2010–2019 թթ․
Հնազանդություն մարգարեներին
Հոկտեմբեր 2010


Հնազանդություն մարգարեներին

Ինչպիսի մեծ օրհնություն է մարգարեներ ունենալ մեր օրերում:

Ես նորադարձ եմ Եկեղեցում: Ես այնքան շնորհակալ եմ, որ Աստված պատասխանել է իմ աղոթքին և տվել ինձ գիտելիք և ամուր վկայություն այն մասին, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն է:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մկրտվելու որոշում կայացնելուց առաջ ես ուսումնասիրեցի Ջոզեֆ Սմիթի պատմությունից հատվածներ: Ամեն պարբերությունը ուշադիր կարդալուց հետո ես աղոթում էի: Եթե դա ցանկանաք ինքներդ անել, դա կարող է տևել 14 ժամ:

Կարդալուց, խորհելուց և աղոթելուց հետո Տերը ինձ հավաստիացում տվեց, որ Ջոզեֆ Սմիթը Նրա մարգարեն է: Ես վկայում եմ ձեզ, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե է, և քանի որ ես ստացել եմ այդ պատասխանը Տիրոջից, ես գիտեմ, որ բոլոր հաջորդող մարգարեները նույնպես մարգարեներ են: Ինչպիսի մեծ օրհնություն է մարգարեներ ունենալ մեր օրերում:

Ինչո՞ւ է կարևոր ապրող մարգարե ունենալ, որը կառաջնորդի Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին և դրա անդամներին:

Սուրբ Գրությունների Ուղեցույցում մենք գտնում ենք մարգարե բառի սահմանումը. «Անձ՝ կանչված Աստծո կողմից՝ Նրա անունից խոսելու համար: Որպես Աստծո սուրհանդակ, մարգարեն Աստծուց ստանում է պատվիրաններ, մարգարեություններ և հայտնություններ» (տես Աստվածաշնչի Բառարան, «Մարգարե»):

Երկրի համար այս դժվար օրերին մեծ օրհնություն է Տիրոջ խոսքը, պատվիրանները և առաջնորդություն ստանալը: Մարգարեն կարող է ոգեշնչվել՝ տեսնելու ապագան՝ հօգուտ մարդկությանը:

Մեզ ասված է, որ «Տեր Եհովան ոչ մի բան չի անիլ, եթե չհայտնէ իր խորհուրդը իր ծառաներին՝ մարգարեներին» (Ամովս Գ.7): Այս սուրբ գրությունից մենք սովորում ենք, որ Տերը կհայտնի Իր մարգարեներին բացարձակ ամեն-ինչ, ինչ Նա համարում է անհրաժեշտ մեզ հաղորդելու համար: Նա կհայտնի Իր կամքը և կուսուցանի մեզ Իր մարգարեների միջոցով:

Տերը մեզ խոստացել է, որ եթե մենք հավատանք սուրբ մարգարեներին, մենք հավերժական կյանք կունենանք (տես ՎևՈւ 20.26): Հավատո վեցերորդ հանգանակում մենք հայտարարում ենք, որ հավատում ենք մարգարեներին: Հավատալ նշանակում է հավատք և վստահություն ունենալ նրանց հանդեպ և հետևել ու անել այն, ինչ նրանք մեզ խնդրում են:

1980թ., երբ Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը ծառայում էր որպես Տասներկու Առաքյալների Խորհրդի Նախագահ, նա մարգարեներին հնազանդվելու զորեղ ուղերձ հղեց ԲՅՀ հավաքին, Մարիոտ Կենտրոնում: Նրա հռչակավոր ելույթը՝ «Մարգարեին հետևելու տասնչորս հիմունքները», հուզեց սիրտս: Ես լավ զգացի, որ որոշում էի կայացրել կյանքիս մնացած ընթացքում հետևել մարգարեներին, երբ ընդունել էի մկրտությունը Տիրոջ ճշմարիտ Եկեղեցում:

Ես ուզում եմ կիսվել ձեզ հետ Նախագահ Բենսոնի ուսուցանած սկզբունքներից մի քանիսով.

«Առաջինը՝ Մարգարեն միակ մարդն է, որը խոսում է Տիրոջ փոխարեն բոլոր հարցերում» (1980 Devotional Speeches of the Year [1981], 26):

Մեր օրերում, Աստծո մարգարեն մեզ ասել է պահել պատվիրանները, սիրել մեր մերձավորին, ծառայել, հոգ տանել աճող սերնդի համար, փրկել ոչակտիվներին կամ քիչ-ակտիվներին, անել շատ բաներ, որոնք մենք կոչում ենք մարգարեական առաջնահերթություններ: Մենք պետք է հասկանանք, որ դրանք Աստծո առաջնահերթություններն են, և որ մարգարեն Նրա ձայնն է, երբ հաղորդում է դրանք բոլորին, ինչպես Եկեղեցում, այնպես էլ աշխարհում:

Մեզ խորհուրդ է տրվել «ուշք դարձնել նրա բոլոր խոսքերին ու պատվիրաններին» (ՎևՈւ 21.4): Մենք նաև սովորել ենք.

«Քանզի նրա խոսքը դուք պետք է ընդունեք, ինչպես որ իմ իսկ բերանից, ողջ համբերությամբ ու հավատքով:

Քանզի այդ բաները կատարելով, դժոխքի դռները չեն հաղթի ձեզ. այո, և Տեր Աստված ձեր առջևից կցրի խավարի զորությունները և այնպես կանի, որ երկինքները կցնցվեն՝ ձեր բարիքի և իր անվան փառքի համար» (ՎևՈւ 21.5-6):

Երկրորդ հիմունք. «Ապրող մարգարեն ավելի կարևոր է մեզ համար, քան կանոնիկ աշխատությունները» (“Fourteen Fundamentals,” 26):

Կենդանի մարգարեն հատուկ հայտնություններ է ստանում մեզ համար: Ես կարող եմ հիշել, թե քանի անգամ եմ լսել, ինչպես է Տիրոջ ծառաներից մեկը որոշակիորեն խոսացել որևէ քաղաքի կամ երկրի մասին: Ես հիշում եմ առնվազն երեք կենդանի մարգարե, տեսանող և հայտնող, ովքեր խոսել են իմ երկրի՝ Բրազիլիայի մասին: Այդ ծառաներից մեկն ասաց, որ Բրազիլիան մեծ տնտեսություն կունենա, արժեզրկումներից զերծ: Այդ ժամանակ մենք ամեն ամիս ունեինք երկնիշ արժեզրկում: Շատ մարդկանց համար դժվար էր հավատալ մարգարեի ասածին, բայց ես հավատում էի: Այժմ, բազմաթիվ տարիների ընթացքում Բրազիլիան վայելում է տարեկան մոտ 5 տոկոս արժեզրկում: Բրազիլիան իր տնտեսության զարգացմամբ աշխարհում ութերորդն է և երկիրը բարգավաճում է:

Երրորդ հիմունք. «Ապրող մարգարեն ավելի կարևոր է մեզ համար, քան մահացած մարգարեն» (“Fourteen Fundamentals,” 27):

Մենք մեծ դաս ենք սովորում այս մասին սուրբ գրություններից: Նոյի ժամանակ մարդիկ ավելի հեշտությամբ հավատում էին մահացած մարգարեներին, քան Նոյին: Մենք գիտենք, որ իրենց անհավատության պատճառով նրանք կործանվեցին Ջրհեղեղից (տես Ծննդոց Զ-Է):

Չորրորդ հիմունք «Մարգարեն երբեք Եկեղեցին չի տանի սխալ ուղով» (“Fourteen Fundamentals,” 27):

Կրկին մենք սովորում ենք ապրող մարգարեներից: Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆն ասել է. «Տերը երբեք թույլ չի տա, որ ես կամ որևէ այլ մարդ, որը կանգնած է որպես այս Եկեղեցու Նախագահ, մոլորեցնի ձեզ: Դա ընգրկված չէ ծրագրի մեջ: Դա Աստծո մտադրությունը չէ: Եթե ես փորձեի դա անել, Տերն ինձ կհեռացներ իմ տեղից, և նույնը նա կանի որևէ այլ մարդու հետ, որը կփորձի մարդկանց զավակներին հեռացնել Աստծո պատգամներից և իրենց պարտականություններից» (Պաշտոնական Հայտարարություն 1):

Հինգերորդ հիմունք. «Մարգարեն կարիք չունի երկրային ուսուցում կամ փորձ ունենալ՝ ցանկացած պահին որևէ թեմայով խոսելու կամ որևէ գործ կատարելու համար» (“Fourteen Fundamentals,” 27):

Տերը կանչեց երիտասարդ Ջոզեֆ Սմիթին՝ վերականգնելու Իր Եկեղեցին: Կարծում եք երիտասարդ Ջոզեֆ Սմիթը աստվածաբանության կամ գիտության դոկտո՞ր էր: Մենք գիտենք, որ նա խոնարհ և ակադեմիական կրթություն չունեցող պատանի էր: Բայց նա ընտրվեց Տիրոջ կողմից և Տիրոջից ստացավ այն ամենն, ինչ անհրաժեշտ էր Վերականգնման մարգարեի կոչումը պատվելու և մեծարեու համար:

Նախագահ Բոնսոնը շարունակում է.

«Վեցերորդ. Մարգարեն կարիք չունի ասելու «Սա ասում է Տերը»՝ մեզ սուրբ գրություն տալու համար»…

Յոթերորդ. «Մարգարեն մեզ ասում է այն, ինչ մենք պետք է իմանանք, և ոչ միշտ այն, ինչ մենք ուզում ենք իմանալ»(“Fourteen Fundamentals,” 27, 28):

Ապա Նախագահ Բենսոնը մեջբերում է 1 Նեփի 16.1, 3-ից.

«Եվ արդ, եղավ այնպես, որ ես Նեփիս, եղբայրներիս հետ իմ խոսելուն վերջ դնելուց հետո, ահա նրանք ասացին ինձ. Դու մեզ խիստ բաներ քարոզեցիր, ավելին, քան մենք ի վիճակի ենք տանել: …

Եվ արդ, իմ եղբայրներ, եթե դուք արդար լինեիք և կամենայիք ականջ դնել ճշմարտությանը և ուշք դարձնել դրան, որպեսզի կարողանայիք ուղիղ քայլել Աստծո առջև, այդ դեպքում դուք չէիք տրտնջա ճշմարտության պատճառով և ասի. Դու խիստ բաներ ես ասում մեր դեմ»:

Ութերորդ հիմունք. «Մարգարեն չի սահմանաձակվում մարդու դատողությամբ: …

Արդյո՞ք խելքին մոտ է բուժել բորոտությունը, ասելով մարդուն յոթ անգամ լվացվել որևէ գետում: Սակայն սա հենց այն է, ինչ Եղիսե մարգարեն ասաց բորոտին անել, և վերջինս բուժվեց (տես Դ Թագավորաց Ե)» (“Fourteen Fundamentals,” 28):

Եվ Նախագահ Բենսոնը շարունակում է տալ մարգարեին հնազանդվելու մյուս սկզբունքները: Ես կկարդամ վերջին վեցը և կխնդրեմ ձեզ ձեր հաջորդ ընտանեկան երեկոյին գտնել այդ սկզբունքները մեր ապրող մարգարեների, տեսանողների և հայտնողների ելույթներում և ուսուցումներում, որ հնչեցին այս գերագույն համաժողովի ընթացքում:

Իներորդ. Մարգարեն կարող է հայտնություն ստանալ ցանկացած հարցի շուրջ՝ և նյութական, և հոգևոր: …

Տասերորդ. Մարգարեն կարող է ներգրավվել քաղաքացիական հարցերի մեջ: …

Տասնմեկերորդ. Մարգարեին հետևելու հարցում առավել դժվարացող երկու խմբերն են՝ հպարտները, որոնք ուսում են ստացել, և հպարտները, որոնք հարուստ են: …

Տասներկուերորդ. Մարգարեն միշտ չէ, որ ճանաչված է աշխարհում կամ աշխարհիկներին: …

Տասներեքերորդ. Մարգարեն և նրա խորհրդականները կազմում են Առաջին Նախագահությունը՝ Եկեղեցու բարձրագույն քվորումը: …

Տասնչորսերորդ. Մարգարեն և նրա խորհրդականները կազմում են Առաջին Նախագահությունը՝ Եկեղեցու բարձրագույն քվորումը» (“Fourteen Fundamentals,” 29):

Մենք արտոնված ենք, ունենալով մեր կենդանի մարգարեների, տեսանողների և հայտնողների խոսքերը այս հիանալի գերագույն համաժողովին: Նրանք մեզ՝ Տիրոջ ժողովրդին կհայտնեն Նրա կամքը: Նրանք կփոխանցեն մեզ Աստծո խոսքը և Նրա խորհուրդը: Ուշադրություն դարձրեք և հետևեք նրանց հրահանգմանը և խորհուրդներին, և ես վկայում եմ, որ ձեր կյանքը լիովին կօրհնվի:

Հիսուսը Քրիստոսն է, մեր Փրկիչը և Քավիչը: Թոմաս Ս. Մոնսոնը Աստծո ապրող մարգարեն է և Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ են: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: