Հավատք փրկության աշխատանքում


Նախքան իմ խոսքը կուղղեմ ձեզ, թույլ տվեք առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել ձեր դրսևորած բարյացակամության համար այս դժվար պահին` իմ սիրելի կնոջ Ֆրենսիսի մահվան կապակցությամբ: Ես զորացա և ուժ ստացա, զգալով ձեր սերը և ինձ համար ասված ձեր աղոթքները:

Քույր Մոնսոնի և ինձ համար միսիոներական աշխատանքը միշտ եղել է մեր սրտի և կյանքի մի մասը: Մենք նորապսակներ էինք, երբ ես կանչվեցի Սոլթ Լեյք Սիթիի հին վեցերորդ-յոթերորդ ծխի եպիսկոպոս, որը հազարութսուն անդամ ունեցող ծուխ էր: Ծխում կային քիչ ակտիվ անդամներ, և Քույր Մոնսոնը միշտ աջակցում և քաջալերում էր, երբ իմ խորհրդականների հետ այցելում էինք այդ թանկագին անդամներին և աշխատում էինք նրանց կրկին ակտիվ դարձնել:

Մի քանի տարի անց, ես կանչվեցի ծառայելու որպես Կանադայի Միսիայի նախագահ: Մեկ ամսից Քույր Մոնսոնի հետ, որն այդ ժամանակ հղի էր, թողեցինք մեր նորակառույց տունը, և մեր երկու փոքրիկների հետ տեղափոխվեցինք Տորոնտո, Օնտարիո, Կանադա, որտեղ միսիոներական աշխատանքը դարձավ հաջորդ երեք տարիների մեր կյանքը:

Կուզենայի հաստատել այն ամենը, ինչ ասվեց այսօր այստեղ: Ես վկայում եմ ձեզ, որ դուք կօրհնվեք, եթե հետևեք ձեզ տրված խորհրդին:

Սուրբ գրություններում չենք կարող գտնել առավել տեղին հայտարարություն, առավել պարտավորեցնող պատասխանատվություն, առավել պարզ հրահանգ, քան պատվիրանը, որ հարություն առած Տերը տվեց տասնմեկ աշակերտներին, երբ հայտնվեց Գալիլեայում: Նա ասաց. «Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, նորանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթեոս 28.19): Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է. «Այն ամենից հետո, ինչ ասվել է, ավետարանը քարոզելը մեծագույն և ամենակարևոր պարտականությունն է»: Այստեղ գտնվող ձեզանից ոմանք դեռևս կհիշեն Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյի հայտնի խոսքերը. «Յուրաքանչյուր անդամ միսիոներ է»: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին մեզ ասել է. «Մեզանից շատերն են միսիոներական աշխատանքին նայում որպես պարզապես դռնից-դուռ գնալու: Այս աշխատանքին ծանոթ ամեն ոք գիտի, որ կա ավելի լավ ուղի. իսկ դա Եկեղեցու անդամների միջոցով է»:

Նրանց խոսքերին ավելացնում եմ իմը՝ Այժմ է ժամանակը, որպեսզի անդամներն ու միսիոներները համատեղ տքնեն Տիրոջ այգում` հոգիներ բերելով Նրա մոտ: Նա պատրաստել է միջոցներ մեզ համար, որպեսզի բազում եղանակներով կիսվենք ավետարանով: Իսկ եթե հավատքով կատարենք Իր աշխատանքը, Նա կաջակցի մեզ մեր ջանքերում:

Կանադայի միսիայում Քույր Մոնսոնի հետ ծառայելու ընթացքում մենք Կանադական Սրբերի խորը հավատքի ականատեսը եղանք, որն ամրացրեց մեզ: Այս տեսահոլովակը ցուցադրում է մեր միսիայի անդամների և միսիոներների հավատքն ու գործերը, ովքեր ապրում և աշխատում էին Սենտ Թոմասում:

Հավատքի ևս մեկ ապացույց տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ես առաջին անգամ այցելեցի միսիայի Սուրբ Թոմաս ճյուղ, որը գտնվում էր Տորոնտոյից մոտ 120 մղոն հեռու: Կինս և ես հրավիրվեցինք մասնակցելու ճյուղի հաղորդության ժողովին և մեր խոսքը հղելու տեղի անդամներին: Երբ մեքենան վարում էինք ժամանակակից բարձրակարգ ճանապարհով, մենք տեսանք տարբեր եկեղեցիների շենքեր, և մտածում էինք, թե դրանցից որ մեկն էր մերը: Ոչ մեկն էլ չէր: Մենք գնացինք մեզ տրված հասցեով և տեսանք, որ այն գտնվում էր մի խարխուլ տնակում: Մեր ճյուղը հավաքվում էր այդ տան նկուղային սրահում և բաղկացած էր մոտ 25 անդամներից, որոնցից 12 էին ներկա: Նույն անձինք էին ժողովը վարում, հաղորդությունն օրհնում և բաժանում, աղոթքներն ասում և օրհներգերն երգում:

Ծառայությունների ավարտին ճյուղի նախագահը` Իրվինգ Վիլսոնը, խնդրեց, որ հանդիպենք: Այդ հանդիպման ժամանակ նա ինձ տվեց Improvement Era-ի համարը, որն այսօրվա Ensign ամսագրի նախակարապետն էր: Ցույց տալով Ավստրալիայի մեր հավաքատներից մեկի՝ մի նոր հավաքատան նկարը, Նախագահ Վիլսոնն ասաց. «Ահա այսպիսի շենք է մեզ հարկավոր այստեղ` Սենտ Թոմասում»:

Ես ժպտացի և պատասխանեցի. «Երբ մենք բավականաչափ անդամներ կունենանք այստեղ, որը կարդարացնի նման կառույցի գոյությունը և կվճարի դրա համար, վստահ եմ, որ մենք կունենանք նման կառույց»: Այդ ժամանակ, տեղի անդամներից պահանջվել էր, որպեսզի 30 տոկոսով ավել վճարեին տարածքի և տան համար, բացի իրենց տասանորդից և այլ նվիրատվություններից:

Նախագահ Վիլսոնը հակադարձեց. «Մեր երեխաները մեծանում են: Մեզ պետք է այդ շենքը և հենց հիմա»:

Ես նրանց քաջալերեցի, որ անձնական ջանքերը ներդնելով անդամների թիվն ավելացնեն` ընկերակցելով և ուսուցանելով: Եղբայրներ և քույրեր, արդյունքը հավատքի դասական օրինակ է` ջանքերով զուգորդված և վկայությամբ պսակված:

Նախագահ Վիլսոնը խնդրեց, որ վեց միսիոներներ ևս նշանակվեին Սենտ Թոմաս քաղաքում: Դրանից հետո նա կանչեց միսիոներներին իր զարդերի փոքր խանութի ետևի սենյակ, որտեղ նրանք ծնկի եկան խոնարհ աղոթքով: Աղոթքից հետո նա մի երեցի խնդրեց իրեն տալ կողքի սեղանի վրա դրված դեղին էջերով հեռախոսային տեղեկատուն: Նախագահ Վիլսոնը վերցրեց գիրքը և սկսեց զննել այն. «Եթե ցանկանում ենք մեր երազանքի շենքն ունենալ Սենտ Թոմասում, պետք է որ Վերջին Օրերի Սուրբ նախագծի այն: Քանի որ մեր անդամների մեջ չունենք ճարտարապետ, պետք է պարզապես մի ճարտարապետի դարձի բերենք»: Ճարտարապետների ցուցակի վրայով մատը սահեցնելով, նա կանգ առավ մի անվան վրա և ասաց. «Ահա, այս մեկին մենք կհրավիրենք իմ տուն լսելու Վերականգնման ուղերձը»:

Նախագահ Վիլսոնը նույն ձևով ընտրեց փականագործների, էլեկտրիկների և տարատեսակ արհեստավորների: Նա չանտեսեց այլ մասնագետներին, ցանկանալով ունենալ առավել հավասարակշռված ճյուղ: Մարդիկ հրավիրվեցին իր տուն հանդիպելու միսիոներներին. ճշմարտությունն ուսուցանվեց, վկայություններ բերվեցին և արդյունքում դարձ տեղի ունեցավ: Այդ նոր մկրտվածներն, արդեն իրենք շարժվելով նույնկերպ` հրավիրեցին մյուսներին լսելու ուղերձը: Այդ ընթացակարգը շարունակվեց շաբաթ առ շաբաթ, ամիս առ ամիս:

Սենտ Թոմաս ճյուղում վիթխարի աճ գրանցվեց: Երկուսուկես տարում հողատարածք ձեռք բերվեց, գեղեցիկ շինություն կառուցվեց և ոգեշնչված երազանքն իրականություն դարձավ: Այսօր այդ ճյուղը Սիոնի ցցի ծաղկուն ծուխ է:

Երբ խորհում եմ Սենտ Թոմաս քաղաքի մասին, ես տեսնում եմ ոչ թե ծխի հարյուրավոր անդամներ և տասնյակ ընտանիքներ, այլ հիշում եմ սակավաթիվ 12 հոգանոց հաղորդության ժողովը տնակի նկուղային սրահում և Տիրոջ խոստումը. «Ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած լինին` ես այնտեղ նրանց մեջ եմ» (Մատթեոս 18.20):

Այդ նյութի տեսագրությունից հետո շատ տարիներ են անցել: Ձայնը, որ լսեցիք, երիտասարդ էր, իսկ հավատքի սկզբունքը, ինչ վերաբերում է միսիոներական աշխատանքին, նույնքան ճշմարիտ է այսօր, որքան կես դար առաջ՝ Սենտ Թոմաս ճյուղում:

Ես վկայում եմ, որ եթե գործենք հավատքով, Տերը ցույց կտա մեզ, ինչպես ամրացնենք Իր Եկեղեցու ծխերն ու ճյուղերը, որտեղ մենք ապրում ենք: Նա կլինի մեզ հետ և կդառնա մեր ակտիվ զուգընկերը միսիոներական աշխատանքում:

Ծխերում և ցցերում միսիոներների թվի ավելանալու հետ մեկտեղ ես հորդորում եմ ձեզ գործադրել ձեր հավատքը, ինչպես Նախագահ Վիլսոնը Սենտ Թոմասում, և աղոթքով խորհել, թե ձեր ընտանիքից, ընկերներից, հարևաններից և ծանոթներից ում կուզենայիք հրավիրել ձեր տուն հանդիպելու միսիոներներին, որպեսզի նրանք լսեին Վերականգնման ուղերձը: Ինչպես եղավ Սենտ Թոմասում, Տերը կսրբագործի ձեր ջանքերը, և դուք ձեր կարողությունից վեր ուժ կստանաք՝ բարձրացնելու և օրհնելու մյուսների կյանքը:

Թող որ մեր Երկնային Հոր զավակներին` մեր եղբայրներին և քույրերին, փրկելու մեր սուրբ պարտականության մեջ միշտ ավելացնենք մեր հավատքն ու հավատարմությունը: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: