2010–2019 թթ․
Ահարոնյան Քահանայության սրբազան բանալիները
Ապրիլ 2011


Ահարոնյան Քահանայության սրբազան բանալիները

Տերը ցանկանում է, որ Ահարոնյան Քահանայության յուրաքանչյուր կրող բոլորին հրավիրի գալ Քրիստոսի մոտ՝ սկսելով իր ընտանիքից:

Իմ տղաներից մեկը, երբ 12 տարեկան էր, որոշեց ճագարներ պահել: Նա վանդակներ պատրաստեց և հարևանից գնեց մի արու և երկու էգ ճագար: Ես պատկերացում չունեի, թե ինչ է մեզ սպասվում: Կարճ ժամանակ անց մեր մառանը լցված էր ճագարների ձագերով: Այժմ, երբ տղաս մեծացել է, ես պետք է խոստովանեմ, որ զարմացած էի, թե ինչպես էին դրանք կառավարվում՝ միայն հարևանի շունն էր մեկ-մեկ մտնում մառան և քչացնում նրանց թիվը:

Բայց սիրտս հուզվում էր, երբ տեսնում էի որդուս իր եղբայրների հետ այդ փոքրիկներին հսկելիս և պաշտպանելիս: Իսկ հիմա, որպես ամուսիններ և հայրեր, նրանք արժանավոր քահանայություն կրողներ են, որոնք սիրում, ամրապնդում, հոգում և պաշտպանում են իրենց իսկ ընտանիքները:

Այժմ իմ սիրտը լցվում է, երբ ես տեսնում եմ ձեզ Ահարոնյան Քահանայության երիտասարդներ, որ հսկում, աջակցում և ամրապնդում եք ձեր շրջապատի մարդկանց, այդ թվում նաև ձեր ընտանիքի, ձեր քվորումի անդամներին և շատ ուրիշներին: Ես շա՜տ եմ սիրում ձեզ:

Վերջերս ես տեսա, թե ինչպես 13 տարեկան մի պատանի ի սպաս դրվեց որպես սարկավագների քվորումի նախագահ: Ձեռնադրելուց հետո եպիսկոպոսը սեղմեց նրա ձեռքը և նրան կոչեց «նախագահ», բացատրելով քվորումի անդամներին, որ նա նրան նախագահ անվանեց, որպեսզի շեշտի նրա կոչման սրբազան լինելը: «Սարկավագների քվորումի նախագահը ծխի միակ չորս մարդկանցից մեկն է, որոնք կրում են նախագահելու բանալիները: Այդ բանալիներով նա՝ իր խորհրդականների հետ, Տիրոջ ոգեշնչմամբ կառաջնորդի քվորումը»: Եպիսկոպոսը հասկանում էր սրբազան բանալիններ կրող և գործադրող նախագահի կողմից ղեկավարվող նախագահությունների զորությունը (տես ՎևՈւ 124.142–43):

Ավելի ուշ ես հարցրեցի այդ երիտասարդին, թե արդյոք նա պատրաստ էր նախագահելու այդ մեծ քվորումի վրա: Նա պատասխանեց. «Ես մի փոքր լարված եմ: Ես չգիտեմ, թե սարկավագների նախագահն ինչ է անում: Կարո՞ղ եք ինձ հուշել»:

Ես ասացի, որ նա ունի հրաշալի եպիսկոպոսություն և խորհրդատուներ, որոնք կօգնեն, որ տղան քահանայության հաջողակ և զորավոր ղեկավար դառնա: Ես գիտեի, որ նրանք կհարգեն նախագահելու քահանայության սրբազան բանալիները, որ նա կրում էր:

Ապա ես նրան հարցրեցի. «Կարծում ես Տերը կանչել է քեզ այս կարևոր ծառայության և ուղղություն չի՞ տա»:

Նա մտածեց, ապա հարցրեց. «Որտե՞ղ կարող եմ ուղղություն ստանալ»:

Մի փոքր քննարկումից հետո նա հասկացավ, որ կարող է ուղղություն գտնել սուրբ գրությունների, մարգարեների խոսքերի և աղոթքի պատասխանների միջոցով: Մենք որոշեցինք մի սուրբ գրություն գտնել, որը կարող է սկիզբ լինել նրա նոր կոչման պատասխանատվությունները գտնելու համար:

Մենք բացեցինք Վարդապետություններ և Ուխտերի 107-րդ բաժինը, հատված 85: Այնտեղ նշվում էր, որ սարկավագների քվորումի նախագահը պետք է խորհրդի նստի իր քվորումի անդամների հետ և նրանց ուսուցանի իրենց պարտականությունները: Մենք նշեցինք, որ այս քվորումը ոչ միայն դասարան է, այլ նաև երիտասարդ տղաների խորհուրդ, և նրանք՝ նախագահի ղեկավարության ներքո պետք է ամրապնդեն և շենացնեն մեկմեկու: Ես վստահություն հայտնեցի, որ նա երևելի նախագահ կլինի, որը կապավինի Տիրոջ ոգեշնչմանը և կմեծացնի իր սրբազան կոչումը, մինչ նա կձգտի ուսուցանել իր ընկերակից սարկավագներին իրենց պարտականությունները:

Ապա ես հարցրեցի. «Հիմա, երբ գիտես, որ պետք է սարկավագներին ուսուցանես իրենց պարտականությունները, ինքդ գիտե՞ս, թե որոնք են այդ պարտականությունները»:

Կրկին մենք բացեցինք սուրբ գրությունները և կարդացինք.

  1. Սարկավագը նշանակված է հսկելու և տեղի սպասավոր լինելու Եկեղեցում (տես ՎևՈւ 84.111):

    Քանի որ ընտանիքը Եկեղեցու հիմնական միավորն է, ամենակարևոր միջավայրը, որտեղ Ահարոնյան Քահանայություն կրողը կարող է իրականացնել իր պարտականությունը, իր սեփական տունն է: Մինչ հայրը և մայրը ղեկավարում են ընտանիքը, նա կարող է քահանայության ծառայություն մատուցել նրանց: Նա հսկում է նաև իր եղբայրներին ու քույրերին, իր քվորումի երիտասարդներին և ծխի մյուս անդամներին:

  2. Անհրաժեշտության դեպքում սարկավագն օգնում է ուսուցչին եկեղեցական նրա բոլոր պարտականություններում (տես ՎևՈւ 20.57):

    Մենք վճռեցինք, որ եթե սարկավագը պետք է օգնի ուսուցչին իր պարտականություններում, ուրեմն պետք է իմանա ուսուցչի պարտականությունները: Մենք նայեցինք և սուրբ գրություններում մենք արագ հայտնաբերեցինք ուսուցչի պաշտոնի տասնյակից ավելի պարտականություններ (sես ՎևՈւ 20.53–59; 84.111): Ինչպիսի՜ զորավոր փորձառություն կլինի երիտասարդ տղայի համար՝ և նրանց հայրերի, խորհրդատուների և մեր բոլորի համար, անել ճիշտ այն, ինչ արեց այս երիտասարդը՝ բացել սուրբ գրությունները և մեզ համար հայտնաբերել, թե որոնք են մեր պարտականությունները: Ես ենթադրում եմ, շատերս կզարմանանք, և կոգեշնչվենք, մեր գտածով: «Պարտականություն Աստծո հանդեպ» գրքույկն Ահարոնյան Քահանայության պարտականությունների օգտակար ամփոփում է և հոգևոր զարգացման լավ աղբյուր է: Ես ձեզ հորդորում եմ հետևողականորեն օգտագործել այն:

  3. Սարկավագներն ու ուսուցիչները պետք է նաև «զգուշացնեն, մեկնաբանեն, հորդորեն և ուսուցանեն և բոլորին հրավիրեն՝ գալ Քրիստոսի մոտ» ( ՎևՈՒ 20.59; տես 20.42, 46, 68 հատվածները քահանայի համար):

    Շատ երիտասարդներ մտածում են, որ իրենց միսիայի նախապատրաստությունը սկսում է, երբ նրանք դառնում են 19 տարեկան և մտնում են Միսիոներների Պատրաստման Կենտրոն: Սուրբ գրություններից մենք սովորում ենք, որ այն սկսում է շատ ավելի վաղ հասակից: Տերը ցանկանում է, որ Ահարոնյան Քահանայության յուրաքանչյուր կրող բոլորին հրավիրի գալ Քրիստոսի մոտ՝ սկսելով իր ընտանիքից:

Հաջորդը, որպեսզի օգնեմ այս երիտասարդ նախագահին, որ հասկանա, որ նա և միմիայն նա է քվորումի նախագահող պաշտոնյան, ես առաջարկեցի, որ նա երեք անգամ կարդա առաջին պարտականությունը, որ նշված է Վարդապետություն և Ուխտերի 107.85 հատվածում: Նա կարդաց. «Նախագահել տասներկու սարկավագների վրա»: Ես հարցրեցի. «Ի՞նչ է Տերը քեզ ասում անձնապես որպես նախագահ քո պարտականության մասին»:

«Դե,– ասաց նա,– մինչ մենք խոսում էինք, մի քանի բան եկան միտքս: Կարծում եմ Երկնային Հայրը ցանկանում է, որ ես նախագահ լինեմ տասներկու սարկավագների վրա: Մենք այցելողներս հինգ հոգի ենք, որից մեկը միայն ժամանակ առ ժամանակ է այցելում: Ուրեմն, ինչպե՞ս դառնանք տասներկու հոգի:

Դե, ես այս սուրբ գրությունը նրա նման երբեք չէի մեկնաբանել, սակայն նա ուներ բանալիներ, որոնք ես չունեի: 13-ամյա սարկավագն ինձ ուսուցանում էր այն հայտնության զորության մասին, որը գալիս է նախագահության սրբազան բանալիներ կրողին, անկախ նրանց բանականությանը, հասակին կամ տարիքին:

Ես պատասխանեցի. «Ես չգիտեմ: Դու ի՞նչ ես կարծում»:

Եվ նա ասաց. «Մենք պետք է մտածենք, թե ինչպես կարող ենք օգնել, որ նա միշտ այցելի: Ես գիտեմ ևս երկու հոգու, որոնք պետք է լինեն մեր քվորումում, սակայն նրանք չեն գալիս, և ես չեմ ճանաչում նրանց: Միգուցե ես կարող եմ ընկերանալ մեկի հետ և խնդրեմ իմ խորհրդականներին ընկերանալ մյուսի հետ: Եթե նրանք երկուսն էլ գան, մենք կդառնանք յոթը, բայց որտեղի՞ց գտնենք ևս հինգ հոգու»:

«Ես չգիտեմ,– պատասխանեցի ես,– սակայն եթե Երկնային Հայրը ցանկանում է, որ նրանք լինեն, ուրեմն Նա կիմանա, թե որտեղից գտնել նրանց»:

«Ուրեմն, մենք պետք է աղոթենք նախագահությունով և քվորումով, որպեսզի իմանանք, թե ինչ կարող ենք անել»: Ապա նա հարցրեց. «Արդյոք ես պատասխանատո՞ւ եմ մեր ծխի սարկավագի տարիքի բոլոր երիտասարդների համար, նույնիսկ եթե նրանք անդամ չեն»:

Հմայված, ես ասացի. «Տիրոջ աչքերում, արդյոք ձեր եպիսկոպոսը պատասխանատու է միայն ծխի անդամների՞ համար, թե ծխի սահմաններում բնակվող բոլոր մարդկանց համար»:

Այս երիտասարդ «տեղի սպասավորը» գլխի ընկավ: Նա հասկացավ յուրաքանչյուր սարկավագի, ուսուցչի և քահանայի դերը Եկեղեցին հսկելու և բոլորին հրավիրելու, որ գան Քրիստոսի մոտ:

Մտածելով Եկեղեցու մեր հրաշալի պատանիների ու աղջիկների մասին, մտքերս գնում են դեպի սուրբ գրությունները՝ այն, որը Մորոնին վկայակոչեց Ջոզեֆ Սմիթին, ասելով, որ այն դեռևս չի կատարվել, սակայն շուտով պիտի կատարվի» ( Ջոզեֆ Սմիթ–Պատմություն1.41)—«Եվ պիտի լինի, սրանից հետո, որ իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, և պիտի մարգարեանան ձեր տղերքն ու ձեր աղջկերքը … ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն» (Հովել 2.28):

Այն, ինչ ծագեց այս երիտասարդ նախագահի մտքում, մի տեսիլք էր, թե ինչպիսին է Երկնային Հայրը ցանկանում, որ նրա քվորումը լինի: Դա հայտնություն էր, որը նրան հարկավոր էր՝ իր քվորումի ակտիվ անդամներին ամրապնդելու, դժվարություններ ունեցողներին փրկելու և բոլորին հրավիրելու՝ Քրիստոսի մոտ գալու: Այդպես ոգեշնչվելով, նա ծրագրեր նախատեսեց՝ Տիրոջ կամքը կատարելու:

Տերն ուսուցանեց այս երիտասարդ նախագահին, որ քահանայություն նշանակում է ծառայության ձեռք մեկնել մարդկանց: Ինչպես մեր սիրելի մարգարեն՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն է բացատրել. «Քահանայությունը իրականում այնքան պարգև չէ, որքան ծառայելուպարտավորվածություն, արտոնություն` բարձրացնելու, և հնարավորություն`օրհնելու ուրիշների կյանքը»(“Our Sacred Priesthood Trust,” Liahona May 2006, 57):

Ծառայությունը քահանայության հենց հիմքն է՝ ուրիշներին ծառայելու Փրկչի ցույց տված օրինակի համաձայն: Ես վկայում եմ, որ մենք կրում ենք Նրա քահանայությունը, մենք Նրա հանձնարարության տակ ենք, և բոլոր քահանայություն կրողներին Նա ցույց է տվել քահանայության հավատարիմ ծառայության ուղին:

Ես հրավիրում եմ սարկավագների, ուսուցիչների և քահանաների յուրաքանչյուր քվորումի նախագահության հաճախակի խորհրդակցել, ուսումնասիրել և աղոթել իր քվորումի վերաբերյալ Տիրոջ կամքն իմանալու համար և ապա գնալ և գործ անել: Օգտագործեք «Պարտականություն Աստծո հանդեպ» գրքույկը, որը ձեզ կօգնի քվորումի ձեր անդամներին իրենց պարտականություններն ուսուցանելիս: Քվորումի բոլոր անդամներին ես հրավիրում եմ աջակցել իրենց քվորումների նախագահներին և ականջ դնել նրա խորհուրդներին, մինչ դուք սովորում և արդարությամբ կատարում եք քահանայության ձեր բոլոր պարտականությունները: Եվ ես հրավիրում եմ յուրաքանչյուրիս դիտել այս նշանակալի երիտասարդներին այնպես, ինչպես Տերն է նրանց դիտում՝ որպես Իր արքայությունն այժմ և հիմա կառուցելու և ամրապնդելու զորավոր գործիք:

Դո՛ւք, հրաշալի երիտասարդներ, կրում եք Ահարոնյան Քահանայությունը, որը վերականգնվել է Հովհաննես Մկրտչի կողմից Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Հարմոնիի մոտ՝ Պենսիլվանիայում: Ձեր քահանայությունը կրում է սրբազան բանալիները, որոնք դուռ են բացում Երկնային Հոր բոլոր զավակների համար, որպեսզի նրանք գան Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի մոտ, և հետևեն Նրան: Դա հնարավոր է դառնում «ապաշախարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության», հաղորդության շաբաթական արարողության. և «հրեշտակների սպասավորության» շնորհիվ (ՎևՈւ 13.1; Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.69): Դուք իրապես «սպասավորներ» եք, որոնք պետք է քահանայության հավատարիմ, մաքուր և արժանավոր տղամարդիկ լինեն բոլոր ժամանակներում և բոլոր տեղերում:

Ինչո՞ւ: Լսեք յուրաքանչյուրիդ ուղղված մեր սիրելի Առաջին Նախագահության խոսքերը.

«Դուք Ահարոնյան Քահանայության ծեսերը կատարելու իշխանությունն ունեք:… Դուք մեծապես կօրհնեք ձեր շուրջը գտնվողների կյանքը:…

Երկնային Հայրը մեծապես վստահում և հավատում է ձեզ և կարևոր առաքելություն ունի ձեզ համար (Կատարել իմ պարտականությունը Աստծո հանդեպ՝Ահարոնյան Քահանայություն կրողների համար [2010], 5):

Ես գիտեմ, որ այս խոսքերը ճշմարիտ են և աղոթում եմ, որ յուրաքնչյուրս ունենանք այդ նույն վկայությունը: Եվ ես ասում եմ այս բաները Նրա սուրբ անունով, ում քահանայության կրողներն ենք մենք, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի անունով՝ ամեն: