2010–2019 թթ․
Վկայություն
Հոկտեմբեր 2011


Վկայություն

Մորմոնի Գիրքը լավագույն ուղեկիցն է իմանալու` ինչպես ենք մենք այդ ամենը կատարում և ինչպես կարող ենք ավելի լավ անել:

Ես երախտապարտ եմ այս կիրակի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու գերագույն համաժողովին ձեզ հետ խոսելու այս հնարավորության համար: Եկեղեցու յուրաքանրչյուր անդամ ունի միևնույն սուրբ պարտականությունը: Մկրտվելիս մենք ընդունել ենք այն և խոստացել, որ կաճենք՝ համապատասխանելով դրան: Մենք սովորում ենք Մորմոնի Գրքի մեծ մարգարե Ալմայի խոսքերից, թե ինչ ենք խոստացել Աստծուն, որ կդառնանք. «Հոժար եք՝ սգալու նրանց հետ, ովքեր սգում են. այո, և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության, և կանգնելու, որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, որ դուք կարող է լինեք, նույնիսկ՝ մինչև մահ, որպեսզի դուք կարողանաք փրկագնվել Աստծո կողմից և համարվեք նրանց հետ, ովքեր պատկանում են առաջին հարությանը, որպեսզի դուք կարողանաք հավերժական կյանք ունենալ»:1

Դա կարևոր պարտականություն է և փառահեղ խոստում՝ Աստծուց: Իմ ուղերձն այսօր քաջալերանքի խոսք է: Ճիշտ ինչպես Մորմոնի Գրքում է պարտականությունը պարզեցվում մեզ համար, այն նաև ուղղորդում է մեզ վեր՝ դեպի հավերժական կյանք տանող ճանապարհով:

Առաջինը, մենք խոստացել ենք դառնալ գթառատ: Երկրորդ, մենք խոստացել ենք դառնալ Աստծո վկաներ: Եվ երրորդ, մենք խոստացել ենք համբերել: Մորմոնի Գիրքը լավագույն ուղեկիցն է իմանալու՝ ինչպես ենք մենք այդ ամենը կատարում և ինչպես կարող ենք ավելի լավ անել:

Եկեք սկսենք գթառատ լինելուց: Ես կհիշեցնեմ ձեզ վերջին փորձառությունները: Ձեզանից շատերը մասնակցեցին ծառայությանօրվա միջոցառմանը: Հազարավոր մարդիկ համախմբվել էին ողջ աշխարհում:

Ձեր ընկեր Սրբերի խորհուրդն աղոթեց իմանալու, թե ինչ ծառայություն պետք է ծրագրել: Նրանք խնդրեցին Աստծուն, որպեսզի իմանան, թե ում պետք է մենք ծառայենք, ինչպիսի ծառայություն պետք է մատուցենք և ում պետք է խնդրենք մասնակցել: Նրանք գուցե նաև աղոթել են, որ չմոռանան գոգաթիակները կամ խմելու ջուրը: Ամենակարևորը, նրանք աղոթել էին, որ նրանք, ովքեր ծառայություն կմատուցեն, և նրանք, ովքեր կստանան այդ ծառայությունը, բոլորը զգան Աստծո սերը:

Ես գիտեմ, որ այդ աղոթքները պատասխանվել են առնվազն մեկ ծխում: Ավելի քան 120 անդամներ կամավոր մասնակցեցին օգնելու համար: Երեք ժամվա ընթացքում նրանք մաքրեցին մեր համայնքի եկեղեցիների տարածքները: Դա դժվար և ուրախ աշխատանք էր: Եկեղեցիների ծառայողները արտահայտեցին իրենց երախտապարտությունը: Ովքեր միասին աշխատեցին այդ օրը, ապրեցին համախմբվածության և ավելի մեծ սիրո զգացում: Ոմանք ասացին, որ ուրախություն են զգացել անգամ մոլախոտերը քաղհանելիս և թփուտները հարդարելիս:

Մորմոնի Գրքից խոսքերը օգնեցին նրանց իմանալ այդ ուրախության պատճառը: Բենիամին Թագավորն էր, որ իր ժողովրդին ասաց. «Սովորեք, որ երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք … ձեր Աստծո ծառայության մեջ եք»:2 Իսկ Մորմոնի Գրքում Մորմոնը սովորեցնում է. «Բայց գթությունը Քրիստոսի մաքուր սերն է, և այն տևում է հավերժ. և ով որ օժտված լինի դրանով վերջին օրը, նրա համար լավ կլինի»:3

Տերը պահում է ձեզ տված Իր խոստումները, երբ դուք պահում եք ձեր խոստումները: Երբ դուք ծառայում եք մյուսներին հանուն Նրա, դուք զգում եք Նրա սերը: Եվ ժամանակի հետ գթությունը դառնում է ձեր բուն էությունը: Եվ ձեր սրտում դուք կստանաք Մորմոնի հավաստիացումը, որ երբ կյանքում մշտապես ծառայում եք մյուսներին, ձեր համար ամեն ինչ լավ կլինի:

Ճիշտ ինչպես դուք խոստացել եք Աստծուն դառնալ գթասիրտ, դուք խոստացել եք լինել Նրա վկան, ուր էլ որ լինեք ձեր կյանքում: Կրկին, Մորմոնի Գիրքը իմ իմացած լավագույն ուղեկիցն է, որ կարող է օգնել մեզ պահել այդ խոստումը:

Մի անգամ ինձ հրավիրել էին ելույթ ունենալ համալսարաններից մեկի ավարտական հանդեսին: Համալսարանի նախագահը ցանկացել էր հրավիրել Նախագահ Գորդոն Բ. Հինքլիին, սակայն նա զբաղված էր եղել: Այդ պատճառով, ինձ հրավիրեցին: Ես Տասներկու Առաքյալների Քվորումի կրտսեր անդամ էի:

Ինձ հրավիրող անձնավորությունը մտահոգվեց, երբ ավելի շատ տեղեկացավ որպես Առաքյալ իմ պարտականություններին: Նա զանգահարեց ինձ և ասաց, որ հիմա է հասկանում, որ իմ պարտականությունն է լինել Հիսուս Քրիստոսի վկան:

Շատ վճռական տոնով նա ինձ ասաց, որ չեմ կարող իմ խոսքը հղելիս դա անել: Նա բացատրեց, որ համալսարանը հարգում է բոլոր հավատքի մարդկանց, ներառյալ նրանց, ովքեր մերժում են Աստծո գոյությունը: Նա կրկնեց. «Դուք չեք կարող ձեր պարտականությունը կատարել այստեղ»:

Ես դրեցի լսափողը իմ մտքում լուրջ հարցեր ունենալով: Արդյոք չպե՞տք է հաղորդեմ համալսարանին, որ չեմ համաձայնվում ելույթ ունենալ այնտեղ: Մի քանի շաբաթ էր մնում այդ իրադարձությանը: Իմ ելույթի մասին արդեն հայտարարվել էր: Ի՞նչ ազդեցություն կգործեր ելույթից հրաժարվելը Եկեղեցու բարի համբավի վրա:

Ես աղոթեցի, որպեսզի իմանամ, թե ինչ է Աստված ուզում, որ անեմ: Պատասխանը եկավ ինձ համար շատ անսպասելի ձևթվ: Ես հասկացա, որ Նեփիի, Աբինադիի, Ալմայի, Ամուղեկի և Մոսիայի որդիների օրինակներն իրենց ազդեցությունն էին թողել ինձ վրա: Նրանք Հիսուս Քրիստոսի համարձակ վկաներն էին մահացու վտանգի պահին:

Այնպես որ այլ ելք չէր մնում, բացի ելույթ պատրաստելը: Ես սկսեցի տեղեկություններ հավաքել այդ համալսարանի մասին: Ելույթի օրը մոտենալու հետ իմ անհանգստությունը մեծանում էր և իմ աղոթքները ավելի էին ուժգնանում:

Ասես Կարմիր Ծովը հրաշքով կիսվեց, երբ ես գտա նորությունների մի հոդված: Այդ համալսարանը մեծարման էր արժանացել անելով այն, ինչ Եկեղեցին էր անում՝ ողջ աշխարհում մարդասիրական օգնություններ տրամարդելով: Այսպիսով, ես իմ ելույթում նկարագրեցի, թե ինչ ենք մենք և նրանք արել մեծ կարիքի մեջ գտնվող մարդկանց բարձրացնելու համար: Ես ասացի, որ Հիսուս Քրիստոսն էր այն օրհնությունների աղբյուրը, որ եկել էր այն մարդկանց կյանք, որոնց մենք և նրանք ծառայել էին:

Այդ ելույթից հետո բոլոր ներկաները ոտքի կանգնեցին և ծափահարեցին, ինչը ինձ համար արտասովոր էր: Ես զարմացա, սակայն դեռևս մի փոքր անհանգիստ էի: Ես հիշեցի, թե ինչ էր տեղի ունեցել Աբինադիի հետ: Միայն Ալման էր ընդունել նրա վկայությունը: Բայց այդ երեկո, մեծ պաշտոնական ընթրիքի ժամանակ համալսարանի նախագահը ասաց, որ իմ ելույթում նա լսեց Աստծո խոսքերը:

Նման հրաշալի փրկությունը շատ հազվադեպ երևույթ է իմ կյանքում որպես Քրիստոսի վկա: Սակայն ակնհայտ է Մորմոնի Գրքի ազդեցությունը ձեր բնավորության, զորության և ձեր խիզախության վրա՝ Աստծո վկան լինելու համար: Այս գրքի վարդապետությունը և քաջարի օրինակները կբարձրացնեն, կուղեկցեն և կքաջալերեն ձեզ:

Յուրաքանչյուր միսիոներ, որ հայտարարում է Հիսուս Քրիստոսի անունն ու ավետարանը, կօրհնվի ամեն օր Մորմոնի Գրքից սնուցվելով: Ծնողները, ովքեր պայքարում են, որպեսզի Փրկչի վկայությունը իրենց երեխայի սիրտ ներթափանցի, օգնություն կստանան, երբ ուղի փնտրեն Մորմոնի Գրքի խոսքերն ու ոգին իրենց տուն և իրենց ընտանիքի անդամների կյանք բերելու համար: Դա իսկապես գործում է մեզ համար:

Ես կարող եմ ասել, որ այդ հրաշքը տեղի է ունենում ամեն հաղորդության ժողովին և Եկեղեցու դասերին, որոնց ես հաճախում եմ: Բանախոսներն ու ուսուցիչները խորը հասկացողություն և սեր են ցուցաբերում սուրբ գրությունների, հատկապես Մորմոնի Գրքի հանդեպ: Եվ անձնական վկայությունները գալիս են իրենց սրտի խորքից: Նրանք ուսուցանում են աճող համոզմունքով և վկայություն են բերում մեծ զորությամբ:

Ես նաև տեսնում եմ, թե որքան լավ ենք մենք կատարում մկրտության ժամանակ տված մեր խոստումի երրորդ մասը: Մենք ուխտ ենք կապել, որ համբերենք, պահենք Աստծո պատվիրանները մեր ողջ կյանքի ընթացքում:

Ես այցելեցի հիվանադանոց իմ վաղեմի ընկերուհուն, որին քաղցկեղ էին ախտորոշել: Ես ինձ հետ տարել էի իմ փոքր դուստրերին: Ես չէի սպասում, որ նա կճանաչի նրանց: Նրա ընտանիքը հավաքված էր նրա մահճակալի շուրջը, երբ մենք ներս մտանք:

Նա նայեց և ժպտաց: Ես միշտ կհիշեմ նրա հայացքը, երբ նա տեսավ, որ մենք մեր դուստրերի հետ էինք: Նա ձեռքով հասկացրեց, որ մոտենանք իրեն: Նա նստեց, գրկախառնվեց նրանց հետ և ներկայացրեց իր ընտանիքին: Նա գովեց այդ երկու աղջնակներին: Կարծես նա թագավորական արքունիքին արքայադուստրերի էր ներկայացնում:

Ես կարծում էի, մեր այցելությունն արագ կավարտվի: Անշուշտ, ես կարծում էի նա հոգնած է: Բայց մինչ ես դիտում էի, կարծես տարիները հալվեցին և անհետացան: Նա փայլում էր և ակնհայտորեն լցվել էր սիրով բոլորիս հանդեպ:

Նա ասես վայելում էր այդ պահը, ասես ժամանակը կանգ էր առել: Նա իր կյանքի մեծ մասը անցկացրել էր խնամելով երեխաներին Տիրոջ համար: Նա գիտեր Մորոմոնի Գրքի պատմությունից, որ հարություն առած Փրկիչը վերցրել էր փոքր երեխաներին մեկ առ մեկ, օրհնել էր նրանց և ապա ուրախությունից արտասվել:4 Եվ նա ինքը ունեցել էր այդ ուրախությունն այնքան երկար, որը օգնել էր նրան համբերել Նրա սիրո ծառայության մեջ մինչև վերջ:

Ես տեսել եմ այդ նույն հրաշքը մի մարդու ննջարանում, որը երկար տարիների հավատարիմ ծառայություն էր մատուցել, ինչը կարելի է մտածել, բավարար էր հանգստանալու համար:

Ես գիտեի, որ նա երկար և ցավոտ բուժում էր անցել մի հիվանդության համար, որը բժիշկների խոսքով անբուժելի էր: Նրանք բուժումը դադարեցրել էին, չտալով ոչ մի հույս:

Նրա կինը ինձ ուղեկցեց ննջարան: Այնտեղ նա պառկած էր հարդարված անկողնու վրա: Նա հագել էր ճերմակ վերնաշապիկ և նոր կոշիկներ, կապել էր փողկապ:

Նա տեսավ զարմանք իմ աչքերում, հանդարտ ծիծաղեց և բացատրեց. «Ինձ օրհնություն տալուց հետո, ես ցանկանում եմ պատրաստ լինել պատասխանելու կանչին՝ վերցնել մահճակալսև գնալ աշխատելու»: Ես տեսա, որ նա պատրաստ էր այն հարցազրույցին, որ անցնելու էր Վարդապետի հետ, որի համար նա այդքան հավատարմորեն աշխատել էր:

Նա լիովին դարձի եկած Վերջին Օրերի Սրբերի օրինակ էր, որոնց հաճախ եմ հանդիպում, երբ նրանք նվիրաբերված ծառայությամբ լի կյանք են ապրած լինում: Նրանք առաջ են մղվում:

Նախագահ Մերիոն Գ. Ռոմնին դա այսպես է նկարագրել. «Լիովին դարձի եկած մարդու մեջ Հիսուս Քրիստոսի ավետարանին հակառակ բաների հանդեպ ցանկությունն իրականում մահացած է, և փոխարինվում է Աստծո սիրով և նրա պատվիրանները պահելու հաստատուն ու վերահսկվող վճռականությամբ»:5

Այդ հաստատուն վճռականությունն ավելի ու ավելի հաճախ եմ նկատում Հիսուս Քրիստոսի կոփված աշակերտների մոտ: Իմ դուստրերին ողջունող քրոջ և նոր կոշիկներ հագած այն տղամարդու պես, որը պատրաստ էր վեր կենալ և քայլել, նրանք հետևում են Փրկչի պատվիրանին մինչև վերջ: Դուք բոլորդ դրա ականատեսն եք:

Դուք կարող եք տեսնել դա կրկին, եթե վերադառնաք Մորմոնի Գրքին: Ես դեռևս սրտանց հիանում են, երբ կարդում եմ Աստծո խոնջացած և տոկուն ծառայի այս խոսքերը. «Քանզի հենց այս պահին իմ ամբողջ մարմինը սաստիկ դողում է, մինչ փորձում եմ խոսել ձեզ հետ. բայց Տերը … իրոք, զորավիգ է ինձ և թույլ է տվել ինձ, որ ես խոսեմ ձեզ հետ»:6

Դուք էլ իմ պես քաջություն կստանաք Մորոնիի կողմից մեզ տրված համբերելու օրինակից: Նա միայնակ էր իր ծառայության մեջ: Նա գիտեր, որ իր կյանքը մոտենում է ավարտին: Սակայն լսեք, թե ինչ էր նա գրում ի սեր այն մարդկանց, ովքեր դեռ չէին ծնվել, և իր թշնամիների սերունդների. «Այո, եկե՛ք դեպի Քրիստոսը, և կատարելագործվե՛ք նրանում, և հրաժարվե՛ք ամեն անաստվածությունից. և եթե դուք հրաժարվեք ամեն անաստվածությունից և սիրեք Աստծուն, ձեր ողջ զորությամբ՝ մտքով և ուժով, ապա նրա շնորհը բավական է ձեզ, որ նրա շնորհով դուք կարողանաք լինել կատարյալ Քրիստոսում»:7

Մորոնին տվեց այդ վկայությունը որպես իր կյանքին և ծառայությանը հրաժեշտի խոսքեր: Նա հորդորեց գթասրտություն, ինչպես Մորմոնի Գրքի մյուս մարգարեները: Նա ավելացրեց Փրկչի մասին իր վկայությունը, երբ մահը չոքել էր նրա առաջ: Նա Աստծո իսկական դարձի եկած զավակ էր, ինչպես մենք կարող ենք լինել՝ լի գթությամբ, անհողդողդ և անվախ՝ որպես Փրկչի և Նրա ավետարանի վկա, և վճռական՝ մինչև վերջ համբերելու:

Մորոնին ուսուցանեց մեզ, թե դրա համար ինչ է մեզանից պահանջվում: Նա ասաց, որ լիովին դարձի գալու համար նախ անհրաժեշտ է հավատք: Մորմոնի Գրքի աղոթքով ուսումնասիրությունը կկառուցի հավատք առ Հայր Աստված, Իր Սիրելի Որդին և Նրա ավետարանը: Դա հավատք կկառուցի Աստծո հին ու նոր մարգարեների հանդեպ:

Այն կարող է ձեզ էլ ավելի մոտեցնել Աստծուն, քան որևէ այլ գիրք: Այն կարող է ավելի շատ բարելավել կյանքը: Ես հորդորում եմ ձեզ անել այն, ինչ իմ զուգընկեր միսիոներն էր արել: Երբ նա հեռացել էր տնից լինելով դեռահաս, ինչ-որ մեկը Մորմոնի Գիրքը դրել էր նրա արկղի մեջ, որը նա պետք է իր հետ վերցներ ավելի մեծ երջանկության իր փնտրտուքներում:

Տարիներ էին անցել: Նա տեղափոխվել էր տեղից-տեղ ողջ աշխարհով: Նա միայնակ և տխուր էր, երբ մի օր տեսավ այդ արկղը: Այն լի էր իրերով, որոնք նա տանում էր իր հետ: Արկղի տակ նա գտավ Մորմոնի Գիրքը: Նա կարդաց այնտեղ տրված խոստումը և փորձարկեց այն: Նա գիտեր, որ դա ճիշտ էր: Այդ վկայությունը փոխեց նրա կյանքը: Նա գտավ երջանկություն՝ իր ամենանվիրական երազանքներից առավել:

Մորմոնի Գրքի ձեր օրինակը հնարավոր է ձեր տեսադաշտից հեռու է մնացել հոգսերի և ամենօրյա պարտականությունների պատճառով: Ես աղերսում եմ, որ ավելի խորը և հաճախ ուսումնասիրեք այն: Այն պարունակում է Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը, որը միակ ուղին է դեպի տուն՝ Աստծո մոտ:

Ես ձեզ հետ եմ թողնում իմ հաստատուն վկայությունը, որ Աստված ապրում է և կպատասխանի ձեր աղոթքներին: Հիսուս Քրիստոսը աշխարհի Փրկիչն է: Մորմոնի Գիրքը ճշմարիտ և հաստատուն վկայություն է, որ Նա ապրում է, և որ Նա մեր հարություն առած և կենդանի Փրկիչն է:

Մորմոնի Գիրքը Հիսուս Քրիստոսի թանկագին վկան է: Ես այժմ թողնում եմ ձեզ իմ վկայությունը Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: