2010–2019 թթ․
Փրկագնում
Հոկտեմբեր 2011


Փրկագնում

Քրիստոսի միջոցով մարդիկ կարո՛ղ են փոխել և փոխո՛ւմ են իրենց կյանքը՝ փրկագնում ստանալով:

Կան տարբեր անուններ, որոնք մենք վկայակոչում ենք՝ խոսելով Տեր Հիսուս Քրիստոսի մասին: Այդ անունները մեզ ներըմբռնում են տալիս Տիրոջ քավիչ առաքելության մասին տարբեր տեսանկյուններից: Վերցնենք, օրինակ՝ «Փրկիչ» տիտղոսը: Մենք բոլորս պատկերացում ունենք, թե ինչ է նշանակում է փրկվել, քանի որ յուրաքանչյուրս փրկել ենք ինչ-որ ժամանակ ինչ-որ բանից: Երեխա ժամանակ ես ու քույրս խաղում էինք գետում՝ մի փոքրիկ նավակի մեջ, երբ մենք անմտորեն թողեցինք խաղի անվտանգ տարածքը և գետի հոսանքով քշվելով հայտնվեցինք վտանգավոր զառիթափի առաջ: Ի պատասխան մեր աղաղակների՝ մեր հայրը վազեց մեզ օգնության՝ փրկելով մեզ գետի վտանգներից: Երբ մտածում եմ փրկվելու մասին, ես մտաբերում եմ այդ պատահարը:

«Քավիչ» տիտղոսը նմանատիպ ներըմբռնում է առաջարկում: «Քավել» նշանակում է փրկագնել կամ ետ գնել: Իրավական գործի դեպքում սեփականությունը ետ է գնվում մարելով վարկը կամ այլ մուրհակները: Հին Կտակարանի ժամանակ Մովսեսի օրենքը տարբեր եղանակներ էր թույլատրում, երբ գումար վճարելով հնարավոր էր ազատագրել կամ փրկագնել ծառաներին և գույքը (տես Ղևտացիս 25.29–32, 48–55):

Քավել բառի սուրբ գրության հանրահայտ օգտագործման դեպքերից մեկն առնչվում է Իսրայելի զավակների Եգիպտոսի գերությունից դուրս բերման հետ: Այդ ազատագրումից հետո Մովսեսն ասաց նրանց. «Նրա համար, որ Տէրը սիրում էր ձեզ … [Նա] ամուր ձեռքով ու հզօր բազկով ձեզ դուրս բերեց, ձեզ փրկագնեց ստրկութեան տնից՝ եգիպտացիների թագավոր փարաւոնի ձեռքից» (Բ Օրինաց 7.8):

Եհովայի կողմից Իսրայելի ժողովրդին գերությունից փրկագնելու թեման մի քանի անգամ կրկնվում է սուրբ գրություններում: Հաճախ դա արվում է, որպեսզի ժողովրդին հիշեցվի Տիրոջ բարության մասին Իսրայելի զավակներին եգիպտացիներից ազատելիս: Սակայն դա արվում է նաև, որ նրանք սովորեն, որ պետք է լինի ևս մեկ՝ ավելի կարևոր փրկագնում Իսրայելի համար: Լեքին սովորեցրել է. «Եվ Մեսիան գալիս է ժամանակի լրիվության մեջ, որպեսզի մարդկանց զավակներին փրկագնի անկումից» (2 Նեփի 2.26):

Սաղմոսասացը գրել է. «Բայց Աստված իմ անձը կփրկագնէ գերեզմանի ձեռքից» (Սաղմոս 49.15):

Տերը հայտարարել է Եսայիայի միջոցով. «Ես մեգի պես ջնջել եմ քո հանցանքները, և ամպի պես՝ քո մեղքերը. դարձիր դեպի ինձ, որովհետև ես քեզ փրկագնել եմ» (Եսայիա 44.22):

Այս երեք սուրբ գրություններում նշված փրկագնումը, իհարկե, Հիսուս Քրիստոսի Քավությունն է: Սա է «շատ փրկությունը», որը մեր սիրող Աստվածը տալիս է մեզ (Սաղմոս 130.7): Ի տարբերություն Մովսեսի օրենքի ներքո կատարվող փրկագնման կամ ժամանակակից իրավական պայմանավորվածությունների, այդ փրկագնումը չի գալիս «ապականացու արծաթով կամ ոսկով» (Ա Պետրոս 1.18): «[Քրիստոսում] մենք ունենք փրկություն նրա արյունով՝ մեղքերի թողությունն իր շնորհքի մեծության չափով» (Եփեսացիս 1.7): Նախագահ Ջոն Թեյլորն ուսուցանել է, որ Քավչի զոհաբերության շնորհիվ՝ «պարտքը վճարված է, փրկագնումը՝ արված, ուխտը կատարված է, արդարադատությունը՝ բավարարված, Աստծո կամքը կատարված է, և բոլոր իշխանությունը … տրված է Աստծո Որդու ձեռքը» (Teachings of Presidents of the Church: John Taylor [2001], 44):

Այդ փրկագնման հետևանքները ներառում են ֆիզիկական մահվան հաղթահարումը բոլոր Աստծո զավակների համար: Այսինքն՝ ժամանակավոր մահը հաղթահարված է և բոլորը պիտի հարություն առնեն: Մյուս կողմից՝ Քրիստոսի այս փրկագնումը հաղթանակ է հոգևոր մահվան հանդեպ: Իր տառապանքների ու մահվան շնորհիվ Քրիստոսը վճարեց ողջ մարդկության մեղքերի համար՝ անհատական ապաշխարության պայմանով:

Այսպիսով, եթե մենք ապաշխարում ենք, մենք կարող ենք ներվել մեր մեղքերից, որի գինը վճարել է մեր Քավիչը: Սա բարի լուր է բոլորիս համար, «որովհետև ամենքը մեղանչել են, և Աստծո փառքից պակասել» (Հռովմայեցիս 3.23): Նրանք, ովքեր էականորեն շեղվել են արդարության ուղիներից, ունեն այդ փրկագնման ծայրահեղ կարիքը, և եթե նրանք լիովին ապաշխարեն, ապա իրավունք ունեն դրանից օգտվելու: Բայց նրանք, ովքեր ջանք են թափել ապրելու արդար կյանքով, նույնպես մեծ անհրաժեշտություն ունեն այս փրկագնման համար, քանի որ առանց Քրիստոսի օգնության ոչ ոք չի կարող հասնել Հոր ներկայությունը: Այսպիսով, այս սիրող փրկագնումը թույլ է տալիս, որ արդարության և ողորմածության օրենքները բավարարվեն բոլոր նրանց կյանքում, ովքեր ապաշխարում և հետևում են Քրիստոսին:

Ինչ մեծ է և ինչ կառկառուն,

ծրագիրը քավման,

ուր սեր, գութ և արդարություն,

դաշն են ու անբաժան:

(“How Great the Wisdom and the Love,” Hymns, no. 195)

Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ուսուցանել է. «Կա մի Քավիչ, մի Միջնորդ, ով կանգնած է կամեցող և ունակ՝ մեղմելու արդարադատության պահանջները և ողորմածություն առաջարկելու նրանց, ովքեր մեղավոր են» (“The Mediator,” Ensign, May 1977, 56):

Սուրբ գրություններում, գրականության մեջ և կյանքում շատ ենք հանդիպում փրկագնման պատմությունների: Քրիստոսի միջոցով մարդիկ կարո՛ղ են փոխել և փոխո՛ւմ են իրենց կյանքը՝ փրկագնում ստանալով: Ես սիրում եմ փրկագնման այս պատմությունները:

Մի ընկեր ունեմ, որն իր երիտասարդ տարիքում չէր հետևում Եկեղեցու ուսմունքներին: Երբ երիտասարդ ամուրի դարձավ, նա հասկացավ, թե ինչից էր զրկվում չապրելով ավետարանով: Նա ապաշխարեց, փոխեց իր կյանքը և սկսեց նվիրված արդար կյանք վարել: Մի օր, մեր պատանեկան ընկերությունից տարիներ անց, ես հանդիպեցի նրան տաճարում: Ավետարանի լույսը շողում էր նրա աչքերում, և ես զգում էի, որ նա նվիրված Եկեղեցու անդամ է, որը փորձում է լիովին ապրել ավետարանով: Նրա պատմությունը փրկագնման պատմություն է:

Մի անգամ ես մկրտության առանձնազրույց էի անցկացնում մի կնոջ հետ, որը շատ ցավալի մեղք էր գործել: Առանձնազրույցի ընթացքում ես հարցրեցի, թե արդյոք նա հասկանում է, որ երբեք չի կարող կրկնել այդ մեղքը: Խոր զգացմունքով իր աչքերում և իր ձայնում, նա ասաց. «Օ՜, նախագահ, ես երբեք չեմ կարող կրկնել այդ մեղքը: Այդ է պատճառը, որ ես ուզում եմ մկրտվել, որպեսզի մաքրվեմ այդ սարսափելի մեղքի հետևանքներից»: Նրա պատմությունը փրկագնման պատմություն է:

Մինչ ես այցելում եմ ցցի համաժողովներ և այլ հանդիպումների վերջին տարիներին, ես իրականացնում եմ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի կոչը՝ փրկել Եկեղեցու քիչ ակտիվ անդամներին: Մի ցցի համաժողովի ժամանակ ես պատմեցի, թե ինչպես մի ոչ ակտիվ անդամ վերադարձել էր լիարժեք ակտիվության նրանից հետո, երբ իր եպիսկոպոսն ու մյուս ղեկավարներն այցելել էին նրան տանը, ասել էին նրան, որ ունեին իր կարիքը և նրան կանչել էին ծխում ծառայելու: Այդ պատմության մարդը ոչ միայն ընդունել էր կոչումը, այլ փոխել էր իր կյանքն ու սովորությունները և լիովին ակտիվացել էր Եկեղեցում:

Իմ ընկերներից մեկն այն ժողովի մեջ էր, որտեղ ես պատմում էի այդ դեպքի մասին: Մինչ ես պատմում էի այդ պատմությունը նրա դեմքը նկատելիորեն փոխվեց: Հաջորդ օրը նա ինձ մի էլ-նամակ ուղարկեց, որում ասում էր, որ այդ պատմության հանդեպ իր հուզական արձագանքի պատճառն այն էր, որ դա շատ նման էր իր աներոջ Եկեղեցի վերադառնալու պատմությանը: Նա ասաց ինձ, որ եպիսկոպոսի այդպիսի մի այցի և Եկեղեցում ծառայելու հրավերի արդյունքում նրա աները վերագնահատել էր իր կյանքն ու իր վկայությունը, լուրջ փոփոխություններ կատարել իր կյանքում և ընդունել էր կոչումը: Այդ վերաակտիվացած մարդն այժմ 88 ժառանգորդ ունի, որոնք Եկեղեցու ակտիվ անդամներ են:

Մի քանի օր անց մի հանդիպման ժամանակ ես պատմեցի այդ երկու պատմությունները: Հաջորդ օրը ես մեկ այլ էլ-նամակ ստացա, որը սկսում էր այսպես. «Դա նման է նաև իմ հոր պատմությանը»: Ցցի նախագահի այդ նամակը պատմում էր, թե ինչպես է նրա հայրը հրավիրվել Եկեղեցում ծառայելու, չնայած ակտիվ չի եղել և որոշ սովորություններ է ունեցել, որոնք անհրաժեշտ է եղել փոխել: Նա ընդունել է հրավերը, ընթացքում ապաշխարել է և, ի վերջո, ծառայել է որպես ցցի նախագահ, այնուհետև՝ միսիայի նախագահ, և իր ժառանգների համար հիմք է դրել, որ նրանք լինեն Եկեղեցու հավատարիմ անդամներ:

Մի քանի շաբաթ անց ես պատմեցի բոլոր երեք պատմությունները մեկ այլ ցցի համաժողովում: Ժողովից հետո մի մարդ մոտեցավ ինձ և ասաց, որ դա նման չէ իր հոր պատմությանը: Սակայն դա նման է իր պատմությանը: Նա պատմեց ինձ այն իրադարձությունների մասին, որոնք նրան օգնեցին ապաշխարել և վերադառնալ լիարժեք ներգրավվածության Եկեղեցում: Եվ այդպես շարունակվեց. մինչ ես փոխանցում էի քիչ ակտիվներին փրկելու պատգամը, ես լսում էի պատմություն պատմությունի ետևից այն մարդկանց մասին, ովքեր արձագանքել էին վերադառնալու և իրենց կյանքը փոխելու հրավերին: Ես լսում էի փրկագնման պատմություններ՝ մեկը մյուսի ետևից:

Թեև մենք երբեք չենք կարող Քավչին ետ վճարել այն, ինչ Նա վճարել է մեզ համար, փրկագնման ծրագիրը կոչ է անում մեր լավագույն ջանքերը ներդնել, որպեսզի լիովին ապաշխարենք և Աստծո կամքը կատարենք: Առաքյալ Օրսոն Ֆ. Ուիթնին գրել է.

Փրկի՜չ, Քավիչ իմ հոգու,

Քո հզոր ձեռքը բժշկել է ինձ,

Քո հրաշագործ զորությունը բարձրացրել է ինձ,

Եվ քաղցրով լցրել է բաժակն իմ դառը:

Բառեր չկան, որ գոհություն հայտնեմ,

O՜, ողորմած՝ Իսրայելի Աստված:

Երբեք չեմ կարող քեզ հատուցել,

Տէ՜ր, բայց կարող եմ քեզ սիրել:

Քո մաքուր խո՞սքը չի եղել իմ միակ հրճվանքը,

Օրվա իմ ուրախությունը, գիշերվա իմ երազը:

Արդ, թող իմ շուրթերը և իմ վարքը,

Ընդմիշտ խոսեն, գործեն քո կամքը:

(“Savior, Redeemer of My Soul,” Hymns, no. 112)

Ես բերում եմ իմ վկայությունը Քրիստոսի Քավության զորության մասին: Երբ ապաշխարում ենք և գալիս ենք Նրա մոտ, մենք կարող ենք ստանալ հավերժական կյանքի բոլոր օրհնությունները: Իմ աղոթքն է, որ մենք կարողանանք դա անել, ձեռք բերելով փրկագնման սեփական պատմությունը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: