2010–2019 թթ․
Հպարտությունը և Քահանայությունը
Հոկտեմբեր 2010


Հպարտությունը և քահանայությունը

Հպարտությունն այն անջատիչն է, որը կտրում է քահանայության զորության աղբյուրը:

Իմ թանկագին եղբայրներ. շնորհակալ ենք, որ հավաքվել եք աշխարհով մեկ գերագույն համաժողովի քահանայության այս նիստին: Ձեր ներկայությունը ցույց է տալիս ձեր պարտավորվածությունը, որտեղ որ լինեք, սուրբ քահանայությունը կրող քահանայության ձեր եղբայրների հետ կանգնելու և ծառայելու ու պատվելու ձեր Տիրոջն ու Քավիչին՝ Հիսուս Քրիստոսին:

Կյանքի մեր ուղին մենք հաճախ նշում ենք իրադարձություններով, որոնք հետք են թողնում մեր մտքի ու սրտի վրա: Իմ կյանքում նմանատիպ շատ իրադարձություններ կան, որոնցից մեկը տեղի է ունեցել 1989 թվականին, երբ ես լսեցի Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի հարատև քարոզը՝ «Զգուշացիր հպարտությունից» թեմայով: Որպես նախաբան՝ նա նշեց, որ այդ թեման բավական ժամանակ ծանրացած էր Նախագահ Բենսոնի հոգու վրա:1

Վերջին ամիսներին ես նման ծանրություն եմ զգացել ինձ վրա: Սուրբ Հոգու հուշումներն ինձ հորդորել են իմ ձայնն ավելացնել որպես ևս մեկ վկայություն 21 տարի առաջ հնչած Նախագահ Բենսոնի ուղերձին:

Յուրաքանչյուր մահկանացու առնվազն պատահական, եթե ոչ անմիջական շփում է ունեցել հպարտության մեղքի հետ: Ոչ ոք դրանից չի խուսափել. քչերը կան, որ հաղթահարել են այն: Երբ ասացի իմ կնոջը, որ պատրաստվում եմ խոսել այս թեմայով, նա ժպտաց և ասաց. «Շատ լավ է, որ խոսում ես քեզ շատ ծանոթ բաների մասին»:

Հպարտության լրացուցիչ իմաստները

Հիշում եմ նաև Նախագահ Բենսոնի ազդեցիկ ելույթի օժանդակ ազդեցություններից մեկը: Որոշ ժամանակ Եկեղեցու անդամների մոտ գրեթե արգելված էր ասել, որ նրանք «հպարտանում են» իրենց երեխաներով կամ իրենց հայրենիքով կամ իրենց աշխատանքով: Հպարտություն բառը կարծես դուրս էր եկել մեր բառապաշարից:

Սուրբ գրություններում մենք լավ և արդար մարդկանց բազմաթիվ օրինակներ ենք գտնում, որոնք ուրախանում են արդարությամբ և միևնույն ժամանակ ցնծում են Աստծո բարությամբ: Մեր Երկնային Հայրն Իր Սիրելի Որդուն ներկայացրեց հետևյալ խոսքերով՝ «ում ես հավանում եմ»:2

Ալման ցնծում էր այն մտքից, որ կարող էր «գործիք լինել Աստծո ձեռքում»:3 Պողոս Առաքյալը ցնծում էր Եկեղեցու անդամների հավատարմությամբ:4 Մեծ միսիոներ Ամմոնը ցնծում էր որպես միսիոներ իր և իր եղբայրների ունեցած հաջողությունից:5

Հավատացած եմ, որ տարբերություն կա որոշակի բաներով հպարտանալու և հպարտ լինելու մեջ: Ես հպարտանում եմ շատ բաներով: Ես հպարտանում եմ իմ կնոջով: Ես հպարտանում եմ իմ զավակներով ու թոռներով:

Ես հպարտանում եմ Եկեղեցու երիտասարդներով և հրճվում եմ նրանց լավը լինելուց: Ես հպարտանում եմ ձեզանով, իմ թանկագին և հավատարիմ եղբայրներ: Ես հպարտանում եմ, որ կարող եմ կանգնել ձեր կողքին՝ ուս-ուսի տված, որպես Աստծո սուրբ քահանայության կրողներ:

Հպարտությունը սեփական անձը բարձրացնելու մեղքն է

Ուրեմն, ո՞րն է տարբերությունն այս տեսակի հպարտության և այն հպարտության միջև, որը Նախագահ Բենսոնը կոչել է «բազմակողմանի մեղք»:6 Հպարտությունը մեղսագործ է, ինչպես անմոռանալի ձևով ուսուցանել է Նախագահ Բենսոնը, որովհետև այն ծնում է ատելություն կամ թշնամանք, և Աստծո ու մեր մերձավորների հետ շփվելիս մեր մեջ ստեղծում է ընդդիմության վիճակ: Իր էությամբ հպարտությունը համեմատվելու մեղքն է, քանի որ չնայած սկսվում է անմեղ արտահայտությամբ՝ «Տես որքան հրաշալի եմ ես և որքան մեծ բաներ եմ ես արել», այն կարծես միշտ ավարտվում է մեղսավոր մտքով՝ «Հետևաբար, ես ավելի լավն եմ, քան դու»:

Երբ մեր սիրտը լցված է հպարտությամբ, մենք լուրջ մեղք ենք գործում, քանի որ խախտում ենք երկու մեծ պատվիրանները:7 Աստծուն և մեր մերձավորին երկրպագելու փոխարեն, մենք բացահայտում ենք մեր երկրպագության և սիրո իրական առարկան՝ հայելու մեջ երևացող պատկերը:

Հպարտությունը սեփական անձը բարձրացնելու մեծ մեղքն է: Շատերի համար այն անձնական Ռամեումփթոմ է՝ սուրբ հարթակ, որն արդարացնում է նախանձը, ժլատությունը և ունայնությունը:8 Ինչ որ իմաստով հպարտությունը նախնական մեղքն է, քանի որ նախքան այս երկրի հիմնադրումը, հպարտությունը վայր գցեց Լյուցիֆերին՝ արշալույսի որդուն, «որն իշխանություն ուներ Աստծո ներկայության մեջ»:9 Եթե հպարտությունը կարող է ապականել այդպիսի ունակ և խոստումնալից մեկին, մի՞թե դա հիմք չէ, որ մենք ևս քննենք մեր հոգին:

Հպարտությունը բազմաթիվ դեմքեր ունի

Հպարտությունը մահացու քաղցքեղ է: Այն մեղքի ուղեմուտ է, որը տանում է մարդկային այլ թուլությունների: Փաստորեն, կարելի է ասել, որ յուրաքանչյուր երկրորդ մեղք, իր էությամբ, հպարտության դրսևորում է:

Այս մեղքը բազմաթիվ դեմքեր ունի: Ոմանց այն մղում է դեպի սեփական պատկերացման ինքնահարգանքի, ձեռքբերումների, շնորհների, հարստության կամ դիրքի չարաշահման: Նրանք այդ օրհնությունները համարում են ուրիշների նկատմամբ «ընտրված», «գերազանց» կամ «ավելի արդար» լինելու վկայություն: Այս մեղքն ասում է. «Փառք Աստծուն, որ ես ավելի յուրահատուկ եմ, քան դու»: Իր էությամբ այն ցանկանում է, որ իրենով հիանան կամ իրեն նախանձեն: Սա սեփական անձը փառավորելու մեղքն է:

Ոմանց համար էլ հպարտությունը վերածվում է նախանձի. նրանք ցավագին են նայում այն մարդկանց, ովքեր իրենցից ավելի լավ դիրք, ավելի լավ շնորհներ կամ ավելի շատ ունեցվածք ունեն: Սխալմամբ ու անազնվությամբ փորձելով բարձրացնել սեփական անձը՝ նրանք ձգտում են վիրավորել, ցածրացնել և վայր գցել ուրիշներին: Երբ մարդիկ, ում իրենք նախանձում են, ինչ-որ պատճառով սայթաքում են կամ տառապում, նրանք թաքուն ուրախանում են:

Սպորտի փորձասենյակը

Հավանաբար, հպարտության մեղքն ուսումնասիրելու համար չկա ավելի լավ փորձասենյակ, քան սպորտի աշխարհը: Ես միշտ սիրել եմ մասնակցել և դիտել սպորտային խաղեր: Սակայն խոստովանում եմ, որ հաճախ լինում են պահեր, երբ սպորտում եղած քաղաքավարության պակասն ամաչեցնում է: Ինչպե՞ս կարող են բնականում բարի և կարեկից մարդկային էակները լինել այդքան անհանդուրժող և ատելությամբ լցված հակառակորդ թիմի և նրա մարզասերների նկատմամբ:

Տեսել եմ, թե ինչպես են մարզասերներն անարգում և վատաբանում իրենց հակառակորդին: Նրանք գտնում են ինչ-որ փոքր բան և մեծացնում են այն: Նրանք արդարացնում են իրենց թշնամանքը լայն ընդհանրացումներով և այն վերագրում են մյուս թիմի հետ կապ ունեցող բոլոր մարդկանց: Երբ հակառակորդը մատնվում է անհաջողության, նրանք ուրախանում են:

Եղբայրներ, ցավոք սրտի այսօր մենք հաճախ նման վերաբերմունք ու պահվածք ենք տեսնում քաղաքական, ազգային և կրոնական հարցերի շուրջ քննարկումների ժամանակ:

Քահանայության իմ սիրելի եղբայրներ, մեղմ Քրիստոսի իմ սիրելի բարեկամ հետևորդներ, արդյոք չպե՞տք է մենք ավելի բարձր չափանիշներով պահենք մեզ: Որպես քահանայություն կրողներ՝ մենք պետք է գիտակցենք, որ Աստծո բոլոր զավակները կրում են սպորտային միևնույն թիմի համազգեստը: Մեր թիմը մարդկանց եղբայրությունն է: Մահկանացու կյանքը մեր խաղադաշտն է: Մեր նպատակն է սովորել սիրել Աստծուն և այդ սերն արտահայտել մեր մերձավորի հանդեպ: Մենք այստեղ ենք, որպեսզի սովորենք ըստ Նրա օրենքների հաստատել Աստծո արքայությունը: Մենք այստեղ ենք, որպեսզի կառուցենք, բարձրացնենք, արդար վարվենք և քաջալերենք Երկնային Հոր բոլոր զավակներին:

Մի թող, որ այն քեզ թունավորի

Որպես Բարձրագույն Իշխանավոր կանչվելուց հետո, ես օրհնված եմ եղել դաստիարակվելու Եկեղեցու ավագ Եղբայրներից շատերի կողմից: Մի օր ես հնարավորություն ունեի Նախագահ Ջեյմս Է. Ֆաուստի հետ գնալու ցցի համաժողովի: Մեքենայի մեջ Նախագահ Ֆաուստը ժամանակ տրամադրեց ինձ որոշ կարևոր սկզբունքներ ուսուցանելու իմ հանձնարարության մասին: Նա բացատրեց, թե որքան երախտապարտ են Եկեղեցու անդամները, հատկապես, Բարձրագույն Իշխանավորների հանդեպ: Նա ասաց. «Նրանք քեզ հետ շատ բարի կլինեն: Նրանց հաճելի խոսքեր կասեն քո մասին»: Նա ժպտաց և ապա ասաց. «Դիտեր, շնորհակալ եղիր դրա համար: Բայց մի թող որ այն քեզ թունավորի»:

Սա լավ դաս է բոլորիս համար, եղբայրներ, ցանկացած կոչման մեջ և կյանքի իրավիճակում: Մենք կարող ենք երախտապարտ լինել մեր առողջության, հարստության, ունեցվածքի կամ դիրքի համար, սակայն եթե թույլ տանք, որ այն մեզ թունավորի՝ եթե տարվենք մեր դիրքով, եթե կենտրոնանանք մեր կարևորության, զորության կամ հեղինակության վրա, եթե ապրենք հասարակական մեր կերպարով և հավատանք մեր ստեղծած մամլակներին,– դա կլինի դժբախտության սկիզբը. այդ ժամանակ հպարտությունը կսկսի փչացնել մեզ:

Սուրբ գրություններում բազմաթիվ զգուշացումներ կա հպարտության վերաբերյալ. «Միայն ամբարտավանությունից է ծագում հակառակությունը. բայց խրատվածների մոտ իմաստություն կա»:10

Պետրոս Առաքյալը զգուշացրել է, որ «Աստված ամբարտավաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս»:11 Մորմոնը բացատրել է. «ոչ մեկն ընդունելի չէ Աստծո առաջ, բացի հեզից և սրտով խոնարհից»:12 Ըստ նախագծի՝ Տերն ընտրում է «այս աշխարհի տկարներին, որպէսզի ամաչեցնի հզօրներին»:13 Տերն այդպես է վարվում, որպեսզի ցույց տա, որ Նրա աջն իր աշխատանքի վրա է, չլինի թե մենք «ապավինենք մարմնի բազկին»14:

Մենք մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի ծառաներն ենք: Քահանայությունը մեզ չի տրվել նրա համար, որ խոնարհվենք հանդիսատեսի ծափահարությունների առաջ: Մենք այստեղ ենք, որպեսզի մեր թևքերը կշտենք և գործի անցնենք: Մենք հասարակ գործի չենք հավաքագրվել: Մենք կանչված ենք աշխարհը նախապատրաստելու մեր Տեր և Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի գալուստին: Մենք հարգանք չենք փնտրում մեզ համար, այլ փառքն ու պատիվը տալիս ենք Աստծուն: Մենք գիտենք, որ մեր կատարած ներդրումը փոքր է. այնուամենայնիվ, երբ արդարությամբ գործադրում ենք քահանայության իշխանությունը, մեր ջանքերի միջոցով Աստված կարող է մեծ և զարմանալի գործեր կատարել: Մենք պետք է սովորենք, ինչպես Մովսեսը, որ ինքն իրենով «մարդ ոչինչ է»,15 բայց «Աստծո հետ ամեն բան հնարավոր է»:16

Հիսուս Քրիստոսը խոնարհության կատարյալ օրինակն է

Այս բանում, ինչպես որ բոլոր բաներում, Հիսուս Քրիստոսը մեր կատարյալ օրինակն է: Ի տարբերություն Լյուցիֆերի, որը փորձեց փոխել Հոր փրկության ծրագիրը և պատիվն իրեն վերցնել, Փրկիչն ասաց. «Հայր, քո կամքը կատարվի և փառքը քոնը լինի հավիտյան»:17 Չնայած նա զարմանահրաշ կարողություններ ուներ և գործեր էր կատարում, Փրկիչը միշտ հեզ էր ու խոնարհ:

Եղբայրներ, մենք կրում ենք «Սուրբ Քահանայություն՝ ըստ Աստծո Որդու Կարգի»:18 Դա այն զորությունն է, որ Աստված շնորհել է մարդուն՝ երկրի վրա, որ մարդ գործի Նրա համար: Նրա զորությունն օգտագործելու համար մենք պետք է ձգտենք Փրկչի նման լինել: Դա նշանակում է, որ բոլոր բաներում մենք ձգտում ենք անել Հոր կամքը, ճիշտ ինչպես Փրկիչն էր անում:19 Դա նշանակում է, որ մենք ողջ փառքը տալիս ենք Հորը, ճիշտ ինչպես Փրկիչն էր անում:20 Դա նշանակում է, որ մենք մեզ կորցնում ենք մերձավորների ծառայության մեջ, ճիշտ ինչպես Փրկիչն էր անում:

Հպարտությունն այն անջատիչն է, որը կտրում է քահանայության զորության աղբյուրը:21 Խոնարհությունն այն անջատիչն է, որը բացում է այն:

Եղեք խոնարհ և սիրով լի

Ուրեմն, ինչպե՞ս հաղթահարենք հպարտության այդ մեղքը, որն այդքան գերիշխող է ու այդքան վնաս է հասցնում: Ինչպե՞ս ենք ավելի խոնարհ դառնում:

Երբ մեր սիրտը լցված է գթությամբ, գրեթե անհնար է հպարտությունից բարձրամտանալ: «Ոչ ոք չի կարող օգնել այս գործում, եթե նա չլինի խոնարհ և սիրով լի»:22 Երբ սկսում ենք շրջապատի աշխարհին նայել Քրիստոսի մաքուր սիրո ոսպնապակիով, մենք սկսում ենք ըմբռնել խոնարհությունը:

Ոմանք ենթադրում են, որ խոնարհության համար պետք է ինքներս մեզ ծեծենք: Խոնարհությունը չի նշանակում մեզ համոզել, որ մենք անարժան ենք, աննշան կամ ցածրարժեք: Ոչ էլ դա նշանակում է, որ պետք է մերժենք կամ չօգտագործենք մեզ տրված Աստծո շնորհները: Մեր մասին ցածր կարծիք ունենալով խոնարհություն չենք գտնի: Այն գալիս է, երբ Աստծուն և մերձավորին ծառայելու տրամադրությամբ գործի ենք անցնում:

Խոնարհությունը մեր ուշադրությունն ու սերը սևեռում է մարդկանց և Երկնային Հոր նպատակների ուղղությամբ: Հպարտությունն անում է հակառակը: Հպարտությունն իր եռանդն ու ուժը կլանում է եսասիրության խորը ջրհորից: Հենց որ դադարում ենք տարվել մեզանով և թաղվում ենք ծառայության մեջ, մեր հպարտությունը թուլանում է և սկսում է մահանալ:

Եղբայրներ և քույրեր, մեր վրա կենտրոնանալու փոխարեն, այնքան շատ մարդիկ կան, որ ունեն մեր մտահոգության կարիքը: Եվ. Խնդրում եմ, մի մոռացեք ձեր սեփական ընտանիքը, ձեր կնոջը: Այնքան շատ ձևեր կա, որ կարող ենք ծառայել: Մենք ժամանակ չունենք ինքներս մեզանով տարվելու:

Ժամանակին ես մի գրիչ ունեի, որը շատ էի սիրում օգտագործել, երբ ավիաընկերությունում հրամանատար էի աշխատում: Գրչակոթը պտտելով ես կարող էի ընտրել չորս գույներից մեկը: Երբ կապույտի փոխարեն ցանկանում էի օգտագործել կարմիր միջուկը, գրիչը չէր բողոքում: Այն չէր ասում. «Ես չէի ցանկանա, որ ինձ օգտագործեք ժամը տասից հետո, ոչ էլ մառախուղի ժամանակ, ոչ էլ մեծ բարձրության վրա»: Այն չէր ասում. «Ինձ օգտագործեք միայն կարևոր փաստաթղթեր ստորագրելիս, ոչ թե ամենօրյա թղթերի վրա գրելիս»: Անկախ նրանից, որքան կարևոր կամ աննշան էր հանձնարարությունը, մեծ հուսալիությամբ այն կատարում էր ինձ անհրաժեշտ յուրաքանչյուր գործ: Այն միշտ պատրաստ էր ինձ ծառայելու:

Նման ձևով, մենք գործիքներ ենք Աստծո ձեռքերում: Երբ մեր սիրտը ճիշտ տեղում է, մենք չենք բողոքում, թե մեր հանձնարարությունն արժանի չէ մեր կարողություններին: Մենք ուրախությամբ ծառայում ենք որտեղ մեզ խնդրում են: Երբ դա անենք, Տերը կարող է մեզ օգտագործել Իր աշխատանքը կատարելիս այնպիսի ձևերով, որը մեր հասկացողությունից վեր է:

Թույլ տվեք ավարտել 21 տարի առաջ Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի ասած ոգեշնչված ուղերձի խոսքերով.

«Հպարտությունը գայթակղության մեծ քար է Սիոնի համար:

Մենք պետք է մաքրենք ներքին անոթը՝ հաղթահարելով հպարտությունը: …23

Մենք պետք է ենթարկվենք «Սուրբ Հոգու հորդորներին», հանենք մեր վրայից հպարտ՝ «բնական մարդուն» և դառնանք «մի սուրբ՝ Տեր Քրիստոսի քավությամբ» և դառնանք «հլու, հեզ և խոնարհ, ինչպես մի երեխա»: …24

Աստված ունենալու է խոնարհ ժողովուրդ … «օրհնված են նրանք, ովքեր խոնարհեցնում են իրենց, առանց հարկադրված լինելու՝ լինել խոնարհ» …25

Եկեք ընտրենք խոնարհ լինելը: Մենք կարո՛ղ ենք այդ անել: Ես գիտեմ, մենք կարո՛ղ ենք»:26

Իմ սիրելի եղբայրներ. եկեք հետևենք մեր Փրկչի օրինակին և մարդկանց գովքն ու պատիվը փնտրելու փոխարեն, ձեռք մեկնենք ծառայելու: Իմ աղոթքն է, որ մենք նկատենք և արմատախիլ անենք անիրավ հպարտությունը մեր սրտերից, և որ այն փոխարինենք «արդարութեան, աստուածապաշտութեան, հաւատի, սիրոյ, համբերութեան եւ հեզութեան»: Հիսուս Քրիստոսի անունով՝ ամեն:27 Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

  1. Տես Ezra Taft Benson, “Beware of Pride,” Ensign, May 1989, 4:

  2. 3 Նեփի 11.7:

  3. Ալմա 29.9:

  4. Տես Բ Թեսաղոնիկեցիս 1.4:

  5. Sես Ալմա 26:

  6. Ezra Taft Benson, Ensign, May 1989, 6.

  7. Տես Մատթեոս ԻԲ.36–40:

  8. Տես Ալմա 31.21:

  9. Վարդապետություն և Ուխտեր 76.25:

  10. Առակաց 13.10:

  11. Ա Պետրոս 5.5:

  12. Մորոնի 7.44:

  13. Ա Կորնթացիս 1.27:

  14. Վարդապետություն և Ուխտեր 1.19:

  15. Մովսես 1.10:

  16. Մատթեոս 19.26:

  17. Տես Մովսես 4.1–2:

  18. Վարդապետություն և Ուխտեր 107.3:

  19. Տես Հովհաննես 8.28–29:

  20. Տես Հովհաննես 17.4:

  21. Տես Վարդապետություն և Ուխտեր 121.34:

  22. Վարդապետություն և Ուխտեր 12.8:

  23. Sես Ալմա 6.2–4; Մատթեոս 23.25–26:

  24. Մոսիա 3.19; տես նաև Ալմա 13.28:

  25. Ալմա 32.16:

  26. Ezra Taft Benson, Ensign, May 1989, 6–7.

  27. Ա Տիմոթեոս 6.11: