Skip to Content Skip to Navigation

Կյանքի մայրուղին

Եպիսկոպոս Հ. Դեյվիդ Բըրթըն
Նախագահող Եպիսկոպոս


Եպիսկոպոս Հ. Դեյվիդ Բըրթըն,  “Կյանքի մայրուղին” 

ԵԿՀ Հավաք Երիտասարդ Ամուրիների համար • 2 մայիսի, 2010 • Բրիգամ Յանգ Համալսարան–Հավայի

Ալոհա՜, եղբայրներ և քույրեր: Քույր Բըրթընը և ես բերկրանք ենք զգում Հավայան կղզիների Բրիգամ Յանգ Համալսարանի ուսանողական ավանում ձեզ հետ և շատ երկրների երիտասարդ ամուրիների հետ այս գեղեցիկ Հանգստության օրվա երեկոն անցկացնելու հնարավորության համար: Ոգեվորիչ է տեսնել ուսանողական ավանի այս լսարանի բազում տարբեր մշակույթներից սերված երիտասարդներին: Մենք կցանկանայինք տեսնել աշխարհով մեկ սփռված ցցերի կենտրոնների և կրոնի ինստիտուտների երիտասարդ ամուրիներին, որոնք հավաքվել են մասնակցելու ԵԿՀ այս հավաքի հեռարձակմանը:

Ինձ դուր է գալիս «ալոհա» բառի հնչեղությունը և իմաստը: Հնարավոր է, դուք իմանաք, որ Հավայան կղզիների լեզվով ալոհա բառը բազմաթիվ իմաստներ է արտահայտում, ինչպես օրինակ՝ մտերմություն, սեր, խաղաղություն, կարեկցանք, համակրանք, գութ, ողորմածություն, բարություն կամ շնորհ: Վերջին 150 տարում այն օգտագործվում է նաև ողջույն և հաջողություն բառերի իմաստով: Այդ զգացմունքային բառերն այն դարձնում են ողջույնի շատ հաճելի և հրաժեշտի շատ խորիմաստ արտահայտություն:

Մենք ապրում ենք հակասող արժեքների ժամանակներում

Ալոհայի հասկացողությունը Հավայան կղզիներում այնքան կարևոր է, որ «Ալոհայի Ոգին» իրականում սահմանված և ընդգրկված է Հավայան կղզիների պետական օրենսդրական ակտերում: Ալոհան ենթադրում է ջերմության և մտերմության արտահայտում՝ առանց պարտավորեցման: Այն նշանակում է ընդունել յուրաքանչյուր անձի կարևորությունը հասարակության ընդհանուր գոյակցության մեջ: Այն ենթադրում է նաև «լսել չասվածը, տեսնել անտեսանելին և ճանաչել անճանաչելին»:1 Ալոհայի Ոգին ընդգրկում է ավետարանի գեղեցիկ սկզբունքներ` հավատքի սկզբունքներ,  «մի դատեք, որ չդատուիք» (Մատթեոս Է.1) սուրբ գրությունից բխող սկզբունքներ: Այն շեշտադրում է անհատի կարևորությունը և նրա հանդեպ կարեկցանքը: Արդյոք հրաշալի չէ՞ր լինի, եթե մենք բոլորս աշխարհում ամբողջությամբ ընդունեինք ալոհայի ոգին:

Վերջերս Գեներալ Դեյվիդ Հ. Պետրաուսը խոսեց Պրովոյի Բրիգամ Յանգի Համալսարանում: Նա արտահայտեց իր հրաշալի հումորի զգացումը, երբ թվարկեց 10 պատճառ, թե ինչու են Բրիգամ Յանգ Համալսարանի ուսանողները լավ զինվորականներ դառնում: Պատճառներից մի քանիսը սրանք էին. «Նրանց համար խնդիր չէ, երբ չեն իմանում ինչ-որ մեկի զինվորական կոչումը. միևնույն է` նրանք բոլորին դիմում են եղբայր կամ քույր»: «Նրանք երբեք չունեն անհարգելի բացակայություն: Նրանք պարզապես դա անվանում են ոչ ակտիվ լինել»: «Նրանք արագ դադարեցում են առարկությունները, եթե ասում ես, որ հյուրասիրություն է մատուցվելու»: «Անհնազանդ զինվորականների խնդիրները լուծելիս նրանք նորարար գաղափարներ են ունենում, ինչպես օրինակ՝ նրանց համար տնային ուսուցիչներ նշանակելը»: Ի վերջո, հավանաբար ամենակարևորն է. «Նրանք աշխարհի ամենավստահելի և ընտրյալ վարորդներն են»:2 Բուժիչ և օգտակար բան կա, երբ մարդ ծիծաղում է իր թուլությունների վրա:

Եզակի արտոնություն է լինել կենդանի Երկնային Հոր որդիներն ու դուստերը և հնարավորություն ունենալ նրա հետ հաղորդակցվելու և դրա շնորհիվ Նրա Հոգին հրավիրելու մեր ժողովներին ու մեր անձնական կյանք: Համոզված եմ` բոլորս գիտակցում ենք, որ մեծ տարբերություն կա պարզապես աղոթք ասելու և իսկապես աղոթելու մեջ: Սուրբ Ավգուստինը ասում են, որ խորհուրդ է տվել. «Աղոթիր այնպես, կարծես ամեն բան կախված է Աստծուց: Աշխատիր այնպես, ասես ամեն ինչ կախված է քեզանից»:3 Եվ մի հին ասացվածք, որը ես սիրում եմ, ասում է. «Երկար ժամանակ ծնկի իջնելը կօգնի երկար ժամանակ ոտքի վրա մնալ»: Ինձ համար դժվար է հավատալ, որ Միացյալ Նահանգների ֆեդերալ դատավորներից մեկը մի քանի օր առաջ Աղոթքի ազգային օրը կամավոր պահպանելը համարել է ոչ սահմանադրական:

Աշխարհի շատ մասերում, այդ թվում նաև Միացյալ Նահանգներում, հասարակական ժողովներին աղոթելը և որևէ կրոնական խորհրդանիշ ցույց տալը համարվում է հակասահմանադրական և օրենքին դեմ: Հաշվի առնելով դա, ես շատ հետաքրքիր եմ համարում քչերի կողմից իմացվող փաստը. Վաշինգտոն քաղաքում, չի կարելի որևէ շենք կառուցել, որը բարձր կլինի Վաշինգտոնի հուշարձանից: Հուշարձանի ալյումինե գագաթի բարձրությունը ուղիղ 169 մետր 30 սանտիմետր է՝ 169 մետր 30 սանտիմետր գետնից բարձր: Հուշարձանի գագաթին ալյումինի վրա փորագրված է մի քանի բառ, որոնք քչերը կարող են տեսնել, և դրանք հետևյալ լատիներեն բառերն են` Լաուս Դեո: Լաո՜ւս Դեո: Աննշան թվացող երկու բառ աննկատ կանգնել են ամենաբարձր կետում և նայում են կարևոր մի ազգի մայրաքաղաքին: Ի՞նչ են իրականում նշանակում լատիներեն այդ երկու բառերը, որ կազմված են միայն չորս վանկից և յոթ հնչյունից: Նշանակությունը շատ պարզ է՝ «Փառք Աստծուն»: Այդ փառահեղ կառույցի վրա աստվածայինին և մեր Երկնային Հորը տուրք մատուցող մի քանի այլ վկայակոչումներ կան:

Փա՜ռք Աստծուն: Լաո՜ւս Դեո: Երբ մեր անհատական և հավաքական փառաբանություններն ենք հղում սիրող Երկնային Հորը, թո՜ղ որ մենք հիշենք ալոհայի ճշմարիտ ոգին, մինչ խնդրում ենք նրանից իմաստություն և դատողություն, և մինչ նրան արտահայտում ենք մեր երախտագիտությունը որպես իմաստուն և սիրող Երկնային Հայր՝ Նրա դրսևորած բարության և Նրա ողորմածության համար: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը մեզ հաճախ է հիշեցնում, որ «երբ հիշում ենք, որ յուրաքանչյուրս բառացիորեն Աստծո հոգեղեն որդիներն ու դուստրերն ենք, մեզ համար դժվար չի լինի աղոթքով մոտենալ Նրան: Նա ճանաչում է մեզ. Նա սիրում է մեզ. Նա ցանկանում է մեր լավագույնը»:4

Աբրահամ Լինկոլնը՝ Միացյալ Նահանգների 16-րդ նախագահը, ասել է. «Երբ պատրաստվում եմ մարդկանց հետ խոսել, ես ժամանակի երկու երրորդը մտածում եմ, թե ինչ են ուզում մարդիկ լսել, և մեկ երրորդը՝ թե ես ինչ եմ ուզում ասել»:5 Օգտագործելով Լինկոլնի նախապատրաստական մեթոդը՝ ես աղոթել և չարչարվել եմ, որ իմանամ, թե ինչ կցանկանայիք դուք լսել և ինչ է հարկավոր, որ դուք լսեք, և ինչ պետք է ես ձգտեմ, որ ձեզ հաղորդեմ: Ես փորձել եմ հագնել ձեր կոշիկները և պատկերացնել, թե ինչ ճանապարհով եք դուք քայլում 2010 թվականին: Ենթադրում եմ, շատերդ իրավունք ունեք հարցնելու. «Այս մարդը, որ 50 տարի մեզանից մեծ է, ի՞նչ գիտի երիտասարդներին հանդիպող խնդիրների մասին»: Դա լավ և տեղին հարց կլինի: Ճշմարիտ որ, հավանաբար պատասխանն է «Մեծ բան չի լինի, եթե հաշվի առնենք այն ամենօրյա փորձություններն ու գայթակղություններն ու այն ամենը, ինչի միջով դուք անցնում եք»: Այնուամենայնիվ, կան կարևոր տեսանկյուններ, մեր կյանքի հետ կապած, որոնք հաստատուն են՝ միշտ հաստատուն են եղել և երբեք չեն փոխվի: Միգուցե, իմ փորձառությունը կարող է վստահություն ներշնչել այն մի քանի դիտարկումների վերաբերյալ, որոնք ես տեսել եմ՝ անցնելով ծանր հարվածների դպրոցով: Երբ խորհրդակցեցի ուսանողական տարիքի իմ թոռների հետ, թե իրենց կարծիքով ինչի մասին պետք է խոսեմ, նրանք տվեցին հետևյալ պատասխանները. «Պապիկ, եղիր պարզ: Պապիկ, խոսիր իրերի մասին, ինչպես որ դրանք կան»: Եվ հավանաբար, ամենակարևորը. «Պապիկ, կարճ խոսիր»: Ես լավագույնս կձգտեմ բավարարել նրանց շատ, շատ բարձր սպասելիքները:

Թույլ տվեք կիսվել որոշ մտայնությամբ, որը հնարավոր է իրապես ակնհայտ չլինի բոլոր հավաքվածների համար: Մենք ապրում ենք մի ժամանակ, երբ աշխարհի ազգերի և մշակույթների մեջ խառնաշփոթ և հակասություններ կան: Թե ինչ ուղով կզարգանա մարդկությունը, անորոշ է: Շատ հաճախ երիտասարդները վախ ունեն ապագայի հանդեպ: Շատերը կորցնում են հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոս, իսկ շատերի համար հույսը անցողիկ երազ է: Մարդկանց սրտերը և հոգիները գրավելու սատանայի անվերջ հետապնդումները չեն կորցնում ուժը: 60-ականներից հետո ծնված այսպես կոչված «X-Generation» սերունդը կարծես մի փոքր անվստահ և մի փոքր շփոթված է այն խառը ազդանշաններից, որոնք հղում է հասարակությունը ընդհանուր առմամբ:

Մենք գիտենք` ինչ ճանապարհով պետք է գնանք

Երբ ավարտեցի իմ ասելիքի մասին մտածելը և աղոթեցի Հոգու առաջնորդության համար, Հոգին հուշեց, նույնիսկ բարձր ձայնով ասաց. Վերջին օրերի սուրբ երիտասարդները կարիք ունեն հավաստիանալու, որ իրենք բառացիորեն որդիներն ու դուստրերն են սիրող, հոգատար և բարյացակամ Երկնային Հոր: Նրանք կարիք ունեն հավաստիանալու, որ հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոս կարևոր է: Նրանք կարիք ունեն իմանալու, որ եթե հետևում ենք Տիրոջ խոսքին, ապա կարիք չկա վախենալու, ոչ էլ հույսը կորցնելու: Նրանք կարիք ունեն իմանալու, որ հույսը իրական է և կարող է լինել իրականություն, հնարավորություններն առատ են, և հնազանդությունն անհրաժեշտ նախապայման է երջանկության համար, որ մեծ և հավերժական նպատակ կա այս կյանքում, և Սատանան ու նրա հետևորդները կարկամեցվելու են: Հիսուս Քրիստոսի ավետարանը ճշմարիտ է: Մարգարեները քայլում են երկրի վրա:

Ես հավատացած եմ, որ բաժակն իսկապես կիսով չափ լիքն է, ոչ թե կիսով չափ դատարկ: Իմ երիտասա՛րդ ընկերներ, սա ապրելու հրաշալի ժամանակ է: Մենք մեծ առաքելություն և աստվածային ճակատագիր ունենք իրականացնելու: Այս ամենը և ավելի շատ բան մենք գիտենք, որովհետև օրհնված ենք հասկանալու մեր Երկնային Հոր ծրագիրը, ծրագիր, որն առանձնապես նախատեսված է մեր երջանկության համար, երբ լիովին նվիրվում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանին:

Չարլզ Դոգսոնը՝ 19-րդ դարի անգլիացի գրող, մաթեմաթիկոս և տրամաբանող, որը հայտնի է Լյուիս Քերլ կեղծանունով: Լյուիս Քերլը, կհիշեք, գրել է «Ալիսան հրաշքների աշխարհում» պատմվածքը և դրա շարունակությունը՝ «Հայացք ապակու միջով»: Նա հայտնի է նաև իր բազմաթիվ իմաստուն խոսքերով, որոնցից մեկը շատ հայտնի է. «Եթե չգիտես, թե ուր ես գնում, ցանկացած ճանապարհ քեզ տեղ կհասցնի»:6 Գրեթե միևնույն միտքն է արտահայտում Ռոբերտ Ֆրոստի «Չանցած ճանապարհը» մտահույզ պոեմը:

Դեղին անտառում երկու ճանապարհ էր բացվում,
Ափսոս, որ չեմ կարող երկուսն էլ քայլել
Եվ միակ ճամփորդը լինելով անտառում՝ ես կանգնեցի,
Նայեցի մեկին, որքան հնարավոր էր տեսնել
Մինչ այն դեպի մացառներն էր թեքվում.

Ապա ընտրեցի մյուսը՝ նույնքան վայել, հմայիչ,
Եվ, գուցե, ավելի շատ հրապուրիչ,
Ավելի փարթամ էր և քիչ տրորված.
Թեև երկուսի անցնելու համար
Ջանք էր պահանջվում համահավասար,

Այդ առավոտյան երկուսն էլ նույնն էին,
Տերևներ թափված՝ ոտք դրված չէին,
Ընտրեցի առաջինով մեկ օր էլ անցնել,
Գիտեի՝ ճանապարհը մի նորն է բերել,
Եվ չափսոսացի, որ ետ չէի դարձել:

Սրտիս խորքից սա պետք է ես ասեմ,
Սերունդներ շարունակ, մինչև որ լսեն.
Երկու ճանապարհ էր բացվում անտառում, և ես—
Եվ ես ընտրեցի այն քիչ անցածը,
Եվ փոխվեց իմ կյանքի մնացածը:7

Քանի որ մենք օրհնվել ենք Իր զավակների հավերժական երջանկության մասին Աստծո ծրագրի իմացությամբ, մենք՝ Վերջին օրերի սրբերս, գիտենք մեր հավերժական ճակատագիրը կամ այն, թե որ ճանապարհն ընտրենք, որպեսզի ապահով տեղ հասնենք: Մենք գիտենք մեր վերջնակետը, որովհետև գիտենք՝ որտեղից ենք եկել և ուր ենք գնում:

Աստծո ծրագիրը երջանկության ծրագիր է

Օգտակար կլինի վերհիշենք Երկնային Հոր ծրագիրը: Հիշեք՝ բոլորս Աստծո զավակներն ենք, և մենք գոյություն ենք ունեցել նախքան այս երկիր գալը: Ծրագիրը նախատեսված է՝ անմահություն և հավերժական կյանք բերելու համար: Կար միայն մեկ հավերժական ծրագիր, և երբ Հայրը ներկայացրեց այդ ծրագիրը, մենք բոլորս ուրախությունից բացականչեցինք: Դա անձամբ Աստծո կողմից ներկայացված ծրագիրն էր: Չկային բազմաթիվ ծրագրեր, ինչպես ոմանք փորձում են համոզել: Ծրագրի տարրերից մեկը ներառում էր սեռ ունենալը: Իրականում, սեռն այդ ծրագրի կենսական մասն էր: Ծրագիրը նախասահմանված էր այս աշխարհի ստեղծումից առաջ և ճանապարհ էր նախապատրաստում բոլորի համար՝ ներուժ հաղորդելով վեհացման համար: Ընտանիքները կարգված են Աստծո կողմից և ծրագրի կենսական մաս են կազմում: Մեր Երկնային Հայրն Իր զավակների հետ խոսում է ապրող մարգարեների միջոցով: Տաճարները, իրենց փրկարար արարողություններով, միացնում են մեզ հավերժություններին: Ծրագիրը կանչեց մեկի, որպեսզի ճանապարհ ցույց տա մեզ և լինի մեր բարեխոսը Հոր մոտ: Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, ճշտորեն արձագանքեց և առաջարկեց Իրեն, այնպես որ մենք ինքնուրույն գործելու կամքի ազատություն ունենանք: Լյուցիֆերը (կամ Սատանան) ապստամբեց և ձգտեց, որ կամքի ազատության փոխարեն պարտադրանք գործադրվի Աստծո զավակների վրա: Ուրախությամբ բացականչելով՝ մենք ցնծացինք, երբ Հիսուս Քրիստոսն ընտրվեց, և մեզ հնարավորություն տրվեց՝ երկիր գալու, մարմին ստանալու, փորձառություն ձեռք բերելու և ստուգվելու:

Կյանքի ճանապարհով քայլելիս, մեզանից սպասվում է հետևել ճանապարհային կանոններին ու նշաններին: Մորմոնի Գրքի մարգարե Ալման բացատրել է. «Հետևաբար, Աստված տվեց նրանց պատվիրաններ փրկագնման ծրագիրը նրանց հայտնի դարձնելուց հետո, որպեսզի նրանք չանեին չարիք, դրա տույժը լինելով մի երկրորդ մահ, որը մի հավիտենական մահ էր, ինչ վերաբերում է արդարությանը պատկանող բաներին. քանզի այդպիսիների վրա փրկագնման ծրագիրը չէր կարող ունենալ զորություն, քանզի արդարադատության գործերը չէին կարող կործանվել՝ համաձայն Աստծո գերագույն բարության» (Ալմա 12.32 ):

Եթե հնազանդ և հավատարիմ լինենք երկաթյա ձողը բռնելիս և նշանակված ճանապարհին հետևելիս, մենք կարող ենք մեծ և փառավոր հնարավորություն ունենալ՝ ևս մեկ անգամ վերադառնալ և հավերժորեն ապրել մեր Երկնային Հոր հետ՝ վայելելով բոլոր այն օրհնությունները, որոնք նա նշանակել է մահկանացու այս կյանքը գերազանց ավարտողների համար: Ամուր բռնելով Եկեղեցու չափանիշները՝ դուք ավելի մեծ երջանկություն կունենաք ձեր կյանքում և դրական օրինակ կլինեք շրջապատի համար: Ես մեջբերում եմ Ընտանիքի հռչակագրից. «Ընտանեկան կյանքում երջանկության հասնելու ամենամեծ հավանականությունը այն դեպքում է, երբ ընտանիքը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա: Հաջողակ ամուսնություններն ու ընտանիքները հիմնվում և պահպանվում են հավատի, աղոթքի, ապաշխարության, ներողամտության, հարգանքի, սիրո, կարեկցանքի, աշխատանքի և առողջ ու ստեղծարար միջոցառումների սկզբունքներով»:8 Հետաքրքրական է՝ այս հասարակ ճշմարտությունները, որոնք հիմնված են Երկնային Հոր երջանկության ծրագրի վրա, մեծապես սխալ են հասկացվում շատերի կողմից, ովքեր մեր հավատքից չեն:

Մենք կարիք ունենք ժամանակ հատկացնելու՝ խորհրդածելու, ուսումնասիրելու, մտորելու և խորհելու այդ սքանչելի ծրագրի մասին: Մենք կարիք ունենք մտածելու այն երջանկության մասին, որը մեր Երկնային Հայրը նախատեսել է մեզ համար, ինչպես որ ուրվագծված է Իր զավակների համար նախատեսված Նրա ծրագրում: Հիշե՛ք, Տիրոջ ծրագիրն իրապես երջանկության ծրագիր է: Ինձ դուր է գալիս, թե ինչպես էր Նախագահ Գորդոն Բ. Հինքլին այն նկարագրում. «Ճանապարհն ավելի թեթև կլինի, մտահոգություններն ավելի քիչ կլինեն, հակառակությունները հեշտ տանելի կլինեն, եթե մենք երջանկության ոգի զարգացնենք»:9

«2007թ. Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցների երկու մեծ կազմակերպություններ հարցում էին անցկացրել 12–24 տարեկան երիտասարդների շրջանում, որպեսզի հայտնաբերեն, թե ինչն է իրենց երջանիկ դարձնում:

Մյուս հայտնագործությունների թվում ուսումնասիրությունները հայտնաբերել էին հետևյալը.

  • • Երիտասարդները «ապավինում են ծնողներին՝ որպես ապահովության և երջանկության կենսական աղբյուր»:’

  • • «Երիտասարդները մեծ երջանկություն են փնտրում հոգևորության և հավատքի միջոցով»:’

  • • «Երիտասարդների մեջ թափ է առնում վերածնված հետաքրքրությունը ավանդական ընտանիքի կառուցվածքի հանդեպ»:’

Ուսումնասիրությունների ամփոփիչ հայտարարություններից մեկում ասվում էր. «Չնայած որ մեր նախնական հետազոտությունները ցույց տվեցին, որ ներկայիս երիտասարդությունն ավելի ավանդապաշտ է, քան նախորդ սերունդները, մեզ համար անակնկալ էր տեսնել հետաքրքրվածության այն աստիճանը, որով երիտասարդներն ուրախությամբ սպասում են իրենց իսկ ամուսնությանն ու ընտանիք կազմելուն»»:10

Մենք կարող ենք հաջողությամբ անցնել կյանքի ճանապարհը

Ես սիրում եմ ճամփորդել, հատկապես, երբ բավականաչափ ժամանակ կա ավտոմեքենայով ճամփորդելու կամ գետնի վրայով մայրցամաքը կտրելու անցնելու: Հավանաբար, ճամփորդության օրինակը մեզ ավելի լավ կօգնի հասկանալ կյանքի ճանապարհը, որով բոլորս անցնում ենք:

Եթե, որպես օրինակ՝ դուք որոշեք, որ ցանկանում եք ճամփորդել Վերմոնտից՝ Միացյալ Նահանգների արևելքից կամ Ատլանտյան օվկիանոսի ափից մինչև Սան Ֆրանցիսկո՝ դեպի արևմուտք կամ Խաղաղ օվկիանոսի ափ, և օգտագործեք բացառապես միջնահանգային մայրուղիների համակարգը, «MapQuest» ճանապարհային քարտեզների ծրագիրը հուշում է, որ ամենակարճ ճանապարհը կլինի 4945 կիլոմետր և կպահանջի մեքենայով անդադար վարելու գրեթե 48 ժամ: Ճանապարհին հարյուրավոր հնարավորություններ կան՝ ուղեգիծը փոխելու՝ ճամփորդությանն ավելացնելով ևս մի քանի մղոն: Ձեր նշանակակետին ապահով հասնելու համար ճանապարհին կան ճանապարհային նշաններ, զգուշացումներ, արագության սահմանափակման նշաններ, նշագծեր և, հավանաբար, ձեր ավտոմեքենայում դուք կունենաք անգամ երկրագնդի տեղացույց (GPS) համակարգը: Ճանապարհի յուրաքանչյուր մղոնը գրանցվում է մեքենայի վազքաչափի վրա և առաջընթացը կչափվի մղոն առ մղոն՝ ժամ առ ժամ: Պարբերաբար, ճամփորդելիս մեզ հարկավոր է հանգստանալ, վառելիք լցնել և սնել մեր մարմինն ու միտքը:

Ծննդից մինչ մահ կյանքի ճամփորդության մեջ ևս մենք շատ ընտրություններ պետք է կատարենք: Մեր առաջընթացը չափվում է մասամբ տարիքով և իրականացումներով: Մենք ունենք սուրբ գրություններ, որոնք մեզ տալիս են ուղղություն և զգուշացումներ, քաջալերանք և քարտեզ, որին պետք է համապատասխանեցնենք մեր կյանքը: Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստն էր, որ հաճախ Մորմոնի Գրքն անվանում էր «մեր տնտեսության համար գրված գրություն»:11 Կարծում եմ, նա առաջարկում էր, որ Մորմոնի Գիրքը կազմում է հրահանգների ձեռնարկ, որով կարող ես կյանքում հաջողակ ուղևորություն կատարել: Ճիշտ ինչպես միջնահանգային ճանապարհներով անցնելիս պետք է վստահություն ունենալ ճանապարհային նշանների հավաստիության հանդեպ, նմանապես մենք պետք է անձնական վկայություն ունենանք սուրբ գրությունների հանդեպ:

Նեփին մեզ հիշեցրել է, թե ինչու են սուրբ գրությունները կարևոր կյանքի ուղևորության համար, երբ գրել է իր օրերի կարդացողներին.

«Եվ ես գիտեմ, որ Տեր Աստված կնվիրագործի իմ աղոթքներն իմ ժողովրդի օգտի համար: Եվ խոսքերը, որոնք ես գրել եմ տկարության մեջ, ուժեղ կդարձվեն նրանց համար. քանզի այն նրանց համոզում է բարիք անել. այն նրանց հայտնի է դարձնում իրենց հայրերի մասին. և այն խոսում է Հիսուսի մասին և համոզում է նրանց հավատալ նրան և համբերել մինչև վերջ, որը կյանք է հավերժական:

Եվ այն խիստ է խոսում ընդդեմ մեղքի՝ համաձայն ճշմարտության պարզության. ուստի, ոչ մի մարդ չի բարկանա խոսքերի վրա, որոնք ես գրել եմ, եթե նա չլինի դևի ոգով» (2 Նեփի 33.4–5):

Սրանք վերջին խոսքերն են, որոնք Նեփին փորագրեց Մորմոնի Գրքի իր մասում: Այս երկու հատվածներում Նեփին մեզ համար նշել է առնավազն հինգ պատճառ, թե ինչու պետք է ուսումնասիրենք սուրբ գրությունները, ինչպես որ պետք է ուսումնասիրենք ճանապարհային քարտեզը՝ ի նախապատրաստություն մայրցամաքն անցնելու երկար ճամփորդության:

Նման ձևով, Մորմոնի Գրքի վերջին մարգարեն, բացատրել է, թե ինչպես կարող ենք ձեռբ բերել շատ անհրաժեշտ վկայությունը Մորմոնի Գրքի ճշմարտացիության վերաբերյալ, երբ մեզ հիշեցրել է. «Եվ երբ դուք ստանաք այս բաները, ես կկամենայի հորդորել ձեզ, որ դուք հարցնեք Աստծուն՝ Հավերժական Հորը, Քրիստոսի անունով, թե արդյոք այս բաները ճիշտ չեն. և եթե դուք հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, նա կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ» (Մորոնի 10.4):

Գործընթացը, որ ուղենշել է Մորոնին, ներառում է նախ՝ ուսումնասիրություն. երկրորդ՝ ճիշտ հարցադրում: Այս դեպքում՝ հարցը նա չէ, թե արդյոք ճիշտ է, այլ՝ թե արդյոք ճիշտ չէ: Երրորդ՝ ճշմարտությունն իմանալու ցանկության անկեղծ դրսևորում: Չորրորդ՝ բավականաչափ հավատք ունենալ՝ իմանալու, որ ձեր հարցին պատասխան կտրվի: Եվ հինգերորդ՝ նախապատրաստվել Սուրբ Հոգուց պատասխան ստանալու:

Քանի որ մայրուղով մեր ճամփորդությունը մեզ տանում է մեծ քաղաքներով, տարբեր ուղղությամբ տարածվող ճանապարհային լաբիրինթոսներով և արագաշարժ երթևեկությամբ, հեշտ է սխալ տեղում թեքվել և նույնիսկ մոլորվել կամ փակուղու հասնել: Վախ, նույնիսկ անհուսություն կարող է առաջանել, երբ փնտրում ենք անվտանգ երկինք կամ ցանկալի ապահով ճանապարհ: Այսպես է, իմ երիտասա՛րդ ընկերներ, նաև կյանքի հետ. մենք կարող ենք կորած հոգիներ դառնալ, գայթակղությանը զիճել, և ժամանակի ընթացքում, կորցնել մեր բուն նշանակակետի տեսադաշտը:

Կյանքի ճանապարհով անցնելիս բարյացակամ Երկնային Հայրը՝ իր հրաշալի ծրագրով, նախապատրաստումներ է կատարել այս շեղումների համար: Նա ուղարկել է Իր Միածին Որդուն՝ լինելու մեր Քավիչը և մեր Փրկիչը: Սխալ մի հասկացեք՝ մեղքը պահանջում է զղջում: Ալմա մարգարեն մեզ հուշում է. «Տերը չի կարող մեղքը նվազագույն իսկ աստիճանով թույլատրելի համարել» (Ալմա 45.16).: Ինչպես ապահովագրությունը, որի համար վճարում ենք մայրուղով ճամփորդելիս հնարավոր վնասվածքից կամ պատասխանատվությունից մեր ավտոմեքենան պաշտպանելու համար, այնպես էլ անկեղծ ու ամբողջական ապաշխարությամբ կարող ենք ստանալ այն օրհնությունները, որոնք կապված են Հիսուս Քրիստոսի Քավության հետ: Բացի այդ, աստվածային նշանակմամբ Նա մեզ համար ապահովել է «փրկարարներ», որոնց կոչում ենք եպիսկոպոսներ, մեզ օգնելու համար, որպեսզի ևս մեկ անգամ գտնենք ճշմարիտ ուղին: Հիշե՛ք, Տերը խոստացել է. «Թեև ձեր մեղքերը արեան պէս կարմիր լինեն, ձեան պէս ճերմակ կը դարձնեմ, թեև որդան կարմիր լինեն, բուրդի պես կը սպիտակեցնեմ» (Եսայիա Ա.18). ։ Արդի տնտեսության ժամանակ Տերը հայտարարել է.

«Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես՝ Տերս, այլևս չեմ հիշում դրանք:

Այս բանով դուք կարող եք իմանալ, թե արդյոք մարդն ապաշխարում է իր մեղքերից,– ահա նա կխոստովանի և կթողնի դրանք» (ՎևՈւ 58.42–43):

Եթե կյանքի նախանշված ճանապարհից շեղվել կամ մոլորվել եք, ձեր հրաշալի եպիսկոպոսը կարող է օգնել: Գնացե՛ք նրա մոտ՝ նա սիրում է ձեզ:

Մայրցամաքը կտրելու անցնելու ճանապարհին, պետական տարբեր գործակալություններ առաջարկում են խրախուսիչ և արտոնյալ պայմաններ, եթե մեր մեքենան համապատասխանում է որոշակի չափանիշների: Այդ չափանիշները կարող են կապված լինել մեքենայի կարողությունների, այդ թվում անվտանգության պահանջների հետ: Երբեմն ծանրության սահմանափակումներ կան: Անկասկած, պետք է ունենանք պետհամարանիշներ: Իսկ որոշ տեղերում նախապատվություն է տրվում, տվյալ կիլոմետրի համար մեքենայի ծախսած վառելիքի չափին: Առաջարկվող պայմաններին ենթարկվելու և պատասխանատվություն ցուցաբերելու դեպքում, մենք հնարավոր է արտոնություն ունենանք օգտվելու ճանապարհային հատուկ գծերից, որպեսզի խուսափենք խցանումներից և սլանանք ազատ անցուղիներով կամ հատուկ այլ ուշադրության արժանանանք:

Կյանքի մեջ մեր Երկնային Հայրն ակնկալում է, որ մենք համաձայնություններ կնքենք, որոնք կոչում ենք ուխտեր: Պատմության ընթացքում մեր Երկնային Հայրն իր զավակների հետ միշտ գործել է ուխտեր կապելու միջոցով: Կհիշեք, որ ուխտեր են կապվել Ադամի, Աբրահամի, Մովսեսի հետ: Այսօր, որպես ուխտ կապելու սպասելիք, մենք կապում ենք մկրտության ուխտեր, մենք կապում ենք քահանայության ուխտեր և տաճարային ուխտեր: Այդ հավաքական ուխտերը մենք անվանում ենք «նոր և հավիտենական ուխտ»: Նշված յուրաքանչյուր ուխտ կապված է սրբազան արարողության հետ, որը անհրաժեշտ է մեր վեհացման համար: Հարգելով սրբազան ուխտերը՝ Երկնային Հայրը մեզ օրհնություններ է շնորհում՝ ինչպես որ խոստացել է: Մենք չպետք է թեթև վերաբերվենք մեր արարողություններին և ուխտերին:

Երեց Ռասսել Մ. Նելսոնը մեզ հիշեցրել է մեր Երկնային Հոր խոստման մասին. «Նրա հույսը մեզ համար՝ հավերժական կյանքն է: Մենք դրան արժանանում ենք հնազանդվելով տաճարային ուխտերին և արարողություններին՝ մեզ համար, մեր ընտանիքների համար և մեր նախնիների համար: Մենք չենք կարող կատարյալ դառնալ առանց նրանց: Մենք չենք կարող միայն ցանկությամբ ճանապարհ հարթել Երկնային Հոր մոտ: Անհրաժեշտ է, որ մենք ապրենք այն օրենքներով, որոնց վրա նախանշված են այդ օրհնությունները»:12

Իմ երիտասա՛րդ ընկերներ, մենք չգիտենք կյանքի ճանապարհի տևողությունը, ոչ էլ երկարությունը, սակայն կյանքում միայն մինչև վերջ համբերելով է, որ ավետարանի հողում ամուր արմատներ ենք գցում, մնալով Եկեղեցու հիմնական ընթացքի մեջ, խոնարհությամբ ծառայելով մեր մերձավորներին, ապրելով Քրիստոսանման կյանքով և պահելով սրբազան ուխտեր, որոնք երջանկություն կբերեն մեր Երկնային Հոր ծրագրի շրջանակներում:

Երկար ավտոմոբիլային ճամփորդությունից առավելագույն հաճույք ստանալու համար մենք պետք է մի քանի կանգառ կատարենք, վայելենք տեղական մշակույթը և տեղի հետաքրքրաշարժ վայրերը: Այդ ամենը կօգնեն տեղեկացված լինել, գրավչություն կավելացնեն մեր ճամփորդությանը: Բնության հրաշալիքները ստեղծվել են մեզ համար, որ գնահատենք ու վայելենք, և եթե դիտարկենք դրանք, շատ բաներ կարող ենք սովորել:

Կյանքի ճանապարհով հաջողությամբ կառավարվելու համար, ժամանակ տրամադրեք ծառայելու և ձեռք մեկնելու ուրիշներին: Նախկին առաջին տիկին՝ Բարբարա Բուշը, ասել է. «Կյանքի մայրամուտին, դուք երբեք չեք ափսոսա ևս մեկ զննում չանցնելու, ևս մեկ դատավճիռ չշահելու, ևս մեկ գործարք չկատարելու համար: Դուք կափսոսաք ձեր ամուսնու, ձեր երեխայի, ձեր ընկերոջ կամ ծնողի հետ չանցկացրած ժամանակի համար»:13

Ճիշտ ինչպես վկայական է հարկավոր ավտոմեքենա վարելու համար, դուք երաշխավորագրի կարիք ունեք, որպեսզի վայելեք Տիրոջ տան ծառայության համար մատչելի օրհնությունները:

Աստծո ուղեցույցներն օգնում են մեզ հաջողություն ունենալ

Ալբերտ Շվայցերը՝ ճանաչված աստվածաբանը, միսիոներ բժիշկը և փիլիսոփան, ասել է. «Հաջողությունը չէ երջանկության բանալին, այլ երջանկությունն է հաջողության բանալին»:14 Երջանկությունը գալիս է միայն իր զավակների համար մեր Երկնային Հոր հավերժական ծրագրի ցուցումներին հետևելու արդյունքում: Ապրելով մեր ամենօրյա կյանքով՝ հիշեք մեր գոյության աստվածային նպատակը:

Վերջերս մեր ծխի մի շատ իմաստուն մայր օգնեց լսարանին հասկանալ, թե ինչու է Տերը սահմաններ նշում մեր կյանքը կառավարելու համար: Հաղորդության ժողովի ժամանակ նա խնդրեց մեզ փակել աչքերը և խաղաղ պատկեր երևակայել: Ես ցանկանում եմ ձեզ խնդրել անել նույն բանը: Փակեք ձեր աչքերը: Այժմ պատկերացրեք մի գեղեցիկ տեսարան: Արևոտ օր է, դուք ծովափում եք, ալիքները հանդարտ հոսում են սպիտակ ավազի վրա: Գարուն է և ավազը շատ տաք չէ: Դուք կարող եք բոբիկ վազել և սեղմել ավազը մատների արանքում: Հաճելի հով է փչում՝ օդապարուկ թռցնելու կատարյալ եղանակ է: Ձեր օդապարուկը ձեռքի պատրաստած է՝ թղթե հյուսվածքից, բռնակից և թելից: Կայունություն պահելու համար վառ գույնի պոչ է կցված: Օդապարուկի թելը դուք շատ զգուշությամբ եք ընտրել: Սա հրաշալի օդապարուկ է, և դուք չեք ցանկանում կորցնել այն: Դուք նաև ցանկանում եք, որ այն որքան հնարավոր է բարձր թռչի:

Այժմ բռնեք ձեր օդապարուկը և սկսեք վազել ծովափով, թույլ տալով, որ քամին որսա օդապարուկի հյուսվածքը և այն բարձրացնի երկինք: Սկզբում այն մի փոքր անկայուն է, այնպես որ իջնում է և սուզվում, մինչև որ բարձրացնես բավականաչափ, որպեսզի լավ քամի որսա: Ապա թելը երկարացնելուն զուգահեռ այն սկսում է հեշտությամբ բարձրանալ: Շուտով այն բարձրանում է այնքան, որ կարծես մի կետ է դառնում գեղեցիկ կապույտ երկնքում:

Կարո՞ղ եք տեսնել այն: Զգո՞ւմ եք, թե ինչպես է ձգում թելը, երբ քամին կրկին ու կրկին որսում է այն: Դուք կարող եք այն իջեցնել: Կարող եք այն պտտել: Թելը հմտորեն բանեցնելով՝ դուք կարող եք այն թափ տալ օդի մեջ: Այդ բարակ, ամուր թելը կառավարում և կապում է օդապարուկը գետնին: Պարզապես վայելում եք կառավարման զգացումը և օրվա գեղեցկությունը:

Այժմ մի հարց ունեմ ձեզ: Ի՞նչն է բարձր պահում օդապարուկը: Արդյոք քամի՞ն է: Թվում է այդպես է: Այժմ ես կխնդրեմ ձեզ մի բան անել, որը դժվար կլինի ձեզ անել: Արագ կտրե՛ք թելը: Թույլ տվեք, որ օդապարուկը գնա: Ազատություն տվեք, որ գնա հեռու և ավելի շատ բարձրանա: Անկասկած, քամին իր գործը կանի և ապահով կպահի:

Բայց ի՞նչ է կատարվում այժմ, երբ թելը կտրված է: Օդապարուկը սկսում է իջնել և սուզվել, այս կողմ այն կողմ թափահարվել, և ի վերջո, վայր է ընկնում գետնին: Քամին քշում է այն գետնի վրայով, կորցնելով բարձրությունը, այն անհետանում է ձեր աչքից, բայց դուք գիտեք, որ վերջնական արդյունքում այն վայր է ընկնում գետնին: Այդ գեղեցիկ օդապարուկը, որը պատրաստելու համար այդքան ժամանակ էիք անցկացրել, այլևս չի բարձրանում երկինք, այլ ընկել է գետնին և ոչ մի քամի այն կրկին չի բարձրացնի: Արդյոք ունե՞ք հիասթափության և կորստի զգացում:

Այժմ կարող եք բացել ձեր աչքերը: Իրականությունն այն է, որ թեև թվում է, թե թելը իշխում էր օդապարուկի վրա, այն իրականում օդապարուկին հնարավորություն էր տալիս թռչելու և իր նախատեսված դերը կատարելու:

Ես փորձեցի խոսքերով ձեր մտքում մի պատկեր ստեղծել ավետարանի ճշմարտության մասին, որը փրկության բանալին է: Օդապարուկը խորհրդանշում է մեզանից յուրաքանչյուրին: Աստված մեզ ստեղծել է Իր պատկերով, և մենք գեղեցիկ ենք Նրա աչքում: Նա լավ գործ է արել, բայց Նա մեզ չի ստիպում որևէ բան անել: Այն, ինչ նա տվել է մեզ, ամուր կապն է Նրա հետ, ինչպես որ թելի ու օդապարուկի կապը: Թելը խորհրդանշում է երջանկության և հավերժական կյանքի ուղենիշը, ինչպես որ ընդգրկված է Նրա սքանչելի ծրագրում:

Կենտրոնացեք Հավերժական կյանքի վերջնական նպատակի վրա

Յուրաքանչյուր ճամփորդություն ունի սկիզբ, ավարտ, և սովորաբար, մի քանի կանգառ է լինում ճանապարհին: Հուսով եմ, որ խափանումներն ու մեխանիկական անսարքությունները քիչ կլինեն և ոչ հաճախ: Կյանքի մայրուղու որ հատվածում էլ որ ներկայումս գտնվեք, հնարավոր է օգտակար և իմաստուն լինի նպատակասլաց գնահատել ձեր հոգևոր կյանքի առողջությունն ու կենսունակությունը, ճիշտ ինչպես կստուգեիք անվադողերի ճնշումը և վառելիքի չափը, նախքան ձեր ճանապարհը շարունակելը: Եթե ձեր հոգևոր բարեկեցությանը խանգարում է մեղքը, հետաձգումը, անտարբերությունը, ցանկասիրությունը, թմրանյութերը, անպարկեշտությունը կամ որևէ այլ հիվանդություն, հիմա է ժամանակը լուծելու: Ես սիրում եմ Մայր Թերեզայի խորհուրդը: Նա ասել է. «Երեկն անցել է: Վաղը դեռ չի եկել: Մենք միայն այսօրն ունենք: Եկեք սկսենք»:15

Եկեք բոլորս սկսենք: Եկեք բոլորս սկսենք հենց հիմա: Եկեք չհետաձգենք հնարավորությունը՝ լիովին մասնակցելու այն երջանկությանը, որը գալիս է արդար և նվիրված կյանքից:

Տարիների ընթացքում ես մեծ արտոնություն եմ ունեցել գոլֆ խաղալ, տարբեր ժամանակներում, Ջեկ Նիկլոսի, Ջոննի Միլլերի, Մայկ Վեյրի և Առնոլդ Փալմերի հետ: Այդ բոլոր անձինք շատ տպավորիչ մարդիկ և գերազանց գոլֆ խաղացողներ են: Առնոլդ Փալմերի հետ խաղալիս աննշան թվացող մի իրադարձություն տեղի ունեցավ, որը տևական և մեծ ազդեցություն գործեց ինձ վրա: Ձեզանից ոմանք հնարավոր է հիշեն այս պատմությունը, որը նախկինում պատմել եմ Ավստրալիայի իմ միսիայի հետ կապված:

Հերթականությամբ խփելով գնդակին, այժմ ես կանգնած էի պրն. Փալմերի կողքին, երբ նրա երիտասարդ օգնականը նկարագրում էր այն անցքի խոչընդոտները, որի մեջ փորձում էինք գնդակ գցել: Խոսակցությունն ընթանում էր մոտավորապես այսպես.

Երիտասարդ օգնականն ասում է պրն. Փալմերին. «Պարո՛ն, խոտի մոտ՝ մի փոքր ձախի վրա, փոքրիկ մի առվակ կա, որը տեսադաշտից դուրս է, իսկ աջ կողմում 5 սանտիմետրանոց մի անհարթություն կա»:

Պրն. Փալմերն ասաց օգնականին՝ հաստատուն, հստակ, բայց սիրալիր ձևով. «Խնդրում եմ, երիտասարդ, իմ մտքում մի սերմանիր այն, թե ինչ կա ձախ կողմում և ինչ արգելք կարող է հանդիպել աջ կողմում: Միակ տեղեկությունը, որը կարևոր է, հեռավորությունն է՝ այս գնդակից մինչև դրոշով փայտը»:

Կյանքում շատ հաճախ մենք կենտրոնանում ենք նրա վրա, թե ինչ կա ձախ կողմում և ինչ կա աջ կողմում, այլ ոչ թե նրա վրա, ինչ մեջտեղում է՝ մեր առջևում: Առողջապահության, Կրթության և Բարեկեցության նախկին Քարտուղար՝ Ջոն Վ. Գարդները, նշել է. «Բոլորս հանդիպում ենք որոշ մեծ հնարավորությունների, որոնք քողարկված են որպես անլուծելի խնդիրներ»:16 Մեր հոգևոր խնդիրները լուծելը հնարավորություն է, որը բոլորս կարող ենք հաջողությամբ իրականացնել:

Այն հնչում է այսպես. «Ինչ անում ենք կյանքում, արձագանքում է հավերժություններում»:17 Իմ երիտասա՛րդ բարեկամներ, թող որ մենք հաջողակ լինենք կյանքի մայրուղով ճամփորդելիս և երջանկություն ձեռք բերենք, որը գալիս է ամբողջությամբ մեր Երկնային Հոր ծրագրի մեջ ընդգրկվելուց: Սա ապրելու համար սքանչելի ժամանակ է:

Ես արտահայտում եմ իմ սերն ու հարգանքը ձեզանից յուրաքանչյուրի նպատմամբ և երկնքի օրհնությունները հրավիրում եմ, որպեսզի դուք օրհնվեք երջանկությամբ ձեր անձնական կյանքում, մինչ հավատարմորեն հետևում եք Աստծո ծրագրին, որպեսզի դուք օրհնվեք խորաթափանցությամբ՝ ճանաչելու այն, ինչը լավ է և խուսափելու նրանից, ինչը վատ է, և որ դուք հնարավորություն ունենաք և մնայուն ուրախություն ստանաք Նրա արքայությունում ծառայելիս, ինչպես նաև հաջողություն ունենաք ձեր կրթական կամ մասնագիտական գործերում:

Ես գիտեմ, որ Հիսուսն ապրում է: Ես գիտեմ, որ Նա մեր Փրկիչն է: Ես գիտեմ, որ Նա քավություն է արել մեր մեղքերի համար: Ես երախտապարտ եմ այն բանի համար, որ նա մեր բարեխոսն է մեր Երկնային Հոր մոտ: Գիտեմ, որ սուրբ գրություններում, և մասնավորապես, Մորմոնի Գրքում գրված խոսքերը ուղղություն են տալիս մեր կյանքին, որպեսզի մենք հաղթահարենք կյանքի ճամփորդությունը և երջանկության ողջ լիությամբ վերադառնանք մեր Երկնային Հոր մոտ: Ես երախտապարտ և շնորհակալ եմ ապրող մարգարեների համար: Գիտեմ, որ այսօր օրհնված ենք ապրող մարգարե ունենալ՝ Թոմաս Ս. Մոնսոնին: Այս բաները ես գիտեմ և վկայում եմ ձեզ Հիսուս Քրիստոսի՝ մեր Քավչի և Փրկչի սուրբ անունով՝ ամեն:

© 2010 by Intellectual Reserve, Inc.  Բոլոր իրավունքները պաշտպանված են: Անգլերենի հաստատումը. 10/09: Թարգմանության հաստատումը. 10/09: The Road of Life -ի թարգմանությունը: Armenian. PD50021016 201 ?? ?? ?? ??

Notes

1. Տես “Aloha Spirit,” Hawaii Revised Statutes 5-7.5, http://capitol.hawaii.gov/hrscurrent/vol01_ch0001-0042f/hrs0005/hrs_0005-0007_0005.htm.

2. Դեվիդ Հ. Պետրաուս, in Sara Israelsen-Hartley, “General Petraeus: Top 10 Reasons BYU Grads Make Great Soldiers,” Deseret News, Mar. 26, 2010, http://deseretnews.com/article/print/700019691/General-Petraeus-Top-10-reasons-BYU-grads-make-great-soldiers.html.

3. Սբ. Ավգուստին, տես “QuotationsBook,” http://quotationsbook.com/quote/31904/.

4. Թոմաս Ս. Մոնսոն, “Three Ways to Build a Strong Testimony,” Ընկեր, մայիս 2009, 2:

5. Աբրահամ Լինկոլն, տես “UpLifts: Motivation in Thought,” Apr. 20, 2010, http://uplifts.us/?cat=5.

6. Լյուիս Քերոլ, տես “QuotationsBook,” http://quotationsbook.com/quote/46342/.

7. Ռոբերտ Ֆրոսթ, “The Road Not Taken” (1915), in The Poetry of Robert Frost, ed. Edward Connery Lathem (1970), 105.

8. «Ընտանիք՝ Հայտարարություն Աշխարհին», Ensign, Nov. 1995, 102:

9. Գորդոն Բ. Հինքլի, in Conference Report, Oct. 2002, 109; կամ Ensign, Nov. 2002, 100.

10. “18 Ways to Stand Strong: Family,” New Era, Oct. 2008, 20; see Associated Press/MTV Research and Strategic Insights, Happiness, Aug. 20, 2007.

11. Տես Ջեյմս Ի. Ֆաուստ, “Joseph Smith and the Book of Mormon,” Ensign, Jan. 1996, 7.

12. Ռասել Մ. Նելսոն, in Conference Report, Apr. 2005, 17; or Ensign, May 2005, 18.

13. Բարբարա Բուշ, “Remarks of Mrs. Bush at Wellesley College Commencement,” http://www.wellesley.edu/PublicAffairs/Commencement/1990/bush.html.

14. Ալբերտ Շվիտցեր, տես “QuotationsBook,” http://quotationsbook.com/quote/37770/.

15. Մայր Թերեզա, In the Heart of the World: Thoughts, Stories, and Prayers, ed. Becky Benenate (1997), 17:

16. Ջոն Վ. Գարդներ, in Lee S. Shulman, “A Response to the Final Report of the Commission on the Future of Higher Education,” http://carnegiefoundation.org/print/6068.

17. Տես Ջեյմս Ի. Ֆաուստ, in Conference Report, Apr. 2002, 56; կամ Ensign, May 2002, 48.

^ Back to top