2010–2019 թթ․
Ազատ կամք՝ կարևորագույնը Կյանքի Ծրագրում
Հոկտեմբեր 2010


Ազատ կամք՝ կարևորագույնը Կյանքի Ծրագրում

Երբ մենք ընտրում ենք գալ դեպի Քրիստոսը, վերցնում ենք մեզ վրա Նրա անունը և հետևում ենք Նրա ծառաներին, մենք առաջ ենք ընթանում հավերժական կյանքի ճանապարհով:

Վերջերս նամակ ստացա ավելի քան 50 տարվա մի ընկերոջիցս, որը մեր եկեղեցու անդամ չէ: Ես նրան էի ուղարկել ավետարանի ընթերցանության հետ կապված նյութեր, ինչին նա պատասխանեց. «Սկզբում ինձ դժվար էր հասկանալ մորմոնական տիպիկ ժարգոնի իմաստները, ինչպես օրինակ՝ ազատ կամքը: Բառապաշարի մի կարճ բացատրական էջ կարող էր օգտակար լինել»:

Ես զարմացած էի, որ նա չէր հասկացել, թե մենք ինչ ի նկատի ունենք ազատ կամքի ասելով: Ես բացեցի օնլայն մի բառարան: Agency (ազատ կամք) բառի 10 բացատրություններից և կիրառություններից ոչ մեկը չէր արտահայտում գործելու ընտրություններ կատարելու գաղափարը: Մենք սովորեցնում ենք, որ ազատ կամքը կարողություն է և արտոնություն, որն Աստված մեզ տալիս է ընտրելու և «գործելու ինքնուրույն և չներգործվելու»:1 [Այն] կարևոր է փրկության ծրագրի համար»: Ազատ կամք նշանակում է գործել մեր գոծողությունների համար հաշվետվությամբ և պատասխանատվությամբ: Մեր ազատ կամքը կարևոր է փրկության ծրագրի համար: Դրանով մենք «ազատ են[ք] ընտրելու ազատություն և հավերժական կյանք, բոլոր մարդկանց մեծ Միջնորդի միջոցով, կամ ընտրելու գերություն և մահ, ըստ դևի գերության և զորության»:2

Ծանոթ օրհներգի խոսքերը հստակորեն սովորեցնում են այս սկզբունքը.

Իմացեք այս, որ յուրաքանչյուր հոգի ազատ է

Ընտրելու իր կյանքը և ինչ է նա դառնալու,

Քանզի տրված է այս հավերժական ճշմարտությունը.

Որ Աստված չի ստիպի ոչ մեկին երկինք գալու:3

Պատասխանելու համար ընկերոջս հարցին և ամենուրեք բոլոր լավ մարդկանց և կանանց, թույլ տվեք կիսվել ձեզ հետ նրանով, ինչ մենք գիտենք ազատ կամքի այս իմաստի վերաբերյալ:

Նախքան մեր այս երկիր գալը, Երկնային Հայրը ներկայացրեց փրկության Իր ծրագիրը՝ ծրագիր գալու երկիր և ստանալու մարմին, գործելու՝ ընտրելով բարու և չարի միջև և առաջադիմելու՝ Նրա նման դառնալու և հավերժ Նրա հետ ապրելու համար:

Մեր ազատ կամքը՝ ինքնուրույն ընտրելու և գործելու մեր կարողությունը, այս ծրագրի գլխավոր մասն է: Առանց ազատ կամքի, մենք անկարող կլինեինք ճիշտ ընտրություններ կատարել և առաջադիմել: Սակայն ազատ կամքով մենք նաև սխալ ընտրություններ կկատարենք, մեղք կգործենք և կկորցնենք Երկնային Հոր հետ կրկին լինելու հնարավորությունը: Այդ պատճառով Փրկիչ տրվեց, որը պետք է տանջվեր մեր մեղքերի համար և փրկագներ մեզ, եթե մենք կամենանք ապաշխարել: Իր անսահման Քավության միջոցով, Նա իրականացնելու էր «ողորմության ծրագիրը, բավարարելով արդարադատության պահանջները»:4

Երբ Երկնային Հայրը ներկայացրեց Իր ծրագիրը, Լյուցիֆերն առաջ եկավ ասելով. «Ինձ ուղարկիր, … և ես կփրկագնեմ ողջ մարդկությանը, այնպես որ [նույնիսկ] մեկ հոգի չի կորչի … ուստի, տուր ինձ քո պատիվը»:5 Այս ծրագիրը չընդունվեց մեր Հոր կողմից, քանի որ այն զրկում էր մեզ մեր ազատ կամքից: Իրականում, դա աբստամբության ծրագիր էր:

Այդ ժամանակ Հիսուս Քրիստոսը, Երկնային Հոր «Սիրելի ու Ընտրյալ [Որդին] ի սկզբանե» գործադրեց Իր ազատ կամքը՝ ասելով. «Հայր, քո կամքը կատարվի, և փառքը քոնը լինի հավիտյան»:6Նա պետք է դառնար մեր Փրկիչը՝ աշխարհի Փրկիչը:

Լյուցիֆերի ապստամբության պատճառով հոգևոր մեծ հակասություն առաջացավ: Երկնային Հոր զավակներից յուրաքանչյուրն ունեցավ հնարավորություն կիրառելու Երկնային Հոր կողմից իրենց տրված իր ազատ կամքը: Մենք ընտրեցինք հավատք ունենալ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ, գալ դեպի Նա, հետևել Նրան և ընդունել մեր օգտի համար Երկնային Հոր ներկայացրած ծրագիրը: Բայց Երկնային Հոր զավակների մեկ երրորդը չունեին հավատք, չհետևեցին Փրկչին և փոխարենը ընտրեցին հետևել Լյուցիֆերին կամ Սատանային:7

Եվ Աստված ասաց. «Ուստի, քանի որ Սատանան ապստամբեց իմ դեմ, և փնտրեց կոծանել մարդու կամքի ազատությունը, որը ես՝ Տեր Աստվածս տվել էի նրան, … Ես այնպես արեցի, որ նա ցած գցվեր»:8 Նրանք, ովքեր հետևեցին Սատանային, կորցրեցին մահկանացու մարմին ստանալու, երկրի վրա ապրելու և առաջադիմելու հնարավորությունը: Իրենց ազատ կամքն այդ ձևով օգտագործելու պատճառով, նրանք կորցրեցին իրենց ազատ կամքը:

Այսօր միակ իշխանությունը, որ Սատանան և նրա հետևորդներն ունեն, մեզ գայթակղելն ու փորձելն է: Նրանց միակ ուրախությունը մեզ «[իրենց] նման թշվառ»9 դարձնելն է: Նրանց միակ երջանկությունը գալիս է, երբ մենք անհնազանդ ենք լինում Տիրոջ պատվիրաններին:

Բայց մտածեք այդ մասին. մեր նախամահկանացու վիճակում մենք ընտրեցինք հետևել Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Եվ քանի որ մենք այդ արեցինք, մեզ թույլ տրվեց գալ երկիր: Ես վկայում եմ, որ կատարելով Փրկչին հետևելու նույն ընտրությունն այժմ, երկրի վրա, մենք ձեռք կբերենք նույնիսկ ավելի մեծ օրհնություն հավերժություններում: Բայց իմացեք, մենք պետք է շարունակենք ընտրել Փրկչին հետևելը: Հավերժությունը վտանգի տակ է և մեր ազատ կամքը կարևոր է:

Իր ողջ կյանքի ընթացքում մեր Փրկիչը ցույց է տվել մեզ, թե ինչպես է պետք օգտագործել մեր ազատ կամքը: Երբ տղա էր, Երուսաղեմում Նա որոշեց «[Իր] Հոր գործին լինել»:10 Իր ծառայության ընթացքում Նա հնազանդորեն ընտրեց «կատարել [Իր] Հոր կամքը»:11 Գեթսեմանում Նա ընտրեց տանել բոլոր բաները, ասելով. «Ոչ թե իմ կամքը՝ բայց քո կամքը լինի: Եւ հրեշտակ երեւեցավ նորան երկնքիցը, և զորացնում էր նորան»:12 Խաչի վրա Նա ընտրեց սիրել Իր թշնամիներին, աղոթելով. «Հայր, թողիր դորանց. որովհետեւ չգիտեն թե ինչ են անում»:13 Իսկ հետո, որպեսզի կարողանար վերջնականապես ցույց տալ, որ Ինքնուրույն էր ընտրում, Նա մենակ թողնվեց: «Հայր, ինչո՞ւ թողեցիր ինձ», - հարցրեց Նա:14 Վերջապես Նա կիրառեց Իր ազատ կամքը՝ մինչև վերջ համբերելով, մինչև որ կարողացավ ասել. «Կատարուած է»:15

Չնայած Նա «ամեն բանով փորձուած մեր նմանութեամբ» էր,16 յուրաքանչյուր ընտրությամբ և յուրաքանչյուր գործողությամբ Նա գործադրում էր մեր Փրկիչը լինելու Իր ազատ կամքը, որպեսզի կոտրեր մեր մեղքի և մահվան կապանքները: Եվ Իր կատարյալ կյանքով, Նա ուսուցանեց մեզ, որ երբ մենք ընտրում ենք կատարել մեր Երկնային Հոր կամքը, մեր ազատ կամքը պահպանվում է, մեր հնարավորությունները մեծանում են և մենք առաջ ենք ընթանում:

Այս ճշմարտության ապացույցը կարելի է գտնվել ամենուրեք սուրբ գրությունների մեջ: Հոբը կորցրեց այն ամենն ինչ ուներ, սակայն որոշեց հավատարիմ մնալ և այդպես ձեռք բերեց Աստծո հավերժական օրհնությունները: Մարիամը և Հովսեփը ընտրեցին հետևել հրեշտակի նախազգուշացմանը՝ փախչելով Եգիպտոս, և այդպես Փրկչի կյանքը պահպանվեց: Ջոզեֆ Սմիթն ընտրեց հետևել Մորոնիի հրահանգներին և այդպես իրականացավ Վերականգնումը, ինչպես մարգարեացվել էին: Երբ մենք ընտրում ենք գալ դեպի Քրիստոսը, վերցնում ենք մեզ վրա Նրա անունը և հետևում ենք Նրա ծառաներին, մենք առաջ ենք ընթանում հավերժական կյանքի ճանապարհով:

Մեր մահկանացու կյանքի ճամփորդության ընթացքում, օգտակար է հիշել, որ հակառակը նույնպես ճշմարիտ է. երբ մենք չենք պահում պատվիրանները և չենք հետևում Սուրբ Հոգու հուշումներին, մեր հնարավորությունները կրճատվում են, գործելու և առաջ ընթանալու մեր ընդունակությունները նվազում են: Երբ Կայենը խլեց իր եղբոր կյանքը, որովհետև Սատանային ավելի շատ էր սիրում, քան Աստծուն, նրա հոգևոր աճը կանգ առավ:

Իմ պատանեկության տարիներին ես մի կարևոր դաս սովորեցի այն մասին, թե ինչպես մեր գործողությունները կարող են սահմանափակել մեր ազատությունը: Թույլ տվեք լուսաբանել սա իմ պատանեկությունից վերցված այս փորձառությամբ: Մի օր հայրս հանձնարարեց ինձ լաքապատել փայտյա հատակը: Ես որոշեցի սկսել դռնից և շարժվել դեպի սենյակի խորքը: Երբ գրեթե վերջացրել էի, հասկացա, որ դուրս գալու համար ճանապարհ չէի թողել: Մյուս կողմում ոչ պատուհան կար ոչ դուռ: Ես տառացիորեն լաքապատել էի ամբողջը՝ ինձ թողնելով անկյունում: Ես տեղ չունեի գնալու: Ես փակուղու մեջ էի ընկել:

Երբ որ մենք անհնազանդ ենք, մենք հոգեպես լաքապատում ենք մեր շուրջը, մնալով անկյունում և գերի դառնալով մեր ընտրություններին: Չնայած մենք հոգեպես փակուղու մեջ ենք լինում, միշտ կա վերադարձի ճանապարհ: Ինչպես ապաշխարության դեպքում, ետ շրջվելը և նոր լաքապատված հատակի վրայով քայլելը կրկին աշխատանք է դառնում՝ ավելի շատ վերահղկում և կրկնակի վերամշակում: Վերադառնալ Տիրոջ մոտ հեշտ չէ, բայց արժե ջանք գործադրել:

Երբ հասկանում ենք ապաշխարության մարտահրավերը, մենք շնորհակալ ենք լինում Սուրբ Հոգու օրհնությունների համար, որոնք ուղղորդում են մեր ազատ կամքը, և Երկնային Հորը, ով մեզ պատվիրաններ է տալիս, և զորացնում ու աջակցում է մեզ՝ դրանք պահելիս: Մենք նաև հասկանում ենք, թե ինչպես պատվիրաններին հնազանդվելը, ի վերջո, պահպանում է մեր ազատ կամքը:

Օրինակ, երբ մենք ականջ ենք դնում Իմաստության Խոսքին, մենք փախչում ենք վատառողջության գերությունից և այն նյութերի հանդեպ հակումից, որոնք տառացիորեն կողոպտում են մեզանից մեր ինքնուրույն գործելու ունակությունը:

Երբ մենք հնազանդվում ենք պարտքերից խուսափելու և այժմ դրանցից դուրս գալու խորհրդին, մենք օգտագործում ենք մեր ազատ կամքը և ձեռք ենք բերում ազատություն՝ օգտագործելու մեր եկամտի մի մասը՝ օգնելով և օրհնելով ուրիշներին:

Երբ մենք հետևում ենք ընտանեկան երեկո անցկացնելու, ընտանեկան աղոթք ասելու և սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրություն կատարելու մարգարեների խորհրդին, մեր տները դառնում են ինկուբատոր մեր երեխաների հոգևոր աճի համար: Այնտեղ մենք նրանց ուսուցանում ենք ավետարանը, բերում ենք մեր վկայությունները, արտահայտում ենք մեր սերը և լսում, երբ նրանք կիսվում են իրենց զգացմունքներով և փորձառություններով: Մեր արդար ընտրություններով և գործողություններով մենք ազատում ենք նրանց խավարից՝ մեծացնելով նրանց լույսի մեջ քայլելու ունակությունը:

Աշխարհը շատ կեղծիքներ է ուսուցանում ազատ կամքի վերաբերյալ: Շատերը համարում են, մենք պետք է. «[ուտենք], խմե[նք] և զվարճա[նանք] … և եթե լինի այնպես, որ մենք մեղավոր լինենք, Աստված կծեծի մեզ մի քանի մտրակահարվածով, և ի վերջո, մենք կփրկվենք»:17 Մյուսներն ընդունում են աշխարհիկը և մերժում Աստծուն: Նրանք արդարացնում են իրենց, որ չկա «հակադրություն բոլոր բաներում»18 և ուստի «ինչ որ մարդ [անում է], հանցագործոթյուն չէ»:19 Սա «կործան[ում է] Աստծո իմաստությունը և նրա հավերժական նպատակները»:20

Ի հակադրություն աշխարհի դարավոր ուսուցման, սուրբ գրություններն ուսուցանում են մեզ, որ մենք ունենք ազատ կամք և մեր ազատ կամքի արդար օգտագործումը միշտ փոփոխություններ են առաջացնում մեր ունեցած հնարավորությունների և դրանց վրա ներգործելու և առաջադիմելու հավերժորեն մեր կարողության մեջ:

Օրինակ Սամուել մարգարեի միջոցով Տերը հստակ պատվիրան տվեց թագավոր Սավուղին.

«Տերն ինձ ուղարկեց քեզ իր Իսրայէլ ժողովրդի վերայ թագավոր օծելու, [ասաց Սամուելը] … եւ հիմա Տիրոջ խոսքերի ձայնը լսիր …

… Գնա եւ Ամաղէկին զարկ, եւ նորա բոլոր ունեցածը նզովեցեք»:21

Բայց Սավուղը չհետևեց Տիրոջ պատվիրանին: Նա կիրառեց, ինչպես ես կանվանեի, «մասնակի հնազանդություն»: Ապավինելով իր իսկ իմաստությանը, նա խնայեց թագավոր Ագագին և ետ բերեց ամենալավ ոչխարները, եզները և մյուս կենդանիները:

Տերը հայտնեց այդ մասին Սամուել մարգարեին և ուղարկեց նրան հեռացնելու Սավուղին թագավոր լինելուց: Երբ մարգարեն եկավ, Սավուղն ասաց. «Տիրոջ խոսքը կատարեցի»:22 Բայց մարգարեն գիտեր, որ դա այդպես չէր, և ասաց. «Ապա այս ոչխարների ձայնը ի՞նչ է որ գալիս է ականջիս, և արջառների ձայնը՝ որ ես լսում եմ»:23

Սավուղն արդարացրեց իրեն, մեղադրելով ուրիշներին, ասելով, որ ժողովուրդը պահել էր կենդանիներին, որպեսզի զոհաբերություններ աներ Տիրոջը: Մարգարեի պատասխանը հստակ էր. «Մի՞թե Տերը այնքան հաւանում է ողջակեզների եւ զոհերի ինչպէս Տիրոջ ձայնին լսելուն. Ահա հնազանդությունը՝ զոհից լավ է, եւ [Տիրոջ պատվիրաններին] ականջ դնելը՝ խոյերի ճարպիցը»:24

Ի վերջո Սավուղը խոստովանեց, ասելով. «Մեղք գործեցի՝ որ Տիրոջ հրամանները եւ քո խոսքերը զանց արի. Որովհետեւ ժողովրդիցը վախեցայ, և նորանց խոսքը լսեցի»:25 Քանի որ Սավուղն ամբողջովին չէր հնազանդվել, քանի որ նա ընտրել էր «մասնակիորեն հնազանդվել», նա կորցրեց թագավոր լինելու հնարավորությունը և ազատ կամքը:

Իմ եղբայրներ և քույրեր, արդյոք մենք ճշգրտորեն ակա՞նջ ենք դնում Տիրոջ և Նրա մարգարեների ձայնին: Թե Սավուղի նման գործածում ենք մասնակի հնազանդություն և վախենում մարդկանց դատաստանից:

Ես ընդունում եմ, որ մենք բոլորս սխալներ ենք գործում: Սուրբ գրություններն ուսուցանում են մեզ. «Ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են»:26 Դիմելով նրանց, ովքեր իրենց գերի են գտնում անցյալին, անարդար ընտրություններին, անկյունում փակուղու մեջ են հայտնվել, առանց իրենց ազատ կամքի բոլոր օրհնությունների, որոնք մատչելի են ազատ կամքի արդար գործադրման դեպքում, մենք մեր սերն ենք հայտնում ձեզ: Ետ եկեք: Դուրս եկեք մութ անկյունից դեպի լույս: Եթե նույնիսկ ստիպված լինեք քայլել հենց նոր լաքապատած հատակի վրայով, արժե դա անել: Վստահ եղեք, որ «Քրիստոսի Քավության շնորհիվ ողջ մարդկությունը [ներառյալ դուք և ես] կարող է փրկվել, հնազանդվելով Ավետարանի օրենքներին և արարողություններին»:27

Երբ Նրա Քավության ժամը մոտ էր, Փրկիչն ասաց Իր մեծ Միջնորդական Աղոթքը և խոսեց մեզանից յուրաքանչյուրի մասին, ասելով. «Հայր, նորանք որ ինձ տուիր, կամենում եմ, որ ինչ տեղ որ ես եմ՝ նորանք էլ ինձ հետ լինեն, որ իմ փառքը տեսնեն, որ տուիր ինձ»:28 «Եվ սա է յավիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած.եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին»:29

Ես բերում եմ իմ հատուկ վկայությունը, որ Նրանք ապրում են: Երբ մենք արդարությամբ ենք գործադրում մեր ազատ կամքը, մենք սկսում ենք ճանաչել Նրանց, դառնում ավելի Նրանց նման և պատրաստվում այն օրվան, երբ «ամեն ծունկ պիտի ծալվի և ամեն լեզու խոստովանի»30, որ Հիսուսն է մեր Փրկիչը: Թող որ մենք շարունակենք հետևել Նրան և մեր Երկնային Հորը, ինչպես որ արել ենք սկզբում, ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. 2 Նեփի 2.26:

  2. 2 Նեփի 2.27:

  3. “Know This, That Every Soul Is Free,” Hymns, no. 240.

  4. Ալմա 42.15:

  5. Մովսես 4.1:

  6. Մովսես 4.2:

  7. Տես Վարդապետություն և Ուխտեր 29.36:

  8. Moses 4.3:

  9. 2 Նեփի 2.27; տես նաև 2 Նեփի 9.9:

  10. Ղուկաս Բ.49:

  11. 3 Նեփի 27.13:

  12. Ղուկաս ԻԲ.42:

  13. Ղուկաս ԻԳ.34:

  14. Մատթեոս 27.46; Մարկոս 15.34:

  15. Հովհաննես 19.30:

  16. Եբրայեցիս 4.15:

  17. 2 Նեփի 28.8:

  18. 2 Նեփի 2.11:

  19. Ալմա 30.17:

  20. 2 Նեփի 2.12:

  21. Ա Սամուել ԺԵ.1, 3:

  22. Ա Սամուել ԺԵ.13:

  23. Ա Սամուել ԺԵ.22:

  24. Ա Սամուել ԺԵ.22:

  25. Ա Սամուել ԺԵ.24:

  26. Հռովմայեցիս Գ.23:

  27. Հավատո Հանգանակներ 1.3:

  28. Հովհաննես 17.24:

  29. Հովհաննես 17.3:

  30. Մոսիա 27.31: