2010–2019 թթ․
Կանգնեք սուրբ տեղերում
Հոկտեմբեր 2011


Կանգնեք սուրբ տեղերում

Մեր Երկնային Հոր հետ հաղորդակցվելը, այդ թվում մեր աղոթքները Նրան և Նրա ոգեշնչումը մեզ, անհրաժեշտ է, որպեսզի մենք դիմակայենք կյանքի փոթորիկներին ու փորձանքներին:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մենք հրաշալի ուղերձներ լսեցինք այս առավոտ, և ես գովաբանում եմ բոլոր խոսնակներին: Մենք առանձնապես ուրախ ենք, որ Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը կրկին մեզ հետ է և ապաքինված է զգում: Մենք սիրում ենք քեզ, Բոբ:

Խորհելով այն մասին, ինչ ուզում եմ ասել ձեզ այս առավոտ՝ ես զգացել եմ, որ պետք է կիսվեմ որոշ մտքերով ու զգացմունքներով, որոնք համարում եմ՝ տեղին են և ժամանակին. Ես աղոթում եմ, որ առաջնորդություն ունենամ խոսքերս ասելիս:

Ես ապրում եմ այս աշխարհում արդեն 84 տարի: Որպեսզի մի քիչ պատկերացում կազմեք, ես ծնվել է նույն թվականին, երբ Չարլզ Լինդբերգը առաջին անգամ միայնակ չվերթ կատարեց Նյու Յորքից մինչև Փարիզ մեկ շարժիչով, մեկ տեղանոց ինքնաթիռով: Շատ բան է փոխվել 84 տարիների ընթացքում: Մարդը վաղուց գնացել է լուսին ու վերադարձել: Փաստորեն, երեկվա գիտական վիպագրությունը դարձել է այսօրվա իրողությունը: Եվ այդ իրողությունը, մեր ժամանակների տեխնաբանության շնորհիվ, փոխվում է՝ այնքան արագ, որ մենք հազիվ ենք կարողանում քայլել դրան համընթաց, ավելի շուտ՝ հետ ենք մնում: Նրանց համար, ովքեր հիշում են սկավառակով հեռախոսներն ու ձեռքի տպագրական մեքենաները, այսօրվա տեխնաբանությունն ավելին է, քան պարզապես զարմանալի:

Մեծ արագությամբ զարգանում է նաև հասարակության բարոյական կողմնացույցը: Վարքագծերը, որոնք ժամանակին անվայել և անբարոյական էին համարվում, այժմ ոչ միայն հանդուրժելի են դառնում, այլ շատերի կողմից հավանության են ստանում:

Վերջերս մի հոդված կարդացի Wall Street Journal լրագրում, որի հեղինակը Մեծ Բրիտանիայի գլխավոր ռաբբին՝ Ջոնաթան Սաքսն էր: Ի թիվս այլ բաների, նա գրում է. «1960-ականներին արևմտյան գրեթե բոլոր հասարակություններում բարոյական հեղափոխություն կատարվեց, երբ մարդիկ սկսեցին հրաժարվել բարոյական զսպվածության ավանդական չափանիշից: «Սերն է այն ամենն, ինչ քեզ անհրաժեշտ է», երգում էին Բիթլզ համույթի տղաները: Հրեա-քրիստոնեական բարոյական օրենքները թողնվեցին ետևում: Դրանց փոխարինեց «Արա այն, ինչ քեզ հարմար է» կարգախոսը: Տասը պատվիրանները վերաձևակերպվեցին որպես տասը ստեղծարար առաջարկություններ»:

Ռաբբի Սաքսը շարունակում է՝ գանգատվելով.

«Մենք ծախսում ենք մեր բարոյական կարողությունները նույն անխոհեմությամբ, ինչպես ծախսում ենք մեր ֆինանսական կարողությունները …

[Աշխարհի] շատ տեղեր կան, որտեղ կրոնն անցյալի բան է և չկա հակընդդեմ ձայն այն մշակույթին, որը սովորեցնում է՝ գնիր, ծախսիր, հագիր, քեզ ցույց տուր, որովհետև դու արժանի ես: Ուղերձն այն է, որ բարոյականությունը հնաոճություն է, խղճմտանքը՝ թույլերի համար է, և միակ գերակշռող պատվիրանը սա է. «Միայն թե մի՛ բռնվիր»:1

Իմ եղբայրներ և քույրեր, սա, ցավոք, ճիշտ նկարագիր է մեզ շրջապատող աշխարհի մեծ մասի համար: Բայց մի՞թե մենք պետք է հուսահատ մեր ձեռքերը ծալենք ու ոչինչ չանելով մտածենք, թե արդյոք կգոյատևենք նման աշխարհում: Ո՛չ, մենք ունենք Հիսուս Քրիստոսի ավետարանը մեր կյանքում և գիտենք, որ բարոյականությունը հնաոճություն չէ, որ մեր խղճմտանքը տրված է առաջնորդվելու համար, և որ մենք պատասխանատու ենք մեր գործողությունների համար:

Չնայած աշխարհը փոխվել է, Աստծո օրենքները մնում են անփոփոխ: Դրանք չեն փոխվել, դրանք չեն փոխվի: Տասը պատվիրաններն իրականում պատվիրաններ են: Դրանք առաջարկություններ չեն : Դրանք նույնքան անհրաժեշտ են այսօր, որքան երբ Աստված դրանք տվեց Իսրայելի զավակներին: Եթե միայն ականջ դարձնենք, մենք կլսենք Աստծո ձայնի արձագանքն այստեղ և այժմ մեզ հետ խոսելիս.

«Բացի ինձանից ուրիշ աստուածներ չունենաս:

Քեզ համար կուռք չշինես …

Քո Եհովա Աստծո անունը դատարկ տեղը չհիշես …

«Հիշիր հանգստության օրը նորան սուրբ պահելու համար: …

Պատվիր քո հորը և քո մորը: …

Սպանություն մի անիր:

Շնություն մի՛ անիր:

Գողություն մի՛ անիր:

Սուտ վկայություն մի՛ տուր: …

Ուրիշի ունեցվածքը մի՛ ցանկացիր»:2

Մեր վարքագիծն անփոփոխ է. այն սակարկելի չէ: Այն գտնվում է ոչ միայն տասը պատվիրաններում, այլ նաև սարի քարոզի մեջ, որը մեզ տրվել է Փրկչի կողմից, երբ Նա քայլում էր երկրի վրա: Այն գտնվում է Նրա բոլոր ուսմունքներում: Այն գտնվում է ժամանակակից հայտնության խոսքերում:

Մեր Երկնային Հայրը նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Մորմոն մարգարեն ասում է մեզ, որ Աստված «անփոփոխ է՝ ողջ հավերժությունից ողջ հավերժություն»:3 Այս աշխարհում, ուր գրեթե ամեն ինչ կարծես թե փոխվում է, Նրա հաստատունությունը մի բան է, որին կարող ենք ապավինել, մի խարիսխ, որից կարող ենք բռնվել և անվտանգ մնալ, որ չլինի թե քշվենք դեպի օտար ջրեր:

Ժամանակ առ ժամանակ ձեզ կարող է թվալ, թե նրանք, որ աշխարհում են, ունեն ավելի շատ զվարճանք, քան դուք: Ձեզանից ոմանք կարող են սահմանափակված զգալ վարքագծի այն չափանիշներից, որոնց մենք հետամուտ ենք որպես Եկեղեցի: Սակայն, իմ եղբայրնե՛ր և քույրեր, ես հայտարարում եմ ձեզ, որ չկա ոչինչ, որը կարող է մեր կյանքին ավելի շատ ուրախություն տալ կամ մեր հոգիներին ավելի շատ խաղաղություն բերել, քան Հոգին, որը կարող է այցելել մեզ, երբ մենք հետևում ենք Փրկչին և պահում պատվիրանները: Այդ Հոգին չի կարող ներկա գտնվել այն տեսակի միջոցառումներում, որոնց այդքան շատ մասնակցում են աշխարհում: Պողոս Առաքյալը հայտարարել է ճշմարտությունը, որ «շնչավոր մարդն Աստծո Հոգու բաները չէ ընդունում. որովհետև նրանք հիմարություն են նրա համար. և չէ կարող էլ գիտենալ, որովհետև հոգևոր կերպով են քննվում»:4Բնական մարդ տերմինը կարող է վերաբերել մեզանից յուրաքանչյուրին, եթե մենք թույլ տանք, որ այդպես լինի:

Մենք պետք է աչալուրջ լինենք աշխարհում, որն այնքան հեռացել է հոգևորից: Կարևոր է, որ մենք մերժենք ցանկացած բան, որը չի համապատասխանում մեր չափանիշներին, չմոռանալով այն, ինչը մենք ցանկանում ենք առավելագույնը՝ հավերժական կյանք Աստծո արքայությունում: Ժամանակ առ ժամանակ փոթորիկները կծեծեն մեր դռները, քանզի դրանք մեր մահկանացու կյանքի փորձառության անխուսափելի մասն են: Սակայն մենք շատ ավելի լավ պատրաստված կլինենք գործ ունենալու դրանց հետ՝ սովորելու դրանցից, հաղթահարելու դրանք, եթե կանգնած լինենք ավետարանի հիմքի վրա և ունենանք Փրկչի սերը մեր սրտերում: Եսայիա մարգարեն հայտարարել է, որ «արդարության գործը կլինի խաղաղություն և արդարության արդյունքը՝ հանգիստ ու ապահովություն հավիտյան»:5

Որպես աշխարհում լինելու, բայց աշխարհից չլինելու միջոց, անհրաժեշտ է, որ մենք աղոթքի միջոցով շփվենք մեր Երկնային Հոր հետ: Նա ցանկանում է, որ մենք դա անենք: Նա կպատասխանի մեր աղոթքներին: Փրկիչը հորդորել է մեզ, ինչպես գրված է 3 Նեփիի 18-րդ գլխում՝ «արթուն մնացեք և միշտ աղոթեք, որ չլինի թե մտնենք գայթակղության մեջ. քանզի Սատանան փափագում է տիրել ձեզ: …

Ուստի դուք պետք է միշտ աղոթեք Հորը՝ իմ անունով:

Եվ ինչ որ դուք խնդրեք Հորը, իմ անունով, ինչ որ ճիշտ է, հավատալով, որ դուք կստանաք, ահա այն կտրվի ձեզ»:6

Ես ստացել եմ իմ վկայությունը աղոթքի զորության մասին, երբ 12 տարեկան էի: Ես ծանր աշխատանք էի կատարել, որպեսզի որոշակի գումար վաստակեմ, և ինձ հաջողվել էր հինգ դոլար տնտեսել: Սա Մեծ ճգնաժամի տարիներին էր, երբ հինգ դոլարը զգալի գումար էր, հատկապես 12 տարեկան պատանու համար: Ես տվեցի հինգ դոլար կազմող իմ բոլոր մետաղադրամներն իմ հայրիկին, և նա տվեց ինձ հինգ դոլարանոց թղթադրամ: Ես գիտեմ, որ ծրագրել էի մի որոշակի բան գնել այդ հինգ դոլարով, թեև տարիներ անց ես չեմ կարողանում հիշել, թե դա ինչ էր: Ես պարզապես հիշում եմ, թե որքան կարևոր էր այդ գումարն ինձ համար:

Այդ ժամանակ մենք չունեինք սեփական լվացքի մեքենա, այնպես որ մայրս ամեն շաբաթ մեր հագուստներն ուղարկում էր լվացքատուն: Մի երկու օր անց մեզ վերադարձնում էին այսպես կոչված «թաց լվացքը», որը մայրս կախում էր տան ետևի մեր լվացքի պարանին, որ չորանա:

Ես իմ հինգ դոլարանոցը ծալել դրել էի ջինսիս գրպանում, և ինչպես, հավանաբար, կարող եք կռահել, իմ ջինսն ուղարկվել էին լվացքատուն գումարը գրպանում: Երբ ես հասկացա, թե ինչ է տեղի ունեցել, ես տարվեցի հիվանդագին անհանգստությամբ: Ես գիտեի, որ, սովորաբար, լվացքից առաջ գրպանները ստուգվում էին: Եթե իմ գումարը չհայտնաբերվեր և չվերցվեր այդ ժամանակ, ապա գրեթե համոզված էի, որ լվացքի ընթացքում այն կընկներ և լվացքատան աշխատողն այն կվերցներ, քանի որ նույնիսկ եթե ցանկանար, վերադարցնել, նա չէր պատկերացնի, թե գումարը ում պետք է վերադարձվի: Իմ հինգ դոլարը ետ ստանալու հավանականությունը խիստ քիչ էր՝ մի փաստ, որը հաստատեց թանկագին մայրս, երբ նրան ասացի, որ գումարը թողել եմ իմ գրպանում:

Ես ցանկանում էի այդ փողը. այդ փողն ինձ անհրաժեշտ էր. ես շատ ծանր աշխատանք էի կատարել այդ փողը վաստակելու համար: Ես հասկացա, որ ընդամենը մեկ բան կա, որ կարող եմ անել: Իմ ծայրահեղ վիճակում ես դիմեցի իմ Երկնային Հորը և Նրան խնդրեցի ինչ-որ կերպ ապահով պահել իմ գումարը գրպանում՝ մինչև մեր թաց լվացքի վերադարձը:

Երկու շատ երկար օրեր անց, երբ գիտեի, որ ժամանակն էր, որ առաքման բեռնատարը բերի մեր լվացքը, ես նստել էի պատուհանի մոտ ու սպասում էի: Երբ բեռնատարը կանգ առավ կողնակին, սիրտս սկսեց տրոփել: Հենց որ թաց շորերը տուն հասան, ես վերցրեցի ջինսս ու վազեցի իմ ննջասենյակ: Ձեռքս դողդողալով գրպանս տարա: Երբ անմիջապես ոչինչ չգտա, մտածեցի վերջ՝ կորել է: Ապա իմ մատները հպվեցին հինգ դոլարանոց թաց թղթադրամին: Մինչ գրպանիցս հանում էի այն, մի հանգստություն թափվեց ինձ վրա: Ես երախտագիտության սրտառուչ աղոթք ասեցի իմ Երկնային Հորը, քանի որ գիտեի, որ նա պատասխանել էր իմ աղոթքին:

Դրանից հետո ես անթիվ աղոթքների պատասխան եմ ստացել: Ոչ մի օր չի եղել, որ ես չհաղորդակցվեմ իմ Երկնային Հոր հետ աղոթքով: Ես փայփայում եմ այդ թանկագին հարաբերությունը, առանց որի, բառիս բուն իմաստով, ես կորած կլինեի: Եթե դուք հիմա չունեք նման հարաբերություններ ձեր Երկնային Հոր հետ, ես հորդորում եմ ձեզ աշխատել այդ նպատակի ուղղությամբ: Երբ դուք անեք այդ, դուք իրավունք կունենաք ստանալ Նրա ոգեշնչումն ու առաջնորդությունը ձեր կյանքում՝ անհրաժեշտ բան մեզանից յուրաքանչյուրի համար, եթե մենք ուզում ենք հոգևորապես գոյատևել այստեղ, երկրի վրա մեր պանդխտության ընթացքում: Նման ոգեշնչումն ու առաջնորդությունը պարգևներ են, որ Նա ազատ տալիս է, եթե մենք ձգտում ենք դրանց: Ի՜նչ արժեքավոր բաներ են դրանք:

Ես միշտ խոնարհ և երախտապարտ եմ զգում, երբ իմ Երկնային Հայրը շփվում է ինձ հետ՝ ոգեշնչելով ինձ: Ես սովորել եմ ճանաչել այն, վստահել և հետևել դրան: Կրկին ու կրկին անգամ, ես ստացել եմ նման ոգեշնչում: Մեկ այլ դրամատիկական փորձառություն է տեղի ունեցել 1987թ. օգոստոսին Գերմանիայի Ֆրանկֆուրտ Տաճարի նվիրագործման ընթացքում: Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը մեզ հետ էր եղել նվիրագործման առաջին մեկ-երկու օրը, սակայն վերադարձել էր տուն, և ուստի, իմ հնարավորությունը եղավ անցկացնել մնացած նիստերը:

Շաբաթ օրը մենք նիստ ունեցանք հոլանդացի մեր անդամների համար, ովքեր Ֆրանկֆուրտի Տաճարի տարածքում էին: Ես լավ ծանոթ էի Նիդեռլանդների մեր հրաշալի ղեկավարներից մեկի՝ Եղբայր Պիտեր Մյուրիկի հետ: Նիստից մի փոքր առաջ, ես հստակ տպավորություն զգացի, որ պետք է Եղբայր Մյուրիկին խոսելու հնարավորություն տամ իր ընկեր հոլանդական անդամների նիստի ընթացքում, և որ, փաստորեն, նա պետք է առաջին խոսնակը լինի: Տեսած չլինելով նրան տաճարում այդ առավոտյան՝ ես մի երկտող փոխանցեցի Երեց Կառլոս Ի. Էսեին՝ մեր տարածքի նախագահին, հարցնելով, թե արդյոք Պիտեր Մյուրիկը ներկա էր այդ նիստում: Նիստը սկսելու համար ոտքի կանգնելուց առաջ, ես ստացա պատասխան գրություն: Երեց Էսեյը նշել էր, որ Եղբայր Մյուրիկն այդ նիստում չէր, նա այլ հանձնարարության էր, և որ նա պատրաստվում էր ներկա գտնվել տաճարի նվիրագործման հաջորդ օրվա նիստին՝ զինծառայողների ցցերի հետ:

Երբ կանգնեցի ամբիոնի առաջ, որպեսզի ողջունեմ մարդկանց և հայտարարեմ ծրագիրը, ես ևս մեկ անգամ անվրեպ ոգեշնչում ստացա, որ Պիտեր Մյուրիկին պետք է հայտարարեմ որպես առաջին խոսնակ: Սա հակառակ էր իմ բոլոր բնազդներին, քանի որ հենց նոր էի լսել Երեց Էսեից, որ եղբայր Մյուրիկը հաստատ տաճարում չէր : Վստահելով ոգեշնչմանը, այդուամենայնիվ, ես հայտարարեցի երգչախմբի կատարումը, աղոթքը, և ապա նշեցի, որ մեր առաջին խոսնակը կլինի Եղբայր Պիտեր Մյուրիկը:

Երբ վերադարձա տեղս, նայեցի դեպի Երեց Էսեյը և տագնապ տեսա նրա դեմքին: Հետագայում նա ասաց ինձ, որ երբ ես հայտարարեցի Եղբայր Մյուրիկին որպես առաջին խոսնակ, նա չէր կարողանում հավատալ իր ականջներին: Նա գիտեր, որ ես ստացել էի նրա երկտողը, որ ես իսկապես կարդացել էի այն, և նա չէր կարող խորամուխ լինել, թե ինչու եմ ես հայտարարում Եղբայր Մյուրիկին որպես խոսնակ՝ իմանալով, որ նա տաճարում չէր:

Այս ամենը տեղի ունենալու ժամանակ Պիտեր Մյուրիկը ժողովի էր Պորտշտրասի տարածքի գրասենյակում: Մինչ ժողովն ընթանում էր, նա հանկարծ շրջվեց դեպի Երեց Թոմաս Ա. Հոկեսը, որն այդ ժամանակ տարածաշրջանային ներկայացուցիչ էր, և հարցրեց. «Քանի՞ րոպեում կարող ես ինձ տաճար հասցնել»:

Երեց Հոկեսը, որը հայտնի էր իր փոքրիկ սպորտային մեքենան արագ վարելով, պատասխանեց. «Ես ձեզ կարող եմ այնտեղ հասցնել 10 րոպեում: Բայց ինչո՞ւ եք ուզում տաճար գնալ»:

Եղբայր Մյուրիկը խոստովանեց, որ չգիտեր, թե ինչու պետք է գնար տաճար, սակայն, գիտեր, որ պետք է գնար այնտեղ: Նրանք երկուսով անմիջապես ճանապարհվեցին դեպի տաճար:

Երգչախմբի հրաշալի կատարման ընթացքում ես նայում էի շրջապատս, մտածելով, որ ցանկացած պահի կտեսնեմ Պիտեր Մյուրիկին: Սակայն ես չտեսա նրան: Հատկանշական է, սակայն, որ ես ահազանգ չէի զգում: Ես մի քաղցր, անհերքելի հավաստիացում ունեի, որ ամեն բան լավ կլինի:

Բացման աղոթքը վերջանալիս Եղբայր Մյուրիկը ներս մտավ տաճարի առջևի դռնով, դեռևս չիմանալով, թե ինչու էր այնտեղ: Շտապելով դեպի դահլիճ՝ նա տեսավ իմ դեմքը մոնիտորի վրա և լսեց ինձ հայտարարելիս. «Այժմ մենք կլսենք եղբայր Պիտեր Մյուրիկին»:

Ի զարմանս Երեց Էսեի՝ Պիտեր Մյուրիկն անմիջապես ներս մտավ սենյակ և զբաղեցրեց իր տեղը ամբիոնի մոտ:

Նիստից հետո Եղբայր Մյուրիկը և ես քննարկեցինք այն, ինչ տեղի էր ունեցել նախքան նրա խոսելու հնարավորությունը: Ես խորհել եմ այն ոգեշնչման մասին, որը եկավ այդ օրը ոչ միայն ինձ, այլ նաև Եղբայր Պիտեր Մյուրիկին: Այդ նշանավոր փորձառությունը անհերքելի վկայությունը է դարձել ինձ համար, որ կարևոր է արժանի լինել՝ նման ոգեշնչում ստանալու, իսկ հետո, վստահելու դրան, երբ այն գալիս է: Առանց կասկածի ես գիտեմ, որ Տերը նախատեսել էր նրանց համար, ովքեր ներկա էին Ֆրանկֆուրտի Տաճարի նվիրագործման այդ նիստին, լսել Նրա ծառայի՝ եղբայր Պիտեր Մյուրիկի հզոր և հուզիչ վկայությունը:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մեր Երկնային Հոր հետ հաղորդակցվելը, այդ թվում մեր աղոթքները Նրան և Նրա ոգեշնչումը մեզ, անհրաժեշտ է, որպեսզի մենք դիմակայենք կյանքի փոթորիկներին ու փորձանքներին: Տերը հրավիրում է մեզ. «Մոտեցեք ինձ, և ես կմոտենամ ձեզ. փնտրեք ինձ ջանասիրաբար, և կգտնեք ինձ»:7 Երբ մենք դա անենք, նա մեր կյանքը կլցնի Իր Հոգով, տալով մեզ ցանկություն և քաջություն՝ ամուր և կայուն կանգնելու արդարությամբ՝ «կանգնելու … սուրբ տեղերում և չշարժվելու»:8

Մինչ փոփոխության քամիները պտտվում են մեր շրջապատում և հասարակության բարոյական մանրաթելերը շարունակում են քայքայվել մեր աչքի առաջ, թող որ մենք հիշենք Տիրոջ թանկարժեք խոստումները նրանց, ովքեր ապավինում են նրան. «Մի վախենար, որովհետև ես քեզ հետ եմ. մի վեհերիր, որովհետև ես քո Աստվածն եմ. ես զորացրել եմ քեզ. նաև օգնել եմ քեզ. նաև քեզ հաստատել եմ իմ արդարության աջով»:9

Ինչպիսի խոստում: Թող որ այդպիսին լինի մեր օրհնությունը. դա իմ անկեղծ աղոթքն է մեր Տեր և Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: