Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 31


Բաժին 31

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով Թոմաս Բ. Մարշին, 1830թ. սեպտեմբերին (History of the Church, 1.115–117): Առիթը եղավ Եկեղեցու համաժողովից անմիջապես հետո (տե՛ս 30-րդ բաժնի նախադրությունը): Թոմաս Բ. Մարշը մկրտվել էր ավելի վաղ, այդ ամսում, և Եկեղեցում երեց էր կարգվել նախքան այս հայտնության տրվելը:

1–6՝ Թոմաս Բ. Մարշը կանչվում է՝ քարոզելու ավետարանը և երաշխավորվում է իր ընտանիքի բարօրության կապակցությամբ. 7–13՝ Նրան խորհուրդ է տրվում համբերող լինել, միշտ աղոթել և հետևել Մխիթարիչին:

1 Թոմաս, որդի՛ս, օրհնյալ ես դու իմ գործի հանդեպ քո հավատքի համար:

2 Ահա, դու շատ չարչարանքներ ես կրել ընտանիքիդ պատճառով, այնուամենայնիվ, ես կօրհնեմ քեզ և ընտանիքդ, այո՛, քո փոքրիկներին. և գալիս է օրը, որ նրանք կհավատան և կիմանան ճշմարտությունը, և մեկ կլինեն քեզ հետ իմ եկեղեցում:

3 Բարձրացրու սիրտդ և ցնծա, քանզի քո առաքելության ժամը եկել է. և լեզուդ պիտի արձակվի, և դու մեծ ուրախության ավետիք պիտի հայտարարես այս սերնդին:

4 Դու պիտի հայտարարես այն բաները, որոնք հայտնվել են իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերին: Այս ժամանակից ի վեր դու պիտի սկսես քարոզել, այո՛, հնձել արտը, որը սպիտակել է՝ այրվելուն հասել:

5 Հետևաբար, գցիր մանգաղդ քո ողջ հոգով, և մեղքերդ ներված են քեզ, և քո մեջքը բեռնված պիտի լինի որաներով, քանզի մշակն արժանի է իր վարձքին: Ուստի, ընտանիքդ պիտի ապրի:

6 Ահա, ճշմարիտ ասում եմ քեզ, հեռացիր նրանց մոտից միայն մի փոքր ժամանակով, և հայտարարիր իմ խոսքը, և ես տեղ կպատրաստեմ նրանց համար:

7 Այո՛, ես կբացեմ մարդկանց սրտերը, և նրանք կընդունեն քեզ: Եվ ես մի եկեղեցի կհաստատեմ քո ձեռքով.

8 Եվ դու պիտի ամրապնդես և նախապատրաստես նրանց՝ այն ժամանակի համար, երբ նրանք պիտի հավաքվեն:

9 Համբերող եղիր չարչարանքների մեջ, մի անարգիր նրանց, ովքեր անարգում են քեզ: Հեզությամբ կառավարիր քո տունը և հաստատուն եղիր:

10 Ահա, ես ասում եմ քեզ, որ դու պետք է լինես բժիշկ՝ եկեղեցու համար, բայց ոչ աշխարհի համար, քանզի նրանք չեն ընդունի քեզ:

11 Գնա քո ճանապարհով, որով ես կամենում եմ, և Մխիթարիչի կողմից կտրվի քեզ, թե ինչ պիտի անես, և ուր պիտի գնաս:

12 Միշտ աղոթիր՝ չլինի թե ընկնես գայթակղության մեջ և կորցնես քո վարձքը:

13 Հավատարիմ եղիր մինչև վերջ, և տե՛ս, ես քեզ հետ եմ: Այս խոսքերը մարդուց չեն, ոչ էլ մարդկանցից, այլ ինձանից են, այսինքն՝ Հիսուս Քրիստոսից, քո Քաիչից՝ Հոր կամքով: Ամեն: