The Christus statueThe Church of Jesus Christ of Latter-day Saints Search | Feedback | Site Map | Help | Country Sites |
Home Gospel Library Worldwide Leadership Training Meeting: Supporting the Family Translations

Ծնողները սուրբ պարտականություն ունեն

ԲՈՆԻ Դ. ՓԱՐՔԻՆ
Սփոփող Միության Գերագույն Նախագահ

ԲՈՆԻ Դ. ՓԱՐՔԻՆԸնտանեկան պատասխանատվություններ

Կա մի բան, որ ես կցանկանայի կատարվեր այս եկեղեցու ծնողների և ղեկավարների հետ, դա այն է, որ յուրաքանչյուր օր, Երկնային Հոր զավակների համար հոգ տանելով, նրանք զգան Տիրոջ սերը: Միգուցե դա չլինի սիրտ հուզող որևիցե բան, այլ այն, ինչ Հոգին է շշնջում ձեզ: Հետևեք այդ քաղցր հուշումներին:

Ես հստակ հիշում եմ, թե երբ էր արվել ընտանիքի վերաբերյալ Հայտարարությունը՝ 1995թ. սեպտեմբերի 23-ին: Ես գտնվում էի Թաբերնաքլում, Սփոփող Միության Գերագույն ժողովին: Նախագահ Հինքլին վերջում ելույթ ունեցավ: Նա ներկայացրեց «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» թեման: Համայնքում լռություն էր, կար նաև ոգևորության զգացում, հետևյալ արձագանքը. «Այո, մեզ օգնություն է հարկավոր ընտանիքի հետ կապված»:

Ես հիշում եմ, որ զգացի, թե որքան ճիշտ էր Հայտարարությունը: Արցունքները ցած հոսեցին այտերիս վրայով: Երբ նայեցի կողքերս նստած քույրերին, նրանք նույնն էին զգում: Այնքան բան կար Հայտարարության մեջ, որ ես անհամբեր սպասում էի, թե երբ եմ վերցնելու դրա մի օրինակը և ուսումնասիրելու այն: Հայտարարությունը հաստատում էր կանանց բարձր ազնվականությունը: Մտածելով, որ առաջին հերթին այն տրվեց Եկեղեցու կանանց, Սփոփող Միության Գերագույն հավաքին, ես հասկանում եմ, որ Նախագահ Հինքլին գնահատում է կանանց:

Մենք բոլորս այստեղ ենք որպես եկեղեցու առաջնորդներ: Մենք զբաղված ենք: Սակայն, ինչպես և դուք, ես պետք է հիշեմ, որ մեր առաջին պատասխանատվությունը մեր սեփական ընտանիքի հանդեպ է: Հիշեք, մեր ընտանիքն այն մի քանի օրհնություններից մեկն է, որ մենք կարող ենք տանել մեզ հետ դեպի հավերժություն:1 Նյուել Կ. Ուիթնին եպիսկոպոս էր եկեղեցու վաղ շրջանում, Կիրթլանդուն: Ինչպես և դուք, այսօրվա եպիսկոպոսներ, նա ևս շատ զբաղված էր բազմաթիվ բարի գործեր անելով: Սակայն նա հանդիմանվել էր Տիրոջ կողմից և պատվիրվել էր «կարգի բերել իր ընտանիքը . . . (տես ՎևՈւ 93.50, շեղագրումն ավելացված է): Քույրե՛ր և եղբայրնե՛ր, այս խորհուրդը վերաբերում է մեզ բոլորիս:

Դուք, շատերդ, ծնողներ եք, տատիկներ կամ պապիկներ, կամ մի օր՝ դառնալու եք: Բայց ամուսնացած, թե՝ ամուրի, մենք բոլորս ընտանիքների անդամներ ենք: Մի պահ տրամադրեք ձեր սեփական ընտանիքի մասին մտածելու համար: Ի՞նչն եք սիրում ձեր ընտանիքում: Ահա, թե ինչ եմ ես սիրում իմ ընտանիքում: Ես ուրախանում եմ, որ իմ չորս տղաները սիրում են լինել միասին: Այժմ ձեր հերթն է: Ձեր կողքը նստած անձին պատմեք մի բան ձեր ընտանիքի մասին, թե ինչն է ձեզ ուրախություն պատճառում:

Ընտանիքի վերաբերյալ ի՞նչ վարդապետություն է ուսուցանում մեզ Հայտարարությունը: Ես կցանկանայի ձեր ուշադրությունը կենտրոնացնել մի պարբերության վրա. «Ըստ աստվածային ծրագրի` հայրերը պետք է ղեկավարեն իրենց ընտանիքները սիրով ու առաքինությամբ, և պատասխանատու լինեն ապահովելու ընտանիքի կենսական կարիքներն ու պաշտպանությունը: Մայրերը, հատկապես, պատասխանատու են իրենց երեխաների դաստիարակման համար: Այս սուրբ պարտականություններն իրականացնելիս, հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց որպես հավասար գործընկերներ»:2

Ես սիրում եմ «ըստ աստվածային ծրագրի» խոսքերը: Ծնողությունը իր երեխաների համար նախատեսված մեր Երկնային Հոր սուրբ ծրագրի մի մասն է: Որպես ծնողներ մենք մեր ընտանիքն ապահովելու, պաշտպանելու և խնամելու սուրբ պատասխանատվություն ունենք:

Ինչպե՞ս կարող են ապահովելու, պաշտպանելու և խնամելու այս ուղեցույցները օգնել մեզ առաքինի երեխաներ մեծացնելու գործում:

Ապահովել

Հայտարարության մեջ ասվում է, որ ծնողներն ապահովում են ընտանիքի «կենսական կարիքները»: Սակայն որո՞նք են այդ կարիքները: Այո, դա տանիքն է գլխավերևում, և ուտելիքը՝ սեղանին: Սակայն ավետարանի ծրագրի շնորհիվ մենք գիտենք, որ ավելի շատ բան կա, դրանցից բացի: Այդ թվում են կյանքի համար անհրաժեշտ հմտությունները, բնավորություն զարգացնող գործոնները: Եկեք դիտարկենք դրանցից միայն մի քանիսը:

Երբ մեր երեխաներին ուսուցանում ենք, թե ինչպես աշխատել, մենք ապահովում ենք նրանց: Թույլ տվեք պատմեմ ձեզ իմ թոռնիկ Ջեյկոբի մասին: Նա չէր ուզում դպրոց գնալ: Նրա մայրը տարբեր բաներ փորձեց, վերջապես նստեցրեց նրան իր կողքը և ասաց. «Հայրիկի գործը աշխատանքի գնալն է և դրամ վաստակելը: Իմ գործը տանը մնալն է և քո, եղբայրներիդ ու քրոջդ համար հոգ տանելը: Իսկ քո գործը, Ջեյկոբ, դպրոց գնալն է»: Երբ Ջեյկոբը հասկացավ սկզբունքը, ընդունեց այն և գնաց դպրոց:

Մենք նաև ուսուցանում ենք մեր երեխաներին աշխատել, ակնկալելով, որ նրանք կաշխատեն և՛ տանը, և, հարկ եղած դեպքում, տնից դուրս: Ուսուցանելով աշխատանքի արժեքը, մենք օգնում ենք մեր երեխաներին, որպեսզի կարողանան ապահովել իրենց ապրուստը: Վաղ սկսեք: Ամուսինս ասում է, որ ամենամեծ պարգևը, որ իր հայրը տվել է իրեն՝ դա անկախությունն է, քանի որ նա սովորեցրել է իրեն աշխատել:

Մեր ֆինանսների ճիշտ կառավարումը նույնպես օգնում է մեզ մեր ապրուստը լավ ապահովել: Որպես ծնողներ, միասին պլանավորեք ձեր ընտանիքի բյուջեն: Ձեր երեխաներին ուսուցանեք ցանկությունների և անհրաժեշտությունների տարբերությունը: Անտեղի ֆինանսական պահանջներ մի՛ դրեք ձեր ամուսնու կամ կնոջ վրա: Երբ Նախագահ Հինքլին խորհուրդ տվեց մեզ ազատվել պարտքերից, մի հայր, որին ես ճանաչում եմ, նստեց իր ամուսնացած երեխաների կողքին և հարցրեց նրանց իրենց ֆինանսական դրության մասին: Նա զարմացած էր, հայտնաբերելով, որ նրանցից երկուսը լուրջ պարտքեր ունեին: Ապա, նա հարցրեց նրանց, թե արդյոք կարո՞ղ է օգնել նրանց պարտքերի մարման ծրագիր կազմելու հարցում:

Կրթությունը և հատուկ պատրաստվածությունը թույլ են տալիս ծնողներին ապահովել իրենց ընտանիքները: Քաջալերեք ձեր երեխաներին ստանալ կրթություն, սովորելով իրենց ուժերի սահմաններում: Որոշ երկրներում, երիտասարդները չեն կարող որակավորվել Կրթության Մշտական հիմնադրամից վարկ ստանալու համար, որովհետև անավարտ միջնակարգ կրթություն ունեն: Ներկայիս աշխարհում այնքան կարևոր է, որպեսզի ծնողները շարունակեն սովորել:

Պաշտպանել

Երկրորդ ուղեցույցը, որի մասին կցանկանայի խոսել, պաշտպանելն է: Պաշտպանություն ինչի՞ց: Վտանգից, թե՛ Աֆրիկական և թե՛ հոգևոր: Մենք պաշտպանում ենք, երբ ուսուցանում ենք մեր երեխաներին, որ նրանք աստվածային արժանավորություն ունեն, երբ որպես ընտանիք միասին գնում ենք եկեղեցի, երբ ընտանեկան երեկո ենք անցկացնում, երբ ընտանեկան աղոթքի ենք հավաքվում, երբ միասին կարդում ենք սուրբ գրությունները: Այդ ամենը կարծես հասարակ բաներ են, սակայն ես վկայում եմ ձեզ, որ դա հզոր պաշտպանության միջոց է:

Հայտարարությունն ուսուցանում է, որ ծնողներն իրենց երեխաներին պաշտպանելու սուրբ պարտականություն ունեն: Բռնությունը կարող է զգացմունքային լինել, ինչպես օրինակ, կնոջը, կամ ամուսնուն, կամ երեխաներին նվաստացնելը, նրանց որպես անարժանների վերաբերվելը, հետ պահելով սերն ու մտերմությունը: Հայրերը չեն պաշտպանում իրենց ընտանիքները, երբ ծեծում են, կամ խփում իրենց կանանց կամ երեխաներին: Արևմտյան ֆիզիիկայից մի քույր ասել է, որ մինչև եկեղեցուն միանալը, իր հայրը ծեծում էր մորն ու երեխաներին: «Այժմ, նա մեզ հարգանքով ու քնքշանքով է վերաբերվում, քանի որ հասկանում է, որ մենք Աստծո զավակներ ենք», - ասել է նա:

Ծնողները պաշտպանում են իրենց երեխաներին իմանալով, թե ում են նրանք ընտրում որպես ընկերներ: Մի դպրոցական աղջիկ վրդովվել էր, երբ հայրը հարցուփորձ էր արել նրան իր երեկոյան միջոցառումների մասին: Հայրը բացատրեց, որ Հայտարարությունն ասում է, որ նա պետք է իր ընտանիքի պաշտպանը լինի, և որ նա սիրում է իր դստերը, ահա թե ինչու՞ է ցանկանում իմանալ, որ նա ապահով է:

Մենք պետք է պաշտպանենք մեր երեխաներին նաև լրատվամիջոցների ազդեցությունից: Տեղյակ եղեք, թե ինչ են դիտում ձեր երեխաները հեռուստատեսությամբ, թատրոններում և իրենց ընկերների տներում: Եթե տանը համակարգիչ ունեք, հավաստիացեք, որ այն օգտագործվում է «արժանավոր, գեղեցիկ, բարի համբավ ունեցող կամ գովասանքի արժանի բաների համար» (Հավատքի հանգանակ 1.13):

Մենք պաշտպանված ենք, երբ հետևում ենք ապրող մարգարեին: Որպես ընտանիք, ինչպե՞ս եք դուք պաշտպանվել, հետևելով Նախագահ Հինքլիի Մորմոնի Գիրքը կարդալու խորհրդին: Վերջերս մի նամակ ստացա անգլիացի մի քրոջից: Նա գրում էր.

«Անցյալ տարի իմ ընտանիքը տառապանքների մեջ էր, երբ հայրն ընտրեց այլևս չհաճախել եկեղեցի: Նա ակտիվ անդամ էր իր ողջ կյանքի ընթացքում և եպիսկոպոսությունում էր: Սիրտս լացում էր առ Տերը, թե ինչ կարող եմ անել, որպեսզի հաղթահարեմ իմ վրդովվածությունն ու դառնությունը: Ես երեխաների հետ ինքնուրույն ընտանեկան երեկո կազմակերպեցի և աղոթք ասեցինք: Երբ տաճարում էի, ես հուշում զգացի, Մորմոնի Գիրքը կարդալու հանձնառության հետ կապված, որպեսզի միայն երեխաների հետ չանցկացնեմ սուրբ գրությունների ժամը, այլ երեխաների ու սուրբ գրությունների հետ միասին գնանք ամուսնուս մոտ, տան որ անկյունում էլ որ նա գտնվի: Եվ ամեն երեկո, ժամը 21.00-ին մենք միասին գնում էինք նրան գտնելու: Նա կարդում է մեզ հետ, սկզբում չէր կարդում, բայց այժմ՝ կարդում է: Նա գալիս է եկեղեցի, միանում է մեզ ընտանեկան երեկոյի ժամանակ, և վարում է ավետարանի շուրջ քննարկումները: Իմ երեխաները Տիրոջ ծառաներն էին և փրկագնող սիրո խոսքերը տարան դեպի ամուսինս: Սա մի մեծ օրհնություն էր իմ ընտանիքում»:

Խնամել

Երրորդ և վերջին ուղեցույցը՝ խնամելն է: Ինչի՞ նման է խնամքը: Ի՞նչ զգացումների հետ է այն կապված: Ինչպե՞ս է այն հնչում: Երեխաների խնամքը հիշեցնում է, հետևյալ զգացումն է առաջացնում և հնչում է ինչպես այս սուրբ գրությունը. «համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ և հեզությամբ, և անկեղծ սիրով, բարությամբ» (տես ՎևՈւ 121.41–42): Թույլ տվեք մի քանի օրինակ բերել:

Իմ կարծիքով խնամել նշանակում է կարգապահություն ուսուցանել սիրով: Մի երիտասարդ կին կանգնեցրեց իր երեխային, երբ նա չհնազանդվեց ու ձեռքերով նրա երեսը գրկելով նայեց աչքերի մեջ ու ասաց. «Լսի՛ր, թե ինչ եմ ասում»: Մենք պարտավոր ենք ուսուցանել մեր երեխաներին իմաստուն ընտրություններ կատարել, սակայն չենք կարող հեռացնել նրանց արարքների հետևանքները: Հիշեք, մեր Երկնային Հոր ծրագրի հիմքը ազատ կամքն է:

Ի՞նչ զգացումներ են առաջանում խնամելիս: Ընտանիքում ուսուցանումն ու հարաբերությունների կառուցումը հիմնականում տեղի են ունենում մեր առօրյայի կարճատև ու անսպասելի պահերին: Ճաշի սեղանն է մեկս մյուսի հետ հաղորդակցվելու տեղը՝ օրվա մեր միջոցառումներով կիսվելու, միմյանց լսելու և քաջալերելու, միասին ծիծաղելու: Ես գիտեմ, որ ծիծաղը թեթևացնում է բեռը: Հարգելի մայրեր և հայրեր, կանոնավոր ճաշաժամեր ունեցեք այն մարդկանց հետ, ում սիրում եք:

Արդյո՞ք դադարում եք ծնող լինելուց, երբ ձեր բոլոր երեխաները մեծանում են և ինքնուրույն դառնում: Ո՛չ, հարցը նրանում է, որ երբեք չեք դադարում: Մենք հավերժական ընտանիքներ ստեղծելու վեհ գործունեություն ենք վարում: Երբ ամուսնուս հետ ծառայում էինք Անգլիայի միսիայում, մեր որդիներից մեկն իր ընտանիքով այցելության եկավ մեզ: Ես հիշում եմ, որ նա ասաց. «Մենք եկել ենք, քանի որ խնամքի կարիք ունենք»: Մի անգամ ծնող դառնալով, դուք արդեն ընդմիշտ ծնող եք մնալու: Արդյոք հրաշալի չէ՞: Երբ դեկտեմբերին ավարտեցի Մորմոնի Գրքի ընթերցումը, ես ցնցվեցի հայտնաբերելով, որ նույնիսկ Մորմոնը խորհուրդ էր տալիս իր մեծահասակ որդուն՝ Մորոնիին. «Որդի՛ս, հավատարիմ եղիր Քրիստոսին . . . թող Քրիստոսը քեզ վեր բարձրացնի . . . և նրա ողորմածությունն ու երկայնամտությունը, և նրա փառքի, և հավերժական կյանքի հույսը մնա քո մտքում հավիտյանս» (Մորոնի 9.25):

Ինչպե՞ս է հնչում խնամելը: Երբեմն մեկ բառից ավել դժվար է պատասխան կորզել դեռահասից: Ահա այն հարցը, որը կարող է մեծապես փոխել այդ դրությունը. «Ո՞րն է այս պահին քո ամենադժվար խնդիրը և ինչի՞ համար ես պայքարում»: Սա բացում է փակ դուռը, թույլ տալով երիտասարդներին կիսվել: Եվ երբ նրանք կիսվում են, միայն լսեք: Մի քննադատեք, ոչ էլ խորհուրդ տվեք, կամ որևիցե այլ բան ասեք: Միայն լսեք: Դուք կզարմանաք, թե ինչպիսի կապ և մտերմություն կձևավորվի: Եպիսկոպոսներ և խորհրդականներ, այս նույն հարցը ազդեցիկ կարող է լինել, երբ հարցազրույց եք անցկացնում ձեր ծխերի երիտասարդների հետ:

Խնամքը հնչում է, ինչպես ընտանեկան աղոթքը: Իմ ամենաերկարատև հիշողություններից մեկը կապված է հորս հետ, որն իմ եղբայրներիս ու քրոջս հետ ծնկի էր գալիս ծնողներիս մահճակալի կողքին, իրենց փոքրիկ սենյակում, և ես լսում էի, թե ինչպես էր հայրս աղոթում Երկնային Հորը՝ մեր մայրիկին օրհնելու համար, որը հիվանդանոցում էր: Լսելով, թե ինչպես էր հայրիկս սրտի խորքից խոսում, ես իմանում էի, որ կա Աստված երկնքում, որը լսում է: Աղոթեք ձեր երեխաների համար, նրանց դպրոցական գործերի և օրվա ընթացքում նրանց պաշտպանված լինելու համար: Մեր երեխաներն իմանում են մեր սիրո և ակնկալիքների մասին, երբ լսում են, թե ինչպես ենք աղոթում նրանց համար:

Ամրապնդել ընտանիքները

Որպես ղեկավար, ինչպես եք դուք ամրացնում և աջակցում այն ընտանիքներին, ում ծառայում եք: Դուք կարող եք այս նույն ուղեցույցներն օգտագործել. ապահովել, պաշտպանել և խնամել՝ ամրացնելու համար ձեր ծխի ընտանիքները:

Ղեկավարներ, աջակցեք ծնողներին՝ հարգելով նրանց, ոչ թե երեխայի կյանքում կանգնելով ծնողից առաջ: Դուք կարող եք դաստիարակ լինել, հետաքրքրություններով կիսվել, սակայն հաշվի առնել ծնողների կարծիքը և անել այնպես, ինչպես նրանք են ցանկանում: Մի մայր ասել է. «Ինձ հաճախ թվում էր, որ իմ դեռահաս որդիները ամենաքիչը կուզենային լսել ինձ և ամուսնուս: Երբեմն, տղաներս, ենթարկվելով որոշակի ճնշումների, կարծես անջատում են ծնողների ձայնը: Ես շնորհակալ եմ եկեղեցու իմաստուն ղեկավարներին, որոնք խորհուրդ տվեցին որդիներիս: Նրանք երբեք չեն գրավում ծնողների տեղը: Նրանք լսում են, սակայն օգնում են, որ մեր առաջնորդությունը կայանա, և ուղղում են նրանց ետ՝ դեպի մեզ»:

Որպես ընտանիքներ մենք բոլորս պահանջներ ունենք: Մի քանի խոսք այն մայրերին, ովքեր միայնակ ծնող են: Թույլ տվեք պատմեմ մի մոր մասին, որը հինգ երեխա ուներ և նրա ամուսնուն զինակոչել էին Իրաք: Նա հիշում է.

«Երբ փետրվարի սկզբին ամուսինս մեկնեց, մենք երեք աշխատող մեքենաներ ունեինք: Այնուամենայնիվ, մինչև նոյեմբեր դրանք անսարք դարձան, և դրանք ի վիճակի չեղանք վերանորոգելու: Այդ ընթացքում իմ 17-ամյա ավագ տղան ինձ ասաց, որ չի պատրաստվում միսիայում ծառայել, քանի որ համոզված չէ, որ ավետարանը ճշմարիտ է: Եթե իմ կյանքում եղել է ժամանակ, երբ ես ամենաշատը կարիք եմ ունեցել քահանայության օրհնությունների, ապա դա այդ ժամանակ էր: Մանրամասները չեմ հիշում, թե երբ և որտեղ, սակայն որոշակիորեն հիշում եմ, որ այդ ընթացքում մեկից ավելի օրհնություններ եմ ստացել հոգատար քահանայություն կրողներից: Ես միշտ գիտեի, որ կարող եմ կանչել իմ տնային ուսուցիչներին, և նրանք կգային: Նրանցից ոչ մեկ չէր կարող վերանորոգել իմ մեքենան, սակայն նրանք կարող էին ինձ քահանայական օրհնություններ տալ, որոնք ավելի կարևոր էին, և նրանք նաև գտան մեկին, ով կարող էր վերանորոգել մեքենան»:

Նվիրված տնային ուսուցիչները փոխեցին այս ընտանիքի կյանքը, և նրանք կարող են փոխել բոլոր միայնակ ծնողներով ընտանիքների կյանքը, եթե ճանաչեն նրանց, ունենան նրանց վստահությունը և քահանայական օրհնություններ տան: Եպիսկոպոսներ, քահանայապետների խմբի ղեկավարներ, երեցների քվորումի նախագահներ, այս մայրերն իրենց տներում քահանայական օրհնության կարիքն ունեն, ինչպես և մեր նշանակալից միայնակ քույրերը:

Տաս տարի առաջ, երբ հրապարակվեց Հայտարարությունը, Նախագահ Հինքլին զգուշացրեց «աշխարհի չարիքների» մասին: Այս մարգարեական հայտարարությունը վերահաստատում է Տիրոջ «չափանիշները, վարդապետությունները և պրակտիկ փորձերը ընտանիքի վերաբերյալ»:3 Որպես հակադրություն, աշխարհը փորձում է թելադրել կանանց և մայրերի դերերը: Այսօր կանանց ասվում է, որ նրանք պետք է բարգավաճող կարիերա ունենան, կազմակերպություն, որին կպատկանեն, և, եթե միջոցներ ունեն, ապա երեխաներ: Մոր հարգված դերը գնալով հետամնաց է դառնում: Թույլ տվեք պարզաբանեմ սա, մենք չպետք է թույլ տանք աշխարհին սպառնալ նրան, ինչը գիտենք, որ տրված է մեզ ըստ աստվածային ծրագրի:

Քույրե՛ր, թույլ տվեք անմիջապես ձեզ հետ խոսեմ մի քանի րոպե: Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Սփոփող Միության անդամներ, դա մեր օրհնությունն ու պատասխանատվությունն է՝ խնամելու և աջակցելու ընտանիք միավորը: Յուրաքանչյուրն է պատկանում ընտանիքին, և յուրաքանչյուր ընտանիք ամրապնդվելու և պաշտպանված լինելու կարիքն ունի:

Տնարար դառնալու հարցում, ամենամեծ օգնությունը ես ստացել եմ նախ՝ իմ սեփական մայրիկից և տատիկից, և հետո՝ որտեղ որ ապրել ենք, տարբեր ծխերի Սփոփող Միության քույրերից: Ես հմտություններ սովորեցի, ես տեսա այն ուրախությունը, որը գալիս է տունն այնպիսին ստեղծելուց, որտեղ մյուսները կցանկանան լինել: 2006թ. հունվարը հագեցած էր տան, ընտանեկան և անձնական զարգացմանն ուղղված հավաքներով ու միջոցառումներով: Այն ապահովում է ճկուն համակարգ, որպեսզի բոլոր քույրերը կարողանան մասնակցել Սփոփող Միությանը: Սփոփող Միության ղեկավարներ, այժմ հավաստիացեք, որ ձեր ծրագրած հավաքներն ու միջոցառումները, կամրապնդեն ձեր բոլոր քույրերի ընտանիքները:

Այցելությամբ ուսուցանումը ընտանիքին աջակցելու մեկ այլ միջոց է: Հուսով եմ, բոլորդ հնարավորություն ունեք այցելող ուսուցիչներ լինելու: Այցելող ուսուցիչները ոչ միայն ամրապնդում են քույրերին հոգևոր առումով, այլ նաև յուրահատուկ դիրք ունեն խնամելու և կարիքները հասկանալու: Սփոփող Միության ղեկավարներ, ակտիվ գործեք Բարօրության Կոմիտեի հավաքներին և զեկուցեք հոգևոր ու աշխարհիկ կարիքների մասին, որոնք հայտնաբերել են ձեր այցելող ուսուցիչները:

Քրիստոսի մաքուր սերը

Նրանք, ովքեր ամուսնացած են, հետ նայեք մի պահ: Ի՞նչը դրդեց ձեզ սիրահարվել ձեր ամուսնուն կամ կնոջը: Այս հիշողությունը ձեզ ներող սիրտ կպարգևի: Արտահայտեք ձեր սերը միմյանց նկատմամբ: Կինը կարող է փոխել ամուսնու կյանքը, ամրացնելով նրա ինքնավստահությունը: Ամուսինը կարող է պայծառեցնել նույնիսկ ամենամռայլ օրը, երեք պարզ խոսքերով. «Ես քեզ սիրում եմ»: Ամենամեծ պարգևներից մեկը, որ ծնողները կարող են տալ իրենց երեխաներին, ցույց տալն է, որ սիրում են իրար:

Առաքինի երեխաներ մեծացնելու հարցում մեր դերը, որպես ծնողներ ապահովելն է, պաշտպանելը և խնամելը, ինչը մենք անում ենք որպես հավասար գործընկերներ: Նույնը մենք անում ենք որպես ղեկավարներ: Ղեկավար լինելը դժվար գործ է: Ծնող լինելն էլ է դժվար գործ: Մենք հուսահատվում ենք, սակայն շարունակում ենք առաջ գնալ: Իմ կարծիքով մենք շատ բան ենք սովորում Քրիստոսի մաքուր սիրո մասին մեր ընտանիքներում և եկեղեցու ծառայության շնորհիվ:

Որպես ծնողներ և ղեկավարներ, մենք պետք է տանք մեր երեխաներին այն սերը, որը մեր Երկնային Հայրն է ցուցաբերում մեր հանդեպ: Մորոնի 8.17-ում կարդում ենք. «Եվ ես լցված եմ գթությամբ, որը հավիտենական սեր է»: Այսքանին ավելացնենք Տիրոջ խոսքերը. «Ձեր վրա հագեք գթության կապը, ինչպես մի թիկնոց, որը կատարելության և խաղաղության կապն է» (տես ՎևՈւ 88.125): Ես կոչ եմ անում ձեզ, ձեր բոլոր գործերում ձեր հագին ունենալ գթության թիկնոցը, որպեսզի պարուրեք ձեր ընտանիքը Քրիստոսի մաքուր սիրով:

Որպես ընտանիքներ և որպես ղեկավարներ, թող Տերն օրհնի ձեզ, որ շրջապատեք նրանց, ում սիրում եք, գթության թիկնոցով, որպեսզի բոլորս կարողանանք վերադառնալ Երկնային Հոր ներկայությունը և հավերժ ապրել Նրա հետ միասին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

ՀՂՈւՄՆԵՐ

1. See Gordon B. Hinckley, “Rejoicing in the Privilege to Serve,” Worldwide Leadership Training Meeting, June 21, 2003, 22.

2. «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին», Լիահոնա, հոկտ. 2004, 49.

3. “Stand Strong against the Wiles of the World,” Ensign, Nov. 1995, 100.

 
© 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved.   Rights and use information.  Privacy policy