2010–2019 թթ․
Հավատարիմ մնա ուխտերին
Հոկտեմբեր 2011


Հավատարիմ մնա ուխտերին

եթե մենք հավատք ունենանք առ Քրիստոս և հավատարիմ մնանք մեր ուխտերին, մենք կստանանք ուրախություն, որի մասին խոսվում է սուրբ գրություններում և խոստացվում է մեր վերջին օրերի մարգարեների կողմից:

«Բարձրացրու սիրտդ և ցնծա, և հավատարիմ մնա այն ուխտերին, որոնք դու արել ես»: 1 Ես չեմ կարող կարդալ այս սուրբ գրությունն առանց ուրախություն զգալու: Իմ սիրտը ցնծում է, երբ ես մտածում եմ խոստումների և բազում օրհնությունների մասին, որոնք եղել են իմ կյանքի մի մասը, մինչ ես ձգտել եմ հավատարիմ մնալ ուխտերին, որոնք ես կապել եմ իմ Երկնային Հոր հետ:

Քանի որ երկու ծնողներս էլ մահացել են, այս տարի պետք էր մաքրել նրանց տունը՝ պատրաստելու այն վաճառքի համար: Այս վերջին մի քանի ամիսների ընթացքում, մինչ ես և իմ հարազատները մաքրում և կարգի էինք բերում իմ ծնողների տունը, մենք գտանք ընտանեկան պատմություններ և շատ կարևոր թղթեր ու փաստաթղթեր: Շատ հետաքրքրական էր կարդալ իմ ծնողների ու տատիկ-պապիկների անձնական պատմություններն ու հայրապետական օրհնությունները: Դրանք ինձ հիշեցրեցին այն ուխտերը, որոնք նրանք կապել և պահել էին:

Իմ տատիկը՝ Էլեն Հանքս Ռայմերը, երիտասարդ մայր էր 1912թ., երբ ստացավ իր հայրապետական օրհնությունը: Երբ ես կարդացի նրա օրհնությունը, այս տողերը մեծ տպավորություն թողեցին ինձ վրա և մնացին իմ մտքում. «Դու ընտրված էիր նախքան աշխարհի հիմնադրումը և ընտրյալ հոգի ես այս օրերում: … Քո վկայությունը կզորացվի և դու կկարողանաս վկայել: … Կործանիչը կձգտի կործանել քեզ, բայց եթե դու հավատարիմ մնաս քո Աստծուն, նա [Կործանիչը] զորություն չի ունենա վնասելու քեզ: Դու քո հավատարմությամբ մեծ զորություն կունենաս, և կործանիչը կփախչի քո առջևից՝ քո արդարության պատճառով: … Երբ վախի և փորձության ժամանակներ գան քեզ համար, եթե դու առանձնանաս քո սենյակում և աղոթես, քո սիրտը կմխիթարվի և խոչընդոտները կհեռացվեն»:2

Իմ տատիկին խոստացվել էր, որ եթե նա պահեր իր ուխտերը և մոտ մնար Աստծուն, Սատանան զորություն չէր ունենա նրա վրա: Նա կգտներ մխիթարություն և օգնություն իր դժվարություններում: Այս խոստումները իրականացել էին նրա կյանքում:

Այսօր ես ուզում եմ խոսել ուխտերին հավատարիմ մնալու կարևորության, և այն ուրախության և պաշտպանության մասին, որ գալիս են մեր ուխտերը պահելու արդյունքում:

Որոշ օրինակներ, որոնք ես կօգտագործեմ, վերցված են Իմ Արքայության Դուստրերը. Սփոփող Միության պատմությունը և աշխատանքը գրքից: Այն լի է կանանց օրինակներով, ովքեր մեծ ուրախություն են գտել ուխտերը պահելու մեջ:

Ուխտերին հավատարիմ լինելու կարևորությունը

Աստվածաշնչի բառարանը ասում է մեզ, որ ուխտը համաձայնություն է՝ կնքված Աստծո և մարդու միջև: «Աստված իր բարության համաձայն որոշում է պայմանները, որոնք մարդն ընդունում է: … Ավետարանն այնպես է կազմված, որ սկզբունքներն ու արարողություններն ընդունվում են ուխտով, ընդունողի վրա դնելով խիստ պարտավորություն և պատասխանատվություն՝ հարգելու խոստումը»:3 «Հավատարիմ մնա ուխտերին» արտահայտության մեջ հավատարիմ մնա բառերը նշանակում են «ամուր և կիպ կառչել» ինչ-որ բանից:4

Սուրբ գրություններում մենք սովորում ենք տղամարդկանց ու կանանց մասին, ովքեր ուխտեր են կապել Աստծո հետ: Աստված հրահանգներ է տվել, թե ինչ անել այդ ուխտերը պատվելու համար, և երբ այդ ուխտերը պահվել են, եկել են խոստացված օրհնությունները:

Օրինակ, մկրտության արարողության միջոցով մենք ուխտ ենք կապում մեր Երկնային Հոր հետ: Մենք պատրաստում ենք ինքներս մեզ մկրտվելուն, ունենալով հավատք առ Տեր Հիսուս Քրիստոսը, ապաշխարելով մեր մեղքերը և հոժար լինելով մեզ վրա վերցնել Քրիստոսի անունը: Մենք պարտավորվում ենք պահել Աստծո պատվիրանները և միշտ Հիշել Փրկչին: Մենք ուխտում ենք «կրել մեկս մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն»: Մենք ցույց ենք տալիս, որ հոժար ենք սգալու նրանց հետ, ովքեր սգում են և մխիթարել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:5

Սուրբ տաճարներում այլ սրբազան արարողություններ են ստացվել և այլ ուխտեր են կապվել: Վերականգնման վաղ շրջանում Մարգարե Ջոզեֆ Սմիթը մտահոգվում էր Սրբերի համար, որ նրանք ունենան տաճարի խոստացված օրհնությունները: Տերն ասել է. «Թող այս տունը կառուցվի իմ անվան համար, որ նրանում ես կարողանամ հայտնի դարձնել իմ արարողություններն իմ ժողովրդին»:6

«Սփոփող Միության կազմավորման հետ կապված Տիրոջ նպատակներից մեկն էր նախապատրաստել Իր դուստրերին տաճարային արարողությունների և ուխտերի քահանայության ավելի մեծ օրհնությունների համար: Նավույի քույրերը մեծ ոգևորությամբ սպասում էին տաճարի կառուցման ավարտին, քանզի նրանք գիտեին, որ ինչպես Մարգարե Ջոզեֆ Սմիթն էր խոստացել Մերսի Ֆիլդինգ Թոմփսոնին, որ օժտումը նրանց «դուրս կբերի խավարից դեպի հրաշալի լույս»:7

Ավելի քան 5000 սրբեր էին հավաքվել Նավույի Տաճարում դրա օժտումից հետո, որպեսզի նրանք կարողանային ստանալ օժտում և կնքման արարողություն մինչև իրենց ճանապարհորդությունը սկսելը» դեպի Սոլթ Լեյքի հովիտը:8 Նախագահ Բրիգամ Յանգը և շատ Եկեղեցու առաջնորդներ ու տաճարի աշխատողներ ծախսեցին իրենց ժամանակը, գիշեր ու ցերեկ ծառայելով տաճարում, որպեսզի այս կարևոր աշխատանքը կատարվեր Սրբերի համար:

Մեր ուխտերը օգնում են մեզ՝ դա լավ ժամանակներում կամ դժվար պահերին: Նախագահ Բոյդ Ք. Փաքերը հիշեցնում է մեզ, որ «մենք ուխտյալ ժողովուրդ ենք: Մենք ուխտում ենք տալ մեր միջոցները՝ ժամանակը, գումարը և տաղանդները, այն ամենը, ինչ մենք կանք, և ամենը, ինչ ունենք՝ երկրի վրա Աստծո թագավորությունը կառուցելու համար: Պարզ ասած, մենք ուխտում ենք լավ բաներ անել: Մենք ուխտյալ ժողովուրդ ենք, և տաճարը մեր ուխտերի կենտրոնն է: Այն ուխտի աղբյուրն է»:9

Սուրբ գրությունները հիշեցնում են մեզ. «Եվ սա պետք է լինի մեր ուխտը,- որ մենք կքայլենք Տիրոջ բոլոր կանոններով»:10

Մեծ են մեր օրհնությունները, որոնք մենք ստանում ենք, երբ մենք հավատարիմ ենք մնում մեր ուխտերին:

Երջանկությունն ու ապահովությունը գալիս են մեր ուխտերը պահելու արդյունքում

Մորմոնի գրքում մենք կարդում ենք Բենիամին Թագավորի քարոզը: Նա սովորեցրել է ժողովրդին, որ Հիսուս Քրիստոսը գալու էր աշխարհ և տանելու էր ամեն տեսակի չարչարանքներ: Նա սովորեցրեց մարդկանց, որ Քրիստոսը քավելու էր բոլոր մարդկանց մեղքերը և որ Նրա անունը միակ անունն է, որի միջոցով մարդը կարող էր փրկվել:11

Այս գեղեցիկ ուսմունքները լսելուց հետո ժողովուրդը խոնարհեցրել էր իրեն և ցանկացել իրենց ողջ սրտով ազատվել մեղքից և մաքրվել: Նրանք ապաշխարեցին և խոստովանեցին իրենց հավատքը առ Քրիստոս: Նրանք ուխտեր կապեցին Աստծո հետ, որ նրանք կպահեն Նրա պատվիրանները:12

«Տիրոջ Հոգին եկավ նրանց վրա և նրանք լցվեցին ուրախությամբ, ստացած լինելով իրենց մեղքերին թողություն, և ունենալով խղճմտանքի խաղաղություն այն արտասովոր հավատքի շնորհիվ, որ նրանք ունեին Հիսուս Քրիստոսում»:13

Ուրախության մեկ այլ օրինակ, որը գալիս է Աստծո պատվիրանները հավատարմորեն պահելուց և Նրա ավետարանով ուրիշների հետ կիսվելուց, ներկայացվել է Ամմոնի կողմից: Ամմոնն ու նրա եղբայրները գործիք հանդիսացան՝ օգնելով հազարավոր մարդկանց գալ դեպի Քրիստոսը: Ահա մի քանի բառեր, որ Ամմոնն օգտագործեց իր զգացմունքները նկարագրելիս, երբ այնքան շատ մարդիկ էին մկրտվել և ուխտ կապել Աստծո հետ.

«Ինչպիսի մեծ պատճառ ունենք մենք ցնծալու»:14

«Իմ ուրախությունը լիակատար է, այո, իմ սիրտը մինչև պռունկը լցված է ուրախությամբ, և ես կցնծամ իմ Աստծով»:15

«Ես չեմ կարող արտահայտել փոքրագույն մասն իսկ նրա, ինչ զգում եմ»:16

«Երբեք չեն եղել մարդիկ,որ ցնծալու այնպիսի մեծ պատճառ ունենային, ինչպես մենք»:17

Սրբազան ուխտեր կապելն ու պահելը հնարավորություն է տալիս մեզ ունենալ Սուրբ Հոգին մեզ հետ: Սա է Հոգին, որն «ուրախությունով կլցնի քո հոգին»:18

Երկրորդ համաշխարհային պատերազմը շատ տառապանքներ է պատճառել բազմաթիվ մարդկանց աշխարհով մեկ: Սրբերը Գերմանիայում տարել են շատ դժվարություններ: Սփոփող Միության հավատարիմ նախագահը Ստուտգարթում՝ Գերմանիա, Քույր Մարիա Սպեյդելն էր: Խոսելով իրենց դժվարությունների մասին, նա ասել է. «Տիրոջ հանդեպ մեր վստահությունը և նրա Եկեղեցու մասին մեր վկայությունը եղել են մեր ուժի աղբյուրը: … Ուրախությամբ մենք երգում ենք Սիոնի երգերը և դնում ենք մեր վստահությունը Տիրոջ վրա: Նա անում է այնպես, որ ամեն բան լավ լինի»:19

Կրկին, երբ անդամները պահել են իրենց ուխտերը, նրանք ուրախություն են զգացել նույնիսկ ահռելի դժվարությունների հանդիպելիս:

Սառա Ռիչը Նավույում ապրող արդար կին էր, ով կանչվել էր ծառայելու տաճարում, մինչև Սրբերի քաղաքից վտարվելը: Ահա նրա խոսքերը տաճարային ուխտերի օրհնությունների մասին. «Բազում էին օրհնությունները, որոնք մենք ստացանք Տիրոջ տանը, որ մեզ ուրախություն և մխիթարություն բերեց մեր բոլոր վշտերի մեջ և մեզ հնարավորություն տվեց հավատք ունենալ առ Աստված, իմանալով, որ Նա կառաջնորդեր մեզ և կաջակցեր մեզ այն անհայտ ճանապարհորդությունում, որ սպասում էր մեզ»:20

Սրբերն արդեն ավարտել էին Կիրթլանդի տաճարը, և շատերը մասնակցել էին նվիրագործմանը: Նվիրագործումից հետո տաճարն ընդունվեց Տիրոջ կողմից: Տերն ասաց նրանց «մեծապես ցնծալ այն օրհնությունների հետևանքով, որոնք պիտի թափվեն … Իր ժողովրդի գլխին»:21

Մինչ ավելի ու ավելի շատ սուրբ տաճարներ են կառուցվում աշխարհով մեկ, ես տեսնում եմ օրհնությունները, որոնք գալիս են անդամների կյանքեր: 2008թ. ես ականատես եղա Ուկրաինայից մի զույգի ուրախությանը, երբ նրանք պատմում էին ինձ Ֆրայբերգ՝ Գերմանիա, գնալու մասին, որպեսզի ստանային իրենց տաճարային արարողությունները: Ճանապարհորդությունը այս նվիրված անդամների համար ավտոբուսով տևում էր 27ժամ ամեն ուղությամբ և նրանք հնարավորություն չունեին հաճախ գնալու: Նրանք հրճվում էին, քանի որ Կիև Ուկրաինա Տաճարը շուտով պատրաստ կլիներ և նրանք կկարողանային շատ ավելի հաճախ այցելել: Այդ տաճարն այժմ բացված է, և հազարավոր մարդիկ վայելում են այնտեղ օրհնությունները:

Կարդալով իմ տատիկի անձնական պատմությունը, ես իմացա նրա մեծ ուրախության մասին իր ուխտերի համար: Նա սիրում էր տաճար գնալ և արարողություններ կատարել այն հազարավորների համար, ովքեր մահացել էին: Դա նրա կյանքի միսիան էր: Նա ծառայել է որպես տաճարային աշխատող ավելի քան 20 տարի Մանթի Յուտա Տաճարում: Նա գրել է, որ ապաքինման շատ հրաշալի փորձառություններ է ունեցել, որ կարողանար մեծացնել իր երեխաներին և ծառայել ուրիշներին՝ կատարելով նրանց աշխատանքը տաճարում: Որպես նրա թոռնիկներ, մենք մի բան գիտեինք Ռայմեր տատիկի մասին. նա արդար կին էր, որ պահել էր իր ուխտերը և ուզում էր, որ մենք էլ նույնը անեինք: Երբ մարդիկ ուշադիր զննեն մեր իրերը մեր մահից հետո, կգտնե՞ն նրանք ապացույցներ, որ մենք պահել ենք մեր ուխտերը:

Մեր սիրելի մարգարեն՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը ասել է մեզ մեր վերջին գերագույն համաժողովի ժամանակ. «Երբ դուք և ես գնանք Աստծո սուրբ տունը, երբ մենք հիշենք ուխտերը, որ մենք կապում ենք այնտեղ, մենք ավելի ունակ կլինենք տանելու ամեն դժվարություն և հաղթահարելու յուրաքանչյուր փորձություն: Այս սուրբ ապաստանում մենք կգտնենք խաղաղություն. Մենք կնորոգվենք և կգոտեպնդվենք»:22

Եվս մեկ անգամ. «Բարձրացրու սիրտդ և ցնծա, և հավատարիմ մնա այն ուխտերին, որոնք դու արել ես»:23 Ուխտերը պահելը ճշմարիտ ուրախություն և երջանկություն է: Սա հանգստություն և խաղաղություն է: Սա պաշտպանություն է աշխարհի չարիքներից: Մեր ուխտերը պահելը կօգնի մեզ դժվարության պահերին:

Ես վկայում եմ, որ եթե մենք հավատք ունենանք առ Քրիստոս և հավատարիմ մնանք մեր ուխտերին, մենք կստանանք ուրախություն, որի մասին խոսվում է սուրբ գրություններում և խոստացվում է մեր վերջին օրերի մարգարեների կողմից:

Սիրելի քույրեր, ես սիրում եմ ձեզ և հուսով եմ, որ դուք կունենաք այս մեծ ուրախության փորձառությունը ձեր իսկ կյանքերում: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: