, էգուցվա համար, քանզի էգուցվա օրն ինքը կհոգա իր մասին: Բավական է օրվա համար իր նեղությունը» (3 Նեփի 13.34. տես նաև Մատթեոս 6.34):

Աստծո «հանապազօրեայ հացը» անհրաժեշտ է մեզ՝ մեր ներուժին հասնելու համար

Ես առաջարկեցի, որ ամենօրյա հացն Աստծուց խնդրելը և ստանալը կենսական դեր է կատարում Աստծուն վստահել սովորելիս և կյանքի փորձություններին համբերելիս: Բացի այդ, մենք ունենք աստվածային հացի ամենօրյա կարիքը, որպեսզի դառնանք այն, ինչ պետք է դառնանք: Ապաշխարելը, կատարելագործվելը և, ի վերջո, Պողոսի խոսքերով ասած` «Քրիստոսի կատարյալ հասակի չափին» (Եփեսացիս 4.13) հասնելը քայլ առ քայլ կատարվող գործ է: Մեր բնավորության մեջ նոր և առողջարար սովորություններ ներառելը կամ որևէ կախվածությունից ազատվելը շատ հաճախ նշանակում է ջանք թափել այսօր, ապա շարունակել վաղը, և ապա ևս մեկ օր և այդպես շարունակ` շատ օրեր, նույնիսկ ամիսներ և տարիներ, մինչև վերջնական հաղթանակը: Սակայն դա հնարավոր է դառնում որովհետև կարող ենք դիմել Աստծուն մեր ամենօրյա հացի համար` ամեն օր անհրաժեշտ մեր օգնության համար:

Մենք Ամանորյա որոշումների շեմին ենք, և ես կցանկանայի ձեզ համար մեջ բերել Նախագահ Ն. Էլդոն Թանների խոսքերը, որը ժամանակին Առաջին Նախագահության խորհրդական էր: Նա ասել է. «Մտածելով ավելի լավը դառնալու վճիռ կայացնելու մասին՝ եկեք որոշենք կարգապահություն վարժեցնել, զգուշությամբ կայացնենք վճիռները, հաշվի առնելով դրանք կայացնելու նպատակը, և վերջապես, պարտավորություն վերցնենք պահել դրանք և թույլ չտանք, որ որևէ բան խոչընդոտի մեզ: Եկեք յուրաքանչյուր օրվա սկզբում մեզ հիշեցնենք, որ մենք կարո՛ղ ենք իրականացնել տվյալ օրվա հետ կապված որոշումները: Այդպես վարվելով` մեզ համար ավելի ու ավելի հեշտ կլինի, մինչև որ ձեռք բերենք սովորություն»2

Ավելի քան մեկ տարի առաջ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը խոսեց ամենօրյա գործերում հետևողական լինելու մասին, ինչպիսիք են` ընտանեկան աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը և ընտանեկան երեկոները, որոնք վճռորոշ դեր են կատարում հաջողակ ընտանիքներ հիմնելիս: Փոքր թվացող ամենօրյա գործերում հետևողական լինելը առանցքային սկզբունք է ցանկացած մեծ գործին հասնելու համար, այդ թվում հետևորդ լինելու ճանապարհին առաջադիմելիս: Որպես առարկայական օրինակ` Երեց Բեդնարն ամենօրյա գործերը համեմատեց վրձնի առանձին հարվածների հետ, որոնք միասնաբար, ժամանակի ընթացքում, արվեստի գործի են վերածվում: Նա ասել է.

«Իմ գրասենյակում կա ցորենի արտի մի գեղեցիկ յուղանկար: Յուղանկարը առանձին վրձնահարվածների մի լայն հավաքածու է, որից ոչ մեկը առանձնապես հետաքրքիր կամ տպավորիչ չէ: Փաստորեն, եթե մոտ եք կանգնում նկարին, այն ամենը, ինչ տեսնում եք, անկապ և ոչ գրավիչ դեղին, ոսկեգույն ու շագանակագույն ներկի թվացող մի զանգված է: Սակայն, երբ աստիճանաբար հեռանում եք նկարից, բոլոր առանձին վրձնահարվածները միմյանց են միանում, ստեղծելով ցորենի արտի հրաշալի տեսարան: Բազմաթիվ սովորական, առանձին վրձնահարվածները համատեղ ստեղծում են գրավիչ և գեղեցիկ մի կտավ …

…Ճիշտ ինչպես դեղին, ոսկեգույն և շագանակագույն ներկի վրձնահարվածները լրացնում են միմյանց և առաջացնում տպավորիչ մի գլուխգործոց, այնպես էլ մեր կատարած փոքր թվացող արաքները կարող են առաջ բերել նշանակալի հոգևոր արդյունքներ: «Ուստի, մի ձանձրացեք բարին գործելուց, քանզի դուք դնում եք հիմքը մի մեծ գործի: Եվ փոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է» (ՎևՈւ 64.33):3

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը, խոսելով ապաշխարության մասին, տվել է հետևյալ խորհուրդը.

«Մենք պետք է զգույշ լինենք, երբ ավելի ու ավելի [Քրիստոսանման] ենք դառնում, որպեսզի չընկճվենք և չկորցնենք մեր հույսը: Քրիստոսանման դառնալը կյանքի տևողություն ունեցող ընթացք է և հաճախ պահանջում է աճ և փոփոխություն, որոնք դանդաղ են, գրեթե աննկատելի: Սուրբ գրությունները զարմանալի պատմություններ են պատմում այն մարդկանց մասին, ում կյանքը դրամատիկ ձևով փոխվում է մի ակնթարթում, ինչպես եղավ Ալմա կրտսերի, Դամասկոսի ճանապարհին Պողոսի, գիշերով աղոթող Ենովսի, Լամոնի թագավորի հետ: Փոփոխության զորության նման ապշեցուցիչ օրինակները, անգամ նրանց հետ կապված, ովքեր խորը մեղքերի մեջ էին, վստահություն են ներշնչում, որ Քավությունը կարող է հասնել անգամ նրանց, ովքեր խորը հուսահատության մեջ են:

Սակայն մենք պետք է զգույշ լինենք, երբ քննարկում ենք նման նշանակալի օրինակներ: Թեև դրանք իրական և զորեղ են, դրանք ավելի շուտ բացառություն են, քան օրինաչափություն: Ի տարբերություն Պողոսի, Ենովսի, Լամոնի Թագավորի, կան հարյուրավոր և հազարավոր մարդիկ, որոնց համար ապաշխարության ընթացքը շատ ավելի անտեսանելի, շատ ավելի աննկատելի է ընթանում: Օր-օրի նրանք ավելի են մոտենում Տիրոջը, քիչ հասկանալով, որ կառուցում են աստվածանման կյանք: Նրանք ապրում են բարությամբ, ծառայությամբ և պարտավորությամբ լի խաղաղ կյանքով: …

Մենք չպետք է կորցնենք մեր հույսը: Հույսը խարիսխ է մարդկանց հոգիների համար: Սատանան աշխատում է, որ մենք մի կողմ գցենք այդ խարիսխը: Այդ դեպքում նա կարող է հուսահատություն և հուսալքություն մեզ բերել, և մենք կհանձնվենք: Սակայն մենք չպետք է կորցնենք մեր հույսը: Տիրոջը հաճելի է ցանկացած ջանք, անգամ ամենաչնչինը, ամենօրյա մեր կյանքում, որով մենք փորձում ենք ավելի շատ նմանվել Իրեն»: 4

Փնտրեք Տիրոջ օգնությունը՝ ուրիշներին ծառայելիս

Այժմ հիշեք, որ մենք չպետք է միայն մեր մեջ նայենք, երբ խնդրում ենք աստվածային հացի մեր օրվա բաժինը: Եթե մենք պետք է ավելի շատ նմանվենք Վարդապետին, որը չէր եկել «ծառայութիւն ընդունելու, այլ՝ ծառայելու» (Մարկոս 10.45), մենք կփնտրենք Նրա օգնությունը, որպեսզի մեր մերձավորին ծառայելու հնարավորություն ունենանք օրեցօր:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն իմ իմացած մարդկանցից այս սկզբունքով ապրելու լավագույն օրինակն է: Նրա սրտում միշտ աղոթք կա, որ Աստված իրեն հայտնի դարձնի ինչ-որ մեկի կարիքը և միջոցները, որով նա կարող է օգնել շրջապատում գտնվողներին օրվա տվյալ պահին: Եպիսկոպոս լինելու իր տարիների մի օրինակ ցույց է տալիս այն փաստը, որ երբեմն անգամ փոքր ջանքը Հոգու ներգործության հետ մեկտեղ կարող է նշանակալի պտուղ տալ: Ես մեջ եմ բերում Հայդի Սվինտոնի գրած Նախագահ Մոնսոնի կենսագրական՝ To the Rescue (Փրկության հասնել) գրքից.

Մարդկանցից մեկը, ում [Նախագահ Մոնսոնը] օգնության ձեռք մեկնեց, Հարոլդ Գալաչերն էր: Նրա կինն ու երեխաները ակտիվ էին Եկեղեցում, բայց Հարոլդը՝ ոչ: Նրա դուստրը՝ Շերոնը, խնդրել էր եպիսկոպոս Մոնսոնին «մի բան անել», որպեսզի ակտիվացնի իր հորը Եկեղեցում: Որպես եպիսկոպոս՝ մի օր նա հուշում զգաց այցելելու Հարոլդին: Ամառային շոգ օր էր, երբ նա թակեց Գալաչերի վահանակով դուռը: Դռան միջով եպիսկոպոսը տեսնում էր Հարոլդին իր աթոռին նստած՝ ծխելիս և թերթ կարդալիս: «Ո՞վ է», - հարցրեց նա մռայլ՝ առանց գլուխը բարձրացնելու:

«Ձեր եպիսկոպոսը, – պատասխանեց Թոմը: – Ես եկել եմ ձեզ հետ ծանոթանալու և ձեզ հորդորելու, որ ձեր ընտանիքի հետ հաճախեք ժողովների»:

«Ո՜չ, ես շատ զբաղված եմ», - լսվեց արհամարհական պատասխանը: Նա գլուխն էլ չբարձրացրեց: Թոմը նրան շնորհակալություն հայտնեց լսելու համար և հեռացավ: Ընտանիքը տեղափոխվեց և Հարոլդն այդպես էլ չակտիվացավ Եկեղեցում:

Տարիներ անց եղբայր Գալաչերը զանգահարեց Երեց Թոմաս Ս. Մոնսոնի գրասենյակ և խնդրեց հանդիպում նշանակել նրա հետ:

«Հարցրեք, թե նա Հարոլդ Գ. Գալաչե՞րն է, – ասաց նա իր քարտուղարին, – և թե արդյոք նա ապրում էր Վիսսինգ Փլեյսի 55 հասցեում և ուներ Շերոն անունով դուստր»: Երբ քարտուղարը հարցրեց, Հարոլդը ցարմացավ, որ Երեց Մոնսոնը հիշում էր նման մանրամասներ: Երբ որոշ ժամանակ անց երկուսն հանդիպեցին, նրանք գրկախառնվեցին: Հարոլդն ասաց. «Ես եկել եմ ներողություն խնդրելու, որ վեր չկացա իմ աթոռից և ներս չհրավիրեցի ձեզ ամառային այդ օրը շատ տարիներ առաջ»: Երեց Մոնսոնը նրան հարցրեց, թե արդյոք նա ակտիվ է Եկեղեցում: Ժպիտը դեմքին նա պատասխանեց. «Ես ծխի եպիսկոպոսության երկրորդ խորհրդականն եմ: Եկեղեցի հաճախելու ձեր հրավերը և իմ ժխտական պատասխանն այնքան հետապնդեցին ինձ, որ ես որոշեցի մի բան անել այդ ուղղությամբ»5

Ամենօրյա ընտրությունները հավերժական հետևանքներ ունեն

Մեր հանապազօրյա հացի մասին մտածելը մեզ տեղյակ է պահում մեր կյանքի մանրամասների՝ մեր օրը զբաղեցնող փոքր բաների կարևորության մասին: Փորձն ուսուցանում է, որ ամուսնության մեջ, օրինակ, բարության, օգնության և ուշադրության մշտական հոսքն ավելի շատ բան է անում սերն արթուն պահելու և հարաբերությունները սնելու ուղղությամբ, քան ուշադրության հազվադեպ, բայց մեծ և թանկարժեք նշանները: Դա չի նշանակում, եղբայրներ, – դո՛ւք, որ ամուսնացած եք, – որ ձեր կինը չի գնահատի ինչ-որ նոր և իսկապես գեղեցիկ հագուստ կամ այլ տպավորիչ նվեր, որը ձեր զգացումների բացականչական նշանը կլինի (իհարկե, ձեր փոքր բյուջեի սահմաններում): Երկարաժամկետ հեռանկարում մտերմության խոսքերի և գործերի ամենօրյա մշտական արտահայտությունն է, որ իրապես նշանակություն ունի:

Նմանապես, ամենօրյա ընտրություններով մենք կարող ենք կանխել նենգաբարո ազդեցությունների մեր կյանք ներթափանցելը և մեր ես-ի մի մասը դառնալը: Տարիներ առաջ Երեց Նիլ Ա. Մաքսվելը և ես ցցի համաժողով այցելելիս քահանայության մի ղեկավարի հետ ոչ պաշտոնական զրույցի ժամանակ նկատեցինք, որ մարդ կարող է մերկատեսագրություններ և մերկանկարներ նայելուց զերծ մնալ, պարզապես լավ ընտրություններ կատարելով: Մեծամասամբ, դա պարզապես ինքնատիրապետման հարց է՝ թե՛ ֆիզիկականով, թե՛ եթերայինով չգնալ այն վայրերը, որտեղ պոռնոգրաֆիան հնարավոր է ձեզ հանդիպի: Մենք ընդունեցինք, այնուամենայնիվ, որ քանի որ այն ողբերգական տարածում ունի, պոռնոգրաֆիան կարող է որպես անակնկալ հյուր գալ այն մարդուն, որը հանգիստ իր գործով է զբաղված: «Այո՛, – նկատեց Երեց Մաքսվելը, – բայց մարդ կարող է անմիջապես մերժել այն: Նա չպետք է նրան ներս հրավիրի և նստելու աթոռ առաջարկի»: Այնպես որ, մյուս վատ ազդեցությունների և սովորությունների հետ մեկտեղ, – թափթփված տեսք, թեթևամիտ վարքագիծ, վիրավորական ու գռեհիկ լեզու, չար քննադատություն, ուշացումներ և այլն, – եթե ամեն օր ուշադիր լինենք, խույս տալով  նման բաներից, ապա կարող ենք պաշտպանվել, որ ապագայում չնկատենք, թե անուշադրության պատճառով՝ մի չար բան արմատավորվել կամ մի թուլություն բուն է դրել մեր հոգում:

Իրականում, օրվա ընթացքում չկան շատ բաներ, որոնք լիովին անկարևոր են: Անգամ առօրյա և կրկնվող բաները կարող են լինել փոքր, բայց նշանակալի կառուցողական քարեր, որոնք ժամանակի ընթացքում հաստատում են ինքնատիրապետում, բնավորություն և կարգապահություն, որոնք անհրաժեշտ են մեր ծրագրերն ու երազանքներն իրականցնելու համար: Ուստի, երբ օրեցօր աղոթքում խնդրում եք ձեր ամենօրյա հացը, խորամիտ հաշվի առեք ձեր կարիքները՝ և՛ այն, ինչի պակաս կարող է ունենաք, և՛ այն, ինչից պետք է պաշտպանվեք: Անկողին մտնելով՝ մտածեք օրվա հաջողությունների և ձախողումների մասին և թե ինչը կարող է հաջորդ օրն ավելի լավը դարձնել: Եվ շնորհակալություն հայտնեք ձեր Երկնային Հորը այն մանանայի համար, որը նա դրել է ձեր ճանապարհին, որպեսզի պահպանի ձեզ օրվա ընթացքում: Ձեր մտորումները կավելացնեն ձեր հավատքը Նրա հանդեպ, երբ տեսնեք Նրա օգնող ձեռքը որոշ բաներին դիմանալիս և ուրիշներին փոխելիս: Դուք կկարողանաք ուրախանալ ևս մեկ օրվա ընթացքում՝ դեպի հավերժական կյանք ևս մեկ քայլ անելիս:

Հիսուս Քրիստոսը կյանքի հացն է

Ամենից առավել, հիշեք, որ մենք ունենք Նրան, որը հենց մանանայի նշանն ու խորհրդանիշն էր, ինքը՝ կյանքի հացը՝ Քավիչը:

«Յիսուսը նրանց ասաց. «Ես եմ կյանքի հացը. ով դէպի ինձ գայ, քաղց չի զգայ, եւ ով ինձ հաւատայ, երբեք չի ծարաւի …

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով հաւատում է, ունենում է յաւիտենական կեանքը։

Ես եմ կյանքի հացը։

Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան։

Այս է երկնքից իջած հացը, որպէսզի, ով որ սրանից ուտի, չմեռնի։

Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. թէ մէկն այս հացից ուտի, յաւիտենապէս կ՚ապրի. եւ այն հացը, որ ես կը տամ, իմ մարմինն է, որը ես կը տամ, որպէսզի աշխարհը կեանք ունենայ» (Հովհաննես 6.35, 47–52):

Ես վկայություն եմ բերում Կյանքի Հացի՝ Հիսուս Քրիստոսի կենդանի իրականության մասին, Նրա անսահման զորության և Նրա Քավության տարածության մասին: Վերջին հաշվով, Նրա Քավությունը՝ Նրա շնորհն է մեր հանապազօրյա հացը: Մենք պետք է փնտրենք Նրան օրեցօր, Նրա կամքը կատարենք օրեցօր, մեկ դառնանք Նրա հետ, ինչպես Նա է մեկ Հոր հետ (տես Հովհաննես 17.20–23): Ես օրհնում եմ ձեզ, որպեսզի երբ խնդրեք, ձեր Երկնային Հայրը ձեզ շնորհի ձեր հանապազօրյա հացը. Հիսուս Քրիստոսի անունով՝ ամեն:

© 2011 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Անգլերենի հաստատումը. 10/10Թարգմանության հաստատումը. 10/10Give Us This Day Our Daily Bread-ի թարգմանությունը: Armenian PD50028437 201

Notes

1. Marcus Luttrell with Patrick Robinson, Lone Survivor: The Eyewitness Account of Operation Redwing and the Lost Heroes of SEAL Team 10 (2007), 124.

2. N. Eldon Tanner, “Just for Today,” New Era, Jan. 1975, 5.

3. David A. Bednar, in Conference Report, Oct. 2009, 18; or Ensign, Nov. 2009, 19–20.

4. Ezra Taft Benson, “A Mighty Change of Heart,” Ensign, Oct. 1989, 5.

5. Heidi S. Swinton, To the Rescue: The Biography of Thomas S. Monson (2010), 160–61.

^ Back to top