The Christus statueThe Church of Jesus Christ of Latter-day Saints Search | Feedback | Site Map | Help | Country Sites |
Home Broadcast Archives CES Fireside
Arrow icon acting as a button to Previous Page Previous      

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՀՆՈւԹՅՈւՆԸ

Երեց Դեյվիդ Ի. Սորենսեն
Յոթանասունականների Նախագահությունից
ԵԿՀ հավաք երիտասարդ չափահասների համար
6 մարտի, 2005թ
Բրիգամ Յանգ Համալսարան

Երեց Դեյվիդ Ի. ՍորենսենԵս կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել քահանության բոլոր ղեկավարներին և նրանց կանանց, ովքեր այսօր ներկա են մեզ հետ այս երեկո: Ես հատկապես երախտապարտ եմ, որ Երեց և քույր Սեսիլ Օ. Սեմյուելսոններն են այստեղ: Ինձ համար մեծ պատիվ էր երկար տարիներ աշխատել Երեց Սեմյուելսոնի հետ Տաճարային Բաժանմունքում: Կարող եմ վստահեցնել Բրիգամ Յանգ Համալսարանի ուսանողներին, ինչպես նաև դասախոսական կազմին, որ նրանք օրհնված են Նախագահ և Քույր Սեմյուելսոնների կարող ղեկավարության ներքո:

Երբ ես մտածում էի, թե ինչ եմ ցանկանում ասել ձեզ այս երեկո` Եկեղեցու երիտասարդներին, պարզվեց, որ շատերը ուսանողներ են: Իմ թանկագին երիտասարդ ընկերներ, իրականում, մենք բոլորս ենք ավետարանի ուսանողներ, այնպես չէ՞:

Մի մարդ կար, որը աշխատում էր Միացյալ Նահանգների Գանձապետարանում: Նա հետաքննում էր կեղծ թղթադրամների հետ կապված գործերը: Նա այնքան էր վարպետացել իր գործում, որ միայն մի հայացք գցելով թղթադրամի վրա կարողանում էր ասել կեղծ է այն, թե իսկական: Կեղծարարությամբ զբաղվող մի մեծ խմբակցության բացահայտումից հետո մի երեկո հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ, լրագրողներից մեկը նման արտահայտություն ասաց նրան. «Դուք պետք է որ երկար ժամանակ ուսումնասիրած լինեք կեղծ թղթադրամները, որ նման հեշտությամբ կարողանում եք ճանաչել դրանք»:

Նրա պատասխանն էր. «Ոչ, ես երբեք չեմ ուսումնասիրում կեղծ թղթադրամները: Ես իմ ժամանակը տրամադրում եմ իսկական թղթադրամներն ուսումնասիրելու վրա. այնուհետև անճշտությունը անմիջապես աչքի է ընկնում»:

Սիրելի եղբայրներ և քույրեր: Նույնը վերաբերում է ավետարանին: Մենք այստեղ ենք Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանելու համար: Կեղծն ուսումնասիրելու կարիքը չկա, քանի որ մենք ճշմարտությունն ունենք: Եթե ուսումնասիրեք ճշմարիտ Եկեղեցին և թույլ տաք, որ Հոգին աշխատի ձեր մեջ, դուք կունենաք պատասխանները և կիմանաք, թե ինչպես ձեզ պահեք տարբեր իրավիճակներում: Ինչ վերաբերում է Մորմոնի Գրքին, երիտասարդ միսիոներները կիսվել են այդ մտքով ինձ հետ, որը ես երկար տարիներ է ճշմարիտ եմ համարում` հիշեք, որ Մորմոնի Գիրքը չի փորձվում, այլ մենք ենք փորձվում:

Այս երեկո ես կցանկանայի խոսել ավետարանի ամենակարևոր սկզբունքներից մեկի մասին: Ես խոսում եմ աշխատանքի վարդապետության մասին: Հույս ունեմ, որ այն, ինչ կասեմ, կօգնի ձեզ առաջնորդվել այսօրվա ձեր աշխատանքում կամ մի գուցե ձեր ապագա աշխատանքում:

Ձեզանից նրանք, ովքեր ավարտում են քոլեջը կամ բարձրագույն դպրոցը, կամ աշխատում են որևէ բնագավառում, աշխատանքի ընդունվելիս մի գուցե ինքներդ ձեզ այսպիսի հարցեր եք տալիս. «Որո՞նք են իմ աշխատանքային ժամերը: Որո՞նք են իմ առավելությունները: Որո՞նք են իմ հանգստյան օրերը, երբ ես ազատ կլինեմ աշխատանքից: Կունենա՞մ ես արդյոք բավական ժամանակ ընկերների հետ անցկացնելու կամ իմ հետաքրքրություններով զբաղվելու համար»: Ինչևէ, ազատ ժամանակի վրա կենտրոնացող նմանատիպ հարցերը կարող են ձեզ թույլ չտալ տեսնել շատ ավելի մեծ հնարավորությունը:

Աստծո աշխատանքը

Աշխատանքը հավերժական սկզբունք է: Դուք ճանաչո՞ւմ եք նրան, որն ունի երկրի ողջ հարստություններն ու ավելին, սակայն միևնույն է շարունակում է աշխատել: Դա մեր Երկնային Հայրն է: Նա աշխատող է: Մեր Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը Իրենց օրինակով և ուսմունքներով մեզ ցույց են տալիս, որ աշխատանքը կարևոր է երկնքում և երկրի վրա: Եհովան աշխատեց ստեղծելու համար երկինքն ու երկիրը: Նա միասին հավաքեց ջրերը և առաջ բերեց ցամաքը: Նա ստեղծեց արևը, լուսինը և աստղերը: Նա ստեղծեց ամբողջ կենդանական աշխարհը ծովում և ցամաքի վրա: Ապա Հայրը երկիր բերեց Ադամին ու Եվային, որպեսզի հոգ տանեն այդ երկրի համար և կառավարեն բոլոր էակներին: (Sե’ս Ծննդոց Ա.1-28:)

Սակայն Նրանց գործը Արարումով չավարտվեց: Թանկագին Մարգարիտում կարդում ենք. «Սա է Իմ աշխատանքն ու Իմ փառքը` իրագործել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը (տե’ս Մովսես 1.39, շեղագրումն ավելացվել է): Սա, անշուշտ ներառում է յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի: Բոլոր բաներից, որոնցով Նա կարող էր զբաղվել, մեր Երկնային Հայրն ընտեց աշխատել ի օգուտ մեր հավերժական հոգիների` ձեր հոգու և իմ հոգու:

Հիսուսն ասել է. «Իմ Հայրը մինչև հիմա գործում է, և ես էլ գործում եմ» (Հովհաննես Ե.17): Նա նաև ասել է. «Ինձ պետք է նորա գործերը գործել, որ ինձ ուղարկեց» (Հովհաննես Թ.4):

Աշխատանքն օրհնություն է

Դուք և ես նույնպես ունենք աշխատանք` կատարելու: Սատանան մեզ կգայթակղի հավատալու, որ մեր աշխատանքը արժեք չունի, կամ որ կարիք չկա աշխատելու: Երկու դեպքում էլ նա սխալ է: Մենք աշխատելու կարիք ունենք: Մենք պատասխանատվություն ենք կրում մեր անձնական և մեր ընտանիքների կարիքները բավարարելու համար: Ինքն իրեն ապահովելու այս ավանդույթը Տիրոջ ուղին է եղել դեռ այն ժամանակներից, երբ Ադամն ու Եվան հեռացան Եդեմի Պարտեզից: Տերն Ադամին ասաց. «Երեսիդ քրտինքովը հաց ուտես» (Ծննդոց Գ.19): Ադամն ու Եվան աշխատում էին դաշտերում, որպեսզի կարողանային ապահովել իրենց և իրենց զավակների կարիքները (տե’ս Մովսես 5.1):

Սակայն մեր կարիքների ապահովումը աշխատանքի միակ նպատակը չէ: Պատկերացրեք, թե ձեզ մի մեծ գումար է տրվել կամ ինչ-որ պատճառով դուք մի ակնթարթում ֆինանսապես ապահովված անձ եք դարձել: Անգամ այդ դեպքում չի վերանում աշխատելու պատվիրանը: Տերն Իսրայելի ժողովրդին ասել է. «Վեց օր աշխատիր և քո բոլոր գործն արա» (Ելից Ի.9): Նա չի տվել այս պատվիրանի համար ոչ մի բացառություն նրանց համար, ովքեր բավական գումար ունեն ծախսելու: Ինչպես Երեց Նիլ Ա. Մաքսվելն է նկարագրել. «Աշխատանքը միշտ էլ հոգևոր անհրաժեշտություն է մնում, անգամ եթե ոմանց համար այն տնտեսական անհրաժեշտություն չէ» (in Conference Report, Apr. 1998, 50; or Ensign, May 1998, 38):

Աշխատանքը ոչ թե անեծք, այլ օրհնություն է: Աշխատանքով մենք ոչ միայն հնազանդվում ենք Աստծո պատվիրանին, այլ ի վիճակի ենք դառնում մասնակցելու Աստծո փրկող շնորհին: Փրկիչն ասել է. «Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանքները պահեցեք» (Հովհաննես ԺԴ.15): Այսպիսով, Քրիստոսը հստակ ասել է, որ եթե մենք սիրում ենք Նրան և ցանկանում ենք լինել Նրա հետ, ապա պետք է հնազանդվենք Նրա պատվիրաններին, որոնց թվում է` Ադամին տրված աշխատելու նրա պատվիրանը:

Տերը Վերականգնման սկզբում Վերջին Օրերի Սրբերին ասել է, որ այժմ Նա` Տերը, գոհ չէ Սիոնի բնակիչներով, քանզի ձեր մեջ կան ծույլեր (տե’ս ՎևՈւ 68.31): Իսկ ավելի ուշ, 20-րդ դարում Աստծո մարգարե, Նախագահ Հեբեր Ջ. Գրանտն ասել է. «Աշխատանքը պետք է վերահաստատվի որպես ղեկավարող սկզբունք Եկեղեցու մեր անդամների կյանքում» (in Conference Report, Oct. 1936, 3):

Դուք երբևէ մտածե՞լ եք այն մասին, թե ինչ կպատահի, եթե մարդիկ չաշխատեն: Կաշխատե՞ն արդյոք դպրոցները: Կգործի՞ մեր կառավարությունը: Կհեռարձակվի՞ մեր հեռուստատեսությունը: Թեև մենք երբեմն մտածում ենք, որ լավ կլիներ, եթե ունենայինք այնքան գումար, որքան երբևէ ցանկացել ենք և այլևս չաշխատեինք: Ես ձեզ կարող եմ հավատացնել, որ դա ճշմարիտ երջանկության ուղին չէ: Ամենաթշվառ մարդիկ, որոնց ես երբևէ հանդիպել եմ, եղել են նրանք, ովքեր ինչ-որ պատճառով երկար ժամանակ չեն աշխատել:

Աշխատանքը ընտանեկան պատասխանատվություն է: Ես գիտեմ, որ ձեզանից ոմանք տնից հեռու են: Ես ձեզ հիշեցնում եմ, որ այժմ դուք օգուտ եք քաղում ձեր ընտանիքի աշխատանքից: Ձեր ծնողները քրտնաջան աշխատել են, որպեսզի ապահովեն ձեր ֆիզիկական, հոգևոր և էմոցիոնալ բարեկեցությունը: Նրանք ակնկալում են, որ դուք կկատարեք այդ ամենը նրանց համար: Նրանք ակնկալում են, որ դուք կկիսեք այդ բեռի մի մասը:

Երբ ես ներկա էի գտնվում Հարվարդի Բիզնեսի Դպրոցից իմ որդու ավարտականին, դեկան Կիմ Քլարկը, որը Եկեղեցու անդամ է, խնդրեց ավարտական հագուստ հագած և առաջին շարքում նստած ուսանողներին ետ նայել` իրենց հարազատներին: Երբ շրջանավարտները թեքվել էին, դեկան Քլարկը մի պահ կանգ առավ և ասաց. «Եթե ձեր ընտանիքի անդամներին աջակցելու համար չլիներ, այսօր դուք չէիք ստանա այս կոչումը»: Եվ դա նաև ձեզ համար է: Դուք շատ եք ստացել: Ձեզանից ակնկալվում է, անգամ պահանջվում է, որ նմանատիպ աջակցություն և սեր ցուցաբերեք ձեր սեփական երեխաների և ընտանիքի անդամների հանդեպ: Սա չի նշանակում, որ (օգտագործելով այսօրվա խոսակցական լեզուն) պետք է շարունակ «թրև գաք»: Ձեր մեծանալու հետ մեկտեղ, ձեր ծնողները ակնկալում են, որ դուք կապահովեք ինքներդ ձեզ և անկախ կդառնաք:

Մենք բոլորս աշխատանքի մեջ մեր բաժինն ունենք: Հիշեք, որ կյանքում շատ կարևոր է վաղ սկսել սովորեցնել ձեր զավակներին, որ նրանք անեն ընտանիքի աշխատանքի իրենց մասը: Ձեզանից նրանք, ովքեր մեծացել են այնպիսի ընտանիքում, որտեղ սովորել են աշխատել, կարող են վկայել այսօր իրենց կյանքում դրա արժեքի մասին: Որպես փաստ ասեմ, որ անցյալ հինգշաբթի Երեց Սեմյուելսոնն ասաց ինձ, թե որքան երախտապարտ է նա, որ իր հայրն իրեն աշխատել է սովորեցրել, և որ իր կնոջ մայրն ու հայրը աշխատել են սովորեցրել նրան:

Քանի դեռ մենք, Եկեղեցու անդամներս, ի վիճակի ենք, պետք է անենք ամեն հնարավոր բան` մեր ընտանիքների կյանքի համար անհրաժեշտ հիմնական կարիքները` սնունդը, հագուստը և ապաստանը, ապահովելու համար:

Մենք հասկանում ենք, որ աշխարհի որոշ վայրերում դուք կարող եք դժվարությունների հանդիպել ձեր ընատնիքներին ապահովելիս: Նման փորձություններից են` խրոնիկական հիվանդությունները, ամուսնու կորուստը, մեծահասակ ծնողի խնամքը կամ ձեր երեխաների կրթության ծախսերը: Մեր Երկնային Հայրը հոգատար է այդ իրավիճակներում հայտնված ընտանիքների հանդեպ: Ես համոզված եմ, որ Նա ուժ կտա ձեզ` կրելու ձեր բեռը: Նա միշտ կօրհնի մեզ, եթե հավատքով դիմենք Նրան:

Աշխատանքը ծառայություն է

Աշխատանքի հանդեպ լավ վերաբերմունքը, սովորությունները և հմտությունները կարելի է ձեռք բերել հաջող աշխատանքային փորձի միջոցով: Թույլ տվեք պարզաբանել դա: Ֆերմայում, որտեղ ես մեծացել եմ, կովերին պետք էր կթել ամեն օր արևածագից առաջ: Կարևոր չէր Կրակի էր, Սուրբ Ծնունդ, թե որևէ այլ տոն: Կարևոր չէր, ցուրտ էր, թե ինչ-որ մեկը մրսած էր: Կարևոր չէր, պայծառ արևը շողում էր, թե փոթորիկ էր մոլեգնում: Ամեն առավոտ ու ամեն երեկո նույնն էր` կավերը պետք է կթվեին:

Նախքան եղբայրներս պատերազմ կկանչվեին, հիմնականում, նրանք էին կթում: Սակայն 1943 թվին, երբ դեռևս 10 տարեկան էի, ես էի մտնում գոմ, որտեղ 10-12 կով սպասում էին, որ ես նրանց թույլ տամ մտնել կթելու տարածքը: Հայրս և մայրս սովորաբար կովերին բարձր ձայնով ասում էին. «Բարի լույս: Ինչ լավ է ձեզ նորից տեսնել»: Ես պետք է խոստովանեմ, որ փոքր տղա լինելով ես նույնը չէի զգում կովերի հանդեպ:

Ամեն կովին կթելուց հետո ես կաթը լցնում էի երեսունութ լիտրանոց տարայի մեջ: Դրանցից յուրաքանչյուրը կարող էր 36 կիլոգրամ տանել: Ես պետք է լարեի իմ երիտասարդ մկանները, որպեսզի կրեի դրանք, հասցնելով ճանապարհի մոտ, որտեղից կաթի մարդը վերցնում էր դրանք:

Հայրս հաճախ օգնում էր ինձ կթել կովերին, երբեմն մայրս էր օգնում: Հիշում եմ, հայրս և մայրս իրենց 80-ն անց տարիքում դեռ շարունակում էին կթել: Բայց հայրս չէր կթում կովերին, որովհետև ստիպված էր, նա կթում էր նրանց, որովհետև կովերը պետք է կթվեին: Այստեղ տարբերություն կա: Նրա համար այդ կենդանիները ոչ միայն կովեր էին, այլ նրանք Բիգ Բլեքին, Բոսին, Սալին և Բեթսին էին: Նա ուզում էր, որ նրանք իրենց լավ զգան: Նա միշտ ասում էր, որ գոհ կովերը լավ կաթ են տալիս: Հորս համար կով կթելը, որքան էլ մանկամիտ կհնչի, պարտականություն չէր, այլ հնարավորություն: Կթելը աշխատանք չէր, դա ծառայություն էր:

Այդ փիլիսոփայությունն օգնեց ինձ, երբ ես մեծացա: Այն ինձ օգնեց հասկանալ, որ բոլոր ազնիվ աշխատանքները պատվավոր աշխատանքներ են: Մի քանի տարիների ընթացքում ես հասկացա, որ այդ գործերն ինձ վստահության և զորացման զգացում են պարգևում: Ես հպարտություն զգացի իմ աշխատանքի համար: Ես հասկացա, որ ոչ ոք չի կարող ինձ նվաստացնել իմ կատարած աշխատանքի համար: Ինչպես Էլեոնոր Ռուզվելտն է ասել. «Ոչ ոք չի կարող ձեզ նվաստացնել ձեր կամքին հակառակ» (“Points to Ponder,” Readers Digest, Feb. 1963, 261): Դուք եք կառավարում աշխատանքի հանդեպ ձեր վերաբերմունքը, հատկապես դո՛ւք, երիտասարդներ: Ինքնավստահությունն ու զորացումը ձեզ լավ կարող են ծառայել, ինչպես դասասենյակում, այնպես էլ հասարակական կամ աշխատանքային բնագավառում:

Մեր առօրյա աշխատանքի մասին որպես պարտականություն մտածելու փոխարեն, մենք պետք է մտածենք դրա մասին որպես հնարավորության: Այդպես է իմ հայրը ինձ սովորեցրել մտածել կովերի մասին: Այդ ուսմունքներն ինձ հետ են մնացել ողջ կյանքի ընթացքում, և ես շարունակում եմ ամեն պատեհ առիթով այցելել ֆերմա և հիշողությունների գիրկն ընկնել:

Մտածեք այդ մասին: Եթե իմ հայրը իմաստ էր գտնում մի քանի կովերի մեջ, ապա մեզանից յուրաքանչյուրը իմաստ կգտնի իր գործի մեջ:

Սովորեք սիրել աշխատանքը

Կյանքը վայելելու լավագույն միջոցներից մեկը, ես գիտեմ, դա աշխատանքը սիրել սովորելն է: Իմ կինը` Վերլան, կատարյալ օրինակ է: Նա սկսել է աշխատել իր հիվանդ հորաքույր Բերտայի համար դեռևս 10 տարեկան հասակում` լվանալով սպասքը և մաքրելով նրա տունը: Այդ ժամանակից ի վեր նա միշտ աշխատում է: Կյանքի տարբեր ժամանակահատվածներում նա տարբեր տեսակի աշխատանքներ է կատարել: Նա հիանալի ուսանող էր, մի քանի տարի ուսուցանել է առաջին դասարանցիներին, մեծացրել է մեր յոթ զավակներին, աշխատել է Ծնողներ-Երեխաներ Ընկերությունում, ծառայել է տեղական դպրոցի խորհրդում, աշխատել է միսիայում, Եկեղեցում հարյուրավոր ելույթներ է ունեցել, ծառայել է համայնքային շատ կոմիտեներում և աշխատել է որպես կամավոր:

Նրա գործերից շատերը, ինչպես համարում է աշխարհը, սովորական աշխատանքներ են, ինչպես օրինակ տունը պահելը: Նրա գործերից մի քանիսի համար համալսարանական գիտելիքների կարիքն է զգացվել, իսկ մեծ մասը հոգևոր ջանքեր են պահանջել ավետարանն ուսուցանելու համար: Բայց միշտ, անկախ գործի բնույթից, նա ներդնում էր իր ողջ կարողությունը: Նա մեծապես ուրախանում էր իր աշխատանքով: Նա այսօր ասաց ինձ, որ նա հույս ունի նմանվել իր հորաքույր Վերային, որը երբ 90 տարեկան էր, ասել է, որ կցանկանար երբեք այնքան չծերանար, որ չկարողանար աշխատել: Ամենաերջանիկ մարդիկ, որոնց ես ճանաչում եմ, սիրում են իրենց աշխատանքը, անկախ նրանից, թե ինչ տեսակի աշխատանք է դա:

Դուք մի գուցե հիշեք այն պատմությունը, որը ցույց է տալիս, թե աշխատանքի հանդեպ մեր վերաբերմունքը ինչպես կարող է փոխել իրավիճակը:

«Մի ճամփորդ անցնում էր քարի հանքի կողքով և տեսավ երեք աշխատող մարդկանց: Նա հարցրեց նրանց, թե ինչ են անում: Ամեն մեկի պատասխանը ցույց տվեց նույն աշխատանքի հանդեպ նրանց վերաբերմունքը:

«Ես քար եմ կտրում», - պատասխանեց առաջին մարդը:

Երկրորդն ասաց. «Ես օրը երեք կտոր ոսկի եմ աշխատում»:

Երրորդ մարդը ժպտած ու ասաց. «Ես օգնում եմ կառուցել Աստծո տունը»:

Հիշեք հին ասացվածքը. «Ձեր վերաբերմունքն է որոշում ձեր բարձրությունը»:

Մենք պետք է ի վիճակի լինենք մեծ նպատակ գտնել մեր աշխատանքի մեջ, ինչպիսին էլ որ այն լինի: Ցանկացած ազնիվ աշխատանք կարող է ծառայություն լինել Աստծուն: Նեփիացի մարգարե` Բենիամին Թագավորն ասել է. «Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք» (Մոսիա 2.17): Անգամ եթե մեր աշխատանքը օգնում է միայն բավարարել մեր ընտանիքի կարիքները, մենք արդեն իսկ օգնում ենք Աստծո զավակներին:

Տերը գոհ չէ նրանցից, ովքեր ծույլ կամ անբան են: Նա ասել է, որ անբանը չպետք է տեղ ունենա եկեղեցում, եթե չի ապաշխարում և չի փոխում իր ուղիները (տե’ս ՎևՈւ 75.29): Նա նաև պատվիրել է, որ մենք չլինենք անբան, քանզի անգործը չպետք է ուտի աշխատավորի հացը, ոչ էլ հագնի նրա հանդերձները (տե’ս ՎևՈւ 42.42):

Եկեղեցու վաղ օրերից մարգարեները Վերջին Օրերի Սրբերին սովորեցրել են լինել ինքնուրույն ու ինքնաապահովող, և խուսափել անգործությունից: Ճշմարիտ Վերջին Օրերի Սրբերը իրենց ապահովելու բեռը կամովին չեն գցի ուրիշի վրա: Դուք պետք է վճռեք, հենց այստեղ և հիմա, որ ձեր ողջ կյանքում կաշխատեք ինքներդ ձեզ ապահովել այնքան, որքան կարող եք:

Երիտասարդ կանանցից շատերը մայրեր են կամ մայրեր կդառնան և կօրհնվեն երկար տարիներ անցկացնելու տանը երեխաներ մեծացնելով: Մյուսները կարող է չկարողանան մայրեր դառնալ, կամ, եթե մայրեր են, չեն կարողանա ամբողջ օրը տանը մնալ: Ինչպիսին էլ որ լինի ձեր իրավիճակը, երիտասարդ կանայք, ես ձեզ բոլորիդ, խրախուսում եմ հետևել մարգարեի խորհրդին և ստանալ որքան հնարավոր է շատ կրթություն: Կրթությունն ինքնին արդեն արժեքավոր է: Ձեր կրթությունը ձեզ ապահովության զգացում կպարգևի, եթե անգամ տանը երեխա եք մեծացնում: Եթե ապագան ձեզ համար բարձր վարձատրվող աշխատանք է պատրաստել, կրթությունը ձեզ հնարավորություն կտա ավելի իմաստալից ու վարձատրող աշխատանք գտնել:

Մեր աշխատանքը պետք է ազնիվ լինի և արժանավայել նպատակներ հետապնդի: Մեր Երկնային Հայրը երջանիկ չէ, երբ մենք շահ ենք ստանում չար կամ ջանք չպահանջող աղբյուրներից: Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն այսպես է դա ձևակերպել. «Ես խորապես զգում եմ, որ նրանք, ովքեր ստանում են աշխատավարձ, սակայն բավական ժամանակ, եռանդ, նվիրում կամ ծառայություն չեն ներդնում, ապա այդ գումարները մաքուր չեն» (in Conference Report, Oct. 1953, 52): Նա նաև ասել է, որ չար կամ ջանք չպահանջող գործունեությունից, օրինակ գողությունից, խաղասրահներում խաղալուց, վիճակախաղերից, բռնագրավումներից, անօրինական թմրանյութերի վաճառքից, աղքատի վրա ճնշում գործադրելուց և նմանատիպ այլ գործունեությունից ստացված գումարները կեղտոտ փողեր են:

Նախագահ Քիմբալը սահմանել է պատվավոր և չար աշխատանքի միջև տարբերությունը.

«Մաքուր փողը դա լիարժեք օրվա ազնիվ աշխատանքի արդյունքում ստացված հատուցումն է: Այն ձեր հավատարիմ ծառայությունների դիմաց կատարված խելամիտ վարձատրությունն է: Այն ապրանքների կամ ծառայությունների վաճառքից գոյացած արդար շահույթն է: Դա այն եկամուտն է, որը ստացվել է այն գործարքներից, որտեղ բոլոր կողմերը շահել են»:

«Անարգ փողերը . . . այն գումարներն են . . . որոնք ձեռք են բերվել գողության և կողոպուտի . . . մոլեխաղերի . . . մեղսավոր գործողությունների . . . կաշառակերության, և . . . շահագործման միջոցով» (in Conference Report, Oct. 1953, 52):

Այսօր շատերն են հրապուրվում հեշտ փող վաստակելու եղանակներով, որոնք առաջարկում են արագ հարստանալու և հեշտ կյանքի ճանապարհներ: Մենք միշտ լսում ենք այդ մասին: Այդ առաջարկները պատրանքներ են, և մարգարեները շարունակ զգուշացրել են, որ չգայթակղվեք և չդառնաք «հեշտ փողի» զոհը: Մենք չպետք է կորցնենք խելամիտ դատողություն կատարելու, վտանգներն ու շահերը կշռելու և կյանքի ավելի խոր ուղերձները ընկալելու մեր կարողությունը:

Ամենօրյա աշխատանքի այս աշխարհում կան շատերը, ովքեր հոգեպես անզգա են, քանի որ նյութական ուղղվածություն ունեն: Փորձեք խույս տալ նրանցից: Որքան ողբերգական կարող է լինել այն փաստը, որ մեր աշխատանքի բերումով շփվենք այնպիսինների հետ, ովքեր կկործանեն հոգևորը. «Որովհետև ի՞նչ օգուտ է մարդի, եթե բոլոր աշխարհքս ստանայ` և իր անձը կորցնէ» (Մարկոս Ը.36): Տերը մեզ ասել է, որ «շնչավոր մարդն Աստուծոյ Հոգու բաները չէ ընդունում. որովհետև նորանք հիմարություն են նորա համար. և չէ կարող էլ գիտենալ` որովհետև հոգևոր կերպով են քննվում» (Ա Կորնթացիս Բ.14):

Իրականում, մենք պատշաճ հավասարակշռություն պետք է գտնենք աշխատանքի, հանգստի և զվարճանքի միջև: Առանց աշխատանքի հանգիստն ու զվարճանքը իմաստ չունեն: Կա մի հին ասացվածք. «Ոչինչ չանելը ամենադժվար աշխատանքն է»: Հանգստանալը ոչ միայն հաճելի ու անհրաժեշտ է, այլ Կիրակի օրը հանգստանալը մեզ տրված պատվիրան է (տե’ս Ելից Ի.10): Նրանց, ովքեր պահում են Կիրակին, Տերը խոստացել է, որ «երկրի լիությունը ձերը կլինի» (տե’ս ՎևՈւ 59.16):

Ձեզանից ոմանք գիտեն, հավանաբար, որ ես և Քույր Սորենսենը մի քանի տարի Ասիայում ենք անցկացրել: Այնտեղ ապրելու ընթացքում մենք մի ասացվածք ենք լսել. «Ընտրիր այն աշխատանքը, որը սիրում ես, և քո ողջ կյանքում մի օր անգամ չես աշխատի»: Ես հասկանում եմ, որ շատերի համար սա մաղթանք է: Ես չեմ ուզում վատատես լինել: Սակայն իրականությունն այն է, որ աշխատանքը ոչ միշտ է հրապուրիչ լինում: Կարծում եմ, ավելի տեղին կհնչի Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի խորհուրդը: Նա ասել է. «Ընտրեք ձեր սերը, սիրեք ձեր ընտրությունը» (in Conference Report, Oct. 1988, 82; or Ensign, Nov. 1988, 71): Նա իրականում խոսում էր ամուսնության մասին, սակայն ես կասեի, որ այս խորհուրդը կիրառելի է նաև ձեր ընտրած մասնագիտության համար: Ընտրեք ձեր սիրած աշխատանքը, ապա սիրեք ձեր ընտրությունը:

Ինչ եմ ուզում ասել, շատ մարդիկ պարզապես չեն կարողանում ազատվել այն մտքից, որ իրենց աշխատանքը պետք է լինի ավելի հատուցող, կամ ավելի հետաքրքիր, կամ առնվազն, ոչ այդքան միանվագ: Երբ կյանքը դժվարանում է, իսկ դա անկասկած այդպես էլ լինում է, նրանք սկսում են մտածել, թե մի գուցե իրենց ընտրած աշխատանքն ամենևին էլ այնպիսինը չէ, ինչպիսին իրենք էին պատկերացնում: Նրանք սկսում են հավատալ, որ ցանկապատի այն կողմում խոտն ավելի կանաչ է: Դուք կհանդիպեք նման մարդկանց, ովքեր ասում են. «Եթե ես միայն որոշեի ուսումնասիրել բժկությունը իրավունքի փոխարեն, ես մեծ բժիշկ կդառնայի»: Կամ, գուցե. «Ես կուզենայի ունենալ նրա բարձրաստիճան աշխատանքը: Եթե ես նրա նման ղեկավար լինեի, իսկապես լավ կաշխատեի և լավ կվերաբերվեի մարդկանց, և շատ հաջողակ կլինեի»:

Մարդիկ, որոնք այս մտածելակերպից չեն կարողանում ազատվել, դժվարություններ կունենան հաջողությունների հասնելիս ցանկացած մասնագիտության մեջ: Նրանք սիրահարվում են մասնագիտությանը, իսկ հետո հիասթափվում փոքր և հասարակ բաների պատճառով, և հեռանում են, հետապնդելով իրենց երևակայությունները հաջորդ հորիզոնում: Նրանք աշխատանքից աշխատանք են անցնում, երբեք չմնալով նույն տեղում նվաճումներ ձեռք բերելու համար:

Եթե դուք ընտրել եք ձեր աշխատանքը, սիրեք այն: Չկա կատարյալ աշխատանք: Ցանկացած աշխատանք ունի իր դժվարությունները և ծանր պահերը: Ինչպես ամուսնության մեջ, աշխատանքում նույնպես հաջողության և կատարելագործման հասնելու համար կարող են անձնվեր և համառ ջանքերի տարիներ պահանջվել:

Թույլ տվեք մի օրինակ բերել: Միքելանջելոն, այդ վիրտուոզ նկարիչն ու քանդակագործը, կիսվել է աշխատանքի մասին իր խոր մտքերով: Նա ասել է. «Եթե մարդիկ իմանային, թե որքան ծանր է ինձ տրվում իմ վարպետությունը, ապա այն բոլորովին էլ սքանչելի չի թվա նրանց»: Ձեզանից ոմանք հավանաբար անձամբ տեսել են Միքելանջելոյի փայլուն աշխատանքները: Սակայն մեզանից քանիսն են կանգ առել ու մտածել մարմարի մի ամուր ու ամբողջական կտորից Դավթի արձանը կերտելու բառացիորեն մեջք-կոտրող, ձանձրալի աշխատանքի մասին: Իսկ Դավիթը անշուշտ Միքելանջելոյի առաջին քանդակը չէ: Անկասկած, նա պայքարել և աշխատել է հարյուրավոր ու հազարավոր քանդակների վրա, մինչև որ ստեղծել է այդ գլուխգործոցը: Արդյո՞ք ողբերգություն չէր լինի, եթե Միքելանջելոն մարմարից քանդակելու առաջին մի քանի տարիների ուժասպառ աշխատանքից հետո որոշեր, որ դա շատ բարդ, շատ ձանձրալի և միանվագ գործ է, և ավելի լավ կլիներ դրա փոխարեն գրող դառնար: Հետաքրքիրն այն է, որ եթե նա կատարեր այդ փոփոխությունը, ապա շատ հավանական է, կպարզեր, որ գրելը նույնպես միանվագ ու ձանձրալի գործ է:

Դուք ավելի մեծ հաջողությունների կհասնեք, եթե ոգևորությամբ շարունակեք ձեր գործը, անկախ ձեր աշխատանքի թերություններից և առօրյա փոքր ու հասարակ բաներից: Կենտրոնացեք ձեռքի տակ եղած կարիերայի վրա և դիմակայեք փնտրող աչքերի գայթակղությանը: Իրականում, ես համարձակորեն կարող եմ ասել, որ այդքան էլ կարևոր չէ, թե ինչ աշխատանք եք դուք ընտրում: Ես խոստանում եմ, որ, եթե դուք կառչեք դրանից և ձգտեք կատարելագործվել ձեր ընտրած մասնագիտության մեջ, դուք իսկապես կունենաք մեծ հաջողություն և, ի վերջո, կսիրեք ձեր աշխատանքն ավելի շատ, քան կարող էիք պատկերացնել:

Խորհրդի խոսք

Թույլ տվեք ավելացնել մի քանի լրացուցիչ խորհուրդներ:

Առաջինը, շատ աշխատեք մյուսների հետ լեզու գտնելու ուղղությամբ: Եղեք լուծման, ոչ թե խնդրի մասը: Իսկապես, եղեք լույս, և ոչ թե դատավոր: Ուսումնասիրությունները կրկին ու կրկին հաստատում են, որ մարդիկ սովորաբար չեն կորցնում իրենց աշխատանքը տեխնիկական հմտությունների պակասի պատճառով: Ավելի հաճախ դժվարությունը մյուս մարդկանց հետ լեզու չգտնելու մեջ է կայանում: Ես հասկանում եմ, որ դուք չեք կարող միշտ գոհացնել բոլոր մարդկանց, սակայն կարող եք հաճախակի գոհացնել շատ մարդկանց, հատկապես եթե այդ մարդկանցից մեկը ձեր ղեկավարն է:

Երկրորդը, հիշեք, որ մարդիկ հազվադեպ են առաջադիմում, երբ իրենց միայն իրենց աչքով են չափում: Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ իմ կյանքում և իմ աշխատանքում ավելի շատ բարելավումներ եմ ունեցել ուրիշների քննադատության, քան գովասանքի հետևանքով: Սովորեք չափել ձեզ երբեմն ուրիշի աչքերով: Եթե ձեր ղեկավարը նկատում է, որ դուք շուտ եք բռնկվում, լուրջ ընդունեք դա: Եթե ձեր ամուսինն ասում է, որ դուք շուտ եք բռնկվում, և եթե ձեր ընկերներն ասում են, որ դուք շուտ եք բռնկվում, ուրեմն, հավանական է, որ դուք շուտ եք բռնկվում: Երբ դուք նման նկատողություններ եք լսում, նախքան մերժելը ուշադրությամբ լսեք: Գնահատեք դրանք: Կշռադատեք: Չե՞ք կարծում, որ փոփոխությունների ժամանակը եկել է: Անկախ քննադատությունից, սովորեք լեզու գտնել մարդկանց հետ: Եթե ցանկանաք, ապա լեզու կգտնեք նրանց հետ:

Երրորդը, լավատես եղեք: Մի ընդունեք վատատեսությունը, հատկապես, երբ այն ուղղված է անձամբ ձեզ: Մի ընդունեք վատատեսական արտահայտություններ ձեր Երկնային Հոր մասին: Մտածեք դրանց սկզբնաղբյուրի մասին, դրանք գալիս են Սատանայից: Մի ընդունեք վատատեսական արտահայտություններ այս Եկեղեցու ղեկավարների կամ Եկեղեցու որպես կազմակերպության մասին: Աշխատանք է պահանջվում Սատանայի ուղերձները մերժելու համար, սակայն այդ աշխատանքը տանում է դեպի երջանկություն:

Մի քանի խոսք վերադարձած միսիոներներին. մի՛ հրաժարվեք միսիայում սովորած սկզբունքներից, սովորույթներից կամ մեծ փորձառություններից: Մի՛ հրաժարվեք ձեր արտաքին տեսքից: Եղբայրները չեն ակնկալում, որ դուք սպիտակ վերնաշապիկ ու փողկապ, մուգ կապույտ կոստյում հագնեք այժմ, երբ վերադարձել եք ձեր դասերին: Սակայն պահպանեք ձեր լավ պահվածքը, որ սովորել եք միսիայում: Հագնվեք հաջողության համար: Եթե ձեր անձնական սովորություններն արտացոլեն մաքրությունը, արժանապատվությունն ու ավետարանի սկզբունքները, որոնք ուսուցանել եք որպես երիտասարդ միսիոներ, ապա դրանք ձեր աշխատանքի վայրում օգուտ կբերեն ձեզ:

Ամփոփում

Այս երեկո իմ ուղերձը կարելի է ամփոփել երկու նախադասությամբ: Առաջինը Նախագահ Դեյվիդ Օ. ՄակՔեյից է: Նա ասել է. «Եկեք հասկանանք, որ աշխատելու արտոնությունը պարգև է, որ աշխատելու զորությունը օրհնություն է, որ աշխատանքի հանդեպ սերը հաջողություն է» (Pathways to Happiness [1957], 381):

Երկրորդը, մեր կենդանի մարգարե Նախագահ Գորդոն Բ. Հինքլիից է: Նա ասել է. «Աշխարհի հիմնական աշխատանքը չի արվում հանճարների կողմից: Դա արվում է սովորական մարդկանց կողմից, ովքեր հավասարակշռություն ունեն իրենց կյանքում, ովքեր սովորել են արտասովոր ձևով աշխատել» (“Our Fading Civility,” Brigham Young University inauguration and spring commencement exercises, Apr. 25, 1996, 15): Եղբայրներ և քույրեր, հնարավոր է կյանքի ճանապարհին լինեն հիասթափության ու հուսահատության պահեր:

Օրսոն Ֆ. Ուիթնին սփոփում է մեզ.

«Ոչ մի ցավ, որ մենք ապրում ենք, ոչ մի փորձ, որ ունենում ենք, չի կորչում: Այն ծառայում է մեր կրթությանը, արժանիքների զարգացմանը, ինչպիսիք են` համբերությունը, հավատը, վճռականությունն ու խոնարհությունը: Այն ամենը, ինչի հետ պայքարում ենք և ինչին դիմանում ենք, հատկապես, երբ համբերատար տանում ենք, կառուցում է մեր բնավորությունը, մաքրում է մեր սիրտը, մեծացնում է մեր հոգին, մեզ ավելի մեղմ ու գթասիրտ է դարձնում, ավելի արժանի Աստծո զավակը կոչվելու . . . վշտի ու տառապանքի միջոցով է, աշխատանքի ու դժվարության միջոցով է, որ մենք կրթություն ենք ստանում, որն այստեղ պետք է ստանանք, մեր Երկնային Հոր ու Մոր նման դառնանք» (quoted in Spencer W. Kimball, Faith Precedes the Miracle [1972], 98):

Որպես Տիրոջ խոնարհ ծառա ես խոստանում եմ ձեզ և օրհնում եմ ձեզ, որ եթե աշխատեք պահել Տիրոջ չափանիշները, որոնք Տերը տվել է սուրբ գրություններում և Նրա մարգարեների միջոցով, եթե ձեր աշխատանքի դիմաց վարձատրվող գումարից վճարեք ձեր տասանորդն ու նվիրատվությունները, դուք շատ ավելի հաջողակ կլինեք ձեր ողջ կյանքում, ինչպես և ձեր առօրյա աշխատանքում: Դուք ավելի լավ և ավելի արդյունավետ աշխատող կդառնաք: Դուք ավելի բարձր արտադրողականություն կունենաք: Որովհետև Տիրոջ Հոգին ձեզ հետ կլինի, կօգնի ու կզորացնի ձեզ:

Ես բերել եմ մեր սիրելի մարգարե, Նախագահ Հինքլիի հատուկ ողջույնը ձեզ: Իր ցցի անդամներին ուղղված ելույթում վերջերս Նախագահ Հինքլին ասել է. «Գործերն այնքան վատ չեն, որքան մենք երբեմն պատկերացնում ենք . . . Ես մեծ լավատեսությամբ եմ լցված այս Եկեղեցու վերաբերյալ: Մենք վախենալու կարիք չունենք: Մենք վախենալու ոչինչ չունենք, եթե ապրում ենք ավետարանով, եթե մեր որոշումները ընդունում ենք ավետարանի լույսի ներքո: Մենք վախենալու կարիք չունենք, եթե ծնկի ենք իջնում և աղոթում Տիրոջը Նրա լուսավորման, հասկացողության, ուղղության և քաջության համար»:

Այսպիսով, իմ եղբայրներ և քույրեր, ես կցանկանայի այսօր ձեզ բերել իմ վկայությունը: Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին: Ես հավատում եմ նրան, ինչ Նա ասել է: Ես հավատում եմ Նեփիացիներին ասած Նրա խոսքերին. «Ես ստեղծեցի երկինքները և երկիրը, և բոլոր բաները, որ դրանցում են: Ես Հոր հետ էի ի սկզբանե» (3 Նեփի 9.15): Ես գիտեմ, որ Նա Հոր` Էլոհիմի, Որդին է, որը ստեղծել է Ադամին ու Եվային: Իմ սիրելի երիտասարդ ընկերներ, ես գիտեմ, որ Նա, Որդին, ծնվել է Հրեաստանի Բեթլեհեմում` Մարիամից: Ես գիտեմ, որ Նա պետք է ծնվեր, ինչպես Մատթեոսն է ասել, Հերովդես թագավորի օրերում: Հիսուս Քրիստոսն ասել է. «Ես եմ աշխարհքի լույսը. ով որ իմ ետևից գայ, նա խավարումը չի գնալ, այլ կյանքի լույսը կընդունի» (Հովհաննես Ը.12): Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին, երբ Նա ասել է. «Եթե մեկն իմ խոսքը պահէ, նա մահ չի տեսնիլ հավիտեան» (Հովհաննես Ը.51): Ես գիտեմ, որ Նա և Նրա Հայրը հայտնվել են մարգարե Ջոզեֆ Սմիթին:

Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը կարող է օգնել յուրաքանչյուրիս մեր աշխատանքում, եթե մենք օգնենք Նրան Իր աշխատանքում: «Քանզի, արդարների անունները պիտի գրվեն կյանքի գրքում, և նրանց ես կշնորհեմ ժառանգություն՝ իմ աջ կողմում: Եվ այժմ, ի՛մ եղբայրներ, ի՞նչ ունեք դուք սրա դեմ ասելու: Ես ասում եմ ձեզ, եթե դուք խոսեք սրա դեմ, դա նշանակություն չունի, քանզի Աստծո խոսքը պետք է իրագործվի» (Ալմա 5.58): Ես գիտեմ և վկայում եմ, որ մենք ունենք ապրող մարգարե, Գորդոն Բ. Հինքլին, որը կարող է օգնել մեր աշխատանքում, եթե մենք լսենք նրա խորհուրդը:

Իմ թանկագին երիտասարդ ընկերներ, դուք եք այս Եկեղեցու հույսը: Դուք եք համայնքների հույսը, որտեղ դուք ապրում եք: Դուք եք այս Եկեղեցու ապագա ղեկավարները, համայնքների, աշխարհի ապագա ղեկավարները: Ես բերում եմ իմ խոնարհ վկայությունը, որ եթե դուք աշխատեք մեր Երկնային Հոր և Նրա Որդու, Հիսուս Քրիստոսի համար, Նա կօրհնի ձեզ և կպահպանի ու կպահի ձեզ ձեր կյանքի բոլոր օրերում: Եվ ես բերում եմ այս վկայությունը Նրա սուրբ անունով, այսինքն` մեր Տիրոջ, մեր Քավիչի, մեր Փրկչի, Իսրայելի Սրբի, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

 
Arrow icon acting as a button to Previous Page Previous      
© 2009 Intellectual Reserve, Inc. All rights reserved.   Rights and use information.  Privacy policy