Երկնային տներ` հավերժ ընտանիքներ
ՆԱԽԱԳԱՀ ԹՈՄԱՍ Ս. ՄՈՆՍՈՆ
Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական
Կառուցել հավերժական տուն
Հնազանդության ոգով եմ ես ներկայցնում Առաջին Նախագահությունը որպես այս ժողովի եզրափակիչ խոսնակ: Մենք ոգեշնչվեցինք և կրթվեցինք Երեց Բեդնարի, Երեց Փերիի և Քույր Փարկինի ելույթներով: Մեր մտքերը կենտրոնացել են տան և ընտանիքի վրա, երբ մեզ հիշեցվում է, որ «տունը արդարակյաց կյանքի հիմքն է, և ոչ մի այլ կառուցվածք չի կարող փոխարինել կամ իրականացնել նրա հիմնական ֆունկցիաները»:1
Տունը շատ ավելին է, քան փայտից, աղյուսից կամ քարից պատրաստված շենք: Տունը կառուցվում է սիրուց, զոհաբերությունից և հարգանքից: Մենք պատասխանատու ենք այն տան համար, որը կառուցում ենք: Մենք պետք է կառուցենք իմաստուն ձևով, քանզի հավերժությունը կարճ ճանապարհորդություն չէ: Կլինեն հանգստություն և քամի, արևի լույս և ստվեր, ուրախություն և վիշտ: Սակայն, եթե մենք իսկապես ձգտենք, մեր տունը կարող է լինել երկնքի կտոր այստեղ` երկրի վրա: Մեր մտքերը, մեր գործերը, մեր կյանքը ազդում է ոչ միայն մեր երկրային ճանապարհորդության հաջողության վրա, դրանք նախանշում են մեր հավերժական նպատակներին հասնելու մեր ուղին:
Վերջին Օրերի Սրբերի որոշ ընտանիքներ բաղկացած են մորից, հորից և երեխաներից, բոլորը տանը, մինչդեռ մյուսները կրում են մեկի, մյուսի, հետո էլի որևէ անդամի կորստի ցավը: Երբեմն ընտանիքը բաղկացած է լինում մեկ հոգուց: Ինչպիսին էլ լինի կառուցվածքը, ընտանիքը շարունակվում է, քանի որ ընտանիքները հավերժ են:
Մենք կարող ենք սովորել Գլխավոր Ճարտարապետից` Տիրոջից: Նա մեզ սովորեցրել է, թե ինչպես մենք պետք է կառուցենք: Նա հայտարարել է. «Ամեն . . . տուն որ իր դեմ բաժանված է` չի մնալ» (Մատթեոս ԺԲ.25): Ավելի ուշ Նա զգուշացնում է. «Ահա, իմ տունը կարգուկանոնի տուն է, . . . ոչ թե խառնաշփոթի տուն» (տես ՎևՈւ 132.8):
1832թ. դեկտեմբերի 27-ին Կիրթլենդում, Օհայո, Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված հայտնության մեջ Վարդապետը խորհուրդ է տվել. «Կազմակերպեք ձեզ, պատրաստեք ամեն անհրաժեշտ բան, և հիմնեք տուն, աղոթքի տուն, ծոմի տուն, հավատքի տուն, սովորելու տուն, փառքի տուն, կարգուկանոնի տուն, Աստծո տուն» (տես ՎևՈւ 88.119; նաև 109.8):
Որտեղից մեզանից յուրաքանչյուրը կարող է գտնել ավելի համապատասխան նախագիծ, որի հիման վրա կարող է իմաստուն և պատշաճ ձևով կառուցել: Նման տունը համապատասխանում է շինարարական կանոններին, որոնք տրված են Մաթևոսում, այսինքն տուն, որը կառուցվում է «ժայռի վրա» (Մատթեոս Է.24, 25; տես նաև Ղուկաս Զ.48; 3 Նեփի 14.24, 25), տուն, որը կարող է դիմակայել թշնամու անձրևներին, հակառակորդի ջրհեղեղներին և կասկածանքի քամիներին ամենուրեք մեր փոփոխվող ու դժվար աշխարհում:
Ոմանք կարող են հարցնել, «Բայց այդ հայտնությունը տաճար կառուցելու ուղղություն պետք է տար: Արդյո՞ք դա արդի է այսօր»:
Ես կպատասխանեի. «Արդյո՞ք Պողոս Առաքյալը չի հայտարարել. «Չգիտե՞ք որ դուք Աստծո տաճար եք, և որ Աստծո Հոգին բնակված է ձեզանում» (Ա Կորնթացիս Գ.16):
Թույլ տվեք, որպեսզի Տերը լինի մեր շինարարական ծրագրի Հիմնական Կապալառուն: Այդ դեպքում մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել ենթակապալառու, որը պատասխանատու է ամբողջ ծրագրի կարևոր մի մասի համար: Այսպիսով, մենք բոլորս շինարարներ ենք: Բացի մեր սեփական տները կառուցելը, մենք նաև պատասխանատվություն ուենք օգնելու կառուցել Աստծո Արքայությունը այստեղ` երկրի վրա, հավատարմորեն և արդյունավետ ծառայելով Եկեղեցու մեր կոչումներում: Թույլ տվեք ես ուղենիշներ տամ Աստծուց, դասեր կյանքից, և կետեր, որոնց շուրջ կարելի է խորհել, եթե սկսում ենք կառուցել:
Ծնկի իջեք աղոթելու
«Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտով, և քո հասկացողությանը մի վստահիր: Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նրան, և նա կուղղի քո ճանապարհները» (Առակաց Գ.5–6): Այսպես էր խոսում իմաստուն Սողոմոնը, Դավթի որդին, Իսրայելի թագավորը:
Այս Ամերիկյան մայրցամաքում Հակոբը, Նեփիի եղբայրը, հայտարարել է. «Նայե՛ք առ Աստված մտքի կայունությամբ, և աղոթե՛ք նրան խիստ մեծ հավատքով» (Հակոբ Գ.1):
Այս աստվածային խորհուրդը տրվում է մեզ այսօր, ինչպես բյուրեղյա մաքուր ջուրը չորացած հողին: Մենք ապրում ենք անհանգիստ ժամանակներում:
Միայն մի քանի կարճ սերունդներ առաջ ոչ ոք չէր պատկերացնի այն աշխարհը, որում մենք ապրում ենք այսօր և այն խնդիրները, որ նա ունի: Մենք շրջապատված ենք անբարոյականությամբ, պոռնոգրաֆիայով, բռնությամբ, թմրանյութերով և մի շարք այլ հիվանդություններով, որոնք վարակում են ժամանակակից հասարակությունը: Մերն է խնդիրը, անգամ պատասխանատվությունը, ոչ միայն մեզ «անարատ պահել աշխարհից» (Հակոբոս Ա. 27), այլ նաև ուղղություն տալ մեր երեխաներին և մյուսներին, ում համար պատասխանատու ենք, ապահով անցնելու համար փոթորկոտ մեղքի ծովերով, որ շրջապատում են մեզ բոլորիս, որպեսզի մի օր մենք կարողանանք վերադառնալ ու ապրել մեր Երկնային Հոր հետ:
Մեր սեփական ընտանիքների ուսուցանումը պահանջում է մեր ներկայությունը, մեր ժամանակը, մեր լավագույն ջանքերը: Մեր ուսուցանման մեջ արդյունավետ լինելու համար մենք պետք է կայուն օրինակ լինենք մեր ընտանիքի անդամների համար և միշտ առկա լինենք ամեն անդամի հետ առանձին ժամանակ անցկացնելու, ինչպես նաև խորհուրդ և ուղղություն տալու համար:
Մենք հաճախ մեզ շատ ծանրաբեռնված ենք զգում մեր առջև դրված խնդիրներով: Ինչևէ, օգնությունը միշտ մատչելի է: Նա, ով ճանաչում է Իր զավակներից յուրաքանչյուրին, կպատասխանի մեր եռանդուն և սրտառուչ աղոթքին, եթե մենք օգնություն փնտրենք նրանց առաջնորդելու համար: Նման աղոթքը կլուծի ավելի շատ խնդիրներ, կթեթևացնի ավելի շատ տառապանք, կկանխի ավելի շատ մեղսագործություն, և մարդկային հոգուն ավելի մեծ խաղաղություն և գոհություն կբերի, քան որևէ այլ եղանակով:
Բացի մեր սեփական ընտանիքների համար նման առաջնորդության կարիքի, մենք կանչվել ենք այնպիսի աշխատանքների, որտեղ պատասխանատվություն ենք կրում ուրիշների համար: Որպես եպիսկոպոս կամ խորհրդական, որպես քահանայության քվորումի կամ օժանդակ կազմակերպության ղեկավար դուք հնարավորություն ունեք փոխել ուրիշների կյանքը: Կլինեն այնպիսինները, որոնց ընտանիքի ոչ բոլոր անդամներն են Եկեղեցու անդամ կամ որոնց ընտանիքները քիչ ակտիվ են, ոմանք շրջվել են իրենց ծնողների կողմից, անտեսելով նրանց աղերսանքները և խորհուրդը: Մենք կարող ենք լինել գործիք Տիրոջ ձեռքում փոխելու նման իրավիճակում հայտնվածի կյանքը: Առանց մեր Երկնային Հոր առաջնորդության մենք չենք կարող անել այն ամենը, ինչին կանչվել ենք: Նման օգնություն գալիս է աղոթքի միջոցով:
Ամերիկյան մի հայտնի դատավորի հարցրել են, թե ինչ կարող ենք մենք անել որպես աշխարհի երկրների քաղաքացիներ, որպեսզի պակասեցնենք հանցագործությունը և անհնազանդությունը օրենքին, և խաղաղություն ու հանգստություն բերենք մեր և մեր ազգերի կյանք: Մտածելուց հետո նա պատասխանեց. «Ես կառաջարկեի վերադառնալ ընտանեկան աղոթքի հին ավանդույթին»:
Որպես ժողովուրդ, երախտապա՞րտ չենք մենք, որ մեզ համար ընտանեկան աղոթքը հնացած սովորություն չէ: Իրական իմաստ կա հաճախակի մեջբերվող այս արտահայտության մեջ. «Միասին աղոթող ընտանիքը միասին է մնում»:
Տերն Ինքն է պատվիրել մեզ ընտանեկան աղոթք անել, երբ ասել է. «Աղոթեք Հորը ձեր ընտանիքներում, միշտ իմ անունով, որպեսզի ձեր կանայք և ձեր զավակները կարողանան օրհնվել» (3 Նեփի 18.21):
Որպես ծնողներ, ուսուցիչներ և ղեկավարներ ցանկացած ոլորտում, մենք չենք կարող փորձել անցնել այս վտանգավոր ճանապարհորդությունը մահկանացու կյանքի միջով առանց երկնային աջակցության, որը մեզ կօգնի առաջնորդել նրանց, ովքեր մեր պատասխանատվության տակ են:
Երբ մենք Աստծուն ենք ուղղում մեր ընտանեկան աղոթքները և մեր անձնական աղոթքները, եկեք դա անենք Նրա հանդեպ հավատքով և վստահությամբ: Ծնկի իջեք աղոթելու:
Քայլ արեք ծառայելու
Մեր օրինակի համար մենք դիմում ենք Տիրոջ կյանքին: Որպես բարու պայծառ լույս կանգնած է Հիսուսի կյանքը, երբ Նա ծառայում էր մարդկանց մեջ: Նա ուժ էր տալիս կաղերի ոտքերին, տեսողություն կույրերին, լսողություն խուլերին և կյանք մահացածներին:
Նրա առակները զորություն են քարոզում: Բարի Սամարացու օրինակի վրա Նա սովորեցնում էր. «Սիրիր մերձավորիդ» (տե’ս Ղուկաս Ժ.30–35): Անբարոյալան կնոջ հանդեպ իր բարությամբ Նա կարեկցող հասկացողություն էր սովորեցնում (տե’ս Հովհաննես Ը.3–11): Տաղանդների մասին Իր առակով Նա մեզ սովորեցնում էր դառնալ ավելի լավը և ձգտել դեպի կատարյալը (տե’ս Մաթևոս ԻԵ.14–30): Նա չէր կարող ավելի լավ մեզ պատրաստել հավերժական ընտանիք կառուցելու մեր դերին:
Մեզանից յուրաքանչյուրը, լինի քահանայության ղեկավար, թե օժանդակ կազմակերպության պաշտոնյա, պատասխանատվություն է կրում իր սուրբ կոչման համար: Մենք կարգվել ենք այն աշխատանքի համար, որին կանչվել ենք: Վարդապետություն և Ուխտեր 107.99-ում Տերն ասել է. «Այսպիսով, թող ամեն մարդ իմանա իր պարտականությունը և գործի իր պաշտոնում, որին նշանակվել է, ողջ ջանասիորւթյամբ»: Եթե օգնենք օրհնել և ամրացնել նրանց, ում համար պատասխանատու ենք մեր Եկեղեցու կոչումներում, մենք, արդյունքում, կօրհնենք և կամրացնենք նրանց ընտանիքները: Այսպիսով, մեր ընտանիքներում և մեր Եկեղեցու կոչումներում մեր կատարած ծառայությունը հավերժական հետևանքներ կունենա:
Շատ տարիներ առաջ, լինելով Սոլթ Լեյք Սիթիի կենտրոնում հազարից ավել անդամներով մի մեծ և բազմազան ծխի եպիսկոպոս, ես տարբեր խնդիրների հանդիպեցի:
Մի կիրակի ցերեկը ինձ զանգահարեց մեր ծխի սահմաններում գտնվող դեղատան սեփականատերը: Նա ասաց, որ առավոտյան մի պատանի տղա մտավ իր խանութ և պաղպաղակ գնեց: Նա վճարեց, հանելով դրամը ծրարի միջից, ապա, հեռացավ, մոռանալով ծրարը: Երբ խանութի տերը ուսումնասիրեց ծրարը, տեսավ, որ այն ծոմի նվիրատվությունների ծրարն է, որի վրա տպված էր մեր ծխի անվանումն ու հեռախոսի համարը: Երբ նա նկարագրեց խանութ եկած տղային, ես անմիջապես ճանաչեցի նրան` մեր ծխից երիտասարդ սարկավագը, որը եկել էր ոչ ակտիվ ընտանիքից:
Իմ առաջին զգացմունքը ցնցում ու հիասթափություն էր, մտածելով, որ մեր սարկավագները կարող են վերցնել ծոմի նվիրատվություններից, որոնք նախատեսված են կարիքավորների համար, և կիրակի օրը գնալ խանութ և այդ գումարով հաճելի բան գնել: Ես որոշեցի այցելել տղային այդ երեկո, որպեսզի նրան ուսուցանեի Եկեղեցու սուրբ ֆոնդերի մասին և որպես սարկավագ այդ ֆոնդերը հավաքելու և պաշտպանելու նրա պարտականության մասին:
Երբ ես մեքենայով գնում էի նրանց տուն, մտքում աղոթք ասեցի ուղղություն ստանալու համար, որպեսզի շտկեմ իրավիճակը: Ես հասա և թակեցի դուռը: Այն բացեց տղայի մայրը և ինձ հրավիրեցին հյուրասենյակ: Թեև սենյակը թույլ էր լուսավորված, ես տեսա, թե որքան փոքր և աղքատիկ էր այն: Կահույքի մի քանի կտոր մաշված էր: Մայրն ինքը ուժասպառ էր երևում:
Առավոտյան նրա որդու արարքներից իմ բարկությունը անհետացավ, երբ ես հասկացա, որ այստեղ իսկապես կարիքի մեջ գտնվող ընտանիք կար: Ես զգացի, որ պետք է հարցնեմ մորը, թե արդյոք նրանք ուտելիք ունեն տանը: Նա վախենալով խոստովանեց, որ չկա: Նա ինձ ասաց, որ իր ամուսինը որոշ ժամանակ է չի աշխատում և որ իրենք ծայրահեղ կարիքի մեջ են, չունենալով ոչ միայն ուտելիք, այլև դրամ տան վարձը վճարելու համար, որպեսզի չվտարվեն այդ փոքրիկ տնից:
Ես երբեք չբարձրացրեցի ծոմի նվիրատվությունների հարցը, քանի որ հասկացա, որ տղան երևի թե չափազանց քաղցած էր, երբ մտավ դեղատուն: Փոխարենը ես անմիջապես պայմանավորվեցի ընտանիքին օգնություն տրամադրելու համար, որպեսզի նրանք ուտելիք ունենային և տանիք գլխավերևում: Բացի դա ծխի քահանայության ղեկավարների օգնությամբ մենք աշխատանք գտանք ամուսնու համար, որպեսզի նա ապագայում կարողանար ապահովել իր ընտանիքը:
Որպես քահանայության և օժանդակ կազմակերպությունների ղեկավարներ, մենք իրավունք ունենք ստանալու Տիրոջ օգնությունը մեր կոչումները փառավորելու և մեր պարտականությունները կատարելու համար: Փնտրեք Նրա օգնությունը և երբ ոգեշնչում եք ստանում, հետևեք դրան, որ իմանաք, ուր գնաք, ում տեսնեք, ինչ ասեք և ինչպես ասեք: Մենք կարող ենք անվերջ մտածել, սակայն մինչև չգործենք ըստ մեր մտածածի, չենք օրհնի մարդկանց կյանքերը:
Թող որ մենք լինենք հավատարիմ հովիվիները նրանց, ում համար պատասխանատվություն ենք կրում: Ջոն Միլթոնը գրել է իր «Լիսիդա» պոեմի մեջ. «Սոված գառները նայում են վերև և չեն կշտանում» (տող 125): Տերն Ինքն ասաց Եզեկիել մարգարեին. «Վա՜յ Իսրայելի հովիվներին, որոնք . . . հոտը չեն արածեցնում» (Եզեկիել ԼԴ.2–3):
Մերն է պատասխանատվությունը հոգ տանել հոտի համար, իսկ այդ թանկարժեք ոչխարները, այդ մատղաշ գառները գտնվում են ամենուրեք. կան մեր ընտանիքներում, մեր բարեկամների տներում, և սպասում են մեզ Եկեղեցու մեր կոչումներում: Հիսուսն է մեր Օրինակը: Նա ասել է. «Ես եմ բարի հովիվը, և ես ճանաչում եմ իմ ոչխարներին» (Հովհաննես Ժ.14): Մենք ունենք հովվի պարտականություն: Թող որ մեզանից յուրաքանչյուրը քայլ անի ծառայելու:
Շտապեք փրկելու
Կյանքի ճանապարհորդության ընթացքում լինում են զոհեր: Ոմանք հեռանում են դեպի հավերժական կյանք տանող ճանապարհների ցուցանակներից, հայտնաբերելով միայն, որ այդ շրջանցը ի վերջո տանում է դեպի փակուղի: Անտարբերությունը, անհոգությունը, եսասիրությունը և մեղքը, բոլորը իրենց վնասակար ազդեցությունն են թողնում մարդկային կյանքի վրա: Կան մարդիկ, որոնք անհասկանալի պատճառներով քայլում են մեկ այլ թմբուկի հնչյունների տակ, ավելի ուշ հասկանալով, որ հետևել են վշտի ու տառապանքի Փյեդ Փայփերին:
1995թ. Առաջին Նախագահությունը գրել է նրանց, ովքեր դուրս են մնացել Քրիստոսի հոտից և հատուկ ուղերձ են գրել, վերնագրելով այն «Հետ գալու հրավեր»: Ուղերձը հետևյալ բովանդակությունն ունի.
Նրանց, ովքեր ինչ-որ պատճառով դուրս են մնացել Եկեղեցու գրկից, մենք ասում եք. վերադարձեք: Մենք ձեզ հրավիրում ենք վերադառնալ և ճաշակել այն երջանկությունը, որն ունեցել եք մի ժամանակ: Դուք կգտնեք շատերին բաց ձեռքերով, որոնք կողջունեն, կաջակցեն և կմխիթարեն ձեզ:
Եկեղեցին ձեր ուժի, սիրո, հավատարմության և նվիրման կարիքն ունի: Ուղին անփոփոխ ու որոշակի է, որով մարդը կարող է վերադառնալ Եկեղեցու անդամության լիարժեք օրհնություններին, և մենք պատրաստ ենք ընդունել բոլորին, ովքեր ցանկանում են գալ:
Մի գուցե հաճախ կրկնվող մի տեսարան ավելի կմոտեցնի տանը` օգնության հասնելու ձեր հնարավորությունը: Եկեք նայենք մի ընտանիքի, որտեղ Ջեկ անունով որդի կա: Պատանի տարիներին Ջեկը և նրա հայրը շատ լուրջ վիճաբանություններ էին ունենում: Մի օր, երբ նա 17 տարեկան էր, հատկապես ուժեղ վիճեցին: Ջեկն ասաց հորը. «Սա բաժակի վեջին կաթիլն էր: Ես գնում եմ տնից և երբեք չեմ վերադառնա»: Նա գնաց իր սենյակ և հավաքեց իրերը: Մայրը աղաչում էր, որ նա մնար, սակայն նա շատ էր զայրացած և չէր լսում: Նա թողեց մորը դռների մեջ լացելիս:
Հեռանալով բակից նա արդեն դուրս էր գալիս դարպասից, երբ լսեց, թե ինչպես է հայրը կանչում իրեն. Ջեկ, ես գիտեմ, որ քո գնալու մեղքի մեծ մասը ինձ վրա է: Դրա համար ես իսկապես ցավում եմ: Ես ուզում եմ, որ դու իմանաս, որ եթե երբևէ կցանկանաս վերադառնալ տուն, քեզ միշտ գրկաբաց կընդունեն: Ես կաշխատեմ ավելի լավ հայր լինել քեզ համար: Ես ուզում եմ, որ դու իմանաս, որ ես սիրում եմ քեզ և միշտ կսիրեմ»:
Ջեկը ոչինիչ չասաց, գնաց ավտոկայան և տոմս գնեց մի հեռավոր վայր գնալու: Երբ ավտոբուսի մեջ նստած հետևում էր, թե ինչպես էին անցնում մղոնները, մտքերը վերադարձան հոր խոսքերին: Նա սկսեց հասկանալ, թե որքան քաջություն, որքան սեր էր հարկավոր իր հորը ասելու համար այն, ինչ նա ասաց: Հայրը ներողություն խնդրեց: Նա նրան հետ հրավիրեց և թողեց խոսքերը ամառային օդի մեջ կախված. «Ես սիրում եմ քեզ»:
Ջեկը գիտեր, որ հաջորդ քայլն իրենն է: Նա հասկանում էր, որ իր համար խաղաղություն գտնելու միակ ճանապարհն այն էր, որ դրսևորեր իր հոր հանդեպ նույն հասունությունը, բարությունը և սերը: Ջեկն իջավ ավտոբուսից: Նա ետդարձի տոմս գնեց և ուղևորվեց տուն:
Նա հասավ կեսգիշերից մի փոքր անց, մտավ տուն և վառեց լույսը: Այնտեղ ճոճաթոռի մեջ գլուխը կախ նստած էր նրա հայրը: Երբ նա նայեց վեր և տեսավ Ջեկին, վեր կացավ աթոռից, և նրանք գրկախառնվեցին: Ջեկը հետագայում ասում էր. «Տանը անցկացրած այդ վերջին տարիները իմ կյանքի ամենաերջանիկ տարիներն էին»:
Ահա մի հայր, որը զսպելով զգացմունքները և սանձահարելով հպարտությունը, շտապեց փրկել իր որդուն, մինչև որ նա կդառնար այդ «կորած զինախմբի» անդամներից մեկը, որը բաժանված ընտանիքների և փշրված տների արդյունք է: Սերը վիրակապ էր, բուժող նյութ, սեր, որն այդքան հաճախ զգում ես, այդքան հազվադեպ արտահայտում:
Սինայ լեռից մեր ականջներին է հասնում բարձր ձայնը. «Պատվիր քո հորը և քո մորը» (Ելից Ի.12), և ավելի ուշ այդ նույն Աստվածն ասել է. «Ապրեք միասին սիրո մեջ» (տես ՎևՈւ 42.45):
Հետևել Տիրոջ նախագծին
Ծնկի իջեք աղոթելու: Քայլ արեք ծառայելու: Շտապեք փրկելու: Յուրաքանչյուրը կարևոր էջ է Աստծո նախագծի մեջ, որպեսզի շենքը դարձնի տուն, իսկ տունը երկինք:
Հավասարակշռությունը բանալի է մեզ համար մեր տներում և Եկեղեցու մեր կոչումներում մեր սուրբ և լուրջ պարտականությունները կատարելիս: Մենք պետք է օգտագործենք իմաստություն, ոգեշնչում և սառը դատողություն, երբ հոգ ենք տանում մեր ընտանիքների համար և կատարում Եկեղեցու մեր կոչումները, քանի որ երկուսն էլ շատ կարևոր են: Մենք չենք կարող անտեսել մեր ընտանիքները, մենք չպետք է անտեսենք Եկեղեցու մեր կոչումները:
Եկեք կառուցենք ունակ ձևով, չկատարենք շրջանցներ և հետևենք Նրա նախագծին: Այդ ժամանակ Տերը, շինարարության մեր ղեկավարը, կարող է ասել մեզ, ինչպես ասաց, երբ հայտնվեց Սողոմոնին, այն օրերի շինարարին. «Սրբացրեցի այս տունը որ դու շինեցիր իմ անունը հավիտյան այնտեղ դնելու համար, և իմ աչքերն ու իմ սիրտը այնտեղ պիտի լինեն ամեն ժամանակ» (Գ Թագավորաց Թ.3): Այդ ժամանակ մենք երկնային տներ և հավերժական ընտանիքներ կունենանք, և կկարողանանք օգնել, ամրացնել և օրհնել նաև ուրիշ ընտանիքներին:
Ես առավել խոնարհ և անկեղծ աղոթում եմ, որպեսզի այս օրհնությունը հասնի մեզանից յուրաքանչյուրին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:
ՀՂՈւՄ
1. Liahona, Dec. 1999, 1.