«Ահաբեկչություն, Հաղթանակ և ՀԱՐՍԱՆԵԿԱՆ Խնջույք»
ԵԿՀ Արբանյակային Հեռարձակում—12 սեպտեմբերի, 2004թ.
Երեց Ջեֆրի Ռ. Հոլանդ
Շնորհակալություն գալու համար, թեև չգիտեիք, թե ով էր խոսելու: Ինձ համար մեծ հաճույք է լինել այս երեկո այստեղ, ձեզ հետ: Շնորհակալություն ձեր ներկայության համար, բայց որտեղի՞ց եք դուք բոլորդ այստեղ եկել: (Մի պատասխանեք այս հարցին: Մենք ժամանակ չունենք դրա համար:) Եվ թեև ես չեմ կարող տեսնել ձեզ բոլորիդ, ես լավատեղյակ եմ արբանյակային այս հիանալի լսարանի մասին, որն աշխարհի ծայրերից հավաքել է ձեզ բոլորիդ` մոտ 80,000 մարդ: Մենք ողջունում ենք ձեզ բոլորիդ և շնորհակալություն հայտնում ձեր ներկայության համար, ինչպես նաև իմ այստեղ խոսելու ձեր հրավերքի համար:
Ես ուզում եմ ներողություն խնդրել Քույր Հոլանդի անունից: Նա շատ էր ուզում լինել մեզ հետ, սակայն այս երեկո նա Հյուստոնում է, Տեխաս որտեղ օգնում է մեր աղջկան ու նրա ամուսնուն, որոնք երեխա են ունեցել: Հյուստոնում հավաքվածները, եթե զգուշորեն շրջվեն և նայեն դեպի սենյակի ետևի մասը, կարող են տեսնել մի գեղեցիկ փոքրիկ տատիկի, որը թաքնվում է վերջին շարքում, իրեն ուսանողուհի ձևացնելով: Ես գիտեմ, թե որքան երիտասարդ տեսք ունի նա, եղբայրներ, նա արդեն զբաղված է: Ես նույնքան շնորհակալ եմ նրա աջակցության համար այնտեղ, որքան որ շնորհակալ կլինեի, եթե նա այս երեկո ինձ հետ լիներ այստեղ: Ես ձեզ եմ բերել նրա սերը, և միայն տատիկ լինելու նրա պարտականությունը այսպիսի պահերին նրան կարող է հեռու պահել մեզանից: Հերմանա Հոլանդ, տե ամո:
Ինչպես ձեզանից շատերը գիտեն, Քույր Հոլանդը և ես վերջերս ենք վերադարձել Չիլիում մեր երկու-տարվա հանձնարարությունից, որտեղ, ինչպես ձեզանից շատերն այսօր, մենք նստում էինք երիտասարդ ամուրիների և ինստիտուտի ուսանողների հետ ցցերի կենտրոններում, աշխարհի մեկ այլ ծայրում, դիտելու հեռվում գտնվող Եկեղեցու կենտրոնից եկող այս հեռարձակումները: Մենք նույնպես զգում էինք Տիրոջ Հոգին և մեր ղեկավարների սերը: Մենք հատկապես զգում էինք ամբողջ աշխարհում այն հազարավորների ընկերությունը, ովքեր նույն տարիքի էին, կիսում էին նույն հավատքը և ցանկանում նույն բաները լիարժեք և երջանիկ ապագայի համար:
Այս երեկո ես եկել եմ, մտածելով Չիլիում իմ երիտասարդ ընկերների մասին, սակայն միաժամանակ, նույնքան մտածելով մեր ընկերների մասին ողջ աշխարհում - Անգլիայում և Ֆրանսիայում, Կորեայում և Ճապոնիայում, Ավստրալիայում և Նիգերիայում, Ուկրաինայում, ինչպես նաև ողջ Հյուսիսային Ամերիկայում հավաքված ձեր բանակների մասին: «Ողջույն» ձեզ բոլորիդ, որ լեզվով էլ որ խոսեք, և, խնդրում եմ, իմացեք, որ ես ձեզ սիրում եմ: Այնքան մեծ ուժ կա մեր թվաքանակի մեջ: Ես աղոթում եմ, որպեսզի Տիրոջ Հոգին և օրհնությունները լինեն մեզ վրա, և անչափ մեծ ցանկություն ունեմ, որ այն, ինչ սովորեցնում եմ ձեզ համար օգտակար լինի:
Ահաբեկչություն
Այսօր ես ձեզ հետ ուզում եմ խոսել աշխարհում տեղի ունեցող անհանգստության և այն խնդիրների մասին, որոնց մենք հանդիպում ենք տանը և արտերկրում: Անշուշտ, բոլոր դարերում և ժամանակաշրջաններում եղել են խնդիրներ, սակայն երեկ, սեպտեմբերի 11-ին, երրորդ տարեդարձն էր դաժան և աներևակայելի դեպքի, որը ցնցեց ողջ աշխարհը: Իսկապես, դրա ողբերգական և մի գուցե, մշտական հետք թողած հետևանքները ազդել են այն ուղիների վրա, որոնցով աշխարհն այսօր ապրում է: Մի գուցե, երեկվա նման տարեդարձի հետևանքով, մեր ժամանակների վախն ու մտահոգությունները այսօր` սեպտեմբերի 12-ին, դեռ ձեր սրտերում են:
Ամեն դեպքում, անշուշտ մեր հարևանները, այն երկրների քաղաքացիները, որոնց մենք այսօր դիմում ենք այս հեռարձակման միջոցով, սեպտեմբերի 11-ից հետո հավասարակշռությունից դուրս են եկել, դարձել ավելի վախեցող, ավելի արթուն միջազգային իրադարձությունների և ամենուրեք հաճախ օգտագործվող նոր իմաստ ձեռք բերած ահաբեկչություն բառի պատճառով: Մի քանի տարի առաջ այդ բառը օգտագործվում էր միայն ցածրորակ կինոնկարները գովազդելու համար և Ստեֆեն Քինգի վեպերում: Այսօր, դժբախտաբար, այն ամենօրյա հաղորդում է մեր թերթերում, և հաճախ օգտագործվող բառ մեր զրույցներում, որ անգամ փոքր երեխաները, ներառյալ այս ժամանակ հատկապես Ռուսաստանի դպրոցական երեխաները, գիտակցում են, որ այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, կարող է դաժան արյունահեղությամբ գրոհվել «ահաբեկիչներ» կոչվող մարդկանց կողմից: Եվ կան դեռ այլ տեսակի աղետներ, բնական և այլ, որոնց մասին հաղորդում են նորություններում և որոնք մեզ հիշեցնում են, որ կյանքը կարող է փխրուն լինել, որ կյանքը կարող է ճակատագիրը փոխող իրադարձություններ պարգևել:
Վերջին Օրերը
Այս առումով, ես գիտեմ, որ ձեզանից շատերը սրտի խորքում մտածում են, թե ի՞նչ առնչություն ունի այս ամենն աշխարհի վերջի և ձեր կյանքի հետ: Շատերը հարցնում են. «Արդյո՞ք սա չէ Փրկչի Երկրորդ Գալստի ժամը և դրա հետ կապված այն ամենի, ինչի մասին մարգարեացվել է»: Իսկապես, սեպտեմբերի11-ից ոչ շատ ժամանակ անց մի միսիոներ, ողջ ազնվությամբ և հավատքով լի, ինձ հարց տվեց. «Երեց Հոլանդ, արդյո՞ք սա վերջին օրերը չեն»: Ես տեսա նրա դեմքի լրջությունը և նրա աչքերում արտացոլված վախը, ես ուզեցի համոզիչ լինել: Ես մտածեցի, որ մի գուցե ձեռքս նրա ուսին դնելը և մի փոքր հումորը կարող է փոքր ինչ ցրել նրա մտավախությունը: Գրկելով նրան, ես ասացի. «Երեց, մի գուցե ես կենդանի ամենախելացի էակը չեմ, սակայն անգամ ես գիտեմ Եկեղեցու անունը»: Ապա մենք խոսեցինք «Վերջին Օրերի» Սրբեր լինելու մասին:
Ես ասացի. «Այո, Երեց, մենք վերջին օրերում ենք ապրում, և դա նորություն չէ: Փրկչի խոստացված Երկրորդ Գալուստը սկսվեց 1820-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքով: Այսպիսով, մենք արդեն մոտ184 տարի է, ինչ վկա ենք Երկրորդ Գալստին և վերջին օրերին: Մենք կարող ենք համոզված լինել, որ մենք վերջին օրերում ենք, տարիներ ու տարիներ շարունակ»: Դա ասելուց հետո ես ընկերաբար սեղմեցի նրա ձեռքը և ճանապարհեցի:
Նա ժպտաց, կարծես ավելի համոզված լինելով, որ որոշակի իմաստ տեսավ այդ ամենի մեջ, և գնաց իր ճանապարհով: Կարծում եմ, նա վաղուց հաջողությամբ ավարտել է իր միսիան և այժմ երջանիկ է, գտնվելով տանը, ապրելով իր սովորական կյանքով, և մի գուցե նստած է այս մեծ լսարանում ինչ-որ տեղ, նայելով իր կողքերը կին գտնելու համար: (Եվ ճիշտ էլ կանի:)
Ես շտապում եմ ասել, որ գիտեի, թե ինչի մասին էր իրականում հարցնում այդ երիտասարդը: Այն, ինչ նա իսկապես ի նկատի ուներ, հետևյալն է. «Կհասցնե՞մ ես ավարտել իմ միսիան: Կա՞ որևէ իմաստ կրթություն ստանալու մեջ: Կարո՞ղ եմ հույս ունենալ, որ կամուսնանամ: Արդյո՞ք ես ապագա ունեմ: Կա՞ որևէ երջանկություն ինձ համար առջևում»: Եվ ես ձեզ բոլորիդ ասում եմ այն, ինչ նրան ասացի երեք տարի առաջ: «Այո, անշուշտ – իմ պատասխանն է այդ բոլոր հարցերին»:
Ինչ վերաբերվում է վերջնական, հրապարակայնորեն կայանալիք Երկրորդ Գալստի ժամին և դրա հետ կապված երկիրը ցնցող իրադարձություններին, ես չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա: Ավելին, Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասաց, որ չգիտի, թե երբ է դա տեղի ունենալու, որովհետև ոչ ոք չգիտի, թե երբ է դա տեղի ունենալու: Փրկիչն ասել է, որ անգամ հրեշտակները երկնքում չեն իմանալու (տե’ս Մաթևոս ԻԳ.36):
Մենք պետք է տեսնենք նշանները և հասկանանք ժամանակների իմաստը, մենք պետք է ապրենք որքան հնարավոր է հավատարիմ կյանքով, և մենք պետք է կիսվենք ավետարանով բոլոր նրանց հետ, ում հանդիպում ենք, որպեսզի օրհնություններն ու պաշտպանությունը մատչելի լինեն բոլորին: Սակայն մենք կարիք չունենք և չպետք է կաթվածահար լինենք միայն այն պատճառով, որ այդ իրադարձությունը, և դրա հետ կապված մյուս դեպքերը, մեզ սպասում են առջևում: Մենք չենք կարող դադարել ապրել մեր կյանքը: Ընդհակառակը, մենք ավելի լիարժեք կյանքով պետք է ապրենք: Այս ամենից հետո գալու է Ժամանակների լրության Ժամանակաշրջանը:
Ես սա ասում եմ, որովհետև վերջին ժամանակներում, սեպտեմբերի 11-ից հետո, կարծում եմ, ես շատ եմ լսել ձեր հասակակիցներից եկող վախեցնող ու անգամ ճնշող մտքեր, որոնք ի նկատի ուներ այդ միսիոները: Ես լսել եմ, թե ինչպես ձեզանից ոմանք հարցնում են, թե արդյոք իմաստ ունի կրթություն ստանալ, կամ կարիերայով զբաղվել, եթե աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, այսքան անորոշ է: Ես անգամ լսել եմ, ինչպես է սիրահարված զույգը հարցնում «Մենք չգիտենք, թե արդյոք պետք է ամուսնանալ այսպիսի անորոշ ժամանակներում»:
Առավել տխուր է լսել, թե ինչպես են նորապսակները հարցնում, թե արդյոք պետք է երեխաներ ունենալ ահաբեկչությամբ լի այս աշխարհում, որն ապրում է վերջին օրերի աղետները: Թույլ տվեք ձեզ ասել, որ նման մոտեցումներն ինձ ավելի շատ են անհանգստացնում, քան Ալ-Քաիդան:
Ես միայն երկու խոսք կուզենայի ասել ձեզ բոլորիդ, ովքեր անհագստացած են իրենց ապագայով: Ես ասում եմ դա սիրով և սրտիս խորքից:
Առաջին, ոչ մի տարիքում և ոչ մի հանգամանքներում մենք երբեք չպետք է թույլ տանք, որ վախը և վախի հայրը (ինքը Սատանան) շեղեն մեզ մեր հավատքից և հավատարիմ կյանքից: Միշտ եղել են հարցեր ապագայի մասին: Յուրաքանչյուր երիտասարդ անձ կամ զույգ յուրաքանչյուր դարաշրջանում պետք է հավատքով քայլի այնտեղ, որտեղ միշտ կա որոշ անորոշություն, սկսած Եդեմի պարտեզում Ադամի և Եվայի անհաստատուն քայլերից: Սակայն դա նորմալ է: Դա է ծրագիրը: Ամեն ինչ լավ կլինի: Միայն հավատարիմ եղեք: Աստվածն է ղեկավարում: Նա գիտի ձեր անունը և Նա գիտի ձեր կարիքները:
Հավատք Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ, սա է ավետարանի առաջին սկզբունքը: Մենք պետք է առաջ գնանք, ինչպես ասվում է Նյուել Դեյլիի օրհներգում, որը տուրք է մատուցում մեր նախնի պիոներներին, «Հավատքով ամեն քայլում»,1 սակայն, այդ վաղ պիոներների պես, դուք պետք է շարունակեք քայլել` մի քայլ, հետո երկրորդը, երրորդը, ահա թե ինչպես է աշխատանքն իրականացվում, նպատակները կատարվում և նվաճումներ ձեռք բերվում: Ավելի աստվածային լեզվով ասած, այդպես են ստեղծվում աշխարհները, և այդպես պետք է ստեղծվի ձեր աշխարհը:
Աստված ակնկալում է, որ դուք պետք է ունենաք բավականին հավատք և վճռականություն, վաստահություն Իր հանդեպ, որպեսզի կարողանաք շարունակել առաջ գնալ, ապրել և ուրախանալ: Իրականում, Նա ակնկալում է, որ դուք ոչ թե պարզապես դիմավորեք ապագան (դա բավականին ձանձրալի է հնչում): Նա ակնկալում է, որպեսզի դուք գրկեք և ձևավորեք ապագան, սիրեք այն և ուրախանաք դրանով` ձեր հնարավորությունների սահմաններում:
Աստված անհամբեր սպասում է ձեր աղոթքներին պատասխանելու և ձեր երազանքները իրականացնելու հնարավորությանը, ինչպես և Նա միշտ անում է: Սակայն Նա չի կարող դա անել, եթե դուք չեք աղոթում, և Նա չի կարող, եթե դուք չեք երազում: Այսինքն, Նա չի կարող, եթե դուք չեք հավատում:
Երեխաներին քնեցնելուց հեքիաթներ պատմելու մեծ փորձ ունենալով, ես կասեի, որ դուք պետք է ընտրեք ձեր ճանապարհը: Դուք կարող եք նմանվել «Փոքրիկ ճուտիկին», որը վազվզում էր, գոչելով «Երկինքը ընկնում է, երկինքը ընկնում է», կամ կարող եք նմանվել Փոքրիկ Կարմիր Հավիկին, որը շարունակում է արդյունավետությամբ անել իր գործերը, անկախ նրանից, թե մյուսներն օգնում են իրեն կամ մտածում են նույն ձևով, թե ոչ:
Այսքանը իմ գյուղական պատմությունների մասին: Ահա երկու սուրբ գրություններ, որոնք ուղղված են նրանց, ովքեր ապրում են անհանգիստ ժամանակներում:
Առաջինը Վարդապետություն և Ուխտերի Բաժին 101-ից է: Եթե հիշում եք, այս հայտնությունը տրվեց Միսուրիում հավաքված Սրբերին, որոնք դաժան հալածանքների էին ենթարկվում: Ամենամեծ հալածանքների ժամանակ էր: Ամբոխը վտարել էր նրանց իրենց տներից: Թշնամությունը, անգամ ատելությունը, հետապնդում էին նրանց գավառից գավառ, որտեղ նրանք ապաստան էին փնտրում: Այդ ահաբեկված Սրբերը կորցրել էին իրենց հողերը, անասունները, հագուստը, կահույքը, ցորենը և անձնական այլ ունեցվածքները: Ամեն օր մահվան սպառնալիքներ էին լսվում: Կարծում եմ, սա ամենադժվար ու վտանգավոր պահերն էին, ես կասեի «ահով լի» ժամանակները, որ Եկեղեցին երբևէ ապրել է: Հետագայում այնպիսի արտահայտությունները, ինչպես «Հոնի Ջրաղացը» և «Լիբերթի Բանտը» ընդմիշտ իրենց տեղն են գտել մեր բառարաններում: Անգամ այդ սաստիկ ժամանակներում Տերն ասաց Իր ժողովրդին.
«Հետևաբար թող ձեր սրտերը մխիթարվեն Սիոնի վերաբերյալ. քանզի ամեն մարմին իմ ձեռքում է. հանգիստ եղեք և իմացեք, որ ես եմ Աստվածը:
Սիոնը չի շարժվի իր տեղից, չնայած որ նրա զավակները ցրվել են:
Նրանք, ովքեր մնում են, և մաքուր են սրտով, պիտի վերադառնան և հասնեն իրենց ժառանգություններին, նրանք և նրանց զավակները, հավիտենական ուրախություն երգելով` կառուցելու Սիոնի ամայի վայրերը –
Եվ այս ամենը` որպեսզի մարգարեների մարգարեությունները կատարվեն (տե’ս ՎևՈւ 101.16-19):
Այսպիսով, իմ երիտասարդ ընկերներ, թող ձեր սրտերը մխիթարվեն Սիոնի վերաբերյալ: Եվ հիշեք, որ Սիոնի առավել կարևոր բնութագիրը, որը մեզ երբևէ տրվել է, նրանք են, ովքեր «մաքուր են սրտով» (տե’ս ՎևՈւ 97.21): Եթե դուք ձեր սրտերը մաքուր պահեք, դուք, ձեր երեխաները և ձեր թոռները կերգեն հավիտենական ուրախության երգերը, մինչ դուք կկառուցեք Սիոնը, և դուք չեք շարժվի ձեր տեղից:
Մյուս հատվածը, որի մասին ես խոսում էի, Փրկչի խոսքերն են ուղղված Իր աշակերտներին, երբ Նա կանգնած էր Իր Խաչման առաջ, իսկ նրանք ապրում էին վախ, շփոթություն և հալածանք: Նրանց ուղղված Նրա վերջին մահկանացու խորհրդի մեջ, շատ լավ իմանալով, թե ինչ է սպասվում Իրեն և նրանց, Նա ասաց.
«Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք. աշխարհքումը նեղություն կունենաք. բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհքին» (Հովհաննես ԺԶ.33):
Այսպիսով, տառապանքով լի աշխարհում, և դա միշտ էլ բավականին շատ կլինի, եկեք հիշենք մեր հավատքը: Եկեք հիշենք մյուս խոստումները և մարգարեությունները, որոնք տրվել են, բոլոր վերահաստատումները, և եկեք ավելի լիարժեք կյանքով ապրենք, ավելի համարձակ և խիզախ, քան մեր պատմության մեջ որևէ այլ ժամանակ:
Քրիստոսը հաղթել է աշխարհին և մեզ համար ուղիղ ճանապարհ է հարթել անապատում: Մեր օրերում Նա մեզ ասել է. «Գոտեպնդեք ձեր մեջքը և պատրաստվեք: Ահա, արքայությունը ձերն է, և թշնամին չպիտի հաղթի» (ՎևՈւ 38.9): Այսպիսով, եկեք պատրաստվենք: Եկեք ուրախություն գտնենք հավիտենական ուրախության երգերը երգելիս:
Հաղթանակ
Սա ուղղակիորեն տանում է դեպի մեկ այլ հարցի, որի մասին ես ուզում եմ խոսել, որն է` այն օրը, որում ապրում եք դուք և ես: Անհանգիստ ժամանակներում, մենք հակված ենք ավելի շատ կենտրոնանալ (ինչպես անում էր իմ երիտասարդ միսիոներ ընկերը) այդ անվան «Վերջին Օրեր» բառերի վրա:
Սակայն այսօր ես կոչ եմ անում ձեզանից յուրաքանչյուրին կենտրոնանալ այդ արտահայտության «Սրբեր» բառի վրա: Սա է մեր Եկեղեցու անվան այն մասը, որին պետք է ուշադրության արժանացնել: Մտածեք այն օրհնությունների մասին, որոնք մենք վայելում ենք: Մտածեք այն նշանակալից դարաշրջանի մասին, որում մենք ապրում ենք: Մտածեք տնտեսական և կրթական, գիտական և հոգևոր օրհնությունների մասին, որոնք մենք ունենք և որոնք չեն ունեցել աշխարհի պատմության մեջ ոչ մի դարաշրջանի մարդիկ, և հետո մտածեք արժանավոր կյանքով ապրելու այն պատասխանատվության մասին, որով պետք է ապրենք այս ժամանակներում:
Մեծ դարաշրջան
Մենք մեր դերն ենք կատարում մահկանացու կյանքի բեմի վրա մարդկությանը տրված ավետարանի մեծագույն ժամանակաշրջանում և մենք դրանից պետք է շատ բան քաղենք:
Ահա Ջոզեֆ Սմիթ Մարգարեից իմ սիրված մեջբերումը.
«Սիոնի կառուցումը մի նպատակ է, որը հետաքրքրել է Աստծո ժողովրդին բոլոր դարերում, դա այն թեման է, որը խորհելու առարկա է եղել մարգարեների, քահանաների և թագավորների համար, նրանք առաջ են նայել ուրախ սպասումով, երբ կգա այն օրը, որում մենք ապրում ենք այսօր, և վառվելով երկնային ուրախ սպասումներով, նրանք երգել, գրել և մարգարեացել են այս օրերի մասին: . . . Մենք Աստծո սիրված ժողովուրդն ենք, որն ընտրվել է առաջ բերելու Վերջին օրերի փառքը»:2
Ուշադրություն դարձրեք, որ նմանատիպ հավաստիացում գալիս է Վիլֆորդ Վուդրուֆից 1894-ին: Ես գուցե կարիք չունեմ ձեզ հիշեցնելու այն ծայրահեղ դժվարությունները, որոնց առաջ էր կանգնած Նախագահ Վուդրուֆը: Այստեղ` արևմուտքում, այդ տարիները, իմ կարծիքով, իրենց ուրույն ձևով նույնքան ահավոր էին, որքան Միսսուրիի դեպքերը, որոնք ես նկարագրեցի: Մարգարեները մեկուսացված, առաքյալները բանտում, վախը (ըստ Նախագահ Վուդրուֆի իսկ սեփական խոսքերի), որ ողջ երկիրը դառնում է մեր մարդկանց դեմ, պատրաստվելով պատերազմել Եկեղեցու դեմ:3
Այնուամենայնիվ, այդ դժվարությունների մեջ Նախագահ Վուդրուֆն ասում է.
«Ամենազորը մեր ժողովրդի հետ է: Մենք կունենանք այն բոլոր հայտնությունները, որոնց կարիքն ունենք, եթե կատարենք մեր պարտականությունը և հնազանդվենք Աստծո պատվիրաններին: . . . Քանի դեռ ես . . . ապրում եմ, ես կկատարեմ իմ պարտականությունը: Ես ցանկանում եմ, որ Վերջին Օրերի Սրբերը կատարեն իրենց պարտականությունը: . . . Նրանց պարտականությունները մեծ և զորեղ են: Աստծո և բոլոր սուրբ մարգարեների աչքերը հետևում են մեզ: Սա այն մեծ ժամանակաշրջանն է, որի մասին խոսվել է աշխարհի սկզբից ի վեր: Մենք հավաքված ենք միասին . . . Աստծո զորությամբ և պատվիրանով: Մենք անում ենք Աստծո աշխատանքը: . . . Եկեք կատարենք մեր առաքելությունը»:4
Վերջապես, թույլ տվեք կիսվել մեր ժամանակակից մարգարեի Նախագահ Հինքլիի խոսքերով, որը ներկայումս առաջնորդում է մեզ այս դժվար ժամանակներում: Մեջբերելով այս տարվա ապրիլի համաժողովի ելույթից, մի թեմայի շուրջ, որի մասին խոսում էր Նախագահ Վուդրուֆը, նա ասաց մեզ բոլորիս.
«Մենք, այս սերնդի ներկայացուցիչներս, վերջին հունձքն ենք այն բոլորի, որոնք եղել են մեզանից առաջ: Բավական չէ միայն հայտնի լինել որպես այս Եկեղեցու անդամ: Լուրջ պատասխանատվություն է դրված մեզ վրա: Եկեք ընդունենք այն և աշխատենք այդ ուղղությամբ:
Մենք պետք է ապրենք իբրև Քրիստոսի ճշմարիտ հետևորդներ, գթություն ունենալով բոլորի հանդեպ, բարին վերադարձնելով չարի դիմաց, օրինակով սովորեցնելով Տիրոջ ուղիները և կատարելով այն մեծ ծառայությունը, որը Նա նախանշել է մեզ համար:
Թող մենք արժանի ապրենք լույսի, հասկացողության և հավիտենական ճշմարտության այդ փառավոր օժտմանը, որը մեզ է գալիս անցյալի բոլոր դժվարությունների միջից: Ինչ-որ նպատակով, այն բոլորի միջից, ովքեր քայլել են երկրի երեսին մեզանից առաջ, մենք առաջ ենք եկել այս առանձնահատուկ և նշանավոր ժամանակաշրջանում: Եղեք երախտապարտ, առավել ևս, եղեք հավատարիմ»:5
Ինձ համար հետաքրքիր է, որ այս երեք հատվածներում նշանակալից ժամանակի ընթացքում մեր մարգարեները կենտրոնանում են ոչ թե իրենց ապրած ժամանակների ահաբեկիչ բնույթի, ոչ թե այն մեր վերջին օրերի վտանգավոր տարրերի վրա, այլ խոսում են այն հնարավորության և օրհնության, և ամենակարևորը պատասխանատվության մասին, ընդգծելու համար այն արտոնությունները, որոնք մեզ են տրվել բոլոր ժամանակներից այս ամենամեծ ժամանակաշրջանում: Ես շատ եմ սիրում Մարգարե Ջոզեֆ Սմիթի խոսքն այն մասին, որ անցյալում մարգարեները, քահանաները և թագավորները «ուրախ սպասումով առաջ են նայել, թե երբ կգա այն օրը, որում մենք ապրում ենք այսօր, և նրանք երգել, գրել և մարգարեացել են մեր այս օրերի մասին»: Ինչո՞ւ էին նրանք այդքան ուրախ: Ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ նրանք չէին կենտրոնանում ահաբեկչության և ողբերգության վրա: Եղբայր Վուդրուֆի խոսքերն էին. «Աստծո և բոլոր սուրբ մարգարեների աչքերը հետևում են մեզ: Սա այն մեծ ժամանակաշրջանն է, որի մասին խոսվել է աշխարհի սկզբից ի վեր»:6 Թույլ տվեք կրկնել Նախագահ Հինքլիի խոսսքերը. «Անցյալի բոլոր դժվարությունների միջից, ինչ որ նպատակով, . . . մենք առաջ ենք եկել այս առանձնահատուկ և նշանավոր ժամանակաշրջանում: Եղեք երախտապարտ, առավել ևս, եղեք հավատարիմ»:
Չգիտեմ, թե ինչ եք զգում այս ամենից հետո, սակայն ինձ անմիջապես լքում է մեր ժամանակների մասին որևէ անկարևոր մտահոգություն, և ես խոնարհեցվում եմ, հոգեպես ոգեշնչվում և ոգևորվում եմ այն հնարավորության համար, որը տրվել է մեզ: Տերը հետևում է Իր աշխարհին, Իր Եկեղեցուն, Իր ղեկավարներին և Նա, անշուշտ, հետևում է ձեզ: Եկեք միայն լինենք «սրտով մաքուր» և մնանք հավատարիմ: Որքան օրհնված դուք կլինեք: Որքան հաջողակ կլինեն ձեր երեխաներն ու թոռները:
Մտածեք այդ մասին: Ավետարանի վաղ շրջանից ի վեր ոչ ոք, ներառյալ մեր ծնողները, չեն ունեցել նման օրհնություններ, ինչպիսին ունենք մենք:
Մտածեք այն օգնության մասին, որ մենք ունենք ավետարանի լույսը խավար աշխարհին տալու գործում: Մենք մոտավորապես 55,000 միսիոներ ունենք, ակնհայտորեն, շատ ավելի, քան աշխարհի պատմության մեջ որևէ ժամանակ, սկսած ժամանակների սկզբից: Եվ այդ թիվը կրկնապատկվում է ամեն երկու տարին մեկ, և նորերը գալիս են փոխարինելու իրենց նախորդներին: Սակայն մեզ ավելին է պետք: Մենք ունենք ՎՕՍ-ի ներկայությունը 173 երկրներում: Մենք հրատարակում ենք մեր սուրբ գրությունները ավելի քան1400 լեզուներով:
6,000 տարի առաջ հին աշխարհում կար միայն մեկ տաճար (այն վերակառուցվել է երկու-երեք անգամ, սակայն միշտ մնացել է նույն տաճարը նույն Մորիա լեռան վրա, Երուսաղեմում) և երկու կամ երեք տաճար Մորմոնի Գրքի պատմության մեջ, այսօր մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ տաճարների թիվն այնքան արագ է աճում, որ չենք հասցնում հաշվել: Մի քանի րոպե առաջ մենք ունեինք 119 գործող տաճար, և ես վստահ եմ, որ ավելի շատերի կառուցման մասին կհայտարարվի:
Ավելացնենք համակարգիչների հրաշքը, որը մեզ օգնում է գրանցել մեր ընտանեկան պատմությունը և կանոնավոր ձևով կատարել փրկող արարողությունները մեր մահածացների փրկագնման համար: Ավելացնենք ժամանակակից տրանսպորտային միջոցները, որոնք Առաջին Նախագահությանը, Տասներկուսին և Բարձրագույն այլ Իշխանություններին թույլ են տալիս շրջել երկրագնդով մեկ և Տիրոջ մասին Սրբերին անձամբ վկայություն բերել բոլոր երկրներում: Ավելացնենք այն, որ որտեղ մենք այսօր չենք կարող գնալ, այնտեղ կարող ենք ուղերձներ ուղարկել, ինչպես ասում են սուրբ գրությունները,10 արբանյակային հեռարձակման միջոցով, ինչպիսին օգտագործում ենք այս երեկո (տե’ս ՎևՈւ 84.62):
Ավելացնենք կրթության, գիտության, տեխնոլոգիաների, հաղորդակցման, տրանսպորտի, բժշկության, սննդի և հայտնության բոլոր տարրերը, որոնք շրջապատում են մեզ, և մենք սկսում ենք հասկանալ, թե ինչ նկատի ուներ Մորոնի հրեշտակը, երբ բազմաթիվ անգամ ասում էր մարգարե Ջոզեֆ Սմիթին տղա հասակում, մեջբերելով Հին Կտակարանի մարգարե Հովելին, որ վերջին օրերում Աստված կթափի Իր հոգին ամեն մարմնի վրա և որ ողջ աշխարհը, ողջ մարդկությունը կօրհնվի այն լույսով, որը կտրվի բոլոր բնագավառներում, որպես Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման մաս (Հովել Բ.28, շեղագիր բառերն ավելացված են; տես նաև Ջոզեֆ Սմիթ – Պատմություն 1.41):
Մենք մտածում ենք այդ բոլոր օրհնությունների մասին, որոնք ունենք մեր ժամանակաշրջանում, և դադար ենք առնում, որպեսզի ասենք մեր Երկնային Հորը. «Ինչ մեծ ես Դու»7 և «Ինչ բարի ես Դու»:
Իրականում, ես մի տեսություն ունեմ այդ վաղ ժամանակաշրջանների և այդ ժամանակ ապրող ղեկավարների, ընտանիքների և մարդկանց մասին, որոնց մասին խոսել են Մարգարե Ջոզեֆ Սմիթը, Նախագահ Վուդրուֆը և Նախագահ Հինքլին: Ես հաճախ եմ մտածել նրանց մասին, ինչպես նաև այն կործանարար պայմանների մասին, որոնց մեջ նրանք գտնվել են: Նրանք սոսկալի դժվար ժամանակներ են ապրել և հիմնականում հաջողության չեն հասել: Ուրացությունը և խավարը ի վերջո վրա են հասել մարդկային պատմության վաղ շրջանում: Իսկապես, այս վերջին օրերում ավետարանի Վերականգնման ողջ իմաստն այն է, որ այն չի կարողացել գոյատևել վաղ ժամանակներում և, հետևաբար, պետք է ի հայտ գար մեկ ուրիշ, վերջին հանդիսավոր ժամանակաշրջանում:
Մենք գիտենք, թե ինչ դժվարություններ է տեսել Աբրահամի սերունդը (և դեռ տեսնում են): Մենք գիտենք Իսրայելացիների հետ ունեցած Մովսեսի դժվարությունների մասին, որոնք հեռացան Եգիպտոսից, սակայն չկարողացան ազատվել Եգիպտոսի ազդեցությունից: Եսայիան այն մարգարեն էր, որը տեսավ Իսրայելի տաս ցեղերի կորուստը դեպի հյուսիս: Երեմիան, Եզեկիելը և Դանիելը, բոլորը գերության ժամանակների մարգարեներ էին: Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսը և Պողոսը, Նոր Կտակարանի մեծ դեմքերը, բոլորը տեսան, ինչպես ուրացությունը ներխուժեց իրենց աշխարհ, երբ դեռ Փրկիչը չէր հեռացել և դեռ իրենք ապրում էին: Մտածեք Մորմոնի Գրքի մարգարեների մասին, որոնք ապրում էին այն ժամանակաշրջանում, որն ավարտվում է այսպիսի ցավալի հաղորդակցումով Մորմոնի և Մորոնիի միջև, այն դժվարությունների մասին, որ նրանք հանդիպեցին, և այն մարդկանց մասին, որոնց նրանք սիրում էին, երբ ամեն ինչը վերածվեց քաոսի, ահաբեկչության և ապականության:
Մի խոսքով, ուրացությունն ու կործանումը, իրենց այս կամ այն դրսևորումով, յուրաքանչյուր մեծ ժամանակաշրջանի վերջնական ճակատագիրն է, եթե գնում ենք դեպի անցյալ: Բայց ահա իմ տեսությունը: Ըստ իմ տեսության այդ մեծ տղամարդիկ և կանայք, այդ անցյալի առաջնորդները, շարունակում էին գնալ, վկայել, անել լավագույնը, ոչ թե նրա համար, որ իրենք հաջողության հասնեին, այլ որ դուք հաջողության հասնեիք: Ես հավատացած եմ, որ նրանք քաջություն և հույս էին քաղում ոչ այդքան իրենց պայմաններից, որքան ձեր` ձեզ նման երիտասարդ ամուրիների հրաշալի բանակից, որ այսօր այստեղ հավաքվել է հարյուր հազարներով աշխարհի բոլոր ծայրերից վճռական ջանք գործադրելով տեսնելու համար ավետարանի հաջողությունն ու հաղթանակը:
Մորոնին ասել է, դիմելով մեզ, այսինքն նրանց, ովքեր վերջին օրերում պետք է ստանային իր գրառումները.
«Ահա, Տերն ինձ ցույց է տվել մեծ և զարմանալի բաներ նրա վերաբերյալ, ինչ պետք է շուտով գա, այն օրը, երբ այս բաներն առաջ կգան ձեր մեջ: Ահա, ես խոսում եմ ձեզ հետ, կարծես դուք ներկա լինեք, և սակայն դուք ներկա չեք: Բայց ահա, Հիսուս Քրիստոսը ձեզ ցույց է տվել ինձ, և ես գիտեմ ձեր արարքները» (Մորմոն 8.34-35):
Այս կամ այն ձևով, ես կարծում եմ, որ գրեթե բոլոր մարգարեները և անցյալի առաքյալները մեր ժամանակների մասին տեսիլքներ են ունեցել, որոնք նրանց քաջություն են պարգևել իրենց ոչ այդքան հաջող ժամանակներում: Անցյալի այդ եղբայրները զարմանալիորեն շատ գիտեին մեր մասին: Այնպիսի մարգարեները, ինչպիսիք են Մովսեսը, Նեփին և Հարեդի եղբայրը, տեսել են վերջին օրերը մեծ մանրամասնությամբ: Նրանց տեսածից շատ տեսարաններ հաճելի չէին, սակայն անկասկած այդ վաղ սերունդները մխթարվում էին, իմանալով, որ ի վերջո կլինի մի սերունդ, որը չի ընկնի:
Մեր, և ոչ թե նրանց, օրն էր իրենց երկնային և ուրախ ակնկալիքներ պարգևում, և պատճառ դառնում, որ նրանք երգեն և մարգարեանան հաղթանակի մասին: Մերն են այն օրերը, ընդհանուր առմամբ, որոնց նայում էին մարգարեները ժամանակների սկզբից, և այդ վաղ դարերի եղբայրները այնտեղ են և քաջալերում են մեզ: Ամենաիրական իմաստով, իրենց հաջողակ համարելու նրանց հնարավորությունները կախված են մեր հավատարմությունից և մեր հաղթանակից: Ինձ դուր է գալիս այն միտքը, որ վերջին օրերում ես պետք է գնամ մարտնչելու, ներկայացնելով Ալմային և Աբիանդիին, ներկայացնելով Պետրոսին և Պողոսին ու նրանց կատարած զոհաբերությունները: Եթե ձեզ չի ոգևորում պատմության այդ տեսակի մեծ հանձնարարականը, ապա ոչինչ չի ոգևորի:
Հարսանեաց խնջույք
Թույլ տվեք ժամանակաշրջանի այս մտահղացմանը մեկ տարր ևս ավելացնել, որն, իմ կարծիքով, ինքնստինքյան հետևում է: Քանի որ մերն է բոլոր ժամանակաշրջաններից ամենավերջինն ու մեծագույնը, քանի որ բոլոր բաները ի վերջո պետք է ավարտվեն և իրականան մեր դարաշրջանում, կա, հետևաբար մի որոշ, մի շատ հատուկ պարտականություն, որը վերաբերվում է մեզ` այսօր Եկեղեցում գտնվողներիս, և որը դրված չէր վաղ ժամանակների Եկեղեցու անդամների ուսերին այն ծանրությամբ, որով դրված է մեզ վրա: Ի տարբերություն Աբրահամի կամ Մովսեսի, Եսայիայի կամ Եզեկիելի, կամ անգամ Հակոբոսի և Հովհաննեսի Նոր Կտակարանի օրերի Եկեղեցուն, մենք պատասխանատվություն ենք կրում պատրաստելու Աստծո Գառի Եկեղեցին Աստծո Գառին անձամբ ընդունելու համար, հաղթական փառքի մեջ, Իր Հազարամյա դերի մեջ որպես Տերերի Տեր և Թագավորների Թագավոր: Ոչ մի այլ ժամանակաշրջան չի ունեցել նման պատասխանատվություն:
Սուրբ գրությունների լեզվով ասած, մենք ենք մարդիկ, որոնք ողջ պատմության մեջ նշանակվել են պատրաստելու հարսին փեսայի համար և արժանի լինելու մասնակցելու հարսանեաց խնջույքին (տե’ս Մաթևոս ԻԵ.1-12; ԻԲ.2-14; ՎևՈւ 88.92,96): Ընդհանուր առմամբ, լինի դա մեր կյանքի ընթացքում, թե մեր երեխաների կամ թոռների կյանքի ժամանակ, որպես Եկեղեցի և որպես այդ Եկեղեցու առանձին անդամներ մենք պատասխանատվություն ենք կրում, արժանի լինելու, որ Քրիստոսը գա մեզ մոտ, որ Նա ողջունի մեզ, ընդունի և Իր գիրկն առնի մեզ: Այն կյանքերը, որոնք մենք ներկայացնում ենք Նրան այս սուրբ ժամին, պետք է արժանի լինեն Նրան:
Մենք պետք է ընդունելի լինենք Նրա համար
Այսպիսով, մի կողմ դնելով ապագայի հանդեպ վախերը կամ բակի ետևում ռմբակոծումից պաշտպանվելու ապաստանի չափսերի մասին մտահոգությունները, ես լցվում եմ ահով, պատասխանատվության զգացումի մի ճնշող զգացումով, որի համաձայն պետք է պատրաստեմ իմ կյանքը (և այն չափով, որով կարող եմ օգնել պատրաստել Եկեղեցու անդամների կյանքերը) այդ մարգարեության երկար սպասված օրվան, իշխանության փոխանցմանը, այն ժամանակի համար, երբ մենք կներկայացնենք Եկեղեցին Նրան, ում Եկեղեցին է սա:
Ես գիտեմ, որ երբ Քրիստոսը գա, Նրա Եկեղեցու անդամները պետք է երևան և գործեն այնպես, ինչպես վայել է Նրա Եկեղեցու անդամներին, եթե ուզում ենք ընդունելի լինել Նրա կողմից: Մենք պետք է անենք Նրա գործը և ապրենք Նրա ուսմունքներով: Նա պետք է արագ ու հեշտությամբ ճանաչի մեզ որպես Իր ճշմարիտ աշակերտների: Ինչպես մի առիթով ասել է Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկը. «Մեր հավատքը չպետք է դժվար լինի տարբերել»:8
Այո, եթե այդ վերջին մեծ ժամին մենք ասենք, որ հավատացյալ ենք, ապա ավելի լավ կլինի, եթե կարողանանք ապացուցել դա: Հովիվը ճանաչում է իր ոչխարներին և այդ մեծ օրը մենք պետք է երևանք որպես Նրա հետևորդներ և գործով, և խոսքով:
Անշուշտ, այս նպատակով է ասել Նախագահ Հինքլին.
«Բավական չէ, [որ մենք, դուք և ես, այժմ մեր ժամանակներում] պարզապես հայտնի լինենք որպես այս Եկեղեցու անդամ: . . . Մենք պետք է ապրենք իբրև Քրիստոսի ճշմարիտ հետևորդներ»:9
Այո, իմ սիրելի երիտասարդ ընկերներ, սրանք վերջին օրերն են, և ես ու դուք լավագույն Վերջին Օրերի Սրբերն ենք, որ կարող ենք լինել: Շեշտը այստեղ դրեք վերջին խոսքի վրա:
Ե՞րբ այս ամենը կվերջանա: Ե՞րբ պետք է Քրիստոսը հրապարակայնորեն և հաղթական հայտնվի, և ե՞րբ պետք է սկսվի Հազարամյակը: Ես արդեն ասացի ձեզ, որ չգիտեմ: Բայց ես գիտեմ մի բան, որ այդ իրադարձության սկզբնական պահերն արդեն տեղի են ունեցել 184 տարի առաջ: Ես գիտեմ, որ Առաջին Տեսիլքի և դրան հետևող դեպքերի արդյունքում, մենք ապրում ենք աննախադեպ օրհնությունների ժամանակներում, օրհնություններ, որոնք տրվել են մեզ հավատարիմ և մաքուր ապրելու նպատակով, որպեսզի երբ փեսան վերջնականորեն և հանդիսավոր ձևով գա, Նա արդարացիորեն կարողանա հրավիրել մեզ հարսանեական խնջույքին:
Կա՞ արդյոք երջանիկ ապագա ձեր և ձեր սերունդների համար այս վերջին օրերում: Բացարձակ, ամենայն համոզվածությամբ ասում եմ` սքանչելի ապագա է սպասվում: Հարսնեական բոլոր խնջույքները երջանիկ իրադարձություններ են: Կլինե՞ն արդյոք դժվար ժամանակներ, երբ կիրականան վերջին օրերին սպառնացող այս նախազգուշացումներն ու մարգարեությունները: Իհարկե, կլինեն: Միշտ էլ եղել են: Եղեք պատրաստ: Արդյո՞ք նրանք, ովքեր կառուցված են Քրիստոսի մեծ վեմի վրա, կդիմակայե՞ն նման քամիներին, կարկուտին, զորեղ փոթորիներին, պտտահողմերին: Դուք գիտեք, որ նրանք կդիմակայեն: Դուք ունեք այդ խոսքը: Դուք ունեք Նրա խոսքը: Այդ վեմը, որի վրա դուք կառուցված եք, հաստատուն վեմ է, վեմ, որի վրա եթե տղամարդը կամ կինը կառուցում են, չի կարող ընկնել (տե’ս Հելաման 5.12):
Իմ սիրելի երիտասարդ եղբայրներ և քույրեր, ես թողնում եմ ձեզ հետ իմ սերը և իմ վկայությունը, որ Աստված ոչ միայն ապրում է: Նա նաև սիրում է մեզ: Նա սիրում է ձեզ: Այն ամենը, ինչ Նա անում է, մեր իսկ օգտի և պաշտպանության համար է: Աշխարհում չարիք ու վիշտ կա, սակայն չկա ոչ մի չարիք կամ վտանգ Նրանում: Նա մեր Հայրն է, կատարյալ հայրը, և Նա ապաստան կլինի մեզ համար փոթորիկներից:
Ես վկայում եմ, որ ոչ միայն Հիսուսը Քրիստոսն է, Աստծո Սուրբ և Միածին Որդին, այլ որ Նա ապրում է, որ Նա սիրում է մեզ, որ Նրա քավող զոհաբերության ուժի և արժեքի շնորհիվ մենք նույնպես հավերժ կապրենք: Նա հաղթել է մահը և դժոխքը մեզ համար, եթե մենք հավատարմորեն հետևենք Նրան, և նաև Նա հաղթել է վախը:
Սա է Եկեղեցին և երկրի վրա Աստծո արքայությունը: Ջոզեֆ Սմիթը մարգարե էր, և Գորդոն Բ. Հինքլին մարգարե է: Ճշմարտությունը վերականգնվել է: Դուք և ես այնքան բախտավոր ենք, որ ծնվել ենք այն ժամանակ, երբ այս ողջ գիտելիքն ու ապահովությունը մատչելի է մեզ:
Իմ ձայնի մեջ ես թողնում եմ առաքելական օրհնությունը ձեզանից յուրաքանչյուրի վրա անհատապես, որպեսզի դուք կարողանաք ապրել վստահությամբ, լավատեսությամբ, հավատքով և նվիրումով: Ես օրհնում եմ ձեզ, որպեսզի լուրջ ընդունեք կյանքի դժվարությունները, սակայն չվախենաք կամ չհուսահատվեք: Ես օրհնում եմ ձեզ, որպեսզի դուք զգաք Վերջին Օրերի Սրբերի ուրախությունը, և երբեք չզգաք քայքայող անհանգստություն կամ կործանարար հուսահատություն: Միակ մտահոգությունը, որը ես կցանկանայի որ դուք իրականում ունենայիք, դա անձնական մտահոգությունն է այն մասին, թե ինչպես մենք կարող ենք ապրել ավելի լիարժեք, ավելի հավատարիմ կյանքով, որպեսզի այս մեծ ժամանակաշրջանի բոլոր օրհնությունները թափվեն մեզանից յուրաքանչյուրիս վրա և նրանց բոլորի վրա, ում կյանքին մենք դիպչում ենք և ում սովորեցնում ենք:
«Ուստի, մի վախեցիր, փոքրիկ հոտ, . . . Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք: . . . Դուք դեռ չեք հասկացել, թե որքան մեծ օրհնություններ ունի Հայրը . . . ձեզ համար պատրաստած: . . . Ուրախ եղեք: . . . Արքայությունը ձերն է և նրա օրհնությունները ձերն են, և հավերժության հարստությունները ձերն են» (տե’ս ՎևՈւ 6.34, 36; 78.17-18):
Ես ձեզ եմ թողնում իմ օրհնությունը, իմ սերը և առաքելական վկայությունը այս բաների ճշմարտացիության մասին Հիսուս Քրիստոսի պաշտպանող անունով, ամեն:
Հղումներ
1. “Faith in Every Footstep,” Ensign, Jan. 1997, 15.
2. History of the Church, 4:609–10.
3. Wilford Woodruff’s diary, Dec. 31, 1889, մեջբերված Ջեյմս Բ. Ալենի և Գլեն Մ. Լեոնարդի կողմից, The Story of the Latter-day Saints-ում, 2-րդ հր., վերան. և ընդհ. (1992), 420.
4. In James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. (1965–75), 3:258; տե՛ս նաև Գորդոն Բ. Հինքլի, Զեկույց Համաժողովներից, ապր. 2004, 84–85; կամ Ensign, մայիս 2004, 83.
5. Զեկույց Համաժողովներից, ապր. 2004, 85; կամ Ensign, մայիս 2004, 84:
6. Զեկույց Համաժողովներից, ապր. 2004, 85; շեղագիր բառերն ավելացված են:
7. Տե՛ս «Որքան Մեծ ես Դու», Օրհներգեր, հ. 86; շեղագիր բառերն ավելացված են:
8. Տե՛ս The Charted Course of the Church in Education, խմբ. (1994), 3–7:
9. Զեկույց Համաժողովներից, ապր. 2004, 85; կամ Ensign, մայիս 2004, 84: