Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 85


Բաժին 85

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1832թ. նոյեմբերի 27-ին (History of the Church, 1.298–299): Այս բաժինը մի հատված է Մարգարեի նամակից՝ ուղղված Վ.Վ. Ֆելփսին, որն ապրում էր Ինդիփենդենսում, Միսսուրի: Այն գրվել էր ի պատասխան հարցերի, որոնք կապված էին այն Սրբերի հետ, որոնք տեղափոխվել էին Սիոն, բայց որոնք չէին ստացել իրենց ժառանգությունը՝ համաձայն Եկեղեցում հաստատված կարգի:

1–5՝ Սիոնում ժառանգությունները ստացվելու են նվիրաբերման միջոցով. 6–12՝ Հզոր և զորավոր մի մարդ Սրբերին կտա իրենց ժառանգությունը Սիոնում:

1 Տիրոջ գործավարի պարտականությունն է, որին նա նշանակել է, պատմություն և ընդհանուր եկեղեցական գրանցում վարել, այն բոլոր բաների վերաբերյալ, որոնք տեղի են ունենում Սիոնում, և բոլոր նրանց մասին, ովքեր սեփականություն են նվիրաբերում և օրինական ձևով ժառանգություն են ստանում եպիսկոպոսից.

2 Եվ նաև նրանց ապրելակերպի, նրանց հավատքի և գործերի. և նաև ուրացողների, ովքեր ուրացել են՝ իրենց ժառանգությունները ստանալուց հետո:

3 Աստծո կամքին և պատվիրանին հակառակ է, որ Աստծո ժողովրդի թվում իրենց անունները գրված ունենան նրանք, ովքեր չեն ստանում իրենց ժառանգությունը նվիրաբերումով, համաձայն իր օրենքի, որը նա տվել է, որ կարողանա տասանորդել իր ժողովրդին, որպեսզի նրանց նախապատրաստի վրեժխնդրության և այրման օրվա համար:

4 Ոչ էլ պետք է պահել նրանց տոհմաբանությունը կամ ունենալ, որ այն լինի եկեղեցու պատմության որևէ գրանցումներում:

5 Ո՛չ նրանց անունները, ո՛չ նրանց հայրերի, ո՛չ էլ երեխաների անունները, չպետք է Աստծո օրենքի գրքում գրված լինեն, ասում է Զորաց Տերը:

6 Այո՛, այսպես է ասում մեղմ հանդարտ ձայնը, որը շշնջում է և թափանցում բոլոր բաների միջով, և հաճախ այն սարսռեցնում է ոսկորներս, երբ հայտնում է՝ ասելով.

7 Եվ կլինի այնպես, որ ես՝ Տեր Աստվածս, կուղարկեմ հզոր և զորավոր մի մարդու, իշխանության գայիսոնը ձեռքին, լույս հագած՝ որպես զգեստ, ում բերանը կարտաբերի խոսքեր՝ հավերժական խոսքեր. մինչդեռ, նրա որովայնը կլինի ճշմարտության աղբյուր, որ կարգի դնի Աստծո տունը, և բաժին առ բաժին կարգավորի այն սրբերի ժառանգությունները, որոնց անունները և իրենց հայրերի ու իրենց զավակների անունները գրված կլինեն Աստծո օրենքի գրքում.

8 Մինչդեռ այն մարդը, որը կանչված ու նշանակված է եղել Աստծուց, որն իր ձեռքը մեկնում է՝ Աստծո տապանակը պահելու, պիտի ընկնի մահվան նետից, ինչպես մի ծառ, որը զարկվում է վառ կայծակի նետից:

9 Եվ բոլոր նրանք, ովքեր գրված չեն լինի հիշատակի գրքում, ժառանգություն չեն գտնի այն օրը, այլ կտոր-կտոր կարվեն, և նրանց բաժինն անհավատների հետ կնշանակվի, որտեղ կլինի լացն ու ատամների կրճտոցը:

10 Այս բաները ես ասում եմ ոչ ինձանից. ուստի, ինչպես որ Տերն ասում է, այնպես էլ նա կանի:

11 Եվ նրանք, ովքեր Բարձրագույն Քահանայությունից են, որոնց անունները գրված չեն լինի օրենքի գրքում, կամ որոնք ուրացած են կամ եկեղեցուց կտրված, ինչպես նաև փոքրագույն քահանայությունը կամ անդամները, այն օրը ժառանգություն չեն գտնի Բարձրյալի սրբերի մեջ.

12 Հետևաբար, նրա հետ պետք է վարվեն, ինչպես այն քահանայի երեխաների հետ, որն արձանագրված է Եզրասի երկրորդ գլխի վաթսունմեկ և վաթսուներկու հատվածներում: