Ձեռնարկներ և կոչումներ
4. Ղեկավարումը և խորհուրդները Հիսուս Քրիստոսի Եկեղեցում


«4. Ղեկավարումը և խորհուրդները Հիսուս Քրիստոսի Եկեղեցում», Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում (2021)։

«4. Ղեկավարումը և խորհուրդները Հիսուս Քրիստոսի Եկեղեցում», Ընդհանուր ձեռնարկ։

Նկար
ծխի խորհրդի ժողով

4.

Ղեկավարումը և խորհուրդները Հիսուս Քրիստոսի Եկեղեցում

4.0

Նախաբան

Որպես Եկեղեցու ղեկավար՝ ոգեշնչման միջոցով դուք կանչվել եք Փրկիչի լիազորված ծառաների կողմից։ Դուք արտոնություն ունեք աջակցել Երկնային Հորը՝ «իրականացն[ելու] մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1․39)։ Դուք դա անում եք, երբ խրախուսում եք անդամներին մասնակցել փրկության և վեհացման աշխատանքին՝ իրենց, իրենց ընտանիքի և այլոց համար (տես գլուխ 1)։ Դուք ուրախություն կզգաք, երբ ծառայեք Աստծո զավակներին:

Հետևելով Հիսուս Քրիստոսի օրինակին՝ հաճախ դուք ուրիշներին կծառայեք մեկ առ մեկ: Դուք նաև հնարավորություն կունենաք ղեկավարելու Եկեղեցու ժողովներում և միջոցառումներում: Բացի այդ, դուք կարող եք կարևոր ծառայություն մատուցել խորհուրդների միջոցով: Դրանք կարող են լինել նախագահության ժողովներ, ծխի խորհրդի ժողովներ և այլն: 4.3 և 4.4 բաժինները ուղեցույցներ են հանդիսանում արդյունավետ խորհուրդների համար: Հատուկ խորհուրդների ժողովների մանրամասները ներկայացված են 29-րդ գլխում:

Ձեր նվիրված ծառայությունը պահանջում է ժամանակի զոհաբերություն, բայց անուշադրության մի մատնեք ձեր և ձեր ընտանիքի կարիքները: Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որը կօգնի հավասարակշռություն պահել և կատարել ձեր պարտականությունները (տես Մոսիա 4․27

4.1

Ղեկավարման նպատակը Եկեղեցում

Ղեկավարները խրախուսում են անդամներին մասնակցել Աստծո աշխատանքին՝ դառնալով «Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդները» (Մորոնի 7․48)։ Դա անելու համար, ղեկավարները նախ աշխատում են լինել Փրկիչի հավատարիմ աշակերտները՝ հետևելով Նրա ուսմունքներին և օրինակին (տես Ղուկաս 18․22)։ Այնուհետև նրանք կարող են օգնել ուրիշներին մոտենալ Երկնային Հորը, Հիսուս Քրիստոսին և Սուրբ Հոգուն։ Ուրիշներին օգնելու գործընթացում նրանք դառնում են ավելի լավ աշակերտներ (տես Մոսիա 18․26, Վարդապետություն և Ուխտեր 31․5

Հավատարիմ աշակերտ լինելով՝ օգնել ուրիշներին դառնալ հավատարիմ աշակերտներ․ այս նախատիպը Եկեղեցում յուրաքանչյուր կոչման նպատակն է: Յուրաքանչյուր կոչում ներառում է ուրիշներին ծառայելու, առաջնորդելու և զորացնելու հնարավորություններ:

4.2

Ղեկավարման սկզբունքները Եկեղեցում

Իր երկրային ծառայության ժամանակ Փրկիչը ղեկավարի օրինակ ծառայեց Իր Եկեղեցու համար։ Նրա հիմնական նպատակը Երկնային Հոր կամքը կատարելն էր և օգնելն էր, որ մյուսները հասկանան և ապրեն ըստ Իր ավետարանի (տես Հովհաննես 5․30, Մոսիա 15․7)։ Նա սիրում էր նրանց, ում Նա առաջնորդում էր, և ցույց էր տալիս այդ սերը՝ ծառայելով նրանց (տես Հովհաննես 13․3–5

Փրկիչը մեծացրեց ուրիշների ունակությունը՝ տալով նրանց պատասխանատվություն և աճելու հնարավորություններ (տես Մատթեոս 10․5–8, Հովհաննես 14․12)։ Նա խրախուսեց և ուղղեց պարզությամբ և սիրով (տես Հովհաննես 21․15–17

Տերն ասել է․ «Ուստի, այժմ թող ամեն տղամարդ սովորի իր պարտականությունը և ողջ ջանասիրությամբ գործի այն պաշտոնում, որում նշանակված է» (Վարդապետություն և Ուխտեր 107․99)։ Այս խոսքերը վերաբերում են բոլոր նրանց, ովքեր պատասխանատվություն են ստանում ծառայել և ղեկավարել Փրկիչի Եկեղեցում:

Փնտրեք Տիրոջ առաջնորդությունը, որը կօգնի ձեզ սովորել և կատարել ձեր կոչման պարտականությունները: Երբ ուսումնասիրում եք սուրբ գրությունները, փնտրեք ղեկավարման սկզբունքները, որոնք Փրկիչը ցույց է տվել և ուսուցանել: Այս գլխի սկզբունքները կիրառելով՝ դուք ավելի արդյունավետ կղեկավարեք Փրկիչի Եկեղեցում:

4.2.1

Պատրաստվեք հոգևորապես

Հիսուսը հոգևորապես պատրաստվեց Իր երկրային առաքելության համար (տես Ղուկաս 4.1–2): Դուք նույնպես պատրաստվում եք հոգևորապես, երբ մոտենում եք Երկնային Հորը՝ աղոթքի, սուրբ գրությունների ուսումնասիրության և Նրա պատվիրաններին հնազանդվելու միջոցով: Հետևելով Նրա մարգարեներին՝ դուք նույնպես պատրաստվում եք հոգևորապես (տես Վարդապետություն և Ուխտեր 21․4–6

Փնտրեք հայտնություն, որպեսզի հասկանաք նրանց կարիքները, ում ղեկավարում եք, և թե ինչպես կատարել այն աշխատանքը, որին Աստված կանչել է ձեզ: Տիրոջն ավելի մոտենալու ձեր ջանքերի շնորհիվ դուք կարող եք առաջնորդություն ստանալ ձեր անձնական կյանքում, ընտանեկան պարտականություններում և Եկեղեցու կոչումներում:

Տերը նաև խոստացել է հոգևոր պարգևներ շնորհել նրանց, ովքեր փնտրում են դրանք (տես Վարդապետություն և Ուխտեր 46․8)։ Երբ դուք Երկնային Հորից խոնարհաբար խնդրեք այս պարգևները, Նա կմեծացնի այն մարդկանց ղեկավարելու և հոգեպես բարձրացնելու ձեր ունակությունը, ում դուք ծառայում եք։

4.2.2

Սպասավորեք Աստծո բոլոր զավակներին

Հիսուսն անձամբ սպասավորեց մարդկանց՝ ձգտելով հոգեպես բարձրացնել և ուսուցանել նրանց, ովքեր իրենց միայնակ, անհույս կամ մոլորված էին զգում: Իր խոսքերով և գործողություններով Նա մարդկանց ցույց տվեց, որ սիրում է նրանց: Նա ընդունեց յուրաքանչյուր մարդու աստվածային էությունն ու հավերժական արժեքը:

Սիրեք այն մարդկանց, ում ծառայում եք, ինչպես Հիսուսն արեց։ Աղոթեք «սրտի ողջ կորովով», որ լցվեք Նրա սիրով (Մորոնի 7․48)։ Հաստատեք անկեղծ ընկերություն։ Օգնության հասեք նրանց, ովքեր միայնակ են կամ սփոփանքի կարիք ունեն: Ձեր սերը կօրհնի նրանց կյանքը և կօգնի այն մարդկանց, ովքեր ցանկանում են գալ Քրիստոսի մոտ:

Օգնեք անհատներին ամրապնդել իրենց դարձը և ամրապնդել իրենց հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Օգնեք, որ նրանք պատրաստվեն ուխտեր կապել իրենց հաջորդ արարողության ժամանակ: Խրախուսեք նրանց պահել իրենց կապած ուխտերը և ճաշակել ապաշխարության օրհնությունները: Օգնեք նրանց իմանալ, որ անկախ իրենց առջև ծառացած մարտահրավերներից, իրենք կարող են առաջ ընթանալ՝ իրականացնելով իրենց աստվածային ներուժը:

4.2.3

Ուսուցանեք Հիսուս Քրիստոսի Ավետարանը

Բոլոր ղեկավարներն ուսուցիչներ են։ Ձգտեք հետևել ուսուցիչ լինելու Փրկիչի օրինակին (տես գլուխ 17, Ուսուցանել Փրկչի ձևով)։ Ձեր խոսքերի և գործողությունների միջոցով ուսուցանեք Հիսուս Քրիստոսի վարդապետությունը և Նրա ավետարանի սկզբունքները (տես 3 Նեփի 11․32–33, Վարդապետություն և Ուխտեր 42․12–14)։ Արդյունավետ ուսուցումը ոգեշնչում է մարդկանց ամրացնել իրենց հարաբերությունները Աստծո հետ և ապրել ըստ ավետարանի՝ առաջ ընթանալով դեպի հավերժական կյանք:

Փրկչի ձևով ուսուցանելն ավելին է, քան խոսելը. ուսուցանելը՝ լսել և հարցեր տալն է, ինչպես Նա արեց դա (տես Մատթեոս 16.13–17):

Արդյունավետ ուսուցիչները նաև ջանասեր սովորողներ են: Աստծո խոսքի ուսումնասիրությունը ձեր կյանքում առաջնահերթություն դարձրեք: Հասկացեք, որ ուսուցումը շարունակվում է ողջ կյանքի ընթացքում: Ձգտեք սովորել ուրիշներից, ներառյալ նրանցից, ում ուսուցանում եք: (Տես Վարդապետություն և Ուխտեր 88․122։)

Ուսուցանեք սուրբ գրություններից և վերջին օրերի մարգարեների խոսքերից (տես Վարդապետություն և Ուխտեր 52․9)։ Հիշեք, որ «խոսքի քարոզելն ավելի զորավոր ազդեցություն [ունի] մարդկանց մտքերի վրա, քան … որևէ այլ բան» (Ալմա 31.5):

Ձգտեք ձեռք բերել Հոգու ազդեցությունը, երբ պատրաստվում եք ուսուցանել։ Սուրբ Հոգին ճշմարտությունը հասցնում է այն մարդկանց սրտին և մտքին, ում դուք ուսուցանում եք (տես 2 Նեփի 33․1

Ուսուցանեք անդամներին իրենց նվիրել ավետարանն աղոթքով ուսումնասիրելուն՝ ինչպես անհատապես, այնպես էլ իրենց ընտանիքների հետ:

Եթե դուք կանչված եք կամ նշանակված եք նախագահելու Եկեղեցու ժողովի կամ միջոցառման ժամանակ, համոզվեք, որ ուսուցումը վեհացնող է և վարդապետական առումով ճիշտ (տես Վարդապետություն և Ուխտեր 50.21–23):

4.2.4

Նախագահեք արդարությամբ

Տերը հայտնել է, որ «անհրաժեշտությունից ելնելով՝ նախագահներ կամ նախագահող պաշտոնյաներ կան» Իր Եկեղեցում (Վարդապետություն և Ուխտեր 107․21)։ Նրանք, ովքեր կրում են քահանայության բանալիները, նախագահում են իրենց պատասխանատվության ոլորտներում, օրինակ՝ քվորումում կամ ծխում:

Եկեղեցու մյուս կազմակերպությունները, ներառյալ Սփոփող միությունը, Երիտասարդ կանայք, Երեխաների միությունը և Կիրակնօրյա դպրոցը, նույնպես ղեկավարվում են նախագահող պաշտոնյայի կողմից: Այս ղեկավարները կանչվում են, ձեռնադրվում են և պատվիրակված իշխանություն են ստանում մեկից, ով կրում է քահանայության բանալիները կամ մեկից, ում նա լիազորել է (տես 3.4.3):

Յուրաքանչյուր նախագահող պաշտոնյա ծառայում է քահանայության բանալիներ կրող անձի ղեկավարության ներքո (տես 3.4.1)։ Այս կառուցվածքը ապահովում է կարգ և հստակեցնում է պատասխանատվության և հաշվետվողականության սահմանները՝ Տիրոջ աշխատանքը կատարելիս:

Նախագահող պաշտոնյան կարող է մեկ այլ անձի նախագահելու ժամանակավոր հանձնարարություն պատվիրակել: Օրինակ, եթե Սփոփող միության նախագահը բացակայի Սփոփող միության կիրակնօրյա ժողովից, նա իր առաջին խորհրդականին կհանձնարարի նախագահել ժողովի ժամանակ: Եթե առաջին խորհրդականը նույնպես բացակայի, նախագահը նախագահելու հանձնարարություն կտա իր երկրորդ խորհրդականին:

Ղեկավարը, ով նախագահում է Եկեղեցու կազմակերպությունում, ժողովի կամ միջոցառման ժամանակ, պիտի համոզվի, որ Տիրոջ նպատակները իրագործվում են: Դա անելիս ղեկավարը հետևում է ավետարանի սկզբունքներին, Եկեղեցու քաղաքականությանը և Սուրբ Հոգու ցուցումներին:

Նրանք, ովքեր նախագահում են, հետևում են Հիսուս Քրիստոսի օրինակին՝ ծառայելով մեղմությամբ, հեզությամբ և անկեղծ սիրով (տես Հովհաննես 13․13-15)։ Նախագահելու կոչումը կամ հանձնարարությունը այդ մարդուն մյուսներից ավելի կարևոր կամ գնահատված չի դարձնում (տես Վարդապետություն 84․109–10

Եթե ձեզ կանչել կամ հանձնարարել են նախագահել, հետևեք Փրկիչի այն ուսմունքին, որ «ձեզանից ով որ կամենայ առաջին լինել, թող ձեզ ծառայ լինի» (Մատթեոս 20․27, տես 26–28 հատվածները)։ Խորհրդակցեք ուրիշների հետ և միասնություն փնտրեք Տիրոջ կամքը հասկանալու և Նրա աշխատանքը կատարելու հարցում (տես Վարդապետություն և Ուխտեր 41.2, տես նաև այս ձեռնարկի 4.4-ը):

Խելամիտ չէ ձգտել նախագահելու Տիրոջ Եկեղեցու որևէ կազմակերպությունում (տես Վարդապետություն և Ուխտեր 121․37)։ Այլ՝ խոնարհաբար և հավատարմորեն ծառայեք այն պաշտոնում, որտեղ կանչված եք: Ձգտեք Տիրոջ աշխատանքը կատարել Նրա փառքին ուղղված աչքով (տես Վարդապետություն և Ուխտեր 4․5)։ Վստահեք, որ Տերը ձեզ հնարավորություն կտա` աճելու և օրհնելու Երկնային Հոր զավակներին:

Նկար
ծխի ժողով

4.2.5

Պատվիրակեք պատասխանատվությունը և ապահովեք հաշվետվողականությունը

Փրկիչն Իր աշակերտներին կարևոր հանձնարարություններ և պարտականություններ տվեց (տես Ղուկաս 10․1): Նա նաև հնարավորություն տվեց, որ նրանք հաշվետու լինեն իրենց տրված աշխատանքի համար (տես Ղուկաս 9.10):

Որպես ղեկավար՝ դուք կարող եք օգնել ուրիշներին աճել՝ նրանց հանձնարարություններ պատվիրակելով: Այս կերպ դուք նաև կօգնեք նրանց ստանալ ծառայությունից բխող այն օրհնությունները: Ձգտեք բոլոր անդամներին ընդգրկել Աստծո աշխատանքը կատարելու մեջ:

Պատվիրակելով, դուք նաև ձեր ծառայությունն ավելի արդյունավետ կդարձնեք։ Եթե փորձեք շատ գործ անել, դուք «անպատճառ կմաշուիք» (Ելից 18․18)։ Փնտրեք Հոգու առաջնորդությունն այն մասին, թե ինչ պատվիրակեք, որպեսզի կարողանաք կենտրոնանալ ձեր կարևոր առաջնահերթությունների վրա:

Պատվիրակելն ավելին է, քան հանձնարարություն տալը: Այն նաև ներառում է՝ ուսուցանել ու վստահել մեկ ուրիշին, որ նա կատարի այդ հանձնարարությունը: Այն սովորաբար ներառում է հետևյալ տարրերը.

  • Հանդիպեք տվյալ անձի հետ, որպեսզի հրավիրեք նրան հանձնարարությամբ ծառայել Տիրոջը: Օգնեք այդ մարդուն հասկանալ այդ հանձնարարությունը և դրա նպատակները, ներառյալ այն, թե ինչպես իր ծառայությունը կօրհնի ուրիշներին:

  • Միասին խորհրդակցեք հանձնարարության մասին, թե ուրիշ ով կարող է ներգրավվել, և երբ այն պետք է ավարտվի: Համոզվեք, որ անձը հասկանում և պատրաստակամորեն է ընդունում հանձնարարությունը: Վստահություն հայտնեք նրա ունակությունների նկատմամբ:

  • Խրախուսեք, որ այդ անձը ոգեշնչում փնտրի այն մասին, թե ինչպես կատարի այդ հանձնարարությունը: Վստահություն հայտնեք և օգնեք այդ մարդուն հաջողության հասնել: Անհրաժեշտության դեպքում ցուցումներ տվեք և աջակցություն ցուցաբերեք:

  • Պարբերաբար խնդրեք, որ այդ անձը հաշվետվություն ներկայացնի հանձնարարության մասին: Ընդունեք անձի լավագույն ջանքերը և շնորհակալություն հայտնեք կատարած գործերի համար:

4.2.6

Պատրաստեք ուրիշներին լինել ղեկավարներ և ուսուցիչներ

Փրկիչը նախապատրաստեց Իր առաքյալներին դառնալ Իր Եկեղեցու ղեկավարներ: Դուք նույնպես նախապատրաստում եք ուրիշներին լինել ղեկավարներ և ուսուցիչներ։ Տիրոջ աշխատանքը կենտրոնանում է մարդկանց օգնելու վրա, ոչ թե պարզապես Եկեղեցու ծրագրերը կառավարելու վրա: Այս ծրագրերն ինքնանպատակ չեն։ Նրանք ստեղծվել են, որպեսզի օգնեն մարդկանց աճել:

Աղոթե՛ք, երբ մտածում եք, թե ով կարող է ծառայել Եկեղեցու կոչումներում կամ հանձնարարություններում: Հիշեք, որ Տերը կորակավորի նրանց, ում Նա կկանչի: Ամենակարևորն այն է, որ նրանք պատրաստ լինեն ծառայել, խոնարհաբար փնտրեն Տիրոջ օգնությունը և ձգտեն արժանի լինել: Կոչումներն ու հանձնարարությունները կօգնեն նրանց աճել՝ հնարավորություն ընձեռելով գործադրել իրենց հավատը, ջանասիրաբար աշխատել և զգալ, թե ինչպես է Աստված մեծացնում իրենց ջանքերը: Առաջնորդեք և աջակցեք երիտասարդներին, նոր անդամներին և մյուսներին, ովքեր կարող են լրացուցիչ աջակցության կարիք ունենալ իրենց կոչումները կատարելիս:

Երբեմն նույն մարդիկ բազմիցս կանչվում են ղեկավար պաշտոնների: Դա կարող է ծանրաբեռնել նրանց և նրանց ընտանիքները և ծառայելու հնարավորությունները խլել ուրիշներից: Ձգտեք բոլոր անդամներին ծառայելու և աճելու հնարավորություններ տալ:

Եկեղեցու կոչումների մասին լրացուցիչ տեղեկությունների համար, տես գլուխ 30։

4.2.7

Ծրագրեք ժողովներ, դասեր և միջոցառումներ՝ ունենալով հստակ նպատակներ

Հստակ նպատակներ ունեցող ժողովներ, դասեր և միջոցառումներ ծրագրելիս փնտրեք Հոգու առաջնորդությունը: Այս նպատակները պետք է ամրապնդեն անհատներին և ընտանիքներին, մոտեցնեն նրանց Քրիստոսին և օգնեն իրականացնել Աստծո փրկության և վեհացման աշխատանքը (տես գլուխներ 1 և 2)։ Ծրագրելիս հետևեք 20 և 29 գլուխների սկզբունքներին։

Կազմեք ձեր կազմակերպությունների երկարաժամկետ ծրագրերը։ Ունեցեք տարեկան օրացույց։ Կենտրոնացեք անդամների հոգևոր աճը խրախուսելու վրա:

4.2.8

Գնահատել ձեր ջանքերը

Պարբերաբար վերանայեք ղեկավարի ձեր պարտականությունները և հոգևոր աճը: Հաշվի առեք նաև այն մարդկանց աճը, ում դուք ղեկավարում եք։ Միավորի, քահանայության քվորումի և այլ կազմակերպության ղեկավարները կարող են վերանայել հիմնական ցուցանիշները, եռամսյակային հաշվետվությունը և այլ հաշվետվությունները Ղեկավարի և Գործավարի ռեսուրսներում որպեսզի հասկանան, թե որտեղ է առաջընթաց գրանցվել և որտեղ կա աճելու ներուժ:

Որպես առաջնորդ՝ ձեր հաջողությունը հիմնականում չափվում է ձեր նվիրվածությամբ առ այն, թե ինչպես եք օգնում Աստծո զավակներին դառնալ Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտներ: Քանի որ բոլոր մարդիկ ունեն կամքի ազատություն, ոմանք կարող են որոշել հեռանալ ուխտի ուղուց: Ժամանակ առ ժամանակ դա կարող է հիասթափեցնել ձեզ, բայց երբ դառնաք դեպի Տերը, Նա կբարձրացնի և կմխիթարի ձեզ (տես Ալմա 26․27)։ Դուք կարող եք իմանալ, որ Տերը գոհ է ձեր ջանքերից, երբ զգաք, որ Հոգին աշխատում է ձեր միջոցով:

4.3

Խորհուրդները Եկեղեցում

Երկնային Հայրը ստեղծել է խորհուրդներ, որոնք կարևոր դեր են կատարում՝ ոգեշնչում ստանալու, որոշումներ կայացնելու և Իր աշխատանքը կատարելու գործում: Խորհուրդները գոյություն են ունեցել նախքան աշխարհի ստեղծումը: Մեզանից յուրաքանչյուրը մասնակցել է այս խորհուրդներին նախքան երկիր գալը: (Տես Վարդապետություն և Ուխտեր 121․32, Աբրահամ 3․22–28։)

Այս օրինակին հետևելով՝ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կառավարվում է տարբեր մակարդակի խորհուրդներով: Օրինակ՝ Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի խորհուրդը (տես 5.1.1.1), Տարածաշրջանի Նախագահությունները (տես 5.2.1), ցցերի նախագահությունները և եպիսկոպոսությունները բոլորն էլ խորհուրդներ են: Բացի ցցերի և ծխերի խորհուրդներից, Եկեղեցու կազմակերպությունների, քվորումների կամ դասարանների բոլոր նախագահությունները նույնպես խորհուրդներ են:

Տերն հրահանգել է Իր Եկեղեցու ղեկավարներին միասին խորհրդակցել՝ Իր աշխատանքը կատարելիս (տես Վարդապետություն և Ուխտեր 41․2-3)։ Խորհուրդները հնարավորություն են տալիս խորհրդի անդամներին ստանալ հայտնություն, երբ նրանք ձգտում են հասկանալ Աստծո զավակների կարիքները և ծրագրել, թե ինչպես օգնել նրանց բավարարել այդ կարիքները։

Նկար
երկու մարդ զրուցում են

4.4

Արդյունավետ խորհուրդների սկզբունքները

Արդյունավետ խորհուրդների որոշ սկզբունքներ ուրվագծված են այս բաժնում: Այս սկզբունքները կարող են օգնել Եկեղեցու խորհուրդների ղեկավարներին, ինչպես նաև ծնողներին՝ իրենց ընտանեկան խորհուրդներում:

4.4.1

Խորհուրդների նպատակները

Խորհուրդների հիմնական նպատակն է օգնել անդամներին աշխատել միասին՝ փնտրելով աստվածային առաջնորդություն այն հարցերի վերաբերյալ, որոնք կօրհնեն անհատներին և ընտանիքներին (տես Վարդապետություն և Ուխտեր 43. 8–9): Խորհուրդները հատկապես կենտրոնանում են և օգնում անդամներին ստանալ արարողություններ և պահել դրանց հետ կապված ուխտերը։ Խորհրդի անդամները նաև ոգեշնչում են փնտրում իրենց պատասխանատվության ոլորտում Տիրոջ աշխատանքը պլանավորելու և համակարգելու համար:

Որոշ վարչական գործեր, ինչպիսիք են օրացույցի պլանավորումը, կարող են քննարկում չպահանջել խորհուրդների ժամանակ։ Դրա մեծ մասը ժողովներից առաջ և հետո կարելի է կարգավորել հեռահաղորդակցության միջոցով:

Խորհրդի անդամները հատուկ հոգատարություն են ցուցաբերում հրատապ կարիքներ ունեցող անձանց և ընտանիքներին: Խորհուրդներն օգնում են համակարգել աջակցության ցուցաբերումը իրենց միավորներում: Այս կարիքների մասին տեղեկություն իմանալու, ինչպես նաև փոխըմբռնման և աջակցության համար նախատեսված նյութերի համար տես Կյանքի օգնություն բաժինը Ավետարանի գրադարանում:

4.4.2

Ինչպես պատրաստվել խորհրդի ժողովներին

Ակնկալվում է, որ նախագահությունները և խորհուրդները կանցկացնեն կանոնավոր ժողովներ: Յուրաքանչյուր նախագահություն և խորհուրդ ունի ղեկավար, ով կանչվել և ձեռնադրվել է: Այս ղեկավարները փնտրում են Տիրոջ առաջնորդությունը խորհրդի ժողովները պլանավորելիս: Նրանք նաև հարցնում են խորհրդի անդամների կարծիքը, որպեսզի որոշեն, թե ինչ պետք է քննարկել։

Ղեկավարները խորհրդի անդամներին նախապես տեղեկացնում են քննարկման ենթակա հարցերի մասին: Խորհրդի անդամները պատրաստվում են կիսվել այս հարցերի վերաբերյալ իրենց մտքերով: Ծխերի և ցցի խորհուրդների համար այս նախապատրաստության մեծ մասը տեղի է ունենում նախագահության ժողովներում:

Խորհրդի անդամները հոգևորապես պատրաստվում են խորհրդի ժողովներին: Նրանք ձգտում են ընկալունակ լինել Հոգու հուշումներին:

4.4.3

Ինչպես քննարկում անցկացնել և որոշումներ կայացնել

Տերն ասել է․ «Թող բոլորը միանգամից խոսնակ չլինեն. այլ տվյալ պահին թող մեկը խոսի, և թող բոլորը լսեն նրա ասածները, որ բոլորի խոսելուց հետո, բոլորը կարողանան միմյանցով շենանալ, և որ ամեն մարդ ունենա հավասար արտոնություն» (Վարդապետություն և Ուխտեր 88․122)։ Այս սկզբունքը վերաբերում է Եկեղեցու խորհուրդներին:

Խորհրդի ժողովների ժամանակ ղեկավարը (կամ որևէ մեկը, ում ղեկավարը հանձնարարում է) բացատրում է քննարկվող հարցը: Այնուհետև ղեկավարը խրախուսում է, որ խորհրդի անդամները քննարկումներ անցկացնեն՝ հարցեր տալով և գաղափարներ փնտրելով:

Ղեկավարը խրախուսում է անդամներին խոսել բաց և ազնիվ: Խորհրդի անդամների տարբեր անցյալը, տարիքը, փորձառությունը և տեսակետներն ավելի արդյունավետ են դարձնում խորհուրդը։ Անդամները կիսվում են առաջարկներով և հարգանքով լսում են միմյանց: Երբ նրանք ձգտեն իմանալ Տիրոջ կամքը, ոգեշնչման և միասնության ոգին կարող է գերիշխել:

Այն խորհրդում, որտեղ ներկա են կանայք և տղամարդիկ, ղեկավարը մտքեր և գաղափարներ է փնտրում այդ երկուսից: Կանայք և տղամարդիկ հաճախ տարբեր տեսակետներ են ունենում, որոնք լրացնում են իրար: Տիրոջ ծառայության մեջ տղամարդիկ և կանայք ավելի լավ որոշումներ են կայացնում և ավելի մեծ հաջողություններ են ունենում, երբ գնահատում են միմյանց կարծիքները և աշխատում են միասին։

Ղեկավարը վարում է խորհրդի քննարկումները: Այնուամենայնիվ, նա պետք է ավելի շատ լսի, քան խոսի: Երբ խորհրդի ղեկավարը ժամանակից շուտ է կիսվում իր տեսակետով, դա խոչընդոտում է ուրիշներին կիսվել իրենց կարծիքներով: Անհրաժեշտության դեպքում խորհրդի ղեկավարը նրբորեն վերաուղղորդում է կամ վերակենտրոնացնում է քննարկումը:

Քննարկումից հետո ղեկավարը կարող է որոշում կայացնել գործողությունների ընթացքի մասին, կամ հետաձգել որոշումը՝ փնտրելով լրացուցիչ տեղեկատվություն և առաջնորդություն: Որոշումը պետք է կայացվի քննարկման միջոցով և հաստատվի Հոգու կողմից: Խորհրդի գործընթացն օգնում է ոգեշնչված որոշումներ կայացնել, որոնք վեր են ղեկավարի դատողությունից: Ղեկավարը կարող է նաև հարցը փոխանցել որևէ այլ խորհրդի:

Երբեմն խորհրդի անդամները կարող են համոզված չլինել որևէ կարևոր որոշման վերաբերյալ: Երբ դա տեղի է ունենում, եպիսկոպոսը կարող է սպասել և քննարկել այդ հարցը հաջորդ ժողովի ժամանակ, փնտրելով հոգևոր հաստատում և միասնություն: Որոշ դեպքերում, խորհրդի անդամը կարող է առանձին հանդիպել ղեկավարի հետ՝ քննարկելու իր մտահոգությունները:

4.4.4

Միասնություն

Տերը հրահանգեց Իր աշակերտներին՝ «եղեք մեկ» (Վարդապետություն և Ուխտեր 38․27)։ Խորհրդի անդամները ձգտում են իրենց ցանկությամբ և նպատակներով մեկ լինել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Նրանք միասնության են ձգտում իրենց քննարկումներում և որոշումներում։ Նրանք նաև ձգտում են լինել «մեկ սրտի և մեկ մտքի» (Մովսես 7.18):

Խորհրդի անդամները պետք է խուսափեն վեճերից, անարդար քննադատելուց և բամբասելուց (տես 3 Նեփի 11.28–30): Երբ նրանք լինեն միասնական, Երկնային Հայրը կօրհնի նրանց ջանքերը։

4.4.5

Գործողություն և հաշվետվողականություն

Խորհրդի անդամներն իրենց աշխատանքի մեծ մասն անում են խորհրդի ժողովներից առաջ և հետո։ Ժողովների ժամանակ նրանք փնտրում են ոգեշնչում և որոշումներն իրագործելու համար ծրագրեր են մշակում։ Խորհրդի ղեկավարը հրավիրում է անդամներին կատարել այդ ծրագրերին առնչվող հանձնարարությունները: Խորհրդի անդամները սովորաբար օգնության են հրավիրում իրենց կազմակերպության մյուս անդամներին: Անհատները չպետք է ծանրաբեռնվեն հանձնարարություններով:

Խորհրդի անդամները զեկուցում են իրենց կատարած հանձնարարությունների մասին: Սովորաբար առաջընթացը ապահովելու համար պահանջվում է հետևողական ուշադրություն և հանձնարարությունների կատարման վերահսկում:

4.4.6

Գաղտնիություն

Բոլոր անձնական տեղեկություններին պետք է հարգանքով վերաբերվել: Ղեկավարները զգուշություն են ցուցաբերում, երբ անձնական տվյալներով կիսվում են խորհրդի հետ։ Սովորաբար նրանք ձգտում են ստանալ անդամի թույլտվությունը՝ այս տեղեկատվությունով կիսվելու համար:

Խորհուրդը հարգում է բոլոր նրանց ցանկությունները, ովքեր պահանջում են գաղտնիություն: Խորհրդի անդամները չպիտի անձնական տվյալներով կիսվեն խորհրդից դուրս, եթե դա չի պահանջում կատարել խորհրդի ղեկավարի հանձնարարությունը:

Կան չափազանց զգայուն հարցեր, որոնք չպետք է ներկայացնել ամբողջ խորհրդի առջև: Ըստ անհրաժեշտության, ղեկավարները վերանայում են այս հարցերը խորհրդի առանձին անդամների հետ: Կամ նրանք կարող են որոշ հարցերի անդրադառնալ մեկ այլ խորհրդի ժամանակ: