2010–2019 թթ․
Առաւել եւս յաղթում ենք նորա միջոցովը` որ մեզ սիրեց
Ապրիլ 2011


Առաւել եւս յաղթում ենք նորա միջոցովը` որ մեզ սիրեց

Դժվարությունները միայն մեզ փորձելու համար չեն: Դրանք շատ կարևոր են աստվածային բնություն ստանալու համար:

Կյանքն աշխարհում ներառում է փորձություններ, դժվարություններ և խնդիրներ և որոշ դժվարություններ, որոնց մենք հանդիպում ենք կյանքում և որոնք կարող են տանջալից լինել: Լինի դա հիվանդություն, դավաճանություն, փորձություն, սիրած էակի կորուստ, բնական աղետ կամ որևէ այլ փորձանք, տառապանքը մեր մահկանացու փորձառության մի մասն է: Շատերն են մտածել այն մասին, թե ինչու մենք պետք է հանդիպենք բարդ խնդիրների: Մենք գիտենք, որ պատճառներից մեկը հավատքի փորձության համար է, տեսնելու, թե արդյոք մենք կանենք այն ամենը, ինչ Տերը պատվիրել է:1 Բարեբախտաբար, այս աշխարհի կյանքը կատարյալ ժամանակաշրջան է այս փորձություններին հանդիպելու և դրանք հաղթահարելու համար:2

Սակայն այս դժվարությունները միայն մեզ փորձելու համար չեն: Դրանք շատ կարևոր են աստվածային բնություն ստանալու համար:3 Եթե մենք պատշաճորեն հաղթահարենք այս չարչարանքները, դրանք կսրբագործվեն մեր օգտի համար:4

Երեց Օրսոն Ֆ. Ուիթնին ասել է. «Ոչ մի ցավ, որ մենք տանում ենք, ոչ էլ դժվարություն, որը մենք ունենում ենք, իզուր չի անցնում:… Ողջ տառապանքը, որ մենք տանում ենք և այն ամենը, ինչին մենք դիմանում ենք, հատկապես, երբ մենք դիմանում ենք համբերությամբ, մեծացնում է մեր վճռականությունը, մաքրում է մեր սրտերը, ընդարձակում է մեր հոգիները և մեզ դարձնում է ավելի քնքուշ ու գթառատ:… Վշտի ու տառապանքի, ծանր աշխատանքի ու դժվարությունների միջոցով է, որ մենք ստանում ենք այն կրթությունը, որը ստանալու համար մենք եկել ենք այստեղ»:5

Վերջերս մի իննամյա տղայի մոտ ախտորոշել էին հազվադեպ ոսկրային քաղցկեղ: Բժիշկը բացատրեց ախտորոշումների և բուժման ընթացքը, որը ներառում էր մի քանի ամիս տևողությամբ քիմիոթերապիա և խոշոր վիրահատություն: Նա ասաց, որ դա շատ դժվար ժամանակաշրջան կլինի տղայի և նրա ընտանիքի համար, բայց այնուհետև ավելացրեց. «Մարդիկ հարցնում են ինձ. «Երբ այս ամենն ավարտվի, ես նույնը կլինե՞մ»: Ես նրանց ասում եմ. «Ոչ, դու նույնը չես լինի, դու շատ ավելի ուժեղ կլինես: Դու հրաշալի կլինես»»:

Երբեմն կարող է թվալ, որ մեր դժվարությունները կենտրոնացած են մեր կյանքի այն ոլորտների և մեր հոգու այն կողմերի վրա, որոնք, թվում է, թե մեզ համար ամենադժվարն են հաղթահարելու համար: Քանի որ անձնական աճը այս խնդիրների նախատեսված հետևանքն է, չպիտի անակնկալ լինի այն, որ փորձությունները կարող են լինել շատ անձնական`կարծես առանձնահատուկ ուղղված մեր որոշակի կարիքներին կամ թուլություններին: Եվ ոչ ոք դրանցից ազատված չէ,ոչ էլ Սրբերը, որոնք ջանում են անել այն, ինչ ճիշտ է: Որոշ հնազանդ Սրբեր կարող են հարցնել. «Ինչու՞ ես: Ես փորձում եմ լավը լինել: Ինչու՞ է Տերը թույլ տալիս, որ սա պատահի»: Չարչարանքի հնոցը օգնում է մաքրել նույնիսկ ամենալավ Սրբերին`այրելով նրանց կյանքի խառնուրդը և թողնելով մաքուր ոսկին:6 Նույնիսկ շատ հարուստ հանքանյութը զտման կարիք ունի, որպեսզի խառնուրդը հեռացվի: Լավը լինելը բավական չէ: Մենք ուզում ենք դառնալ Փրկչի նման, ով սովորում էր, կրելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի:7

Լոգանի Կիրճի Բոսորագույն Արահետը հետիոտն ուղևորության իմ սիրած վայրերից մեկն է: Արահետի հիմնական մասը ոլորապտույտ անցնում է բարձր կրաքարե ժայռակարկառների մոտով և մատուցում է կիրճի և ցածում գտնվող հովտի գեղեցիկ տեսարաններ: Այնուամենայնիվ ժայռակարկառների բարձունքին հասնելը հեշտ չէ: Արահետն այնտեղ մշտապես վեր է բարձրանում, և հենց բարձունքին հասնելուց առաջ լեռնագնացը հանդիպում է արահետի ամենաուղղաձիգ մասին: Կիրճի տեսարանները թաքցնում են հենց ժայռակարկառները: Ուժերի վերջին լարումը ավելի քան արժանի է ջանքերի, քանի որ հենց որ հասնում եք բարձունքին, բացվում են խիստ գրավիչ տեսարաններ: Գեղատեսիլ վայրերը տեսնելու միակ ճանապարհը բարձրունքը հաղթահարելն է:

Սուրբ գրությունների ու կյանքի օրինակները ցույց են տալիս, որ շատ անգամ ամենամութ, ամենավտանգավոր փորձությունները անմիջապես նախորդում են նշանակալից իրադարձություններին և հսկայական աճին: «Շատ նեղությունից հետո գալիս են օրհնությունները»:8 Իսրայելի որդիները արգելափակվել էին Կարմիր ծովի դիմաց, մինչև որ այն բաժանվեց երկու մասին:9 Նեփին հանդիպեց վտանգների, զայրույթի իր եղբայրների կողմից և բազմաթիվ անհաջողությունների, մինչև որ կարողացավ ձեռք բերել արույրե թիթեղները:10Ջոզեֆ Սմիթին պատեց ինչ-որ չար ուժ այնքան ուժեղ, որ թվաց, թե նա մատնվել էր հանկարծահաս կործանման: Երբ նա գրեթե պատրաստ էր հուսահատության մեջ ընկղմվել, նա մեծ ճիգեր գործադրելով կանչեց առ Աստված, և հենց այդ պահին նրան այցելեցին Հայրն ու Որդին:11Հետաքրքրվողները հաճախ ընդդիմության և խնդիրների են հանդիպում, երբ մոտենում է նրանց մկրտությունը: Մայրերը գիտեն, որ ծննդաբերության դժվարություններին հաջորդում է ծնունդի հրաշքը: Ժամանակ առ ժամանակ մենք տեսնում ենք հրաշալի օրհնություններ մեծ փորձությունների բարձունքներում:

Երբ տատիկս մոտ 19 տարեկան էր, նա ձեռք բերեց մի լուրջ հիվանդություն Ավելի ուշ նա ասաց. «Ես չէի կարողանում քայլել: Իմ ձախ ոտքը ամբողջովին կորցրել էր իր արտաքին տեսքը այն մի քանի ամիսներից հետո, որոնք ես անց էի կացրել անկողնում: Ոսկորները փափուկ էին սպունգի պես և երբ ես փորձում էի ոտքս դնել հատակին, ես զգում էի էլէկտրական հոսանքի հարված»:12 Մինչ նա գամված էր անկողնուն և հասել էր իր տառապանքների գագաթնակետին, նա ձեռք էր բերել և ուսումնասիրում էր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու գրքույկները: Նա դարձի էր եկել և ավելի ուշ մկրտվել: Շատ անգամներ որոշակի դժվարություն օգնում է մեզ նախապատրաստվել էապես կարևոր ինչ-որ բանի:

Խնդիրների մեջ գրեթե անհնարին է տեսնել, որ եկող օրհնությունները մեծապես գերազանցում են ցավին, վիրավորանքին կամ վշտին, որը մենք կարող է ունենում ենք այդ ժամանակ: «Ամեն խրատ հէնց նոյն ժամանակին ուրախութիւն չէ երեւում, այլ տրտմութիւն. բայց յետոյ նորանով վարժուածներին արդար խաղաղութեան պտուղ է վճարում»:13 Պողոս Առաքյալը սովորեցրել է. «Որովհետեւ մեր այժմեան թեթեւ նեղութիւնը ամենագերազանց յաւիտենական փառքի մեծութիւն է գործում մեզ համար»:14 Հետաքրքիր է, որ Պողոսը օգտագործում է «թեթեւ նեղութիուն» արտահայտությունը: Սա գալիս է մի մարդուց, ով ծեծվել, քարկոծվել, նավաբեկության է ենթարկվել, բանտարկվել, և ով տարել է շատ այլ փորձություններ:15 Ես կասկածում եմ, թե մեզանից շատերը մեր փորձությունները համարեն «թեթեւ նեղութիուն»: Այնուամենայնիվ, համեմատած օրհնությունների և աճի հետ, որ մենք ի վերջո ստանում ենք և այս կյանքում, և հավերժության մեջ, մեր նեղությունները իրոք թեթև են:

Մենք չենք փնտրում մեր փորձությունները, դժվարություններն ու խնդիրները: Մեր կյանքի անձնական ճանապարհորդությունը կապահովի ճիշտ քանակ մեր կարիքների համար:Շատ փորձություններ ուղղակի բնական մասն են մեր մահկանացու գոյության, սակայն դրանք շատ կարևոր դեր են խաղում մեր զարգացման գործում:

Երբ Փրկչի մահկանացու ծառայությունը մոտեցավ իր ավարտին, Նա ունեցավ բոլոր ժամանակների ամենադժվար փորձությունը` Գեթսեմանի և Գողգոթայի անասելի տառապանքը: Դա նախորդեց փառահեղ Հարությանն ու խոստմանը, որ մեր բոլոր տառապանքներին մի օր վերջ կդրվի: Նրա տառապանքը նախապայման էր այդ Զատկի առավոտի դատարկ գերեզմանի և մեր ապագա անմահության ու հավերժական կյանքի համար:

Երբեմն մենք ցանկանում ենք աճ ունենալ առանց դժվարությունների և ուժ ձեռք բերել առանց որևէ պայքարի:Բայց աճը չի կարող գալ հեշտ ճանապարհ ընտրելով: Մենք պարզ կերպով հասկանում ենք, որ մարզիկը, ով ընդդիմանում է խստապահանջ մարզմանը, երբեք չի դառնա համաշխարհային մակարդակի մարզիկ: Մենք պետք է զգույշ լինենք, որ հեռու չվանենք այն բաները, որոնք մեզ օգնում են ձեռք բերել աստվածային բնություն:

Մեզ հանդիպած փորձություններից և նեղություններից և ոչ մեկը մեր ուժերից վեր չէ, որովհետև մենք Տիրոջ օգնությունը ստանալու հնարավորություն ունենք: Մենք ամեն բան կարող ենք անել Քրիստոսով, ով զորացնում է մեզ:16

Առողջական լուրջ խնդիրներ ունենալուց հետո առողջանալով, Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը գերագույն համաժողովի ժամանակ կիսվեց հետևյալով. « Որոշ դեպքերում ես ասում էի Տիրոջը, որ ես անկասկած սովորել եմ դասերը, որոնք պետք է ինձ ուսուցանվեին, և որ անհրաժեշտություն չկար, որ ես տանեի ևս մի փոքր տառապանք: Նման անկեղծ խնդրանքները, թվում էր, ոչ մի նշանակություն չունեին, քանի որ ինձ համար հասկանալի էր դառնում, որ փորձելու այս մաքրագործող գործընթացին պետք է համբերեի ըստ Տիրոջ ժամանակի և Տիրոջ իսկ ճանապարհով: Ես սովորեցի, որ մենակ չէի լինի այս փորձություններին ու նեղություններին հանդիպելիս, բայց որ պահապան հրեշտակները կայցելեին ինձ: Կային ոմանք, որ կարծես հրեշտակներ էին բժիշկների, բուժքույրերի և ամենաշատը իմ սիրելի զուգընկերոջ` Մերիի տեսքով: Եվ երբ Տերն էր ցանկանում, ես մխիթարվում էի երկնային բազմությունների կողմից, որ բերում էին մխիթարություն և հավերժական հավաստիացում իմ կարիքի ժամին»:17

Մեր Երկնային Հայրը սիրում է մեզ և մենք գիտենք, «որ ովքեր որ դնեն իրենց վստահությունն Աստծո վրա, պիտի սատարվեն իրենց փորձանքների, և իրենց տագնապների, և իրենց չարչարանքների մեջ, և պիտի բարձրացվեն վերջին օրը»:18 Մի օր, երբ մենք անցնենք վարագույրի մյուս կողմը, մենք ուզում ենք ավելին, քան որ մեզ ասվի. «Ահա, քո ժամանակն ավարտվեց»: Դրա փոխարեն մենք ուզում ենք, որ Տերը մեզ ասի. «Լա~ւ, բարի եւ հաւատարիմ ծառայ»:19

Ես սիրում եմ Պողոսի խոսքերը.

«Ո՞վ կբաժանէ մեզ Քրիստոսի սէրիցը. տառապա՞նք, թէ նեղութի՞ւն, թէ հալածա՞նք, թէ սո՞վ, թէ մերկութի՞ւն, թէ վտա՞նգ, թէ սո՞ւր:…

Բայց այս ամեն բաներումն առաւել եւս յաղթում ենք նորա միջոցովը` որ մեզ սիրեց»:20

Ես գիտեմ, որ Աստված ապրում է և որ Նրա Որդին` Հիսուս Քրիստոսը, ապրում է: Ես նաև գիտեմ, որ Նրանց օգնության միջոցով մենք «առաւել եւս յաղթում ենք» խնդիրներին, որոնց հանդիպում ենք այս կյանքում: Մենք կարող ենք դառնալ Նրանց նման: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. Sես Ա Պետրոս 1.6–8; Աբրահամ 3.25:

  2. Sես Ա Պետրոս 2.20:

  3. Sես Բ Պետրոս 1.4:

  4. Տես 2 Նեփի 2.2:

  5. Orson F. Whitney, in Spencer W. Kimball, Faith Precedes the Miracle (1972), 98.

  6. Sես Եսայիա 48.10; 1 Նեփի 20.10:

  7. Sես Ալմա 7.11–12:

  8. Վարդապետություն և Ուխտեր 58.4:

  9. Sես Ելից 14.5–30:

  10. Sես 1 Նեփի 3-4:

  11. Տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.15–17:

  12. Amalie Hollenweger Amacher, unpublished history in possession of author.

  13. Եբրայեցիս 12.11:

  14. Բ Կորնթացիս 4.17:

  15. Sես Բ Կորնթացիս 11.23–28–28:

  16. Sես Փիլիպեցիս 4.13:

  17. Robert D. Hales, “The Covenant of Baptism: To Be in the Kingdom and of the Kingdom,” Liahona, Jan. 2001, 6.

  18. Ալմա 36.3:

  19. Մատթեոս 25.21:

  20. Հռովմայեցիս 8.35, 37: