2010–2019 թթ․
Վստահեք Աստծուն, հետո գնացեք և արեք
Հոկտեմբեր 2010


Վստահեք Աստծուն, հետո գնացեք և արեք

Դուք ցույց եք տալիս վստահություն Նրա հանդեպ երբ լսում եք, ցանկանալով սովորել և ապաշխարել, և ապա գնում եք և անում այն, ինչ Նա խնդրում է ձեզանից:

Սիրելի եղբայրներ և քույրեր, ինձ համար պատիվ է խոսել ձեզ համար այս հանգստյան օրը: Ես խոնարհված եմ զգում միլիոնավոր Վերջին Օրերի Սրբերի և ողջ աշխարհում մեր ընկերների հետ խոսելու այս հանձնարարության համար: Այս սուրբ պարտականությանը պատրաստվելիս, ես աղոթեցի և խորհեցի՝ իմանալու համար ձեր անձնական կարիքների և այն մասին, թե Տերն ինչ ուղերձ էր կամենում, որ ես հաղորդեի:

Ձեր կարիքները մեծ են և բազմազան: Ձեզանից յուրաքանչյուրը Աստծո առանձնահատուկ զավակն է: Աստված անհատապես գիտի ձեզ: Նա ձեզ ուղղված և ձեր կարիքներին համապատասխան քաջալերանքի, ուղղորդման և հրահանգավորման ուղերձներ է ուղարկում:

Որպեսզի հայտնաբերեի, թե Աստված ինչ կկամենար որ ես խոսեի այս համաժողովին, ես կարդացի Նրա ծառաների ուղերձները սուրբ գրքերում և անցած համաժողովներում: Ես ստացա իմ աղոթքի պատասխանը, երբ կարդացի Ալմայի՝ Մորմոնի գրքի Տիրոջ այդ մեծ ծառայի խոսքերը.

«Ախ, երանի ես մի հրեշտակ լինեի, և կարողանայի ունենալ իմ սրտի իղձը, որ ես առաջ գնայի և խոսեի Աստծո փողով, երկիրը ցնցելու ձայնով, և ապաշխարություն աղաղակեի ամեն ժողովրդի:

Այո, ես ամեն հոգու կհայտարարեի, որոտի ձայնի պես, ապաշխարություն և փրկագնման ծրագիրը, որպեսզի նրանք ապաշխարեին և գային դեպի մեր Աստվածը, որպեսզի ողջ երկրի երեսին այլևս վիշտ չլիներ:

Բայց ահա, ես մարդ եմ և մեղանչում եմ իմ իղձում. Քանզի ես պետք է գոհ լինեմ այն բաների համար, որոնք Տերը բաշխել է ինձ»:1

Իսկ հետո ես գտա Ալմայի մտորումներում այն առաջնորդությունը, որի համար ես աղոթում էի. «Քանզի, ահա, Տերը շնորհում է բոլոր ազգերին, իրենց սեփական ազգից և լեզվից, սովորեցնելու իր խոսքը, այո, իմաստությամբ, այն բոլորը, որ նա հարմար է տեսնում, որ նրանք ունենան. Հետևաբար, մենք տեսնում ենք, որ Տերը խրատում է իմաստությամբ, համաձայն նրա, ինչ արդար է ու ճշմարիտ»:2

Երբ ես կարդացի Աստծո ծառայի կողմից այդ ուղերձը, այսօրվա համար իմ պարտականությունը պարզ դարձավ: Աստված ուղարկում է ուղերձներ և լիազորված սուրհանդակներ Իր զավակներին: Ես պետք է բավականաչափ վստահություն կառուցեմ Աստծո և Նրա ծառաների հանդեպ, որպեսզի մենք դուրս գնանք և հնազանդվենք Նրա խորհրդին: Նա ցանկանում է դա, որովհետև Նա սիրում է մեզ և ցանկանում է մեր երջանկությունը: Եվ Նա գիտի որ Իր հանդեպ վստահության բացակայությունը տխրություն է բերում:

Վստահության այդ բացակայությունը վիշտ է բերել Երկնային Հոր զավակներին Արարումից առաջ: Մենք Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված Աստծո հայտնությունների միջոցով գիտենք, որ մեր եղբայրներից և քույրերից շատերը նախաերկրային աշխարհում մերժեցին մեզ համար մահկանացու կյանքի ծրագիրը, որը ներկայացվեց մեր Երկնային Հոր և Նրա ավագ Որդի Եհովայի կողմից:3

Մենք չգիտենք այդ ապստամբությունը հրահրելիս Լյուցիֆերի սոսկալի հաջողության բոլոր պատճառները: Այնուամենայնիվ մեկ պատճառ պարզ է: Նրանք, ովքեր կորցրեցին մահկանացու կյանք գալու օրհնությունը, չունեին բավականաչափ վստահություն Աստծո հանդեպ՝ հավերժական թշվառությունից խուսափելու համար:

Արարչագործությունից սկսած Աստծո հանդեպ վստահության բացակայության տխուր օրինակը շարունակվում է: Ես զգույշ կլինեմ օրինակներ բերելիս Աստծո զավակների կյանքից, քանի որ ես չգիտեմ Նրան վստահելու համար նրանց բավականաչափ հավատքի բացակայության վերաբերյալ բոլոր պատճառները: Ձեզանից շատերը սովորել են կյանքի ճգնաժամային պահերից:

Յովնանը, օրինակ, ոչ միայն մերժեց Նինվէ գնալու Տիրոջ ուղերձը, այլ գնաց ուրիշ ճանապարհով: Նէամանը չկարողացավ վստահել գետում լողանալու Տիրոջ մարգարեի հրահանգին, որպեսզի թույլ տար Տիրոջը բժշկել իր բորոտությունը, զգալով որ հասարակ հանձնարարությունը նրա արժանապատվությունից ցածր էր:

Փրկիչը հրավիրեց Պետրոսին թողնել նավի ապահովությունը՝ ջրի վրայով դեպի Իրեն քայլելու համար: Մենք զգում ենք նրա ցավը և տեսնում Աստծո հանդեպ ավելի մեծ վստահություն ունենալու մեր իսկ կարիքները, երբ լսում ենք պատմությունը.

«Եւ գիշերի չորրորդ պահին Յիսուսը ծովի վերայ գնալով նորանց մօտ եկաւ:

Եւ աշակերտներն երբոր տեսան նորան ծովի վերայ գնալիս, շփոթուեցան եւ ասեցին, թէ աչքի երեւոյթ բան է, եւ վախից աղաղակեցին:

Եւ Յիսուսը շուտով խոսեց նորանց հետ եւ ասեց. Քաջ եղէք, ես եմ՝ մի վախենաք:

Եւ Պետրոսը պատասխան տոււ նոան եւ ասեց, Տէր, եթե դու ես, հրամայիր ինձ, որ ջրերի վերայով քեզ մոտ գամ:

Նա էլ ասաց, Եկ: Եւ Պետրոսը նաւիցը իջնելով ջրերի վերայովը գնաց, որ գայ Յիսուսի մօտ:

Եւ տեսնելով որ քամին սաստիկ է, վախեցավ, եւ երբոր սկսեց ընկմուիլ, աղաղակեց եւ ասեց, Տէր, փրկիր ինձ:

Եւ շուտով Յիսուսը իր ձեռքը մեկնեց նորան բռնեց եւ ասեց նորան. Թերահաւատ, ի՞նչու երկմտեցիր:4

Մենք կարող ենք քաջություն գտնել այն փաստից, որ Պետրոսը սկսեց բավականաչափ վստահել Տիրոջը, որպեսզի հավատարիմ մնար Նրա ծառայությանը ողջ ընթացքում մինչև իր նահատակությունը: Երիտասարդ Նեփին Մորմոնի Գրքում ոգեշնչում է մեզ Տիրոջ հանդեպ վստահություն զարգացնելու ցանկությամբ՝ հնազանդվելու Նրա պատվիրաններին, որքան էլ որ դա մեզ դժվար թվա:

Երիտասարդ Նեփին Մորմոնի Գրքում ոգեշնչում է մեզ Տիրոջ հանդեպ վստահություն զարգացնելու ցանկությամբ՝ հնազանդվելու Նրա պատվիրաններին, որքան էլ որ դա մեզ դժվար թվա: Նեփին վտանգի հանդիպեց և հնարավոր մահվան, երբ ասաց վստահության այս խոսքերը, որոնք մենք կարող ենք և պետք է ամուր պահենք մեր սրտերում. «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է, քանզի գիտեմ, որ Տերը պատվիրաններ չի տալիս մարդկանց զավակներին՝ առանց ուղի պատրաստելու նրանց համար, որպեսզի նրանք կարողանան իրագործել այն, ինչ նա պատվիրել է իրենց»:5

Վստահությունը գալիս է Աստծուն ճանաչելուց: Ավելի քան որևէ այլ ժողովուրդ երկրագնդի վրա, ավետարանի փառահեղ վերականգման իրադարձությունների միջոցով մենք զգացինք այն խաղաղությունը, որը տվեց Տերն Իր ժողովրդին այս խոսքերով. «Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստուած»:6Սիրտս լցված է երախտագիտությամբ այն բանի համար, ինչ Աստված բացահայտել է Իր մասին, որ մենք կարողանանք վստահել Նրան:

Ինձ համար դրա սկիզբը դրեց մի պատանի, 1820 թվականին, ագարակի ծառերի պուրակում՝ Նյու Յորք քաղաքում: Ջոզեֆ Սմիթ Կրտ., տղա հասակում, քայլեց ծառերի միջով դեպի մեկուսի մի վայր: Նա ծնկի իջավ աղոթելու կատարյալ վստահությամբ, որ Աստված կպատասխաներ իր աղաչանքին՝ իմանալու, թե ինչ պետք է աներ մաքրվելու և փրկվելու Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:7

Ամեն անգամ, երբ կարդում եմ նրա պատմությունը, իմ վստահությունը Աստծո և Նրա ծառաների հանդեպ մեծանում է.

«Ես տեսա արևի պայծառությունը գերազանցող լույսի մի սյուն, որն աստիճանաբար իջնում էր ցած, մինչև որ ընկավ ինձ վրա:

Լույսի հայտնվելուն պես, ես ինձ ազատված գտա այդ թշնամու կապանքներից: Երբ լույսը հանգչեց ինձ վրա, ես տեսա երկու Անձնավորություն, ինձանից վեր՝ օդի մեջ կանգնած, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր: Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով, և ասաց՝ մատնացույց անելով մյուսին. Սա է Իմ Սիրելի Որդին: Լսիր Նրան»:8

Հայրը հայտնեց մեզ, որ Նա ապրում է, որ Հիսուս Քրիստոսը Նրա Սիրելի Որդին է և որ Նա սիրում է մեզ այնքան, որ ուղարկեց այդ Որդուն փրկելու մեզ՝ Նրա զավակներին: Եվ քանի որ ես վկայություն ունեմ, որ Նա այդ անգրագետ պատանուն կանչեց որպես Առաքյալ և Մարգարե, ես վստահում եմ Նրա Առաքյալներին և Մարգարեներին այսօր և նրանց, ում նրանք կանչում են ծառայելու Աստծուն:

Այդ վստահությունն օրհնել է իմ կյանքը և իմ ընտանիքի կյանքը: Տարիներ առաջ ես լսեցի Նախագահ Էզրա Թաֆթ Բենսոնին այսպիսի մի համաժողովում: Նա մեզ խորհուրդ տվեց անել ամեն հնարավոր բան՝ դուրս գալու պարտքից և մնալու առանց պարտքի: Նա նշեց տների վարկերի մասին: Նա ասաց որ գուցե հնարավոր չլինի, բայց լավագույնը կլիներ, եթե մենք կարողանայինք վճարել բոլոր մեր վարկերը:9

Ես դիմեցի կնոջս ժողովից հետո և հարցրեցի. «Ի՞նչ ես կարծում, կա՞ որևէ հնարավորություն դա անելու»: Սկզբում մենք չէինք կարողանում: Իսկ հետո մինչև երեկո ես մտածեցի մի սեփականության մասին, որը մենք ձեռք էինք բերել մեկ այլ նահանգում: Տարիներ շարունակ մենք փորձել էինք վաճառել այն, բայց առանց հաջողության:

Սակայն, քանի որ մենք վստահեցինք Աստծուն և Նրա ծառայի ուղերձի այդ մի քանի խոսքերին, մենք երկուշաբթի առավոտ զանգահարեցինք Սան Ֆրանցիսկո՝ այն մարդուն, որը գրանցել էր մեր սեփականությունը վաճառելու համար: Ես նրան մի քանի շաբաթ առաջ էի զանգել և նա այդ ժամանակ ասաց. «Տարիների ընթացքում չի եղել որևէ մեկը, որ հետաքրքրություն ցույց տար ձեր սեփականության հանդեպ»:

Բայց համաժողովից հետո այդ երկուշաբթի առավոտյան ես լսեցի մի պատասխան, որը մինչև այժմ զորացնում է իմ վստահությունն Աստծո և Նրա ծառաների հանդեպ:

Նա հեռախոսով ասաց. «Զարմացած եմ ձեր զանգից: Մի մարդ եկավ այսօր և հարցրեց, թե կարող էր գնել ձեր սեփականությունը»: Զարմացած, ես հարցրեցի. «Որքա՞ն առաջարկեց վճարել»: Դա մի քանի դոլար ավել էր, քան մեր վարկը:

Մարդիկ կարող է ասեն, որ դա միայն պատահականություն էր: Բայց մեր վարկը վճարվեց: Եվ մեր ընտանիքը դեռ լսում է ամեն մի խոսքին մարգարեի ուղերձից, որն ուղարկվել է ասելու, թե մենք ինչ պետք է անենք գտնելու համար այն ապահովությունը և խաղաղությունը, որ Աստված կամենում է մեզ համար:

Այդպիսի վստահություն Աստծո հանդեպ կարող է օրհնել ինչպես ընտանիքների այնպես էլ համայնքների: Ես մեծացել եմ Նյու Ջերսիի մի փոքրիկ քաղաքում: Մեր Եկեղեցու ճյուղը կանոնավորապես հաճախող 20 հոգուց քիչ անդամներ ուներ:

Նրանց շարքում էր մի կին, մի տարեց շատ խոնարհ նորադարձ Եկեղեցում: Նա ներգաղթած էր և խոսում էր ուժեղ Նորվեգական ակցենտով: Նա Եկեղեցու միակ անդամն էր իր ընտանիքում և Եկեղեցու միակ անդամը այն քաղաքում, որտեղ նա ապրում էր:

Իմ հոր միջոցով, որը ճյուղի նախագահն էր, Տերը կանչեց նրան որպես ճյուղի Սփոփող Միության նախագահ: Նա դասագիրք չուներ, որը նրան կասեր, թե ինչ աներ: Եկեղեցու ոչ մի ուրիշ անդամ չէր ապրում նրան մոտ: Նա գիտեր միայն, որ Տերը հոգ է տանում նրանց համար, ովքեր կարիքի մեջ են և մի քանի բառ Սփոփող Միության նշանաբանից. «Գթությունը երբեք չի խափանվում»:

Դա, ինչպես մենք էինք կոչում, «Մեծ Ճգնաժամի» տարիներն էին: Հազարավորներ գործազուրկ էին և անտուն: Այսպիսով, զգալով, որ Տիրոջից հանձնարարություն ուներ, նա իր հարևաններից հին հագուստներ խնդրեց: Նա լվաց այդ հագուստները, արդուկեց դրանք և դրեց ստվարաթղթե արկղերի մեջ ետևի պատշգամբում: Երբ մարդիկ, ովքեր փող չունեին հագուստների կարիք էին ունենում և օգնություն էին խնդրում նրա հարևաններից, նրանք ասում էին. «Գնացեք փողոցի ներքևի տունը: Այնտեղ մի Մորմոն կին է ապրում, որը կտա ձեզ, ինչի կարիք որ ունեք»:

Տերը չէր կառավարում քաղաքը, բայց Նա փոխեց դրա մի մասը դեպի լավը: Նա կանչեց մի փոքրամարմին կնոջ, որն այնքան վստահեց Նրան, որ պարզեց, թե ինչ էր Նա կամենում, որ ինքն աներ, իսկ հետո արեց դա: Տիրոջ հանդեպ նրա վստահության շնորհիվ, նա կարողացավ օգնել այդ քաղաքում Երկնային Հոր հարյուրավոր կարիքավոր զավակների:

Նույն վստահությունն Աստծո հանդեպ կարող է օրհնել ազգերի: Ես հասկացա, որ մենք կարող ենք վստահել Աստծուն իրականացնելու համար Ալմայի խոստումը, որ «Ահա, Տերը շնորհում է բոլոր ազգերին, իրենց սեփական ազգից և լեզվից, սովորեցնելու իր խոսքը, այո, իմաստությամբ, այն բոլորը, որ նա հարմար է տեսնում, որ նրանք ունենան»:10

Աստված չի կառավարում ազգերին, բայց Նա հոգատար է նրանց հանդեպ: Նա կարող է և իսկապես դնում է մարդկանց ազդեցիկ պաշտոններում, ովքեր ուզում են այն, ինչ լավագույնն է ժողովրդի համար և ովքեր վստահում են Տիրոջը:11

Ես դա նկատել եմ ողջ աշխարհով մեկ ճանապարհորդելիս: Ավելի քան 10 միլիոն ժողովուրդ ունեցող մի քաղաքում ես խոսեցի համաժողովում հազարներով հավաքված Վերջին Օրերի Սրբերի համար: Այն տեղի ունեցավ մի մեծ մարզադաշտում:

Նախքան ժողովի սկսվելը, ես նկատեցի մի գեղեցիկ երիտասարդ տղամարդոու, որը նստած էր առաջին շարքում: Նա շրջապատված էր ուրիշներով, ովքեր նրա նման՝ ավելի լավ էին հագնված, քան իրենց շուրջը նստածներից շատերը: Ես հարցրեցի կողքիս Եկեղեցու Գերագույն Իշխանավորից, թե այդ մարդիկ ովքեր էին: Նա շշնջաց, որ դա քաղաքի քաղաքագլուխն էր իր աշխատակազմով:

Երբ հավաքից հետո քայլում էի դեպի իմ մեքենան, զարմացա, տեսնելով քաղաքագլխին, որն իր աշխատակազմով շրջապատված սպասում էր՝ ինձ ողջունելու համար: Նա առաջ եկավ, ինձ մեկնեց իր ձեռքն ու ասաց. «Շնորհակալ ենք մեր քաղաք և մեր երկիր գալու համար: Մենք երախտապարտ ենք նրա համար, ինչ դուք անում եք ձեր ժողովրդին շենացնելու համար: Այսպիսի ժողովրդով և այսպիսի ընտանիքներով մենք կկարողանանք ստեղծել ներդաշնակություն և բարգավաճում, որը մենք ցանկանում ենք մեր ժողովրդի համար»:

Ես տեսա այդ պահին, որ նա Աստծո կողմից Իր զավակների մեջ իշխանության դրված ազնիվ սրտով մարդկանցից մեկն էր: Մենք աննշան փոքրամասնություն ենք այդ մեծ քաղաքի և ազգերի քաղաքացիների մեջ: Քաղաքագլուխը քիչ բան գիտեր մեր վարդապետության մասին և քչերին գիտեր մեր մարդկանցից: Սակայն Աստված ուղարկել էր նրան ուղերձ, որ Վերջին Օրերի Սրբերը Աստծուն և Նրա լիազորած ծառաներին վստահելու ուխտի ներքո կդառնան լույս իր ժողովրդի համար:

Ես գիտեմ Աստծո ծառաները կխոսեն ձեզ հետ այս համաժողովի ընթացքում: Նրանք կանչված են Աստծո կողմից ուղերձներ հղելու Իր զավակներին: Տերն ասել է նրանց մասին. «Ինչ որ ես՝ Տերս, ասել եմ, ես եմ ասել, և չեմ արդարանում, ու թեև երկինքն ու երկիրը պիտի անցնեն, իմ խոսքը չպիտի անցնի, այլ բոլորը պիտի կատարվի, լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով միևնույն է»:12

Դուք ցույց եք տալիս վստահություն Նրա հանդեպ երբ լսում եք, ցանկանալով սովորել և ապաշխարել, և ապա գնում եք և անում այն, ինչ Նա խնդրում է ձեզանից: Եթե դուք վստահում եք Աստծուն այնքան, որ լսում եք Նրա ուղերձը այս համաժողովի յուրաքանչյուր քարոզի, երգի և աղոթքի մեջ, դուք կգտնեք այն: Եվ եթե դուք հետո գնաք և անեք այն, ինչ Նա կկամենա, որ անեք, Նրան վստահելու ձեր ուժը կաճի և ժամանակի ընթացքում դուք կտոգորվեք երախտագիտությամբ՝ հասկանալով, որ Նա սկսել է վստահել ձեզ:

Ես վկայում եմ, որ Աստված խոսում է այսօր Իր ընտրյալ ծառաների միջոցով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Թոմաս Ս. Մոնսոնը Աստծո մարգարեն է: Մեր Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը ապրում են և սիրում են մեզ: Այդ մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. Ալմա 29.1–3:

  2. Ալմա 29.8:

  3. Sես Վարդապետություն և Ուխտեր 29.36–37; Աբրահամ 3.27–28:

  4. Մատթեոս ԺԴ.25–31:

  5. 1 Նեփի 3.7:

  6. Սաղմոսներ ԽԶ.10:

  7. Տես Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 64:

  8. Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.16-17:

  9. Տես, օրինակ, Ezra Taft Benson, “Prepare for the Days of Tribulation,” Ensign, Nov. 1980, 33:

  10. Ալմա 29.8:

  11. See Բ Մնացորդաց ԼԶ.22–23; Եզրաս Ա.1–3; Եսայիա ԽԵ.1, 13:

  12. Վարդապետություն և Ուխտեր 1.38: