2010–2019 թթ․
Ավելի լավ է վեր նայել
Հոկտեմբեր 2011


Ավելի լավ է վեր նայել

Եթե մենք գործի ենք դնում մեր հավատքը և նայում դեպի Տերը օգնության համար, մենք էլ Նախագահ Մոնսոնի նման չենք ճնշվի կյանքի բեռներից:

Որպես Բարձրագույն Իշխանավոր իմ առաջին շաբաթվա վերջին` առանձնապես մի հոգնեցուցիչ օրվա ավարտին, իմ պայուսակը գերծանրաբեռնված էր, իսկ միտքս գերզբաղված հետևյալ հարցով. «Ինչպե՞ս եմ կարողանալու անել այս»: Ես դուրս եկա Յոթանասունի գրասենյակից և մտա Եկեղեցու կառավարչական շենքի վերելակը: Երբ վերելակը ցած էր իջնում, գլուխս կախ էր, իսկ հայացքս դատարկ հառված հատակին:

Դուռը բացվեց և ինչ-որ մեկը ներս մտավ, բայց ես հայացքս չբարձրացրեցի: Երբ դուռը փակվեց, ես լսեցի ինչ-որ մեկին հարցնելիս. «Այդ ինչի՞ն ես նայում ներքևում»: Ես ճանաչեցի այդ ձայնը՝ դա Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն էր:

Ես արագ վեր նայեցի և պատասխանեցի «Օ՜, ոչ մի բանի»: (Ես համոզված եմ, որ այդ խելացի պատասխանը իմ ունակությունների հանդեպ վստահությո՛ւն ներշնչեց):

Բայց նա նկատել էր իմ դեմքի ճնշված արտահայտությունը և իմ ծանր ճամպրուկը: Նա ժպտաց և սիրալիր առաջարկեց՝ մատնացույց անելով դեպի երկինք. «Ավելի լավ է վեր նայես»: Երբ մի հարկ էլ ներքև էինք իջնում, նա զվարթորեն բացատրեց, որ գնում էր տաճար: Երբ ինձ ցտեսություն ասաց, նրա հրաժեշտի հայացքը կարծես թե կրկին խոսեց սրտիս հետ. «Ուրեմն, հիշիր, ավելի լավ է վեր նայես»:

Երբ բաժանվեցինք, սուրբ գրքի խոսքերը միտքս եկան. «Հավատացեք Աստծուն. հավատացեք, որ նա կա … հավատացեք, որ նա ունի բոլոր իմաստությունը և բոլոր զորությունը՝ և՛ երկնքում, և՛ երկրի վրա»:1 Երբ մտածեցի Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի զորության մասին, սիրտս գտավ այն հանգստությունը, որը ես զուր որոնում էի իջնող վերելակի հատակին:

Այդ ժամանակից ի վեր ես խորհել եմ այս փորձառության և մարգարեների դերի մասին: Ես ծանրաբեռնված էի և գլուխս կախ էր: Երբ մարգարեն խոսեց, ես նայեցի նրան: Նա ուղղեց իմ կիզակետը, որ նայեմ վեր՝ դեպի Աստված, որտեղ ես կկարողանայի բժշկվել և զորացվել Քրիստոսի Քավության միջոցով: Սա այն է, ինչ մարգարեներն են անում մեզ համար: Նրանք առաջնորդում են մեզ դեպի Աստված:2

Ես վկայում եմ, որ Նախագահ Մոնսոնը ոչ միայն մարգարե է, տեսանող և հայտնող, նա նաև դեպի վեր նայելու սկզբունքով ապրելու հրաշալի օրինակ է: Նա կարող է իր պարտականությունների պատճառով բոլոր մարդկանցից ավելի ծանրաբեռնված զգալ: Փոխարենը, նա մեծ հավատք է գործադրում և լցված է ուրիշների հանդեպ լավատեսությամբ, իմաստությամբ և սիրով: Նրա վերաբերմունքն է «կարող եմ անել» և «կանեմ»: Նա վստահում է Տիրոջը և ապավինում է Նրան՝ ուժի համար, և Տերն օրհնում է նրան:

Փորձառությունը սովորեցրել է ինձ, որ եթե մենք գործի ենք դնում մեր հավատքը և նայում դեպի Տերը օգնության համար, մենք էլ Նախագահ Մոնսոնի նման չենք ճնշվի կյանքի բեռներից: Մենք անընդունակ չենք զգա անելու այն, ինչ մենք կանչված ենք անելու կամ պետք է անենք: Մենք կզորացվենք և մեր կյանքը կլցվի խաղաղությամբ և ուրախությամբ:3 Մենք կսկսենք հասկանալ, որ մեզ անհանգստություն պատճառող բաների մեծ մասը հավերժական նշանակություն չունեն, իսկ եթե ունեն, Տերը կօգնի մեզ: Բայց մենք պետք է ունենանք հավատք վեր նայելու և խիզախություն՝ հետևելու Նրա հրահանգին:

Ինչո՞ւ է մեր կյանքում հետևողականորեն վեր նայելը մարտահրավեր: Հավանաբար, մեզ մոտ բացակայում է հավատքը, որ այդպիսի հասարակ գործողությունը կարող է լուծել մեր խնդիրները: Օրինակ, երբ թունավոր օձերը խայթեցին Իսրայելի զավակներին, Մովսեսին պատվիրվեց պղնձե մի օձ բարձրացնել ձողի վրա: Պղնձե օձը ներկայացնում էր Քրիստոսին: Նրանք, ովքեր նայեցին վերևում դրված օձին, ինչպես ասվել է մարգարեի կողմից, բժշկվեցին:4 Բայց շատ ուրիշներ չկարողացան նայել վեր և նրանք կործանվեցին:5

Ալման համաձայն է, որ Իսրայելացիները օձին չնայեցին այն պատճառով, որ չհավատացին, որ այդ անելով կբժշկվեին: Այսօր Ալմայի խոսքերը մեզ են վերաբերում.

«Ով իմ եղբայրներ, եթե ձեզ հնարավոր լիներ ապաքինվել, սոսկ աչք ածելով շուրջը, որպեսզի դուք կարողանայիք ապաքինվել, մի՞թե դուք կհրաժարվեիք նայել արագ, թե դուք կկամենայիք ավելի շուտ կարծրացնել ձեր սրտերն անհավատությամբ և լինել ալարկոտ …

Եթե այդպես է, վայ պիտի գա ձեզ վրա. բայց եթե այդպես չէ, ուրեմն աչք ածեք շուրջը և սկսեք հավատալ Աստծո Որդուն, որ նա գալու է՝ փրկագնելու իր ժողովրդին, և որ նա պիտի տառապի ու մեռնի՝ [մեր] մեղքերը քավելու համար. և որ նա պիտի բարձրանա մեռելներից»:6

Նախագահ Մոնսոնի վեր նայելու հորդորը Քրիստոսին հիշելու փոխաբերությունն է: Երբ մենք հիշում ենք Նրան և վստահում Նրա զորությանը, մենք ուժ ենք ստանում Նրա Քավության միջոցով: Սա է միջոցը, որով մենք կարող ենք ազատվել մեր տագնապներից, մեր բեռներից և մեր տառապանքից: Սա է միջոցը, որով մենք կարող ենք ներվել և ապաքինվել մեր մեղքերի ցավից: Սա է միջոցը, որով մենք կարող ենք ստանալ հավատք և ուժ՝ դիմանալու բոլոր բաներին:7

Վերջերս քույր Քուկը և ես Հարավային Աֆրիկայում մասնակցեցինք կանանց համաժողովին: Քավությունը մեր կյանքում կիրառելու մասին մի քանի ոգեշնչող ելույթներ լսելուց հետո, ցցի Սփփոփող Միության նախագահը բոլորիս դուրս հրավիրեց: Մեզանից յուրաքանչյուրին տրվեց հելիումով լցված փուչիկ: Նա բացատրեց, որ փուչիկը ներկայացնում է այն բեռը, փորձությունը կամ դժվարությունը, որը մեզ ետ է պահում մեր կյանքում: Մինչև երեքը հաշվելուց հետո, մենք արձակեցինք մեր փուչիկները կամ մեր «բեռները»: Երբ մենք վեր նայեցինք և հետևեցինք, թե ինչպես էին մեր բեռները լողում հեռվում, պարզորոշ լսվեց «Օ՜» բացականչությունը: Մեր փուչիկներ արձակելը մի սքանչելի հիշեցում տվեց այն աննկարաագրելի ուրախության մասին, որը գալիս է վեր նայելուց և Քրիստոսի մասին մտածելուց:

Ի տարբերություն հելիումով լցված փուչիկ արձակելուն, հոգեպես վեր նայելը մեկանգամյա փորձառություն չէ: Մենք սովորում ենք հաղորդության աղոթքից, որ մենք միշտ պետք է հիշենք Նրան և պահենք Նրա պատվիրանները, որպեսզի Նրա Հոգին մեզ հետ ունենանք ամեն օր՝ առաջնորդելու մեզ:8

Երբ Իսրայելի զավակները թափառում էին անապատում, Տերն էր առաջնորդում նրանց ճամփորդություններն ամեն օր, երբ նրանք հույս էին դնում Նրա հրահանգին: Ելից գրքում կարդում ենք. «Եվ Եհովան գնում էր նորանց առաջին ցերեկը ամպի սիւնով նորանց ճանապարհ ցոյց տալու համար, եւ գիշերը կրակի սիւնով, որ նորանց լոյս տայ»:9 Նրա առաջնորդությունը մշտական էր, և ես տալիս եմ ձեզ իմ խոնարհ վկայությունը, որ Տերը կարող է անել նույնը մեզ համար:

Այսպիսով, ինչպե՞ս է Նա առաջնորդելու մեզ այսօր: Մարգարեների, առաքյալների և քահանայության առաջնորդների միջոցով և այն զգացումների միջոցով, որոնք գալիս են մեզ, երբ աղոթքով բացում ենք մեր սրտերն ու հոգիները Երկնային Հոր առաջ: Նա առաջնորդում է մեզ, երբ մենք թողնում ենք աշխարհի բաները, ապաշխարում և փոխվում: Նա առաջնորդում է, երբ մենք պահում ենք Նրա պատվիրանները և փորձում ավելի շատ նմանվել Նրան: Եվ Նա առաջնորդում է մեզ Սուրբ Հոգու միջոցով:10

Որպեսզի առաջնորդվենք կյանքի ճամփորդության ընթացքում և ունենանք Սուրբ Հոգու մշտական ուղեկցությունը, մենք պետք է ունենանք «լսող ականջ» և «տեսնող աչք», երկուսն էլ ուղղված դեպի վեր:11 Մենք պետք է գործենք ըստ ստացած ուղղությունների: Մենք պետք է վեր նայենք և վեր բարձրանանք: Եվ երբ անենք, ես գիտեմ, որ մենք կքաջալերվենք, քանի որ Աստված կամենում է, որ մենք երջանիկ լինենք:

Մենք Երկնային Հոր զավակներն ենք: Նա ուզում է լինել մեր կյանքի մի մասը, օրհնելու մեզ, և օգնելու մեզ: Նա կբժշկի մեր վերքերը, կչորացնի մեր արցունքները և կօգնի մեզ Իր ներկայություն վերադառնալու մեր ճանապարհի ընթացքում: Երբ մենք ապավինենք Նրան, Նա կառաջնորդի մեզ:

Տերն իմ լույսն է, ուրեմն ինչի՞ց պիտի վախենամ

Օր ու գիշեր նրա ներկայությունը մոտ է …

Նա է իմ հրճվանքն ու երգը:

Օր ու գիշեր նա է առաջնորդում ինձ… ճանապարհի երկայնքով:12

Ես բերում եմ իմ վկայությունը, որ մեղքերը ներվում են և բեռները թեթևանում, երբ մենք նայում ենք Քրիստոսին: «Եկեք հիշենք նրան … և չկախենք մեր գլուխը»13, քանզի ինչպես Նախագահ Մոնսոնն ասաց. «ավելի լավ է վեր նայել»:

Ես վկայում եմ, որ Հիսուսը մեր Փրկիչն է և Քավիչը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: