Սուրբ գրություններ
Մոսիա 4


Գլուխ 4

Բենիամին թագավորը շարունակում է իր խոսքը – Փրկությունը գալիս է Քավության շնորհիվ – Հավատացե՛ք Աստծուն, որպեսզի փրկվեք – Պահե՛ք ձեր մեղքերի մի թողություն հավատարմության միջոցով – Բաժի՛ն հանեք ձեր ստացվացքից աղքատներին – Արե՛ք բոլոր բաներն իմաստությամբ ու կարգով: Մոտ 124թ. Ք.ծ.ա.:

1 Եվ այժմ եղավ այնպես, որ երբ Բենիամին թագավորը վերջ դրեց այն խոսքերը խոսելուն, որոնք Տիրոջ հրեշտակի կողմից հանձնվել էին նրան, որ նա աչք ածեց շուրջբոլորը՝ բազմության վրա, և ահա, նրանք ընկել էին գետնին, քանզի Տիրոջ երկյուղը եկել էր նրանց վրա:

2 Եվ նրանք տեսել էին իրենց՝ իրենց իսկ մարմնական վիճակում, նույնիսկ ավելի չնչին, քան հողի փոշին: Եվ նրանք բոլորն աղաղակեցին բարձրաձայն՝ միաձայն ասելով. Օ՜, ողորմություն ունեցիր և գործի դիր Քրիստոսի քավիչ արյունը, որպեսզի մենք կարողանանք ներում ստանալ մեր մեղքերից, և մեր սրտերը կարողանան մաքրվել. քանզի մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն, որը ստեղծել է երկինքն ու երկիրը, և բոլոր բաները. որը պիտի իջնի մարդկանց զավակների մեջ:

3 Եվ եղավ այնպես, որ հետո, երբ նրանք ասացին այս խոսքերը, Տիրոջ Հոգին եկավ նրանց վրա և նրանք լցվեցին ուրախությամբ, ստացած լինելով իրենց մեղքերին թողություն, և ունենալով խղճմտանքի խաղաղություն այն արտասովոր հավատքի շնորհիվ, որ նրանք ունեին Հիսուս Քրիստոսում, որը պիտի գար՝ համաձայն այն խոսքերի, որոնք Բենիամին թագավորն ասել էր նրանց:

4 Եվ Բենիամին թագավորը կրկին բացեց իր բերանը և սկսեց խոսել նրանց հետ՝ ասելով. Իմ ընկերնե՛ր և իմ եղբայրնե՛ր, իմ ցե՛ղ և իմ ժողովո՛ւրդ, ես կրկին կկամենայի ձեր ուշադրությունը հրավիրել, որ դուք կարողանաք լսել և հասկանալ մնացյալ իմ խոսքերը, որ ես պիտի ասեմ ձեզ:

5 Քանզի ահա, եթե Աստծո բարության իմացությունն այս պահին արթնացրել է ձեզ՝ ի զգացումն ձեր ոչնչության, և ձեր արժեզուրկ և ձեր ընկած վիճակի,

6 Ես ասում եմ ձեզ, եթե դուք եկել եք իմացության՝ մարդկանց զավակների հանդեպ Աստծո բարության և նրա անզուգական զորության, նրա իմաստության, նրա համբերության և նրա երկայնամտության մասին. և նաև քավության, որը պատրաստվել է աշխարհի հիմնադրումից ի վեր, որ այդպիսով փրկություն կարողանա գալ նրան, ով կդնի իր վստահությունը Տիրոջ վրա և ջանասեր կլինի նրա պատվիրանները պահելիս, և կշարունակի հավատքով, մինչև իսկ իր կյանքի վերջը՝ ես ի նկատի ունեմ մահկանացու մարմնի կյանքը,

7 Ես ասում եմ, որ սա է այն մարդը, որը ստանում է փրկություն քավության միջոցով, որը պատրաստված էր ողջ մարդկության համար աշխարհի հիմնադրումից սկսած, որոնք երբևէ եղել են Ադամի անկումից ի վեր, կամ որոնք կան, կամ որոնք երբևէ կլինեն, նույնիսկ մինչև աշխարհի վերջը,

8 Եվ սա է այն միջոցը, որով փրկություն է գալիս: Եվ չկա մեկ այլ փրկություն, բացի սրանից, որի մասին խոսվել է. ոչ էլ կան այլ պայմաններ, որոնցով մարդ կկարողանա փրկվել, բացի այն պայմաններից, որոնք ես ասացի ձեզ:

9 Հավատացե՛ք Աստծուն. հավատացե՛ք, որ նա կա, և որ նա ստեղծել է բոլոր բաները՝ և՛ երկնքում, և՛ երկրի վրա. հավատացե՛ք, որ նա ունի բոլոր իմաստությունը և բոլոր զորությունը՝ և՛ երկնքում, և՛ երկրի վրա. հավատացե՛ք, որ մարդ չի ըմբռնում այն բոլոր բաները, որոնք Տերը կարող է ըմբռնել:

10 Եվ դարձյալ, հավատացե՛ք, որ դուք պետք է ապաշխարեք ձեր մեղքերից և թողնեք դրանք և խոնարհեցնեք ձեզ՝ Աստծո առաջ. և սրտի անկեղծությամբ խնդրեք, որ նա ների ձեզ. և այժմ, եթե դուք հավատում եք բոլոր այս բաներին, տեսեք, որ դուք անեք դրանք:

11 Եվ դարձյալ ես ասում եմ ձեզ, ինչպես առաջ եմ ասել, որ եթե դուք եկել եք Աստծո փառքի գիտությանը, կամ, եթե դուք քաջատեղյակ եք նրա բարությանը և ճաշակել եք նրա սիրուց, և ստացել եք մեղքերի թողություն, որն այդպիսի անչափ մեծ ուրախություն է պատճառում ձեր հոգիներին, նմանապես ես կկամենայի, որ դուք հիշեք և միշտ պահեք ձեր հիշողության մեջ Աստծո մեծությունը և ձեր սեփական ոչնչությունը և նրա բարությունն ու երկայնամտությունը ձեր՝ անարժան արարածների հանդեպ, և խոնարհեցնեք ձեզ, մինչև իսկ համեստության խորքերը, կանչելով Տիրոջ անունն ամեն օր և անսասան կանգնելով նրա հավատքում, որը պիտի գա, ինչը խոսվել է հրեշտակի բերանով:

12 Եվ, ահա, ես ասում եմ ձեզ, որ, եթե դուք անեք այս, դուք միշտ կհրճվեք և լցված կլինեք Աստծո սիրով և միշտ կպահպանեք ձեր մեղքերին թողություն. և դուք կաճեք նրա փառքի գիտության մեջ, ով ստեղծել է ձեզ, կամ այն գիտության մեջ, ինչն արդար է և ճշմարիտ:

13 Եվ դուք մեկդ մյուսին վնասելու միտք չեք ունենա, այլ խաղաղությամբ ապրելու և հատուցելու ամեն մարդու՝ ըստ նրա, ինչն իր հասանելիքն է:

14 Եվ դուք չեք հանդուրժի, որ ձեր զավակները քաղցած կամ մերկ շրջեն. ոչ էլ կհանդուրժեք, որ նրանք զանց անեն Աստծո օրենքները, և կռվեն ու վիճեն միմյանց հետ, և ծառայեն դևին, որը մեղքի վարպետն է կամ չար ոգին, որի մասին խոսվել է մեր հայրերի կողմից, որ նա թշնամի է ամենայն արդարության:

15 Բայց դուք կսովորեցնեք նրանց՝ քայլել ճշմարտության և լրջմտության ուղիներով. դուք կսովորեցնեք նրանց՝ սիրել միմյանց և ծառայել մեկմեկու:

16 Եվ նաև դուք ինքներդ կսատարեք նրանց, ովքեր ձեր սատար կանգնելու կարիքն ունեն. դուք կտաք ձեր ստացվածքից նրան, ով կարիք ունի, և դուք չեք հանդուրժի, որ մուրացկանն իզուր դիմի ձեզ խնդրանքով, և դուրս չեք վռնդի, որ նա մեռնի:

17 Գուցե դուք ասեք. Մարդն ինքն է իր վրա բերել իր թշվառությունը. հետևաբար, ես ետ կպահեմ իմ ձեռքը և չեմ տա նրան իմ ուտելիքից, ոչ էլ իմ ստացվածքից նրան բաժին կհանեմ, որ նա չտանջվի, քանզի նրա պատիժներն արդար են,

18 Բայց ես ասում եմ քեզ, ո՛վ մարդ, ով որ անում է այս, նույնը մեծ պատճառ ունի ապաշխարելու. և եթե չի ապաշխարում նրա համար, ինչ արել է, նա կորչում է հավիտյան և բաժին չունի Աստծո արքայության մեջ:

19 Քանզի ահա, մի՞թե մենք բոլորս մուրացկաններ չենք: Մի՞թե մենք բոլորս կախում չունենք նույն Էակից, այսինքն՝ Աստծուց, բոլոր ստացվածքի համար, որ մենք ունենք, թե՛ ուտելիքի և հագուստի համար, թե՛ ոսկու և արծաթի համար և թե՛ բոլոր հարստությունների համար, որ մենք ունենք ամեն տեսակի:

20 Եվ, ահա, հենց այժմ դուք կանչում էիք նրա անունը և մուրում ձեր մեղքերին թողություն: Իսկ նա թույլ տվե՞ց, որ դուք իզուր մուրաք՝ Ո՛չ. նա դուրս թափեց իր Հոգին ձեզ վրա և ուրախությամբ լցրեց ձեր սրտերը և այնպես արեց, որ ձեր բերանները փակվեն, այնպես որ դուք ասելիք չէիք գտնում, այնքան անսահման մեծ էր ձեր ուրախությունը:

21 Եվ արդ, եթե Աստված, որը ստեղծել է ձեզ, որից կախված եք ձեր կյանքի համար և ամենի համար, որ դուք ունեք և կաք, շնորհում է ձեզ ինչ որ խնդրում եք, որը ճիշտ է, հավատքով հավատալով, որ դուք պիտի ստանաք, օ՜հ, ուրեմն որքան պարտավոր եք դուք բաժին հանել մեկդ մյուսին այն ստացվածքից, որ ունեք:

22 Եվ եթե դուք դատում եք մարդուն, որը ստացվածքի համար խնդրանքով դիմում է ձեզ, որ չմեռնի, և դատապարտում եք նրան, որքան շատ ավելի արդար կլինի ձեզ դատապարտել՝ ձեր ստացվածքը ետ պահելու համար, որն իրականում ձեզ չի պատկանում, այլ Աստծուն, որին պատկանում է նաև ձեր կյանքը. և այնուամենայնիվ, դուք ոչ մի խնդրանքով չեք դիմում, ոչ էլ ապաշխարում եք այն բանի համար, որ արել եք:

23 Ես ասում եմ ձեզ, վա՜յ լինի այդ մարդուն, քանզի նրա ստացվածքն իր հետ պիտի կորչի. և արդ, այս բաները ես ասում եմ նրանց, ովքեր հարուստ են, ինչ վերաբերում է այս աշխարհին պատկանող բաներին:

24 Եվ բացի այդ, ես ասում եմ աղքատներին, դո՛ւք, ովքեր չունեք, և սակայն ունեք բավարար, որ կենաք օրեցօր. ես ի նկատի ունեմ բոլորիդ, որ մերժում եք մուրացկանին, որովհետև չունեք, ես կկամենայի, որ դուք ձեր սրտում ասեիք, որ՝ ես չեմ տալիս, որովհետև չունեմ, բայց եթե ունենայի, կտայի:

25 Եվ այժմ, եթե դուք ասեք այս ձեր սրտում, դուք կմնաք անմեղ, այլապես դուք դատապարտված եք. և ձեր դատապարտումն արդար է, քանզի դուք ցանկանում եք այն, ինչը չեք ստացել:

26 Եվ այժմ, հանուն այս բաների, որոնք ես խոսեցի ձեզ համար,– այսինքն՝ հանուն ձեր մեղքերի թողության օրեցօր պահպանման, որպեսզի դուք կարողանաք անմեղ քայլել Աստծո առաջ,– ես կկամենայի, որ դուք բաժին հանեք ձեր ստացվածքից աղքատներին, ամեն մարդ ըստ նրա, ինչ ինքն ունի, ինչպես օրինակ՝ կերակրելով քաղցածին, հագցնելով մերկին, այցելելով հիվանդին և ծառայելով ի սփոփանք նրանց և՛ հոգևորով, և՛ աշխարհիկով՝ նրանց պահանջների համեմատ:

27 Եվ տեսեք, որ բոլոր այս բաներն արվեն իմաստությամբ և կարգով. քանզի հարկավոր չէ, որ մարդ վազի ավելի արագ, քան ինքն ուժ ունի: Եվ բացի այդ, անհրաժեշտ է, որ նա ջանասեր լինի, որ այդպիսով նա կարողանա նվաճել մրցանակը. ուստի, բոլոր բաները պիտի արվեն կարգով:

28 Եվ ես կկամենայի, որ դուք հիշեիք, որ ձեր միջից ով որ պարտք է վերցնում իր հարևանից, պետք է վերադարձնի այն, ինչը պարտք է վերցրել, ինչպես որ նա համաձայնվել է, այլապես դուք մեղք կգործեք. և միգուցե դուք կստիպեք ձեր հարևանին էլ մեղք գործել:

29 Եվ, ի վերջո, ես չեմ կարող ասել ձեզ բոլոր բաները, որոնցով դուք կարող եք մեղք գործել. քանզի կան զանազան ուղիներ և միջոցներ, նույնիսկ այնքան շատ, որ ես չեմ կարող թվել դրանք:

30 Բայց այսքանը ես կարող եմ ասել ձեզ, եթե դուք չհետևեք ինքներդ ձեզ, և ձեր մտքերին, և ձեր խոսքերին, և ձեր արարքներին, և չկատարեք Աստծո պատվիրանները, և չշարունակեք հավատքով առ այն, ինչ լսեցիք մեր Տիրոջ գալստի վերաբերյալ, նույնիսկ մինչև ձեր կյանքի վերջը, դուք պիտի կորչեք: Եվ այժմ, ո՛վ մարդ, հիշիր և մի կորչիր: