Միսիայի կոչումներ
Գլուխ 4. Փնտրեք և ապավինեք Հոգուն


«Գլուխ 4. Փնտրեք և ապավինեք Հոգուն», Քարոզիր Իմ ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց (2023)

«Գլուխ 4. Փնտրեք և ապավինեք Հոգուն», Քարոզիր Իմ ավետարանը

Նկար
Լիահոնա, Առնոլդ Ֆրիբերգ

Գլուխ 4

Փնտրեք և ապավինեք Հոգուն

Խորհեք սրա մասին

  • Ի՞նչ կարող եմ ես անել, որպեսզի ունենամ Սուրբ Հոգու զորությունն իմ կյանքում և միսիոներական ծառայության մեջ:

  • Ո՞րն է Սուրբ Հոգու դերը դարձի գալու ընթացքում։

  • Ինչպե՞ս կարող եմ օգնել մարդկանց, ում մենք ուսուցանում ենք, զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը:

  • Ինչպե՞ս կարող եմ իմ աղոթքներն ավելի բովանդակալից դարձնել:

  • Ինչպե՞ս կարող եմ սովորել՝ ճանաչելու համար Սուրբ Հոգու հուշումները։

Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը

Սուրբ Հոգու պարգևն աստծո կողմից Իր զավակներին տրված ամենամեծ պարգևներից մեկն է: Այն կենսական նշանակություն ունի ձեր միսիոներական աշխատանքում: Ձեզ անհրաժեշտ է առաջնորդվել Սուրբ Հոգու հայտնող զորությամբ, երբ օգնում եք մարդկանց մկրտվել, հաստատվել և դարձի գալ:

Ձեր կյանքում Սուրբ Հոգու առաջնորդությունն ունենալը պահանջում է հոգևոր աշխատանք: Այս աշխատանքը ներառում է ջերմեռանդ աղոթք և սուրբ գրությունների հետևողական ուսումնասիրություն: Այն ներառում է նաև պահել ձեր ուխտերը և Աստծո պատվիրանները (տես Մոսիա 18.8–10, 13 հատվածները): Այն ներառում է արժանավոր կերպով ընդունել հաղորդությունն ամեն շաբաթ (տես Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79 հատվածները):

Ամեն օր դուք հանդիպում եք տարբեր կարիքների և հանգամանքների: Հոգու հուշումները կօգնեն ձեզ իմանալ, թե ինչ անել և ասել: Երբ դուք որոնում եք այդ հուշումները և գործում եք ըստ դրա, Սուրբ Հոգին մեծացնում է ձեր կարողություններն ու ծառայությունը շատ ավելին, քան դուք կարող եք դա անել ինքնուրույն: Նա կօգնի ձեզ ձեր միսիոներական ծառայության և ձեր անձնական կյանքի ամեն ասպարեզում (տես 2 Նեփի 32.2–5, Ալմա 17.3, Հելաման 5.17–19, Վարդապետություն և Ուխտեր 43.15–16, 84․85 հատվածները)։

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

«Գալիք օրերում հնարավոր չի լինի հոգեպես գոյատևել` առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման և մշտական սփոփիչ ազդեցության» (Ռասսել Մ․ Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 96)։

Նկար
Լույս և ճշմարտություն, Սայմոն Դյուեյ

Քրիստոսի Լույսը

Քրիստոսի Լույսը «տրվում է ամեն մարդու, որպեսզի նա կարողանա բարին տարբերել չարից» (Մորոնի 7.16, տես հատվածներ 14–19-ը, տես նաև Հովհաննես 1.9 հատվածը): Քրիստոսի Լույսը լուսավորվածություն է, գիտելիք և ազդեցություն, որոնք տրվում են Հիսուս Քրիստոսի միջոցով: Այս ազդեցությունն առաջին քայլն է դեպի Սուրբ Հոգու պարգև ստանալը: Այն կառաջնորդի նրանց, ովքեր ընկալունակ են սովորել և ապրել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանով:

Սուրբ Հոգին

Սուրբ Հոգու անձը

Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է։ Նա հոգեղեն անձնավորություն է և չունի մսից ու ոսկորներից մարմին (տես Վարդապետություն և Ուխտեր 130.22 հատվածը)։ Նա Փրկչի կողմից խաստացված Մխիթարիչն է, ով կուսուցանի Իր հետևորդներին ամեն բան և կհիշեցնի նրանց այն, ինչ Հիսուսն ուսուցանել էր (տես Հովհաննես 14.26 հատվածը):

Սուրբ Հոգու զորությունը

Նախքան մկրտությունը ճշմարտության անկեղծ որոնողներին եկող վկայությունը գալիս է Սուրբ Հոգու զորությամբ: Բոլոր մարդիկ կարող են վկայություն ստանալ Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի մասին Սուրբ Հոգու զորությամբ: «Սուրբ Հոգու զորությամբ [մենք] կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ» (Մորոնի 10.5):

Սուրբ Հոգու պարգևը

Սուրբ Հոգու պարգևը Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունն ունենալու իրավունքն է, եթե մենք արժանի ենք: Մենք ստանում ենք Սուրբ Հոգու պարգևը ջրով մկրտվելուց հետո: Այն շնորհվում է հաստատման արարողության միջոցով:

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է. «Սուրբ Հոգու և Սուրբ Հոգու պարգևի միջև տարբերություն կա: Կոռնելիոսը ստացել է Սուրբ Հոգին նախքան մկրտվելը, որը նրա համար Աստծո համոզիչ զորությունն էր Ավետարանի ճշմարտության վերաբերյալ, սակայն նա մինչ մկրտվելը չէր կարող ստանալ Սուրբ Հոգու պարգևը» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 97):

Մենք սրբագործվում ենք Սուրբ Հոգու պարգևով և զորությամբ, դառնալով ավելի սուրբ, ավելի ամբողջական, ավելի լիարժեք, ավելի նման Աստծուն: Պահելով Աստծո հետ կապած մեր ուխտերը, մենք կարող ենք հոգևորապես վերածնվել Քրիստոսի փրկագնման և Սուրբ Հոգու սրբագործող զորության միջոցով (տես Մոսիա 27.25–26 հատվածները):

Խոստումի Սուրբ Հոգին

Սուրբ Հոգին նաև կոչում են Խոստումի Սուրբ Հոգի (տես Վարդապետություն և Ուխտեր 88.3 հատվածը): Ըստ այդմ՝ Սուրբ Հոգին հաստատում է, որ քահանայության արարողությունները, որոնք մենք ստանում ենք, և ուխտերը, որոնք կապում ենք, ընդունելի են Աստծո կողմից: Խոստումի Սուրբ Հոգով կնքվածները կստանան այն ամենը, ինչ ունի Հայրը (տես Վարդապետություն և Ուխտեր 76.51–60, Եփեսացիս 1.13–14 հատվածները, Սուրբ գրքերի ուղեցույց, «Խոստումի Սուրբ Հոգի»):

Բոլոր արարողությունները և ուխտերը պետք է կնքվեն Խոստումի Սուրբ Հոգով, որպեսզի վավեր լինեն այս կյանքից հետո (տես Վարդապետություն և Ուխտեր 132.7, 18–19, 26 հատվածները): Այդ կնքումը կախված է մեր շարունակական հավատարմությունից:

Հոգու պարգևները

Տերը մեզ Հոգևոր պարգևներ է տալիս, որպեսզի օրհնի մեզ և մեր միջոցով օրհնի ուրիշներին (տես Վարդապետություն և Ուխտեր 46.8–9, 26 հատվածները): Օրինակ՝ այն միսիոներները, որոնք նոր լեզու են սովորում, կարող են լեզուների պարգև ստանալ, որպես աստվածային օգնություն՝ ուրիշներին իրենց մայրենի լեզվով ուսուցանելու համար:

Հոգու մի քանի պարգևներ նկարագրված են Մորոնի 10.8–18, Վարդապետություն և Ուխտեր 46.11–33 և Ա Կորնթացիս 12.1–12 հատվածներում։ Սրանք Հոգու բազմաթիվ պարգևներից միայն մի քանիսն են: Տերը կարող է օրհնել մեզ այլ պարգևներով՝ կախված մեր հավատարմությունից, մեր կարիքներից և ուրիշների կարիքներից:

Փրկիչն առաջարկում է մեզ ջանասիրաբար փնտրել հոգևոր պարգևներ (տես Վարդապետություն և Ուխտեր 46.8, Ա Կորնթացիս 14.1, 12 հատվածները): Այս պարգևները գալիս են աղոթքով, հավատքով և ջանքերով, և ըստ Աստծո կամքի:

Անհատական կամ զուգընկերոջ հետ ուսումնասիրություն

Bible Dictionary-ում կարդացեք «Սուրբ Հոգի», «Քրիստոսի լույսը» և «Հոգի, Սուրբը»: Գրի առեք Սուրբ Հոգու էության և դերի նկարագրությունը:

Կարդացեք Գործք Առաքելոց 4․1–33 հատվածները։

  • Ինչպե՞ս են Պետրոսը և Հովհաննեսը հոգևոր պարգևներ փնտրել:

  • Աստված ինչպե՞ս պատասխանեց նրանց աղոթքներին:

  • Ի՞նչ կարող եք սովորել ձեր սեփական աշխատանքի վերաբերյալ այս փորձառությունից:

Նկար
խմբակային աղոթք

Հոգու զորությունը դարձի գալու ընթացքում

Դարձը տեղի է ունենում Սուրբ Հոգու զորությամբ: Ձեր դերը կայանում է նրանում, որպեսզի օգնեք Հոգու զորությունը բերել մարդու կյանք: Ստորև առաջարկվում են մի քանի եղանակներ, որոնցով դուք կարող եք դա անել:

  • Ձգտեք ձեզ հետ ունենալ Հոգին աղոթելիս, սուրբ գրություններն ուսումնասիրելիս և ձեր ուխտերը պահելիս:

  • Հոգով ուսուցանեք Փրկչի և Վերականգնման ուղերձի մասին: Հետևեք Հոգու առաջնորդությանը ձեր ուղերձը յուրաքանչյուր մարդու կարիքներին հարմարեցնելու համար:

  • Վկայեք, որ այն, ինչ դուք ուսուցանում եք Սուրբ Հոգու զորությամբ, ճշմարիտ է: Երբ դուք վկայում եք, Սուրբ Հոգին կարող է վկայություն տալ ուրիշներին:

  • Առաջարկեք մարդկանց գործել և աջակցեք նրանց իրենց պարտավորությունները պահելու հարցում: Երբ մարդիկ պահում են պարտավորությունները, նրանք ավելի ուժեղ են զգում Սուրբ Հոգու զորությունը: Տես գլուխ 11-ը։

  • Այնուհետև հարցրեք մարդկանց իրենց փորձառությունների մասին, երբ նրանք գործել են հրավերի համաձայն: Նրանց հավատքը կաճի, երբ նրանք ապաշխարեն, հնազանդվեն պատվիրաններին և պահեն իրենց պարտավորությունները: Օգնեք նրանց ճանաչել իրենց հետ աշխատող Հոգուն:

Նկար
Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդ

Նախագահ Մ. Ռասել Բալլարդն ուսուցանել է. «Ճշմարտապես դարձի գալը տեղի է ունենում Հոգու զորության միջոցով։ Երբ Հոգին դիպչում է սրտին, սրտերը փոխվում են։ Երբ անհատները … զգում են, որ Հոգին աշխատում է իրենց հետ կամ երբ տեսնում են Տիրոջ սիրո և գթասրտության ապացույցներ իրենց կյանքում, նրանք հոգեպես շենանում և ուժեղանում են, և նրանց հավատը դեպի Նա մեծանում է։ Հոգու հետ կապված այս փորձառությունները բնականաբար հետևում են, երբ մարդը ցանկանում է փորձել խոսքը [տես Ալմա 32․27 հատվածը]։ Ահա թե ինչպես ենք մենք սկսում զգալ, որ ավետարանը ճշմարիտ է» («Now Is the Time», Ensign, նոյեմբ. 2000, 75)։

Անհատական կամ զուգընկերոջ հետ ուսումնասիրություն

  • Ուսումնասիրեք հետևյալ հատվածներից մեկը կամ մի քանիսը։ Կարդալիս ձգտեք հասկանալ, թե ինչ է զգում մարդը դարձի գալու ճանապարհին: Գրի առեք ձեր տպավորություններն ուսումնասիրության ձեր օրագրում։ Քննարկեք ձեր գաղափարներն ուրիշ միսիոներների և անդամների հետ:

    2 Նեփի 4.16–35, Ենովս 1, Մոսիա 4–5, 18․7–14, 27–28, Ալմա 5, 17–22, 32, 36, 38

  • Ուսումնասիրեք հետևյալ հատվածներից մեկը կամ մի քանիսը։ Կարդալիս մտածեք, թե ինչպես կարող եք ավելի լավ ուսուցանել Հոգու դարձի բերող զորությամբ: Ձեր զգացմունքներն ու տպավորությունները գրի առեք ուսումնասիրության ձեր օրագրում: Քննարկեք ձեր գաղափարներն ուրիշ միսիոներների և անդամների հետ:

    1 Նեփի 8.11–12, Մոսիա 28.1–4, Ալմա 26, 29, 31․26–38, 32, Մորոնի 7.43–48, Վարդապետություն և Ուխտեր 4, 18․10–16, 50.21–22

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Ի՞նչ են ուսուցանում հետևյալ սուրբ գրությունները Հոգու զորության մասին ձեր աշխատանքում:

Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ունենաք Հոգու զորությունը ձեր աշխատանքում:

Նկար
միսիոներներն աղոթում են

Աղոթեք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով

Որպեսզի օգնեք ուրիշներին դարձի գալ, դուք պետք է ուսուցանեք Հոգու զորությամբ (տես Վարդապետություն և Ուխտեր 50.13–14, 17–22 հատվածները): Տերն ասել է. «Եվ Հոգին կտրվի ձեզ հավատքի աղոթքով. և եթե դուք չստանաք Հոգին, դուք չպետք է ուսուցանեք» (Վարդապետություն և Ուխտեր 42.14):

Երբ աղոթեք ձեր ուսուցման մեջ օգնություն ստանալու համար, Սուրբ Հոգու զորությունը ձեր ուսմունքները կտանի «մինչև մարդկանց զավակների սրտերը» (2 Նեփի 33.1): Երբ դուք ուսուցանում եք Հոգով և ուրիշները ստանում են Հոգուց, դուք «կհասկանաք միմյանց» և «կշենանաք և միասին կցնծաք» (Վարդապետություն և Ուխտեր 50.22):

Ինչպես աղոթել

Հիսուսն ուսուցանել է մեզ, թե ինչպես աղոթել (տես Մատթեոս 6.9–13, 3 Նեփի 18.19 հատվածները): Աղոթեք անկեղծորեն և անկեղծ միտումով և գործեք համաձայն հուշումների, որոնք դուք ստանում եք Սուրբ Հոգուց: Արդյունավետ աղոթքը խոնարհ, շարունակական ջանքեր է պահանջում (տես Մորոնի 10.3–4, Վարդապետություն և Ուխտեր 8.10 հատվածները):

Օգտագործեք այնպիսի արտահայտություններ, որոնք փոխանցում են Աստծո հետ սիրո և երկրպագության հարաբերություններ։ Անգլերենում օգտագործեք սուրբգրային բառաձևեր օրինակ՝ դու, քո և քոնը սովորական դերանունների փոխարեն օգտագործեք հին անգլերենի դերանունները։

Միշտ երախտագիտություն հայտնեք: Երախտապարտ լինելու գիտակցված ջանքերը կօգնեն ձեզ ճանաչել, թե որքան ողորմած է Աստված ձեր կյանքում: Այն կբացի ձեր սիրտն ու միտքը ոգեշնչման համար:

Աղոթեք «սրտի ողջ կորովով», որպեսզի գթություն շնորհվի ձեզ (Մորոնի 7.48): Աղոթեք ուրիշների համար անուն առ անուն: Աղոթեք նրանց համար, ում սովորեցնում եք: Ոգեշնչում փնտրեք, թե ինչպես առաջարկել և օգնել նրանց գալ դեպի Քրիստոսը:

Անհատական ուսումնասիրություն

Ուսումնասիրեք Տիրոջ աղոթքը Մատթեոս 6.9–13-ում։ Տվեք ձեզ հետևյալ հարցերը և գրի առեք տպավորություններն ուսումնասիրության ձեր օրագրում:

  • Ինչպե՞ս է ձեր ներկայիս միսիոներական պարտավորությունն ազդում ձեր աղոթքների վրա:

  • Ի՞նչ եղանակներով են ձեր աղոթքներն օրհնում ուրիշների կյանքը:

  • Ինչպե՞ս եք աղոթում, որպեսզի կարողանաք դիմակայել գայթակղությանը:

  • Ինչպե՞ս եք աղոթում ձեր հոգևոր և նյութական կարիքները բավարարելու համար:

  • Ինչպե՞ս եք փառք տալիս Աստծուն, երբ աղոթում եք:

Երբ աղոթել

Ե՞րբ է պետք աղոթել։ Տերն ասել է. «Ջանասիրաբար փնտրեք, աղոթեք անդադար և եղեք հավատացող, և բոլոր բաները միաժամանակ կգործեն ձեր բարիքի համար» (Վարդապետություն և Ուխտեր 90.24):

Ալման ասել է. «Խորհուրդ արա Տիրոջ հետ քո բոլոր գործերում, և նա ուղղություն ցույց կտա քեզ բարու համար. այո, երբ դու պառկես գիշերը, պառկիր ի Տերը, որ նա կարողանա հսկել քեզ քնիդ մեջ, և երբ դու վեր կենաս առավոտյան, թող քո սիրտը լի լինի գոհությամբ առ Աստված» (Ալմա 37․37, տես նաև 34․17–27 հատվածները)։

Տերն առաջարկում է ձեզ հանգիստ և մեկուսացված պայմաններում ժամանակ հատկացնել աղոթելու համար. «Մտի՛ր քո սենյակը և … աղոթիր քո Հորը» (3 Նեփի 13.6, տես նաև հատվածներ 7–13):

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է. «Ամեն առավոտ …… , միսիոներները պետք է ծնկի գան և աղերսեն Տիրոջը, որ արձակի իրենց լեզուն և խոսի իրենց միջոցով՝ օրհնելու համար նրանց, ում պետք է ուսուցանեն։ Երբ նրանք անեն դա, նոր լույս կհայտնվի իրենց կյանքում: Գործելու նկատմամբ ավելի մեծ խանդավառություն կլինի։ Նրանք կիմանան, որ շատ իրական զգացումով իրենք Տիրոջ ծառաներն են, ովքեր խոսում են Նրա անունից» (“Missionary Service,” First Worldwide Leadership Training Meeting, Jan. 11, 2003, 20):

Աղոթելիս վստահենք Աստծուն

Աստծո հանդեպ հավատք ունենալը նշանակում է վստահել Նրան: Սա իր մեջ վստահություն է ներառում Նրա կամքի և Նրա ժամանակի հանդեպ, որն ուղված է ձեր աղոթքներին ի պատսախան (տես Եսայիա 55.8–9 հատվածները): Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է․

«Անկախ այն բանից, թե որքան ուժեղ է մեր հավատքը, այն չի կարող տալ այնպիսի արդյունք, որը հակառակ լինի Նրա կամքին, ում հավատում ենք: Հիշեք, թե երբ ձեր աղոթքներին չի տրվում պատասխան ձեր ցանկալի ձևով կամ ձեր ցանկացած ժամանակ: Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի գործադրումը միշտ ենթարկվում է երկնքի կարգին, Տիրոջ բարությանը և կամքին, իմաստությանն ու ժամանակին: Երբ մենք նման կերպով ենք հավատում և վստահում Տիրոջը, մենք իրական անվտանգություն և անդորր ենք ունենում մեր կյանքում» («The Atonement and Faith», Ensign, ապր. 2010, 30):

Ինչ վերաբերում է անպատասխան թվացող աղոթքներին, Նախագահ Ռասել Մ. Նելսոնն ասել է.

«Ինձ ծանոթ է այս զգացողությունը: Ինձ ծանոթ են այս պահի հետ կապված վախերն ու արցունքները: Սակայն ես նաև գիտեմ, որ մեր աղոթքները երբեք չեն անտեսվում: Մեր հավատքը երբեք չգնահատված չի մնում: Ես գիտեմ, որ գերիմաստուն Երկնային Հայրն ավելի հեռուն է տեսնում, քան մենք։ Մենք տեղյակ ենք միայն մեր մահկանացու խնդիրների և ցավերի մասին, իսկ Նա տեղյակ է մեր հավերժ առաջընթացի և ներուժի մասին: Եթե մենք աղոթում ենք՝ Նրա կամքն իմանալու և այդ կամքին համբերությամբ և քաջությամբ հնազանդվելու համար, երկնային բժշկումը կարող է տեղի ունենալ Նրա ձևով և Նրա ժամանակին» («Հիսուս Քրիստոսը՝ Բժշկող Տերը», Լիահոնա, նոյ. 2005, 86):

Նկար
Էմմաուսի ճանապարհին, Գրեգ Օլսեն

Սովորեք ճանաչել Հոգու հուշումները

Ձեր և այն մարդկանց համար, ում ուսուցանում եք, կարևոր է սովորել ճանաչել Հոգուց ստացված հաղորդակցությունները: Հոգին սովորաբար հաղորդակցվում է հանգիստ՝ ձեր զգացմունքների, մտքերի և սրտի միջոցով: Եղիա մարգարեն բացահայտել է, որ Տիրոջ ձայնը քամու, երկրաշարժի կամ կրակի մեջ չէր, այլ «մի մեղմ, հանդարտ ձայն էր» (Գ Թագավորաց 19.12): Դա «որոտի ձայն չէ», այլ «կատարյալ մեղմության մի հանդարտ ձայն է, կարծես մի շշուկ», և այնուամենայնիվ այն կարող է «թափանցել մինչև հոգու խորքը» (Հելաման 5.30):

Հոգուց ստացված հաղորդակցությունները տարբեր մարդկիկ կարող են տարբեր կերպ զգալ: Անկախ նրանից, թե ինչպես են զգացվում այդ հաղորդակցությունները, սուրբ գրություններն ուսուցանում են, թե ինչպես ճանաչել դրանք: Օրինակ՝ Հոգին կշենացնի ձեզ և կառաջնորդի ձեզ բարիք գործել: Նա կլուսավորի ձեր միտքը: Նա կառաջնորդի ձեզ խոնարհաբար քայլել և արդար դատել (տես Վարդապետություն և Ուխտեր 11.12–14 հատվածները և այս բաժնի «Անհատական ուսումնասիրություն» հատվածն ավելի ուշ):

«Ինչպե՞ս ենք ճանաչում Հոգու հուշումները» հարցին ի պատասխան Նախագահ Գորդոն Բ. Հինքլին կարդացել է Մորոնի 7.13, 16–17 հատվածները։ Ապա նա ասել է.

«Սա է ստուգման ձևը, երբ ամեն ինչ ասվել է և արվել: Արդյո՞ք այն համոզում է մարդուն բարի գործեր անել, բարձրանալ, հասակով մեկ կանգնել, ճիշտ գործել, բարի լինել, առատաձեռն լինել: Եթե այդպես է, ուրեմն դա Աստծո Հոգուց է: …

… Եթե այն առաջարկում է բարի գործ անել, ապա դա Աստծուց է: Եթե այն առաջարկում է չար գործ անել, ապա դա սատանայից է: … Եվ եթե դուք արդար բան եք անում, և ապրում եք ճիշտ ձևով, ապա ձեր սրտում կիմանաք, թե ինչ է ձեզ ասում Հոգին:

Դուք ճանաչում եք Հոգու հուշումները Հոգու պտուղների միջոցով, այն ինչ լուսավորում է, այն ինչ ամրացնում է, այն ինչ դրական է, հաստատող և վեհացնող և տանում է մեզ դեպի ավելի լավ մտքերի, ավելի լավ խոսքերի և ավելի լավ գործերի, Աստծո Հոգուց է» (Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները [1997], 260–61)։

Երբ փնտրեք և հետևեք Սուրբ Հոգու առաջնորդությանը, Նրա հուշումները հայտնաբերելու և հասկանալու ձեր կարողությունը ժամանակի ընթացքում կզարգանա (տես 2 Նեփի 28.30 հատվածը): Որոշ առումներով Հոգու լեզվին ավելի ներդաշնակ լինելը նման է մեկ այլ լեզու սովորելուն: Դա աստիճանական գործընթաց է, որը պահանջում է ջանասեր և համբերատար ջանքեր:

Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը սրտի ողջ նվիրվածությամբ: Եթե ձեր միտքը զբաղված է այլ բաներով, դուք կարող եք չզգալ Հոգու մեղմ շշուկները: Կամ Նա կարող է հետաձգել ձեզ հետ հաղորդակցվելը և սպասել, մինչև դուք կփնտրեք Նրա ազդեցությունը՝ խոնարհաբար պատրաստակամ լինելով գործել ըստ Նրա հուշումների։

Աշխարհի ձայները մրցում են ձեր ուշադրությունը գրավելու համար: Նրանք հեշտությամբ կարող են ցրել հոգևոր տպավորությունները, եթե դուք տեղ չտաք Հոգուն ձեր սրտում: Հիշեք Տիրոջ այս խորհուրդը. «Հանդա՛րտ մնացեք և ճանաչե՛ք, որ ես եմ Աստվածը» (Սաղմոս 46.10, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 101.16 հատվածը):

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Աստված օգտագործում է մի շարք օրինաչափություններ Իր որդիներին և դուստրերին այնպիսի հայտնություններ փոխանցելու համար, ինչպիսիք են մտքի գաղափարները և սրտի զգացմունքները, երազները, … և ոգեշնչումը: Որոշ հայտնություններ ստացվում են անմիջապես. որոշները ճանաչվում են աստիճանաբար: Աստծուց հայտնություններ ստանալը, ճանաչելը և դրանց արձագանքելը հոգևոր պարգևներ են, որոնց մենք բոլորս պետք է ձգտենք և փնտրենք համապատասխան կերպով» (Դեյվիդ Ա. Բեդնար, «Հայտնության Հոգին աշխատանքում», 2018 թ․ միսիայի առաջնորդությանը վերաբերող սեմինար):

Անհատական ուսումնասիրություն

Ուսումնասիրեք սուրբ գրությունները հետևյալ աղյուսակում: Մտածեք, թե երբ եք դուք զգացել այս հատվածներում նկարագրված զգացմունքներից, մտքերից կամ տպավորություններից որևէ մեկը: Երբ ուսումնասիրեք և փորձ ձեռք բերեք, այս ցանկին ավելացրեք այլ սուրբ գրություններ: Մտածեք, թե ինչպես կարող եք օգտագործել այս սկզբունքները, որպեսզի օգնեք ուրիշներին զգալ և ճանաչել Հոգին:

Վարդապետություն և Ուխտեր 6.23, 11․12–14, 88․3, Հովհաննես 14.26–27, Հռովմեացիս 15․13, Գաղատացիներ 5.22–23

Տալիս է սիրո, ուրախության, խաղաղության, մխիթարության, համբերության, հեզության, մեղմության, հավատքի և հույսի զգացումներ:

Ալմա 32.28, Վարդապետություն և Ուխտեր 6.14–15, 8․2–3, Ա Կորնթացիս 2.9–11

Լուսավորում է միտքը և տալիս է գաղափարներ, իսկ սրտին՝ զգացմունքներ:

Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․11–12

Օգնում է, որ սուրբ գրություններն ուժեղ ազդեցություն ունենան:

Ալմա 19․6

Խավարը փոխարինում է լույսով։

Մոսիա 5․2–5

Ամրապնդում է չարից խուսափելու և պատվիրաններին հնազանդվելու ցանկությունը:

Մորոնի 10.5, Վարդապետություն և Ուխտեր 21.9, 100․8, Հովհաննես 14․26, 15․26, 16․13

Ուսուցանում է ճշմարտությունը և հիշեցնում է այն:

Վարդապետություն և Ուխտեր 45․57

Առաջնորդում և պաշտպանում է խաբեությունից:

2 Նեփի 31.18, Վարդապետություն և Ուխտեր 20.27, Հովհաննես 16.13–14

Փառաբանում և վկայում է Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին:

Վարդապետություն և Ուխտեր 42.16, 84․85, 100․5–8, Ղուկաս 12.11–12

Առաջնորդում է խոնարհ ուսուցիչների խոսքերը:

Մորոնի 10.8–17, Վարդապետություն և Ուխտեր 46․8–26, 1 Կորնթացիս 12

Հոգևոր պարգևներներ է տալիս։

Վարդապետություն և Ուխտեր 46․30, 50․29–30

Ասում է, թե ինչի համար պետք է աղոթել:

2 Նեփի 32․1–5, Վարդապետություն և Ուխտեր 28․15

Ասում է, թե ինչ անել:

1 Նեփի 10․22, Ալմա 18․35

Օգնում է արդարներին խոսել զորությամբ և իշխանությամբ:

2 նեփի 31․17, Ալմա 13․12, 3 Նեփի 27․20

Սրբացնում և մեղքերի թողություն է պարգևում:

1 Նեփի 2․16–17, 2 Նեփի 33․1, Ալմա 24․8

Տանում է ճշմարտությունը մինչև լսողի սիրտը:

1 Նեփի 18․1–3, Ելից 31․3–5

Բարելավում է հմտություններն ու կարողությունները:

1 Նեփի 7.15, 2 Նեփի 28.1, 32․7, Ալմա 14.11, Մորմոն 3.16, Եթեր 12․2

Հորդորում է առաջ մղվել կամ հետ է պահում:

Վարդապետություն և Ուխտեր 50․13–22

Շենացնում է և՛ ուսուցչին, և՛ ուսանողներին:

Ապավինել Հոգուն

Որպես Տիրոջ ծառա, դուք պետք է կատարեք Նրա աշխատանքը Նրա ձևով և Նրա զորությամբ: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Ոչ ոք չի կարող քարոզել Ավետարանն առանց Սուրբ Հոգու» (Ուսուցումներ. Ջոզեֆ Սմիթ332):

Վստահեք Հոգուն, որը կառաջնորդի ձեզ ձեր աշխատանքի ամեն ասպարեզում: Նա կլուսավորի և կոգեշնչի ձեզ։ Նա կօգնի ձեզ գտնել մարդկանց ուսուցանելու համար և զորություն կբերի ձեր ուսուցմանը: Նա կօգնի ձեզ, երբ դուք օգնեք անդամներին, վերադարձող անդամներին և նորադարձներին ամրացնել իրենց հավատքը:

Որոշ միսիոներներ իրենց վստահ են զգում: Մյուսները նման վստահության պակաս ունեն։ Խոնարհաբար ձեր վստահությունն ու հավատքը դրեք Հիսուս Քրիստոսի, ոչ թե ինքներդ ձեզ վրա: Ապավինեք Հոգուն, այլ ոչ թե ձեր սեփական տաղանդներին և կարողություններին: Սուրբ Հոգին կբազմապատկի ձեր ջանքերը շատ ավելին, քան դուք կարող եք դա անել ինքնուրույն:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Ուսումնասիրեք հետևյալ սուրբ գրությունները և մտածեք, թե ինչպես են դրանք պատասխանում այս կարևոր հարցերին, որոնք դուք պետք է տաք ամեն օր: Ինչպե՞ս կարող եք կիրառել այս հատվածների ուսմունքները հետևյալում․ պլանավորման նիստերին, գտնելու ձեր ջանքերում, անձնական և զուգընկերոջ հետ ուսումնասիրության մեջ: Ինչպե՞ս կարող եք կիրառել այս հատվածները հետևյալում․ ուսուցանելու ձեր ջանքերում, մարդկանց պարտավորություններ ստանձնելու հրավերների և այդ պարտավորություններին հետևելու մեջ:

Ես ո՞ւր պետք է գնամ։

Ես ինչպե՞ս վարվեմ:

Ես ի՞նչ պետք է ասեմ։

Ինչպե՞ս պետք է օգտագործեմ սուրբ գրություններն իմ ուսուցման մեջ:

Զգուշության մի քանի խոսք

Հաստատեք ձեր տպավորությունները վստահելի աղբյուրների միջոցով

Ոգեշնչման համար աղոթելիս, համեմատեք ձեր հոգևոր տպավորությունները սուրբ գրությունների և ապրող մարգարեների ուսմունքների հետ: Հոգուց եկող տպավորությունները կհամապատասխանեն այս աղբյուրներին:

Հայտնություն փնտրեք ձեր հանձնարարության մեջ

Համոզված եղեք, որ ձեր ստացած զգացմունքները համապատասխանում են ձեր հանձնարարությանը: Եթե դուք կանչված չեք ճիշտ իշխանության կողմից, ուրիշներին խորհուրդ տալու կամ ուղղելու համար Հոգուց եկող տպավորությունները չեն տրվի ձեզ: Օրինակ՝ դուք հայտնություն չեք ստանա, որպեսզի եպիսկոպոսին ասեք, թե նա ինչ պետք է անի իր կոչման մեջ:

Նկար
Լույսի պարգևը

Հայտնաբերեք Հոգու իրական ազդեցությունը

Նախագահ Հովարդ Վ. Հանթերը խորհուրդ է տվել. «Թույլ տվեք զգուշացնել: … Կարծում եմ, եթե մենք զգույշ չլինենք…, մենք կարող ենք անարժան և մանիպուլյատիվ միջոցներով կեղծիքի փորձեր սկսել Տիրոջ Հոգու իրական ազդեցության դեմ: Ես մտահոգվում եմ, երբ կարծես թե ուժեղ հույզերը կամ ազատ հոսող արցունքները հավասարեցվում են Հոգու ներկայության հետ: Անշուշտ Տիրոջ Հոգին կարող է առաջացնել ուժեղ հուզական զգացողություններ, ներառյալ արցունքներ, բայց այդ արտաքին դրսևորումը չպետք է շփոթել Հոգու՝ իր իսկ ներկայության հետ» (Հովարդ Վ․ Հանթերի ուսմունքները [1997], 184)։

Հոգևոր բաները մի փորձեք ստիպել

Հոգևոր գործերը չեն կարող պարտադրվել: Դուք կարող եք Հոգին հրավիրող վերաբերմունք և միջավայր զարգացնել, անգամ կարող եք ինքներդ պատրասվել, սակայն չեք կարող թելադրել, թե ինչպես և երբ պետք է ոգեշնչումը գա: Համբերատար եղեք և վստահեք, որ դուք կստանաք այն, ինչ ձեզ անհրաժեշտ է, երբ կգա ճիշտ ժամանակը:

Հոգևոր փորձառությունները սուրբ պահեք

Որպես միսիոներ, դուք կարող եք ավելի շատ տեղյակ լինել հոգևոր փորձառությունների մասին, քան ավելի վաղ ձեր կյանքում: Այս փորձառությունները սուրբ են և սովորաբար ձեր սկզբունքների, կատարելագործման կամ ուղղվելու համար են:

Լավ է, երբ այս փորձառություններից շատերը պահվեն գաղտնի: Կիսվեք միայն այն դեպքում, երբ Հոգին ցույց է տալիս, որ անելով դա, դուք կարող եք օրհնել այլ մարդկանց (տես Ալմա 12.9, Վարդապետություն և Ուխտեր 63.64, 84.73 հատվածները):

Որոշ դեպքերում լավագույնս օգտագործեք ձեր դատողությունը

Երբեմն մենք ցանկանում ենք ամեն ինչում առաջնորդվել Հոգու կողմից: Այնուամենայնիվ, հաճախ Տերը ցանկանում է, որ մենք գործենք՝ լավագույնս օգտագործելով մեր դատողությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 60.5, 61.22, 62.5 հատվածները): Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է․

«Տիրոջ կողմից առաջնորդվելու ցանկությունն ուժ է, սակայն դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ մեր Երկնային Հայրը թողնում է շատ որոշումներ մեր անձնական ընտրությանը: … Անձնական որոշում ընդունելն աճի աղբյուրներից մեկն է, որը մենք կոչված ենք ճաշակել մահկանացու կյանքում: Այն մարդիկ, ովքեր բոլոր որոշումների կայացումը փորձում են թողնել Տիրոջը և ամեն մի ընտրության համար հայտնություն են խնդրում, շուտով կհայտնվեն իրավիճակներում, երբ կաղոթեն առաջնորդության համար, սակայն ստանա այն: Օրինակ, սա հավանական է, որ տեղի ունենա այն բազում հանգամանքներում, որոնց դեպքում ընտրություններն անկարևոր են կամ երկուսն էլ ընդունելի են:

Մենք պետք է քննենք այդ բաները մեր մտքում, օգտագործելով կշռադատելու այն զորությունը, որ մեր Արարիչը դրել է մեր մեջ: Ապա պետք է աղոթենք առաջնորդության համար և գործենք ըստ դրա, եթե մենք դա ստանանք: Եթե մենք չենք ստանում առաջնորդություն, մենք պետք է գործենք ըստ մեր լավագույն դատողության: Անձինք, ովքեր համառորեն ձգտում են հայտնությամբ առաջնորդություն ստանալ այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ Տերը չի ընտրել մեզ առաջնորդել, կարող են իրենց երևակայության կամ կողմնակալ դիրքորոշման արդյունքում պատասխան գտնել, կամ կարող են նույնիսկ ստանալ պատասխան կեղծ հայտնության միջոցով» («Our Strengths Can Become Our Downfall», Ensign, հոկտ. 1994, 13–14)։

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Հոգուն ապավինելն այնքան կարևոր է, որ Տերը նախազգուշացնում է մեզ չուրանալ Հոգուն կամ հանգցնել Նրան: Ի՞նչ եք սովորում սուրբ գրության հետևյալ հատվածներից:


Գաղափարներ ուսումնասիրության և կիրառման համար

Անհատական ուսումնասիրություն

  • Էջը բաժանեք երկու սյունակի։ Մի սյունակը վերնագրեք «Ինչ արեց Տերը», իսկ մյուս սյունակը՝ «Ինչ արեցին Լեքին կամ Նեփին»: Կարդացեք Լիահոնայի և կոտրված աղեղի պատմությունը (1 Նեփի 16.9–31) կամ Նեփիի նավ կառուցելու պատմությունը (1 Նեփի 17.7–16, 18.1–6): Համապատասխան սյունակներում թվարկեք իրադարձությունները տվյալ պատմությունից: Մտածեք, թե ինչ կարող է ձեզ ուսուցանել պատմությունը ոգեշնչման բնույթի մասին:

  • Ձեր օրագրում գտեք դեպքեր, երբ առաջնորդվել եք Հոգով կամ զգացել եք Հոգու պարգևը: Մտածեք, թե երբ, որտեղ և ինչու են տեղի ունեցել այս փորձառությունները: Ինչպե՞ս դրսևորվեց Տիրոջ ձեռքը: Ինչպե՞ս եք ձեզ զգացել: Այս փորձառությունների մասին հիշողությունը կարող է օգնել ձեզ ճանաչել Հոգին:

  • Ուսումնասիրեք Ալմա 33.1–12 և Ալմա 34.17–31 հատվածները։ Ո՞ր հարցերին էին պատասխանում Ալման և Ամուղեկը (վերանայեք Ալմա 33․1–2 հատվածները)։ Նրանք ինչպե՞ս կպատասխանեին այդ հարցերին։ Ի՞նչ երաշխիքներ են նրանք տվել։

  • Տերը խոստացել է, որ Հոգին կառաջնորդի մեզ շատ կարևոր ուղիներով: Հետևյալ հատվածները կարդալիս բացահայտեք ձեր աշխատանքի այն ոլորտները, որոնք պահանջում են Հոգու առաջնորդությունը: Ի՞նչ են նշանակում հետևյալ սուրբ գրությունների սկզբունքները ձեր անձնական և զուգընկերոջ հետ ուսումնասիրության, շրջանի խորհրդի ժողովների, գոտիների համաժողովների, մկրտության ծառայությունների և այլ ժողովների համար:

    Աղոթել

    Ժողովներ վարել

Ուսումնասիրություն զուգընկերոջ հետ և զուգընկերների փոխանակում

  • Խոսեք այն աղոթքների մասին, որոնք դուք ասում եք զուգընկերներով: Արդյո՞ք դրանք առաջնորդվում են Սուրբ Հոգով: Ինչպե՞ս եք ստացել ձեր աղոթքների պատասխանները որպես զուգընկերներ: Որպես զուգընկերներ աղոթելիս դուք․

    • Հավատո՞ւմ եք, որ Աստված կտա ձեզ այն, ինչ դուք խնդրում եք արդարությամբ և Իր կամքի համաձայն:

    • Գնահատում և շնորհակալություն հայտնո՞ւմ եք ձեր աղոթքների պատասխանների համար:

    • Աղոթո՞ւմ եք մարդկանց համար անուն առ անուն, հաշվի առնելով նրանց կարիքները:

    • Աղոթո՞ւմ եք միմյանց և Հոգու համար, որ Նա առաջնորդի ձեզ:

    • Ստանո՞ւմ եք ձեր աղոթքների պատասխանները:

    • Աղոթո՞ւմ եք՝ պարտավորվելով գործել համաձայն ձեր ստացած հուշումների:

  • Քննարկեք, թե ինչպես եք ավելի ջանասիրաբար փնտրելու Հոգին:

  • Քննարկեք, թե ինչպես են մարդիկ տարբեր եղանակներով նկարագրում Սուրբ Հոգու ազդեցությունը: Ձեր ուսումնասիրության օրագրում գրի առեք ձեր կողմից ուսուցանվողների մեկնաբանությունները, որոնք նրանք արել են Հոգու հետ ունեցած իրենց փորձառությունների մասին: Ինչպե՞ս կարող եք օգնել ուրիշներին ճանաչել այս սրբազան ազդեցությունը:

Շրջանի խորհուրդ, գոտու համաժողովներ և միսիայի ղեկավարների խորհուրդ

  • Անհրաժեշտության դեպքում խնդրեք միսիոներներին կիսվել մի պատմությունով կամ փորձառությամբ, որը նրանք լսել են վկայության վերջին ժողովի, ուսուցման ժամանակ կամ այլ միջավայրում: Մյուս մարդկանց պատմած հոգևոր պատմություններն ու փորձառությունները կարող են օգնել ձեզ զարգացնել հավատքը և հասկանալ, որ Հոգու ազդեցությունը համատարած և հաճախակի է դրսևորվում։

  • Խնդրեք միսիոներներին ելույթներ ունենալ Սուրբ Հոգու առաքելության և զորության վերաբերյալ:

  • Քննարկեք, թե ինչպես է երախտագիտություն հայտնելն օգնում ձեզ տեսնել այն փոքր, բայց շատ կարևոր ուղիները, որոնցով Տերն օրհնում է ձեզ (տես Եթեր 3.5, Վարդապետություն և Ուխտեր 59.21 հատվածները): Քննարկեք երախտագիտություն արտահայտելու եղանակները:

  • Դուք կարող եք նոր անդամներից մեկին խնդրել, որպեսզի խոսի այն մասին, թե ինչպես է իր վրա ազդել Հոգին Եկեղեցու մասին սովորելիս: Խնդրեք այդ մարդուն կիսվել միայն այն փորձառություններով, որոնք նա տեղին է համարում:

Միսիայի ղեկավարներ և միսիայի խորհրդականներ

  • Խնդրեք միսիոներներին ձեզ ուղղված իրենց շաբաթական նամակում ներառել համապատասխան հոգևոր փորձառություններ:

  • Հարցազրույցների կամ զրույցների ընթացքում ժամանակ առ ժամանակ հարցրեք միսիոներներին իրենց առավոտյան և երեկոյան աղոթքների մասին: Անհրաժեշտության դեպքում նրանց հետ խորհրդակցեք, թե ինչպես ավելի իմաստալից դարձնել իրենց աղոթքները:

  • Հարցրեք միսիոներներին, թե ինչպես են իրենց կողմից ուսուցանվողներին օգնում զգալ և ճանաչել Հոգին: