Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 20


Բաժին 20

Հայտնություն՝ Եկեղեցու կազմակերպման և կառավարման վերաբերյալ, տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, 1830թ. ապրիլին (History of the Church, 1.64–70): Սկսելով այս հայտնության իր արձանագրումը՝ Մարգարեն գրել է. «Մենք ստացանք նրանից [Հիսուս Քրիստոսից] հետևյալը՝ մարգարեության և հայտնության ոգով. որը ոչ միայն շատ տեղեկություններ տվեց մեզ, այլ նաև ցույց տվեց այն ճշգրիտ օրը, երբ մենք, ըստ նրա կամքի ու պատվիրանի, այստեղ՝ երկրի վրա, ևս մեկ անգամ պետք է սկսեինք կազմակերպել նրա Եկեղեցին» (History of the Church, 1.64):

1–16՝ Մորմոնի Գիրքն ապացուցում է վերջին օրերի աշխատանքի աստվածայնությունը. 17–28՝ Ստեղծման, անկման, քավության և մկրտության մասին վարդապետությունները հաստատվում են. 29–37՝ Ներկայացվում են՝ ապաշխարությունը, արդարացումը, սրբագործումը և մկրտությունը կառավարող օրենքները. 38–67՝ Ամփոփվում են՝ երեցների, քահանաների, ուսուցիչների և սարկավագների պարտականությունները. 68–74՝ Բացահայտվում են անդամների պարտականությունները, երեխաների օրհնությունը և մկրտության եղանակը. 75–84՝ Տրվում են հաղորդության աղոթքները և Եկեղեցու անդամությունը կառավարող կանոնակարգումները:

1 Քրիստոսի Եկեղեցու բարձրանալն այս վերջին օրերին, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի՝ մարմնի մեջ գալստից հազար ութ հարյուր երեսուն տարի անց, այն կանոնավորապես կազմակերպված և հաստատված լինելով մեր երկրի օրենքների համաձայն, Աստծո կամքով և պատվիրաններով, չորրորդ ամսում, և ապրիլ կոչվող ամսվա վեցերորդ օրը,–

2 Պատվիրաններ, որոնք տրվել են Ջոզեֆ Սմիթ կրտսերին, որը կանչվել է Աստծո կողմից և կարգվել Հիսուս Քրիստոսի առաքյալ՝ լինելու այս եկեղեցու առաջին երեցը.

3 Եվ Օլիվեր Քաուդերիին, որը նույնպես Աստծո կողմից կանչվել է Հիսուս Քրիստոսի առաքյալ և կարգվել է նրա ձեռքի տակ՝ լինելու այս եկեղեցու երկրորդ երեցը.

4 Եվ դա՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհի համաձայն, որին լինի ողջ փառքն այժմ և հավիտյան: Ամեն:

5 Հետո, երբ այս առաջին երեցին ճշմարտապես հայտնվել էր, որ նա թողություն է ստացել իր մեղքերից, նա կրկին խճճվել էր աշխարհի ունայնությունների մեջ.

6 Սակայն, հավատքի միջոցով, ապաշխարելուց և անկեղծորեն իրեն խոնարհեցնելուց հետո, Աստված ծառայեց նրան՝ սուրբ հրեշտակի միջոցով, որի դեմքը փայլակի պես էր, և որի հանդերձները մաքուր էին և ճերմակ՝ ամեն ճերմակությունից առավել.

7 Եվ տվեց նրան պատվիրաններ, որոնք ոգեշնչեցին նրան.

8 Եվ նրան ի վերուստ զորություն տվեց՝ թարգմանելու Մորմոնի Գիրքն այն միջոցներով, որոնք նախապես պատրաստվել էին.

9 Որը պարունակում է մի ընկած ժողովրդի հիշատակարան և Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը՝ հեթանոսին, ինչպես նաև հրեային.

10 Որը տրվել է ոգեշնչմամբ, և հրեշտակների սպասավորությամբ հաստատվել է ուրիշներին, և նրանց կողմից հայտարարվել է աշխարհին,–

11 Ապացուցելով աշխարհին, որ սուրբ գրքերը ճշմարիտ են, և որ Աստված ոգեշնչում է մարդկանց և կանչում է նրանց իր սուրբ գործին՝ այս դարաշրջանում և սերնդում, այնպես ինչպես հին սերունդների ժամանակ.

12 Այդպիսով ցույց տալով, որ նա նույն Աստվածն է՝ երեկ, այսօր և հավիտյան: Ամեն:

13 Ուստի, ունենալով այսքան մեծ վկաներ, նրանցով պիտի աշխարհը դատվի, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր այսուհետև իմացության կգան այս գործի վերաբերյալ:

14 Եվ նրանք, ովքեր կընդունեն դա հավատքով և արդարություն կգործեն, կստանան հավերժական կյանքի պսակը.

15 Բայց նրանք, ովքեր կկարծրացնեն իրենց սրտերն անհավատությամբ և կմերժեն այն, այն կդառնա իրենց իսկ դատապարտությունը,–

16 Քանզի Տեր Աստված է ասել դա. և մենք, եկեղեցու երեցներս, լսել և վկայություն ենք բերում բարձրում գտնվող փառավոր Մեծության խոսքերի համար, որին լինի փառքը հավիտյանս հավիտենից: Ամեն:

17 Այս բաներով մենք գիտենք, որ երկնքում կա Աստված, որն անսահման է և հավերժական, հավիտենականությունից հավիտենականություն՝ նույն անփոփոխ Աստվածը, ձևավորողը երկնքի և երկրի և բոլոր բաների, որոնք դրանց մեջ են.

18 Եվ, որ նա ստեղծեց մարդուն՝ արու և էգ. իր իսկ պատկերով և իր իսկ նմանությամբ ստեղծեց նրանց.

19 Եվ տվեց նրանց պատվիրաններ, որ նրանք պետք է սիրեն և ծառայեն իրեն, միակ կենդանի և ճշմարիտ Աստծուն, և որ նա միակ էակը պիտի լինի, որին նրանք պետք է երկրպագեն:

20 Սակայն, այս սուրբ օրենքների օրինազանցությամբ, մարդը դարձավ զգայական և դիվային, և դարձավ ընկած մարդ:

21 Ուստի, Ամենազոր Աստված տվեց իր Միածին Որդուն, ինչպես գրված է սուրբ գրքերում, որոնք տրվել են նրա մասին:

22 Նա կրեց գայթակղություններ, սակայն ուշք չդարձրեց դրանց:

23 Նա խաչվեց, մահացավ և երրորդ օրը կրկին հարություն առավ.

24 Եվ համբարձվեց երկինք, Հոր աջ կողմում նստելու, ամենակարող զորությամբ թագավորելու՝ համաձայն Հոր կամքի.

25 Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր կհավատան ու կմկրտվեն իր սուրբ անունով և հավատքով կհամբերեն մինչև վերջ, պիտի փրկվեն,–

26 Ոչ միայն նրանք, ովքեր հավատացին՝ այն բանից հետո, երբ նա եկավ մարմնի մեջ, ժամանակների գագաթնակետին, այլ բոլոր նրանք, սկզբից ի վեր, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր կային նրա գալստից առաջ, ովքեր հավատացին սուրբ մարգարեների խոսքերին, որոնք խոսել էին Սուրբ Հոգու պարգևով ոգեշնչված, որոնք, ճշմարտապես, վկայել էին նրա մասին բոլոր բաներում, հավերժական կյանք պիտի ունենան,

27 Ինչպես նաև նրանք, ովքեր պիտի գան հետո, ովքեր կհավատան Աստծո պարգևներին և կոչումներին՝ Սուրբ Հոգով, որը վկայում է Հոր մասին և Որդու մասին.

28 Որոնք՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, մեկ Աստված են, անսահման և հավերժական, առանց վերջի: Ամեն:

29 Եվ մենք գիտենք, որ բոլոր մարդիկ պետք է ապաշխարեն և հավատան Հիսուս Քրիստոսի անվանը, և երկրպագեն Հորը՝ նրա անունով, և հավատքով առ նրա անունը համբերեն մինչև վերջ, այլապես նրանք չեն կարող փրկվել Աստծո արքայությունում:

30 Եվ մենք գիտենք, որ արդարացումը, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով, արդար է և ճշմարիտ.

31 Եվ մենք գիտենք նաև, որ սրբագործումը, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով, արդար է և ճշմարիտ, բոլոր նրանց համար, ովքեր սիրում և ծառայում են Աստծուն՝ իրենց ողջ զորությամբ, մտքով և ուժով:

32 Բայց կա հավանականություն, որ մարդ կարող է շնորհից ընկնել և հեռանալ կենդանի Աստծուց.

33 Հետևաբար, թող եկեղեցին զգուշանա և միշտ աղոթի, չլինի թե նա ընկնի գայթակղության մեջ.

34 Այո՛, և նույնիսկ նրանք, ովքեր սրբագործված են, նույնպես թող զգուշանան:

35 Եվ մենք գիտենք, որ այս բաները ճշմարիտ են և Հովհաննեսի հայտնությունների համաձայն է՝ ո՛չ ավելացնելով, ո՛չ էլ պակասեցնելով նրա գրքի մարգարեությունից, սուրբ գրքերից կամ Աստծո այն հայտնություններից, որոնք պիտի գան այսուհետև Սուրբ Հոգու պարգևով ու զորությամբ, Աստծո ձայնով կամ հրեշտակների սպասավորությամբ:

36 Եվ Տեր Աստված է խոսել դրանք. և պատիվ, զորություն և փառք տրվի նրա անվանը, այժմ և ընդմիշտ: Ամեն:

37 Եվ բացի այդ, եկեղեցուն՝ որպես պատվիրան, մկրտության ձևի վերաբերյալ,– Բոլոր նրանք, ովքեր իրենց խոնարհեցնում են Աստծո առաջ և ցանկանում են մկրտվել, և առաջ են գալիս կոտրված սրտով և փշրված հոգով, և եկեղեցու առաջ վկայում են, որ իրենք ճշմարտապես ապաշխարել են իրենց բոլոր մեղքերից և հոժար են իրենց վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը, վճռականություն ունենալով ծառայել նրան մինչև վերջ, և իրենց գործերով ճշմարտապես ցույց են տալիս, որ իրենք ստացել են Քրիստոսի Հոգուց՝ իրենց մեղքերի թողության համար, մկրտությամբ պիտի ընդունվեն իր եկեղեցին:

38 Քրիստոսի եկեղեցու երեցների, քահանաների, ուսուցիչների, սարկավագների և անդամների պարտականությունները,– Առաքյալը երեց է, և նրա կոչումն է՝ մկրտել.

39 Եվ կարգել այլ երեցներ, քահանաներ, ուսուցիչներ և սարկավագներ.

40 Եվ սպասավորել հացը և գինին,– Քրիստոսի մարմնի և արյան խորհրդանիշները,–

41 Եվ եկեղեցու անդամ հաստատել նրանց, ովքեր մկրտվել են, ձեռնադրելով՝ կրակով և Սուրբ Հոգով մկրտության համար՝ համաձայն սուրբ գրքերի.

42 Եվ ուսուցանել, մեկնաբանել, հորդորել, մկրտել և հսկել եկեղեցու վրա.

43 Եվ հաստատել եկեղեցին՝ ձեռնադրելով և Սուրբ Հոգին պարգևելով.

44 Եվ ստանձնել բոլոր ժողովների ղեկավարումը:

45 Երեցները պետք է վարեն ժողովներն ինչպես որ առաջնորդում է Սուրբ Հոգին՝ Աստծո պատվիրանների ու հայտնությունների համաձայն:

46 Քահանայի պարտականությունն է՝ քարոզել, ուսուցանել, մեկնաբանել, հորդորել և մկրտել և հաղորդությունը սպասավորել,

47 Եվ այցելել յուրաքանչյուր անդամի տուն և հորդորել նրանց, որ աղոթեն բարձրաձայն և գաղտնի, և կատարեն ընտանեկան բոլոր պարտականությունները:

48 Եվ նա կարող է նաև կարգել այլ քահանաներ, ուսուցիչներ և սարկավագներ:

49 Եվ նա պետք է ստանձնի ժողովների ղեկավարումը, երբ ոչ մի երեց ներկա չէ.

50 Բայց, երբ երեց կա ներկա, նա միայն պետք է քարոզի, ուսուցանի, մեկնաբանի, հորդորի և մկրտի,

51 Եվ այցելի յուրաքանչյուր անդամի տուն և հորդորի նրանց, որ աղոթեն բարձրաձայն և գաղտնի, և կատարեն ընտանեկան բոլոր պարտականությունները:

52 Բոլոր այս պարտականություններում քահանան պետք է օգնի երեցին, եթե առիթը պահանջում է:

53 Ուսուցչի պարտականությունն է՝ միշտ հսկել եկեղեցու վրա, լինել նրա հետ և ամրապնդել այն.

54 Եվ հետևել, որ եկեղեցում չլինի անօրինություն, ոչ կոպտություն միմյանց հանդեպ, ոչ էլ ստախոսություն, ոչ բամբասանք, ոչ էլ չարախոսություն.

55 Եվ հետևել, որ եկեղեցին հաճախ հավաքվի միասին, և նաև հետևել, որ բոլոր անդամները կատարեն իրենց պարտականությունը:

56 Եվ նա պետք է ստանձնի ժողովների ղեկավարումը՝ երեցի և քահանայի բացակայության դեպքում,–

57 Եվ միշտ, եկեղեցական իր բոլոր պարտականություններում, պետք է օժանդակվի սարկավագների կողմից, եթե առիթը պահանջում է:

58 Սակայն ո՛չ ուսուցիչները, ո՛չ էլ սարկավագները մկրտելու, հաղորդությունը սպասավորելու կամ ձեռնադրելու իշխանություն չունեն.

59 Այնուամենայնիվ, նրանք պետք է զգուշացնեն, մեկնաբանեն, հորդորեն և ուսուցանեն և բոլորին հրավիրեն գալ Քրիստոսի մոտ:

60 Ամեն մի երեց, քահանա, ուսուցիչ կամ սարկավագ պետք է կարգվի իր համար Աստծո պարգևների և կոչումների համաձայն. և նա պետք է կարգվի Սուրբ Հոգու զորությամբ, որը նրա մեջ է, ով կարգում է իրեն:

61 Քրիստոսի այս եկեղեցին կազմող առանձին երեցները պետք է համաժողովի հավաքվեն՝ երեք ամիսը մեկ անգամ, կամ ժամանակ առ ժամանակ, ինչպես նշված համաժողովները կորոշեն կամ կնշանակեն.

62 Եվ նշված համաժողովները պետք է կատարեն եկեղեցական բոլոր գործերը, որոնք անհրաժեշտ է կատարել այդ ժամանակ:

63 Երեցները պետք է ստանան իրենց արտոնագրերն այլ երեցներից, այն եկեղեցու քվեով, որին իրենք պատկանում են, կամ համաժողովներից:

64 Յուրաքանչյուր քահանա, ուսուցիչ կամ սարկավագ, որը կարգվել է քահանայի կողմից, այդ ժամանակ կարող է նրանից վկայագիր վերցնել, վկայագիր, որը երբ ներկայացվի մի երեցի, նրան իրավունք կտա արտոնագրի, ինչը նրան կլիազորի՝ կատարելու իր կոչման պարտականությունները, կամ էլ նա կարող է դա ստանալ համաժողովից:

65 Ոչ ոք չպետք է կարգվի որևէ պաշտոնի այս եկեղեցում, որտեղ որ գոյություն ունի նույնի կանոնավորապես կազմակերպված ճյուղ, առանց այդ եկեղեցու քվեարկության.

66 Սակայն նախագահող երեցները, ճամփորդող եպիսկոպոսները, բարձրագույն խորհրդականները, քահանայապետերը և երեցները կարող են ունենալ կարգելու առանձնաշնորհը, որտեղ չկա եկեղեցու ճյուղ, որ հնարավոր լինի քվեարկություն պահանջել:

67 Բարձրագույն քահանայության ամեն մի նախագահ (կամ նախագահող երեց), եպիսկոպոս, բաձրագույն խորհրդական և քահանայապետ պետք է կարգվի բարձրագույն խորհրդի կամ գերագույն համաժողովի ղեկավարությամբ:

68 Անդամների պարտականությունները մկրտությամբ ընդունվելուց հետո,– Երեցները կամ քահանաները պետք է բավականաչափ ժամանակ ունենան՝ նրանց հասկացողության համար բացատրել բոլոր բաները Քրիստոսի եկեղեցու վերաբերյալ, նախքան նրանք կճաշակեն հաղորդությունից և կհաստատվեն՝ երեցների ձեռնադրմամբ, այնպես որ բոլոր բաները հնարավոր լինի անել կարգով:

69 Եվ անդամներն աստվածային քայլերով ու հաղորդակցությամբ պիտի ցույց տան եկեղեցուն, և նաև երեցներին, որ իրենք արժանի են դրան, որպեսզի գործերը և հավատքը լինեն սուրբ գրքերի համաձայն՝ սրբությամբ քայլելով Տիրոջ առաջ:

70 Քրիստոսի եկեղեցու ամեն մի անդամ՝ ունենալով երեխաներ, պետք է նրանց բերի երեցների մոտ, եկեղեցու առաջ, որոնք պետք է իրենց ձեռքերը դնեն նրանց վրա՝ Հիսուս Քրիստոսի անունով, և օրհնեն նրանց՝ նրա անունով:

71 Ոչ ոք չի կարող ընդունվել Քրիստոսի եկեղեցի, մինչև չհասնի Աստծո առաջ պատասխանատվության տարիքի և ենթակա լինի ապաշխարության:

72 Մկրտությունը պետք է կատարվի, բոլոր նրանց համար, ովքեր ապաշխարում են, հետևյալ ձևով,–

73 Անձը, որը կոչված է Աստծուց և մկրտելու իշխանություն ունի Հիսուս Քրիստոսի կողմից, պետք է ջրի մեջ մտնի այն անձի հետ, որն իրեն ներկայացրել է մկրտության համար, և պետք է ասի՝ կոչելով նրան անունով. Լիազորված լինելով Հիսուս Քրիստոսի կողմից, ես մկրտում եմ քեզ անունով Հոր և Որդու և Սուրբ Հոգու: Ամեն:

74 Այնուհետև, նա պետք է ընկղմի նրան ջրի մեջ և կրկին դուրս բերի ջրից:

75 Նպատակահարմար է, որ եկեղեցին հաճախ հավաքվի՝ ճաշակելու հացից և գինուց՝ ի հիշատակ Տեր Հիսուսի.

76 Եվ երեցը կամ քահանան պետք է այն սպասավորեն. և այս ձևով պետք է նրանք սպասավորեն այն,– նա պետք է ծնկի իջնի եկեղեցու հետ և կանչի առ Հայրը հանդիսավոր աղոթքով՝ ասելով.

77 Ո՜վ Աստված, Հա՛յր Հավերժական, խնդրում ենք քեզ, քո Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով, օրհնիր և սրբացրու այս հացը բոլոր նրանց հոգիների համար, ովքեր ճաշակում են այն, որ նրանք կարողանան ուտել, ի հիշատակ Որդուդ մարմնի, և վկայեն քեզ, ո՜վ Աստված, Հա՛յր Հավերժական, որ նրանք հոժար են իրենց վրա վերցնել անունը քո Որդու և միշտ հիշել նրան և պահել նրա պատվիրանները, որոնք նա տվել է իրենց. որպեսզի նրանք նրա Հոգին միշտ իրենց հետ ունենան: Ամեն:

78 Գինին սպասավորելու ձևը,– նա նաև պետք է վերցնի գավաթը և ասի.

79 Ո՜վ Աստված, Հա՛յր Հավերժական, խնդրում ենք քեզ, քո Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով, օրհնիր և սրբացրու այս գինին բոլոր նրանց հոգիների համար, ովքեր ըմպում են այն, որ նրանք կարողանան անել այդ, ի հիշատակ Որդուդ արյան, որ հեղվել է իրենց համար. որ նրանք կարողանան վկայել քեզ, ո՜վ Աստված, Հա՛յր Հավերժական, որ նրանք միշտ հիշում են նրան, որպեսզի նրանք նրա Հոգին իրենց հետ ունենան: Ամեն:

80 Քրիստոսի եկեղեցու օրինազանցող կամ ինչ-որ սխալի մեջ բռնված անդամի հետ պետք է վարվել, ինչպես սուրբ գրքերն են ուղղորդում:

81 Քրիստոսի եկեղեցին կազմող առանձին եկեղեցիների պարտականությունը կլինի՝ իրենց ուսուցիչներից մեկին կամ երկուսին ուղարկել՝ հաճախելու եկեղեցու երեցների կողմից անցկացվող տարբեր համաժողովները,

82 Նախորդ համաժողովից ի վեր եկեղեցուն միավորված առանձին անդամների անունների ցուցակով. կամ էլ ուղարկել ինչ-որ քահանայի ձեռքով. այնպես որ հնարավոր լինի ամբողջ եկեղեցու բոլոր անունների կանոնավոր ցուցակ պահել մի գրքում, երեցներից մեկի կողմից, ում որ մյուս երեցները կնշանակեն ժամանակ առ ժամանակ.

83 Եվ նաև, եթե ինչ-որ մեկը հեռացվել է եկեղեցուց՝ այնպես որ նրանց անունները հնարավոր լինի ջնջել անունների եկեղեցական ընդհանուր գրանցումից:

84 Բոլոր անդամները, այն եկեղեցուց տեղափոխվելիս, որտեղ իրենք բնակվում են, եթե գնում են եկեղեցի, որտեղ նրանց չեն ճանաչում, կարող են վերցնել վկայող մի նամակ, որ նրանք կանոնավոր անդամներ են և լավ դիրքում են, մի վկայագիր, որը կարող է ստորագրվել որևէ երեցի կամ քահանայի կողմից, եթե նամակ ստացողն անձամբ ծանոթ է երեցի կամ քահանայի հետ, կամ էլ այն կարող է ստորագրվել եկեղեցու ուսուցիչների կամ սարկավագների կողմից: