Երեց Ռիչարդ Գ. Սքոթ, “Ունենալ խաղաղություն և երջանկություն”
ԵԿՀ Հավաք Երիտասարդ Չափահասների համար • 12 սեպտեմբերի, 2010թ. • Բրիգամ Յանգ Համալսարան
Ես աղոթքով պատրաստել եմ այս ուղերձը այն նպատակով, որ այն քեզ խաղաղություն և երջանկություն բերի այս անհանգիստ աշխարհում: Ես գիտեմ, որ այս ելույթում պարունակվող ճշմարտությունները լուծումներ են առաջարկում, որովհետև իմ թանկագին կինը՝ Ջենինը, և ես ապացուցել ենք դրանց արժեքը մեր իսկ կյանքում:
Որպեսզի դու առավելագույնս օգուտ քաղես միասին մեր անցկացրած այս ժամանակից, ես խորհուրդ կտամ քեզ ուշադրությամբ գրի առնես ցանկացած տպավորություն, որ կունենաս: Դրանք անհատական ուղերձներ են Տիրոջ կողմից ուղարկված Սուրբ Հոգու միջոցով ՝ քեզ օգնելու համար:
Տաճարային արարողությունները ամրացնում են ընտանիքը և տունը
Երկնային Հոր երջանկության ծրագրի հենակետային կարևորագույն սյուներից երկուսը ընտանիքն ու տունն են: Դրանց վսեմ նշանակությունը կարևորվում է Սատանայի անվերջ ջանքերով՝ փշրել ընտանիքը և քայքայել տաճարային արարողությունների նշանակությունը, որոնք կապում են ընտանիքը միասին հավերժության համար: Այս ամենը նա անում է, մշտապես խրախուսելով խառնակություններ և պղծելով ամուսնու և կնոջ միջև սրբազան սիրո հարաբերությունները, որի արդյունքը երեխաների ծնունդն է:
Հիսունյոթ տարի առաջ, 1953թ. հուլիսի 16-ին, իմ սիրելի Ջենինը ու ես որպես երիտասարդ զույգ ծնկի իջանք Մանթի Տաճարի զոհասեղանի առջև: Նախագահ Լուիս Ռ. Անդերսոնը գործադրեց կնքելու իշխանությունը և մեզ հայտարարեց ամուսին և կին՝ ժամանակի և հավերժության համար: Իմ ուժերից վեր է նկարագրել այն խաղաղությունն ու անդորրը, որ եկան այն հավաստիացումից, որ եթե ես շարունակեմ ապրել ու կատարելագործվել, ես կկարողանամ ընդմիշտ լինել իմ սիրելի Ջենինի ու մեր հնազանդ երեխաների հետ՝ Տիրոջ տանը համապատասխան քահանայության իշխանությամբ այդ սուրբ արարողության գործադրման շնորհիվ:
Մեր յոթ երեխաները կապված են մեզ տաճարային սուրբ արարողություններով: Իմ թանկագին կինը՝ Ջենինն ու մեր երեխաներից երկուսը վարագույրի մյուս կողմում են: Մեր ընտանիքի մնացած անդամների համար նրանք հզոր դրդապատճառ են հանդիսանում այնպես ապրելու, որ մենք միասին կարողանանք ստանալ տաճարում խոստացված բոլոր հավերժական օրհնությունները:
Տաճարային կնքումը ավելի մեծ նշանակություն է ունենում, երբ կյանքն առաջ է ընթանում և դու բացահայտում ես քո, քո կնոջ և և քո երեխաների միջև եղած զանազան առանձնահատկությունների գեղեցկությունը: Դուք կարող եք կիսել ձեր սերը միմյանց հանդեպ և ձեր երախտագիտությունը միասին լինելու օրհնության համար: Դուք կարող եք շատ մտերմանալ իրար հետ և գտնել շատ մեծ գոհունակություն մահկանացության մեջ:
Երբ իմ կինը երրորդ հղիությունն էր տանում, մեր երկրորդ երեխան ծանր հիվանդ էր: Ջենինը նրան պահում էր իր գրկում, մինչ նրան ռենտգենյան ճառագայթներով զննում էին կատարում: Նա չափից ավելի ճառագայթում ստացավ, ուստի նա այլևս չէր կարող երեխաներ ունենալ և այն երեխան, որին նա կրում էր, վաղաժամ մահացավ: Բայց նրանք մերն են: Նրանք ծնվել են ուխտի մեջ: Դա է տաճարային արարողությունների օրհնությունը: Չնայած կյանքի փորձության օրերը տարբեր տևողություններ են ունենում, նրանք, ովքեր կնքված են մեզ սուրբ քահանայությամբ՝ սուրբ տաճարի արարողությունների միջոցով, հավիտյան մերը կլինեն:
Ես գիտեմ, որ ես արտոնություն կունենամ այդ գեղեցիկ կնոջ հետ լինելու, ում ես սիրում եմ իմ ամբողջ սրտով, և այն երեխաների հետ, ովքեր նրա հետ են վարագույրի մյուս կողմում՝ Մանթի տաճարում հավերժական արարողություններ կատարելու հնարավորության շնորհիվ: Ինչ օրհնություն է երկրի վրա կրկին կնքելու զորություն ունենալը, որն ուժ ունի ոչ միայն այս մահկանացու կյանքում, այլ նաև հավերժության մեջ: Ես երախտապարտ եմ, որ Տերը վերականգնել է Իր ավետարանի լրիվությունը, ներառյալ արարողություները, որոնք անհրաժեշտ են աշխարհում մեր երջանկության համար և այս կյանքից հետո հարատև երջանկությամբ ապրելու համար:
Ինձ համար տաճարի օրհնությունները հիշելու հիմնական պատճառ է դարձել այն, որ ես օրեցօր ավելի եմ սիրում իմ կնոջը: Ես գիտեմ, որ նրան կնքված լինելը դեռևս հավերժական շնորհ չէ: Մենք ապրել ենք պատվիրաններով: Մենք ստացել ենք տաճարային արարողությունների օրհնությունները: Մենք կատարել ենք այդ պատվիրանները, բայց և՛ նա, և՛ ես պետք է արժանի գտնվենք վարագույրի մյուս կողմում, որպեսզի այդ արարողությունները կարողանան կնքվել Խոստումի Սուրբ Հոգով:
Խոստումի Սուրբ Հոգով կնքվելն անհրաժեշտ է, որովհետև, ինչպես Երկնային Հայրն ու Փրկիչն են հավաստիացնում, ոչ մի անարժան չի ստանա այդ օրհնությունները: Մահկանացուներին անհատը կարող է մոլորության մեջ գցել արդար երևալով: Բայց այնտեղ Սուրբ Հոգու հետ նման խաբեություն չի կարող լինել:
Քննարկում վերջերս ամուսնացած երիտասարդ զույգի հետ
Ես խնդրել եմ Ռեբեկա և Բեն Մարլոուներին՝ վերջերս ամուսնացած զույգին, օգնել ինձ, մինչ ես փորձում եմ օգնել քեզ պատրաստվել հավերժական ամուսնությանը:
Երեց Սքոթ. Բեն Մարլոու, դու արտասովոր ձևով օրհնված տղամարդ ես: Ինչպե՞ս ես կարողացել այս հրեշտակի սիրտը գերել:
Բեն Մարլոու. Գիտե՛մ: Նա գեղեցիկ է:
Ռեբեկա. Իրականում հակառակն է:
Երեց Սքոթ. Նա ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև շատ խելացի:
Բեն. Այո՛:
Երեց Սքոթ. Եվ գիտեմ, որ դու դա օրհնություն կհամարես քո կյանքում, մինչ շարունակում ես ապագայի քո ծրագրերը: Կցանկանայի ձեզ մի քանի հարց տալ, եթե կարելի է: Ռեբե՛կա, քո ամուսնության կնքումը Բենի հետ բերե՞լ է ողջ երջանկությունը, որ երազել ես:
Ռեբեկա. Այն բերել է ողջ երջանկությունը և ավելին, քանի որ այժմ երբ կնքված ենք, մենք կարող են ամեն բան միասին անել: Դա մի բան էր, որը ես լիովին չէի ըմբռնում նախքան մեր կնքումը: Սակայն ամեն ինչ միասին անելը և բոլոր բաների միջով միասին անցնելը մեծ օրհնություն է եղել: Եվ գիտելիքն այն մասին, որ անկախ նրանից, ինչ էլ պատահի, մենք հավերժ միասին կլինենք, հրաշալի օրհնություն է:
Երեց Սքոթ. Ինչպե՞ս է Բենը ցույց տալիս իր երախտիքը քեզ:
Ռեբեկա. Բենը շատ լավ է փոքր բաներ անելիս և ինձ համար դա երախտագիտության արտահայտություն է, որովհետև ճիշտ է մեծ բաներ չեն, սակայն երբ փոքր բաներն արվում են շարունակական ձևով, դա ցույց է տալիս, որ նա երախտապարտ է ինձ համար:
Երեց Սքոթ. Ի՞նչ է անում Ռեբեկան, ինչը քո կյանքը երջանկացնում է:
Բեն. Ամեն բան, ինչ նա անում է, ինձ երջանկացնում է:
Երեց Սքոթ. Ա՜յ քեզ տղամարդ, հիշե՛ք այս արտահայտությունը, երբ ամուսին դառնաք: Հիասքա՜նչ է: Դուք կենսական որոշումները միասի՞ն եք կայացնում: Ինչպե՞ս եք անում:
Բեն. Այո՛, միասին ենք որոշում: Կնքումից հետո մենք շատ հնարավորություններ ենք ունեցել զրուցելու և քննարկելու մեր ապագա գործերի մասին: Երբեմն մենք չենք գալիս ամբողջական համաձայնության, բայց հրաշալին այն է, որ այդ ժամանակ մենք ապավինում ենք Երկնային Հորը, և դա մի բան է, որի վերաբերյալ երկուսս էլ միշտ համաձայնվում ենք:
Երեց Սքոթ. Ուրեմն, եթե կարծիքների տարաձայնություն կա, դուք այն լուծում եք միասին Երկնային Հորն աղոթելո՞վ:
Ռեբեկա. Միանգամայն այո՛:
Երեց Սքոթ. Հրաշալի՜ է, դա հրաշալի ձև է կյանքում կիրառելու: Ինչպե՞ս եք որոշում, ինչին պետք է ամենամեծ նախապատվությունը տաք ձեր ամուսնության մեջ:
Ռեբեկա. Մեզ համար մեծ օրհնություն է եղել այն, որ միմյանց ճանաչելու օրվանից մենք միևնույն նախապատվություններն ենք ունեցել կյանքում: Դա շատ է օգնել մեր ամուսնությանը, որովհետև երկուսս էլ աշխատում ենք միևնույն նպատակի ուղղությամբ, և մենք որոշել ենք, որ միշտ նախապատվություն ենք տալու Տիրոջը և ավետարանին, և դա իսկապես օրհնել է մեր ամուսնությունը: Հաջորդը, մենք նախապատվություն ենք տալիս մեկմեկու, հետո մեր ընտանիքներին և ապա, մեր ստեղծած ընտանիքին, որից հետո, երբ այս բաներն առաջին տեղում են, ամեն բան կարծես իր տեղն է ընկնում:
Երեց Սքոթ. Դուք չեք կարող սխալվել, երբ աղոթում եք, որ իմանաք Տիրոջ կամքը և հետո խնդրում եք Նրան օգնել, որ այն կատարեք: Կարծես թե հրաշալի օրինակ է երջանիկ, արդյունավետ և ուրախ կյանքի համար: Շնորհակալությո՛ւն: Երբևէ եղե՞լ է ամուսնության ընթացքում, որ ինչ-որ հարցում համաձայնության չգաք:
Բեն. Այո՛, ինչպես ասացի, որոշ դեպքեր են եղել, որոնք վերածվել են օրհնության, երբ մենք սովորել և աճել ենք միասին:
Ռեբեկա. Կարծում եմ, որ մեր փորձառությունների և անհատական պատկերացումների պատճառով, ամուսնության ընթացքում, իհարկե, կլինեն անհամաձայնություններ, սակայն կարծում եմ դրանք լուծելու համար են: Կարևոր է գտնել լուծումը: Եվ ինչպես ասաց Բենը քիչ առաջ, անկախ նրանից, թե անհամաձայնության պատճառն ինչ է, մենք միշտ համաձայնվում ենք դիմել Տիրոջը, և ուրեմն, այդպես լուծում ենք եղած անհամաձայնությունները:
Բեն. Չգիտեմ, սակայն, ինչպես կարելի է համաձայն չլինել Ռեբեկայի հետ:
Երեց Սքոթ. Կարծում եմ նա լավ դիվանագետ կդառնա: Դուք միասին կարդո՞ւմ եք սուրբ գրությունները:
Բեն. Այո՛: Եվ դա շատ հատուկ առիթ է, երբ ամեն առավոտյան կամ երեկոյան հնարավորություն ունենք միասին կարդալ: Մի բան, որ փորձում ենք անել, այն է, որ մեր անձնական ուսումնասիրությունից հետո մենք փորձում ենք հարցեր մտածել: Միգուցե, մի բան, որ անհասկանալի էր: Ապա, երբ միասին ենք կարդում, որպես զուգընկերներ, մենք խոսում ենք դրա մասին: Նա կիսվում է իր ներըմբռնումներով, քանի որ օրհնված է եղել հրաշալի ընտանիքով, որը նրան շատ գիտելիք է տվել ավետարանի մասին: Եվ իմ միսիան ու իմ ընտանիքն ինձ շատ են օգնել գիտելիք ստանալ թե՛ ավետարանի մասին, թե՛ նաև ամենօրյա գործերի մասին, որի կարիքը յուրաքանչյուրն ունի:
Երեց Սքոթ. Երկուսդ էլ օրհնված եք, որ ձեզ աջակցում են ծնողներ, որոնք սիրում են ձեզ, և որոնք համաձայն են նրա հետ, ինչ դուք անում եք: Դա մեծագույն օրհնություն է կյանքում:
Երբ ես ուսումնասիրում էի սուրբ գրություններն իմ կնոջ հետ, նա կարդում էր, հետո ես էի կարդում, մենք քննարկում էինք. մենք պարտադիր նույն հատվածները չէինք կարդում: Դուք է՞լ եք դա օգտակար համարում, թե յուրաքնաչյուրդ մեկական հատված եք կարդում, ինչպե՞ս է ձեզ մոտ:
Ռեբեկա. Մենք միշտ ուսումնասիրում ենք անհատապես: Երբեմն, միանում ենք, ինչպես Բենն ասաց, մենք հուզող հարցեր ենք տալիս միմյանց,– ես միշտ նրանից ավելի շատ հարցեր եմ ունենում,– իսկ երբեմն, մենք քննում ենք՝ ինչ է կատարվում մեր կյանքում և որոշումները, որոնք կայացնում ենք կամ փորձությունները, որոնցով անցնում ենք, և մեր անհատական ուսումնասիրությունն ուղղում ենք դեպի այդ բաները, որպեսզի մեր հարցերի պատասխանները գտնենք սուրբ գրություններում:
Երեց Սքոթ. Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին, որոնք լսում են ձեզ՝ ամուրի, թե ամուսնացած, այն մասին, թե ինչպես եք երջանկություն գտնում միասին ձեր ամուսնության մեջ:
Բեն. Կարծում եմ ինձ համար ամենամեծ բանը առանձին ժամանակ անցկացնելն է Ռեբեկայի հետ: Միշտ ջանք ենք թափում, որ աշխատանքից կամ ուսումից ազատվելով, ժամանակ անցկացնենք միասին, որ կարողանանք զրուցել, շփվել և պարզապես շարունակել սիրահարվել:
Երեց Սքոթ. Դուք ունե՞ք երեկո, երբ ժամադրվում եք, որպեսզի դուրս գնաք և միասին ժամանակ անցկացնենք:
Ռեբեկա. Այո՛, ուրբաթ երեկոյան, որովհետև նա աշխատում է ՄՊԿ շաբաթ երեկոյան, քանի որ հանգստյան օրերին ամուսնացածներին են նշանակում աշխատելու, որպեսզի ամուրիները հնարավորություն ունենան ժամադրվելու: Այնպես որ ուրբաթ երեկոյան մեր ժամադրության երեկոն է:
Երեց Սքոթ. O՜h, պետք է որ ուրախ անցի: Կարո՞ղ եք պատմել մի քանի բան, որ անում եք ժամադրության երեկոյին:
Բեն. Մենք սիրում ենք ֆիլմեր դիտել, ուստի դա ամենասիրված բանն է՝ պարզապես միասին նստել և վայելել մի տեսաֆիլմ, որը կտրում է մեզ այն բաներից, որոնք մեզ մտահոգում կամ ճնշում են, և այդ ժամանակ է, որ մենք կարող ենք միասին լինել:
Երեց Սքոթ. Դա կարող է հրաշալի լինել ամուսնացած զույգի համար, սակայն կարծում եմ դա անմիտ բան կլինի նրանց համար, ովքեր ժամադրվում են, որ միմյանց ավելի լավ ճանաչեն: Եթե դու երիտասարդ տղա ես և փորձում ես ավելի լավ ճանաչել մի աղջկա, խնդրում եմ, մի գնացեք կինոթատրոն: Իհարհե, եթե դուք ամուսնացած եք մի հրեշտակի հետ, կարող եմ հասկանալ:
Ռեբեկա. Ես համաձայն եմ դրան:
Երեց Սքոթ. Հետաքրքիր բաներով զբաղվեք. մտածեք մի բան, որը ձեր երեկոն հետաքրքիր կդարձնի: Սակայն մի արեք այն, ինչ ես արեցի մի անգամ: Երբ ժամադրվել էի ապագա կնոջս հետ, ես վազանց արեցի ոստիկանության մեքենային չթույլատրված կողմով: Նրանք մեզ բաժին տարան: Կարո՞ղ եք պատկերացնել, որ փորձում եք աղջկա վրա տպավորություն գործել և հայտնվում եք ոստիկանության բաժնում:
Ռեբեկա. Դա ավելի հետաքրքիր է, քան տեսաֆիլմը:
Երեց Սքոթ. Դա նման է Ռեբեկային. նա միշտ ամեն բան վերածում է դրականի և կյանքը միշտ երջանիկ է դարձնում: Դուք նախատեսո՞ւմ եք երեխաներ ունենալ:
Ռեբեկա. Այո՛, անպայման: Դա մի բան է, որը մշտապես մեր մտքում է, որովհետև գիտակցում ենք, որ այն պատվիրան է Երկնային Հոր կողմից, և քանի որ հրաշալի ընտանիք ենք ունեցել, մենք հասկանում ենք, թե ինչու է դա կարևոր ավետարանում և ցանկանում ենք ինքներս երեխաներ ունենալ:
Երեց Սքոթ. Դուք որոշե՞լ եք, թե քանի երեխա եք ունենալու, թե թողնելու եք, որ Տերը որոշի:
Բեն. Նա որոշած թիվ ունի: Ես թողնում եմ Տիրոջ կամքին:
Ռեբեկա. Մենք կթողնենք Տերը որոշի:
Երեց Սքոթ. Ես ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել ձեզ երկուսին այս երեկոյի համար: Ես շատ ուրախ եմ. երբ տեսնում եմ ձեզանից մեկին, կյանքս հարստանում է: Գիտես, Բե՛ն, որ տարիներ առաջ, երբ այս հրեշտակը փոքր աղջիկ էր, և իմ կինը մահացել էր, նա գիտեր, որ տրամադրությունս բարձրացնելու կարիք կա: Նա զանգում էր ինձ, և ես լսում էի այս խոսքերը, որոնք սիրտս ուրախացնում էին. «Ողջույն, երեց Սքոթ, սա Ռեբեկան է»: Դրանից հետո ինձ համար մեծ օրհնություն է եղել ճանաչել ձեզ, իսկ այժմ, տեսնել որ դուք այդքան շատ երջանիկ ամուսնացած եք:
Բեն. Մենք, իսկապես, շատ-շատ երջանիկ ենք:
Երեց Սքոթ. Կա՞ որևէ բան, որ կցանկանայիք ասել: Աշխարհը ձեր առջև է: Կա որևէ առաջարկ, որ կցանկանայիք անել:
Ռեբեկա. Կարծում եմ՝ մի բան, որում Բենը շատ-շատ լավ է, ինչը ես գնահատում եմ մեր ամուսնության մեջ, ինչպես ասացի, փոքր բաներ անելն է՝ փոքր բաներ, որոնք օգնում են, որ ձեր հարաբերությունները շարունակի զարգանալ: Նաև հոգևորում՝ կարդացեք ձեր սուրբ գրություններն ամեն օր և աղոթեք միասին և առանձին՝ ամեն օր, և գնացեք տաճար և արեք այդ փոքր բաները: Գիտեմ, որ Բենի միսիայում ծառայելը մեզ շատ օրհնել է, որովհետև նա կարողացել է այնպիսի սովորություններ զարգացնել իր միսիայի ժամանակ, որոնք կիրառում է ամուսնության մեջ, որն այն շատ ավելի լավն է դարձնում:
Երեց Սքոթ. Շնորհակալությո՛ւն:
Բեն. Իմ միակ խորհուրդը կլինի ամեն օր ասել. «Սիրելիս, ես սիրում եմ քեզ», և դա մի բան է, որը ես անում եմ, որը մեր ամուսնական կյանքը մեծապես օրհնել է. և ոչ միայն խոսքով ասել, այլ նաև սրտով:
Երեց Սքոթ. Շնորհակալություն, երկուսիդ, շատ-շատ: Մենք սիրում ենք ձեզ:
Կենտրոնացեք ընտանեկան հարաբերություններ կառուցելու վրա
Մի անգամ ես մի կարևոր դաս սովորեցի իմ կնոջից: Ես հաճախ էի ճամփորդում իմ մասնագիտության հետ կապված: Մոտ երկու շաբաթ բացակայելուց հետո ես վերադարձել էի տուն շաբաթ օրը առավոտյան: Մինչև ժողովի գնալը ես չորս ժամ ունեի: Ես նկատեցի, որ մեր փոքր լվացքի մեքենան փչացել էր և կինս ձեռքով լվացք էր անում: Ունենալով ինժեներական մասնագիտություն, ես սկսեցի նորոգել մեքենան:
Ջենինը եկավ և ասաց.«Ռիկ, ի՞նչ ես անում»:
Ես ասացի. «Ես վերանորոգում եմ լվացքի մեքենան, որպեսզի դու ձեռքով չլավանաս»:
Նա ասաց. «Ոչ, գնա խաղա երեխաների հետ»:
Ես ասացի. «Ես կարող եմ խաղալ նրանց հետ ցանկացած ժամանակ, ես ուզում եմ օգնել քեզ»:
Նա ասաց. «Ռիչարդ, խնդրում եմ, գնա խաղա երեխաների հետ»:
Երբ նա խոսեց ինձ հետ այդպես լրջորեն, ես հարգեցի նրա խնդրանքը ու հնազանդվեցի:
Ես հրաշալի ժամանակ անցկացրեցի մեր երեխաների հետ: Մենք վազում էինք իրար հետևից և թավալվում աշնան տերևներում: Հետո ես գնացի իմ ժողովին: Ես հավանաբար կմոռանայի այդ փորձառությունը, եթե չլիներ այն դասը, որ նա ուզում էր, որ ես սովորեի:
Հաջորդ առավոտ, մոտ ժամը 4-ին, ես արթնացա՝ զգալով երկու փոքրիկ ձեռքեր իմ պարանոցի շուրջ, մի համբույր այտիս և իմ ականջին շշնջացին այս բառերը, որոնք ես երբեք չեմ մոռանա. «Հայրիկ, ես սիրում եմ քեզ, դու իմ ամենալավ, ամենալավ ընկերն ես»:
Դու ունենու՞մ ես նման փորձառություն քո երեխաների հետ: Եթե ոչ, դու կորցնում ես այս կյանքի աստվածային ուրախությունները: Եթե դու դեռ ամուսնացած չես, դու կարող ես այժմ որոշել, որ երբ դու ծնող դառնաս, քո երեխաների երջանկությունը ամենաբարձր առաջնահերթությունը կլինի քո կյանքում:
Հնազանդությունը թույլ է տալիս մեզ առաջնորդություն ստանալ Տիրոջ կողմից
Երբ դու ապրում ես Հիսուս Քրիստոսի պատվիրաններով, դու պատրաստ ես Տիրոջ կողմից առաջնորդվելուն: Ուստի, դու չես մասնակցի այն սխալ բաներին, որ տեղի են ունենում քո շուրջ: Դու կգտնես հավերժական զուգընկեր, ում հետ դու հրաշալի կյանք կունենաս, եթե դուք երկուսդ էլ հավատ ցուցաբերեք Փրկչի ու Նրա զորության հանդեպ, որպեսզի արժանի ապրեք ձեր միասնական կյանքի ընթացքում:
Այն վայրը, որտեղ դու ապրում ես, անկախ նրանից, թե որքան համեստ կամ ժամանակավոր է, դարձրու մաքուր և արդար միջավայրի մարմնացում, որտեղ Հոգին կարող է բնակվել: Պահիր այն որպես խաղաղության ապաստարան՝ տարաձայնություններից ու անհամաձայնություներից ազատ: Այս խորհուրդը տրվում է և նրանց, ովքեր ամուսնացած են, և նրանց, ովքեր ամուրի են: Եթե դու հիմա սկսես տունը դարձնել այնպիսի միջավայր, որտեղ Հոգին կարող է բնակվել, շատ ավելի հավանական կլինի, որ դու կկարողանաս անել դա, երբ ունենաս քո սեփական ընտանիքը:
Երիտասարդ տղաներ, ժամանակ մի ծախսեք դատարկ բաների վրա: Ծառայեք արժանի միսիա: Այնուհետև հասեք ձեր առաջնահերթ նպատակին, որն է արժանի հավերժական զուգընկեր գտնելը: Առաջ շարժվեք կյանքում և աշխատեք դրա վրա: Կյանքի այս ժամանակահատվածը իզուր մի վատնեք: Այն շատ արագ է անցնում: Երբ զգաք, որ լուրջ հետաքրքրություն ունեք որևէ երիտասարդ կնոջ հանդեպ, ցույց տվեք նրան, որ դուք բացառիկ անձնավորություն եք, որ նրա համար հետաքրքիր կլինի ձեզ ավելի լավ ճանաչելը: Տարեք նրան արժանի վայրեր: Որոշ հնարագիտություն ցուցաբերեք: Նորմալ է կինոթատրոն գնալ ամուսնանալուց հետո, բայց դրանից առաջ դա հիմարություն է: Ճանաչեք միմյանց: Եթե դուք ուզում եք ունենալ հրաշալի կին, դուք պետք է գրավիչ լինեք նրա համար:
Եթե դու գտել ես մեկին, սկսեք միասին ազնվորեն զարգացնել այդ զգացմունքները: Դուք կարող եք ունենալ զարմանահրաշ ժամադրություններ և ամուսնություն և լինել շատ, շատ երջանիկ հավերժորեն՝ մնալով Տիրոջ կողմից սահմանված արժանավորության սահմանների մեջ:
Ինչպե՞ս կարող են երկու սիրահարված մարդիկ խուսափել սահմաններն անցնելուց և փորձության մեջ ընկնելուց: Ե՛կ տանք սիրո սահմանումը: Մեկին ազնվորեն սիրել նշանակում է պաշտպանել, բարձրացնել, մաքուր և անարատ պահել, հանուն մեկի զոհաբերել սեփական անձը: Սիրել նշանակում է սրբազան, ինտիմ փորձառությունները պահել սուրբ ամուսնության համար: Երբ այս փորձառությունները պատշաճ ձևով կիսվում են ամուսնության շրջանակներում, դրանք ամուսնուն ու կնոջը մոտեցնում են իրար և ամրացնում նրանց ծնողական զարգացող պարտականությունների համար: Այս սուրբ գործողությունների արդյունքում ձևավորվում են Երկնային Հոր հոգեղեն զավակների ֆիզիկական մարմինները, որոնք վստահվում են մորը և հորը: Այդ սուրբ միջավայրում պատշաճ սեռական հարաբերությունները գեղեցիկ ու նպատակային են: Երբ դու հիշես այս փաստերը, դու կցանկանաս քո ժամադրությունները մաքուր ու անարատ պահել:
Խորհուրդ ամուսնացած զույգերին
Այժմ ես ուզում եմ խոսել քեզ հետ, եթե արդեն գտել ես քո հավերժական զուգընկերոջը: Ես հրավիրում եմ նրանց, ովքեր դեռ չեն ամուսնացել, ուշադիր լսել, որպեսզի երբ այդ ժամանակը գա, դուք կարողանաք ձեր ամուսնությունը դարձնել լավագույնը, ինչ կարող է լինել:
Ընտանիքի հայտարարությունում (տես «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին», Ensign, Nov. 1995, 102) ասվում է, որ ամուսինն ու կինը հավասար զուգընկերներ են: Շատ զույգեր հավասարապես համագործակցում են իրենց զուգընկերոջ հետ՝ ի օգուտ իրենց երկուսի և իրենց երեխաների օրհնության: Այնուամենայնիվ, շատերը չեն անում: Ես քաջալերում եմ նրան, որ դժկամությամբ է զարգացնում հավասար համագործակցություն իր կողակցի հետ՝ հնազանդվել Տիրոջ կողմից ներշնչված խորհրդին: Հավասար համագործակցությունը իր ամենամեծ օգուտն է տալիս, երբ ամուսինը և կինը երկուսն էլ փնտրում են Տիրոջ կամքը կարևոր ընտրություններ կատարելիս իրենց համար և իրենց ընտանիքի համար, ինչպես մեզ այսօր ասացին Բենը և Ռեբեկան:
Եթե դու ամուսնացած ես, դու հավատարի՞մ ես քո կողակցին ինչպես մտովի, այնպես էլ ֆիզիկապես: Դու հավատարի՞մ ես քո ամուսնական ուխտերին՝ մեկ այլ անձնավորության հետ երբեք չմասնակցելով այնպիսի զրույցների, որ դու չէիր ցանկանա քո կողակիցը պատահմամբ լսեր: Դու բարյացակամ ու օգտակա՞ր ես քո իսկ ամուսնու և երեխաներին:
Եղբայրնե՛ր, դուք աջակցու՞մ եք ձեր կնոջը՝ անելով որոշ տնային ամենօրյա գործեր: Դուք առաջնորդու՞մ եք այնպիսի ընտանեկան միջոցառումներ, ինչպիսիք են սուրբ գրությունների ուսումնասիրությունը, ընտանեկան աղոթքը և ընտանեկան երեկոն, թ՞ե ձեր կինն է լրացնում տան հանդեպ ձեր ուշադրության պակասը: Դուք հաճա՞խ եք ասում ձեր կնոջը, թե որքան շատ եք սիրում նրան:
Երախտագիտություն հայտնիր նրա համար, ինչը քո կինը անում է քո փոխարեն: Հաճախ արտահայտիր այդ սերն ու երախտագիտությունը: Դա կյանքը շատ ավելի հարուստ, ավելի հաճելի ու նպատակասլաց կդարձնի: Շատ կանայք հազվադեպ են լսում գովաբանական խոսքեր և շնորհակալություն չեն ստանում այն բազում լավ բաների համար, որ նրանք անում են: Դա ողբերգություն է: Որպես ամուսին, երբ դու զգում ես, որ քո կինը քաջալերման կարիք ունի, գրկիր նրան ու ասա, թե որքան շատ ես նրան սիրում:Թող որ մեզնից յուրաքանչյուրը միշտ քնքուշ ու գնահատող լինի այն հատուկ զուգընկերոջ հանդեպ, ով հարստացնում է մեր կյանքը:
Որպես ամուսին զգույշ եղիր, թե ինչ կարող ես անգիտակցորեն ասել, թե ինչպես ես դու վերաբերվում քո կնոջը հասարակության մեջ: Ժողովի վերջում, երբ ես սեղմում եմ մարդկանց ձեռքերը, երբեմն նկատում եմ, որ ամուսինը հերթում իր կնոջից առաջ է կանգնած: Դա վայել չէ, իրականում պարզապես հիմարության դրսևորում է: Դա նվաստացնող է նրա համար: Հասարակ բարի վարմունքը, ինչպիսին է մեքենայի կամ սենյակի դռան բացելը կնոջ համար, ցույց է տալիս, թե դու ինչպես ես նրա հանդեպ արժանի հարգանք ցուցաբերում:
Որպես ամուսին և կին համագործակցեք իրար հետ և հենվեք իրար ուժերի վրա: Լսեք իրար և օգնեք իրար: Ես տեսել եմ տղամարդկանց, որ մերժում են կնոջ խորհուրդը, երբ վերջիս երկար ժամանակ ջանացել էր գտնել հարմար պահ՝ նշելու որևէ բան, որ ամուսինը պետք է փոխի: Մի՛ արեք դա:
Ես կկիսվեմ մի օրինակով, որպեսզի լուսաբանեմ, թե ինչ ի նկատի ունեմ: Երբ մենք դեռ նոր էինք ամուսնացել, Ջենինը ճիշտ պահ գտավ ինձ հետ խոսելու մի բանի վերաբերյալ, որ ես գիտեմ նա հավանաբար նկատել էր հենց այն ժամանակվանից, երբ մենք սկսել էինք հանդիպել: Նա ասաց. «ՐԻկ, երբ դու խոսում ես մարդկանց հետ, նայիր նրանց աչքերին: Դու նայում ես առաստաղին, պատերին և հատակին, բայց դու երբեք չես նայում նրանց աչքերին»: Այս խորհուրդը հիմնովին փոխեց իմ կյանքը: Իմ թանկագին զուգընկերը բավականաչափ սիրում էր ինձ, ասելով ինձ այն, ինչ ես պետք է իմանայի:
Ես սովորել եմ իմ կնոջից երկտողերով փոխանակվելու կարևորությունը: Մեր ամուսնության վաղ շրջանում ես կբացեի իմ սուրբ գրությունները ուղերձ տալու համար և էջերի մեջ դրված կտեսնեի մի խրախուսող, օգնող երկտող: Երբեմն դրանք այնքան զգացմունքային էին, որ ես չէի կարողանում խոսել: Սիրող կնոջ այս թանկարժեք երկտողերը մխիթարության անգին գանձեր են եղել ու կան:
Ես սկսեցի նույնն անել նրա համար, առանց հասկանալու, թե ինչ նշանակություն ունեն դրանք նրա համար: Երբ նա մահացավ, նրա անձնական իրերի մեջ ես տեսա, թե որքան էր նա գնահատում հասարակ ուղերձները, որոնցով մենք կիսվում էինք: Ես բացահայտեցի, որ նա ոչ միայն պահում էր այդ ուղերձները, այլ որ նա պահպանում էր դրանք պլաստիկե ծածկույթով, կարծես դրանք թանկարժեք գանձեր լինեին: Դրանցից միայն մեկն է, որ նա չէր դրել մնացածների հետ: Այն շարունակում է մնալ մեր խոհանոցի ժամացույցի ապակու ներսի կողմում: Այնտեղ գրված է. «Ջենին, ժամանակն է քեզ ասել, որ ես քեզ սիրում եմ»: Դա մնում է այնտեղ՝ մշտապես ինձ հիշեցնելու Երկնային Հոր այդ բացառիկ դստեր մասին:
Նրա հիվանդության վերջին օրերին ես փորձում էի գտնել քաջալերող սուրբ գրություններ, որոնք կօգնեին նրան: Ես դնում էի դրանց տպագրած կրկնօրինակները տան ամեն կողմում: Ես գտա այդ ուղերձներից յուրաքանչյուրը զգուշությամբ պահպանված, կարծես դրանք շատ թանկարժեք էին: Նման ձևով ես էլ պահել եմ ինձ տված նրա երկտողերը:
Մինչ ես մտածում էի մեր միասին ապրած կյանքի մասին, ես հասկացա, թե մենք որքան օրհնված ենք եղել: Մեր տանը երբեք վեճ չի եղել, մենք երբեք իրար վատ խոսք չենք ասել: Այժմ ես հասկանում եմ, որ օրհնությունը եկել է դրա արդյունքում: Դա նրա հոժարակամ տալու, կիսվելու և իր անձի մասին երբեք չմտածելու արդյունք էր: Մեր իրար հետ ապրած հետագա տարիներին ես փորձել եմ հետևել նրա օրինակին: Ես խորհուրդ եմ տալիս, որ որպես ամուսին և կին դուք նույնն անեք ձեր տանը, իսկ դուք՝ միայնակներ, երբ ամուսնանաք, պատրաստվեք անել նույնը ձեր ամուսնու կամ կնոջ հանդեպ:
Մաքուր սերը երջանկություն է բերում
Այժմ ես կխոսեմ մի բանի մասին, որն ամենասուրբն է: Երբ մենք ստեղծվեցինք, Երկնային Հայրը մեր մարմնում դրեց ուժեղ ապրումներ արթնացնող ունակություն: Ամուսնական ուխտի սահմաններում ամուսինների և Տիրոջ կողմից ընդունելի եղանակով պատշաճորեն օգտագործվելիս այդ ապրումները երեխաների համար բացում են աշխարհ գալու դռները: Սիրո այսպիսի սուրբ արտահայտումները ամուսնական ուխտի առանցքային մասն են կազմում: Ամուսնության մեջ այդ ապրումները պետք է օգտագործվեն հնարավորություն տալու զույգին մոտենալ իրար և դառնալ մեկ՝ ամուսնու և կնոջ միջև այդ զգացմունքների գեղեցիկ, պատշաճ արտահայտման միջողով: Կան ժամանակներ նրա կյանքում, եղբայրներ, երբ դուք պետք է ճնշեք այդ զգացումները: Կան ժամանակներ, երբ դուք պետք է հնարավորություն տաք դրանց ամբողջական արտահայտմանը: Միշտ զգայուն եղեք նրա զգացմունքների նկատմամբ: Թույլ տվեք Տիրոջն այնպես առաջնորդել ձեզ, որ ձեր ամուսնությունն ավելի հարստանա:
Կան տղամարդիկ և, դժբախտաբար, որոշ կանայք, ովքեր փորձարկում են այս ապրումները ամուսնական ուխտից դուրս հետաքրքիր թվացող ազդեցություններով: Շատ զորեղ տարբերություն կա սիրո ու հեշտասիրության միջև: Մաքուր սերը առաջ է բերում երջանկություն և վստահություն: Այն հավերժական երջանկության հիմքն է: Հեշտասիրությունը կկործանի այն, ինչը հարստացնող ու գեղեցիկ է: Ամուսնացած զույգը չպիտի ունենա գաղտնի, թաքուն արարքներ, որոնք ծածուկ են պահվում իրարից: Կյանքի այդ ուղին տալիս է հոգևոր մեծ ապահովություն: Երբ դու ճամփորդում ես, քո հետ վերցրու կնոջդ նկարը: Այն դիր քո առջև, որպեսզի մշտապես հիշես, թե որքան ես դու սիրված ու վստահված: Դու չես գայթակղվի, քո միտքն ապականելով կամ ուխտերը դրժելով:
Մաքուր սերը անզուգական, ազդեցիկ ուժ է բարու համար: Արդար սերը հաջողակ ամուսնության հիմքն է: Այն գոհունակ, լավ զարգացած երեխաներ ունենալու հիմնական նախադրյալն է: Ո՞վ կարող է արդարացիորեն գնահատել մոր սիրո առաքինի ազդեցությունը: Ի՞նչ հարատև պտուղներ կստացվեն ճշմարտության սերմերից, որ դու որպես մայր կարող ես զգուշորեն ցանել և սիրով մշակել քո սեփական երեխայի վստահող մտքի ու սրտի բերքատու հողում: Որպես մայր քեզ տրված է աստվածային ներքին զգացողություն՝ քեզ օգնելու նկատել քո երեխայի հատուկ տաղանդներն ու եզակի կարողությունները: Քո ամուսնու հետ դու կարող ես խնամել, ամրացնել ու նպաստել այդ գծերի զարգացմանը:
Եղբայրներ, որպես ամուսին, շարունակաբար ասեք ձեր կնոջը, թե ինչքան շատ եք նրան սիրում: Այն մեծ երջանկություն կբերի նրան: Երբ ասել եմ դա տղամարդկանց, լսել եմ նրանցից. «Օ, նա դա գիտի»: Դուք պետք է ասեք նրան: Կնոջը պետք է այդ վերահաստատումը: Նա ծաղկում, աճում և մեծապես օրհնվում է դրանով: Մի զրկեք նրան սիրո բնական այդ արտահայտումներից: Եվ դա ավելի լավ է ազդում, երբ դա ասելիս նրան գրկում ես: Որպես որդի, ասեք ձեր մորը, թե որքան եք սիրում նրան: Դա նրան մեծ ուրախություն կտա: Եկեք երախտապարտ լինենք մեր Երկնային Հորը Իր թանկագին դուստրերի համար:
Եկեք օգնենք նրանց ինչքան որ կարող ենք: Եկեք քաջալերենք ամեն կնոջ, ով վստահ չէ իր արժեքի վրա, շրջվել դեպի իր Երկնային Հայրը և Նրա փառավորված Որդին՝ իր հսկայական անձնական արժեքի հաստատման համար: Ես վկայում եմ, որ մինչ ամեն կին հավատքով ու հնազանդությամբ փնտրում է այդ հավաստիացումը, Փրկիչը շարունակաբար կտա այն Սուրբ Հոգու միջոցով: Այդ օգնությունը կառաջնորդի նրան դեպի գոհունակություն, խաղաղություն և կարևոր ուրախություն, մեծարելով նրա Աստծո կողմից նշանակված, սուրբ կանացիությունը:
Ամուսնության օրհնությունները
Ամուսնությունը շատ հրաշալի է: Ես ցավում եմ նրանց համար, ովքեր դեռևս չեն կատարել այդ ընտրությունը կամ չեն ունեցել այդ հնարավորությունը: Դուք սկսում եք իրար շատ լավ ճանաչել: Ժամանակի ընթացքում դուք սկսում եք միանման մտածել, ունենալ նույն մտքերն ու տպավորությունները: Ժամանակներ են լինում, երբ դուք չափազանց ուրախ եք, լինում են փորձելու և փորձվելու ժամանակներ, սակայն Տերն առաջնորդում է ձեզ միասին այդ բոլոր զարգացնող փորձառությունների միջով: Ես հիշում եմ, երբ մեր փոքր տղան շատ հիվանդ էր: Նա հիվանդանոցում էր, այնտեղ էլ մահացավ: Հիվանդանոցից վերադառնալիս, մենք մեքենան մի կողմ քաշեցինք: Ես նրան գրկեցի, երկուսս էլ մի քիչ լաց եղանք, բայց հասկացանք, որ նրա հետ կլինենք վարագույրի այն կողմում, քանի որ կապել ենք ուխտերը տաճարում, և դա շատ ավելի թեթևացրեց վիճակը:
Ջենինի բարությունը ինձ այն քան շատ բան է սովորեցրել: Ես խելահաս չէի, իսկ նա շատ կազմակերպված, շատ խելահաս և շատ հոգևոր էր:
Ամուսնացած լինելը շատ գոհացնող է: Մի գիշեր մեր սրտի խնդիր ունեցող տղան արթնացավ: Մենք երկուսս էլ լսեցինք այդ: Սովորաբար իմ կինն էր վեր կենում լացող երեխայի համար հոգ տանելու: Այս անգամ ես ասացի. «Ես կհոգամ նրա մասին»:
Կապված նրա խնդրի հետ, երբ նա սկսում էր լաց լինել, նրա փոքրիկ սիրտը սկսում էր շատ արագ աշխատել: Նա փսխում էր իր կերածը և կեղտոտում անկողինը: Ես գիտեի, որ դա էր պատահել: Ուստի ես ամուր գրկել էի նրան, փորձելով հանգստացնել նրա բաբախող սիրտը և դադարեցնել նրա լացը, մինչ փոխում էի նրա շորերն ու սավանները: Ես գրկած պահեցի նրան, մինչև նա քնեց: Ես այդ ժամանակ չգիտեի, որ ընդամենը մի քանի ամիս հետո նա կմահանար: Ես միշտ կհիշեմ, թե ինչպես էի գրկել նրան:
Որոշ ծնողներ ֆիզիկապես ի վիճակի չեն երեխաներ ունենալ, թեև այնքան շատ են ցանկանում իրենց իսկ ընտանիքը ձևավորել: Ես վկա եմ, որ Տերը կարող է առաջնորդել նման ծնողներին դեպի այն հոգիները, որոնց Նա որդեգրման միջոցով կբերի իրենց տուն: Հետագայում, երբ այդ երեխաները կնքվում են տաճարում քահանայության զորությամբ, նրանք ամեն առումով համազոր են այդ զույգի ուխտում ծնված երեխաներին:
Ամուսնությունը քեզ հնարավորություն է տալիս իրոք հասկանալու, թե դու ով ես: Այն հիանալի միջավայր է ապահովում եսասեր կամ եսակենտրոն լինելու ցանկացած հակվածություն հաղթահարելու համար: Իմ կարծիքով, պատճառներից մեկը, որ կյանքում քեզ խորհուրդ են տալիս շուտ ամուսնանալ, այն է, որ դու չզարգացնես անհամապատասխան բնավորության գծեր, որոնք դժվար է փոխել:
Պատվի տուրք իմ կնոջը՝ Ջենինին
Ես շնորհակալ եմ, որ Երկնային Հայրը կնոջն ավելի զգայուն է ստեղծել՝ սեր ցուցաբերելու ավելի մեծ կարողությամբ. ավելի ունակ համբերություն ցուցաբերելու և ամեն ինչ հավասարակշռված պահելու համար: Կնոջ համար ճշտի ու սխալի միջև տարբերությունն այնքան պարզ է, ինչպես սև ու սպիտակի միջև: Մինչդեռ շատ տղամարդիկ տեսնում են գորշ գույնի երանգների մի լայն հատված: Մենք չենք ունեցել վեճեր մեր տանը, բայց դա կարեկցող կնոջ պատճառով էր, ով միշտ համապատասխան հավասարակշռության վրա էր պահում բաները:
Իմ թանկագին կինը՝ Ջենինը, չնայած տանջվում էր անբուժելի հիվանդության պատճառով, շարունակաբար ուրախություն էր գտնում կյանքում: Նա հասկանում էր երջանկության ծրագիրը, ստացել էր տաճարային արարողությունները, և անում էր լավագույնը՝ խոստացված օրհնություններին արժանի գտնվելու համար: Նրա անձնական օրագրում գրված է. «Աշնանային գեղեցիկ օր է: Ես վերցրեցի փոստը և նստեցի ճոճանակին: Ես շատ երջանիկ ու գոհ էի տաք արևի, բնության քաղցր հոտի և ինձ շրջապատող ծառերի համար: Ես ուղղակի նստել ու բավականություն էի ստանում այն փաստից, որ դեռ ապրում եմ այս գեղեցիկ երկրի վրա… Տերը շատ բարի է իմ հանդեպ: Որքան շնորհակալ եմ Նրան, որ ես դեռ այստեղ եմ և ինձ շատ լավ եմ զգում: Ես այնքա~ն երջանիկ եմ: Ես պարզապես ուզում եմ աղաղակել ու պարել այս գեղեցիկ տնով մեկ՝ մինչ արևը շողում է մեծ պատուհաններից: Ինձ դուր է գալիս կենդանի լինել»:
Ես գիտեմ, թե ինչ է նշանակում սիրել Երկնային Հոր դստերը, ով բարեհաճությամբ ու նվիրվածությամբ ապրեց՝ առաքինի կին լինելու լիարժեք շքեղությամբ: Ես սիրում եմ իմ թանկագին կնոջը՝ Ջենինին: Նա միշտ երջանիկ էր, և դա հիմնականում գալիս էր ուրիշներին ծառայելուց: Նույնիսկ, երբ նա շատ հիվանդ էր, իր առավոտյան աղոթքում նա խնդրում էր իր Երկնային Հորը առաջնորդել իրեն դեպի այն անձնավորությունը, ում նա կարող էր օգնել: Այդ անկեղծ աղոթքը պատասխանվում էր ժամանակին և կրկին: Շատերի բեռները թեթևացան, նրանց կյանքը պայծառացավ: Նա մշտապես օրհնվում էր Տիրոջ կողմից ղեկավարվող գործիք լինելու համար:
Խնդրում եմ ներել ինձ իմ թանկագին կնոջ՝ Ջենինի մասին խոսելու համար: Բայց մենք հավերժական ընտանիք ենք: Չնայած նա վարագույրի մյուս կողմում է, միմյանց հանդեպ այդ սերն ու երախտագիտությունը շարունակում է մեծանալ ու հասունանալ: Ես վստահ եմ, որ երբ մեր ապագայում ես կրկին տեսնեմ նրան վարագույրի մյուս կողմում, մենք կզգանք, որ մենք ավելի շատ ենք սիրահարված: Մենք նույնիսկ ավելի շատ կգնահատենք իրար այս ժամանակը վարագույրով բաժանված անցկացնելու պատճառով: Տիրոջ բարության միջոցով մենք ավելի ենք մոտեցել իրար:
Տերը պահում է Իր խոստումները
Հնարավոր է, դու միայնակ և չգնահատված ես զգում և չես տեսնում, թե ինչպես է հնարավոր, որ դու ունենաս ամուսնության և երեխաների կամ քո սեփական ընտանիքի օրհնությունը: Աստծո համար ամեն բան հնարավոր է և Նա պահում է խոստումները, որ ոգեշնչում է իր ծառաներին հայտարարել: Հավերժությունը երկար ժամանակ է: Հավատա այդ խոստումներին և ապրիր դրանց արժանի, որպեսզի Իր ժամանակին Տերը կարողանա դրանք իրականացնել քո կյանքում: Վստահ եղիր, դու կստանաս յուրաքանչյուր խոստացված օրհնություն, որին արժանի ես: Ես աղոթում եմ, որ դա լինի վարագույրի այս կողմում:
Ավարտելով, ես կիսվում եմ մի հավերժական սկզբունքով, որը կհավաստիացնի քեզ, որ կյանքը հարուստ է և իմաստալից, անկախ նրանից դու ամուրի ես, թե ամուսնացած: Ես բացահայտել եմ, որ կյանքն ապրելու ամենալավ ձևն այն է, որ փնտրես իմանալ Տիրոջ կամքը՝ առաջնորդվելով Սուրբ Հոգով: Նա գիտի, թե որն է լավագույնը քեզ համար: Նա կօգնի քեզ հասկանալ քո վերաբերյալ Իր կամքը քո կյանքում՝ հնազանդության և Իր հանդեպ հավատի միջոցով: Թող Տերը ոգեշնչի, առաջնորդի և առատորեն օրհնի յուրաքանչյուրիդ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:
© 2010 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Անգլերենի հաստատումը. 10/09:Թարգմանության հաստատումը. 10/09:To Have Peace and Happiness-ի թարգմանությունը: Armenian. PD50021030 201
^ Back to top