2010–2019 թթ․
Նախապատրաստություն Քահանայությանը. «Ես ունեմ քո կարիքը»:
Հոկտեմբեր 2011


Նախապատրաստություն Քահանայությանը. «Ես ունեմ քո կարիքը»:

Մի մտահոգվեք այն մասին, թե որքան անփորձ եք, այլ մտածեք, թե ինչ կարող եք դառնալ Տիրոջ օգնությամբ:

Իմ սիրելի եղբայրներ, ինձ համար մեծ ուրախություն է լինել ձեզ հետ՝ Աստծո Քահանայության այս համաշխարհային ժողովին: Այսօր ես կխոսեմ քահանայության նախապատրաստության մասին, ինչպես ձեր, այնպես էլ ուրիշներին օգնություն տրամադրելու առումով:

Մեզանից շատերը երբեմն մտածում են. «Արդյո՞ք ես պատրաստ եմ քահանայության այս հանձնարարությանը»: Իմ պատասխանն է. «Այո, դուք պատրաստ եք»: Այսօր իմ նպատակն է օգնել ձեզ հասկանալ, որ դուք պատրաստ եք, և քաջություն քաղեք դրանից:

Ինչպես գիտեք, Ահարոնյան Քահանայությունը ստեղծված է որպես նախապատրաստական քահանայություն: Ահարոնյան Քահանայության մեծ մասը կազմում են 12-19 տարեկան երիտասարդ սարկավագները, ուսուցիչները և քահանաները:

Մենք կարող ենք մտածել, թե քահանայության նախապատրաստությունը տեղի է ունենում Ահարոնյան Քահանայության տարիներին: Սակայն մեր Երկնային Հայրը սկսել է նախապատրաստել մեզ դեռ այն ժամանակ, երբ մենք ուսուցանվում էին Նրա ծնկի մոտ՝ Նրա արքայությունում, դեռ մեր ծնվելուց առաջ: Նա պատրաստում է մեզ այսօր: Եվ նա կշարունակի պատրաստել մեզ, որքան որ մենք թույլ տանք Իրեն:

Քահանայության ողջ նախապատրաստության իմաստը, ինչպես նախաերկրային, այնպես էլ այս կյանքում, կայանում է նրանում, որ մենք և նրանք, ում մենք ծառայում ենք Նրա համար, ուժեղացված լինենք հավերժական կյանքի համար: Նախաերկրային կյանքի առաջին դասերից մի քանիսը, անշուշտ, ներառում են փրկության ծրագիրը, որի կենտրոնում է գտնվում Հիսուս Քրիստոսը և Նրա Քավությունը: Մեզ ոչ միայն ուսուցանվել է ծրագիրը, այլ մենք եղել ենք խորհուրդների մեջ, երբ ընտրել ենք այն:

Քանի որ ծնվելու ժամանակ մոռացության վարագույրը պատում է մեր միտքը, մենք պետք է գտնենք ուղին՝ այս կյանքում նորից սովորելու այն, ինչը ժամանակին իմացել ենք և պաշտպանել: Այս կյանքում մեր նախապատրաստության մի մասն է կազմում այդ թանկարժեք ճշմարտությունը գտնելը, որպեսզի կարողանանք կրկին պարտավորվել ուխտի միջոցով: Դա մեր կողմից պահանջում է հավատք, խոնարհություն և խիզախություն, ինչպես նաև օգնություն մյուս մարդկանցից, ովքեր գտել են ճշմարտությունը և ապա կիսվել դրանով մեզ հետ:

Այդ մարդիկ կարող են լինել մեր ծնողները, միսիոներները կամ ընկերները: Բայց այդ օգնությունը եղել է մեր նախապատրաստության մասը: Մեր քահանայության նախապատրաստությունը միշտ ներառում է ուրիշներին, ովքեր արդեն պատրաստ են առաջարկելու մեզ ավետարանը ընդունելու հնարավորությունը, ապա որոշելու պահել ուխտերը, որպեսզի դրանք ամրապնդվեն մեր սրտերում: Որպեսզի մենք արժանի լինենք հավերժական կյանքին, այս կյանքում մեր ծառայությունը պետք է ներառի աշխատանք ողջ սրտով, մտքով և զորությամբ, և օգնություն մյուսներին՝ նախապատրաստվելու մեզ հետ միասին Աստծո մոտ վերադառնալուն:

Այսպիսով, այս կյանքում քահանայության նախապատրաստության մի մասը պետք է լինի մյուսներին ծառայելու և ուսուցանելու հնարավորությունները: Դա կարող է նշանակել լինել Եկեղեցում ուսուցիչներ, իմաստուն և սիրող հայրեր, քվորումի անդամներ և Տեր Հիսուս Քրիստոսի միսիոներներ: Տերը կառաջարկի հնարավորություններ, սակայն արդյոք պատրաստ կլինենք մենք, թե՝ ոչ, կախված է մեզանից: Այսօր իմ նպատակն է շեշտել այն մի քանի կարևոր ընտրությունները, որոնք անհրաժեշտ են քահանայության արդյունավետ նախապատրաստության համար:

Լավ ընտրությունները՝ ինչպես այն անձի կողմից, ով ուսուցանում է, այնպես էլ՝ ուսուցանվողի կողմից, կախված են ճիշտ հասկանալուց, թե ինչպես է Տերը պատրաստում Իր քահանայության ծառաներին:

Առաջինը, Նա կանչում է մարդկանց՝ երիտասարդ և մեծահասակ, ովքեր աշխարհիկ աչքերի, անգամ հենց իրենց համար, թվում են թույլ և հասարակ: Տերը կարող է այդ բացահայտ թերությունները ուժեղ կողմերի վերածել: Դա կփոխի այն եղանակը, որով իմաստուն ղեկավարը որոշում է, թե ում և ինչպես ուսուցանել: Եվ դա կարող է փոխել այն, թե ինչպես է քահանայություն կրողը արձագանքում իրեն առաջարկվող զարգացման հնարավորություններին:

Եկեք դիտարկենք մի քանի օրինակներ: Ես անփորձ քահանա էի մի մեծ ծխում: Իմ եպիսկոպոսը զանգահարեց ինձ կիրակի օրը: Երբ ես վերցրեցի լսափողը, նա ասաց. «Դու ժամանակ ունե՞ս ինձ հետ գալու: Ես քո օգնության կարիքն ունեմ»: Նա բացատրեց, որ ցանկանում է, որ ես միայն լինեմ իր ուղեկիցը, երբ նա կայցելի մի կնոջ, որին ես չեմ ճանաչում, սակայն որը ուտելիք չուներ և պետք է սովորեր, թե ինչպես ավելի լավ տնօրիներ իր ֆինանսները:

Ես գիտեի, որ նա իր եպիսկոպսությունում ուներ երկու փորձառու խորհրդականներ: Երկուսն էլ մեծ փորձով հասուն տղամարդիկ էին: Մեկը խոշոր գործարար էր և հետագայում դարձավ միսիայի նախագահ և Բարձրագույն Իշխանություն: Մյուսը հայտնի դատավոր էր:

Ես եպիսկոպոսի նոր կանչված առաջին օգնականն էի քահանաների քվորումում: Նա գիտեր, որ ես քիչ էի հասկանում բարօրության սկզբունքներից: Ավելի քիչ ես գիտեի ֆինանսական կառավարման մասին: Ես երբեք դեռ չեկ դուրս չէի գրել, չունեի, անգամ, բանկային հաշիվ և երբեք չէի տեսել անձնական բյուջե: Այնուամենայնիվ, չնայած իմ անփորձ վիճակին, ես զգացի, որ նա չափազանց լուրջ ասաց. «Ես քո օգնության կարիքն ունեմ»:

Ես հասկացա, թե ինչ նկատի ուներ այդ ոգեշնչված եպիսկոպոսը: Նա իմ մեջ տեսնում էր խոստումնալից քահանայության կրող նախապատրաստելու ոսկե հնարավորություն: Ես համոզված եմ, որ նա չէր կանխատեսում, որ այդ անուսույց տղան Նախագահող Եպիսկոպոսության ապագա անդամն էր: Սակայն այդ օրը և տարիներ շարունակ մնացած բոլոր օրերին, ինչ ես իրեն ճանաչել եմ, նա ինձ վերաբերվում էր որպես մեծ խոստում պարունակող նախապատրաստական ծրագրի:

Նա, կարծես, վայելում էր դա, սակայն դա աշխատանք էր նրա համար: Կարիքավոր այրուն այցելելուց հետո երբ հասանք իմ տուն, նա կանգնեցրեց մեքենան: Նա բացեց իր լավ մաշված և ամբողջությամբ նշումներ արված իր սուրբ գրությունները: Նա ինձ բարի ուղղում տվեց: Նա ինձ ասաց, որ ես պետք է ուսումնասիրեի սուրբ գրությունները և ավելի շատ սովորեի: Սակայն նա պետք է որ տեսներ, որ ես բավական թույլ և պարզ եմ, և կարող եմ լավ ուսուցանվել: Մինչ այսօր ես հիշում եմ, թե ինչ նա ուսուցանեց այդ օրը: Սակայն ավելի լավ եմ հիշում նրա վստահությունն իմ հանդեպ, որ կարող եմ սովորել և լինել ավելի լավ, և որ ես կլինեի ավելի լավը:

Նա նայում էր իմ ով լինելու իրականությունից այն կողմ, տեսնելով հնարավորություններ, որոնք առկա են մի մարդու մեջ, որն իրեն թույլ և հասարակ է զգում, և դրանով ցանկանում Տիրոջ օգնությունը, հավատալով, որ այն կտրվի:

Եպիսկոպոսները, միսիաների նախագահները և հայրերը կարող են օգտվել այդ հնարավորություններից: Ես տեսել եմ, ինչպես դա արվեց վերջերս սարկավագների քվորումի նախագահի կողմից ծոմի ժողովին վկայություն բերելիս: Նա պետք է դառնար ուսուցիչ և հեռանար իր քվորումի անդամներից:

Նա մեծ հուզումով վկայեց իր քվորումի անդամների բարության և զորության աճի մասին: Ես երբեք չէի լսել, որ որևէ մեկը այդպես հիանալիորեն գովեր որևէ կազմակերպություն: Նա գովեց նրանց ծառայության համար: Ապա նա ասաց, որ գիտեր, որ կարող էր օգնել նոր սարկավագներին, երբ նրանք գերծանրաբեռնված են իրենց զգում, քանի որ ինքն էլ նույն զգացումներով էր եկել քահանայություն:

Իր թուլության զգացումը նրան ավելի համբերատար է դարձրել, ավելի կարեկից, և, հետևաբար, ավելի ունակ ամրացնելու և ծառայելու մյուսներին: Ահարոնյան Քահանայությում այդ երկու տարիների ընթացքում նա, կարծես, դարձել էր փորձված և իմաստուն: Նա սովորել էր, որ որպես քվորումի նախագահ օգնություն էր ձեռք բերել իր կարիքների հստակ և կենդանի հիշողությունների շնորհիվ, երբ երկու տարով ավելի երիտասարդ էր: Ղեկավարման հետ կապված նրա և մեր խնդիրը այն ժամանակ է առաջանում, երբ այդ հիշողությունները մարում են և խամրում ժամանակի ընթացքում և հաջողության հետևանքով:

Պողոսը, հավանաբար, տեսել էր այդ վտանգը քահանայության իր երիտասարդ զուգընկերոջ՝ Տիմոթեոսին խորհուրդ տալուց: Նա խրախուսեց և ուսուցանեց նրան ինչպես իր քահանայության նախապատրաստության, այնպես էլ՝ ուրիշներին նախապատրաստելու գործում Տիրոջն օգնելու վերաբերյալ:

Լսեք, թե ինչ է ասում Պողոսն իր երիտասարդ ընկերոջը՝ Տիմոթեոսին.

«Ոչ ոք քո մանկությունը չանարգէ. Այլ օրինակ եղիր հավատացյալներին խոսքով, վարքով, սիրով, հավատքով, սրբությունով:

Մինչև որ գամ՝ միտք դիր կարդալուն, հորդորմունքին և վարդապետությանը:

Անհոգ մի լինիր այն քեզանում եղած շնորհքի համար. Որ քեզ տրվեցավ մարգարեությունով երիցության ձեռնադրությամբը …

Սորանք մտածիր, սորանցում կաց1, որ քո առաջադիմությունը ամենին հայտնի լինի»:2

Պողոսը լավ խորհուրդ է տվել մեզ բոլորիս: Մի մտահոգվեք այն մասին, թե որքան անփորձ եք, այլ մտածեք, թե ինչ կարող եք դառնալ Տիրոջ օգնությամբ:

Վարդապետությունը, որով Պողոսը մեզ խորհուրդ է տալիս սնվել քահանայությանը նախապատրաստվելիս, Քրիստոսի խոսքերն են, և Սուրբ Հոգին ստանալուն արժանանալը: Այդ ժամանակ մենք կարող ենք իմանալ, թե ինչ է Տերը ցանկանում, որ մենք անենք մեր ծառայության մեջ, և կարող ենք քաջություն ստանալ դա անելու համար, ինչպիսին էլ լինեն մեր դժվարությունները ապագայում:

Մենք պատրաստվում ենք քահանայության ծառայությանը, որն ավելի դժվար կդառնա ժամանակի ընթացքում: Օրինակ, մեր մկանները և ուղեղները ծերանում են մեզ հետ միասին: Սովորելու և մեր կարդացածը հիշելու մեր կարողությունը կնվազի: Որպեսզի մատուցենք քահանայության այն ծառայությունը, որը մեզանից ակնկալում է Տերը, ամեն օր ավելի ու ավելի մեծ ինքնակարգապահության կարիք կունենանք: Մենք կարող ենք պատրաստվել այդ քննությանը, կառուցելով հավատք ամենօրյա ծառայության միջոցով:

Տերը մեզ հնարավորություն է տվել պատրաստվելու նրան, ինչը Նա կոչել է «քահանայության երդում և ուխտ»:3

Դա ուխտ է, որը մենք կապում ենք Աստծո հետ, այն մասին, որ մենք կպահենք Նրա բոլոր պատվիրանները և կծառայենք այնպես, ինչպես Նա կծառայեր, եթե անձամբ ներկա լիներ: Այս չափանիշով ապրելով մենք կառուցում ենք ուժ, որը մեզ հարկավոր է մինչև վերջ դիմանալու համար:

Քահանայության մեծ ուսուցիչներ ինձ ցույց են տվել, ինչպես կառուցել այդ ուժը. դա հոգնածության և վախի, որը ստիպել է ինձ մտածել հեռանալու մասին, միջով առաջ մղվելու սովորույթի ձևավորումն է: Տիրոջ մեծ ուսուցիչները ինձ ցույց են տվել, որ կայուն հոգևոր զորությունը օգնում է հաղթահարել այն անցակետը, որտեղ ուրիշները կհանգստանային:

Դուք, քահանայության մեծ ղեկավարներ, որ կառուցել եք ձեր հոգևոր ամրությունը երիտասարդ հասակում, կպահպանեք այն, երբ ֆիզիկական ուժերը պակասեն:

Իմ կրտսեր եղբայրը գործով հայտնվել էր Յուտայի մի փոքր քաղաքում: Նրան հյուրանոց զանգահարեց Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը: Ուշ երեկոյան էր, ծանր աշխատանքային օր էր եղել իմ եղբոր և, անշուշտ, Նախագահ Քիմբալի համար, որն այսպես սկսեց խոսակցությունը. «Ես իմացա, որ դու քաղաքում ես: Գիտեմ, որ ուշ է, հնարավոր է, դու արդեն անկողնում ես, բայց չե՞ս կարող օգնել ինձ: Դու ինձ պետք ես, որ ուղեկցես՝ այս քաղաքի մեր բոլոր հավաքատների վիճակը ստուգելու համար»: Այդ երեկո եղբայրս գնաց նրա հետ, չունենալով հավաքատների շահագործման մասին որևէ գիտելիք, չիմանալով, թե ինչու էր Նախագահ Քիմբալը նման գործ անում երկար օր անցկացնելուց հետո:

Տարիներ անց, ես նմանատիպ գիշերային զանգ ստացա, երբ գտնվում էի հյուրանոցում՝ Ճապոնիայում: Այդ ժամանակ ես Եկեղեցու Կրթության նոր կառավարիչն էի: Ես գիտեի, որ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին՝ Ճապոնիայում իր հանձնարարությամբ նույն հյուրանոցում էր մնում: Ես պատասխանեցի զանգին, չնայած որ արդեն պառկել էի քնելու՝ գերհոգնած նրանից հետո, երբ համարում էի ամեն-ինչ արված:

Նախագահ Հինքլին իր հաճելի ձայնով ասաց. «Ինչո՞ւ ես դու քնում, երբ ես այստեղ կարդում եմ այն ձեռագիրը, որը մեզ խնդրել են ուսումնասիրել»: Այսպիսով, ես վեր կացա և անցա աշխատանքի, թեև գիտեի, որ Նախագահ Հինքլին ինձանից շատ ավելի լավ կուսումնասիրեր ձեռագիրը: Բայց նա այդպես ինձ զգացնել տվեց, որ ունի իմ օգնության կարիքը:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, գրեթե ամեն ժողովից հետո հարցնում է Առաջին Նախագահության քարտուղարին. «Ես հասցնո՞ւմ եմ իմ աշխատանքը»: Եվ նա միշտ ժպտում է, երբ ստանում է պատասխանը. «Օ, իհարկե, Նախագահ»: Նախագահ Մոնսոնի բավարարված ժպիտը ինձ համար ուղերձ է հանդիսանում: Այն ստիպում է ինձ մտածել. «Արդյո՞ք ես չեմ կարող ավելին անել իմ հանձնարարության մեջ»: Այնուհետև ես վերադառնում եմ իմ գրասենյակային աշխատանքին:

Մեծ ուսուցիչները ինձ ցույց են տվել, ինչպես պատրաստվել պահել երդումը և ուխտը, երբ ժամանակը և տարիքը այն դժվար են դարձնում: Նրանք ինձ ցույց են տվել և սովորեցրել են, թե ինչպես կարգապահություն ձևավորեմ, որպեսզի աշխատեմ ավելի շատ, քան կարծել եմ, թե ունակ եմ, քանիդեռ առողջություն և ուժ ունեմ:

Ես չեմ կարող ամեն ժամ լինել կատարյալ ծառա, սակայն կարող եմ ավելի շատ ջանք գործադրել, քան, կարծում էի, որ կարող եմ: Վաղ ձևավորված այդ սովորույթի շնորհիվ ես պատրաստված կլինեմ գալիք փորձություններին: Դուք և ես կարող ենք պատրաստվել, ունենալով երդումը և ուխտը պահելու ուժը այն փորձությունների ժամանակ, որոնք, անշուշտ, ի հայտ կգան կյանքի ավարտին մոտ:

Ես դրա ականատեսն եմ եղել Եկեղեցու Կրթության Խորհրդի ժողովի ժամանակ: Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը այդ ժամանակ իր ետևում էր թողել ծառայութան շատ տարիներ, միևնույն ժամանակ անցնելով առողջական այնպիսի խնդիրների միջով, որոնք միայն Աշխատանքը կարող է հասկանալ: Նա այդ առավոտ նախագահում էր ժողովին:

Հանկարծ, նա դադարեց խոսել: Նա ընկավ իր աթոռից: Նրա աչքերը փակվեցին: Նրա գլուխն ընկավ կրծքավանդակին: Ես նստած էի նրա կողքին: Երեց Հոլլանդը մեր կողքին էր: Մենք երկուսս վեր կացանք, որ օգնեինք նրան: Մեր անփորձ վիճակում, մենք որոշեցինք իր աթոռում նստած նրան տեղափոխել մոտակա գրասենյակ:

Ծայրահեղության այդ պահին նա դարձավ մեր ուսուցիչը: Յուրաքանչյուրս բռնելով նրա աթոռի մի կողմը, մենք Եկեղեցու վարչական շենքի ժողովների սենյակից դուրս եկանք նախասրահ: Նա կիսաբաց անելով աչքերը, դեռ թույլ, ասաց. «Օ, խնդրում եմ, զգույշ եղեք: Չվնասեք ձեր մեջքը»: Երբ մենք մոտեցանք նրա գրասենյակի դռանը, նա ասաց. «Օ, ես ահավոր եմ զգում, որ ընդհատեցի ժողովը»: Նրան իր գրասենյակ տեղափոխելուց մի քանի րոպե անց, դեռ չիմանալով, թե որն էր նրա խնդիրը, նա նայեց մեզ և ասաց. «Չե՞ք կարծում, որ պետք է վերադառնաք ժողովին»:

Մենք շտապեցինք հետ, ինչ-որ կերպ հասկանալով, որ մեր ներկայությունն այնտեղ կարևոր էր Տիրոջ համար: Նախագահ Քիմբալը մանկությունից ի վեր չի խնայել իրեն, ծառայելով և սիրելով Տիրոջը: Այդ սովորույթն այնքան ամուր էր արմատավորվել, որ միշտ գործում էր, երբ նա ուներ դրա կարիքը: Նա պատրաստված էր: Եվ այդպես նա կարողացավ ուսուցանել և ցույց տալ մեզ, թե ինչպես պետք է պատրաստ լինել պահելու երդումը և ուխտը, տարիների ընթացքում մշտապես պատրաստվելու միջոցով, օգտագործելով բոլոր մեր ուժերը նրա համար, ինչը կարող է փոքր հետևանքներով աննշան գործ թվալ:

Իմ աղոթքն է, որ մենք կարողանանք պահել մեր քահանայության ուխտերը, որպեսզի հավերժական կյանքին արժանի դառնանք և արժանի դարձնենք բոլոր նրանց, ում կանչվել ենք ուսուցանելու: Ես խոստանում եմ ձեզ, որ եթե դուք անեք այն ամենը, ինչ կարող եք անել, Աստված կմեծացնի ձեր ուժը և ձեր իմաստությունը: Նա կկոփի ձեզ: Ես խոստանում եմ ձեզ, որ նրանք, ում դուք ուսուցանում եք և ում համար օրինակ եք ծառայում, կփառավորեն ձեր անունը, ինչպես ես, որ այս օրերին մեծ ուսուցիչներ ունեմ:

Ես վկայում եմ, որ Հայր Աստվածն ապրում է և սիրում է ձեզ: Նա և Նրա հարություն առած և փառավորված Որդին՝ Հիսուս Քրիստոսը, հայտվեցին մի անփորձ տղայի՝ Ջոզեֆ Սմիթին: Նրանք վստահեցին նրան ավետարանի լրիվության և ճշմարիտ Եկեղեցու վերականգնումը: Նրանք խրախուսեցին նրան, երբ նա ուներ դրա կարիքը: Նրանք թույլ տվեցին, որ նա զգար սիրով արված խրատները, որոնք պետք է իջեցնեին նրան, որպեսզի հետո բարձրացնեին: Նրանք պատրաստեցին նրան, և Նրանք պատրաստում են մեզ, քանզի սելեստիալ փառքին հասնելու համար պահանջվող ուժն է քահանայության ողջ ծառայության նպատակը և պատճառը:

Ես թողնում եմ ձեզ իմ վկայությունը, որ դուք կարողանաք ճանաչել փառավոր հնարավորությունները, որ Աստված տվել է ձեզ, կանչելով և պատրաստելով ձեզ Իր ծառայությանը և ուրիշներին ծառայելուն: Մեր սիրող ղեկավարի և ուսուցչի՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: