2010–2019 թթ․
Խիզախություն ունեցիր կանգնելու միայնակ
Հոկտեմբեր 2011


Խիզախություն ունեցիր կանգնելու միայնակ

Թող որ մենք միշտ լինենք խիզախ և պատրաստ պաշտպանելու մեր համոզմունքները:

Իմ սիրելի եղբայրներ, հսկայական արտոնություն է ձեզ հետ լինել այս երեկո: Մենք՝ Աստծո քահանայություն կրողներս, մեծ կապ ու եղբայրություն ենք ձևավորում:

Վարդապետություն և Ուխտեր 121 բաժնի 36 հատվածում մենք կարդում ենք, «որ քահանայության իրավունքներն անբաժանելիորեն կապված են երկնքի զորությունների հետ»: Ինչպիսի հրաշալի պարգև է մեզ տրված՝ կրել քահանայություն, որն «անբաժանելիորեն կապված է երկնքի զորությունների հետ»: Ինչևէ, այս թակագին պարգևն իր հետ բերում է ոչ միայն հատուկ օրհնություններ, այլև լուրջ պարտականություններ: Մենք պետք է այնպես ապրենք, որ միշտ արժանի լինենք քահանայությանը, որ կրում ենք: Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ շրջապատված ենք գայթկղություններով, որոնք մեզ տանում են դեպի կործանարար ուղիներ: Նման ուղիներից խուսափելու համար անհրաժեշտ է վճռականություն և խիզախություն:

Ես հիշում եմ այն ժամանակները, ձեզանից ոմանք ևս կհիշեն, երբ մարդկանց մեծ մասի չափանիշները նման էին մեր չափանիշներին: Այլևս այդպես չէ: Վերջերս New York Times օրաթերթում հոդված կարդացի մի ուսումնասիրության մասին, որը տեղի էր ունեցել 2008-ի ամռանը: Նոտր Դամի մի հայտնի սոցիոլոգ ղեկավարել էր հետազոտություն կատարող մի խումբ, ովքեր հարցազրույցներ էին վարել 230 երիտասարդ ամուրիների հետ ողջ Ամերիկայի տարածքում: Կարծում եմ, կարող ենք հաստատ ենթադրել, որ աշխարհի շատ մասերում նմանատիպ արդյունքներ կստացվեին:

Ես կիսվում եմ ձեզ հետ այդ խոսուն հոդվածի մի հատվածով.

«Հարցազրույց վարողները բաց հարցեր էին տալիս, ճշտի և սխալի, բարոյական երկընտրանքների և կյանքի իմաստի մասին: Ցաք ու ցրիվ պատասխաններում … տեսնում ենք՝ ինչպես են երիտասարդները խարխափում են ինչ-որ իմաստալից բան ասել այդ հարցերի վերաբերյալ: Սակայն նրանք դրա համար պարզապես չունեն համապատասխան մտապատկերներ կամ բառապաշար:

Երբ նրանց խնդրել են ներկայացնել, թե բարոյական ինչ երկընտրանք կա իրենց առջև ծառացած, երիտասարդների երկու երրորդը կա՛մ չեն կարողացել պատասխանել հարցին, կա՛մ ներկայացրել են բարոյականության հետ կապ չունեցող խնդիրներ, օրինակ, արդյոք կարողացել են իրենց թույլ տալ բնակարան վարձել կամ արդյոք բավականաչափ գումար ունեցել են մեքենան կայանելու համար»:

Հոդվածը շարունակում է.

«Թերի դիրքորոշումը, որը շատերը կրկին ու կրկին արտահայտել էին, այն էր, որ բարոյական ընտրություններն ուղղակի անհատական ճաշակի հարցեր են: Պատասխանողները որպես կանոն ասել են. «Դա անձնական խնդիր է, այն կախված է անհատից, ո՞վ եմ ես, որ ինչ-որ բան ասեմ»:

Մերժելով հեղինակությունների հանդեպ կույր հարգանքը, երիտասարդներից շատերը մեկ այլ ծայրահեղության էին դիմել, [ասելով]. «Ես կանեմ այն, ինչը ինձ կերջանկացնի կամ ինչպես ես կզգամ: Ես գործելու համար չգիտեմ այլ եղանակ, բացի ներքին զգացումին հետևելը»»:

Հարցազրույցներ վարողները շեշտել են, որ երիտասարդների մեծ մասը, ում հետ զրուցել էին, չէին ստացել անհրաժեշտ պաշար, – դպրոցների, ինստիտուտների կամ ընտանիքների կողմից, – իրենց բարոյական ներգիտակցությունը զարգացնելու համար»:1

Եղբայրներ, ինձ լսողներից ոչ ոք չպետք է կասկածի, թե բարոյականությունը ինչ է և ինչ չէ, և ոչ ոք չպետք է կասկածի, թե ինչ է ակնկալվում մեզանից՝ Աստծո Քահանայությունը կրողներից: Մենք ուսուցանվել և շարունակում ենք ուսուցանվել Աստծո օրենքները: Անկախ նրանից, թե ինչ կտեսնեք կամ կլսեք այլ վայրերում, այդ օրենքներն անփոփոխ են:

Օրեցօր անցնող կյանքով քայլելիս մեր հավատքն անխուսափելիորեն կփորձվի: Երբեմն կլինենք մարդկանցով շրջապատված, բայց դեռևս փոքրամասնություն կկազմենք կամ անգամ միայնակ կլինենք այն հարցում, թե ինչն է ընդունելի և ինչը՝ ոչ: Արդյոք բարոյական խիզախություն ունե՞նք անվարան պաշտպանելու մեր համոզմունքները, անգամ եթե դա անելով մենք պետք է կանգնենք միայնակ: Որպես Աստծո քահանայության կրողներ, կարևոր է, որ մենք կարողանանք խիզախորեն դիմավորել մեր ճանապարհին հանդիպող դժվարությունները: Հիշեք Թենիսոնի խոսքերը. «Իմ ուժը տաս հոգու ուժ է, որովհետև իմ սիրտը մաքուր է»:2

Աճող թվերով որոշ հանրաճանաչ մարդիկ և այլ և այլ պատճառներով հասարակության աչքի առաջ հայտնված անձինք, հակված են ծաղրելու կրոնը ընդհանրապես, իսկ երբեմն էլ Եկեղեցին մասնավորապես: Եթե մեր վկայությունները բավականին ամուր արմատավորված չեն, նման քննադատությունները կարող են պատճառ դառնալ, որ մենք կասկածենք մեր իսկ համոզմունքներին կամ վճռական չլինենք մեր որոշումներում:

1 Նեփի 8-րդ գլխում գտնվող կյանքի ծառի մասին իր տեսիլքում Լեքին մյուսների թվում տեսնում է նրանց, ովքեր կառչել էին երկաթե ձողից, մինչև որ առաջ եկան և ճաշակեցին կյանքի ծառի պտղից, ինչը գիտենք, որ ներկայացնում է Աստծո սերը: Ապա, ցավոք, պտուղը ճաշակելուց հետո, ոմանք ամաչեցին «մեծ ու ընդարձակ շենքում» գտնվողների պատճառով, ովքեր ներկայացնում են մարդկանց զավակների հպարտությունը, ովքեր մատով ցույց էին տալիս նրանց և ծաղրում էին նրանց. և նրանք հեռացան դեպի արգելված ուղիներ և կորան:3 Հակառակորդի համար ինչպիսի հզոր զենք է ծաղրանքը: Եղբայրներ, կրկին հարցնում եմ, արդյոք խիզախություն ունե՞նք ամուր և անսասան կանգնելու նման ծանր ընդդիմության առաջ:

Կարծում եմ, իմ համոզմունքների հարցում առաջին անգամ խիզախություն դրսևորել եմ, երբ Երկրորդ Աշխարհամարտի վերջում ծառայում էի Միացյալ Նահանգների Նավատորմում:

Նավատորմի նորակոչիկների ճամբարը հեշտ փորձառություն չէր ո՛չ իմ, ո՛չ էլ որևէ մեկի համար, ով անցել է դրանով: Առաջին երեք շաբաթների ընթացքում ես համոզվեցի, որ կյանքս վտանգված է: Նավատորմը չէր փորձում ինձ վարժեցնել, այն փորձում էր ինձ սպանել:

Ես միշտ կհիշեմ ծառայության առաջին շաբաթվա կիրակին: Մենք հաճելի նորություն լսեցինք ավագ ենթասպայից: Զգաստ շարքերով կանգնած, վարժադաշտում, ուր փչում էր կալիֆորնիական սառը քամին, մենք լսեցինք նրա հրամանը. «Այսօր բոլորդ գնում եք եկեղեցի, բոլորդ, բացի ինձանից: Ես հանգստանո՜ւմ եմ»: Ապա բղավեց. «Կաթոլիկնե՛ր, դուք բոլորդ հավաքվում եք Քեմփ Դիկատուրում, և չվերադառնաք մինչև ժամը երեքը: Առա՛ջ, քայլով մա՛րշ»: Բավականին մեծ զորաբաժին գնաց: Ապա նա բղավեց իր հաջորդ հրամանը. «Հրեանե՛ր, դուք հավաքվում եք Քեմփ Հենրիում, և չվերադառնաք մինչև ժամը երեքը: Առա՛ջ, քայլով մա՛րշ»: Ինչ-որ չափով ավելի քիչ ծառայողներ դուրս եկան: Ապա ասաց. «Մնացածներդ, բողոքականնե՛ր, հավաքվում եք Քեմփ Ֆարագաթի թատրոնում, և չվերադառնաք մինչև ժամը երեքը: Առա՛ջ, քայլով մա՛րշ»:

Ես անմիջապես մտածեցի. «Մոնսոն, դու ոչ կաթոլիկ ես, ոչ հրեա, ոչ էլ բողոքական: Դու մորմոն ես, այնպես որ պետք է կանգնած մնաս»: Կարող եմ հավաստիացնել ձեզ, որ ինձ միայնգամայն միայնակ էի զգում: Այո, խիզախ ու վճռական, սակայն միայնակ:

Ապա ես լսեցի ամենահաճելի խոսքերը, որ երբևէ լսել էի ավագ ենթասպայի բերանից: Նա նայեց իմ կողմը և ասաց. «Իսկ դուք, տղանե՛ր, ի՞նչ եք ձեզ համարում»: Մինչ այդ պահը ես չէի նկատել, որ որևէ մեկը կանգնած է իմ կողքին կամ իմ ետևում: Գրեթե միասին, մենք պատասխանեցինք. «Մորմոններ»: Դժվար է նկարագրել այն ուրախությունը, որ պատեց սիրտս, երբ շրջվելով, ես տեսա մի քանի այլ նավաստիների:

Ավագ ենթասպան շփոթված քորեց գլուխը և վարանելով ասաց. «Դե, տղաներ, գնացեք հավաքվելու համար մի տեղ գտեք, և չվերադառնաք մինչև ժամը երեքը: Առա՛ջ, քայլով մա՛րշ»:

Երբ մենք քայլքով հեռացանք, ես հիշեցի Երեխաների Խմբում տարիներ առաջ սովորած քառյակը.

Խիզախություն ունեցիր Մորմոն լինել,

Խիզախություն ունեցիր միայնակ կանգնել:

Խիզախություն ունեցիր ամուր նպատակ ունենալ,

Խիզախություն ունեցիր դա հայտնել:

Ճիշտ է, իրադարձությունն այլ կերպ դասավորվեց, քան ես էի ակնկալում, սակայն ես պատրաստակամ էի միայնակ կանգնելու, երբ դրա անհրաժեշտությունը կար:

Այդ օրից ի վեր պահեր են եղել, երբ ոչ ոք չի եղել իմ ետևում կանգնած, և ես միայնակ եմ կանգնել: Որքան երախտապարտ եմ ես, որ վաղուց ի վեր որոշում եմ կայացրել ամուր և շիտակ մնալ, միշտ պատրաստված և պատրաստակամ պաշտպանելու իմ կրոնը, եթե անհրաժեշտություն առաջանա:

Որպեսզի չլինի, թե երբևէ մենք անհամապատասխան զգանք մեզ սպասվող առաջադրանքների համար, եղբայրներ, ուզում եմ ձեզ հետ կիսվել Եկեղեցու Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի խոսքերով, որը նա հղել է 1987թ. Կալիֆոռնիայում անդամների մի մեծ հավաքի ժամանակ: Նախագահ Բենսոնն ասել է.

«Բոլոր դարաշրջանների մարգարեները ժամանակի նրբանցքներով նայել են վար՝ դեպի մեր օրերը: Միլիարդավոր մահացած մարդիկ և նրանք, ովքեր դեռ պետք է ծնվեն, իրենց աչքը մեզ վրա են պահում: Երբեք մի սխալվեք՝ դուք նշանավոր սերունդ եք: …

Մոտ վեց հազար տարի Աստված պահել է ձեզ, որպեսզի գաք այս վերջին օրերին՝ նախքան Տիրոջ երկրորդ գալուստը: Ոմանք կմոլորվեն, սակայն Աստծո արքայությունը կմնա անխաթար՝ ողջունելու իր գլխավորի՝ Հիսուս Քրիստոսի վերադարձը:

Չնայած այս սերունդն իր ամբարշտությամբ համեմատելի է Նոյի օրերի սերնդի հետ, երբ Տերը մաքրեց երկիրը ջրհեղեղով, այս անգամ կա մեծ տարբերություն: Աստված այս վերջին օրերի համար պահել է Իր ամենաամուր զավակներից մի քանիսին, ովքեր կօգնեն հաղթանակած կրել արքայությունը»:4

Այո, եղբայրներ, մենք Նրա ամենաամուր զավակներից ենք: Մեր պարտականությունն է՝ արժանի լինել բոլոր փառահեղ օրհնություններին, որ մեր Երկնային Հայրը պահել է մեզ համար: Ուր էլ որ գնում ենք, մեր քահանայությունը մեզ հետ է: Արդյոք կանգնո՞ւմ ենք սուրբ վայրերում: Խնդրում եմ, նախքան ձեզ և ձեր քահանայությունը վտանգելը, լինելով այնպիսի տեղերում կամ մասնակցելով այնպիսի միջոցառումների, որոնք արժանի չեն ձեզ կամ այդ քահանայությանը, դադար առեք և մտածեք հետևանքների մասին: Մեզանից յուրաքանչյուրը կրել է Ահարոնյան Քահանայությունը: Այն շնորհվելիս յուրաքանչյուրը ստացել է զորություն, որը կրում է հրեշտակների սպասավորման բանալիները: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է.

«Դուք չեք կարող անել մի բան, որը վարագույր կքաշի ձեր և ձեզ սպասավորող հրեշտակների միջև:

Դուք չեք կարող անբարո որևէ բան անել: Դուք չեք կարող անազնիվ լինել: Դուք չեք կարող խաբել կամ ստել: Դուք չեք կարող Աստծո անունն անտեղի գործածել կամ կեղտոտ լեզու օգտագործել և դեռևս իրավունք ունենալ ստանալու հրեշտակների սպասավորությունը»:5

Եթե ձեզանից որևէ մեկը սայթակել է իր ճանապարհին, ես ուզում եմ դուք հասկանաք առանց կասկածի, որ միշտ ետդարձի ճանապարհ կա: Այդ ընթացքը կոչվում է ապաշխարություն: Մեր Փրկիչը Իր կյանքը տվեց՝ այդ օրհնված նվերը ձեզ և ինձ պարգևելու համար: Չնայած որ ապաշխարության ուղին հեշտ չէ, խոստումներն իրական են: Մեզ ասվել է. «Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինին, ձյունի պես պիտի սպիտականան»:6 «Եվ [դրանք] այլևս պիտի չհիշեմ»:7 Ինչպիսի ասվածք: Ինչպիսի օրհնություն Ինչպիսի խոստում:

Ձեր մեջ կլինեն մարդիկ, որ կմտածեն. «Լավ, ես չեմ պահում բոլոր պատվիրանները, և ես չեմ անում այն, ինչ պետք է անեմ, և դեռևս իմ կյանքը հրաշալի է ընթանում: Կարծում եմ, կարող եմ ձեռք բերել իմ կարկանդակը և նաև վայելել այն»: Եղբայրներ, ես խոստանում եմ ձեզ, որ դա երկար չի տևում:

Մի քանի ամիս առաջ մի նամակ ստացա մի տղամարդուց, որը մտածել էր, որ կարող է նման ձևով ապրել: Նա այժմ ապաշխարել է և իր կյանքը համապատասխանեցրել է ավետարանի սկզբունքներին և պատվիրաններին: Ես ցանկանում եմ կիսվել ձեզ հետ նրա նամակից մի պարբերությամբ, քանի որ դա ներկայացնում է խեղաթյուրված մտածողության իրականությունը. «Ես ինքս դաս քաղեցի (շատ դժվարությամբ), որ Փրկիչը բացարձակապես ճիշտ էր, երբ ասում էր. «Ոչ ոք չի կարող երկու տերերի ծառայել. որովհետև կամ մեկին կատե և մյուսին կսիրե, կամ մեկին կմեծարեն և մյուսին կարհամարհե: Չեք կարող Աստծուն ծառայել և մամոնային»:8 Ես փորձում էի երկուսն էլ անել: Վերջում ես ունեի ողջ դատարկությունը, խավարը և միայնակությունը, որ Սատանան բերում է նրանց, ովքեր հավատում են իր խաբկանքներին, պատրանքներին և ստերին»:

Որպեսզի լինենք ուժեղ և դիմակայենք սխալ ուղղությամբ մեզ քաշող ուժերին կամ բոլոր այն ձայներին, որոնք մեզ քաջալերում են սխալ ճանապարհով գնալ, մենք պետք է ունենանք մեր անձնական վկայությունը: Լինեք 12 թե 112 տարեկան, դուք կարող եք ինքներդ իմանալ, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը ճշմարիտ է: Կարդացեք Մորմոնի Գիրքը: Խորհեք դրա ուսմունքների շուրջ: Հարցրեք Երկնային Հորը, արդյոք այն ճշմարիտ է: Մենք խոստում ունենք, որ «եթե դուք հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, նա կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ»:9

Երբ իմանում ենք, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, դրանից հետևում է, որ Ջոզեֆ Սմիթը իսկապես մարգարե էր, և նա տեսել է Աստծուն՝ Երկնային Հորը, և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Ուրեմն դա նշանակում է, որ ավետարանը վերականգնվել է այս վերջին օրերին Ջոզեֆ Սմիթի միջոցով, ներառյալ Ահարոնյան և Մելքիսեդեկյան Քահանայությունների վերականգնումը:

Հենց որ վկայություն ենք ստանում, մենք պարտավորություն ենք ձեռք բերում՝ կիսվել այդ վկայությամբ մյուսների հետ: Եղբայրներ, ձեզանից շատերը ծառայել են որպես միսիոներներ աշխարհի տարբեր մասերում: Երիտասարդներ, ձեզանից շատերը դեռ կծառայեն: Պատրաստվեք այժմ այդ հնարավորությանը: Հավաստիացեք, որ արժանի եք ծառայելու:

Եթե մենք պատրաստվել ենք կիսվելու ավետարանով, մենք պատրաստ կլինենք արձագանքելու Պետրոս Առաքյալի խորհրդին, որը հորդորում էր. «Միշտ պատրաստ եղեք պատասխան տալու ամենին, որ ձեր մեջ եղած հույսի համար պատճառ հարցնե»:10

Մեր կյանքի ընթացքում մենք առիթներ կունենանք կիսվելու մեր համոզմունքներով, թեպետ չգիտենք, թե երբ այդ հնարավորությունը մեզ կընձեռվի: Նման հնարավորություն ես ունեցա 1957թ., երբ աշխատում էի հրատարակչությունում և ինձ խնդրեցին գնալ Դալլաս՝ Տեխասի նահանգ, որը երբեմն անվանում են «եկեղեցիների քաղաք», գործարար համագումարի մասնակցելու: Այդ համագումարի ավարտին ես նստեցի տեսարժան վայրեր տանող ավտոբուսը, որը շրջելու էր արվարձաններով: Տարբեր եկեղեցիների մոտով անցնելիս մեր վարորդը ներկայացնում էր. «Ձախում դուք տեսնում եք Մեթոդական եկեղեցին», կամ «Աջում Կաթողիկե եկեղեցու մայր տաճարն է»:

Երբ անցանք բլրի վրա կարմիր աղյուսից կառուցված գեղեցիկ շինության մոտով, վարորդը հայտարարեց. «Այս կառույցում հավաքվում են Մորմոնները»: Ավտոբուսի ետևի մասից մի կին ձայն տվեց. «Վարորդ, կարո՞ղ եք մի փոքր ավելին ասել Մորմոնների մասին»:

Վարորդը կանգնեցրեց ավտոբուսը ճանապարհի եզրին, շրջվեց և պատասխանեց. «Տիկին, Մորմոնների մասին գիտեմ միայն, որ նրանք հավաքվում են այս կարմիր աղյուսե շենքում: Այս ավտոբուսում կա՞ մեկը, որն ինչ-որ բան ավելին գիտի Մորմոնների մասին»:

Ես սպասեցի, որ տեսնեմ, թե ով կպատասխանի: Ես ուշադիր նայեցի յուրաքանչյուրի դեմքին, որպեսզի տեսնեմ, արդյոք ցանկանում են որևէ բան ասել: Ոչինչ: Ես հասկացա, որ ես պետք է անեմ այն, ինչ Պետրոս Առաքյալն էր առաջարկել՝ «միշտ պատրաստ եղեք պատասխան տալու ամենին, որ ձեր մեջ եղած հույսի համար պատճառ հարցնե»: Ես նաև հասկացա, որ ճշմարիտ է այն խոսքը, որ՝ «Երբ որոշում կայանցնելու պահը գալիս է, պատրաստվելու ժամանակը անցյալում է»:

Հաջորդող 15 րոպեների ընթացքում ես արտոնություն ունեցա ավտոբուսի մարդկանց հետ կիսվելու իմ վկայությամբ Եկեղեցու և իմ համոզմունքների մասին: Ես երախտապարտ էի իմ վկայության համար, և երեխտապարտ էի, որ պատրաստ էի կիսվել դրանով:

Իմ ողջ սրտով և հոգով ես աղոթում եմ, որ քահանայություն կրող յուրաքանչյուր ոք պատվի այն քահանայությունը, որ կրում է և հավատարիմ մնա այն վստահությանը, որը նրան փոխանցվել է այն շնորհվելիս: Թող որ մեզանից յուրաքանչյուրը, որ կրում է Աստծո քահանայությունը, իմանա՝ ինչին է հավատում: Թող որ մենք միշտ լինենք խիզախ և պատրաստ պաշտպանելու մեր համոզմունքները, և եթե այդ ընթացքում մենք պետք է միայնակ մնանք, թող որ դա անենք քաջաբար, ամրացած գիտելիքով, որ իրականում մենք երբեք միայնակ չենք, երբ կանգնում ենք մեր Երկնային Հոր հետ:

Երբ խորհում ենք մեզ տրված մեծ պարգևի մասին, «քահանայության իրավունքներն անբաժանելիորեն կապված են երկնքի զորությունների հետ», թող որ միշտ վճռական լինենք պահպանելու և պաշտպանելու այն և արժանի մնալու նրա մեծ խոստումներին: Եղբայրներ, թող որ մենք հետևենք Փրկչի հրահանգին, որ տրվել է մեզ 3 Նեփիի գրքում. «Բարձր պահեք ձեր լույսը, որպեսզի այն լույս տա աշխարհին: Ահա, ե՛ս եմ լույսը, որը դուք պետք է բարձր պահեք, ա՛յն, ինչ դուք տեսաք ինձ անելիս»:11

Իմ աղոթքն է և իմ օրհնությունը բոլոր նրանց համար, ովքեր լսում են իմ ձայնը, որ մենք միշտ հետևենք այդ լույսին և բարձր պահենք այն, որ ողջ աշխարհը տեսնի այն՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. David Brooks, “If It Feels Right …, ” New York Times, Sept. 12, 2011, nytimes.com.

  2. Alfred, Lord Tennyson, “Sir Galahad,” in Poems of the English Race, sel. Raymond Macdonald Alden (1921), 296.

  3. Տես 1 Նեփի 8.26-28:

  4. Ezra Taft Benson, “In His Steps” (Church Educational System fireside, Feb. 8, 1987); see also “In His Steps,” in 1979 Devotional Speeches of the Year: BYU Devotional and Fireside Addresses (1980), 59.

  5. Gordon B. Hinckley, “Personal Worthiness to Exercise the Priesthood,” Liahona, July 2002, 59.

  6. Եսայիա 1.18:

  7. Երեմիա ԼԱ.34:

  8. Մատթեոս Զ.24::

  9. Մորոնի 10.4:

  10. Ա Պետրոս Գ.15:

  11. 3 Նեփի 18.24: