Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 8


Բաժին 8

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Օլիվեր Քաուդերիին, Հարմոնիում, Պենսիլվանիա, 1829թ. ապրիլին (History of the Church, 1.36–37): Մորմոնի Գրքի թարգմանության ընթացքում, Օլիվերը, որը շարունակում էր ծառայել որպես դպիր, գրելով Մարգարեի թելադրանքով, ցանկացավ օժտվել թարգմանության պարգևով: Տերը պատասխանեց նրա աղաչանքին՝ շնորհելով այս հայտնությունը:

1–5՝ Հայտնությունը գալիս է Սուրբ Հոգու զորությամբ. 6–12՝ Աստծո խորհուրդների մասին իմացությունը և հնադարյան հիշատակարանների թարգմանության զորությունը գալիս է հավատքով:

1 Օլիվեր Քաուդերի, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, որ հաստատապես, ինչպես կենդանի է Տերը, որը քո Աստվածն է ու քո Քավիչը, ճիշտ այդպես, հաստատ, դու կստանաս իմացություն, ինչ բաների վերաբերյալ էլ որ դու խնդրես հավատքով, ազնիվ սրտով, հավատալով, որ դու իմացություն կստանաս փորագրությունների վերաբերյալ՝ հին հիշատակարանների, որոնք հնադարյան են, որոնք պարունակում են իմ սուրբ գրքերի այն մասերը, որոնց մասին ասվեց իմ Հոգու հայտնությամբ:

2 Այո՛, ահա, ես կասեմ քեզ քո մտքում և քո սրտում, Սուրբ Հոգով, որը կիջնի քո վրա և որը կմնա քո սրտում:

3 Արդ, ահա, սա է հայտնության ոգին. ահա, սա է այն ոգին, որով Մովսեսն Իսրայելի զավակներին դուրս բերեց Կարմիր ծովի միջով, չոր գետնի վրայով:

4 Ուստի սա է քո պարգևը. դիմիր դրան, և օրհնված ես դու, քանզի այն կազատի քեզ քո թշնամիների ձեռքից, մինչդեռ, եթե այդպես չլիներ, նրանք կսպանեին քեզ ու կործանման կբերեին քո հոգին:

5 Օ՜, հիշիր այս խոսքերը և պահիր իմ պատվիրանները: Հիշիր, սա է քո պարգևը:

6 Արդ, դա քո միակ պարգևը չէ. քանզի դու ունես ևս մեկ պարգև, որն Ահարոնի պարգևն է. ահա, այն շատ բաներ է ասել քեզ.

7 Ահա, չկա որևէ այլ զորություն, բացի Աստծո զորությունից, որը կարող է պատճառել, որ Ահարոնի այս պարգևը լինի քեզ հետ:

8 Ուստի, մի կասկածիր, քանզի դա Աստծո պարգևն է. և դու պետք է բռնես այն քո ձեռքերում և կատարես զարմանալի գործեր. և ոչ մի զորություն ի վիճակի չի լինի վերցնել այն քո ձեռքերից, քանզի դա Աստծո գործն է:

9 Եվ, հետևաբար, ինչ էլ որ դու խնդրես ինձ ասել քեզ այդ միջոցով, ես քեզ կշնորհեմ այն, և դու իմացություն կունենաս դրա վերաբերյալ:

10 Հիշիր, որ առանց հավատքի դու ոչինչ չես կարող անել. ուստի, հավատքով խնդրիր: Կատակ մի արա այդ բաների հետ. մի խնդրիր այն, ինչ դու չպետք է խնդրես:

11 Խնդրիր, որ դու կարողանաս իմանալ Աստծո խորհուրդները, և որ դու կարողանաս թարգմանել և գիտելիք ստանալ այն բոլոր հնադարյան հիշատակարաններից, որոնք թաքցված էին, որոնք սրբազան են. և քեզ համար կկատարվի՝ համաձայն քո հավատքի:

12 Ահա, այդ ես եմ, որ ասել եմ դա. և ես այն նույնն եմ, որ սկզբից քեզ հետ խոսել է: Ամեն: