2010–2019 թթ․
Հոգ տանելու Տիրոջ ուղին
Հոկտեմբեր 2011


Հոգ տանելու Տիրոջ ուղին

Եկեղեցու բարօրություն սկզբունքները պարզապես լավ գաղափարներ չեն. դրանք Աստծուց հայտնված ճշմարտություններ են. դրանք կարիքավորներին օգնելու Նրա ուղին են:

Վաթսուն հինգ տարի առաջ, II hաշխարհամարտից կարճ ժամանակ անց, ես փորձառություն ունեցա, անձամբ զգալով Եկեղեցու բարօրության ծրագրի անմիջական օրհնությունները: Չնայած երեխա էի, ես դեռ հիշում եմ պահածոյացված դեղձի քաղցր համը եփած ցորենի հետ և նվիրաբերված հագուստի հատուկ հոտը, որոնք ուղարկվել էին հետպատերազմյան Գերմանիայի Սրբերին Միացյալ Նահանգների հոգատար Եկեղեցու անդամների կողմից: Ես երբեք չեմ մոռանա և իմ հիշողության մեջ հավերժ կփայփայեմ սիրո և բարության այդ քայլերը մեզանից նրանց նկատմամբ, ովքեր մեծ կարիքի մեջ էին:

Այս անձնական փորձը և ոգեշնչված բարօրության ծրագրի 75-ամյակն ինձ առիթ են տալիս կրկին անդրադառնալ աղքատների և կարիքավորների մասին հոգալու, ինքնավստահ դառնալու և մեր մերձավորներին ծառայելու հիմնական սկզբունքներին:

Հավատքի առանցքոմ

Երբեմն մենք դիտում ենք բարօրությունը որպես ավետարանի ծառի բազմաթիվ ճյուղերից մեկը, պարզապես, ավետարանի մեկ այլ թեմա: Սակայն ես հավատում եմ, որ Տիրոջ ծրագրում բարօրության սկզբունքների հանդեպ մեր պարտավորությունը պետք է լինի Նրա հանդեպ մեր հավատքի ու նվիրման արմատական մասը:

Ժամանակների սկզբից ի վեր մեր Երկնային Հայրը այս հարցի շուրջ խոսել է մեծ պարզությամբ՝ սկսելով մեղմ խնդրանքից, «Եթե սիրում ես … հիշիր աղքատներին և նվիրաբերիր քո ունեցվածքից՝ նրանց աջակցելու համար»1, շարունակելով ուղղակի պատվիրանով. «Բոլոր բաներում հիշեք աղքատներին ու կարիքավորներին, հիվանդներին ու տառապյալներին, քանզի ով որ չի անում այս բաները, նա իմ աշակերտը չէ»2, և ավարտելով խիստ նախազգուշացմամբ. «Եթե մի մարդ վերցնում է այն առատությունից, որը ես պատրաստել եմ, և իր մասից բաժին չի հանում աղքատին ու կարիքավորին, իմ ավետարանի օրենքի համաձայն, նա, ամբարիշտների հետ, իր աչքերը կբարձրացնի դժոխքում՝ տանջանքի մեջ լինելով»:3

Ֆիզիկականն ու հոգևորը միահյուսված են

Երկու մեծ պատվիրանները՝ սիրել Աստծուն և մեր մերձավորին, ֆիզիկականի և հոգևորի միահյուսում են: Կարևոր է նշել, որ այս երկու պատվիրաններին անվանում են «մեծ», որովհետև մնացած բոլոր պատվիրանները դրանցից են բխում:4 Այլ կերպ ասած, մեր անձնական, ընտանեկան և եկեղեցական առաջնահերթությունները պետք է սկսեն այստեղից: Բոլոր մյուս նպատակներն ու գործողությունները պետք է բխեն այս երկու մեծ պատվիրանների աղբյուրից՝ Աստծո և մերձավորի հանդեպ մեր սիրուց:

Մետաղադրամի երկու կողմերի նման՝ ֆիզիկականն ու հոգևորն իրարից անբաժան են:

Բոլորին կյանք Շնորհողը հռչակել է. «Բոլոր բաներն ինձ համար հոգևոր են, և ոչ մի անգամ ես ձեզ չեմ տվել օրենք, որը լինի ֆիզիկական»:5 Ինձ համար սա նշանակում է, որ «հոգևոր կյանքն առաջին հերթին կյանք է: Դա ոչ թե մի բան է, որ պարզապես պետք է իմանալ և ուսումնասիրել, այլ՝ ապրել»6

Ցավոք, կան մարդիկ, ովքեր անտեսում են «ֆիզիկականը», որովհետև այն պակաս կարևոր են համարում: Նրանք գանձում են հոգևորը, նվազագույնի հասցնելով նյութականը: Թեև կարևոր է, որ մեր մտքերը ուղղված լինեն դեպի երկինք, մենք բաց ենք թողնում կրոնի էությունը, եթե ձեռք չենք մեկնում նաև մեր մերձավորին:

Օրինակ՝ Ենովքը կառուցեց Սիոնի հասարակությունը և հոգևոր աշխատանքով՝ ստեղծելով մեկ սրտի և մեկ մտքի ժողովուրդ, և ֆիզիկական աշխատանքով՝ ապահովելով, որ ոչ մի աղքատ չլինի իրենց մեջ:7

Ինչպես միշտ, մենք կարող ենք նայել մեր կատարյալ Ուսուցչին՝ Հիսուս Քրիստոսին, որպես օրինակի: Ինչպես Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկ կրտսերն է ուսուցանել. «Երբ Փրկիչը եկավ երկիր, Նա ուներ երկու մեծ առաքելություն. մեկը Օծյալի գործը կատարելն էր՝ Քավություն անկման համար և օրենքը կատարել, մյուսը՝ աշխատանքն էր իր մարմնական եղբայրների և քույրերի մեջ՝ տառապանքներից նրանց ազատելը»:8

Նման ձևով մեր հոգևոր առաջընթացն անքակտելիորեն կապված է ուրիշների համար կատարված ֆիզիկական ծառայության հետ:

Մեկը լրացնում է մյուսին: Մեկն առանց մյուսի հակասում է Աստծո երջանկության ծրագրին:

Տիրոջ ուղին

Աշխարհում կան շատ բարի մարդիկ և կազմակերպություններ, որոնք փորձում են բավարարել աղքատների և կարիքավորների հրատապ կարիքները: Մենք երախտապարտ ենք դրա համար, սակայն կարիքավորների մասին հոգալու Տիրոջ ուղին տարբերվում է աշխարհի ուղուց: Տերն ասել է. «Դա անպայման պետք է արվի իմ ուրույն ձևով»:9 Նա շահագրգռված չէ միայն մեր անմիջական կարիքներով. Նա մտահոգված է մեր հավերժական առաջընթացով: Այդ իսկ պատճառով, Տիրոջ ուղին, ի լրումն աղքատների մասին հոգալու, միշտ ընդգրկել է ինքնաապահովման և մերձավորին ծառայելու սկզբունքները:

1941-ին Գիլա գետը վարարեց և հեղեղեց Արիզոնայի Դունկան հովիտը: Սպենսեր Վ. Քիմբալ անունով երիտասարդ մի ցցի նախագահ հանդիպեց իր խորհրդականների հետ, գնահատեց վնասները և հեռագիր ուղարկեց Սոլթ Լեյք Սիթի՝ խնդրելով մեծ գումարի օգնություն:

Փողի փոխարեն նախագահ Հեբեր Ջ. Գրանտն ուղարկեց երեք տղամարդ՝ Հենրի Դ. Մոյլին, Մարիոն Ջ. Ռոմնիին և Հարոլդ Բ. Լիին: Նրանք այցելեցին նախագահ Քիմբալին և նրան սովորեցրեցին մի կարևոր դաս. «Այս ծրագիրը «ինձ օգնություն տվեք» ոգով չէ, – ասացին նրանք: – Սա «ինքնաօգնության» ծրագիր է»:

Շատ տարիներ անց, Նախագահն Քիմբալն ասաց. «Կարծում եմ հեշտ բան կլիներ, որ Եղբայրները մեզ [գումար] ուղարկեին, և ինձ համար շատ դժվար չէր լինի նստել իմ գրասենյակում և բաժանել այն, բայց շատ ավելի մեծ բարիք եղավ մեզ համար, երբ [մեր մարդկանցից] հարյուրավորները գնացին Դունկան և կառուցեցին ցանկապատեր, հավաքեցին խոտն ու հավասարեցրեցին հողը և արեցին ամեն բան, ինչ անհրաժեշտ էր: Դա էր ինքնաօգնությունը»:10

Հետևելով Տիրոջ ուղուն, Նախագահ Քիմբալի ցցի անդամները ոչ միայն իրենց անմիջական կարիքները հոգացին, այլ նաև զարգացրեցին ինքնավստահություն, թեթևացրեցին տառապանքը և, ծառայելով միմյանց, աճեցին սիրով և միասնությամբ:

Մենք բոլորս ընդգրկված ենք

Հենց այս պահին Եկեղեցու շատ անդամներ տառապում են: Նրանք սոված են, ֆինանսապես ճնշված են և պայքարում են ամեն տեսակի ֆիզիկական, զգացմունքային և հոգևոր նեղությունների դեմ: Նրանք աղոթում են իրենց հոգու ողջ զորությամբ օգնության և սփոփանքի համար:

Եղբայրներ, խնդրում եմ, մի կարծեք, թե սա ուրիշի պատասխանատվությունն է: Դա իմն է և ձերը: Մենք բոլորս ընդգրկված են: «Բոլոր» նշանակում է բոլորը՝ Ահարոնյան և Մելքիսեդեկյան քահանայություն կրող յուրանքանչյուր տղամարդ՝ հարուստ, թե աղքատ՝ ամեն ազգի մեջ: Տիրոջ ծրագրում յուրաքանչյուրի համար բան կա անելու:11

Դասը, որ մենք սովորում ենք սերնդե-սերունդ, այն է, որ թե հարուստ, թե աղքատ՝ բոլորը նույն սուրբ պարտականությունն են կրում՝ օգնելու իրենց մերձավորին: Բոլորս պետք է միասին աշխատենք, որպեսզի հաջողությամբ կիրառենք բարօրության և ինքնաապահովման սկզբունքները:

Շատ հաճախ մենք մեր շուրջը նկատում ենք կարիքներ՝ հուսալով, որ ինչ-որ մեկը հեռվից մոգական ձևով կհայտնվի և կհոգա այդ կարիքները: Գուցե մենք սպասում ենք, որ մի փորձագետ կգա՝ մասնագիտացված գիտելիքներով, և կլուծի հատուկ խնդիրները: Անելով դա՝ մենք մեր մերձավորին զրկում ենք այն ծառայությունից, որ կարող էինք տրամադրել, և ինքներս մեզ զրկում ենք ծառայելու հնարավորությունից: Չնայած վատ բան չկա փորձագետներ ներգրավելու մեջ, եկեք չփախչենք իրականությունից. երբեք բավարար չափով մասնագետներ չեն լինի բոլոր խնդիրները լուծելու համար: Փոխարենը, Տերը դռան շեմին է դրել իր քահանայությունը և դրա կազմակերպությունը ամեն ազգում, որտեղ հիմնվել է Եկեղեցին: Եվ նրա կողքին կանգնեցրել է Սփոփող Միությունը: Ինչպես մենք՝ քահանայություն կրողներս գիտենք, բարօրության ոչ մի գործ հաջողությամբ չի ավարտվում, եթե լավագույնս չեն օգտագործվում մեր քույրերի զարմանալի պարգևներն ու տաղանդները:

Տիրոջ ուղին գետի կողքին նստելը չէ ու սպասելը, թե երբ ջուրը կվերջանա, որ գետն անցնենք: Այն համախմբվելն է, թևքերը ծալելն ու գործի անցնելը, կամուրջ կամ նավակ կառուցելը, որպեսզի հատենք-անցնենք մեր մարտահրավերների ջրերը: Դուք՝ Սիոնի տղամարդիկ, դուք քահանայություն կրողներ եք, ովքեր կարող են առաջնորդել և սփոփանք բերել Սրբերին, կիրառելով բարօրության ծրագրի ոգեշնչված սկզբունքները: Դա ձեր առաքելությունն է՝ բացել ձեր աչքերը, օգտագործել ձեր քահանայությունը և գնալ ու աշխատել Տիրոջ ուղով:

Ամենափառահեղ կազմակերպությունը Երկրի վրա

Մեծ ճգնաժամի տարիներին Եղբայրները խնդրեցին Հարոլդ Բ. Լիին, որն այդ ժամանակ ծառայում էր ցցի նախագահ, գտնել լուծումներ այն ճնշող աղքատության, վշտի ու սովի պայմաններում, որոնք այնքան տարածված էին ողջ աշխարհում այդ ժամանակ: Նա չարչարվում էր, որ մի լուծում գտներ, և խնդիրը ներկայացրեց Տիրոջն ու հարցրեց. «Ի՞նչ կազմակերպություն պետք է մենք ունենանք … որ կարողանանք մի բան անել»:

Եվ «կարծես Տերն ասաց [նրան]. «Լսի՛ր, որդիս: Դուք կարիք չունեք որևէ այլ կազմակերպության: Ես տվել եմ ձեզ ամենափառահեռ կազմակերպությունը, որ կա երկրի երեսին: Չկա ավելի փառահեղ կազմակերպություն, քան քահանայության կազմակերպությունն է: Այն, ինչ դուք պետք է անեք, քահանայությունը գործի դնելն է: Ուրիշ ոչինչ»»:12

Դա նաև մեր ժամանակի ելակետն է: Մենք արդեն ունենք Տիրոջ կազմակերպությունն իր տեղում: Մեր խնդիրը որոշելն է, թե ինչպես օգտագործենք այն:

Մենք պետք է սկսենք այն ամենին ծանոթանալուց, ինչ Տերն արդեն հայտնել է: Մենք չպետք է ենթադրենք, որ գիտենք դա: Մենք պետք է նյութին մոտենանք երեխայի խոնարհությամբ: Յուրաքանչյուր սերունդ պետք է նորից սովորի այն վարդապետությունները, որոնք կարիքավորների մասին հոգալու Տիրոջ ուղու հիմքն են: Ինչպես շատ մարգարեներ տարիների ընթացքում հրահանգել են մեզ, Եկեղեցու բարօրություն սկզբունքները պարզապես լավ գաղափարներ չեն. դրանք Աստծուց հայտնված ճշմարտություններ են: Դրանք կարիքավորներին օգնելու Նրա ուղին են:

Եղբայրներ, նախ ուսումնասիրեք հայտնությամբ տրված սկզբունքներն ու վարդապետությունները: Կարդացեք Եկեղեցու բարօրության վերաբերյալ ձեռնարկները13, օգտվեք providentliving.org ինտերնետային կայքից, վերընթերցեք 2011 հունիս ամսվա Լիահոնայի հոդվածները Եկեղեցու բարօրության ծրագրի մասին: Գիտելիք ձեռք բերեք Տիրոջ ուղով Իր Սրբերին ապահովելու մասին: Սովորեք, թե ինչպես են կարիքավորներին խնամելու, մերձավորին ծառայելու և ինքնաապահովման սկզբունքները լրացնում միմյանց: Ինքնաապահովման Տիրոջ ուղին հավասարակշռված ձևով ներառում է կյանքի շատ բնագավառներ, այդ թվում, կրթություն, առողջություն, զբաղվածություն, ընտանեկան ֆինանսներ և հոգևոր ուժ: Ծանոթացեք Եկեղեցու բարօրության ժամանակակից ծրագրին:14

Երբ դուք ուսումնասիրեք Եկեղեցու բարօրության ծրագրի վարդապետություններն ու սկզբունքները, փորձեք կիրառել այն, ինչ սովորել եք ձեր պատասխանատվության սահմաններում գտնվող մարդկանց համար: Սա նշանակում է, որ մեծամասամբ, դուք ինքնուրույն պետք է կողմնորոշվեք, թե ինչ անել: Յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր համայնք, աշխարհի յուրաքանչյուր տարածք տարբեր է: Եկեղեցու բարօրության հարցերի համար չկա, այսպես ասած, մի չափսի հագուստ, որը հարմար է բոլոր դեպքերի համար: Դա ինքնապահովման ծրագիր է, որում անհատները պատասխանատու են իրենց ինքնուրույն ապահովելու համար: Մեր միջոցներն են՝ անձնական աղոթքը, աստվածատուր մեր տաղանդները և ունակությունները, մեր ընտանիքների շնորհիվ մեզ մատչելի միջոցները, համայնքային բազմազան միջոները և, իհարկե, քահանայության քվորումների և Սփոփող Միության հոգատար աջակցությունը: Այդ ամենը մեզ կտանի ինքնապահովման ոգեշնչված ուղով:

Դուք պետք է ինքներդ սահմանեք ուղղությունը, որը համապատասխանում է Տիրոջ վարդապետությանը և հարմար է ձեր աշխարհագրական տարածքի հանգամանքներում: Աստվածային բարօրության ծրագիրն իրականացնելու համար դուք կարիք չունեք միշտ դիմել Սոլթ Լեյք Սիթի: Փոխարենը, դուք պետք է դիմեք ձեր ձեռնարկներին, լսեք ձեր սրտերին և հայցեք երկնքի օգնությունը: Վստահեք Տիրոջ ոգեշնչմանը և հետևեք Նրա ուղուն:

Վերջում դուք պետք է անեք ձեր տարածքում այն, ինչ անում են Քրիստոսի աշակերտները բոլոր տնտեսությունների ժամանակ՝ խորհուրդ արեք միասին, օգտագործեք բոլոր առկա միջոցները, փնտրեք Սուրբ Հոգու ոգեշնչումը, ստացեք Տիրոջ հաստատումը, և ապա թևքերը ծալեք ու գործի անցեք:

Ես ձեզ խոստանում եմ, որ եթե դուք հետևեք այս օրինակին, դուք հատուկ ուղղորդում կստանաք, թե ում, ինչով, երբ, և որտեղ պետք է հոգ տանել Տիրոջ ուղով:

Տիրոջ ուղով հոգ տանելու օրհնությունները

Տիրոջ ուղով հոգ տանելու Եկեղեցու բարօրության ծրագրի մարգարեական խոստումներն ու օրհնություններն Իր զավակներին խոստացած Տիրոջ ամենաշքեղ ու վեհ օրհնություններից են. «Եթէ քո հացը յօժար սրտով քաղցածներին տաս և չքաւոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խաւարի մէջ կը ծագի քո լոյսը, քո խաւարը կը վերածուի միջօրէի։ Քո Աստուածը ամէն ժամ քեզ հետ կը լինի»:15

Անկախ նրանից, հարուստ ենք, թե աղքատ, անկախ այն բանից, թե որտեղ ենք ապրում այս երկրագնդի վրա, մենք բոլորս ունենք միմյանց կարիքը, քանի որ մեր ժամանակը, տաղանդները և միջոցները զոհաբերելու շնորհիվ՝ մեր հոգիները հասունանում են ու զտվում:

Տիրոջ ուղով հոգ տանելու այս աշխատանքը պարզապես ևս մեկ տարր չէ Եկեղեցու ծրագրերի գրացուցակում: Այն չի կարող անտեսվել կամ մի կողմ դրվել: Այն առանցքային դեր ունի մեր վարդապետության մեջ. այն մեր կրոնի էությունն է: Եղբայրներ՝ որպես քահանայություն կրողներ, մեր մեծ և հատուկ արտոնությունն է՝ գործի դնել քահանայությունը: Մենք չպետք է մեր սրտերը կամ մեր մտքերը հեռացնենք ավելի ինքնավստահ, կարիքավորների հանդեպ ավելի հոգատար և կարեկցանքի ավելի շատ ծառայություն մատուցելու նպատակից:

Ֆիզիկականը միահյուսված է հոգևորին: Աստված մեզ տվել է այս մահկանացու փորձնական ժամանակաշրջանն ու աշխարհիկ մարտահրավերները, որոնք գործում են որպես աշխատասենյակ, որտեղ մենք կարող ենք աճել՝ դառնալ այնպիսի էակներ, ինչպիսին Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք դառնանք: Թող որ մենք հասկանանք մեծ պարտքը և օրհնությունը, որը գալիս է Տիրոջը հետևելուց և Նրա ուղով հոգ տանելուց, սա իմ աղոթքն է՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: