2010–2019 թթ․
Օրինակ եղեք հավատացյալներին
Հոկտեմբեր 2010


Օրինակ եղեք հավատացյալներին

Ես կցանկանայի հրավիրել ձեզ «օրինակ [լինել] … հավատացյալներին … հավատքով [և] սրբությունով»:

Վերջերս մեր ընտանիքում ծնվեց փոքրիկ Ռուբին: Երբ ես նայեցի նրա անուշիկ դեմքին, ես հիացա այն գիտելիքով, որ մինչև աշխարհ գալը նա ապրում էր մեր Երկնային Հոր ներկայության մեջ: Նա ընդունել էր Նրա երջանկության մեծ ծրագիրը1 և ընտրել հետևել Նրան ու Հիսուս Քրիստոսին՝ մեր Փրկչին:1 Իր ընտրության հետևանքով նրան թույլ տրվեց աշխարհ գալ՝ մահկանացու փորձառություն ունենալու և դեպի հավերժական կյանք գնալու համար: Իր հոգու ու մարմնի միավորմամբ Ռուբին մուտք էր գործել սովորելու մի ժամանակաշրջան, որում նա կարող էր դրսևորել իրեն, ընտրել հետևել Քրիստոսին և պատրաստվել արժանի լինելու հավերժական կյանքին:

Ռուբին այս աշխարհ է եկել մաքուր, բայց որպես ծրագրի մի մաս նա կհանդիպի դժվարությունների ու փորձությունների և սխալներ թույլ կտա: Այնուամենայնիվ, մեր Փրկչի Քավության միջոցով Ռուբին կարող է ներվել, ստանալ ուրախության լիությունը, և կրկին մաքուր լինել՝ պատրաստ հավերժ ապրելու մեր Երկնային Հոր ներկայության մեջ:

Նրա ծնվելուց մի քանի ժամ հետո ես արտոնություն ունեցա գրկելու այս թանկագին երեխային: Ես ասացի նրա մայրիկին. «Օ՜, մենք պետք է սովորեցնենք Ռուբիին ինչպես լինել առաքինի կին, մաքուր ու անգին, ինչպես իր անունն է հուշում»:2

Նրա մայրը պատասխանեց. «Ես սկսում եմ այսօր»:

Ի՞նչ էր Ռուբիի մայրն անելու «այսօր սկսելու» համար: Ինչպե՞ս կարող ենք մենք որպես ծնողներ, տատիկներ ու պապիկներ և ղեկավարներ սկսել և պահել մեր երեխաներին, մեր երիտասարդներին հավերժական կյանքի ճանապարհին: Մենք պետք է «օրինակներ լինենք հավատացյալներին»:3

Մարգարե Բրիգամ Յանգն ասել է. «Մենք չպետք է երբևէ մեզ թույլ տանք անել որևէ բան, ինչ մենք չենք ուզում տեսնել նրանց անելիս: Մենք պետք է այնպիսի օրինակ ցույց տանք նրանց, որ ցանկանանք նրանց ընդօրինակել»:4 Մեզանից յուրաքանչյուրը կարող է «այսօր սկսել» լինել այդ լավ օրինակը:

Այսօր ես կցանկանայի հրավիրել ձեզ «օրինակ [լինել] … հավատացյալներին … հավատքով [և] սրբությունով»5 ՝փրկության համար պահանջվող երկու սկզբունքներով:

Օրինակ եղեք հավատացյալներին հավատքով: Ակտիվորեն ամրացրեք ձեր հավատքն ու վկայությունը առ Հիսուս Քրիստոս, այսպիսով պատրաստվելով վկայել ձեր երեխաներին խոսքով և օրինակով:

Թույլ տվեք պատմել ձեզ մի հրաշալի կնոջ մասին, ում կյանքը հավատքի օրինակ էր: Երբ Ջոզեֆ Սմիթ Մարգարեն շատ երիտասարդ տղա էր, նա տեսավ ու սովորեց առ Աստված հավատքի մասին իր մորից՝ Լյուսի Մակ Սմիթից: Լյուսին պատասխաններ էր փնտրում սուրբ գրություններում,6 և Ջոզեֆը նույնպես գործածեց այդ փորձը՝ առաջնորդություն փնտրելով Աստվածաշնչում, ինչպես իր մայրն էր անում:7

Լյուսին նաև ընտանեկան խնդիրները լուծում էր սրտի խորքում, աղոթքի միջոցով փնտրելով Տիրոջ օգնությունը: Մի օր, երբ նրա ընտանիքում կրոնի շուրջ անհամաձայնություն էր առաջացել, Լյուսին ասաց, որ «առանձնացել էր մոտակա կեռասենիների գեղեցիկ պուրակում և աղոթել Տիրոջը»:8

Լյուսին մեծ հավատքով աղոթում էր, երբ առողջական լուրջ խնդիրների էր հանդիպում. երբ Ջոզեֆը մոտ էր փտախտից իր ոտքը կորցնելուն, և երբ Ջոզեֆի քույրը՝ Սոֆրոնիան, մոտ էր որովայնային տիֆից մահանալուն: Սոֆրոնիայի հիվանդության մասին Լյուսին գրել է. «Ես հայացքս սևեռել էի երեխայիս վրա … ամուսինս և ես ամուր բռնել էինք ձեռք ձեռքի և ծնկի էինք եկել անկողնու մոտ և մեր վիշտն ու աղաչանքն էինք դուրս թափում առ Տերը … »:9 Սոֆրոնիան ապրեց: Ես վստահ եմ, որ Լյուսիի երեխաները հաճախ են ականատես եղել նրա հավատքով աղոթելուն և այդ աղոթքների պատասխանները ստանալուն:

Լյուսին հավատքով աղոթում էր առաջնորդության համար, և Ջոզեֆը նույնպես գնաց պուրակ, որտեղ նա հավատքով աղոթեց, փնտրելով պատասխան Տիրոջից, ինչպես իր մայրը:

Լյուսիի պես մենք էլ պետք է ցույց տանք մեր երեխաներին ու երիտասարդներին ինչպես ամրացնել իրենց հավատքն ու վկայությունը առ Հիսուս Քրիստոս՝ ամրացնելով մեր սեփականը սուրբ գրությունների ուսումնասիրության և աղոթքի միջոցով, ինչպես անձնապես, այնպես էլ նրանց հետ:

Ի տարբերություն Լյուսիին՝ այսօր մենք օրհնված ենք, ունենալով ավելին, քան միայն Աստվածաշունչը: Մենք ունենք վերջին օրերի սուրբ գրությունները և մեր վերջին օրերի մարգարեների խոսքերը՝ «մեզ ապահով առաջնորդելու համար»10 հավերժական կյանքի արահետով: Մորմոնի Գրքից մենք սովորում ենք նրանց մասին, ովքեր առաջ էին մղվում արահետով «անընդհատ ամուր բռնած երկաթյա ձողից»,11 որը «Աստծո խոսքն էր»:12 Այսօրվա փորձություններով լի աշխարհում «ամուր բռնած» առաջ մղվելը կարող է դժվար լինել, մինչ Սատանան իր նենգ ճանապարհներով փորձում է մեզ շեղել Աստծո ճանապարհներից: Եթե մեր մի ձեռքը երկաթյա ձողի վրա է և մյուսը աշխարհի, մենք մեր երեխաներին և երիտասարդներին դնում ենք իրենց ուղին կորցնելու վտանգի տակ: Եթե մեր օրինակը շփոթեցնող է, ապա Հակոբի խոսքերով ասած, մենք կորցնում ենք «[մեր] զավակների վստահությունը, [մեր] վատ օրինակի պատճառով …»:13

Ծնողներ, տատիկներ ու պապիկներ, ղեկավարներ, ձեր ուղերձը պետք է հստակ լինի: Հստակությունը կարող է երկու ձեռքով ձողից բռնելու և սուրբ գրություններում և վերջին օրերի մարգարեների խոսքերում պարունակվող ճշմարտություններով ապրելու արդյունք լինել: Դուք միգուցե չեք մեծացնում մարգարեի, ինչպես Լյուսին, բայց դուք անկասկած մեծացնում եք վաղվա ղեկավարներին, և ձեր գործերը նույնքան իրականորեն են կապված նրանց հավատքի հետ:

Հաջորդը, օրինակ եղիր հավատացյալներին սրբությունով: Սուրբ դառնալու միակ ճանապարհը Փրկչի Քավությունն է: Մեզանից յուրաքանչյուրի համար սուրբ դառնալու գործընթացը սկսվում է հավատքով, ապաշխարությամբ և մեր առաջին ուխտով՝ մկրտությամբ:

Որպեսզի օգնենք մեր երեխաներին ապրել մկրտության ուխտով, Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը խորհուրդ է տվել. «Մենք սովորեցնում ենք, որ այն պահին, երբ նրանք դուրս են գալիս ջրից, նրանք դուրս են գալիս աշխարհից և մտնում են Աստծո թագավորությունը: Ուխտի միջոցով նրանք համաձայնվում են հնազանդվել Նրա պատվիրաններին …»:14

«Ուխտերը մեզ դնում են խիստ պարտավորության տակ՝ կատարել Աստծուն տված մեր խոստումը: Մեր ուխտերը պահելու համար մենք պետք է հրաժարվենք այնպիսի գործունեությունից կամ հակումներից, որոնք խոչընդոտում են այդ խոստումների կատարմանը»:15

Երիտասարդների զորացնելու համար գրքույկը հրաշալի գործիք է՝ երիտասարդներին օգնելու հասկանալ ուխտ կապելու այս սուրբ պարտավորությունը և մաքուր լինելու օրհնությունները, որ գալիս են ուխտը պահելուց: Այն պարունակում է վերջին օրերի մարգարեների խոսքերը՝ երկաթյա ձողը, որ ապահովությամբ կառաջնորդի նրանց նեղ ու անձուկ արահետով, հեռու կպահի նրանց Սատանայի ծուղակներից, որոնք կարող են դանդաղեցնել նրանց աճը: Այս գրքում դուք նաև կգտնեք այն բազում օրհնությունները, որ գալիս են հնազանդությունից և այնպիսի բաներ փնտրելուց, որոնք «առաքինի [ու] գեղեցիկ» են:16

Ծնողներ, ձեռք բերեք այս գրքույկի ձեր սեփական օրինակը և հաճախակի կարդացեք այն: Ինքներդ ապրեք այդ չափանիշներով: Երիտասարդների հետ հոգատար զրույցներ անցկացրեք ավետարանի շուրջ, որոնք կօգնեն նրանց իրենց սեփական ցանկությունն ունենալ ապրելու և իրենց համար բացահայտելու չափանիշների նշանակությունն ու նպատակը:

«Ժամանց և Զանգվածային Լրատվամիջոցներ» և «Հագուստ և Արտաքին Տեսք» բաժինների չափանիշները կարող են հատկապես դժվար լինել, որովհետև դրանք դառնում են չափազանց հակասող աշխարհի չափանիշներին:

Մենք պետք է օրինակ լինենք այնպիսի բաների, որոնք «առաքինի [ու] գեղեցիկ» են՝ զանգվածային լրատվամիջոցների մեր անձնական ընտրություններով: Մենք պետք է հոգանք, որ զանգվածային լրատվամիջոցները, որոնք մենք հրավիրում ենք մեր տուն, չթուլացնեն Հոգու հանդեպ զգայունությունը, չվնասեն մեր ընտանիքի ու ընկերների հետ հարաբերություններին, կամ չհայտնեն անձնական կարևորության բաներ, որոնք անհամատեղելի են ավետարանի սկզբունքների հետ: Օրինակով մենք կարող ենք օգնել մեր երեխաներին հասկանալ, որ երկար ժամեր վատնելով ինտերնետի, հասարակական զանգվածային լրատվամիջոցների, բջջային հեռախոսների, վիդեոխաղեր խաղալու և հեռուստացույց դիտելու վրա, մենք զրկում ենք մեզ պահում արդյունավետ զբաղմունքներից և ուրիշների հետ օգտակար հաղորդակցումից:

Մենք նաև «առաքինի [ու] գեղեցիկ» բաների օրինակ ենք լինում մեր հագուստով ու արտաքին տեսքով: Որպես ուխտյալ ժողովուրդ մենք պատասխանատվություն ենք կրում հոգալու մեր մարմինների համար, պաշտպանելու դրանք և պատշաճորեն հագնվելու: Մենք պետք է օգնենք մեր երեխաներին և երիտասարդներին հասկանալ, որ մենք հարգում ենք մեր մարմինները, վերաբերվելով նրանց որպես տաճարներ,17 և Աստծո պարգևներ: Մենք օրինակ ենք ծառայում, հրաժարվելով գնել կամ կրել անհամեստ հագուստ, որը շատ նեղ է, շատ թափանցիկ կամ բաց:

Ուխտերը պահողները ջանում են հնազանդ լինել «բոլոր ժամանակներում … և բոլոր տեղերում»18 Աստծո հանդեպ նրանց սիրո և Նրա խոստացած օրհնությունների պատճառով: Մի երեկո ամուսնուս հետ քայլելիս, անցանք բացօթյա հարսանյաց խնջույքի մոտով: Մենք չգիտեինք այս մարդկանց, սակայն անմիջապես առաքինության տպավորություն զգացվեց: Նրանց ընտրած երաժշտությունն ու հագուստները գեղեցիկ էին: Հարսնացուի գեղեցիկ զգեստը անառարկելիորեն համեստ էր, ինչպես և նրա հարսանիքի հյուրերի հագուստները: Այդ ընտանիքը ընտրել էր չխառնել աշխարհի ուղիները այդ օրվա սրբության հետ:

Այժմ, թույլ տվեք խոսքս ուղղել Եկեղեցու հրաշալի երիտասարդությանը: Շնորհակալություն ձեր արդար օրինակի համար, որ հանդիսանում եք ձեր ընկերների, ուսուցիչների, ղեկավարների և ընտանիքների համար: Ես նկատել եմ, որ ձեզանից շատերը ձեր ընտանիքում Եկեղեցու միակ անդամն են: Դուք նույնիսկ կարող է մենակ եք հաճախում Եկեղեցի: Ես գովաբանում եմ ձեզ ձեր պարտավորվածության և արդար օրինակի համար: Համբերատար եղեք և շարունակեք արդար ապրել: Շատերը կարող են ձեզ օգնել: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Նույնիսկ օրինակելի ընտանիքը … կարող է օգտագործել այն օգնությունը, որ կարող են տալ լավ տղամարդիկ և [կանայք], ովքեր անկեղծորեն հոգում են»:19

Ձեր ծխում ու ցցում նայեք ձեր շուրջը ղեկավարներ և ընկերներ գտնելու համար, ովքեր «օրինակ[ներ են] հավատացյալներին», և սովորեք նրանցից:

Երբ երիտասարդ կին էի, ճանաչում էի «օրինակ[ներ] հավատացյալներին»: Իմ ծնողներից բացի, մեկը իմ հորաքույր Կարման էր: Ես հստակ հիշում եմ նրան ցցի Չափանիշների Երեկոյին, երբ տասնվեց տարեկան էի: Նա սովորեցնում էր տաճարային ամուսնության համար մաքրաբարո և արժանի լինելու մասին: Նրա վկայությունը խորապես ազդել էր ինձ վրա: Դեռ մանկուց ես տեսնում էի նրա առաքինի կյանքը և գիտեի, որ այն համահունչ էր նրա ուսուցանածին: Ես ուզում էի հետևել նրա օրինակին:

Երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք, դուք կարող եք «այսօր սկսել», լինելով «օրինակ հավատացյալներին» հավատքով ու սրբությունով: Ամեն օր ամրացրեք ձեր հավատքն ու վկայությունը սուրբ գրությունների ուսումնասիրությամբ ու աղոթքով: Պահեք ձեր մկրտության ուխտը, որը ձեզ մաքուր և արժանի կպահի Սուրբ Հոգու առաջնորդության համար: Դուք կարող եք այսօր սկսել լինել այն օրինակը, որին կհետևեն ուրիշները:

Դուք երբեք չեք իմանա, միգուցե դուք լինեք այն օրինակը, որի կարիքը մի օր կունենա իմ փոքրիկ Ռուբին: Այժմ հավերժական կյանքի արահետի վրա Ռուբին հրաշալի սկիզբ ունի: Նրա ծնողները արդարության օրինակներով են շրջապատում իրենց տունը, յուրաքանչյուր օր սկսելով«օրինակ[ներ] եղիր հավատացյալներին» որոշմամբ: Հույսով եմ, որ օգտագործելով իր ազատ ընտրության իրավունքը, Ռուբին կընտրի հետևելը:

Ես երախտապարտ եմ երջանկության ծրագրի համար, և ես վկայում եմ, որ դա միակ ճանապարհն է, որով Ռուբին և մեզանից յուրաքանչյուրը կարող է նորից մաքուր լինել և հավերժ ապրել մեր Երկնային Հոր ներկայության մեջ: Թող որ յուրաքանչյուրս սկսենք այսօր: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. Տես Աբրահամ 3.22–26:

  2. Տես Առակաց ԼԱ.10:

  3. Ա Տիմոթեոս Դ.12:

  4. Teachings of Presidents of the Church: Brigham Young (1997), 173.

  5. Ա Տիմոթեոս Դ.12:

  6. Տես Lucy Mack Smith, History of Joseph Smith by His Mother, ed. Scot Facer Proctor and Maurine Jensen Proctor (1996), 50:

  7. Տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.11–12:

  8. Smith, History of Joseph Smith, 58.

  9. Smith, History of Joseph Smith, 69.

  10. “The Iron Rod,” Hymns, no. 274.

  11. 1 Նեփի 8.30:

  12. 1 Նեփի 11.25:

  13. Հակոբ 2.35:

  14. Robert D. Hales, Return: Four Phases of Our Mortal Journey Home (2010), 60.

  15. Preach My Gospel: A Guide to Missionary Service (2004), 63.

  16. Հավատո Հանգանակներ 1.13:

  17. Տես Ա Կորնթացիս Գ.16:

  18. Մոսիա 18.9:

  19. Thomas S. Monson, “Examples of Righteousness,” Liahona, May 2008, 66.