The Christus statueThe Church of Jesus Christ of Latter-day Saints Search | Feedback | Site Map | Help | Country Sites |
Home Broadcast Archives CES Fireside

Հավատք և գործեր ոչ հոգևոր աշխարհում

Եպիսկոպոս Քեյթ Բ. Մաքմալին
Նախագահող Եպիսկոպոսության Երկրորդ Խորհրդական
ԵԿՀ Հավաք Երիտասարդ Չափահասների համար • 5 նոյեմբերի, 2006թ.Բրիգամ Յանգ Համալսարան

Եպիսկոպոս Քեյթ Բ. ՄաքմալինԻմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, որքան լրջախոհ եք դուք, որ գալիս եք կյանքի տարբեր բնագավառներից և ապրում եք երկրի տարբեր մասերում: Այս երեկո, մենք հավաքվել ենք երկրի տարբեր մասերում: Այս հավաքի ուղիղ եթերի և վերահեռարձակումների ժամանակ այս Եկեղեցու չափահաս երիտասարդները կհավաքվեն և կմասնակցեն այս իրադարձությանը: Սա իսկապես հոյակապ է:

Անցյալ ամիս գերագույն համաժողովում մի փառահեղ բան տեղի ունեցավ: Աշխարհի մեծ մասի համար այն աննկատ անցավ, բայց նրանց համար, ովքեր գիտեն և սիրում են ճշմարտությունը, այն այնքան անմոռանալի էր, ինչպես 10,000 որոտների թնդյունը:

Մտաբերեք եզրափակիչ նիստը: Թաբերնաքլի երգչախումբը երգում էր ծանոթ տողերը.

Փառք քեզ, Տեր, Մարգարեի համար
Որ կառաջնորդի մեզ այսօր,
Փառք քեզ Ավետարանի համար,
Լուսավորող մեզ իր լույսով:
1

Հանկարծ տղամարդիկ և կանայք, տղաներն ու աղջիկները, ովքեր հավաքված էին Համաժողովների Կենտրոնում, ակնածանքով և երախտագիտությամբ ոտքի կանգնեցին այն օրհնությունների համար, որոնք խոսվում էին այդ օրհներգում: Մենք կանգնեցինք երախտապարտորեն գիտակցելով, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը վերականգվել է, որ Հայր Աստվածն ու Նրա Սիրելի Որդին խոսել են երկնքից, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե էր և, որ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին Տիրոջ մարգարեն է երկրի վրա այսօր:

Դա մի հուզիչ հոգևոր փորձառություն էր: Դա մի պահ էր, երբ Աստծո արքայության քաղաքացիները, գործելով Սուրբ Հոգու ազդեցության ներքո, կանգնեցին իրենց հավատքի համար:

Այդ օրվա սկզբում, Նախագահ Հինքլին նրբանկատորեն և երախտագիտորեն խոսել էր իր ծերության և իր տարեց հասակին ուղեկցող առողջության մասին: Միշտ լինելով հավատարմության օրինակ, նա կրկին հանդիսավոր խոստում տվեց իր կյանքը նվիրաբերել Տիրոջ նպատակներին: Նա ասաց.

«Տերն ինձ թույլ է տվել ապրել, ես չգիտեմ որքան երկար կապրեմ: Բայց որքան էլ որ ապրեմ, կշարունակեմ լավագույնս կատարել այս աշխատանքը . . .

. . . Մենք կշարունակենք գործել այնքան, որքան Տերն է կամենում... Երբ ժամանակը կգա իմ փոխարինողի, անցումը կլինի հարթ և Նրա կամքով, ում Եկեղեցին է սա: Այսպիսով, մենք առաջ ենք գնում հավատքով. և թեման հավատն է, որի մասին կուզենայի խոսել այս առավոտ»:2

Նրա ուղերձը պատեհ էր և ոգեշնչված: Այն եկավ որպես հոգևոր հիշեցում, թե իսկապես ինչ է կյանքն իրենից ներկայացնում, և ինչպես Երկնային Հոր զավակները կարող են հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ: Այն եկավ աշխարhիկության, անհավատության և մեղքի մեջ խորասուզված մի աշխարհ:

Աշխարհիկություն

Կրթության առումով, աշխարհիկ առարկաների ուսուցումը խիստ նպաստում է մեր աշխարհի բարելավմանը: Բարձր մակարդակի աշխարհիկ գիտությունը ծաղկում է առաքինության, բարոյական պատասխանատվության, հոգևոր ճշմարտության և հավատքի մթնոլորտում:

Այսօր շատ է խոսվում աշխարհիկ կազմակերպությունների մասին: Ժողովուրդներն ու ազգերը հպարտանում են աշխարհիկ լինելու համար, կենտրոնանալով «աշխարհիկ բաների վրա, բաների [վրա], որոնք չեն համարվում կրոնական [կամ] հոգևոր [կամ] սրբազան»:3

Աշխարհի մեծ մասն այսօր նայում է աշխարհիկության վրա որպես հավասարակշռված, արդար և բարեկարգ կառավարության համար կենսական մի բան: Հետևաբար, հասարակական հավաքներում կրոնական արտահայտություն չի խրախուսվում: Քաղաքացիական իրավունքները կախված են դատարաններից և օրենսդրական գործընթացներից: Տղամարդիկ և կանայք պատրաստակամորեն լուծումներ և փոխհատուցում են փնտրում դատավարությունների միջոցով: Ի վերջո, հասարակության աշխարհիկությունը մատների արանքով է նայում հավերժական կյանք հասկացողությանը, դնում բոլոր բաները բնական աշխարհի ենթատեքստում և հետևաբար առանց գործերի հավատքի միտում է առաջանում:

Մեծ աչալրջություն և մեծ ջանք է պահանջվում լինել հավատքով տղամարդիկ և կանայք ոչ հոգևոր աշխարհում: Հեղեղված լինելով աշխարհիկությամբ, մարդու բնույթն է` «նախ համբերել, հետո խղճալ, ապա ընդունել»:4 Այսօր աշխարհիկությունը հեղեղում է մարդկանց այդպիսի հետևանքներով:

Չվերահսկվելով, Քրիստոսի, որպես մարդկության Քավչի հավատքով, այս աշխարհիկ կամ բնական աշխարհն արտադրում է տղամարդիկ և կանայք, ովքեր «հպարտ, ինքնասիրահարված, չափից դուրս մրցակցական են, մերժում են փոխվել, խիստ անկախ են, ղեկավարվում են ցանկություններով, ախորժակներով [և] աշխարհիկ գովասանքներով . . . Ընդհանրապես, բնական մարդը չփրկագնված արարած է, էակ, որը քայլում է . . . իր սեփական կրակի լույսով [տես 2 Նեփի 7.10–11]: Այդպիսին հարմարվում է իր մեջ եղած բնական բաներին, վերցնելով իր ազդանշաններն ու նշանաբանները ընկած աշխարհից»:5 Կարճ ասած. «Մարդիկ, որ բնական վիճակում են . . . առանց Աստծո են աշխարհում» (Ալմա 41.11):

Քանի որ աշխարհիկությունը սովորաբար անտեսում է հավերժական հեռանկարը, այն ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել անհավատության: Վոլֆհարթ Փանենբերգի` Մյունխենի համալսարանի աստվածաբնության պրոֆեսորի խոսքերով ասած.

«Հասարակական աշխարհիկ մթնոլորտը խախտում է Քրիստոնյաների վստահությունն այն բաների ճշմարտության հանդեպ, որոնց նրանք հավատում են . . .

Աշխարհիկ միջավայրում, նույնիսկ Քրիստոնեության տարրական գիտելիքն է . . . կորցնում իր նշանակությունը: Այլևս հարցը քրիստոնեական ուսմունքների հերքման մասին չէ. մեծ թվով մարդիկ ամենաաղոտ պատկերացում իսկ չունեն այդ ուսմունքների մասին . . . Որքան ավելի համատարած է դառնում Քրիստոնեության մասին տգիտությունը, այնքան ավելի մեծ են նախապաշարմունքները Քրիստոնեության հանդեպ . . .

. . . Դժվարությունը խորանում է հենց ճշմարտության գաղափարի մշակութային հարաբերականացմամբ . . . Շատերի տեսակետից, . . . Քրիստոնեական վարդապետությունները պարզապես տարբերակներ են, որոնք ըստ անձնական նախընտրության կարող են կամ չեն կարող հաստատվել կամ կախված է նրանից, թե դրանք անձնապես իրենց զգացած կարիքներին համապատասխանում են, թե ոչ:

Խորապես աշխարհիկացված սոցիալան կարգը առաջացնում է անիմաստության զգացում»:6

Հավատքն առ Քրիստոս փոխարինվում է մարդու հանդեպ հավատքով: Հասարակական ելույթներում և անձնական մտքերում, հարցերը թե որտեղից ենք մենք եկել, ուր ենք գնում, երբ կյանքը վերջանում է, և ի վերջո ինչն է կառավարում այստեղ և այժմ ոչ միայն անհասցե են մնում, այլև համարվում են ոչ տեղին: Անհավատության այս վիճակը դառնում է վիթխարի չափերի աղետ:

Երկնային Հայրը գիտեր, որ դա լինելու էր: Ավետարանի Վերականգնումը կրկին բոցավառեց հավատք առ Հիսուս Քրիստոս` որպես Արարիչ, Փրկիչ և Քավիչ: Այն կրկին կյանքի նպատակների ճիշտ հասկացողություն բերեց: 1831թ. Երկնային Հոր զավակներին ասվեց.

«Ուստի, ես` Տերս, իմանալով այն աղետի մասին, որը պիտի գա երկրի բնակիչների վրա, կանչեցի իմ ծառա Ջոզեֆ Սմիթ Կրտսերին, և երկնքից խոսեցի նրա հետ և նրան պատվիրաններ տվեցի . . . .

Որ հավատքն ավելանա երկրի վրա» (ՎևՈւ 1.17,21):

Նախքան այս աշխարհի հիմնադրումը, նախքան տիեզերական մարմինները ստացան իրենց տեղը, տղամարդիկ և կանայք ապրում էին և շարժվում և ունեին իրենց անհատականությունը (տես Գործք ԺԷ.28): Աշխարհիկ մտածողությունը, որ կյանքը ընդամենը կենսաբանություն է, հերքում է հիմնական ճշմարտությունը` ենթագիտակցության լավատեղյակությունը, որը բնակվում է յուրաքանչյուր հոգու հեռավոր անկյուններում, որ «մարդը նույնպես սկզբում Աստծո մոտ էր» (ՎևՈւ 93.29; շեղագրումն ավելացված է): Այս փաստն անփոփոխելի է և անհերքելի:

Դրախտային Եդեմը, մեր առաջին ծնողների` Ադամի ու Եվայի հետ` եկան դրանից հետո, որպեսզի մարդը մահկանացու կյանքի փորձառությունների միջոցով և Քրիստոսի Փրկագնմամբ դառնար ամբողջական, լիովին զարգացած և կատարելագործված էակ: Հայրապետերի դարերը, մեր Փրկչի աստվածային գալուստը և Նրա անզուգական Քավությունը ժամանակների գագաթնակետին և «բոլոր բաների հաստատման ժամանակները» (Գործք Գ.21), որը սկսվեց 1820 թվականին, դրեցին հիմքը, որի միջոցով տղամարդիկ և կանայք, տղաներն ու աղջիկները, կարողանային կրկին կառավարել իրենց կյանքը և միջավայրը «առ Տեր Հիսուս Քրիստոս հավատքով» (Հավատո Հանգանակներ 1.4):

Իմ սիրելի երիտասարդ ընկերնե՛ր, դուք կանգնած եք համաշխարհային այս իրադարձությունների միախառնման կետում: «Ինչ անցյալ է, նախաբան է, և ինչ եղել է, պետք է դեռ լինի»:7 Ինչ էլ որ կարող է պատահել, ինչ էլ որ պետք է պատահի, կարևոր է, որ ձեր հավատքը և դրան ուղեկցող գործերը նվազեցնեն անհավատությունը: Կյանքում սա է ձեր դերը: Սա ձեր սրբազան պարտականությունն է:

Հավատի հենանիշերը

Մեր Տերն ասել է. «Եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք . . . ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար» (Մատթեոս ԺԷ.20): Նախագահ Հինքլին հիշեցրեց մեզ.

«Երբ ամեն ինչ ասված է և արված, Եկեղեցու միակ իսկական հարստությունը մեր ժողովրդի հավատքի մեջ է»:8

«Այս մեծ գործը կատարելիս աճող հավատքն այն է, ինչի կարիքն ամենաշատն ունենք: Առանց դրա գործը կկանգնի: [Հավատքի] առկայության դեպքում ոչ ոք չի կարող կանգնեցնել նրա առաջընթացը»:9

Այդպիսի հավատքն ավելի է, քան վերաբերմունքը, ավելի` քան համոզմունքը, վկայությունն այն մասին, թե ինչ մարդը գիտի կամ ինչ է զգում: Իսկական հավատքը, այն հավատքը, որի մասին խոսում է մեր սիրելի մարգարեն, ծնում է արդարակեցություն այս կյանքում և փրկություն գալիք կյանքում: Այն կենտրոնացած է ճշմարիտ և կենդանի Աստծո և Հիսուս Քրիստոսի վրա, որին ուղարկել է Նա (տես Հովհաննես ԺԷ.3): Այն հիմնված է ճշմարտության վրա, առաջ է ընթանում գիտելիքով և կատարելագործվում գործերով: Այն ստիպում է մահկանացու մարդկանց հասկանալ և վարվել այնպես, ինչպես Երկնային Հոր զավակները պետք է վարվեն: Այս հավատքը «առաջին մեծ կառավարող սկզբունքն է, որը մեզ [ընդունակ է դարձնում ունենալ] զորություն, տիրապետություն և իշխանություն»10 մեր մտածելակերպի, մեր գործելակերպի վրա, և այն բանի վրա, թե ինչպիսի տղամարդիկ և ինչպիսի կանայք ենք մենք:

Հակոբոս Առաքյալը տվել է մեզ այդպիսի հավատքի բանաձևը.

«Ի՞նչ է օգուտը . . . եթե մեկն ասի թե հավատք ունի և գործ չունենա . . .

Բայց մեկը կասի թե դու հավատք ունես, և ես գործ ունեմ. ցույց տուր ինձ քո հավատքը գործերից, և ես էլ ցույց կտամ քեզ իմ հավատքն իմ գործերից . . . Հավատքն առանց գործերի մեռած է . . . Տեսնո՞ւմ ես, որ հավատքը . . . գործերի հետ միասին գործեց և այն գործերով [է] հավատքը կատարյալ [դառնում]» (ՋՍԹ, Հակոբոս 2.14–15, 17, 21):

Այսօր մենք շատ ենք լսում հենանիշերի մասին: Հենանիշը «կատարելության [կամ] նվաճման չափանիշ է . . . որով չափվում կամ գնահատվում [են] նմանատիպ բաները»:11

Կան չորս հենանիշեր, որոնք կարող են օգնել մեզանից յուրաքանչյուրին իմանալ, թե արդյո՞ք մեր անձնական հավատքն առ Քրիստոս «կատարյալ է դարձվում» մեր գործերի միջոցով: Այդ հենանիշերն են` (1) մեր կատարած ընտրությունները, (2) մեր ցուցաբերած նվիրվածությունը, (3) մեր գործադրած հնազանդությունը, և (4) մեր մատուցած ծառայությունը: Թույլ տվեք բացատրել:

Մեր կատարած ընտրությունները

Առաջինը, ընտրության հենանիշն է: Վերջին Օրերի Սրբե՛ր, «հավատեցեք ազնիվ, արդար, ողջախոհ, գթասիրտ, արժանավոր լինելուն . . . Եթե կան արժանավոր, գեղեցիկ, բարի համբավ ունեցող կամ գովասանքի արժանի բաներ, ապա մենք ձգտում ենք դրանց» (Հավատո Հանգանակներ 1.13; շեղագրումն ավելացված է):

Պատկերացրեք մի երիտասարդ երեցի, որին մենք կանվանենք Բիլ: Նա սովորել է դա Երեխաների Միությունում: Նա հավատացել է դրան այն ժամանակ, նա հավատում է այժմ: Սակայն որոշ ժամանակ Բիլը վարակվել էր պոռնոգրաֆիայի ժանտախտով: Նա հասկացավ, որ դրա հրապուրանքները զորավոր են և հակում առաջացնող: Ամեն անգամ այդ զզվելի նյութի հետ առնչվելուց հետո, ներքուստ նա իրեն հիվանդացած, ամոթահար և անարժան էր զգում:

Բիլը մի քանի շաբաթ առաջ մասնակցեց գերագույն համաժողովին: Քահանայության նիստին նա լսեց, թե ինչպես Նախագահ Հինքլին ասաց.

«Այս վիթխարի համաժողովում չկա ոչ մի տղամարդ կամ տղա, որը չկարողանա բարելավել իր կյանքը: Եվ դա պետք է տեղի ունենա: Ի վերջո, մենք կրում ենք Աստծո քահանայությունը . . .

Այս քահանայության հետ գալիս է դրան արժանի լինելու մեծ պարտավորությունը: Մենք չենք կարող տրվել անմաքուր մտքերին: Մենք չպետք է օգտագործենք պոռնոգրաֆիա: Մենք երբեք չպետք է մեղավոր լինենք որևէ տեսակի բռնության մեջ: Մենք պետք է վեր կանգնենք նման բաներից: «Ելեք, ով տղամարդիկ Աստծո» և այդ ամենը թողեք ձեր ետևում, և Տերը ձեզ ուղեկից ու զորավիգ կլինի»:12

Բիլը որոշեց. «Ժամանակն է, որ ես կանգնեմ իմ հավատքի համար»:

Նա գնաց իր գաղտնի տեղը, հանեց լկտի նկարները, գռեհիկ կինոնկարներն ու գրականությունը և ոչնչացրեց դրանք: Նա մաքրեց իր գրադարանը ծանր ռոք երաժշտությունից և գարշելի բանաստեղծություններից: Իր համակարգչից նա ջնջեց բոլոր պոռնոգրաֆիկ կայքեր տանող տեղեկությունները, տեղադրեց պաշտպանական զտիչ և դրեց իր համակարգիչն ավելի երևացող տեղում, որպեսզի ամրապնդի իրեն իր մեղքը կրկնելուց:

Բիլը հասկացավ իր օրինազանցություններն Աստծո առջև: Նա ջերմեռանդորեն աղոթեց ապաշխարելու ուժի, իր կյանքը այս չարիքից ազատելու համար: Նա օգնություն հայցեց իր եպիսկոպոսից և սիրելիներից: Իր ծայրահեղ վիճակում Բիլը զգաց մեղմ հավաստիացում. «Տղաս, դու ճիշտ ճանապարհի վրա ես»: Նրա հավատքը իր գործերի շնորհիվ հաստատվում է և զորանում:

Դեռ շատ բան կա անելու: Կլինի ծոմ, աղոթք, սուրբ գրությունների ուսումնասիրություն և շատ արցունքներ: Լավ եպիսկոպոսը կապահովի անհրաժեշտ օգնություն: Ծնողների և սիրելիների աղոթքները կապահովեն անհրաժեշտ աջակցություն: Այնուամենայնիվ, այս հենանիշը ցույց է տալիս. Բիլը հավատք գործադրեց ի ապաշխարություն, նա կատարեց ճիշտ ընտրություն:

Մեր ցուցաբերած նվիրվածությունը

Երկրորդը, նվիրվածության հենանիշն է: Վերջին Օրերի Սրբե՛ր, «հավատացեք այն ամենին, որ Աստված բացահայտել է, այն ամենին, որ Նա այժմ բացահայտում է, և մենք հավատում ենք, որ Նա դեռ կբացահայտի Աստծո Արքայությանը վերաբերող մեծ ու կարևոր շատ բաներ:

Մենք հավատում ենք բառի ուղղակի իմաստով Իսրայելի տան հավաքմանը, նրա տաս ցեղերի վերականգմանը, որ Սիոնը (Նոր Երուսաղեմը) կկառուցվի Ամերիկյան մայրցամաքի վրա» (Հավատո Հանգանակներ 1.9–10), և որ տղամարդիկ և կանայք «կանչվում են Աստծո կողմից մարգարեությամբ» և դա իրագործելու աստվածային իշխանությամբ (Հավատո Հանգանակներ 1.5):

Ճշմարիտ նվիրվածությունը կապված է աստվածային գործերի հետ, որոնք սկսվել են նախքան այս աշխարհի հիմնադրումը: Արդար նախնիները ծառայության են մտել և տվել իրենց կյանքը Երկնային Հոր նպատակների իրականացման համար: Մեզ վստահված է շարունակել, կառուցել նրանց սրբագործված գործերի վրա:

Այժմ ձեզանից ոմանց ծանոթ մի պատմություն.

1856 թվականին Ռոբերտ և Աննա Փարքերները իրենց չորս երեխաների հետ նավ նստեցին Անգլիայից` միանալու Յուտայի Սրբերին: Մարգարեն խոսել էր, և նրանց պարտականությունն էր հավաքվել Մեծ ավազանում և օգնել կառուցել Սիոնը: Որպես Մաքարթուր ձեռնասայլակների ընկերության անդամներ, նրանց ընտանիքից յուրաքանչյուրը կատարում էր աշխատանքի իր մասը: Հայրն ու մայրը քաշում էին ծանր սայլը, Մաքսին (12 տարեկան) հրում էր, և Մարթան (10 տարեկան) հոգ էր տանում փոքրիկ Արթուրի համար (6 տարեկան): Փոքրիկ Ադան (1 տարեկան) տոտիկ-տոտիկ էր անում, նրան գրկած էին տանում կամ սայլում նստեցրած:

Նեբրասկայի ինչ-որ մի վայրում փոքրիկ Արթուրը նստեց հանգստանալու և քնեց: Հանկարծակի փոթորիկ սկսվեց: Խումբը շտապեց առաջ և ճամբար խփեց: Այդ ժամանակ էր, որ նրանք հայտնաբերեցին, որ Արթուրը մյուս երեխաների հետ չէր:

Օրեր շարունակ կատարած որոնումները զուր էին: Խումբը պետք է շարունակեր ճանապարհը: Դա Աննա և Ռոբերտ Փարքերների համար իրենց հավատքի համաձայն գործելու պահ էր: Արչեր Ուոլթերսը արձանագրել էր իր օրագրում 1856 թվականի հուլիսի 2-ի տակ` «Եղբայր Փարքերի փոքրիկ որդին ... կորավ, և հայրը ետ գնաց նրան գտնելու»:

Երբ Ռոբերտը հեռանում էր, Աննան մի վառ կամիր գլխաշոր փաթաթեց նրա ուսերին և գնդասեղով ամրացրեց այն ու ասաց. «Եթե դու նրան մահացած գտնես, փաթաթիր նրան գլխաշորի մեջ` թաղելու նրան: Եթե նրան ողջ գտնես, դու կարող ես օգտագործել այն որպես դրոշ մեզ ազդանշան տալու համար»: Նա մյուս երեխաների հետ վերցրեց ձեռնասայլը և դժվարությամբ շարունակեց ճանապարհը խմբի հետ:

Ռոբերտը վերստին մղոններ անցավ անտառային ճանապարհով` կանչելով, որոնելով և աղոթելով իրենց անօգնական փոքրիկ որդու համար: Վերջապես նա հասավ մի ալրաղացի և առևտրական կայանի, որտեղ իմացավ, որ իրենց որդուն հոգ էին տարել անտառապահն ու նրա կինը: Փոքրիկ Արթուրը հիվանդացել էր վատ եղանակից ու վախից, բայց Աստված լսել էր նրա սիրող ծնողների աղոթքները:

Ամեն գիշեր Աննան և նրա երեխաները շարունակ նայում էին ճանապարհին: Երրորդ գիշերը, երբ մայր մտնող արևի շողերի թույլ լույսն ընկավ վառ կարմիր գլխաշորին, այդ խիզախ մայրը փլվեց ավազին` դառնալով խղճալի մի կույտ: Ամբողջովին ուժասպառ Աննան վեց երկար օրերի և գիշերների ընթացքում առաջին անգամ քնեց:13 Աստված իսկապես բարի էր և գթառատ, նրանց գործերը հատուցել էին իրենց նվիրվածությունը և սրբագործել իրենց հավատքը, և ուրախ սրտերով Սրբերը երգեցին` «Լավ է ամեն բան»:14

Փոքրիկ Ադան` իմ տատիկը, դարձավ օրիորդ և ամուսնացավ պապիկիս` Բրիգամ Յանգ Մաքմալինի հետ: Այժմ սա է բարոյախոսությունը: Նա երբեք թույլ չտվեց, որ իր երեխաները մոռանան, որ իր ընտանիքը կտրել-անցել էր տափաստանները Դանիել Դ. Մաքարթուր ձեռնասայլակների ընկերության հետ միասին: Կարմիր գլխաշորի պատմությունը դարձավ մեր պատմությունը, նրանց հավատքի ժառանգությունը նույնպես մերը դարձավ: Եվ այսպես, մենք բոլորս «շարունակում ենք»15 և մեծ խոչընդոտները վերանում են, ինչպես ցողը առավոտյան արևի առջև:

Այս առաջին Սրբերի մասին հենանիշը ցույց է տալիս. Նրանց գործերը հավատքի խորհրդանիշ էին, նրանց նվիրվածությունը` իրենց ժառանգների ապրելու համար չափանիշ:

Մեր գործադրած հնազանդությունը

Երրորդը, հնազանդության հենանիշն է: Վերջին Օրերի Սրբե՛ր, «հավատացեք, որ Քրիստոսի Քավության շնորհիվ ողջ մարդկությունը կփրկվի` հնազանդվելով Ավետարանի օրենքներին ու արարողություններին» (Հավատո Հանգանակներ 1.3; շեղագրումն ավելացված է):

Այժմ պատկերացնենք մի երիտասարդ զույգի, որ ներկայացնում են նրանց, ովքեր ապրում են ոչ հոգևոր այս աշխարհում: Դեյվիդն ու Միշելը գիտեին այս հավատո հանգանակները միմյանց ճանաչելուց շատ առաջ: Չնայած նրանք ունեն մտահոգություններ, որոնց դիմակայում են այս հեռարձակման մասնակիցներից շատերը: Դուք տեսնում եք, որ Դեյվիդն ու Միշելը քսանն անց են: Նրանք միմյանց գիտեն որոշ ժամանակի ընթացքում, նրանք հանդիպում են միմյանց, և նրանք սիրահարված են: Սակայն նրանք անվճռական են ամուսնության և ընտանիքի հարցում: Նրանք արդյո՞ք պետք է հետաձգեն ամուսնությունը մինչև վերջացնեն իրենց սովորելը, մինչև ունենան ավելի շատ փող, մինչև նրանց անձնական որոշ նպատակներն իրականանան:

Նրանք նաև մտահոգված են ամուսնալուծությունների աճի միտումով, պատերազմներով, աշխարհում տեղի ունեցող անկարգություններով և գերբնակեցմամբ: Արդյո՞ք նրանց ամուսնությունը կգոյատևի: Արդյո՞ք նրանք պետք է երեխաներ բերեն այսպիսի աշխարհ:

Օ՜հ, Դեյվիդ և Միշել, գործադրեք ձեր հավատքը: Հիշեք. «Տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից»:16 «Այն . . . որ Աստված միավորեց, թող մարդը չբաժանի» (Մատթեոս ԺԹ.6; տես նաև ՎևՈւ 132.19–20): «Որդիքը Տիրոջ ժառանգությունն են» (Սաղմոս ՃԻԷ.3): «Երկիրը լի է . . . բավականաչափ կա նաև խնայելու համար» (ՎևՈւ 104.17):

Արեք այն, ինչը գիտեք որ ճիշտ է, և ձեր արդար գործերը կկատարելագործեն ձեր հավատքը: Ձեր կյանքը լիարժեք և սքանչելի կլինի: Հետևեք ձեր ծնողների օրինակին: Նրանք հնարավորություն չունեին ամուսնանալու, բայց նրանք ամուսնացան: Նրանք ևս անհանգստացած էին պատերազմի և անկարգությունների պատճառով, բայց նրանք գործադրեցին իրենց հավատքը և ունեցան ձեզ: Ամուսնության և ընտանիքի պահանջները չէին խանգարում նրանց կրթությանը, դրանք հարստացնում էին այն: Ինչ վերաբերում է նրանց անձնական նպատակներին, դրանք լիովին և հաջողությամբ միահյուսվեցին միմյանց և ձեր, ձեր եղբայրների և քույրերի և թոռների բարօրության համար:

Կյանքը հեշտ չէր ձեր ծնողների համար: Նրանք ստիպված էին կտրել իրենցից և խնայել, ապրել այն ամենով, ինչ ունեին: Նրանք նույնպես դիմակայում էին հարցերի և իրավիճակների, որոնց չէին կարող պատասխանել, բայց գիտեին, որ արահետը, որը նախորոշված էր Ամենակարող Աստծո կողմից, սահմանել էր` պետք է առաջ շարժվել: Իսկ դուք այնքան «ավելի հարուստ եք» դրա շնորհիվ:

Այն պատմություններից, որ նրանք պատմել են ձեզ կրկին ու կրկին, դուք գիտեք, որ նրանց համար ամեն ինչ բլուրն ի վեր էր` «երկուստեք»: Բայց նրանց գործերը սրբագործեցին իրենց հավատքը:

Նրանք ծերանում են անկասկած: Նրանց քայլվածքն այլևս աշխույժ չէ, նրանց շարժուձևն այլևս տպավորիչ չէ, նրանց արտաքինն այլևս այն չէ, ինչի համար գովազդողները սովորաբար աղմուկ են բարձրացնում: Բայց նրանց սերն Աստծո և միմյանց հանդեպ արտահայտում է խորը ակնածանք և պաշտամունք: Կյանքի սպիները տվել են նրանց իմաստություն, համբերություն և երախտագիտություն: Փոքր բայց կարևոր ուղիներով նրանք դարձել են «հուսացած բաների հաստատությունը և չերևացող բաների ապացույցը» (Եբրայեցիս ԺԱ.1), բաներ, որ նրանք չէին կարող տեսնել կյանքի ավելի վաղ շրջանում: Բայց նրանք հնազանդվեցին: Գործադրելով իրենց հավատքը, նրանք կնքվեցին տաճարում, օրհնվեցին երեխաներով և այժմ գիտեն, թե որոնք են երջանկության իսկական աղբյուրները: Այս հենանիշը ցույց է տալիս. Հնազանդությունը երկնքի օրհնություններն է բերում, այդպես եղավ մեր ծնողների համար և այդպես կլինի ձեզ համար:

Մեր մատուցած ծառայությունը

Չորրորդը, ծառայության հենանիշն է: Վերջին Oրերի Սրբե՛ր, «հավատացեք Աստծուն, Հավերժական Հորը, Նրա Որդուն` Հիսուս Քրիստոսին և Սուրբ Հոգուն . . .

Մենք հավատում ենք . . . որ Քրիստոսն անձամբ կկառավարի երկիրը, և որ երկիրը կվերափոխվի ու կընդունի իր դրախտային փառքը» (Հավատո հանգանակներ 1.1,10):

Մենք գիտենք ավելին Աստվածագլխի մասին, քան մարդկային միտքը երբևէ պատկերացրել է, և այն ինչ մենք գիտենք ճշմարիտ է: Բացի այդ, մենք գիտենք Աստվածության նպատակներն այս երկրի և բոլոր նրա արարածների համար: Այն պատճառով, որ մենք գիտենք և այն պատճառով, որ Տերը մեր ուսերին է դրել սրբազան պարտականությունը օգնելու այն իրականություն դարձնել, մենք չպետք է թեթևամտորեն վերաբերվենք Եկեղեցու մեր անդամությանը:

Ոմանք գայթակղվում են` լինելու ոչ շատ նվիրված, վախենալով խիստ կրոնամետ երևալուց: Նրանք նայում են «Եկեղեցու վրա որպես կազմակերպության, այլ ոչ թե թագավորության»:17 «Ո՜վ ազնվացեղ երիտասարդներ»,18 դարձրեք Եկեղեցու և Աստծո թագավորության աշխատանքը ձեր կյանքի կենտրոնը: Երբ կանչվում եք ծառայելու, ասեք` այո և լավագույն ձևով կատարեք այն: Լսեք Տիրոջ այս հանձնարարությունը. «Հետևաբար, մի որոնեք այս աշխարհի բաները, այլ դուք առաջինը որոնեք կառուցել Աստծո արքայությունը, և հաստատել նրա արդարությունը և բոլոր այս բաները կտրվեն ձեզ» (ՋՍԹ, Մատթեոս 6.38):

Չորս օր հետո, նոյեմբերի 9-ին, կլրանա տարաբախտ Վիլի ձեռնասայլակների ընկերության պիոներների դեպի Սոլթ Լեյքի Հովիտ մաքառումների 150 տարին: Նրանք անցան մեծ տառապանքների և մահվան միջով: Փոթորիկներն ու նրանց թուլացած վիճակը շատերի կյանքը խլեց, բայց փրկարարները փրկեցին ավելի շատ մարդկանց:

Լևի Սավիջը այդ օրը ժամանածների մեջ էր: Պատմական արձանագրությունները պատմում են Սրբերին փրկելու և նրանց անվտանգ հովիտ հասցնելու նրա հավատարիմ և հետևողական ջանքերի մասին: Բայց նրա ազնիվ ծառայությունը չէր սկսվել Վայոմինգի ձնապատ տափաստաններում: Սակայն սա մեկ այլ կյանքի էջ էր, հավանաբար ծառայությանը նվիրված նրա կյանքի գլուխգործոցը:

Լևին մկրտվեց 1846 թվականի հունիսին 26 տարեկան հասակում: Արձագանքելով մարգարեի դեպի արևմուտք շարժվելու կոչին, նա նշել է, որ «մենք պատրաստվեցինք այնքան լավ, որքան կարող էինք, օտար մի երկիր երկար ճանապարհորդության համար, և մեզ համար լիովին մի անծանոթ երկիր . . . Մենք մնաս բարով մաղթեցինք հին դաստակերտին . . . և ուղղություն վերցրեցինք դեպի արևմուտք, առանց իմանալու նպատակակետը, միայն գիտեինք, որ պետք է բնակություն հաստատենք ինչ որ անմարդաբնակ մի տեղ` արևմուտքում, Ռոքի լեռներում»:19

1846 թվականի հուլիսի 16-ին նա այլ խիզախ տղամարդկանց հետ նորից արձագանքեց մարգարեի հորդորին, զինվորագրվեց մորմոնական գումարտակում և քայլեց մոտ 2,000 մղոն Այովայի Քաունսլ Բլաֆֆից մինչև Սան Դիեգո, Կալիֆորնիա, իսկ հետո դեպի Լոս Անջելես: Այստեղ նրանք արձակվեցին պետական ծառայությունից: Չնայած նրանք ոչինչ չգիտեին իրենց տների և ընտանիքների գտնվելու վայրի մասին, նրանք սկսեցին իրենց գաղթը դեպի Մեծ Սոլթ Լեյքի հովիտ: Լևի Սավիջի երթուղին լրացուցիչ 1,300 մղոն էր` դժվարանցելի և թշնամական տեղանքով, բայց նա ի վերջո հասավ Սոլթ Լեյքի Հովիտ:

Այստեղ Լևին պիոներ էր, պայքարեց մորեխների դեմ, ամուսնացավ, ունեցավ որդի և թաղեց իր կնոջը երեխայի ծնվելուց մի քանի ամիս հետո: Կնոջ մահից տաս ամիս անց, 1852 թվականի հոկտեմբերյան համաժողովի ժամանակ, նա և մի քանի այլ հավատարիմ եղբայրներ կանչվեցին մարգարեի կողմից` բացել ավետարանական միսիա Սիամում (այժմ Թայլանդ):

Այս անգամ նրանք սայլով ճանապարհորդեցին խմբով դեպի ծովափնյա Կալիֆորնիա և Խաղաղ օվկիանոս: Որոշ ժամանակ նրանք նավարկեցին Սան Ֆրանցիսկոյից դեպի Կալկաթա` միսիայի ուղևորվելով դեպի Սիամ: Լևիի օրագրի 1853 թվականի հունվարի 29-ի գրառումը պատկերացում է տալիս այդ վաղ միսիոներների մտքերի մասին: Նա գրել է.

«Մեր գեղեցիկ նավն առաջ շարժվեց մեղմ քամուց, ուղղություն վերցնելով փոթորկոտ օվկիանոսի վրայով դեպի մեր նպատակավայրերը` ետևում թողնելով մեր շատ սիրելի հայրենի հողը . . . Ամեն մեկն իր տեղը գտավ մտորումների համար և այնտեղ հիշելով իր տան հարմարավետությունը, իր սիրելի կնոջ, երեխաների կամ ընկերների մտերմությունը . . . Բայց այժմ նա կանչված էր բնակություն հաստատելու երկրագնդի հեռավոր անկյուններում, և հանուն ինչի՞: Կուտակելու ոսկի և արծա՞թ, թե՞ վաստակելու փառք ու գովասանք և այս աշխարհի շքեղությունը: Ոչ, իհարկե ոչ: Այլ Տիրոջ պատվիրաններին հնազանդվելով` տանելու ճշմարտության և . . . փրկության ուղերձը խավարի և նախապաշարումների մեջ գտնվող ազգերին: Շուտով, ամեն մեկը հեռացավ իր նավասենյակը` քնելու և հանգստանալու: Բայց քնած, թե արթուն նրա միտքը շարունակում էր մտորել անցյալի իրադարձությունների և ապագայի հեռանկարների վրա»:20

Իր միսիայից հետո Լևին տուն նավարկեց Բոստոն, Մասաչուսետսի ճանապարհով, հասավ իր ծննդավայրը Գրինֆիլդ, Օհայո և ժամանելով այնտեղ նշեց. «Ես շրջապտույտ կատարեցի երկրագնդի վրայով»:21 Նա միացավ Վիլի ձեռնասայլակների ընկերությանը Այովա քաղաքում, Այովա, որը սկսեց նրա համար հավերժական կարևորություն ունեցող մի ավանդավեպ իր ընտանիքի և ողջ Եկեղեցու մասին: Զոհաբերության և ծառայության նրա կյանքը թագադրվեց այդ դյուցազնավեպում նրա գործերով: Այս պիոներների համար, այս հենանիշը ցույց է տալիս. Նրանց հավատքն ու գործերը փարոս էին անհավատ աշխարհում, նրանց ծառայությունը հետևելու օրինակ է մեզանից յուրաքանչյուրի համար:

Մենք հուզվում ենք քահանա Ֆրեդերիկ Վ. Ֆաբերի խոսքերից.

Մեր հայրերի հավատքն ապրում է դեռ,
Չնայած բանտին, կրակին ու սրին
Մեր սրտերն են բաբախում ուրախ թրթիռով,
Երբ այդ փառահեղ խոսքն ենք մենք լսում:

Մեր հայրերի հավատք, կձգտենք
Նվաճել ազգերը բոլոր քեզ համար,
Եվ Աստծուց եկող ճշմարտությամբ
Մարդկությունն իսկապես կլինի ազատ:

Մեր հայրերի հավատք, կսիրենք
Ընկեր և թշնամի մեր պայքարում,
Կքարոզենք քեզ սիրո ուժով,
Բարի խոսքերով, առաքինի կյանքով:

Մեր հայրերի հավատք, սուրբ հավատք,
Հավատարիմ կլինենք քեզ մինչև մահ:
22

Ես իմ վկայությունն եմ բերում ձեզ իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, որ Աստված Իր երկնքում է, Նրա անունը Էլոհիմ է, և Նա գիտի Իր բոլոր զավակներին, անկախ նրանից, որտեղից են նրանք գալիս և որտեղ են ապրում: Հիսուսը` Իսրայելի Սուրբը, Նրա Սիրելի Որդին է, ողջ մարդկության Քավիչը: Պատանի Ջոզեֆ Սմիթը կանչվեց Աստծո և Նրա Սուրբ Որդու ձայնով լինելու մարգարե, և այդ կանչին հաջորդեց ճշարիտ Եկեղեցու և Աստծո արքայության վերկանգնումը երկրի վրա: Որքա՜ն օրհնված ենք մենք, որ գիտենք այս բաները և, դուք, իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, կանգնած եք պատմության շրջադարձային կետում: Դուք եկել եք փառքի թագավորությունից: Ձեր առանձնահատուկ արտոնությունն է հավատարիմ լինել հավատքին և շարունակել առաջադիմել բարի գործերում: Արեք այն, ինչ մարգարեներն են ասում: Անցած սերունդները սպասում են դրան, ներկա սերունդները փրկվում են դրանով, ապագա սերունդները կախված են դրանից, և Սուրբ Հոգին կառաջնորդի ձեզ ձեր ճանապարհի յուրաքանչյուր քայլում:

Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

ՀՂՈՒՄՆԵՐ

1. «Փառք Քեզ Տեր, Մարգարեի համար», Հիմներ և մանկական երգեր, էջ 19:

2. Համաժողովի ելույթ, սեպտ.–հոկտ. 2006, 87; կամ Ensign, Nov. 2006, 82; շեղագրումն ավելացված է:

3. Random House Webster’s Unabridged Dictionary, 2nd ed. (2001), “secular,” 1731.

4. Alexander Pope, An Essay on Man, epistle 2, line 220.

5. Book of Mormon Reference Companion, ed. Dennis L. Largey (2003), 582.

6. “How to Think about Secularism,” First Things, June–July 1996, 27, 30, www.firstthings.com/ftissues/ft9606/articles/pannenberg.html.

7. Boyd K. Packer, General Authority training meeting, Oct. 2006; see William Shakespeare, The Tempest, ed. W. J. Craig, Oxford Shakespeare (1924), act 2 scene 1, line 261.

8. In Conference Report, Apr. 1991, 74; or Ensign, May 1991, 54.

9. Համաժողովի ելույթ, սեպտ.–հոկտ. 2006, 90; կամ Ensign, Nov. 2006, 85.

10. Joseph Smith, comp., Lectures on Faith (1985), 5, 8.

11. Random House Webster’s Unabridged Dictionary, “benchmark,” 193.

12. Համաժողովի ելույթ, սեպտ–հոկտ 2006, 66; կամ Ensign, Nov. 2006, 60.

13. See Boyd K. Packer, Memorable Stories and Parables by Boyd K. Packer (1997), 4–6.

14. «Եկեք Սրբեր», Hymns, no. 30.

15. “Carry On,” Hymns, no. 255.

16. «Ընտանիք` Հայտարարություն Աշխարհին», Ensign, Nov. 1995, 102.

17. Neal A. Maxwell, in Conference Report, Oct. 1992, 89; or Ensign, Nov. 1992, 66.

18. “Carry On,” Hymns, no. 255.

19. In Levi Savage Jr. Journal, comp. Lynn M. Hilton (1966), xii.

20. In Levi Savage Jr. Journal, 5; italics added.

21. In Levi Savage Jr. Journal, 59.

22. “Faith of Our Fathers,” Hymns, no. 84.

 
© 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved.   Rights and use information.  Privacy policy