2000–2009 թթ․
Երկու սկզբունք ցանկացած տնտեսության համար
Հոկտեմբեր 2009


Երկու սկզբունք ցանկացած տնտեսության համար

Հաճախ դժվարին փորձության ժամին մենք սովորում ենք այն ամենակարևոր դասերը, որոնք ձևավորում են մեր բնավորությունն ու մեր ճակատագիրը:

Մեր ճամփորդությունների ընթացքում, այցելելով ողջ աշխարհով մեկ սփռված Եկեղեցու անդամներին, ինչպես նաև քահանայության հաստատված միջոցներով մենք տեղեկություններ ենք ստանում մեր անդամների պայմանների և դժվարությունների վերաբերյալ: Տարիներ շարունակ մեր անդամներից շատերը տուժել են համաշխարհային աղետներից՝ թե՛ բնական, թե՛ արհեստածին: Մենք հասկանում ենք նաև, որ շատ ընտանիքներ հաճախ ստիպված են եղել կրճատել ծախսերը և այժմ մտահոգված են, որ կրկին ստիպված են դիմակայել այս դժվարին ժամանակներին:

Եղբայրնե՛ր, հիմա մենք իսկապես շատ մոտ ենք զգում ձեզ: Մենք սիրում ենք ձեզ և միշտ աղոթում ենք ձեզ համար: Իմ կյանքում ես բավականաչափ վերելքներ ու անկումներ եմ տեսել, որպեսզի հասկանամ, որ ձմեռն, անկասկած, տեղի է տալու տաք ու հույսով լի նոր գարնանը: Ապագայի հանդեպ ես լավատեսորեն եմ տրամադրված։ Եղբայրնե՛ր, մենք պետք է հաստատուն մնանք հույսի մեջ, աշխատենք մեր ողջ ուժով և ապավինենք Աստծուն:

Վերջերս ես հիշում էի իմ կյանքի մի ժամանակահատված, երբ անորոշ ապագայի նկատմամբ անհանգստության և մտահոգության բեռը անվերջ էր թվում: Ես 11 տարեկան էի և ընտանիքիս հետ ապրում էի Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի մերձակայքում գտնվող մի գյուղական տնակի ձեղնահարկում: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում մենք երկրորդ անգամ փախստական դարձանք և պայքարում էինք նոր բնակավայրում հաստատվելու համար, որը շատ հեռու էր մեր նախորդ տնից: Կարելի է ասել, որ մեղմ ասած, մենք աղքատ էինք: Մենք բոլորս քնում էինք մի սենյակում, որն այնքան փոքր էր, որ տեղ չկար անգամ մահճակալների շուրջը քայլելու համար: Մյուս փոքր սենյակում ունեինք մի քանի կտոր համեստ կահույք և մի վառարան, որի վրա մայրիկս կերակուր էր պատրաստում: Մի սենյակից մյուսը գնալու համար մենք ստիպված էինք անցնել պահեստային տարածքով, որտեղ ֆերմերը պահում էր իր սարքավորումները և գործիքները, ինչպես նաև գերաններից կախված մսեղենի ու երշիկեղենի տեսականին: Այդ հոտը իմ մոտ միշտ քաղց էր առաջացնում: Մենք բաղնիք չունեինք, բայց ունեինք արտաքնոց, որը գտնվում էր դրսում՝ տնից 15 մետր հեռավորության վրա, չնայած ձմռանը շատ ավելի հեռու էր թվում:

Քանի որ ես փախստական էի, իմ արևելագերմանական առոգանության պատճառով ուրիշ երեխաները հաճախ ծաղրում էին ինձ և անվանում խորապես վիրավորական անուններով: Կարծում եմ, դա իմ պատանեկության տարիների հիշողություններում ամենից հուսահատեցնող հանգամանքն էր:

Այժմ, տասնամյակներ անց, ես այդ օրերը հիշում եմ իմ փորձառությունից ձեռք բերված հասկացողության շնորհիվ: Չնայած ես դեռ հիշում եմ վիրավորանքն ու հուսահատությունը, հիմա տեսնում եմ այն, ինչն այդ ժամանակ չէի կարող տեսնել. դա անձնական աճի հրաշալի շրջան էր: Այդ ընթացքում մեր ընտանիքի անդամները կապվեցին միմյանց հետ: Ես հետևում և սովորում էի իմ ծնողներից: Ես հիանում էի նրանց վճռականությամբ ու լավատեսությամբ: Նրանցից ես իմացա, որ երբ դժվարություններն առճակատվում են հավատքի, քաջության և համառության հետ, կարող են հաղթահարվել:

Իմանալով, որ ձեզանից ոմանք ապրում են անհանգստության և հուսահատության իրենց սեփական ժամանակաշրջանը, ես այսօր ցանկացա խոսել երկու կարևոր սկզբունքների մասին, որոնք աջակցել են ինձ իմ կյանքի ձևավորման այդ շրջանում:

Առաջին սկզբունք. աշխատել

Մինչև այսօր ես խորապես տպավորված եմ իմ ընտանիքի աշխատասիրությամբ, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կորցրին ամեն ինչ: Ես հիշում եմ, որ հայրս՝ կրթությամբ և աշխատանքային փորձով քաղծառայող, մի քանի դժվարին աշխատանքներ էր կատարում՝ ածուխի և ուրանի հանքափոր, մեխանիկ և բեռնատարի վարորդ: Նա մեկնում էր վաղ առավոտյան և հաճախ վերադառնում էր ուշ երեկոյան, որպեսզի պահեր մեր ընտանիքը: Մայրս սկսեց լվացք անել և աշխատում էր շատ ժամեր՝ կատարելով ծանր աշխատանք: Նա իր գործում ընդգրկեց նաև ինձ և քրոջս: Իմ հեծանիվով ես կատարում էի ընդունման և առաքման ծառայությունը: Լավ էր, որ կարողացա մի փոքր օգնել ընտանիքին, և չնայած այդ ժամանակ ես չգիտեի այդ մասին, ֆիզիկական աշխատանքը օրհնություն դարձավ նաև իմ առողջության համար:

Հեշտ չէր, սակայն աշխատանքը մեզ թույլ չէր տալիս չափազանց շատ մտածել մեր դժվարությունների մասին: Չնայած մեր վիճակն անմիջապես չփոխվեց, բայց իրականում փոխվեց: Այսքանը աշխատանքի մասին: Եթե մենք պարզապես հետևենք դրան՝ կայուն և մշտապես, ամեն ինչ հաստատ կբարելավվի:

Որքան եմ հիանում տղամարդկանցով, կանանցով և երեխաներով, ովքեր գիտեն՝ ինչպես աշխատել: Տերը սիրում է աշխատող մարդկանց։ Նա ասել է. «Երեսիդ քրտինքովը հաց ուտես»,1 և «Մշակն արժանի է իր վարձքին»։2 Նա նաև մի խոստում է տվել. «Գցիր մանգաղդ քո ողջ հոգով, և մեղքերդ ներված են քեզ»:3 Նրանք, ովքեր չեն վախենում աշխատել և կենտրոնանալ կարևոր նպատակների իրականացման վրա, օրհնություն են իրենց ընտանիքների, համայնքների, ազգերի և Եկեղեցու համար:

Տերը չի ակնկալում, որ մեր ուժերից վեր աշխատանք կատարենք։ Նա (ոչ էլ մենք) չի համեմատում մեր ջանքերը ուրիշների ջանքերի հետ։ Մեր Երկնային Հայրը խնդրում է միայն, որ մենք անենք հնարավոր ամեն ինչ, որ աշխատենք մեր լիարժեք կարողությամբ, որքան էլ մեծ կամ փոքր լինի այն:

Աշխատանքն անհանգստության հակաթույնն է, վշտի բալասանը և հնարավորությունների բանալին։ Ինչպիսին էլ լինեն մեր կյանքի հանգամանքները, իմ սիրելի՛ եղբայրներ, եկեք անենք հնարավոր ամեն ինչ և զարգացնենք գերազանցության համբավ այն ամենում, ինչ անում ենք: Եկեք մեր միտքն ու մարմինները դնենք աշխատանքի փառահեղ հնարավորության վրա, որը բերում է յուրաքանչյուր նոր օրը:

Երբ մեր սայլը թաղվում է ցեխի մեջ, Աստված ավելի հավանական է կօգնի այն մարդուն, ով դուրս է գալիս և հրում է այն, քան այն մարդուն, ով միայն իր ձայնն է բարձրացնում աղոթքով՝ անկախ նրանից, թե որքան պերճախոս է նա։ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը այսպես է ձևակերպել դա. «Բավարար չէ միայն ցանկանալ և ջանքեր գործադրել և ասել՝ մենք կգործադրենք այդ ջանքը: … Մեր նպատակներն իրականանում են կատարելով, ոչ թե պարզապես մտածելով: Եթե մշտապես հետաձգենք մեր նպատակները, երբեք դրանք իրականացած չենք տեսնի»:4

Աշխատանքը կարող է ազնվացնող և գոհացնող լինել, բայց հիշեք Հակոբի զգուշացումը՝ «մի ծախսեք … ձեր աշխատանքն այն բանի համար, որ չի կարող բավարարել»:5 Եթե մենք նվիրվենք աշխարհիկ հարստության և հանրային ճանաչման փառքի փնտրտուքին՝ ի հաշիվ մեր ընտանիքի և մեր հոգևոր աճի, շուտով կպարզենք, որ անօգուտ գործարք ենք կատարել: Այն արդար աշխատանքը, որը մենք կատարում ենք մեր տների պատերի ներսում, ամենասուրբն է. դրա օգուտները հավերժական բնույթ ունեն: Այն չի կարող պատվիրակվել։ Դա մեր աշխատանքի հիմքն է՝ որպես քահանայություն կրողներ:

Հիշեք, մենք ընդամենը ժամանակավոր ճամփորդներ ենք այս աշխարհում: Եկեք մեր Աստվածատուր տաղանդներն ու եռանդը չնվիրենք բացառապես երկրային խարիսխներ գցելուն, այլ ավելի շուտ, եկեք մեր օրերն անցկացնենք հոգևոր թևեր աճեցնելով: Քանզի, որպես Բարձրյալ Աստծո որդիներ, մենք ստեղծվել ենք, որ ճախրենք դեպի նոր հորիզոններ:

Հիմա, խոսքս ուղղում եմ մեզ՝ փորձառու եղբայրներիս. կենսաթոշակի անցնելը Տիրոջ երջանկության ծրագրի մասը չէ: Քահանայության պարտականություններից արձակուրդ կամ կենսաթոշակային ծրագիր չկա՝ անկախ տարիքից կամ ֆիզիկական կարողությունից: Չնայած «եղել եմ այնտեղ, արել եմ դա» արտահայտությունը կարող է պատրվակ լինել սքեյթբորդից խուսափելու, մոտոցիկլետով զբոսանքի հրավերը մերժելու կամ բուֆետում կծու կարին շրջանցելու համար, սակայն ընդունելի արդարացում չէ ուխտի պարտավորություններից խուսափելու համար, որպեսզի նվիրաբերենք մեր ժամանակը, տաղանդներն ու միջոցները Աստծո արքայության գործին:

Կարող են լինել մարդիկ, ովքեր Եկեղեցում երկար տարիներ ծառայելուց հետո հավատում են, որ իրավունք ունեն հանգստանալ մի որոշ ժամանակ, մինչ մյուսները կատարում են ծանր աշխատանքը: Եղբայրնե՛ր, անկեղծ ասած, մտածողության այս տեսակը հարիր չէ Քրիստոսի աշակերտին: Այս երկրի վրա մեր աշխատանքի մեծ մասն է՝ ուրախությամբ դիմանալ մինչև վերջ՝ մեր կյանքի յուրաքանչյուր օրը:

Այժմ, խոսքս ուղղում եմ նաև Մելքիսեդեկյան քահանայության մեր կրտսեր եղբայրներին, ովքեր հետամուտ են կրթություն ստանալու և հավերժական կին գտնելու արդար նպատակներին: Եղբայրնե՛ր, սրանք ճիշտ նպատակներ են, բայց հիշեք՝ Տիրոջ այգում ջանասիրաբար աշխատելը կմեծացնի ձեր հնարավորությունները և կբարձրացնի հաջողության հավանականությունը այս երկու արժանի նախաձեռնություններում:

Անկախ նրանից, թե դուք ամենաերիտասարդ սարկավագն եք, թե ամենատարեց քահանայապետը, անելի՛ք կա:

Երկրորդ սկզբունք. սովորել

Հետպատերազմյան Գերմանիայի տնտեսական ծանր պայմաններում կրթության հնարավորություններն այնքան շատ չէին, որքան այսօր: Բայց չնայած սահմանափակ հնարավորություններին, ես միշտ սովորելու բուռն ցանկություն էի զգում: Հիշում եմ, որ մի օր, երբ ես հեծանիվով լվացք էի առաքում, մտա իմ դասընկերոջ տուն: Սենյակներից մեկում երկու փոքր գրասեղաններ էին պատի մոտ: Ի՜նչ սքանչելի տեսարան էր: Որքան բախտավոր էին այդ երեխաները, որ ունեին իրենց սեփական գրասեղանները: Ես պատկերացնում էի, որ նրանք նստած են բաց գրքերով, սովորում են իրենց դասերը և կատարում են տնային աշխատանքը: Ինձ թվում էր, որ սեփական գրասեղան ունենալը կլիներ աշխարհի ամենահրաշալի բանը:

Ես ստիպված էի երկար սպասել, նախքան այդ ցանկությունը կկատարվեր։ Տարիներ անց ես աշխատանք ստացա մի հետազոտական հաստատությունում, որն ուներ մեծ գրադարան: Հիշում եմ, որ իմ ազատ ժամանակի մեծ մասն անցկացնում էի այդ գրադարանում: Այնտեղ ես վերջապես կարող էի մենակ նստել գրասեղանի մոտ և խորասուզվել տեղեկատվության ու գիտելիքների մեջ, որոնք տալիս են գրքերը: Որքա՜ն էի ես սիրում կարդալ ու սովորել: Այդ օրերին ես անձամբ էի հասկանում հին ասացվածքը. «Կրթությունը ոչ այնքան գիտելիքների կուտակումն է, որքան այդ գիտելիքների օգտագործումը»:

Եկեղեցու անդամների համար կրթությունը պարզապես լավ գաղափար չէ՝ դա պատվիրան է: Մենք պետք է սովորենք «բաների մասին,որ երկնքում են, և երկրի վրա, և երկրի տակ. բաներ, որոնք եղել են, որոնք կան, որոնք շուտով պիտի լինեն. բաներ, որոնք տանն են, բաներ, որոնք դրսում են»:6

Ջոզեֆ Սմիթը սիրում էր սովորել, չնայած պաշտոնական կրթության քիչ հնարավորություններ ուներ: Իր օրագրերում նա ուրախությամբ պատմում էր ուսման ընթացքում անցկացրած օրերի մասին և հաճախ արտահայտում էր իր սերը սովորելու հանդեպ:7

Ջոզեֆը ուսուցանում էր Սրբերին, որ գիտելիքը մեր մահկանացու կյանքի անհրաժեշտ մասն է, քանի որ «մարդ չի փրկվում ավելի արագ, քան գիտելիք է ստանում»,8 և որ «բանականության ինչ աստիճանի որ մենք հասնենք այս կյանքում, այն կբարձրանա մեզ հետ հարության ժամանակ»:9 Դժվարին պահերին սովորելը նույնիսկ ավելի կարևոր է: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Գիտելիքը հեռացնում է խավարը, անհայտությունն ու կասկածը, քանի որ դրանք չեն կարող գոյություն ունենալ այնտեղ, որտեղ գիտելիքն է»:10

Եղբայրնե՛ր, դուք պարտավոր եք սովորել՝ որքան կարող եք: Խնդրում եմ, խրախուսեք ձեր ընտանիքներին, ձեր քվորումի անդամներին և բոլորին սովորել և ավելի լավ կրթություն ստանալ: Եթե պաշտոնական կրթությունը մատչելի չէ, թույլ մի տվեք, որ դա խանգարի ձեզ ձեռք բերել հնարավոր բոլոր գիտելիքները: Նման պայմաններում լավագույն գրքերը, ինչ-որ իմաստով, կարող են դառնալ ձեր «համալսարանը». դասարան, որը միշտ բաց է և ընդունում է բոլոր դիմորդներին: Ձգտեք ավելացնել ձեր գիտելիքները այն ամենի մասին, ինչը «առաքինի է, գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի»:11 Գիտելիք փնտրեք «ուսումնասիրելով և նաև հավատքով»:12 Փնտրեք հնազանդ հոգով ու փշրված սիրտով:13 Երբ ձեր ուսումնասիրության համար կիրառեք հավատի հոգևոր չափանիշը՝ նույնիսկ աշխարհիկ բաների վրա, դուք կարող եք մեծացնել ձեր մտավոր կարողությունը, քանի որ «եթե ձեր աչքն ուղղված լինի միայն [Աստծո] փառքին, ձեր ամբողջ մարմինը լցված կլինի լույսով, … որը ըմբռնում է բոլոր բաները»:14

Մեր ուսման ընթացքում եկեք չանտեսենք հայտնության աղբյուրը: Սուրբ գրությունները և ժամանակակից առաքյալների ու մարգարեների խոսքերը իմաստության, աստվածային գիտելիքների և անձնական հայտնության աղբյուրներն են, որոնք կօգնեն մեզ գտնել կյանքի բոլոր մարտահրավերների պատասխանները: Եկեք սովորենք Քրիստոսի մասին. եկեք փնտրենք այն գիտելիքը, որը տանում է դեպի խաղաղություն, ճշմարտություն և հավերժության վսեմ խորհուրդներ:15

Եզրակացություն

Եղբայրնե՛ր, ես հիշում եմ այն 11-ամյա պատանուն Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում, ով անհանգստանում էր իր ապագայի համար և զգում էր չարակամ կարծիքների տևական խայթը: Ես այդ ժամանակը հիշում եմ մի տեսակ տխուր կարոտով: Չնայած ես չէի ցանկանա վերապրել փորձությունների և հոգսերի այդ օրերը, ես չեմ կասկածում, որ իմ քաղած դասերը անհրաժեշտ նախապատրաստություն էին ապագա հնարավորության համար: Այժմ, շատ տարիներ անց, ես դա հաստատ գիտեմ. հաճախ դժվարին փորձության ժամին մենք սովորում ենք այն ամենակարևոր դասերը, որոնք ձևավորում են մեր բնավորությունն ու մեր ճակատագիրը:

Ես աղոթում եմ, որ առաջիկա ամիսների և տարիների ընթացքում մենք կարողանանք մեր ժամերն ու օրերը լցնել արդար գործերով: Ես աղոթում եմ, որ մենք ձգտենք սովորել և կատարելագործել մեր միտքն ու սիրտը՝ հափշտակութամբ խմելով ճշմարտության մաքուր աղբյուրներից: Ձեզ եմ թողնում իմ սերն ու օրհնությունները՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: