Ամուսնությունը էական է Նրա Հավերժական ծրագրում
ԵՐԵՑ ԴԵՅՎԻԴ Ա. ԲԵԴՆԱՐ
Տասներկու Առաքյալների Քվորումից
Վարդապետական կատարյալ ամուսնությունը
Մենք խորհուրդ ենք ստացել Առաջին Նախագահության կողմից մեր լավագույն ջանքերը նվիրել ամուսնությունն ու ընտանիքը ամրացնելու գործին: Այդ հրահանգը երբեք այսքան անհրաժեշտ չէր եղել աշխարհում, ինչպես այսօր, երբ ամուսնության սրբությունը հարձակման տակ է, իսկ ընտանիքի կարևորությունը նվազում է:
Թեև Եկեղեցին և նրա ծրագրերը աջակցում են ամուսնությանն ու ընտանիքին, և հիմնականում հաջողությամբ դա անում են, մենք միշտ պետք է հիշենք այս հիմնարար Ճշմարտությունը` ոչ մի կառուցվածք կամ կազմակերպություն չի կարող փոխարինել տանը կամ կատարել դրա հիմնական ֆունկցիաները:1 Հետևաբար, այսօր ես կխոսեմ ձեզ հետ նախ որպես ամուսիններ ու կանայք, մայրեր ու հայրեր, և երկրորդ, որպես Եկեղեցու քահանայության և օժանդակ կազմակերպությունների ղեկավարներ: Իմ հանձնարարությունն է քննարկել հավերժական ամուսնության կարևոր դերը մեր Երկնային Հոր երջանկության ծրագրում:
Մենք կկենտրոնանք վարդապետական կատարյալ ամուսնության վրա: Իմ հույսն է, որ մեր հավերժական հնարավորությունների ակնարկը և հիշեցումը, թե ով ենք մենք և ինչու ենք այստեղ մահկանացու վիճակում, տա ուղղություն, մխիթարություն և մշտական հույս մեզ բոլորիս` անկախ մեր ամուսնական վիճակից կամ անձնական հանգամանքներից: Երբեմն վարդապետական կատարյալ ամուսնության և առօրյա կյանքի իրականության միջև տարբերությունը բավականին մեծ է թվում, սակայն դուք աստիճանաբար անում և դառնում եք ավելի լավը, քան ինքներդ եք հասկանում:
Ես ձեզ հրավիրում եմ ձեր մտքում պահել հետևյալ հարցերը, մինչ մենք կքննարկենք հավերժական ամուսնությանը վերաբերող սկզբունքները:
Հարց 1. Իմ անձնական կյանքում արդյո՞ք ես աշխատում եմ դառնալ ավելի լավ ամուսին կամ կին, կամ պատրաստվում եմ դառնալ ամուսին կամ կին, հասկանալով և կիրառելով այս հիմնական սկզբունքները:
Հարց 2. Որպես քահանայության կամ օժանդակ կազմակերպության ղեկավար, արդյո՞ք ես օգնում եմ նրանց, ում ծառայում եմ, հասկանալ և կիրառել այս հիմնական սկզբունքները, այդպիսով ամրացնելով ամուսնությունն ու ընտանիքը:
Եթե մենք աղոթքով խորհենք այս հարցերի շուրջ և մտածենք մեր ամուսնական հարաբերությունների և Եկեղեցում մեր պարտականությունների մասին, ես վկայում եմ որ Տիրոջ Հոգին կպայծառացնի մեր միտքը և կսովորեցնի մեզ բաներ, որոնք մենք պետք է անենք կատարելագործվելու համար (տես Հովհաննես ԺԴ.26):
Ինչո՞ւ է ամուսնությունը կարևոր
«Ընտանիք` Հայտարարություն աշխարհին» հռչակագրում Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Խորհուրդը հայտարարում են. «որ տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից և, որ ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում՝ Իր զավակների հավերժական ճակատագրի համար»:2 Հայտարարագրի այս հիմնական նախադասությունը մեզ շատ բան է սովորեցնում ամուսնության վարդապետական կարևորության մասին և շեշտում է ամուսնության և ընտանիքի հիմնական ու կարևոր դերը Հոր ծրագրում: Արդար ամուսնությունը պատվիրան է և կարևոր քայլ սիրող ընտանեկան հարաբերություններ ստեղծելու ընթացքում, որը կարող է շարունակվել գերեզմանից այն կողմ:
Երկու համոզիչ վարդապետական պատճառ օգնում են մեզ հասկանալ, թե ինչու է հավերժական ամուսնությունը կարևոր Հոր ծրագրում:
Պատճառ 1. Տղամարդու և կնոջ հոգիների էությունները լրացնում և կատարյալ են դարձնում միմյանց, հետևաբար, տղամարդը և կինը միասին պետք է գնան դեպի վեհացում:
Ամուսնության հավերժական էությունը և կարևորությունը կարելի է ամբողջովին հասկանալ միայն Իր զավակների համար Հոր ծրագրի պարփակված ենթատեքստում: «Բոլոր մարդկային էակները, արական և իգական, ստեղծված են Աստծո պատկերով: Յուրաքանչյուրը երկնային ծնողների սիրված հոգևոր որդին կամ դուստրն է և ունի աստվածային էություն և ճակատագիր»:3 Երջանկության մեծ ծրագիրը թույլ է տալիս Երկնային Հոր հոգևոր զավակներին ու դուստրերին ֆիզիկական մարմին ստանալ, ձեռք բերել երկրային փորձ և զարգանալ դեպի կատարելություն:
«Սեռը կարևոր հատկանիշ է անհատի նախաերկրային, մահկանացու և հավերժական ինքնության ու նպատակի համար»,4 և լայն իմաստով, սահմանում է, թե ով ենք մենք, ինչու ենք մենք այստեղ երկրի վրա, և ինչ մենք պետք է անենք և դառնանք: Աստվածային նպատակներով տղամարդու և կնոջ հոգիները տարբեր են, առանձնահատուկ և միմյանց լրացնող:
Երկրագնդի արարումից հետո Ադամը տեղավորվեց Եդեմի Այգում: Ինչևէ, կարևոր է, որ Աստված ասաց, «լավ չէ որ մարդը մենակ լինի» (Ծննդոց Բ.18; տես Մովսես Գ.18), և Եվան դարձավ Ադամի ընկերը և օգնականը: Տղամարդու և կնոջ հոգևոր, ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ ունակությունների համակցումը անհրաժեշտ էր երջանկության ծրագիրը իրականացնելու համար: Միայնակ, ոչ կինը, ոչ էլ տղամադը չէին կարող իրականացնել իրենց արարման նպատակները:
Աստվածային ծրագրով տղամարդն ու կինը պետք է միասին առաջանան դեպի կատարելություն և փառք: Իրենց տարբեր բնավորությունների և ունակությունների շնորհիվ տղամարդն ու կինը, յուրաքանչյուրը, ամուսնական հարաբերություններ են բերում յուրահատուկ հեռանկար և փորձառություններ: Կինը և տղամարդը տարբեր ձևով, բայց հավասարապես են ներդրում կատարում միության և միասնության մեջ, որին ոչ մի այլ կերպ չի կարելի հասնել: Տղամարդը լրացնում և կատարելագործում է կնոջը, իսկ կինը լրացնում և կատարելագործում է տղամարդուն, մինչ նրանք միասին սովորում, միմյանց ամրացնում և օրհնում են միմյանց: «Ոչ տղամարդն առանց կնոջ, ոչ էլ կինն առանց տղամարդու, Տերումը» (Ա Կորնթացիս ԺԱ.11; շեղագիրն ավելացած է):
Պատճառ 2. Աստվածային ծրագրով, և տղամարդը, և կինը հարկավոր են երեխաներ մահկանացու կյանք բերելու համար և լավագույն միջավայր ապահովելու երեխաներին մեծացնելու և դաստիարակելու համար:
Բազմանալու և երկիրը լցնելու հին պատվիրանը, որը տրվեց Ադամին և Եվային, ուժի մեջ է այսօր ևս: «Աստված պատվիրել է, որ արարման սրբազան զորությունները կիրառվեն միայն այն տղամարդու և կնոջ միջև, ովքեր օրինապես ամուսնացած են որպես ամուսին և կին: . . . Մահկանացու կյանքի ստեղծման ուղիները ղեկավարվում են Աստծո կողմից»:5 Այսպիսով, տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը լիազորված միջոց է, որով նախաերկրային հոգիները մտնում են մահկանացու կյանք: Սեռական լիարժեք զսպվածությունը ամուսնությունից առաջ և լիարժեք մաքրությունը ամուսնության ժամանակ պահպանում են այս սուրբ միջոցի մաքրությունը:
Սիրող ու հավատարիմ ամուսնու և կնոջ տունը լավագույն միջավայրն է, որում երեխաները կարող են մեծանալ սիրո և արդարակեցության մեջ, և որտեղ կարող են բավարարվել երեխաների հոգևոր և ֆիզիկական կարիքները: Ինչպես տղամարդու և կնոջ առանձնահատուկ հատկանիշները լրացնում են ամուսնական հարաբերությունները, այդ նույն հատկանիշները կարևոր են երեխաներին մեծացնելու, դաստիարակելու և ուսուցանելու համար: «Երեխաները պետք է ծնվեն ամուսնացած ծնողներից և դաստիարակվեն մոր և հոր կողմից, ովքեր ընդունում են ամուսնության խոստումը և հնազանդվում դրան ողջ հավատարմությամբ»:6
Առաջնորդող սկզբունքներ
Հոր երջանկության ծրագրի մեջ հավերժական ամուսնության կարևորության երկու վարդապետական պատճառները, որոնք մենք քննարկեցինք, ուղեցույց սկզբունքներ են նրանց համար, ովքեր պատրաստվում են ամուսնանալ, ովքեր ամուսնացած են և Եկեղեցում մեր ծառայության համար:
Սկզբունք 1. Ամուսնության հավերժական էությունը և կարևորությունը կարելի է ամբողջովին հասկանալ միայն Իր զավակների համար Հոր ծրագրի պարփակված ենթատեքստում:
Մենք հաճախ խոսում ենք ամուսնության մասին և շեշտում ենք այն որպես հասարակության հիմնական միավոր, որպես ամուր ազգի հիմք, և որպես կարևոր հասարակական և մշակութային հաստատություն: Սակայն վերականգնված ավետարանը օգնում է մեզ հասկանալ, որ այն շատ ավելին է:
Արդյո՞ք մենք հաճախ չենք խոսում ամուսնության մասին, առանց ուսուցանելու ամուսնության կարևորությունը Հոր ծրագրում: Ամուսնության կարևորությունը շեշտելը առանց կապելու այն երջանկության ծրագրի պարզ և հիմնարար վարդապետության հետ, չի կարող բավարար ուղղություն, պաշտպանություն կամ հույս տալ աշխարհում, որը գնալով ավելի շփոթված և ամբարիշտ է դառնում: Մենք բոլորս լավ կանենք, եթե հիշենք Ալմայի ուսմունքը, որ «Աստված [մարդկանց զավակներին] տվեց պատվիրաններ, փրկագնման ծրագիրը նրանց հայտնի դարձնելուց հետո» (Ալմա 12.32, շեղագրումն ավելացված է):
Երեց Փարլի Փ. Փրատը հիանալի նկարագրել է այն օրհնությունները, որոնք մեզ տրվում են, երբ մենք սովորում, հասկանում և աշխատում ենք կիրառել մեր կյանքում ամուսնության վարդապետական իդեալը:
«Դա Ջոզեֆ Սմիթն էր, որն ինձ սովորեցրեց ինչպես գնահատել հոր և մոր, ամուսնու և կնոջ, եղբոր և քրոջ, որդու և դստեր ջերմ հարաբերությունները:
Նրանից եմ ես սովորել, որ իմ սիրելի կինը կարող է ինձ հետ լինել ժամանակի ընթացքում և ողջ հավերժության մեջ, և որ մաքուր զգացումները և սերը, որը թանկ է մեր բոլորի համար, սկիզբ են առել աստվածային հավերժ սիրո աղբյուրից . . .
Ես սիրել եմ նախկինում, բայց չեմ իմացել ինչի համար: Բայց այժմ ես սիրեցի, անարատ սիրով, բարձր ու վեհ զգացումի ուժգնությամբ, որը կարող է բարձրացնել իմ հոգին այս չքավոր աշխարհի ժամանակավոր բաներից և ընդարձակել այն օվկիանոսի նման: . . . Կարճ ասած, այժմ ես կարող եմ սիրել հոգով և նաև հասկանալով:
Այո, այդ ժամանակ, իմ սիրելի եղբայր Ջոզեֆ Սմիթը . . . պարզապես բարձրացրեց վարագույրի ծայրը և ցույց տվեց մի փոքր մաս հավերժությունից»:7
Որպես տղամարդիկ և կանայք, որպես ամուսիններ և կանայք, և որպես Եկեղեցու ղեկավարներ, կարո՞ղ ենք մենք տեսնել, որ հավերժական ամուսնության կարևորությունը կարելի է հասկանալ միայն երջանկության Հոր ծրագրի ենթատեքստում: Ծրագրի վարդապետությունը տղամարդկանց ու կանանց տալիս է հույս և պատրաստում է հավերժական ամուսնությանը, և այն փարատում է մտավախությունները և հաղթահարում անորոշությունները, որոնք ոմանց ստիպում են հետաձգել կամ խուսափել ամուսնությունից: Ծրագիրը ճիշտ հասկանալը նաև ամրացնում է մեր վճռականությունը մշտապես հարգել հավերժական ամուսնության ուխտը: Մեր անձնական ուսուցումը, մեր ուսուցանումը և մեր վկայությունը, տանը և Եկեղեցում, կխորանա, եթե մենք խորհենք և ավելի լիարժեք հասկանանք այս ճշմարտությունը:
Սկզբունք 2. Սատանան ցանկանում է, որ բոլոր տղամարդիկ ու կանայք իր նման թշվառ լինեն:
Լյուցիֆերը համառորեն հարձակվում և խեղաթյուրում է վարդապետությունները, որոնք առավել կարևոր են մեզ համար որպես անհատների, մեր ընտանիքների և աշխարհի համար: Որտե՞ղ է թշնամին կենտրոնացնում իր առավել անմիջական և չար հարձակումները: Սատանան անդադար աշխատում է, շփոթեցնելով սեռի մասին հասկացողությունը, խթանելու վաղաժամ կամ անարդար օգտագործել արարման զորությունը, և խափանելու արդարակյաց ամուսնությունը, որովհետև ամուսնությունը կարգվել է Աստծո կողմից և ընտանիքը կենտրոնական դեր է խաղում երջանկության ծրագրի մեջ: Հավերժական ամուսնության վրա հակառակորդի հարձակումները կշարունակեն աճել իրենց ուժգնությամբ, հաճախականությամբ և հնարամտությամբ:
Քանի որ այսօր մենք ներքաշված ենք ամուսնության և տան բարօրության համար պատերազմի մեջ, Մորմոնի Գիրքը վերջերս կարդալիս ես հատուկ ուշադրություն դարձրեցի այն եղանակներին, որոնցով Նեփիացիները պատրաստվում էին Լամանացիների դեմ պատերազմին: Ես նկատեցի, որ Նեփիի ժողովուրդը «տեղյակ էր [իրենց թշնամու} մտադրության մասին, և, այդ պատճառով, նրանք պատրաստվեցին հանդիպելու նրանց» (Ալմա 2.12–13, շեղագրումն ավելացված է): Երբ ես կարդում և ուսումնասիրում էի, սովորեցի, որ թշնամու մտադրությունն իմանալը կարևոր նախադրյալ է արդյունավետ նախապատրաստման համար: Մենք նմանապես պետք է հաշվի առնենք մեր թշնամու մտադրությունը այս վերջին օրերի պատերազմում:
Հոր ծրագիրը նախատեսում է ուղղություն տալ Իր զավակների, օգնել նրանց լինել երջանիկ և ապահով նրանց տուն բերել Իր մոտ: Ծրագրի վրա Լյուցիֆերի հարձակումները մտադիր են շփոթեցնել Աստծո որդիներին և դուստրերին, դարձնել նրանց դժբախտ և խափանել նրանց հավիտենական զարգացումը: Ստերի հոր հիմնական նպատակն է մեզ բոլորիս դարձնել «իր նման թշվառ» (2 Նեփի 2.27), և նա աշխատում է, որպեսզի խեղաթյուրի Հոր ծրագրի տարրերը, որոնք նա առավել շատ է ատում: Սատանան մարմին չունի, նա չի կարող ամուսնանալ և նա չի ունենա ընտանիք: Եվ նա շարունակ փորձում է խառնել սեռերի, ամուսնության և ընտանիքի աստվածային նպատակները: Աշխարհով մեկ մենք տեսնում ենք Սատանայի ջանքերի արդյունավետության մեծացող վկայությունը:
Վերջերս, դևը փորձ արեց խառնել սեռի և ամուսնության գաղափարները: Նայելով մահկանացու կյանքից դուրս և հավերժություն, հեշտ է հասկանալ, որ թշնամու պաշտպանած կեղծ այլընտրանքները, երբեք չեն տանի դեպի այն ամբողջությունը, որը հնարավոր է դառնում տղամարդու և կնոջ միասին կնքումից, արդար ամուսնության երջանկությանը, սերունդների ուրախությամբ և հավերժական առաջընթացի օրհնությանը:
Հաշվի առնելով այն, ինչ մենք գիտենք մեր թշնամու մտադրության մասին, մեզանից յուրաքանչյուրը պետք է հատկապես զգոն լինի, փնտրելով անձնական ոգեշնչում, որպեսզի իմանա, թե ինչպես կարող է պաշտպանել և պահպանել ամուսնությունը, և ինչպես կարող է սովորել և ուսուցանել սեռի հավերժական կարևորության և Հոր ծրագրում ամուսնության դերի վերաբերյալ ճիշտ սկզբունքները տանը և Եկեղեցու հանձնարարություններում:
Սկզբունք 3. Սիրո և երջանկության ամենամեծ օրհնությունները կարելի է ձեռք բերել հավերժական ամուսնության ուխտի միջոցով:
Տեր Հիսուս Քրիստոսը առանցքային դեր է խաղում ուխտով ամուսնության հարաբերությունների մեջ: Նկատեք, թե ինչպես է Փրկիչը կանգնած այս եռանկյունու վերին կետում, կինը` հիմքի մի անկյունում, տղամարդը` մյուս: Այժմ մտածեք, թե ինչ է տեղի ունենում տղամարդու և կնոջ հարաբերություններում, երբ նրանք անհատապես և հաստատուն «գալիս են դեպի Քրիստոսը» և ձգտում են «կատարելագործվել Նրանում» (Մորոնի 10.32): Քավիչի շնորհիվ և Նրա միջոցով, տղամարդը և կինը ավելի են մոտենում միմյանց:
Երբ ամուսինը և կինը յուրաքանչյուրը մոտենում են (տե’ս 3 Նեփի 27.14) Տիրոջը, երբ նրանք սովորում են ծառայել և փայփայել միմյանց, երբ նրանք կիսվում են կյանքի փորձով և միասին աճում են, դառալով մեկ, և երբ նրանք օրհնվում են, միավորելով տարբեր էությունները, նրանք սկսում են հասկանալ, թե ինչ է մեր Երկնային Հայրը ցանկանում Իր զավակների համար: Մեծագույն ուրախությունը, որը Հոր ծրագրի հիմնական նպատակն է, կարելի է ստանալ կապելով և հարգելով ամուսնական հավերժական ուխտերը:
Որպես տղամարդիկ և կանայք, որպես ամուսիններ, որպես Եկեղեցու ղեկավարներ, մեր ամենակարևոր պարտականություններից մեկն է օգնել երիտասարդ տղամարդկանց և կանանց սովորել արդար ամուսնության մասին և պատրաստվել դրան մեր անձնական օրինակով: Երբ երիտասարդ կանայք և տղամարդիկ տեսնեն արժանավորությունը, նվիրումը, զոհաբերությունը և մեր ամուսնական ուխտերի հանդեպ մեր հարգանքը, ապա նրանք կցանկանան կիրառել նույն սկզբունքները իրենց սիրահետման և ամուսնական հարաբերություններում: Երբ երիտասարդները նկատեն, որ մենք մեր հավերժական ընկերոջ հարմարավետությունն ու հարմարությունը մեր առաջնահերթ խնդիրն ենք դարձնում, ապա նրանք քիչ ինքնակենտրոնացած կլինեն և կկարողանան տալ, ծառայել, և ստեղծել հավասար և երկարատև ընկերություն: Երբ երիտասարդ կանայք և տղամարդիկ տեսնեն փոխադարձ հարգանքը, լավ վերաբերմունքը, վստահությունը և սերը տղամարդու և կնոջ միջև, ապա նրանք կաշխատեն նույն հատկանիշները զարգացնել իրենց կյանքում: Մեր երեխաները և Եկեղեցու երիտասարդները առավել շատ կսովորեն նրանից, ինչ մենք անում ենք և ինչպիսին ենք, անգամ եթե քիչ բան հիշեն մեր ասածներից:
Դժբախտաբար, Եկեղեցու շատ երիտասարդ անդամներ այսօր մտավախություն ունեն և առաջ չեն շարժվում դեպի հավերժական ամուսնությունը, որովհետև այնքան շատ ապահարզաններ են տեսնում աշխարհում և խախտված ուխտեր իրենց տներում և Եկեղեցում:
Հավերժական ամուսնությունը պարզապես ժամանակավոր իրավական համաձայնագիր չէ, որը կարելի է կասեցնել ցանկացած ժամանակ ցանկացած պատճառով: Փոխարենը, այն սուրբ ուխտ է Աստծո հետ, որը կարող է կապող լինել ժամանակի և ողջ հավերժության մեջ: Ամուսնության մեջ հավատարմությունն ու մաքրությունը չպետք է պարզապես լինեն հրապուրող խոսքեր, որ ասվում են քարոզների ժամանակ, այլ դրանք պետք է լինեն սկզբունքներ, որոնք առկա են մեր սեփական ամուսնական հարաբերություններում:
Երբ մենք մտածում ենք մեր անձնական օրինակի կարևորության մասին, արդյոք ես և դուք տեսնում ենք, թե որ բնագավառներում պետք է կատարելագործվենք: Արդյո՞ք Սուրբ Հոգին ոգեշնչում է մեր միտքը և փափկացնում մեր սիրտը, և քաջալերում մեզ գործել և դառնալ ավելի լավը: Որպես քահանայության և օժանդակ կազմակերպությունների ղեկավարներ, արդյո՞ք մենք մեր ջանքերը կենտրոնացնում ենք մեր ամուսնությունը և տները ամրացնելու վրա:
Ամուսիններն ու կանայք միասին ժամանակ անցկացնելու կարիք ունեն, որպեսզի պաշտպանեն միմյանց և իրենց տները թշնամու հարձակումներից: Երբ մենք աշխատում ենք փառավորել մեր կոչումները Եկեղեցում, մենք ոչ միտումնավոր խոչընդոտում ենք ամուսիններին, կանանց, մայրերին և հայրերին կատարել իրենց սուրբ պարտականությունները տանը: Օրինակ, արդյո՞ք մենք երբեմն պլանավորում ենք ոչ անհրաժեշտ ժողովներ և միջոցառումներ այնպես, որ խանգարում ենք կնոջ և ամուսնու, ինչպես նաև նրանց ու երեխաների կարևոր հարաբերություններին:
Երբ մենք անկեղծորեն մտածում ենք այս հարցերի շուրջ, ես վստահ եմ, Հոգին անգամ օգնում է և կշարունակի օգնել մեզանից յուրաքանչյուրին սովորել այն բաները, որ մենք պետք է անենք տանը և Եկեղեցում:
Մեզ անհրաժեշտ հոգևոր ռեսուրսները
Մեր պարտականությունները, որոնք են` սովորել և հասկանալ ծրագրի վարդապետությունը, ունենալ և լինել արդարակյաց ամուսնության օրինակ, և ուսուցանել ճիշտ սկզբունքները տանը և եկեղեցում, կարող են ստիպել մեզ մտածել, արդյոք այդ գործը մեր ուժերի սահմաններում է: Մենք սովորական մարդիկ ենք, որոնք պետք է կատարեն ամենաանսովոր աշխատանքը:
Շատ տարիներ առաջ ես և Քույր Բեդնարը հազիվ էինք հասցնում բավարարել մեր երիտասարդ և էներգիայով լի ընտանիքի անվերջ աճող կարիքները, և միաժամանակ կատարել Եկեղեցու, աշխատանքի և համայնքի մեր պարտականությունները: Մի երեկո, երբ երեխաները քնած էին, մենք երկար խոսեցինք այն մասին, թե որքան արդյունավետ ենք մեր բոլոր առաջնահերթությունները կատարելիս: Մենք հասկացանք, որ չենք ստանա հավերժության խոստացված օրհնությունները, եթե ավելի լիարժեք չհարգենք այն ուխտը, որը կապել ենք մահկանացու կյանքում: Մենք որոշեցինք լինել ավելի լավ ամուսին և կին: Այդքան տարի առաջ սովորած այդ դասը ահռելի տարբերություն մտցրեց մեր ամուսնության մեջ:
Երջանկության ծրագրի քաղցր և պարզ վարդապետությունը թանկարժեք հավերժական հեռանկար է տալիս և օգնում է մեզ հասկանալ հավերժական ամուսնության կարևորությունը: Մենք օրհնվել ենք անհրաժեշտ բոլոր հոգևոր միջոցներով: Մենք ունենք Հիսուս Քրիստոսի վարդապետությունը: Մենք ունենք Սուրբ Հոգին և հայտնությունը: Մենք ունենք փրկող ծեսերը, ուխտերը և տաճարները: Մենք ունենք քահանայությունը և մարգարեները: Մենք ունենք սուրբ գրությունները և Աստծո խոսքի զորությունը: Եվ մենք ունենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին:
Ես վկայում եմ, որ մենք օրհնվել ենք բոլոր հոգևոր միջոցներով, որոնք մեզ անհրաժեշտ են արդարակյաց ամուսնության մասին իմանալու, ուսուցանելու, այն ամրացնելու և պաշտպանելու համար, և որ մենք իսկապես կարող ենք երջանիկ ապրել միասին որպես ամուսիններ և ընտանիքներ հավերժության մեջ: Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:
ՀՂՈւՄՆԵՐ
1. See First Presidency letter, Feb. 11, 1999; see Liahona, Dec. 1999, 1.
2. «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին», Լիահոնա, հոկտ. 2004, 49:
3. Լիահոնա, հոկտ. 2004, 49:
4. Լիահոնա, հոկտ. 2004, 49:
5. Լիահոնա, հոկտ. 2004, 49:
6. Լիահոնա, հոկտ. 2004, 49:
7. Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. (1938), 297–98.