2010–2019 թթ․
Անմոռուկ
Հոկտեմբեր 2011


Անմոռուկ

Իմ աղոթքն է և օրհնությունը, որ դուք երբեք չմոռանաք, որ դուք Աստծո արքայությունում իսկապես թանկագին դուստրեր եք:

Իմ սիրելի քույրեր, ինչպիսի ուրախություն է ձեզ հետ լինել այսօր: Ես մեծ անհամբերությամբ եմ սպասում Սփոփող Միության այս ամենամյա գերագույն ժողովին և այստեղ տրվող ուղերձներին: Շնորհակալություն ձեզ, քույրեր: Ինձ համար մեծ պատիվ է Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնից այսօր խոսելու հանձնարարություն ստանալը և մի քանի մտքեր ավելացնելը, դիմելով Եկեղեցու քույրերին:

Որոշ ժամանակ առաջ ես քայլում էի մի գեղեցիկ պարտեզի միջով կնոջս և դստերս հետ: Ես հիանում էի Աստծո ստեղծագործության փառքով և գեղեցկությամբ: Եվ այդ պահին ես նկատեցի բոլոր շքեղ ծաղկունքի մեջ ամենափոքրիկ ծաղկին: Ես գիտեի այդ ծաղկի անունը, որովհետև մանուկ հասակից քնքուշ կապ եմ ունեցել դրա հետ: Այդ ծաղիկը կոչվում է անմոռուկ:

Ես այնքան էլ համոզված չեմ, թե ինչու է այս փոքրիկ ծաղիկը այդքան շատ նշանակություն ունեցել ինձ համար տարիների ընթացքում: Այն անմիջապես ուշադրություն չի գրավում, ավելի մեծ և ավելի գրավիչ ծաղիկների մեջ այն կարելի է հեշտորեն չնկատել, սակայն այն ոչ պակաս գեղեցիկ է՝ իր հարուստ գույնով արտացոլելով երկնքի լազուրը: Հավանաբար, պատճառներից մեկը սա է, թե ինչու եմ այդքան շատ սիրում այն:

Եվ գուցե նրա աղերսանք հիշեցնող անունն է պատճառը: Կա մի գերմանական լեգենդ, որ հենց Աստված վերջացրեց բոլոր բույսերին անուններ տալը, մեկը մնաց առանց անվան: Մի փոքրիկ ձայն ասաց.«Ով Տեր, ինձ չմոռանաս»: Եվ Աստված պատասխանեց, որ դա էլ կլինի նրա անունը:

Այս երեկո ես կցանկանայի այս փոքրիկ ծաղիկն օգտագործել որպես փոխաբերություն: Փոքրիկ անմոռուկի հինգ ծաղկաթերթիկները հուշում են ինձ մտածել հինգ բաների մասին, որոնք մենք, եթե ուզում ենք իմաստուն լինել, պետք է երբեք չմոռանանք:

Առաջինը, մի մոռացեք համբերատար լինել ինքներդ ձեզ հետ:

Ես մի բան եմ ուզում ասել ձեզ, որը, հուսով եմ, դուք ճիշտ կհասկանաք. Աստված լիովին տեղյակ է, որ դուք և ես կատարյալ չենք:

Թույլ տվեք ավելացնել. Աստված նաև լիովին տեղյակ է, որ այն մարդկանց, ում դուք համարում եք կատարյալ, կատարյալ չեն:

Եվ այնուամենայնիվ, մենք այնքան շատ ժամանակ և էներգիա ենք վատնում, մեզ համեմատելով ուրիշների հետ՝ սովորաբար համեմատելով մեր թուլությունները նրանց ուժեղ կողմերի հետ: Սա մեզ մղում է ակնկալիքներ ստեղծել մեզ համար, որոնք անհնարին է իրականացնել: Արդյունքում մենք երբեք չենք փառաբանում մեր սաստիկ ջանքերը, որովհետև դրանք թվում են ավելի քիչ, քան որևէ մեկ ուրիշինը:

Յուրաքանչյուրն ունի ուժեղ և թույլ կողմեր:

Հրաշալի է, որ դուք ունեք ուժեղ կողմեր:

Եվ դա ձեր մահկանացու փորձառության մասն է, որ դուք ունեք թույլ կողմեր:

Աստված ուզում է օգնել մեզ ի վերջո դարձնել մեր բոլոր թույլ կողմերը ուժեղ,1 բայց Նա գիտի որ սա երկարաժամկետ նպատակ է: Նա ուզում է, որ մենք դառնանք կատարյալ, ինչպես Ինքն է,2 և եթե մենք մնանք հետևորդ լինելու ուղու վրա, մի օր մենք կդառնանք այդպիսին: Ամեն ինչ կարգին է, եթե դուք դեռ լիովին չեք հասել դրան: Շարունակեք աշխատել, բայց դադարեք ինքներդ ձեզ պատժել:

Սիրելի քույրեր, ձեզանից շատերը անսահման կարեկցող եք և համբերատար ուրիշների թուլությունների հանդեպ: Խնդրում եմ հիշեք կարեկից և համբերատար լինել նաև ինքներդ ձեզ հետ:

Միևնույն ժամանակ շնորհակալ եղեք փոքրիկ հաջողությունների համար ձեր տներում, ձեր ընտանեկան հարաբերություններում, ձեր կրթության և ձեր ապրուստի, Եկեղեցու ձեր մասնակցության և անձնական բարեփոխման համար: Անմոռուկների պես, այս հաջողությունները ձեզ կարող են փոքրիկ թվալ և դրանք կարող են աննկատ անցնել ուրիշների կողմից, բայց Աստված նկատում է դրանք և դրանք փոքր չեն Նրա համար: Եթե դուք հաջողություն եք համարում միայն ամենակատարյալ վարդը կամ շլացուցիչ խոլորձները, դուք գուցե բաց թողնեք կյանքի ամենաքաղցր փորձառություններից մի քանիսը:

Օրինակ, եթե դուք պնդում եք, որ ամեն շաբաթ պետք է կատարյալ ընտանեկան երեկոն անցկացնեք, թեև այդ ջանքերի արդյունքում դուք և ձեր շրջապատում գտնվող բոլոր մարդիկ իրենց թշվառ են զգում, ուրեմն դա, հնարավոր է, ճիշտ որոշում չէ: Փոխարենը, հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ կարող ենք անել որպես ընտանիք, որը հաճելի կլինի և հոգևոր և մեզ ավելի կմոտեցնի միմյանց»: Այդ ընտանեկան երեկոն, չնայած այն կարող է լինել համեստ իր տևողությամբ և իրականացման եղանակով, կարող է ունենալ շատ ավելի դրական և երկարատև հետևանքներ:

Դեպի կատարելություն մեր ճամփորդությունը երկար է, բայց մենք կարող ենք հրաշք և հրճվանք գտնել նույնիսկ այդ ճանապարհորդության ամենափոքրիկ քայլերի մեջ:

Երկրորդ, մի մոռացեք տարբերությունը լավ զոհաբերության և հիմար զոհաբերության միջև:

Ընդունելի է այն զոհաբերությունը, երբ մենք հրաժարվում ենք ինչ որ լավ բանից հանուն շատ ավելի մեծ արժեք ունեցող բանի:

Մի քիչ քնից հրաժարվելը երեխային օգնելու համար, որը մզձավանջի մեջ է, լավ զոհաբերություն է: Մենք բոլորս գիտենք դա: Ողջ գիշեր ոտքի վրա մնալը, մեր առողջությունը վտանգի տակ դնելով, որպեսզի դստեր կիրակնօրյա հանդերձանքը կատարյալ տեսք ունենա, այնքան էլ լավ զոհաբերություն չէ:

Մեր ժամանակի մի մասը նվիրաբերելը սուրբ գրքերի ուսումնասիրությանը կամ նախապատրաստվելուն դաս ուսուցանելու համար լավ զոհաբերություն է: Շատ ժամեր դասի վերնագիրը կարելը տանը պատրաստած բռնիչների վրա դասարանի յուրաքանչյուր անդամի համար չի կարող լինել լավ զոհաբերություն:

Յուրաքանչյուր անձնավորություն և իրավիճակ տարբեր է և մեկ դեպքում լավ զոհաբերությունը մեկ այլ դեպքում կարող է հիմար զոհաբերություն լինել:

Ինչպես կարող ենք զգալ տարբերությունը մեր իսկ իրավիճակում: Մենք կարող ենք հարցնել ինքներս մեզ. «Արդյոք ամենակարևոր նշանակություն ունեցող բաներին եմ ժամանակս և էներգիաս նվիրում»: Այնքան լավ բաներ կան անելու, բայց մենք չենք կարող անել ամենը: Մեր Երկնային Հայրը շատ գոհ է, երբ մենք զոհաբերում ենք ինչ որ լավ բան հանուն հավերժական հեռանկարով շատ ավելի մեծ բանի: Երբեմն այն կարող է լինել էկզոտիկ ծաղիկների մեծ պարտեզի փոխարեն փոքրիկ, բայց գեղեցիկ անմոռուկներ խնամելը:

Երրորդ, մի մոռացեք երջանիկ լինել այժմ:

Երեխաների սիրած Չառլին և շոկոլադի ֆաբրիկան պատմվածքում, շոկոլադի սալիկներ պատրաստող խորհրդավոր Վիլլի Վոնկան թաքցնում է մի ոսկե տոմսակ շոկոլադներից հինգի մեջ և հայտարարում, որ ով որ գտնի այդ տոմսակներից մեկը շահում է ջրջայց իր ֆաբրիկայում և ողջ կյանքի ընթացքում շոկոլադի մատակարարման հնարավորություն:

Յուրաքանչյուր տոմսակի վրա գրված էր այս ուղերձը. «Ողջույն քեզ, Ոսկե Տոմսակի հաջողակ գտնող: … Քեզ սպասում են սքանչելի բաներ: Շատ հիանալի անակընկալների ես հանդիպելու, … խորհրդավոր և սքանչելի անակընկալները … հրճվանք կպատճառեն … կապշեցնեն և կզարմացնեն քեզ»:3

Այդ մանկական դասական պատմվածքում, ողջ աշխարհի մարդիկ մոլեգնորեն տենչում են գտնել ոսկե տոմսակ: Ոմանք կարծում են, իրենց ողջ ապագա երջանկությունը կախված է ոսկե տոմսակը գտնելուց: Իրենց անխոհեմությամբ, մարդիկ սկսում են մոռանալ այն պարզ ուրախությունը, որը նրանք սովորաբար գտնում էին շոկոլադի սալիկի մեջ: Շոկոլադի սալիկը դառնում է բացարձակ հիասթափություն, եթե այն չի պարունակում ոսկե տոմսակ:

Այնքան շատ մարդիկ են այսօր սպասում իրենց ոսկե տոմսակին՝ տոմսակ, որն, ըստ իրենց, պարունակում է բանալին դեպի երջանկությունը, որի մասին նրանք միշտ երազել են: Ոմանց համար ոսկե տոմսակ կարող է լինել կատարյալ ամուսնությունը, մյուսների համար ամսագրի կազմի վրա պատկերված տան նման տան ձեռբերումը, կամ գուցե՝ ազատումը՝ սթրեսից կամ մտատանջություններից:

Ոչ մի սխալ բան չկա արդար ձգտումների մեջ, մենք հույս ունենք և ձգտում ենք բաների, որոնք «առաքինի են, գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի»:4 Խնդիրն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մենք հետաձգում ենք մեր երջանկությունը, կարծես, սպասելով ինչ որ ապագա իրադարձության՝ մեր ոսկե տոմսակի հայտնվելուն:

Մի կին ամենից շատ ցանկանում էր ամուսնանալ մի արդարակյաց քահանայություն կրողի հետ տաճարում և մայր դառնալ: Նա երազում էր այդ մասին ողջ իր կյանքում և, օհ, ինչպիսի հրաշալի մայր և սիրառատ կին կարող էր նա լինել: Նրա տունը կլցվեր սիրառատ բարությամբ: Երբեք դառը խոսք չէր ասվի: Ճաշը երբեք չէր վառվի: Եվ նրա երեխաները փոխարեն դրսում իրենց ընկերեների հետ ժամանակ անցկացնելու, կնախընտրեին երեկոներն ու շաբաթավերջն անցկացնել մայրիկի և հայրիկի հետ:

Սա նրա ոսկե տոմսակն էր: Սա էր այն միակ բանը, որից նա կախված էր զգում իր ողջ գոյության համար: Սա էր միակ բանը ողջ աշխարհում, որի համար նա ամենամոլեգին ձևով տենչում էր:

Բայց դա երբևէ տեղի չունեցավ: Եվ մինչ տարիներն անցնում էին, նա դարձավ ավելի ու ավելի շատ ներփակված, դառնացած և, նույնիսկ, չարացած: Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչու Աստված չկամեցավ իրականացնել իր այս արդար ցանկությունը:

Նա տարրական դպրոցի ուսուցչուհի էր և երեխաների շրջապատում ողջ օրվա ընթացքում լինելը պարզապես հիշեցնում էր նրան, որ իր ոսկե տոմսակը երբեք ի հայտ չեկավ: Տարիների հետ նա դարձավ ավելի հուսալքված և փակ: Մարդիկ չէին սիրում լինել նրա կողքին և խուսափում էին նրանից: Իր նեղսրտությունը նա երբեմն թափում էր դպրոցում երեխաների վրա: Նա կորցնում էր հավասարակշտությունը և անընդհատ սաստիկ զայրանում էր կամ խիստ միայնակ զգում:

Այս պատմության ողբերգությունն այն է, որ այս սիրելի կինը, ոսկե իր տոմսակի վերաբերյալ իր ողջ հուսահատությամբ, ձախողվեց տեսնել իր այն օրհնությունները, որոնք ինքն իսկապես ուներ: Նա երեխաներ չուներ իր տանը, բայց նա շրջապատված էր նրանցով իր դասարանում: Նա չէր օրհնվել ընտանիքով, բայց Տերը նրան հնարավորություն էր տվել, որը քիչ մարդիկ ունեին՝ որպես ուսուցիչ բարի ազդեցություն գործել հարյուրավոր երեխաների և ընտանիքների կյանքում:

Այստեղ դասը նրանում է, որ եթե մենք անցկացնենք մեր օրերը, սպասելով առասպելական վարդերի, մենք կարող ենք բաց թողնել փոքրիկ անմոռուկների գեղեցկությունն ու հրաշքը, որոնք ամենուրեք մեր շուրջն են:

Սա չի նշանակում, որ մենք պետք է կորցնենք մեր հույսը կամ խառնենք մեր նպատակները: Երբեք մի դադարեք ձգտել այն լավագույնին, որը ձեր մեջ է: Երբեք մի դադարեք հուսալ ձեր սրտի բոլոր արդար ցանկությունների համար: Բայց մի փակեք ձեր աչքերը և սրտերը ամեն օրվա սովորական պահերի առաջ՝ այն պարզ, բայց նրբագեղ գեղեցկությունների առաջ, որոնք ստեղծում են հարուստ, լավ ապրած կյանք:

Ամենաերջանիկ մարդիկ, որոնց ես գիտեմ, նրանք չեն, ովքեր գտնում են ոսկե տոմսակնռրը, այլ նրանք են, ովքեր հետամուտ լինելով արժանավոր նպատակներին, հայտնաբերում են և փայփայում ամենօրյա պահերի գեղեցկությունն ու քաղցրությունը: Նրանք այն մարդիկ են, ովքեր, քայլելով ամենօրյա քայլերով, ստեղծում են երախտագիտության և հրաշքի զգացում իրենց կյանքի ընթացքում:Նրանք են, որ իսկապես երջանիկ են:

Չորրորդ, մի մոռացեք ավետարանի «ինչուն»:

Երբեմն մեր կյանքի ամենօրյա գործերի մեջ մենք անգիտակցորեն աչքաթող ենք անում Հիսուս Քրիստոսի ավետարանի մի կենսական կողմ, ճիշտ ինչպես կարող ենք աչքաթող անել մի գեղեցիկ, նուրբ անմոռուկ: Որպես Եկեղեցու անդամներ մեր ստանձնած բոլոր պարտականություններն ու պարտավորությունները կատարելու մեր ջանասեր ջանքերում, մենք երբեմն տեսնում ենք ավետարանը որպես անելիքների մի երկար ցուցակ, որը մենք պետք է ավելացնենք մեր արդեն անհնարին երկար «անելու» ցուցակին՝ որպես ժամեր, որոնք մենք ինչ որ կերպ պետք է հարմարեցնենք մեր զբաղված գրաֆիկին: Մենք կենտրոնանումենք նրա վրա, թե ինչ է Տերն ուզում, որ մենք անենք, և ինչպես, սակայն մենք երբեմն մոռանում ենք, թե ինչու:

Իմ սիրելի քույրեր, Հիսուս Քրիստոսի ավետարանը պարտականություն չէ, այն ուղի է, նշված մեր սիրառատ Երկնային Հոր կողմից, որը տանում է դեպի երջանկություն և խաղաղություն այս կյանքում և դեպի փառք և աներևակայելի իրականացում գալիք կյանքում: Ավետարանը լույս է, որը ներթափանցում է մահկանացու կյանք և լուսավորում ուղին մեր առջև:

Չնայած ավետարանի «ինչը» և «ինչպեսը» հասկանալն անհրաժեշտ է, ավետարանի հավերժական կրակը և վեհափառությունը բխում են «ինչու»-ից: Երբ հասկանում ենք, թե ինչու է մեր Երկնային Հայրը տվել մեզ ապրելու այս օրինակը, երբ հիշում ենք, թե ինչու մենք պարտավորվեցինք դարձնել այն մեր կյանքի հիմնական մասը, ավետարանը դադարում է դառնալ բեռ, վերածվելով ուրախության և հրճվանքի: Այն դառնում է թանկարժեք և քաղցր:

Եկեք չքայլենք հետևորդության արահետով մեր աչքերը հառած գետնին, մտածելով միայն անելիքների և պարտականությունների մասին, որոնք մեր առջևում են: Եկեք չքայլենք երկրային և հոգևոր փառահեղ տեսարաններից անտեղյակ, որոնք շրջապատում են մեզ:

Իմ սիրելի քույրեր, որոնեք Հիսուս Քրիստոսի ավետարանի «ինչու»-ի վեհափառությունը, գեղեցկությունը և զվարթացնող ուրախությունը:

Հնազանդության «ինչ»-ը և »ինչպեսը» նախանշում են ճանապարհը և մեզ պահում ճիշտ ուղու վրա: Հնազանդության «ինչու»-ն սրբագործում է մեր գործողությունները, փոխակերպելով աշխարհիկը վեհափառության: Այն մեծացնում է հնազանդության մեր փոքրիկ գործերը, դարձնելով դրանք նվիրաբերման սուրբ գործեր:

Հինգերորդ, մի մոռացեք, որ Տերը սիրում է ձեզ:

Երբ երեխա էի, ես սովորություն ունեի նայել այդ փոքրիկ անմոռուկներին: Երբեմն ինձ զգում էի այդ փոքրիկ ծաղկի նման՝ փոքրիկ և անկարևոր: Ես մտատանջվում է, թե գուցե մոռացվեի իմ ընտանիքի կամ իմ Երկնային Հոր կողմից:

Տարիներ հետո, ես ետ եմ նայում այդ փոքրիկ տղային քնքշությամբ և կարեկցանքով: Եվ ես իսկապես գիտեմ այժմ, որ ես երբեք չեմ մոռացվել:

Եվ ես գիտեմ մեկ ուրիշ բան: Որպես մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Առաքյալ, ես հռչակում եմ իմ սրտի ողջ հաստատակամությամբ և համոզվածությամբ՝ ոչ էլ դուք եք մոռացված:

Դուք մոռացված չեք:

Քույրեր, որտեղ էլ որ լինեք, ինչպիսին էլ լինեն ձեր պայմանները, դուք մոռացված չեք: Անկախ նրանից, թե որքան խավար կարող են թվալ ձեր օրերը, անկախ նրանից, թե որքան աննշան կարող եք ձեզ զգալ, անկախ նրանից, թե որքան ստվերված ձեզ կարող եք համարել, ձեր Երկնային Հայրը չի մոռացել ձեզ: Հիրավի Նա սիրում է ձեզ անսահման սիրով:

Միայն մտածեք այդ մասին. Դուք ճանաչված եք և հիշվում եք տիեզերքում ամենավեհափառ, ամենազորավոր և ամենափառավոր էակի կողմից: Դուք սիրված եք անսահման տիեզերքի և հավիտենական ժամանակի Թագավորի կողմից:

Նա, ով ստեղծել է աստղերը, գիտի ձեզ և ձեր անունը. դուք Նրա թագավորության դուստրերն եք: Սաղմոսողը գրել է.

«Երբոր տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը՝ լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր,

Ի՞նչ է մարդը որ դու յիշում ես նորան, …

Եւ մի քիչ ցածացրիր նորան հրեշտակներիցը, բայց փառքով ու պատւով պսակեցիր նորան»:5

Աստված սիրում է ձեզ, որովհետև դուք Նրա զավակն եք: Նա սիրում է ձեզ, չնայած երբեմն դուք կարող է միայնակ զգաք կամ սխալներ գործեք:

Աստծո սերը և վերականգված ավետարանի ուժը քավող են և փրկող: Եթե միայն թույլ տաք Նրա աստվածային սերը մտնի ձեր կյանք, այն կարող է վիրակապել ամեն վերք, բժշկել ամեն ցավ և մեղմացնել ամեն կսկիծ:

Իմ սիրելի Սփոփող Միության քույրեր, դուք ավելի մոտ եք երկնքին, քան կարող եք ենթադրել: Դուք նախասահմանված եք ավելի շատ բանի համար, քան կարող եք հնարավորինս պատկերացնել: Շարունակեք աճել հավատքով և անձնական արդարակեցության մեջ: Փայփայեք այս մեծ և ճշմարիտ Եկեղեցում գործելու պարգևը: Ընդունեք Հիսուս Քրիստոսի ավետարանը որպես ձեր կյանքի ուղի: Բարձր գնահատեք ծառայության պարգևը Սփոփող Միության օրհնյալ կազմակերպությունում: Շարունակեք զորացնել տներն ու ընտանիքները: Շարունակեք որոնել և օգնել ուրիշներին, ովքեր ձեր և Տիրոջ օգնության կարիքն ունեն:

Քույրեր, անմոռուկ փոքրիկ ծաղկի մեջ կա ինչ որ ոգեշնչող և վեհ մի բան: Հուսով եմ, այն կլինի ձեր կյանքը ուրախ և քաղցր դարձնող փոքր բաների խորհրդանիշ: Խնդրում եմ, երբեք մի մոռացեք, որ դուք պետք է լինեք համբերատար և կարեկցող ինքներդ ձեր հանդեպ, որ որոշ զոհաբերություններ ավելի լավն են, քան մյոսները, որ դուք կարիք չունեք սպասելու ոսկե տոմսակի՝ երջանիկ լինելու համար: Խնդրում եմ, երբեք մի մոռացեք դա: Խնդրում եմ, երբեք մի մոռացեք, որ Հիսուս Քրիստոսի ավետարանի «ինչու»-ն կոգեշնչի և կբարձրացնի ձեզ: Եվ երբեք մի մոռացեք, որ ձեր Երկնային Հայրը գիտի, սիրում է և փայփայում ձեզ:

Շնորհակալություն նրա համար, թե ով եք դուք: Շնորհակալություն սիրո և ծառայության անհամար գործերի համար, որոնք դուք մատուցում եք այնքան շատերին: Շնորհակալություն այն բոլոր բաների համար որ դուք դեռ անելու եք՝ բերելով Հիսուս Քրիստոսի ավետարանի ուրախությունը ընտանիքներ, Եկեղեցի, ձեր համայնքները և աշխարհի ազգերին:

Քույրեր, մենք սիրում ենք ձեզ: Իմ աղոթքն է և օրհնությունը, որ դուք երբեք չմոռանաք, որ դուք Աստծո արքայությունում իսկապես թանկագին դուստրեր եք, մեր սիրելի Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: