2010–2019 թթ․
Քահանայության զորություն
Ապրիլ 2011


Քահանայության զորություն

Թող որ մենք լինենք մեր քահանայության աստվածային զորության արժանի ընդունողները: Թող որ այն օրհնի մեր կյանքը, և մենք օգտագործենք այն՝ օրհնելու համար մյուսների կյանքը:

Ես երկար աղոթել և ուսումնասիրել եմ այն մասին, ինչ կարող էի ասել այս երեկո: Ես հուսով եմ, որ չեմ վիրավորի որևէ մեկին; Ես մտածում էի. «Ի՞նչ խնդիրներ ունենք մենք: Ի՞նչ եմ ես անում ամեն օր, ինչը ստիպում է ինձ ուշ երեկոյան լաց լինել»: Մտածեցի, որ այս երեկո կարող էի փորձել խոսել այդ խնդիրներից մի քանիսի մասին: Դրանցից որոշները կվերաբերեն երիտասարդ տղամարդկանց: Մյուսները՝ միջին տարիքի մարդկանց: Նաև մի քանիսը կարող են նաև վերաբերել միջին տարիքից մի փոքր մեծերին: Մենք չենք խոսում տարեց մարդկանց մասին:

Եվ պարզապես ցանկանում եմ սկսել, հայտարարելով, որ հաճելի է լինել միասին այս երեկո: Մենք լսեցինք Աստծո քահանայության վերաբերյալ հրաշալի և ժամանակին տրված ելույթներ: Ձեզ հետ միասին ես էլ վեհացա և ոգեշնչվեցի:

Այս երեկո ես ուզում եմ խոսել այն հարցերի մասին, որոնք վերջերս հիմնականում զբաղեցրել են իմ միտքը, և զգացել եմ, որ պետք է կիսվեմ դրանցով ձեզ հետ: Այս կամ այն կերպ, այդ ամենը վերաբերում է անձնական արժանավորությանը, որն անհրաժեշտ է քահանայության սուրբ զորությունը ստանալու և գործադրելու համար, քահանայություն, որ մենք կրում ենք:

Թույլ տվեք սկսել, ձեզ համար կարդալով Վարդապետություն և Ուխտեր 121 բաժնից.

«Քահանայության իրավունքներն անբաժանելիորեն կապված են երկնքի զորությունների հետ, և…երկնքի զորությունները չեն կարող կառավարվել, ոչ էլ գործածվել, բացի միայն արդարության սկզբունքների հիման վրա:

Որ դրանք կարող են շնորհվել մեզ, ճշմարիտ է. բայց երբ մենք ձգտում ենք քողարկել մեր մեղքերը կամ գոհացնել մեր հպարտությունը, մեր ունայն փառասիրությունը կամ իշխանություն, տիրապետություն կամ էլ հարկադրանք ենք գործադրում մարդկանց զավակների հոգիների վրա, անիրավության որևէ աստիճանով, ահա, երկինքները ետ են քաշվում. Տիրոջ Հոգին տրտմում է. և երբ այն ետ է քաշվում, Ամե՛ն այդ մարդու քահանայությանը կամ իշխանությանը»:1

Եղբայրներ, դա Տիրոջ հեղինակավոր խոսքն է Իր աստվածային իշխանության վերաբերյալ: Մենք չենք կարող կասկածանքով վերաբերվել մեր՝ Աստծո քահանայությունը կրողներիս վրա դրված այս պարտականությանը:

Մենք երկիր ենք եկել անհանգիստ ժամանակներում: Զանգվածների բարոյական կողմնացույցը աստիճանաբար շեղվել է դեպի «կարելի է ամեն ինչ անել» դիրքորոշումը:

Ես բավականին երկար եմ ապրել` հասարակության բարոյական չափանիշների կերպարանափոխության ականատեսը լինելով: Եթե մի ժամանակ Եկեղեցու և հասարակության չափանիշները հիմնականում համընկնում էին, այժմ մեծ անդունդ կա մեր մեջ, որը գնալով ավելի է խորանում:

Շատ կինոնկարներ և հեռուստատեսային շոուներ այնպիսի վարքագիծ են ներկայացնում, որն ուղղակիորեն հակասում է Աստծո օրենքներին: Մի ենթարկվեք շատ հաճախ դրանցում առկա երկակի ակնարկներին և լիակատար լկտիությանը: Նույնը կարելի է ասել այսօրվա երգերից շատերի խոսքերի մասին: Մեր շուրջը գերիշխող անպարկեշտությունը երբեք չի հանդուրժվել՝ ոչ այսօր, ոչ վաղ անցյալում: Դժբախտաբար, ավելի ու ավելի հաճախ է Տիրոջ անունը անտեղի հիշատակվում: Միասին հիշենք Սինայ սարի վրա Տիրոջ կողմից Մովսեսին հայտնած տաս պատվիրաններից մեկը, որն ասում է. «Քո Եհովա Աստծո անունը դատարկ տեղը չհիշես, որովհետև Եհովան` իր անունը դատարկ տեղը հիշողին անպատիժ չի թողիլ»:2 Ես ցավում եմ, որ մեզանից ոմանք օգտագործում են անպարկեշտ լեզու, և ես խնդրում եմ ձեզ մի օգտագործեք դա: Ես աղերսում եմ` մի ասեք կամ մի արեք այնպիսի բան, որով դուք չեք կարող հպարտանալ:

Ամեն կերպ հեռու մնացեք պոռնոգրաֆիայից: Երբեք թույլ մի տվեք ձեզ այն դիտել: Ապացուցվել է, որ այն հակվածություն է առաջացնում և անչափ դժվար է լինում հաղթահարել: Խուսափեք ոգելից խմիչքից և ծխախոտից, ցանկացած տեսակի թմրանյութերից, որոնք նույնպես հակումներ են, և որոնք դուք դժվարությամբ կհաղթահարեք:

Ի՞նչը կպաշտպանի ձեզ ձեր շուրջը առկա մեղքից և չարից: Ես հաստատում եմ, որ Մեր Փրկչի և Նրա ավետարանի մասին ամուր վկայությունը կօգնի, ուղղորդելով ձեզ դեպի ապահովություն: Եթե դուք չեք կարդացել Մորմոնի Գիրքը, կարդացեք այն: Ես չեմ խնդրի ձեզ բարձրացնել ձեռքերը: Եթե կարդաք այն աղոթքով և ճշմարտությունն իմանալու անկեղծ փափագով, Սուրբ Հոգին կհայտնի ձեզ դրա ճշմարտացիությունը: Եթե այն ճշմարիտ է, իսկ դա այդպես է, ուրեմն Ջոզեֆ Սմիթը մարգարե էր, որը տեսավ Հայր Աստծուն և Նրա Որդուն` Հիսուս Քրիստոսին: Եկեղեցին ճշմարիտ է: Եթե դուք այս ամենի մասին վկայություն դեռ չունեք, արեք այն, ինչն անհրաժեշտ է՝ վկայություն ձեռք բերելու համար: Կարևոր է, որ դուք ձեր վկայությունը ունենաք, քանզի ուրիշների վկայությունը ձեզ շատ քիչ կօգնի: Վկայություն ձեռք բերելով, դուք պետք է այն կենդանի և վառ պահեք, հնազանդվելով Աստծո պատվիրաններին, մշտապես աղոթելով և սուրբ գրությունները ուսումնասիրելով: Հաճախեք Եկեղեցի: Երիտասարդ տղաներ, հաճախեք սեմինարիա կամ իմստիտուտ, եթե դա մատչելի է ձեզ:

Եթե ձեր կյանքում ինչ-որ բան այնպես չէ, դուք դա ուղղելու հնարավորություն ունեք: Դադարեցրեք ամեն անօրինություն: Զրուցեք ձեր եպիսկոպոսի հետ: Ինչ խնդիր էլ որ լինի, այն կարող եք շտկել, ճիշտ ապաշխարությամբ: Դուք կարող եք կրկին մաքուր դառնալ: Խոսելով նրանց մասին, ովքեր ապաշխարում են, Տերն ասել է. «Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինին, ձիունի պես պիտի սպիտականան»,3«և ես` Տերս, այլևս չեմ հիշում դրանք»:4

Մարդկության Փրկիչը՝ Իր մասին խոսելով, ասել է, որ լինելով աշխարհում, այս աշխարհից չէ:5 Մենք ևս կարող ենք լինել աշխարհում, սակայն ոչ աշխարհից, եթե մերժենք կեղծ հասկացողություններն ու կեղծ ուսմունքները և հավատարիմ մնանք Աստծո պատվիրաններին:

Վերջերս ես շատ եմ մտածել ձեր մասին, երիտասարդ տղաներ, որ հասել եք ամուսնանալու տարիքին, սակայն դեռ չեք զգում, որ պետք է այդ քայլն անեք: Ես տեսնում եմ հրաշալի երիտասարդ աղջիկներ, ովքեր ցանկանում են ամուսնանալ և ընտանիք կազմել, սակայն նրանց հնարավորությունները սահմանափակ են, որովհետև շատ երիտասարդ տղամարդիկ հետաձգում են ամուսնությունը:

Սա նոր երևույթ չէ: Այս հարցի մասին շատ է խոսվել Եկեղեցու նախորդ Նախագահների կողմից: Ձեզ հետ կկիսվեմ նրանց տված մեկ-երկու խորհրդով:

Նախագահ Հարոլդ Բ. Լին ասել է. «Մենք՝ որպես քահանայություն կրողներ չենք կատարում մեր պարտականությունը, երբ ամուսնական տարիքն անցնելով, մեզ ետ ենք պահում այս հրաշալի կանանց հետ պատվավոր ամուսնություն կնքելուց»:6

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է. «Իմ սիրտը հասնում է… մեր սիրելի միայնակ քույրերին, ովքեր փափագում են ամուսնության համար և կարծես չեն կարողանում հասնել դրան:…Ես չեմ համակրում այն երիտասարդ տղամարդկանց, ովքեր մեր հասարակության սովորության համաձայն այս հարցում նախաձեռնությունը ստանձնելու բացառիկ իրավունք ունեն, սակայն շատ դեպքերում չեն կարողանում դա անել»:7

Ես հասկանում եմ, որ կան շատ պատճառներ, թե ինչու եք տատանվում ամուսնության քայլ կատարելու համար: Եթե դուք մտահոգվում եք կնոջը և ընտանիքին ֆինանսապեսապահովելու համար, ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ ամոթ չէ, երբ զույգը տնտեսում և խնայում է: Հիմնականում այդ դժվար պահերին է, որ դուք կմոտենաք իրար` սովորելով զոհաբերել և դժվար որոշումներ կայացնել: Միգուցե վախենում եք սխալ ընտրություն կատարել: Այս առումով, ես կասեմ, դուք պետք է հավատք գործադրեք: Գտեք մեկին, ում հետ դուք համատեղելի կլինեք: Գիտակցեք, որ դուք չեք կարող կանխազգալ ամեն դժվարություն, որը կարող է ի հայտ գալ, սակայն համոզված եղեք, որ գրեթե ամեն ինչ կարելի է լուծել, եթե խելամիտ լինեք և հանձն առնեք, որ ձեր ամուսնությունը կայանա:

Գուցե լինելով միայնակ, դուք շատ ավելի ազատ եք, անցկացնելով շքեղ արձակուրդներ, գնելով թանկարժեք ավտոմեքենաներ և խաղալիքներ, և պարզապես ընկերների հետ անհոգ կյանք վայելելով: Ես հանդիպել եմ տղաների խմբերի, ովքեր միասին ժամանակ են անցկացնում, և ասեմ, որ շատ եմ զարմացել, թե ինչու չենանում դա երիտասարդ աղջիկների հետ:

Եղբայրներ, գալիս է մի պահ, երբ ժամանակն է լուրջ մտածել ամուսնության մասին և զուգընկեր փնտրել, որի հետ կուզենայիք հավերժություն անցկացնել: Եթե խելամտորեն ընտրեք և եթե հանձն առնեք հաջող ամուսնություն կնքելու, այս կյանքում ոչինչ չի պարգևի ձեզ ավելի մեծ երջանկություն:

Երբ ամուսնանաք, եղբայրներ, դուք կուզենաք ամուսնանալ Տիրոջ տանը: Ձեր`քահանայություն կրողներիդ համար, ուրիշ տարբերակ չպետք է լինի: Զգույշ եղեք, որ չկորցնեք այդպես ամուսնանալու ձեր իրավասությունը: Դուք կարող եք սիրատածման հրաշալի ժամանակ անցկացնել, միևնույն ժամանակ պահելով ձեզ ընդունելի սահմաններում:

Եղբայրներ, այժմ կխոսեմ մեկ այլ թեմայի մասին, որը զգացել եմ, որ պետք է ձեզ ուղղեմ: Երեք տարում, ինչ ես Եկեղեցու Նախագահ եմ հաստատվել, համոզված եմ իմ ամենատխուր և ամենահուսահատեցնող պարտականությունը, որ ես ունենում եմ ամեն շաբաթ, կնքումները չեղյալ համարելն է: Յուրաքանչյուրը սկսել է Տիրոջ տանըկնքած երջանիկամուսնությունից, որտեղ սիրահար զույգը սկսել է իր համատեղ նոր կյանքը և անհամբերությամբ սպասել է մնացած հավերժությունը միասին անցկացնելուն: Եվ ապա, ամիսներ և տարիներ անց, մեկ կամ մի քանի պատճառներով, սերը մահացել է: Դա գուցե ֆինանսական խնդիրների, հաղորդակցության պակասի, անզուսպ բարկուության, ծնողների կողմից միջամտության, մեղքի մեջ խճճվելու արդյունք է եղել: Կան բազմաթիվ պատճառներ: Բայց, հիմնականում, ելքը չպետք է լինի ամուսնալուծությունը:

Կնքումները չեղարկելու հայցերի հիմնական մասը գալիս է կանանց կողմից, ովքեր ամուսնությունը փրկելու հուսահատ փորձեր են արել, սակայն, ի վերջո, չեն կարողացել խնդիրները հաղթահարել:

Կողակցին ուշադիր և աղոթքով ընտրեք, իսկ երբ արդեն ամուսնացած եք, եղեք շատ հավատարիմ միմյանց: Մի անգին խորհուրդ էր գրված շրջանակով մի փոքր ափսեի վրա, որը մի անգամ տեսա իմ հորեղբոր և հորաքրոջ տանը. «Ընտիր քո սերը, սիրիր քո ընտրությունը»: Այդ մի քանի բառերում մեծ խորհուրդ է պարփակված: Ամուսնության մեջ շատ էական է պարտավորությունը:

Ձեր կինը պետք է լինի ձեզ հավասար: Ամուսնության մեջ ամուսիններից ոչ մեկը վերադաս կամ ստորադաս չէ մյուսի համար: Դուք քայլում եք կողք-կողքի՝ որպես Աստծո որդի և դուստր: Կնոջը չպետք է ստորացնել կամ վիրավորել, այլ պետք է հարգել և սիրել: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է. «Այս Եկեղեցու ամեն տղամարդ, ով… անարդարացի իշխանություն է գործադրում [իր կնոջ] հանդեպ, քահանայություն կրելու արժանի չէ: Եթե նա կարգված լինի, երկինքը ետ կքաշվի, Տիրոջ Հոգին կտրտմի, և վերջ կդրվի այդ մարդու քահանայության իշխանությանը»:8

Ամուսնության մասին Նախագահ Հովարդ Վ. Հանթերն այսպես է ասել. «Երջանիկ և հաջողակ ամուսնություն ունենալու համար հիմնականում այնքան կարևոր չէ ճիշտ մարդու հետ ամուսնանալը, որքանճիշտ անձնավորություն լինելը: Ինձ դուր են գալիս այս խոսքերը. «Ձեր մասը լիարժեքորեն անելուն ուղղված գիտակցված ջանքը հաջողության հիմնական գրավականն է»:9

Տարիներ առաջ այն ծխում, որտեղ ես նախագահում էի որպես եպիսկոպոս, ապրում էր մի զույգ, որը շատ հաճախ լուրջ և թեժ վիճաբանություններ էր ունենում: Ես նկատի ունեմ իսկական վիճաբանություններ: Այդ երկուսից ամեն մեկը անդրդվելի էր իր դիրքորոշման մեջ: Ոչ մեկը չէր ուզում տեղի տալ: Երբ նրանք չէին վիճաբանում, պահպանում էին, ես կասեի, «կարճատևզինադադար»:

Մի օր գիշերվա ժամը 2:00-ին այդ զույգը զանգահարեց ինձ: Նրանք ուզում էին խոսել ինձ հետ և ցանկանում էին հենց այդ պահին խոսել: Ես մի կերպ վեր կացա անկողնուց, հագնվեցի և գնացի նրանց տուն: Նրանք նստել էին սենյակի հակառակ կողմերում և չէին խոսում իրար հետ: Կինն ամուսնու հետ հաղորդակցվում էր, խոսելով ինձ հետ: Ամուսինն էլ պատասխանում էր նրան իմ միջոցով: Ես մտածեցի. «Լավ, ի՞նչ անենք, որպեսզի այս զույգին միասին պահենք»:

Ես աղոթեցի ոգեշնչման համար, և ինձ մոտ մի միտք ծագեց, որ նրանց հարց ուղղեմ: Ես ասացի. «Որքա՞ն ժամանակ է, որ եղել եք տաճարում և տաճարային կնքման ականատեսն եք եղել»: Նրանք ընդունեցին, որ արդեն շատ երկար ժամանակ է: Չնայածնրանք արժանի մարդիկ էին, կրում էին տաճարի երաշխավորագիր, գնում էին տաճար և տաճարային աշխատանք էին կատարում ուրիշների համար:

Ես ասացի նրանց. «Ինձ հետ տաճար կգա՞ք չորեքշաբթի առավոտյան ժամը 8:00-ին: Մենք այնտեղ կնքման ծիսակատարության վկա կլինենք»:

Նրանք միասին հարցրեցին. «Իսկ ո՞ւմ ծիսակատարության»:

Ես պատասխանեցի. «Ես չգիտեմ, ովքեր այդ առավոտյան կամուսնանան»:

Հաջորդ չորեքշաբթի նշանակված ժամին, մենք հանդիպեցինք Սոլթ Լեյքի Տաճարում: Մենք երեքով գնացինք գեղեցիկ կնքման սենյակներից մեկը, չիմանալով ոչ ոքի այդ սենյակում, բացի Երեց Էլռեյ Լ. Քրիսչենսենից, որն այդ ժամանակ Տասներկուսի Քվորումի Օգնականն էր՝ Բարձրագույն Իշխանության պաշտոն, որը գոյություն ուներ այդ ժամանակ: Այդ սենյակում այդ առավոտյան Երեց Քրիսչենսենն էր նշանակված կատարելու կնքման ծիսակատարությունը հարսնացուի և փեսացուի համար: Վստահ եմ, հարսնացուն և նրա ընտանիքը մտածեցին. «Սրանք երևի փեսացուի ընկերներն են», իսկ փեսայի ընտանիքը մտածեց. «Սրանք երևի հարսնացուի ընկերներն են»: Իմ զույգը նստել էր փոքր նստարանի վրա՝ միմյանցից մոտ կես մետր հեռու:

Երեց Քրիսչենսենը սկսեց՝ ամուսնացող զույգին խորհուրդ տալով, և դա արեց գեղեցիկ ձևով: Նա նշեց, որ ամուսինը պետք է սիրի իր կնոջը, վերաբերվի նրան հարգանքով ու քաղաքավարի, պատվելով նրան որպես տան սիրտ: Այնուհետև նա խոսեց հարսնացուի հետ այն մասին, որ նա պետք է պատվի իր ամուսնուն որպես տան գլուխ և ամեն կերպ աջակցի նրան:

Ես նկատեցի, որ երբ Երեց Քրիսչենսենը խոսում էր հարսնացուի և փեսացուի հետ, իմ զույգը մի փոքր մոտեցել էր միմյանց: Շուտով նրանք, արդեն նստել էին իրար կողքի: Ինձ համար շատ հաճելի էր, որ նրանք երկուսն էլ հավասար չափով էին մոտենում իրար: Ծիսակատարության վերջում, իմ զույգը այնքան մոտ էր նստած իրար, որ, ասես, իրենք էին նորապսակները: Նրանք երկուսն էլ ժպտում էին:

Մենք այդ օրը տաճարից հեռացանք, և ոչ ոք այդպես էլ չիմացավ, թե ովքեր էինք մենք և ինչու էինք եկել, սակայն իմ ընկերները մուտքի դռնից դուրս եկան իրար ձեռք բռնած: Նրանց տարբերությունները մի կողմ էին դրվել: Ես ոչ մի խոսք չասացի: Հասկանում եք, նրանք հիշել էին իրենց սեփական ամուսնության օրը և Աստծո տանը կապած ուխտերը: Նրանք պարտավորվել էին կրկին սկսել և այս անգամ ավելի ջանասիրաբար փորձել:

Եթե ձեզանից որևէ մեկը ամուսնական խնդիրներ ունի, ես աղերսում եմ ձեզ՝ ձեր կարողության սահմանում կատարեք անհրաժեշտ ամեն շտկում, որպեսզի լինեք այնքան երջանիկ, որքան ձեր ամուսնության սկզբում էիք: Մենք, ամուսնանալով Տիրոջ տանը ժամանակի և հավերժության համար, այնուհետև պետք է անհրաժեշտ ջանքեր գործադրենք այն հավերժական դարձնելու համար: Ես հասկանում եմ, որ կան իրավիճակներ, երբ ամուսնությունը չի կարող պահպանվել, սակայն խորապես զգում եմ, որ հիմնականում այդ ամուսնությունները կարող են և պետք է պահպանվեն: Թույլ մի տվեք, որ ձեր ամուսնությունը հասնի վտանգավոր կետի:

Նախագահ Հինքլին մեզ սովորեցրել է, որ Աստծո քահանայությունը կրող մեզանից յուրաքանչյուրից է կախված այնպես կարգավարժել ինքներս մեզ, որպեսզի կանգնենք աշխարհի ուղիներից վեր: Կարևոր է, որ մենք լինենք պատվավոր և օրինավոր տղամարդիկ: Մեր արարքները չպետք է կշտամբանքի ենթակա լինեն:

Մեր խոսելաոճը, մյուսների հանդեպ մեր վերաբերմունքը և մեր ապրելակերպը, ազդում են մեր արդյունավետության վրա որպես քահանայություն կրող տղամարդիկ և տղաներ:

Քահանայության պարգևը անգին է: Այն կրում է որպես Աստծո ծառաներ գործելու իշխանություն, որով սպասավորվում են հիվանդները, օրհնվում են մեր ընտանիքները և մյուսները ևս: Դրա իշխանությունը տարածվում է մահվան վարագույրից այն կողմ` դեպի հավերժություններ: Այս ողջ աշխարհում չկա ուրիշ ոչ մի բան, որ դրա հետ համեմատվի: Պահպանեք, փայփայեք, սիրեք այն և ապրեք դրան արժանի:10

Իմ սիրելի եղբայրներ, կյանքում ճամփորդելիս թող արդարակեցությունը ուղղորդի մեր ամեն քայլը: Այսօր և ընդմիշտ՝ թող որ մենք լինենք մեր քահանայության աստվածային զորության արժանի ընդունողները: Թող որ այն օրհնի մեր կյանքը, և մենք օգտագործենք այն՝ օրհնելու համար մյուսների կյանքը, ինչպես Նա արեց, ով ապրեց և մահացավ մեզ համար, այսինքն` Հիսուս Քրիստոսը, մեր Տերն ու Փրկիչը: Սա է իմ աղոթքը, Նրա սրբազան, Նրա սուրբ անունով, ամեն:

  1. Վարդապետություն և Ուխտեր 121.36:

  2. Ելից 20.7:

  3. Եսայիա 1.18:

  4. Վարդապետություն և Ուխտեր 58.42:

  5. See Հովհաննես 17.14; Վարդապետություն և Ուխտեր 49.5:

  6. “President Harold B. Lee’s General Priesthood Address,” Ensign, Jan. 1974, 100.

  7. Gordon B. Hinckley, “What God Hath Joined Together,” Ensign, May 1991, 71.

  8. Gordon B. Hinckley, “Personal Worthiness to Exercise the Priesthood,” Liahona, July 2002, 60.

  9. The Teachings of Howard W. Hunter, ed. Clyde J. Williams (1997), 130.

  10. Sես Gordon B. Hinckley, Liahona, July 2002, 58–61: