The Christus statueThe Church of Jesus Christ of Latter-day Saints Search | Feedback | Site Map | Help | Country Sites |
Home Broadcast Archives CES Fireside

ՍՐԲՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն
Յոթանասունականների Նախագահությունից
ԵԿՀ Հավաք Երիտասարդ Չափահասների համար
Նոյեմբերի 7, 2004 Բրիգամ Յանգ Համալսարան

Երեց Դ. Թոդ ՔրիստոֆերսոնԵս այս ելույթը վերնագրել եմ «Սրբության զգացողություն», որն ըստ էության նշանակում է` գնահատել և ակնածանք տածել սրբազան բաների հանդեպ: Ընդհանուր առմամբ հասարակության մասին խոսելով վախենում եմ, որ իմ սերնդից շատերը անտարբեր գտնվելով ձեզ չեն փոխանցել սուրբ բաները զգալու և դրանց հանդեպ հարգանքով վերաբերվելու հասկացողությունը:

Հնարավորության սահմաններում հուսով եմ կհակազդեմ մեր շուրջն առկա վատ օրինակներից մի քանիսին: Հուսով եմ կօգնեմ ձեզ զարգացնել սուրբ բաները զգալու ձեր ունակությունը և ակնածանք տածել այն ամենի հանդեպ, ինչը սուրբ է: w

Սրբության զգացողություն ունենալու կարևորությունը պարզապես սա է` եթե մեկը չի գնահատում սուրբ բաները, նա կկորցնի դրանք: Առանց ակնածանքի զգացողության նա կդառնա անփույթ տեսքով և անկարգապահ վարքով մարդ: Նա կհեռանա այն խարիսխներից, որոնք Աստծո հետ իր ուխտերն էին պարգևել իրեն: Աստծո հանդեպ նրա պատասխանատվության զգացողությունը կթուլանա, իսկ հետո կմոռացվի: Դրանից հետո նա կհոգա միայն իր հարմարավետության և իր անկառավարելի ախորժակը բավարարելու մասին: Ի վերջո, նա կարհամարհի սուրբ բաները, նույնիսկ Աստծուն, այնուհետև նա կարհամարհի իրեն:

Մյուս կողմից, սրբության զգացողությամբ մարդը աճում է հասկացողության ու ճշմարտության մեջ: Սուրբ Հոգին դառնում է նրա հաճախակի, իսկ այնուհետև մշտական ընկերը: Ավելի ու ավելի շատ նա կկանգնի սուրբ տեղերում և սուրբ բաներ կվստահվեն նրան: Ի հակադրություն ցինիզմի ու հուսալքության, նրա վերջը կլինի հավերժական կյանքը:

Պարադոքս է, սակայն այն ամենը, ինչ ցանկանում եմ փոխանցել ձեզ, չի կարող իրականում անցնել մի մարդուց մյուսին: Դա պետք է աճի մարդու մեջ: Բայց եթե կարողանամ օգնել ձեզ խորամուխ լինելով մտածել որոշ բաների շուրջ, ապա Հոգին կգործի ձեր մեջ այնպես, որ դուք իմ կամ մեկ ուրիշի կարիքը չեք զգա, որ ասի, թե ինչն է սուրբ կամ ինչպես պատասխանել, դուք ինքներդ կզգաք դա: Դա կլինի ձեր էության մի մասը, իրոք, որի մեծ մասը արդեն իսկ կա:

Երբեմն ձգտելով հասկանալ գաղափարը, պետք է դիտել դրա հակադրությունը: Հակադրությունը պարզեցնում է այն: Այսպիսով, փորձելով ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում գնահատել սուրբ բաները և ակնածանք տածել դրանց հանդեպ, եկեք որոշ օրինակներ դիտարկենք, սրբության զգացողությունն ունենալու և չունենալու վերաբերյալ:

1. Մարգարեները և Սուրբ Գրքերը

Նախ քննարկենք մարգարեների ու սուրբ գրությունների մասին: Մի բան, որ տեսնում ենք մեր շուրջը, իսկ երբեմն էլ մեր մեջ, դա Աստծո սուրհանդակներին և նրանց ուղերձներին թեթևամտորեն վերաբերվելու միտումն է: Սա նորություն չէ: Ադամի ժամանակներից ի վեր, շատերն են անտեսել և նույնիսկ հարձակվել նրանց վրա, ում Տերն է ուղարկել Իր անունով: Հիսուսը սա նկարագրել է առակում.

«Մի տանուտեր մարդ կար` որ այգի տնկեց և ցանգով պատեց. . . . և նրա մեջ հնձան փորեց և աշտարակ շինեց. և տուավ նորան մշակների, և գնաց հեռու աշխարհք»:

Դուք հասկանում եք փոխաբերական իմաստը. Տերը ստեղծեց մեզ համար խաղողի այգին` այսինքն այս երկիրը, և մենք Նրա ներկայությունից մահկանացու կյանք եկած Նրա վարձակալներն ենք կամ ծառաները:

«Եվ երբոր պտղի ժամանակը մոտեցավ, ուղարակեց իր ծառաները մշակների մոտ` նորա պտուղները առնելու»:

Այլ խոսքով, Աստված ուղարկում է Իր մարգարեներին ու այլ սուրհանդակներին մեզ ուսուցանելու և հաշվետվություն ստանալու մեր ծառայության համար:

«Եվ մշակները նորա ծառաներին բռնեցին` մեկին տանջեցին, մեկին սպանեցին, մեկին քարկոծեցին:

Դարձյալ ուղարկեց ուրիշ ծառաներ առաջիններից շատ, և նրանց էլ այնպես արին:

Վերջապես իր որդուն նրանց մոտ ուղարկեց ասելով, իմ որդուցը կամաչեն:

Բայց մշակները որդուն տեսնելով, իրանք իրանց ասեցին. Սա է ժառանգը, եկեք սրան սպանենք, և նորա ժառանգությանը տիրենք» (Մատթեոս ԻԱ.33–38):

Դա ծայրահեղ սրբապղծություն էր, որ Հիսուս Քրիստոսին` հենց Աստծու Որդուն չընդունեցին և նույնիսկ մահվան դատապարտեցին: Եվ դա շարունակվում է: Աշխարհի շատ վայրերում այսօր մենք տեսնում ենք, որ Աստծո Որդուն չընդունելու աճ է նկատվում: Կասկածում են Նրա աստվածայնության վրա: Նրա ավետարանն անտեղին է համարվում: Ամեն օր Նրա ուսմունքները անտեսվում են: Նրանք, ովքեր օրինականությամբ խոսում են Նրա անունով, գրեթե հարգանք չեն վայելում հասարակության մեջ:

Եթե չենք ընդունում Տիրոջն ու Նրա ծառաներին, մեր վերջը կլինի աթեիստների պես: Ահա թե ինչպես է նկարագրել Մորմոնը երկարատև խաղաղության և բարգավաճման ժամանակաշրջանը. «Այդ ժամանակ է, որ նրանք կարծրացնում են իրենց սրտերը, և մոռանում են Տիրոջը՝ իրենց Աստծուն, և իրենց ոտքերի տակ կոխ են տալիս Սուրբին» (Հելաման12.2): Այսպիսով, պետք է ինքներս մեզ հարցնենք, թե արդյո՞ք մենք ակնածանքով ենք վերաբերվում Սուրբին և նրանց, ում Նա ուղարկել է:

Մի քանի տարի առաջ, նախքան Առաքյալ կանչվելը, Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը մի դեպքի մասին պատմեց, որը ցույց է տալիս, թե ինչպիսի զգացողություն է ունեցել նրա հայրը այդ սուրբ կոչման համար: Երեց Հեյլսը պատմում է.

«Տարիներ առաջ, հայրս, որն ութսունն անց էր, մի ձմեռային ձյունաշատ օր Տասներկու Առաքյալների Քվորումի անդամի այցին էր սպասում: Հայրս, որը նկարիչ էր, Առաքյալի տունն էր նկարել: Այդ լավ Առաքյալը նկարն իրեն փոխանցելու փոխարեն, ինքն անձամբ էր ցանկացել վերցնել այն և շնորհակալություն հայտնել հորս դրա համար: Իմանալով, որ հայրս շատ կցանկանա ամեն ինչ պատրաստել գալիք այցի համար, ես շտապեցի նրա տուն:

Ձյան առատության պատճառով, ձյուն մաքրող մեքենաները ձյան կույտերով պատել էին մեր դռան առաջը: Հայրս ավլել էր ոտքի ճանապարհը և հեռացրել էր բոլոր ձյունակույտերը: Նա տուն էր վերադարձել հյուծված ու ցավի մեջ: Երբ ես տեղ հասա, նա գերլարվածությունից սրտի ուժեղ ցավեր ուներ: Ես մտահոգված ասացի, որ նա անիմաստ ֆիզիկական աշխատանք է կատարել: Չգիտե՞ր, թե ինչ արդյունք կունենար իր այդ աշխատանքը:

«Ռոբերտ»,- շնչահեղձ լինելով նա ասաց,- «դու հասկանո՞ւմ ես, որ Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալն է գալիս իմ տուն: Ճանապարհը պետք է մաքուր լինի: Նա չպետք է ձյունակույտերի միջով անցնի»: Նա բարձրացրեց իր ձեռքն ասելով. «Օ՜, Ռոբերտ, երբեք մի մոռացիր կամ սովորական մի ընդունիր այն արտոնությունը, որ ճանաչում ես Տիրոջ Առաքյալներին և ծառայում ես նրանց հետ»» (in Conference Report, Apr. 1992, 89; or Ensign, May 1992, 64):

Կարծում եմ սա ավելի քան զուգադիպություն է` նման հայրը պետք է օրհնվեր ունենալով որպես Առաքյալ ծառայող որդի:

Հարցրեք ինքներդ ձեզ. «Արդյո՞ք սուրբ եմ համարում մարգարեների և առաքյալների կոչումը: Նրանց տված խորհրդին լրջորե՞ն, թե թեթևամտորեն եմ վերաբերվում»: Օրինակ, Նախագահ Գորդոն Բ. Հինքլին խորհուրդ է տվել մեզ կրթություն և մասնագիտական վերապատրաստում ստանալ, խուսափել պոռնոգրաֆիայից, ինչպես ժանտախտից, հարգել կանանց, մարել պարտքերը, երախտապարտ, խելացի, մաքուր, հավատարիմ, խոնարհ լինել ու միշտ աղոթել, և ամեն ինչ ջանք չխնայելով կատարել:

Արդյո՞ք ձեր գործերը ցույց են տալիս, որ դուք ուզում եք իմանալ և անել այն, ինչ նա է ուսուցանում: Արդյո՞ք եռանդուն ուսումնասիրում եք նրա և նրա Եղբայրների խոսքերը: Արդյո՞ք դա այն է, ինչի ծարավ եք դուք: Եթե այդպես է, ուրեմն դուք զգում եք, որ մարգարեների` Աստծո Որդու վկաների ու սուրհանդակների կոչումը սուրբ է:

Նշանակալից է այն, որ մարգարեական գրասենյակը սերունդների ընթացքում արձանագրում է պատմությունն ու Աստծո խոսքը: Սուրբ գրությունները սրբազան են: Երբ Ալման տվեց Նեփիի թիթեղներն ու այլ հիշատակարաններ Հելամանին, նա զգուշացրեց. «Հիշիր որդիս, որ Աստված վստահել է քեզ այս բաները, որոնք սրբազան են, որոնք նա պահել է սրբորեն . . .

. . . Տես որ հոգ տանես այս սրբազան բաներին, այո, տես որ նայես առ Աստված և ապրես» (Ալմա 37.14, 47; շեղագրվածն ավելացվել է):

Մենք մեր ձեռքում ունենք սուրբ գրության մի հրաշալի հատորյակ: Արձանագրությունները գնում են ետ դեպի հին օրերի հայրապետները և հասնում դեպի մեր օրերը: Կարծում եմ, պատմության մեջ մարդկանց ունեցած սուրբ գրքերից այս գիրքն ավելի սուրբ է և իհարկե ավելի լայնորեն է տարածված, քան նախկինում որևէ այլ սուրբ գիրք: Ես վստահ եմ, որ եթե դուք կամ ես մեր ձեռքում ունենայինք Մովսեսի բնագրերը կամ մետաղե թիթեղները, որոնց վրա Մորմոնն էր փորագրել, մենք խորը ակնածանքով ու մեծ հոգածությամբ կվերաբերվեինք դրանց: Այդպես էլ պետք է վարվեինք, քանի որ դրանք սրբազան բաներ են, որոնք գրվել են սուրբ մարգարեների ջանքերով ու զոհաբերությամբ: Նրանք մեծ ջանասիրությամբ են պատրաստել դրանք:

Սակայն իրենցից մեծ արժեք են ներկայացնում ոչ թե այդ բնագրերը կամ թիթեղները, այլ դրանց մեջ պարունակվող խոսքերը: Դրանք սուրբ են, քանի որ Աստծո խոսքն են, և եթե մենք չունենք այդ բնագրերը, մենք ունենք այնտեղ գրված խոսքերը: Ուստի, այն, ինչ մենք ունենք, սուրբ է` սուրբ գրվածք:

Աստծո արձանագրված խոսքերն ունենալով, մենք պետք է ինքներս մեզ հարցնենք, թե արդյո՞ք հարգում ենք այս հիշատակարանի սրբազան բնույթը: Ոմանք խախտել են սրբությունը այդ սուրբ գրքերը ծաղրելով կամ մերժելով դրանց իսկությունը: Իհարկե դա շատ լուրջ հարց է:

Սակայն մեզանից շատերը, որ պատրաստակամորեն են ընդունում կանոնիկ գրքերը, եթե երբևէ մեղանչում են սուրբ գրքերին հարգանքով չվերաբերվելով, ապա դա անհոգության պատճառով է: Վտանգը, որից պետք է պաշտպանվել ամեն օր, դա սուրբ խոսքին թեթևամտորեն վերաբերվելն է կամ դրանք անտեսելու հակվածությունն է: 1832թ. երեցներին դիմելով Տերն ասել է, խրատելով.

«Եվ ձեր միտքն անցյալում մթագնել է՝ անհավատության պատճառով, և որովհետև դուք թեթևամտությամբ եք վերաբերվել այն ամենին, ինչ ստացել եք –

Ունայնություն և անհավատություն, որոնք դատապարտության տակ են դրել ողջ եկեղեցին:

Եվ նրանք պետք է մնան այդ դատապարտության տակ, մինչև որ ապաշխարեն և հիշեն նոր ուխտը, այսինքն՝ Մորմոնի Գիրքը և նախկին պատվիրանները, որոնք ես տվել եմ նրանց, որ ոչ միայն խոսեն, այլ գործեն՝ համաձայն նրա, ինչ ես գրել եմ» (ՎևՈւ 84.54–55, 57; շեղագիրն ավելացված է):

Սրբության զգացում ունենալ, նշանակում է նաև գնահատել, այսինքն` սիրել սուրբ գրությունները: Սրբության զգացումը մարդուն տանում է դեպի Քրիստոսի խոսքով սնվելը (տես 2 Նեփի 31.20; 32.3), որն իր հերթին խորացնում է Նրա խոսքերի հանդեպ այդ մարդու ակնածանքը:

2. Մարմինը` Աստծո Տաճար

Այժմ ես անցնում եմ մեր թեմայի մյուս օրինակին, մեր ֆիզիկական մարմնի սրբազան բնույթին: Ինչպես որ Աստվածը և Քրիստոսն են արժանի մեր ակնածանքին, այնպես էլ Նրանց գործերն են արժանի մեր հարգանքին ու ակնածանքին: Դրա մեջ մտնում է անշուշտ երկրի հրաշալի արարումը: Սակայն որքան էլ որ հրաշալի է այս երկիրը, այն Աստծո ամենամեծ արարումը չէ: Ավելի մեծ արարում է այս հրաշալի ֆիզիկական մարմինը: Դա Աստծո անձի նմանությունն ունի: Դա կարևոր դեր ունի մեր երկրային փորձառության և հավիտենական փառքի համար:

Ինձ համար օրհնություն է եղել ներկա գտնվել մեր հինգ երեխաների ծնունդին: Ամեն անգամ, ես զգում էի, որ դա սուրբ փորձառություն է: Մի աստվածային ու հրաշալի բան է տեղի ունենում: Կինս միշտ ասում է. «Քեզ համար հեշտ է ասելը: Դու չես ցավեր կրում»: Իհարկե ծնունդի հետ կապված շատ բաներ կան, որոնք մենք կարող ենք կոչել «աշխարհի իսկական փորձառություն»: Բոլոր մայրերին ասում եմ` ես պատրաստ եմ ընդունել, որ չեմ կիսել ձեր ցավն ու չեմ կարող ձևացնել, թե հասկանում եմ:

Սակայն, եթե լուրջ խոսենք, արդյո՞ք կնոջ տառապանքը ֆիզիկական մարմին ստեղծելիս չի ավելացնում այդ արարման և իր` կնոջ սրբությունը: Նրա զոհաբերությունն էլ ավելի է սրբագործում արդեն իսկ սուրբ բանը:

Ոմանք թյուրիմացաբար կարծում են, թե իրենք ոչ ոքի հանդեպ պատասխանատվություն չեն կրում իրենց մարմնի համար: Մեզ հատկապես ասվել է, որ մենք պատասխանատվություն ենք կրում Աստծո առաջ: «Չգիտե՞ք որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են` որ ձեզանում է, որ նորան Աստվածանից ունեք. և ձերինը չեք:

Որովհետև մեծ գնով գնուեցաք. ուստի փառավորեցեք Աստծուն ձեր մարմնումը և ձեր հոգումը` որ Աստծունն են» (Ա Կորնթացիս Զ.19–20):

«Եթե մեկն Աստծո տաճարն ապականէ, նրան էլ Աստված կապականէ, որովհետև Աստծո տաճարը սուրբ է` որ դուք եք» (Ա Կորնթացիս Գ.17): «Արդ աղաչում եմ ձեզ Աստծո ողորմությունովը, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի, սուրբ և Աստծո ընդունելի պատարագ, որ է ձեր բանավոր պաշտոնը» (Հռովմայեցիս ԺԲ.1):

Ինչպես կարող ենք պահպանել Աստծո այս ամենակարևոր և սրբազան արարման սրբությունը: Ամենաքիչը մենք չպետք է որևէ կերպ աղտոտենք մեր մարմինը: Այսինքն, եթե սրբության զգացողողություն ունենք, մենք չենք այլանդակի մեր մարմինը դաջվածքներով և ծակելով: Ոմանք զարմանում են այն փաստի վրա, որ Եկեղեցու Նախագահն ուշադրության է արժանացրել այդ խնդիրը: Նրանց շփոթեցրել էր այս թեմայի շուրջ ուղղակի ու մանրամասն տրված նրա խորհուրդը: Նա ասել է.

«Դաջվածքը մարմնի տաճարի վրա կատարված գրաֆիտի է:

Նմանապես, մի քանի ականջօղեր կրելու համար ականջը, քիթը, անգամ լեզուն ծակելը: Հնարավոր է նրանք մտածեն, որ դա գեղեցիկ է: Դա անցողիկ նորաձևություն է, սակայն դրա հետևանքները կարող են երբեք չվերանալ . . . Առաջին Նախագահությունը և Տասներկուսի Քվորումը հայտարարել են, որ մենք չխրախուսենք դաջվածքները, ինչպես նաև «մարմինը ծակելը, եթե դա չի արվում բժշկական նպատակներով»: Ինչևէ, մենք դեմ չենք, եթե «կանայք ծակում են ականջը մեկ զույգ ականջօղեր կախելու համար» - մեկ զույգ» (Գորդոն Բ. Հինքլի, in Conference Report, Oct. 2000, 70–71; or Ensign, Nov. 2000, 52):

Ինչո՞ւ է Աստծո մարգարեն խոսում ասես թվացյալ անկարևոր բաների մասին: Որովհետև դրանք անկարևոր չեն: Աղտոտելով կամ այլանդակելով Աստծո արարումը, Նրա տաճարը, մենք ծաղրում ենք այն, ինչը սուրբ է: Դա կարող է անկարևոր համարվել միայն այն մարդու համար, ով կորցրել է սրբության զգացողությունը: Մի արեք դա:

Անհամեստ հագուստը ևս նվազեցնում է մարդկային մարմնի սրբությունը: Շատ նպատակահարմար գաղափարներ են առաջ քաշվում արդարացնելու համար անհամեստ նորաձևությունը և պոռնոգրաֆիան: Ոմանք եռանդուն կերպով հաստատում են, որ ոչ մի օրենք չի կարող ընդունվել կանխելու համար նման բաները, իսկ հետո պատճառաբանում են, թե դա վատ բան չէ, քանի որ դրա դեմ ոչ մի օրենք չկա:

Մեկ այլ հին գաղափար էր վերջերս շրջում և արդարացնում օլիմպիական մարզիկներին, որոնք իրենց մերկ մարմինն էին ցուցադրում պոռնոգրաֆիկ ամսագրերում: Մի խմբագիր ասել է. «Այս կանայք . . . արտակարգ գեղեցիկ մարմին ունեն և սա հնարավորություն է տալիս իրենց մարմինները ցուցադրել» (in Steve McKee, “An Olympic Pose Isn’t What It Used to Be,” Wall Street Journal, Aug. 18, 2004, A8): Իսկ նա իրականում ասում էր. «Կարծում եմ, ես արժանի եմ փող աշխատել այս գեղեցիկ մարմինների շնորհիվ»:

Ինչպիսին էլ որ լինեն իրատեսական գաղափարները դուք հաճախ կպարզեք, որ անհամեստության հիմքում ընկած է սեռական զգացումների վրա շահ ստանալու ինչ-որ մեկի ցանկությունը, ինչ-որ մեկի փողասիրությունը: Մարմինը Աստծո տաճար է, իսկ պոռնոգրաֆիան և բաց հագուստները վկայում են, որ դրամափոխները կրկին պղծում են տաճարը:

Մենք կարող էինք խոսել Իմաստության Խոսքի և մի շարք այլ բաների մասին, սակայն մարմինը աղտոտող բոլոր բաների մեջ ամենավնասակարը, ամենակործանարարը, ամենաաղետալի ու ամոթալի բանը դա սեռական անբարոյականությունն է և սեռական բռնությունը:

Մարդը չի կարող պատկերացնել Աստծո արարումը ավելի հիմնովին աղտոտող բան, քան դրա ամենասրբազան բանի գործածությունը պղծելը: Դուք պարզապես նման բան չպետք է անեք: Նույնիսկ չնչին իսկ չափով մի փորձեք մոտենալ դրան: «Փախեք պոռնկությունիցը: . . . պոռնկություն անողն իր մարմնի մեջ է մեղանչում» (Ա Կորնթացիս Զ.18): «Երիտասարդական ցանկություններիցը փախիր» (Բ Տիմոթեոս Բ.22): «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս Դ.8): «Հակառակ կացեք սատանային, և նա կփախչի ձեզանից» (Հակոբոս Դ. 7): Ձեր մարմինը սուրբ պահեք, որպես Աստծո կենդանի ընծա (տես Հռովմայեցիս ԺԲ.1):

3. Սուրբ տեղեր և դեպքեր

Եզեկիել մարգարեի միջոցով խոսելով Տերը քննադատել է Իսրայելի քահանաներին, որոնք չեն ուսուցանում հարգանք տածել սրբազան բնույթ ունեցող որոշ բաների ու վայրերի հանդեպ:

«Նրա քահանաները խախտում են իմ օրենքը, և իմ սրբությունները պղծեցին, սուրբի ու պիղծի մեջ տարբերություն չարին, և անմաքուրի ու մաքուրի մեջ ջոկությունը չսովորեցրին և իմ շաբաթներիցը ծածկեցին իրանց աչքերը, և ես պղծուեցա նորանց միջումը» (Եզեկիել ԻԲ.26):

Հիմականում Տերը խոսում էր տաճարի վերաբերյալ: Պետք է նաև ակնածանքով վերաբերվել հանգստյան օրվան: Մենք սովորաբար գիտենք, որ Տիրոջը նվիրագործված մեր տաճարներն ու հավաքատները սրբազան վայրեր են: Բոլոր տաճարների վրա որպես սթափեցնող հիշեցում կարելի է տեսնել հետևյալ խոսքերը` Սրբություն Տիրոջը` Տիրոջ Տունը: Սրբության զգացողությունը պետք է մեզ ուղղորդի ակնածանքով գործել և խոսել այդ շենքերում և դրանց շրջապատող տարածքներում: Այն պետք է մեզ ուղղորդի այնտեղ գտնվելիս պատշաճ ձևով հագնվել:

Մենք խոսեցինք, որ անհամեստ հագուստն անպատվում է մեր մարմինը, որն Աստծո ամենասուրբ արարումն է: Այժմ կխոսեմ անհամեստ կամ թափթփված հագուստի և հարդարանքի մասին, որը հատուկ ժամանակներում և վայրերում ծաղրանք է հանդիսանում այն բանի սրբության հանդեպ, ինչը տեղի է ունենում կամ ինքնին այդ վայրի հանդեպ:

Թույլ տվեք մեկ օրինակ բերել: Որոշ ժամանակ առաջ մեկ այլ նահանգից մի քանի շաբաթով Սոլթ Լեյք էր եկել իր բարեկամների մոտ հյուրընկալվելու մի երիտասարդ աղջիկ: Առաջին կիրակին նա եկեղեցի էր եկել պարզ, գեղեցիկ վերնաշապիկով, մինչև ծնկները հասնող կիսաշրջազգեստով և թեթև կոճակված ժակետով: Նա հագել էր գուլպաներ և կոշիկներ, իսկ մազերը սանրված էին պարզ և խնամքով: Նրա արտաքինը երիտասարդական հմայք էր արտահայտում:

Ցավոք սրտի, նա իրեն անմիջապես օտար զգաց: Իր տարիքի գրեթե բոլոր երիտասարդ աղջիկները հագել էին ամենօրյա կիսաշրջազգեստներ, մի մասը ծնկից բավականին բարձր, ինչպես նաև վերնաշապիկներ, որոնք հազիվ էին հասնում կիսաշրջազգեստին (մի քանիսը նույնիսկ չէին հասնում), նրանք առանց գուլպաների էին, իսկ կոշիկները ծանր սպորտային կոշիկներ էին կամ սանդալներ:

Կարելի էր հուսալ, որ տեսնելով այդ նոր աղջկան մյուսները կհասկանային, որ անհամապատասխան են հագնվում եկեղեցու և Կիրակի օրվա համար, և միանգամից կփոխեին իրենց ոճը: Ինչևէ, ցավով եմ նշում, որ նրանք չարեցին դա, այլ այդ հյուր եկած աղջիկը ընդունեց իրեն հյուրընկալած ծխի նորաձևությունը (եթե կարելի է այդպես ասել):

Տագնապ ես ապրում, երբ տեսնում ես, որ այս աճող տենդենցը չի սահմանափակվում երիտասարդ կանանցով, այլ տարածվում է նաև տարեց կանանց, տղամարդկանց և երիտասարդ տղաների վրա: Տարիներ առաջ, Թենեսիի իմ ծուխը Եկեղեցու կիրակնօրյա ծառայությունների համար օգտագործում էր բարձրագույն դպրոցի շենքը, մինչև որ պտտահողմից վնասված մեր հավաքատունը կվերանորոգվեր: Մեկ այլ հավատքի մարդիկ էին օգտագործում այդ նույն բարձրագույն դպրոցը իրենց երկրպագության ծառայությունների համար, մինչև որ իրենց նոր հավաքատունը կկառուցվեր:

Ես ցնցված էի տեսնելով, թե ինչպես էին այդ հավատքի մարդիկ հագնված: Տղամարդկանցից ոչ ոք կոստյում կամ փողկապ չէր կրում: Կարծես նրանք գոլֆի խաղից էին գալիս կամ գնում էին խաղալու: Դժվար էր տարբերել կանայք հագել էին զգեստներ, պատահական տաբատներ, թե՞ կիսատաբատներ: Եթե չիմանայի, որ նրանք գալիս էին դպրոց եկեղեցու հավաքներ անցկացնելու, կկարծեի, թե ինչ-որ սպորտային իրադարձություն է տեղի ունենալու:

Մեր ծխի անդամների հագուստները շատ էին տարբերվում այդ վատ օրինակից, սակայն ես սկսում եմ մտածել, որ մենք այլևս այդքան տարբեր չենք, քանի որ ասես ավելի ու ավելի ենք սահում դեպի այդ ցածր չափանիշները: Մենք սովորաբար օգտագործում ենք «Կիրակնօրյա լավագույն հագուստ» արտահայտությունը: Մարդկանց համար դա նշանակում է իրենց ունեցած ամենագեղեցիկ հագուստը: Տարբեր երկրների մշակութային ու տնտեսական պայմաններից կախված հատուկ հագուստը կարող է տարբեր լինել, սակայն այն պետք է լինի նրանց ունեցած լավագույն հագուստը:

Աստծո համար վիրավորանք է, երբ Նրա տուն ես գալիս, հատկապես Նրա սուրբ օրը, չհարդարված, ոչ պատշաճ և մոդայիկ հագնված, ինչպես որ մեր պայմաններն են թույլ տալիս: Եթե դա լինի Պերույի լեռներում ապրող աղքատ անդամը, որը Եկեղեցի գալու համար պետք է գետը անցնի, Տերը իրոք չի վիրավորվի, եթե նրա սպիտակ վերնաշապիկի վրա ցեխաջրի հետքեր լինեն:

Սակայն ինչպե՞ս կարող է Աստված չվշտանալ, եթե մեկը, որը տարբեր տեսակի հագուստներ ունի և շատ ավելի հեշտությամբ է գալիս Եկեղեցի, այնուամենայնիվ եկեղեցում հայտնվում է հագած` տրորված, մեծ գրպաններով տաբատ և լայն վերանաշապիկ: Ցավոք, իմ փորձից կարող եմ ասել, քանի որ շատ եմ ճամփորդել ամբողջ աշխարհում, որ Եկեղեցու այն անդամները, որոնք շատ քիչ միջոցներ ունեն, ինչ-որ կերպ կարողանում են Կիրակի օրվա ժողովներին գալ կոկիկ, մաքուր, գեղեցիկ հագուստներ հագած, այն լավագույնը, որ իրենք ունեն, մինչդեռ նրանք, ովքեր բավականին ի վիճակի են, հայտնվում են պատահական, նույնիսկ թափթփված հագուկապով:

Ոմանք ասում են, թե զգեստը և սանրվածքը ոչ մի նշանակություն չունեն, կարևորն այն է, թե ինչ կա մարդու ներսում: Ես հավատում եմ, որ իրոք կարևոր է այն, թե ինչ կա ներսում, սակայն դա է ինձ մտահոգում: Առօրյա զգեստը սուրբ տեղերում և սրբազան իրադարձությունների ժամանակ ազդանշան է այն բանի, թե ինչ կա տվյալ անձնավորության ներսում: Հնարավոր է դա հպարտությունն է, ըմբոստությունը կամ ինչ-որ այլ բան, սակայն առնվազն այն ահազանգում է. «Ես չեմ ընկալում: Ես չեմ հասկանում սուրբ և անսուրբ բաների տարբերությունը»: Նման վիճակում նրանք հեշտությամբ են հեռանում Տիրոջից: Նրանք չեն գնահատում իրենց ունեցածի արժեքը: Ես անհանգստանում եմ նրանց համար: Մինչև որ նրանք չկարողանան ինչ-որ հասկացողություն ձեռք բերել, և սուրբ բաները ինչ-որ չափով զգալու ունակություն չունենան, նրանք վտանգված են, ի վերջո, կորցնելու այն ամենը, ինչն ամենակարևորն է: Դուք վերջին օրերի հրաշալի Սրբեր եք:

Այս սկզբունքները վերաբերում են նաև միջոցառումներին ու իրադարձություններին, որոնք սուրբ են կամ ակնածանքի արժանի բաների հետ են կապված, օրինակ` քահանայության արարողությունները, որոնք են`մկրտությունները, հաստատումները, կարգումները, Տիրոջ Ընթրիքը սպասավորելը, հիվանդներին օրհնելը և այլն: Վարդապետություն և Ուխտերն ասում է մեզ, որ քահանայության արարողություններում «աստվածության զորությունն է դրսևորվում» (ՎևՈւ 84.20):

Ալման ասում է, որ «այս արարողությունները տրվում էին . . . որպեսզի դրա միջոցով ժողովուրդը կարողանար սպասել Աստծո Որդուն, այն լինելով մի մարմնավորում նրա կարգի, կամ այն լինելով նրա կարգը, և այս որպեսզի նրանք կարողանային սպասել նրան իրենց մեղքերի թողության համար, որպեսզի նրանք կարողանային մտնել Տիրոջ հանգստի մեջ» (Ալմա 13.16):

Ես գնահատում եմ նրանց, ովքեր կատարում են այդ արարողությունները և նրանց, ովքեր վկա են լինում կամ ստանում են դրանք, երբ հարգանք են տածում քահանայության և տեղի ունեցող արարողությունների սուրբ բնույթի հանդեպ:

Ես գնահատում եմ քահանաներին, ուսուցիչներին և սարկավագներին, ովքեր հագնում են վերանաշապիկ ու փողկապ, հաղորդությունը սպասավորելու համար: Ես գնահատում եմ այն տղամարդկանց, ովքեր հնարավորության դեպքում վերնաշապիկ ու փողկապ են հագնում օրհնելու հիվանդին:

Ես գնահատում են նրանց, ովքեր մասնակցում են քահանայության պաշտոնում կարգելու արարողությանը, ովքեր իրենց լավագույն «Կիրակնօրյա» հագուստն են կրում անկախ նրանից, թե ինչ օր է կամ որտեղ է կարգումը կատարվում: Այդպիսով, նրանք բոլորն էլ մեծարում ու հարգում են Աստծուն և այդ իրադարձությունը: Նրանք սրբության զգացողություն են դրսևորում:

Ճիշտ ինչպես կյանքի սկիզբն է սուրբ պահ, այնպես էլ կյանքի ավարտն է սուրբ պահ: Եվ ես հավատում եմ, որ դա վերաբերում է նաև կյանքի ամենակարևոր իրադարձությանը` ամուսնությանը, հատկապես հավերժական ամուսնությանը: Այդ առիթով մտահոգող է տեսնել այն, թե ինչպես են մարդիկ մասնակցում, մահվան և ամուսնության հետ կապված իրադարձություններին` անհոգ, նույնիսկ անհամապատասխան ու անհարգալից խոսելաոճով, հագուստով և պահվածքով:

Որոշ հուղարկավորության ծառայություններ դառնում են թեթևամիտ ու անտեղի հումորի առիթներ: Անձնական հիշողությունները, իհարկե չափի մեջ, կարող են մեկ երկու ժամ զբաղեցնել, իսկ Տիրոջ Քավության և Հարության, Նրա փրկության ծրագրի մասին, եթե հիշվի էլ, ապա անցողիկ կերպով:

Երբեմն հարսանիքներին մարդիկ գալիս են շատ սովորական առօրյա զգեստներով: Կարծես թե չեն կարողացել փոխվել այդ օրվա աշխատանքից կամ խրախճանից հետո: Իրենց հագուկապով նրանք ասում են, որ այդ ամուսնությունը, որին հրավիրվել են պատվելու, մեծ նշանակություն չունի:

Վերջերս ես հոդված էի կարդացել մի մարդու մասին, որը խնդրել էր իր աշխատակիցներին կոստյում ու փողկապ կրել, երբ միասին պետք է իրենց կազմակերպությունը մեծարող հասարակական միջոցառմանը մասնակցեին: Դա քաղաքացիական, ոչ կրոնական կազմակերպություն էր, սակայն նա հասկացել էր, որ որոշ բաներ արժանի են հարգանքի, և հագուկապը դա արտահայտելու մի միջոց է: Նա ասել էր, որ ինքը հագնելու էր ավելի պաշտոնական, «ոչ թե այն բանի համար, որ ինքը կարևոր անձնավորություն էր, այլ որովհետև դա շատ կարևոր առիթ էր»: Նրա մեկնաբանությունը կարևոր ճշմարտություն է պարունակում: Դա իրոք մեզ չի վերաբերում: Սուրբ իրադարձություններն ու վայրերը հարգող պահվածքն ու հագուկապը վերաբերում են Աստծուն:

4. Խոսքը

Անցնենք մեկ այլ հարցի, որը վերաբերում է խոսքին, որը ևս կապված է սրբազան զգացողության հետ: Այն, որ մենք պատասխանատու ենք մեր խոսքերի համար, պարզ է դառնում Տիրոջ սահմանումից, որ «ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսեն` դատաստանի օրը հաշիվ պիտի տան» (Մատթեոս ԺԲ.36): Բենիամին թագավորը զգուշացնում է մեզ հետևել մեր մտքերին ու խոսքերին (տես Մոսիա 4.30), իսկ Ալման հայտարարում է, որ առանց ապաշխարության, երբ մենք դատվենք, «մեր խոսքերը կդատապարտեն մեզ, այո, . . . մենք չենք համարվի անբիծ» (Ալմա 12.14):

Դուք ձեր իսկ փորձից գիտեք, որ աշխարհն ավելի ու ավելի է անպարկեշտ, գռեհիկ լեզու օգտագործում, սակայն մենք չենք կարող մեզ թույլ տալ հետևել այդ օրինակին: Անիծող ու գռեհիկ լեզուն ծաղր է Աստծո, Քրիստոսի և Նրանց արարումների հանդեպ: Մենք երբեք չպետք է մեղսավոր դառնանք Փրկչին ծաղրելով, ինչպես որ եղավ Նրա Խաչելության ժամանակ:

«Եվ այնտեղով անցնողները նորան հայհոյում էին, իրանց գլուխները շարժելով ու ասելով, Վա՛հ, ով տաճարը քանդող` ու երեք օրումը շինող,

Ապրեցրու քո անձը և իջիր խաչիցդ:

Նույնպես էլ քահանայապետները դպիրների հետ միասին ծաղր էին անում և ասում. Ուրիշներին ապրեցրեց` իր անձը չի կարողանում ապրեցնել:

Քրիստոսը` Իսրայելի թագավորը թող հիմա խաչիցը իջնէ, որ տեսնենք և հավատանք. և նրա հետ խաչվածներն էլ էին նրան նախատինք տալիս» (Մարկոս ԺԵ.29–32):

Կորստի որդիների դատապարտությունը այն է, որ նրանք «խաչեցին [Քրիստոսին] իրենց համար և բացահայտ անարգանքի մատնեցին նրան» (ՎևՈւ 76.35): Մենք չենք կարող վտանգվել նմանատիպ արտահայտություններ թույլ տալով մեզ: Մենք չենք կարող մեզ թույլ տալ թեթևամտորեն կամ անհոգ ձևով Նրա անունը տալ կամ Նրա անունից խոսել:

Վարդապետություն և Ուխտերում կարդում ենք հետևյալ հրահանգն ու զգուշացումը.

«Ահա, ես եմ Ալֆան և Օմեգան, այսինքն՝ Հիսուս Քրիստոսը:

Ուստի, թող բոլոր մարդիկ զգուշանան, թե ինչպես են գործածում իմ անունն իրենց շուրթերով –

Քանզի ահա, ճշմարիտ ասում եմ, որ շատերը կան, որոնք այս դատապարտության տակ են, որոնք օգտագործում են Տիրոջ անունը, և դա անում են իզուր՝ չունենալով իշխանություն: . . .

Հիշե՛ք, որ այն ինչ գալիս է վերևից, սրբազան է, և պետք է խոսվի զգուշությամբ, և Հոգու դրդմամբ . . . և Հոգին դուք կստանաք աղոթքի միջոցով. ուստի, առանց դրա դատապարտությունը մնում է» (ՎևՈւ 63.60–62, 64):

Թեև մենք իշխանություն ունենք Հիսուս Քրիստոսի անունը գործածելու, սակայն պետք է դա զգուշությամբ անենք: Նրա անունը, և այն, ինչ գալիս է վերևից, սուրբ է, և պետք է խոսվի զգուշությամբ և Հոգու դրդմամբ»: Մենք սա պետք է հիշենք, երբ կանչվում ենք խոսելու Եկեղեցում կամ երբ վկայություն ենք բերում:

Մենք գիտենք, որ այդ բոլոր դեպքերում պետք է մեր խոսքը ավարտենք «Հիսուս Քրիստոսի անունով», դա նշանակում է, որ այն ինչ ասել ենք, ասել ենք Նրա անունով: Ուստի, պետք է հատուկ զգուշավորությամբ հետևենք, թե ինչ ենք ասում և ինչպես ենք ասում մեր խոսքը: Անմիտ կամ անհեթեթ խոսակցության հիմք չկա: Առավել ևս, մենք պետք է աղոթքով Հոգին փնտրենք, որպեսզի խոսենք Հոգու դրդմամբ և խուսափենք դատապարտությունից:

Ես նկատել եմ, որ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին հաճախ է իր ելույթն ավարտում «Հիսուս Քրիստոսի սուրբ անունով»: Ես չեմ առաջարկում ձեզ նույնն անել. չեմ կարծում, որ այն, ինչ ինքն ի նկատի ունի, պատշաճ կլինի մեզ համար ուղղակիորեն կրկնել դա: Փոխարենը ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ մարգարեն խորապես զգում է Տիրոջ անունով խոսելու պատասխանատվությունը և դա սուրբ է նրա համար: Նա ակնածանքով է գործածում այդ անունը և խոսում այդ անունով, և այդ օրինակին մենք պետք է հետևենք:

5. Աստվածային երկյուղ

Իմ վերջին օրինակը վերաբերում է աստվածային երկյուղին: Սուրբ գրքերում շատ հատվածներ կան, որոնք խորհուրդ են տալիս Աստվածավախ լինել: Մեր օրերում, մենք հիմնականում «վախ» բառը թարգմանում ենք որպես «հարգանք», «ակնածանք» կամ «սեր», այսինքն` Աստծուց վախենալ նշանակում է սիրել Աստծուն, հարգել Նրան և Նրա օրենքը: Դա հաճախ կարող է ճիշտ համարվել, սակայն կարծում եմ երբեմն վախ բառը իրոք վախ է նշանակում, օրինակ երբ մարգարեները խոսում են Աստծո պատվիրանները խախտելու դեպքում Աստծուն իսկ վիրավորելու մասին:

Նայեք օրինակ այս առակը. «Եվ Տիրոջ վախովը մարդ կհեռանա չարից» (Առակաց ԺԶ.6): Հոբը ներկայացվել է որպես կատարյալ ու շիտակ մարդ, որը «աստվածավախ էր և հեռանում էր չարությունից» (Հոբ Ա.1): Այս առումով լավ օրինակ է հանդիսանում Եգիպտոս տարված Հովսեփը: Երբ Պետափրեսի կինը փորձեց հրապուրել նրան, Հովսեփը պատասխանեց. «Ուրեմն ես ինչպե՞ս գործեմ այս մեծ չարությունը և Աստծո դեմ մեղանչեմ» (Ծննդոց ԼԹ.9): Նա վախենում էր մեղանչել Աստծո դեմ: Շատերն այսօր Հովսեփի վերաբերմունքը կդիտեին որպես միամիտ արարք: Նրանք կծիծաղեին նրա փորձի պակասի վրա, իրենք չվախենալով Աստծո դեմ մեղանչելուց:

Ջոզեֆ Սմիթը մի անգամ նախատվել է Աստծո ցանկանությունների հանդեպ պատշաճ զգուշություն չցուցաբերելու համար: Տերն ասել է նրան. «Դու մարդուց չպետք է ավելի շատ վախենայիր, քան Աստծուց: Չնայած մարդիկ ոչինչ են համարում Աստծո խորհուրդները, և արհամարհում են նրա խոսքերը –այնուամենայնիվ, դու պետք է հավատարիմ լինեիր» (ՎևՈւ 3.7–8):

Ես ընդունում եմ, որ Տիրոջ այդ երկյուղը, կամ որը Պողոսը կոչում է «աստվածային երկյուղածություն (Եբրայեցիս ԺԲ.28), պետք է Նրա հանդեպ մեր ակնածանքի մի մասը լինի: Մենք պետք է այնքան մեծ սեր ու ակնածանք տածենք Նրա հանդեպ, որ վախենանք ինչ-որ բան անել, որը սխալ է Նրա աչքում, ինչպիսին էլ որ լինեն ուրիշների կարծիքները կամ նրանց կողմից գործադրված ճնշումները: Մորոնին խնդրում է մեզ. «Սկսեք ինչպես հին ժամանակներում, և եկեք դեպի Տերը ձեր ամբողջ սրտով, և ձեր սեփական փրկությունը գործեցեք` երկյուղով և նրա առջև դողալով» (Մորմոն 9.27):

Քանի որ մեզ շրջապատող աշխարհը հիմնականում անտեսում է Աստծուն, մեզ համար հեշտ է երբեմն մոռանալ, որ Նրա կամքը իմանալու և անելու մեր պատասխանատվությունը անփոփոխ է: Շատերը չեն հասկանում կամ չեն հավատում, որ ապագայում մի օր մենք պետք է հաշվետու լինենք Տիրոջը մեր կյանքի համար` մեր մտքերի, խոսքերի և գործերի համար: Ահով ու դողով գործել մեր փրկությունը, նշանակում է ամեն օր պայքարել կյանքի որոշումներում և գործերում, որպեսզի լավ հաշվետվություն պատրաստենք:

Օրհնվելով ստանալու այն, ինչ ստացել ենք, մենք կարող ենք հոգևոր զարգացում ապրել, ինչպես ոչ մի այլ ժողովուրդ, սակայն մենք նաև ավելի մեծ վտանգի տակ ենք, քան ուրիշները: Մենք չենք կարող մեղանչել, ինչպես նրանք են մեղանչում առանց ավելի մեծ դատապարտության տակ ընկնելու, քանի որ եթե մենք մեղանչում ենք, մեղանչում ենք ավելի մեծ լույսի դեմ: Մենք չենք կարող կատակել սրբազան բաների հետ, որոնք մեր խնամքին են հանձնվել և մենք չենք կարող անմեղ համարվել նրանց պես, ովքեր չեն ճանաչում Աստծուն:

Աստված հետևում է մեզ տեսնելու, թե արդյոք կհաստատենք մեր հավատարմությունը, և եթե ազնվություն ու զգայունություն ունենանք պատվելու սրբազան բաները, մենք ավելի շատ կստանանք: Հակառակ դեպքում, մեր օրհնությունները դատապարտության կվերածվեն մեզ համար: Ճիշտ վարմունքը կամ օրինակը տրվել է Տիրոջ կողմից Վարդապետություն և Ուխտերում.

«Ուստի, նա, ով աղոթում է, ում հոգին փշրված է, նույնն ընդունվում է իմ կողմից, եթե հնազանդվում է իմ արարողություններին:

Նա, ով խոսում է, ում հոգին փշրված է, ում լեզուն հեզ է և շենացնող, նույնն Աստծուց է, եթե հնազանդվում է իմ արարողություններին:

Եվ բացի այդ, նա, ով դողում է իմ զորության ներքո, պիտի դարձվի ուժեղ, և պիտի առաջ բերի գովասանքի և իմաստության պտուղներ, համաձայն հայտնությունների ու ճշմարտությունների, որոնք ես տվել եմ ձեզ» (ՎևՈւ 52.15–17):

Ընդունեք Կորիանթոնին տված Ալմայի հայրական աղերսը. «Օ՜, որդի՛ս, ես փափագում եմ, որ դու այլևս չժխտես Աստծո արդարադատությունը: Մի՛ ձգտիր արդարացնել ինքդ քեզ՝ նվազագույն իսկ չափով, քո մեղքերի համար, ժխտելով Աստծո արդարադատությունը. այլ . . . թույլ տուր Աստծո արդարությունը, և նրա ողորմածությունը, և նրա երկայնամտությունն ունենա լիակատար ազդեցություն քո սրտում, և թող դա վար բերի քեզ մինչև փոշին, համեստության մեջ» (Ալմա 42.30):

Զգուշացում

Ես ավարտում եմ զգուշացնող խոսքով: Որքան խորացնեք ակնածանքը սրբազան բաների հանդեպ, այնքան ձեր հասկացողությունը կընդլայնվի: Սուրբ գրությունները դա անվանում են լույս, որն «ավելի ու ավելի է պայծառանում մինչև որ կատարյալ օր է դառնում» (ՎևՈւ 50.24): Այդ պրոցեսը ներկայացվում է նաև որպես շնորհից շնորհ շարունակվող առաջընթաց: Փրկիչն Ինքն է այդ ձևով առաջադիմել մինչև որ ստացել է լիությունը, և դուք կարող եք հետևել Նրա օրինակին (տես ՎևՈւ 93.12–20):

Ահա թե ուր ձեզ կառաջնորդի սրբության զգացողությունը: Երբ սրբությունն աճում է ձեր մեջ և ձեզ ավելի մեծ գիտելիք ու հասկացողություն է վստահվում, միշտ հիշեք, որ դուք զգուշությամբ վերաբերվեք դրանց: Մենք կարդացինք այն սուրբ գրությունը, որը հաստատում է, որ այն ինչ գալիս է վերևից, սրբազան է, և պետք է խոսվի զգուշությամբ, և Հոգու դրդմամբ: Տերը նաև պատվիրել է ավելի խիստ ձևով, որ մենք չպետք է մարգարիտները խոզերի դեմը գցենք կամ շներին չտանք այն, ինչ սուրբ է (տես 3 Նեփի 14.6; ՎևՈւ 41.6), այսինքն սուրբ բաները չպետք է բացել կամ քննարկել նրանց հետ, ովքեր պատրաստ չեն գնահատելու դրանց արժեքը և որոնք, գուցե, հարձակվեն ձեզ վրա:

Իմաստուն վարվեք այն բաների հետ, որոնք Տերն է տալիս: Դա վստահություն է: Օրինակ դուք չպետք է անզգուշորեն կիսվեք ձեր հայրապետական օրհնությամբ ուրիշների հետ:

Նախագահ Բոյդ Ք. Փաքերը մի անգամ խորհուրդ է տվել.

«Ես հասկացել եմ, որ խելամիտ բան չէ շարունակ խոսել անսովոր հոգևոր փորձառությունների մասին: Դրանք պետք է խնամքով պահել և կիսվել դրանցով միայն այն ժամանակ, երբ Հոգին է հուշում մեզ օգտագործել դրանք ուրիշներին օգնելու համար:

Ես միշտ հիշում եմ Ալմայի խոսքերը.

«Շատերին է տրված իմանալ Աստծո խորհուրդները. սակայն դրանք դրված են խիստ հրամանի ներքո, որ նրանք չպետք է հաղորդեն, բացառությամբ՝ իր խոսքի այն բաժնից, որը նա շնորհում է մարդկանց զավակներին, համաձայն այն ուշադրությանն ու ջանասիրությանը, որ նրանք ցուցաբերում են նրա հանդեպ» (Ալմա 12.9):

Ես մի անգամ լսել եմ, թե ինչպես է Նախագահ [Մորիոն Գ.] Ռոմնին խորհուրդ տալիս Ժնևում միսիայի նախագահներին և նրանց կանաց: «Ես չեմ ասում այն ամենը, ինչ գիտեմ: Ես երբեք իմ կնոջը չեմ ասել այն ամենը, ինչ գիտեմ, քանի որ պարզել եմ, որ եթե շատ թեթևամտորեն վերաբերվեմ սուրբ բաներին, դրանից հետո Տերն ինձ չի վստահի»:

Ես հավատում եմ, որ մենք պետք է պահենք դրանք ու խորհենք դրանց մասին մեր սրտերում, ինչպես Ղուկասն է գրել, թե ինչպես Մարիամը պահեց Հիսուսի ծնունդի հետ կապված այդ կարևոր դեպքերը: (Տես Ղուկաս Բ.19)» (“That All May Be Edified” [1982], 337):

Բոլոր սրբազան և սուրբ բաները պիտի բացահայտվեն և միասին առաջ բերվեն այս վերջին ու ամենահրաշալի ժամանակաշրջանում: Ավետարանի Վերականգնումով Եկեղեցին ու Հիսուս Քրիստոսի քահանայությունը, որ մենք պահում ենք սրբազան բաների գրեթե անըմբռնելի պահեստում, մեր ձեռքում են: Շատ մեծ օրհնություն է, որ մենք ծնվել ենք այժմ, այս ժամանակներում ու այստեղ, երբ փառահեղ օրհնություններ են գալիս մեր կյանք, որոնց մասին երազել են հին մարգարեներն ու այնքան սպասել դրանց: Մենք չենք կարող անտեսել դրանք կամ թույլ տալ, որ դրանք աննկատելի հեռանան:

Անհոգության մեջ ընկնելու փոխարեն, թող որ դուք աճեք հնազանդության մեջ: Հուսով եմ, որ դուք կմտածեք, կզգաք, կհագնվեք և կվարվեք այնպես, որ ակնածանք ու հարգանք դրսևորեք սուրբ բաների, սուրբ վայրերի և սուրբ իրադարձությունների հանդեպ:

Իմ աղոթքն է, որ սրբության զգացողությունը իջնի ձեր հոգու վրա, ինչպես ցողը երկնքից: Թող որ այն մոտեցնի ձեզ Հիսուս Քրիստոսին, որը մահացավ, հարություն առավ, որը ապրում է, որը մեր Քավիչն է: Թող որ Նա ձեզ սուրբ դարձնի, ինչպես Ինքն է սուրբ, որպեսզի դուք կարողանաք նստել Նրա արքայության մեջ, որ այլևս «դուրս չգաք այնտեղից» (տես Ալմա 7.25): Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

 
© 2008 Intellectual Reserve, Inc. All rights reserved.   Rights and use information.  Privacy policy