2010–2019 թթ․
Ի՞նչ եք դուք արել Իմ անվան հետ
Հոկտեմբեր 2010


Ի՞նչ եք դուք արել Իմ անվան հետ

Մի օր մեզնից յուրաքանչյուրը պիտի հաշիվ տա մեր Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին, թե ինչ ենք մենք արել Իր անվան հետ:

Երբ Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթը երիտասարդ էր, նրա մահացած պապիկը՝ Ջորջ Ա. Սմիթը, հայտնվել էր նրան երազում և հարցրել. «Ես ուզում եմ իմանալ, թե դու ինչ ես արել իմ անվան հետ»: Նախագահ Սմիթը պատասխանել էր. «Ես երբեք այնպիսի բան չեմ արել քո անվան հետ, որի պատճառով դու պետք է ամաչես»:1

Ամեն շաբաթ, երբ մենք ընդունում ենք հաղորդությունը, մենք ուխտում և խոստանում ենք, որ հոժար ենք մեզ վրա վերցնել Քրիստոսի անունը, միշտ հիշել Նրան, և պահել Նրա պատվիրանները: Եթե մենք հոժար ենք անել այդ, ապա մեզ խոստացված է ամենահրաշալի օրհնությունը՝ որ Նրա Հոգին միշտ մեզ հետ կլինի:2

Ճիշտ ինչպես Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթը պետք է հաշիվ տար իր պապիկին այն բանի համար, թե ինչ էր արել իր անվան հետ, մի օր մեզնից յուրաքանչյուրը պիտի հաշիվ տա մեր Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին, թե ինչ ենք մենք արել Իր անվան հետ:

Բարի անուն ունենալու կարևորության մասին խոսվում է Առակացում, որտեղ մենք կարդում ենք, որ «անունը ավեի ընտիր է շատ հարստությունից ու ոսկիից. Արծաթից ու ոսկիից շնորհքն է լավ»3, և նաև որ «արդարների հիշատակը օրհնված կլինի»:4

Երբ ես խորհում էի այս սուրբ գրությունների և բարի անուն ունենալու կարևորության շուրջ, իմ միտքը ողողվեց բարի անվան և ժառանգության վերաբերյալ հիշողություններով, որ իմ ծնողները թողել էին իմ չորս եղբայրներին, իմ երկու քույրերին և ինձ: Իմ ծնողները չունեին աշխարհիկ հարստություններ, ոչ էլ արծաթ ու ոսկի: Մենք իննս էլ ապրում էինք երկու ննջասենյակ, մեկ լոգարան ունեցող տանը՝ ցանկապատված հետնամուտքով, որտեղ քնում էին իմ քույրերը: Երբ իմ ծնողները մահացան, իմ եղբայրներն ու քույրերը և ես հավաքվեցինք նրանց երկրային ունեցվածքները բաժանելու համար, որոնք քանակապես այնքան քիչ էին: Իմ մայրը թողել էր մի քանի զգեստներ, որոշ օգտագործած կահույք և մի քանի այլ անձնական պարագաներ: Իմ հայրը թողել էր հյուսնի որոշ գործիքներ, մի քանի հին որսորդական հրացաններ, և մի փոքր ավելին: Որոշակի դրամական արժեք ունեցող միակ բաները համեստ տունն ու մի փոքր բանկային խնայողություններն էին:

Մենք միասին բացեիբաց արտասվեցինք՝ շնորհակալություն հայտնելով, իմանալով, որ նրանք թողել էին մեզ մի բան, որն անչափ ավելի թանկարժեք էր, քան արծաթն ու ոսկին: Նրանք տվել էին մեզ իրենց սերն ու իրենց ժամանակը: Նրանք հաճախ վկայություն են բերել ավետարանի ճշմարտության մասին, որոնք մենք կարող ենք այժմ կարդալ նրանց թանկարժեք օրագրերում: Ոչ այնքան բառերով, այլ ավելի շատ օրինակով, նրանք մեզ սովորեցրել են ջանասիրաբար աշխատել, լինել ազնիվ և վճարել լրիվ տասանորդ: Նրանք նաև ցանկություն են առաջացրել շարունակել մեր կրթությունը, միսիա ծառայել, և, ամենակարևորը, գտնել հավերժական զուգընկեր, ամուսնանալ տաճարում և համբերել մինչև վերջ: Իրոք, նրանք թողել էին մեզ բարի անվան ժառանգություն, որի համար մենք պետք է ընդմիշտ շնորհակալ լինենք:

Երբ սիրելի մարգարե Հելամանը և նրա կինը օրհնվեցին երկու որդիներով, նրանք կոչեցին նրանց Լեքի և Նեփի: Հելամանն ասաց իր որդիներին, թե ինչու էին նրանք կոչվել իրենց նախնիներից երկուսի անուններով, ովքեր ապրել էին երկրի վրա իրենց ծնվելուց 600 տարի առաջ: Նա ասաց.

«Ահա, իմ որդինե՛ր …, ես տվել եմ ձեզ մեր առաջին ծնողների անունները [Լեքի և Նեփի] …և այս ես արել եմ, որ երբ դուք հիշեք ձեր անունները … դուք կարողանաք հիշել նրանց գործերը. և երբ դուք հիշեք նրանց գործերը, դուք կարողանաք իմանալ, որ ասվել է, և նաև գրվել, որ դրանք բարի էին:

Հետևաբար, իմ որդինե՛ր, ես կկամենայի, որ դուք անեք այն, ինչ բարի է, որպեսզի ձեր մասին էլ ասվի, և նաև գրվի, ճիշտ ինչպես ասվել ու գրվել է նրանց մասին:

… որ դուք կարողանաք ունենալ հավերժական կյանքի այն թանկարժեք պարգևը»:5

Եղբայրներ և քույրեր, 600 տարի անց ինչպե՞ս կհիշվեն մեր անունները:

Խոսելով այն մասին, թե ինչպես մենք կարող ենք մեզ վրա վերցնել Քրիստոսի անունը, և այդպիսով պահպանել մեր բարի անունը, Մորոնին սովորեցրել է.

«Եվ կրկին, ես կկամենայի հորդորել ձեզ, որ դուք գաք Քրիստոսի մոտ, և կառչած մնաք ամեն բարի պարգևից, և ձեռք չտաք չար պարգևի, ոչ էլ անմաքուր բանի

Այո, եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում, և հրաժարվեք ամեն անաստվածությունից»:6

Երիտասարդներին զորացնելու համար ոգեշնչված գրքույկում մենք կարդում ենք, որ ազատ ընտրությունը Աստծո կողմից տրված հավերժական սկզբունք է, որը բարոյական պատասխանատվություն է կրում կատարած ընտրությունների համար: «Մինչ [մենք] ազատ ենք ընտրելու, [մենք] ազատ չենք ընտրելու [մեր] արարքների հետևանքները: Երբ [մենք] ընտրություն ենք կատարում, [մենք] կստանանք մեր ընտրության հետևանքները»:7

Իմ սիրելի Դևոննայի ու իմ ամուսնությունից կարճ ժամանակ անց, նա ինձ հետ կիսվեց մի պատմությամբ, թե ինչպես է նա սովորել իր պատանեկության ժամանակ այս կարևոր վարդապետությունը, որ մենք ազատ ենք ընտրելու, բայց մենք ազատ չենք ընտրելու մեր արարքների հետևանքները: Իմ դուստր Շելլիի օգնությամբ, ես կցանկանայի պատմել Քույր Արնոլդի փորձառությունը.

«Երբ ես 15 տարեկան էի, ես հաճախ զգում էի, որ չափից ավելի օրենքներ ու պատվիրաններ կան: Ես վստահ չէի, որ զվարճանք սիրող սովորական երիտասարդը կարող է վայելել կյանքը այսքան շատ սահմանափակումներով: Բացի այդ, հայրիկիս ագարակում աշխատելիս ծախսված շատ ժամերը սահմանափակում էին իմ ժամանակը ընկերներիս հետ:

Այդ ամառ ես պետք է հետևեի, որ սարալանջի արոտավայրում արածող կովերը չկոտրեին-անցնեին ցանկապատը և մտնեին ցորենի արտը: Աճող ցորեն արածող կովի փորը կարող է շատ ուտելուց ուռել՝ պատճառ դառնալով շնչահեղձության ու մահվան: Կովերից մեկը միշտ փորձում էր գլուխն անց կացնել ցանկապատի միջով: Մի օր առավոտյան, երբ ես իմ ձին հեծած անցնում էի ցանկապատի երկայնքով՝ ստուգելով անասուններին, նկատեցի, որ կովը կոտրել-անցել էր ցանկապատի միջով ու մտել էր ցորենի արտը: Ցավոք սրտի ես հասկացա, որ կովը ցորեն էր ուտում բավականին ժամանակ, որովհետև նա արդեն ուռել էր ու շատ նման էր փուչիկի: Ես մտածեցի. «Այ դու հիմար կով: Այդ ցանկապատը քեզ պաշտպանելու համար էր, բայց դու կոտրեցիր անցար դրա միջով և այնքան շատ ես կերել, որ քո կյանքը վտանգի տակ է»:

Ես սլացա դեպի ագարակատուն, որ կանչեի հայրիկս: Ինչևիցե, երբ մենք վերադարձանք, գտանք նրան գետնի վրա՝ սատկած: Այդ կովին կորցնելն ինձ տխրեցրեց: Մենք ապահովել էինք նրան գեղեցիկ սարալանջի արոտավայրով՝ արածելու համար և ցանկապատով, վտանգավոր ցորենից նրան հեռու պահելու համար, սակայն նա հիմարաբար կոտրեց և անցավ ցանկապատի միջով և արդյունքում սատկեց:

Երբ ես մտածում էի ցանկապատի դերի մասին, հասկացա, որ այն պաշտպանություն էր, ճիշտ ինչպես պատվիրաններն ու իմ ծնողների օրենքները: Պատվիրաններն ու օրենքները իմ իսկ օգտի համար էին: Ես հասկացա, որ պատվիրաններին հնազանդվելը կարող էր փրկել ինձ ֆիզիկական ու հոգևոր մահից: Այդ ըմբռնողությունը առանցքային կետ հանդիսացավ իմ կյանքում»:

Քույր Արնոլդը սովորեց, որ մեր բարի, իմաստուն և սիրող Երկնային Հայրը տվել է մեզ պատվիրաններ՝ ոչ թե մեզ սահմանափակելու համար, ինչպես հակառակորդն է ուզում մեզ հավատացնել, այլ մեր կյանքերը օրհնելու և մեր բարի անունն ու ժառանգությունը հետագա սերունդների համար պահպանելու համար, ճիշտ ինչպես դրանք եղել են Լեքիի ու Նեփիի համար: Ինչպես կովը ստացավ իր ընտրության հետևանքները, մեզնից յուրաքանչյուրը պետք է սովորի, որ խոտը երբեք ավելի կանաչ չէ ցանկապատի մյուս կողմում, երբևիցե չի էլ լինի, որովհետև «ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»:8 Մեզանից յուրաքանչյուրը կստանա իր ընտրությունների հետևանքները, երբ այս կյանքն ավարտվի: Պատվիրանները պարզ են, դրանք պաշտպանող են, դրանք սահմանափակող չեն, և հնազանդության հրաշալի օրհնությունները անհամար են:

Մեր Երկնային Հայրը գիտեր, որ մենք բոլորս էլ սխալներ կգործենք: Ես անչափ երախտապարտ եմ Քավության համար, որը թույլ է տալիս յուրաքանչյուրիս ապաշխարել, կատարել հարկավոր շտկումներ, որպեսզի կրկին մեկ լինենք մեր Փրկչի հետ, և զգանք ներվելու քաղցր խաղաղությունը:

Մեր Փրկիչը ամեն օր հրավիրում է մեզ մաքրել մեր անունները և վերադառնալ Իր ներկայություն: Նրա աջակցությունը լի է սիրով ու քնքշությամբ: Եկեք միասին պատկերացնենք Տիրոջը՝ գրկաբաց կանգնած, մինչ կկարդամ Նրա խոսքերը. «Այժմ չե՞ք վերադառնա ինձ մոտ և ապաշխարեք ձեր մեղքերից, և դարձի չե՞ք գա, որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ»:9

Այսօր ես ուզում եմ ուղղել ձեզանից յուրաքանչյուրին այն նույն հարցը, որ իմ ծնողները, ովքեր ընդմիշտ կհիշվեն իրենց բարի անունների պատճառով, ուղղեցին ինձ: Մինչև որևէ բան անելը, պատկերացրեք, որ Փրկիչը կանգնած է ձեր կողքին և հարցրեք ինքներդ ձեզ. «Դուք կմտածեի՞ք այդ, կասեի՞ք այդ, կամ կանեի՞ք այդ, իմանալով, որ Նա այստեղ է»: Քանզի Նա իսկապես այստեղ է: Մեր սիրելի Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, ում համար ես վկայում եմ, որ մարգարե է, երբ խոսում է մեր Տիրոջ ու Փրկչի մասին, հաճախ է սուրբ գրություններից մեջբերում հետևյալ հատվածը. «Քանզի ես կգնամ ձեր առջևից, Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում»:10

Այն փառահեղ օրը, երբ մենք կկանգնենք մեր սիրելի Փրկչի առջև հաշվետվություն տալու համար, թե ինչ ենք արել Իր անվան հետ, թող որ մենք կարողանանք հայտարարել. «Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հաւատքը պահեցի»:11 Ես մեծարել եմ Քո անունը: Ես վկայում եմ, որ Հիսուսը Քրիստոսն է: Նա մահացավ, որ մենք կարողանանք ապրել: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. Presidents of the Church Student Manual (Church Educational System manual, 2003), 134.

  2. Տես Վարդապետություն և Ուխտեր 20.77:

  3. Առակաց ԻԲ.1:

  4. Առակաց Ժ.7:

  5. Հելաման 5.6-8:

  6. Մորոնի 10.30, 32:

  7. Երիտասարդներին զորացնելու համար (գրքույկ, 2001), 4:

  8. Ալմա 41.10:

  9. 3 Նեփի 9.13:

  10. Վարդապետություն և Ուխտեր 84.88:

  11. 2 Տիմոթէոս Դ.7: