2010–2019 թթ․
Անել ճիշտ գործ ճիշտ ժամանակին, առանց հապաղելու
Հոկտեմբեր 2011


Անել ճիշտ գործ ճիշտ ժամանակին, առանց հապաղելու

Փրկիչը … մեզ մեծ օրինակ ծառայեց, թե ինչպես պետք է առանց հապաղելու օգնել նրանց, ովքեր կորցրել են ուրախությունն ու երջանկությունը:

Մեր օրերում շատ մարդիկ ապրում են տխրության և մեծ շփոթության մեջ: Նրանք չեն գտնում պատասխաններ իրենց հարցերին և անկարող են հոգալ իրենց կարիքները: Ոմանք կորցրել են ուրախության և երջանկության զգացողությունը: Մարգարեները հայտարարել են, որ ճշմարիտ երջանկությունը գտնվում է Քրիստոսի օրինակին ու ուսմունքներին հետևելու մեջ: Նա մեր Փրկիչն է, Նա մեր ուսուցիչն է և Նա մեր կատարյալ օրինակն է:

Նրա կյանքը ծառայության կյանք էր: Երբ մենք ծառայում ենք մեր մերձավորներին, օգնում ենք նրանց, ովքեր կարիքի մեջ են: Այդ ընթացքում մենք կարող ենք գտնել մեր խնդիրների լուծումները: Հետևելով Փրկչի օրինակին, մենք ցույց ենք տալիս մեր սերը մեր Երկնային Հոր և Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի հանդեպ, և ավելի ենք նմանվում Նրանց:

Բենիամին թագավորը ասել է ծառայության արժեքի մասին, որ երբ մենք մեր «մերձավորների ծառայության մեջ ենք,[մենք] սոսկ մեր Աստծո ծառայության մեջ ենք»:1 Յուրաքանչյուր ոք ունի ծառայություն մատուցելու և սեր ցուցաբերելու հնարավորություն:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը խնդրել է մեզ հասնել «օգնության» և փրկել ուրիշներին: Նա ասել է. «Մենք կտեսնենք, որ նրանք, ում մենք ծառայում ենք և ովքեր մեր ջանքերի շնորհիվ զգում են Ուսուցչի ձեռքը, դժվարանում են բացատրել այն փոփոխությունը, որը տեղի է ունենում իրենց կյանքում: Ցանկություն է առաջանում հավատարմորեն ծառայել, խոնարհաբար քայլել և ապրել, ավելի շատ նմանվելով Փրկչին: Ստացած լինելով հավերժական խոստումների այս հոգևոր տեսողությունը և գաղափարը, նրանք արձագանքում են կույր մարդու խոսքերին, ում տեսողությունը վերականգնեց Հիսուսը. «Մի բան գիտեմ, որ կույր էի եւ հիմա տեսնում եմ»»:2

Ամեն օր մենք հնարավորություն ունենք օգնության հասնելու և ծառայելու` անելու ճիշտը ճիշտ ժամանակին, առանց հապաղելու: Մտածեք բազում մարդկանց մասին, ովքեր դժվարանում են աշխատանք գտնել կամ ովքեր հիվանդ են, ովքեր միայնակ են զգում իրենց, նույնիսկ, ովքեր մտածում են, թե կորցրել են ամեն ինչ: Ի՞նչ կարող եք դուք անել օգնելու համար: Պատկերացրեք, որ մի հարևան, ով անձրևին դրսում է մնացել և ում մեքենան փչացել է, ձեզ կանչում է օգնության: Ի՞նչ ճիշտ կլինի անել նրա համար: Ե՞րբ է դա անելու ճիշտ ժամանակը:

Ես հիշեցի մի դեպք, երբ մենք մեր ընտանիքով գնացել էինք Մեխիկո Սիթի` մեր երկու երեխաների համար հագուստ գնելու: Նրանք շատ փոքրիկ էին: Մեր ավագ որդին նոր էր դարձել երկու տարեկան, իսկ մեր կրտսեր որդին մեկ տարեկան էր: Փողոցը լի էր մարդկանցով: Մինչ մենք գնումներ էինք կատարում, մեր երեխաների ձեռքերը բռնած, մի պահ կանգ առանք ինչ-որ բան նայելու, և չհասկացանք, թե ինչպես կորցրեցինք մեր ավագ որդուն: Մենք չգիտեինք, թե ինչպես պատահեց, բայց նա մեզ հետ չէր: Առանց մեկ րոպե անգամ հապաղելու մենք վազելով սկսեցինք փնտրել նրան: Մենք փնտրում և կանչում էինք նրան, զգալով մեծ ցավ, մտածելով, որ կարող էինք ընդմիշտ կորցնել նրան: Մտքում մենք աղաչում էինք Երկնային Հորը օգնել մեզ գտնել նրան:

Փոքր ժամանակ անց մենք գտանք նրան: Ահա նա, միամիտ նայում էր խաղալիքներին խանութի ապակու միջով: Մենք գրկեցինք և համբուրեցինք նրան, և խոստացանք ջանասիրաբար հսկել մեր երեխաներին, որպեսզի երբեք չկորցնենք նրանցից որևէ մեկին: Մենք սովորեցինք, որ մեր որդուն օգնության հասնելու համար մենք պլանավորման ժողովների կարիքը չունեինք: Մենք պարզապես գործի անցանք, գնալով և փնտրելով նրան, ով կորել էր: Մենք նաև հասկացանք, որ մեր որդին անգամ չէր էլ գիտակցել, որ կորել էր:

Եղբայրներ և քույրեր, կլինեն շատերը, ովքեր ինչ-որ պատճառով կորել են մեր տեսադաշտից և ովքեր չգիտեն, որ կորել են: Եթե մենք հապաղենք, մենք կարող ենքէ ընդմիշտ կորցնել նրանց:

Շատերի համար, ովքեր ունեն մեր օգնության կարիքը, անհրաժեշտ չէ ստեղծել նոր ծրագրեր կամ ձեռնարկել բարդ կամ ծախսատար գործեր: Նրանք ունեն միայն ծառայելու մեր վճռականության կարիքը ` անելու ճիշտը ճիշտ ժամանակին, առանց հապաղելու:

Երբ Փրկիչը հայտնվեց Մորմոնի Գրքի ժողովրդին, Նա մեզ մեծ օրինակ ծառայեց, թե ինչպես պետք է առանց հապաղելու օգնել նրանց, ովքեր կորցրել են ուրախությունն ու երջանկությունը: Ժողովրդին ուսուցանելուց հետո, Նա տեսավ, որ նրանք ի վիճակի չէին հասկանալ Իր բոլոր խոսքերը: Նա հրավիրեց նրանց գնալ իրենց տները և խորհել նրա վերաբերյալ, ինչ ասել էր նրանց: Նա ասաց նրանց աղոթել Հորը և պատրաստել իրենց անձերը հաջորդ օրը կրկին գալու համար, երբ Նա կվերադառնար և կուսուցաներ նրանց:3

Երբ Նա ավարտեց, նայեց ժողովրդին և տեսավ, որ նրանք արտասվում էին, քանզի նրանք ցանկանում էին, որ Նա մնար իրենց հետ.

«Եվ նա ասաց նրանց. Ահա, իմ սիրտը լցված է կարեկցանքով հանդեպ ձեզ:

Ունե՞ք ձեր մեջ այնպիսիք, որ հիվանդ են: Բերեք նրանց այստեղ: Ունե՞ք դուք կաղեր, կամ կույրեր, կամ խեղվածներ, կամ հաշմանդամներ, կամ բորոտներ, կամ որ չորացած են, կամ, որ խուլ են, կամ, որ չարչարված են ինչ-որ ձևով: Բերեք նրանց այստեղ, և ես կբժշկեմ նրանց, քանզի ես կարեկցանք ունեմ ձեզ վրա. իմ սիրտը լցված է ողորմությամբ»:4

Եվ նրանք բերեցին իրենց հիվանդներին Նրա մոտ, և Նա բուժեց նրանց: Բազմությունը վար խոնարհվեց Նրա ոտքերի մոտ և երկրպագեց Նրան և համբուրեց Նրա ոտքերը, «այնպես որ նրանք լվացին նրա ոտքերն իրենց արցունքներով»: Այնուհետև Նա պատվիրեց նրանց, որ իրենց փոքր երեխաներին բերեն, և Նա օրհնեց նրանց մեկ առ մեկ:5 Սա է օրինակը, որ Փրկիչը տվեց մեզ: Նրա սերը բոլորի համար է, սակայն Նա երբեք ոչ ոքի չի մոռանում:

Ես գիտեմ, որ մեր Երկնային Հայրը սիրառատ է, հասկանում է մեզ և համբերատար է: Նրա Որդին` Հիսուս Քրիստոսը, նմանապես սիրում է մեզ: Նրանք օգնում են մեզ Իրենց մարգարեների միջոցով: Ես սովորել եմ, որ մեծ ապահովություն կարելի է գտնել, եթե հետևել մարգարեներին: «Օգնությունը» դեռևս շարունակվում է: Նախագահ Մոնսոնն ասել է. «Տերն ակնկալում է, որ մենք մտածենք: Նա ակնկալում է, որ մենք գործենք: Նա ակնկալում է, որ մենք աշխատենք: Նա ակնկալում է, որ մենք վկայենք: Նա ակնկալում է, որ մենք նվիրված լինենք»:6

Մենք ունենք պարտականություն և մեծ հնարավորություն: Շատերը պետք է փորձեն Եկեղեցու գործունեության միջոցով կրկին զգալ ուրախության և երջանկության քաղցրությունը: Այդ ուրախությունը գալիս է արարողությունները ստանալու, սուրբ ուխտեր կապելու և դրանք պահելու արդյունքում: Տերը կարիք ունի, որ մենք օգնենք նրանց: Եկեք անենք ճիշտը ճիշտ ժամանակին և առանց հապաղելու:

Ես վկայում եմ, որ Աստված ապրում է և որ Նա մեր Հայրն է: Հիսուս Քրիստոսը ապրում է և տվել է Իր կյանքը, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ մեր Երկնային Հոր ներկայությունը: Ես գիտեմ, որ Նա մեր Փրկիչն է: Ես գիտեմ, որ Նրանց անսահման բարությունը շարունակաբար դրսևորվում է մեր կյանքում: Ես վկայում եմ, որ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը Նրանց մարգարեն է և որ սա միակ ճշմարիտ Եկեղեցին է երկրի վրա: Ես գիտեմ, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը Վերականգնման մարգարեն է: Ես վկայում եմ, որ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է: Այն տալիս է մեզ առաջնորդություն և օրինակներ, որոնցով մենք կարող ենք ավելի նմանվել Աստծուն և նրա սիրելի Որդուն: Սա ես հայտարարում եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: