2010–2019 թթ․
Հիսուսի ուսմունքները
Հոկտեմբեր 2011


Հիսուսի ուսմունքները

Հիսուս Քրիստոսը Աստծո Միածին և Սիրելի Որդին է: … Նա մեր Փրկիչն է մեղքից ու մահից: Սա ամենակարևոր գիտելիքն է աշխարհում:

«Ձեզ ինչպե՞ս է երեւում Քրիստոսի համար» Մատթեոս 22.42: Այդ խոսքերով Հիսուսը շփոթեցրեց Իր ժամանակի Փարիսեցիներին: Այդ նույն խոսքերով ես հարցնում եմ իմ ընկեր Վերջին Օրերի Սրբերին և այլ Քրիստոնյաների. իրականում Հիսուս Քրիստոսի մասին ինչի՞ն եք իսկապես հավատում և ի՞նչ եք անում այդ հավատքի պատճառով:

Իմ սուրբ գրային մեջբերումների մեծ մասը կլինեն Աստվածաշնչից, որովհետև այն ծանոթ է Քրիստոնյաների մեծ մասին: Իմ մեկնաբանություններն, իհարկե, կհիմնվեն ժամանակակից սուրբ գրությունների վրա, հատկապես Մորմոնի Գրքի, թե ինչ է ուսուցանում մեզ Աստվածաշնչի այն հատվածների իմաստների մասին, որոնք այնքան մշուշապատ են, որ տարբեր Քրիստոնյաներ չեն համաձայնվում դրանց իմաստի հետ: Ես դիմում եմ հավատացյալներին, բայց ուրիշներին ևս: Ինչպես այս առավոտ մեզ ուսուցանեց Երեց Թադ Ռ. Քալիսթերը, իրենց Քրիստոնյաներ անվանող որոշ մարդիկ փառաբանում են Հիսուսին որպես մեծ ուսուցիչ, բայց ձեռնպահ են մնում Նրա աստվածայնությունը հաստատելուց: Նրանց դիմելու համար ես օգտագործել եմ հենց Իր՝ Հիսուսի խոսքերը: Մենք պետք է բոլորս հաշվի առնենք թե ինչ սովորեցրեց Նա Ինքը՝ Իր ով լինելու մասին, և ինչ անելու համար էր երկիր ուղարկվել:

Միածին Որդին

Հիսուսն ուսուցանեց, որ Նա Միածին Որդին էր: Նա ասաց.

«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չկորչի այլ յաւիտենական կեանքն ունենայ:

Որովհետեւ Աստուած իր Որդին չուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի» (Հովհաննես 3.16–17):

Հայր Աստված հաստատեց այդ: Փոխակերպման սարի վրա ունեցած սրբազան փորձառության գագաթնակետին, Նա հայտարարեց երկնքից. «դա է իմ սիրելի Որդին, որին ես հաւանել եմ. դորան լսեցեք» (Մատթեոս 17.5):

Հիսուսը սովորեցրեց մեզ նաև, որ Իր արտաքինը նույնն է ինչ Իր Երկնային Հոր արտաքինը: Իր Առաքյալներին Նա ասաց.

«Եթե ինձ գիտենայիք, իմ Հօրն էլ կգիտենայիք. Եւ սորանից յետոյ կգիտենաք նորան եւ տեսաք նորան:

Փիլիպպոսը նորան ասեց. Տէր, Հայրը ցոյց տուր մեզ, եւ բաւական է մեզ:

Յիսուսը նորան ասեց. Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, եւ ինձ չճանաչեցի՞ր, Փիլիպպոս. Ինձ տեսնողը Հօրը տեսաւ. Եւ դու ի՞նչպէս ես ասում. Հայրը ցոյց տուր մեզ» (Հովհաննես ԺԴ.7–9):

Պողոս Առաքյալը այսպես է նկարագրել Որդուն որպես «[Հայր Աստծո] էութեան նկարագիրը» (Եբրայեցիս Ա.3, տես նաև Բ Կորնթացիս Դ.4):

Արարիչ

Հովհաննես Առաքյալը գրել է, որ Հիսուսը, որին նա կոչում է «Բանը» «նա սկզբումն Աստուծոյ մօտ էր: Ամեն ինչ նորանով եղաւ, եւ առանց նորան ոչինչ չեղաւ, ինչ որ եղաւ» (Հովհաննես Ա.2–3): Այսպիսով, Հոր ծրագրի ներքո Հիսուս Քրիստոսը բոլոր բաների Արարիչն էր:

Իսրայելի Տեր Աստվածը

Պաղեստինում Իր ժողովրդին ծառայելու ընթացքում Հիսուսը հայտարարեց, որ Ինքը Եհովան էր, Իսրայելի Տեր Աստվածը (տես Հովհաննես Ը.58): Ավելի ուշ, հարություն առած վիճակում, Նա ծառայեց Իր ժողովրդին Ամերիկյան մայր-ցամաքում; Այնտեղ Նա հայտարարեց.

«Ահա, ես եմ Հիսուս Քրիստոսը, ում մասին մարգարեները վկայել էին, որ պիտի գա աշխարհ: …

Ես եմ Իսրայելի Աստվածը և ողջ երկրագնդի Աստվածը» (3 Նեփի 11.10, 14):

Ի՞նչ է արել Նա մեզ համար

Ցցի համաժողովում շատ տարիներ առաջ ես հանդիպեցի մի կնոջ, որն ասաց, որ իրեն խնդրել են վերադառնալ եկեղեցի շատ տարիներ հեռու լինելուց հետո, բայց չէր կարողանում գտնել որևէ պատճառ, թե ինչու պետք է դա անի: Նրան խրախուսելու համար ես ասացի. «Երբ մտածեք, այն բոլոր բաների մասին, որ Փրկիչն արել է մեզ համար, միթե՞ դուք եկեղեցի վերադառնալու և Նրան երկրպագելու ու ծառայելու ոչ մի պատճառ չեք ունենա»: Ես ապշեցի նրա պատասխանից. «Իսկ ի՞նչ է արել Նա ինձ համար»: Նրանց համար, ովքեր չեն հասկանում, թե ինչ է արել Փրկիչը մեզ համար, ես կպատասխանեմ այդ հարցին Իր իսկ խոսքերով և իմ իսկ վկայությամբ:

Աշխարհի կյանքը

Աստվածաշունչը հաղորդում է Հիսուսի ուսմունքը. «Ես եկայ որ կեանք ունենան, –ուսուցանեց Հիսուսը, – եւ էլ աւելի ունենան» (Հովհաննես Ժ.10): Հետագայում Նոր Աշխարհում Նա հայտարարեց. «Ես եմ լույսն ու կյանքն աշխարհի» (3 Նեփի 11.11): Նա է աշխարհի կյանքը, որովհետև Նա մեր արարիչն է, և որովհետև Նրա Հարության միջոցով, մենք բոլորս հավաստիացում ենք ստանում, որ կրկին կապրենք: Եվ կյանքը, որ Նա է տալիս մեզ միայն մահկանացու կյանք չէ: Նա ուսուցանել է. «Եւ ես յաւիտենական կեանք եմ տալիս նորանց, եւ նորանք յաւիտեան չեն կորչիլ եւ ոչ ով չի յափշտակիլ նորանց իմ ձեռիցը» (Հովհաննես Ժ.28, տես նաև Հովհաննես ԺԷ.2):

Աշխարհի լույսը

Հիսուսը նաև ուսուցանեց. «Ես եմ աշխարհքի լոյսը. ով որ իմ ետեւից գայ, նա խաւարումը չի գնալ» (Հովհաննես Ը.12): Նա նաև հայտարարեց. «Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը» (Հովհաննես ԺԴ.6): Նա է Ճանապարհը և Նա է լույսը, որովհետև Նրա ուսմունքները լուսավորում են մեր ուղին մահկանացու կյանքում և ցույց տալիս մեզ դեպի Հայրը վերադառնալու ուղին:

Հոր կամքը կատարելը

Հիսուսը միշտ պատվում էր Հորը և հետևում Նրան: Նույնիսկ պատանի հասակում Նա հայտարարեց Իր երկրային ծնողներին. «Ի՞նչու համար էիք ինձ որոնում. Դուք չգիտեի՞ք թե պետք է, որ ես իմ Հօր տանը լինեմ» (Ղուկաս Բ.49): Որովհետեւ ես իջայ երկնքիցը, – ուսուցանեց Նա հետագայում, – որ ոչ թէ իմ կամքն անեմ, այլ ինձ ուղարկողի կամքը (Հովհաննես Զ.38, տես նաև Հովհաննես Ե.19): Եվ Փրկիչը ուսուցանեց. «Ոչ ով չի գալիս Հոր մօտ, եթե ոչ ինձանով» (Հովհաննես ԺԴ.6, տես նաև Մատթեոս ԺԱ.27):

Մենք վերադառնում ենք Հոր մոտ՝ կատարելով Նրա կամքը: Հիսուսը ուսուցանեց. «Ոչ թէ ամեն ինձ Տէր, Տէր ասողը կմտնէ երկնքի արքայութիւնը. Այլ նա որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է» (Մատթեոս Է.21): Նա բացատրեց.

«Շատերը կասեն ինձ այն օրը, Տէր, Տէր. չէ՞ որ քո անունովը մարգարէացանք, եւ քո անունովը դեւեր հանեցինք, եւ քո անունովը շատ զօրութիւններ գործեցինք:

Եւ ես այն ժամանակ պարզ կասեմ նորանց, թէ երբեք ձեզ չեմ ճանաչել. Ինձանից դէն գնացէք, ով անօրէնութիւն գործողներ» (Մատթեոս 7.22–23):

Ուրեմն ո՞վ կմտնի երկնքի արքայությունը: Ոչ թե նրանք, ովքեր պարզապես հրաշագործություններ են կատարում օգտագործելով Տիրոջ անունը, սովորեցրեց Հիսուսը, բայց միայն նա «որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է»:

Մեծ օրինակը

Հիսուսը ցույց տվեց մեզ, թե ինչպես օրինակ լինել: Կրկին և կրկին Նա հրավիրեց մեզ հետևել Իրեն: «Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նորանց եւ իմ ետեւից գալիս են» (Հովհաննես Ժ.27):

Քահանայության իշխանությունը

Նա քահանայության իշխանություն տվեց Իր Առաքյալներին (տես Մատթեոս Ժ.1) և ուրիշների: Պետրոսին՝ գլխավոր Առաքյալին, Նա ասաց.«Եւ ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները, եւ այն որ կապես երկրի վերայ, կապուած կլինի երկնքումը. Եւ այն որ երկրի վերայ արձակես, արձակուած կլինի երկնքումը» (Մատթեոս ԺԶ.19, տես նաև Մատթեոս ԺԸ.18):

Ղուկասը հիշատակում է, որ «Տերը … յոթանասուն հոգի էլ կարգեց. եւ նորանց երկու երկու իր երեսի առաջին ուղարկեց այն բոլոր քաղաքներն եւ տեղերն, որտեղ որ ինքը գնալու էր» (Ղուկաս Ժ.17): Հետագայում այս Յոթանասունը ուրախությամբ պատմում էին Հիսուսին. «Դեւերն էլ հնազանդում են մեզ քո անունովը» (Ղուկաս Ժ.17): Ես քահանայության այդ իշխանության վկան եմ:

Սուրբ Հոգու առաջնորդությունը

Իր երկրային ծառայության վերջում Հիսուսը սովորեցրեց Իր Առաքյալներին. «Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկէ իմ անունովը, նա ամեն բան կսովորեցնէ ձեզ, եւ կյիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի» (Հովհաննես ԺԴ.26) և «նա կառաջնորդէ ձեզ ամեն ճշմարտութեան մէջ» (Հովհաննես ԺԶ.13):

Առաջնորդություն Նրա պատվիրաններով

Նա նաև առաջնորդում է մեզ Իր պատվիրաններով: Այդպես պատվիրեց Նա Նեփիացիներին, որ նրանք այլևս չպետք է վիճաբանություններ ունենան վարդապետության կետերի վերաբերյալ, քանզի Նա ասաց.

«Նա, որ ունի հակառակության ոգին, ինձանից չէ, այլ դևից է, որը հակառակության հայրն է, և նա դրդում է մարդկանց սրտերը՝ բարկությամբ վիճելու մեկը մյուսի հետ:

Ահա, սա իմ վարդապետությունը չէ՝ բարկության դրդել մարդկանց սրտերը մեկմեկու դեմ. Այլ այս է իմ վարդապետությունը, որ այդպիսի բաները պիտի վերացվեն»: (3 Նեփի 11.29–30):

Կենտրոնացեք հավերժական կյանքի վրա

Նա նաև կոչ է անում մեզ կենտրոնանալ Իր վրա, ոչ թե աշխարհի բաների վրա: Կյանքի հացի մասին Իր մեծ քարոզի մեջ Հիսուսը բացատրեց հակադրությունը մահկանացու և հավերժական սնուցման միջև: «Գործեցէք ոչ թէ կորչելու կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնացող է յաւիտենական կեանքի մէջ. Որ մարդի Որդին կտայ ձեզ» (Հովհաննես Զ.27): Փրկիչը ուսուցանեց, որ Ինքն է Կյանքի Հացը՝ հավերժական սնուցման աղբյուրը: Խոսելով մահկանացու սնուցման մասին, որն առաջարկում է աշխարհը, ներառյալ մանանան, որ Եհովան ուղարկեց կերակրելու Իսրայելի զավակներին անապատում, Հիսուսը սովորեցրեց, որ նրանք, ովքեր ապավինում էին այս հացին, այժմ մահացել են (տես Հովհաննես Զ.49–50): Ի հակադրություն, սնուցումը, որ Նա էր առաջարկում «կենդանի հացն է, որ երկնքիցն է իջել» և Հիսուսն ուսուցանեց, «Եթե մէկն այս հացիցն ուտէ, յավիտեան կապրի» (Հովհաննես Զ.51):

Նրա աշակերտներից ոմանք ասացին «Խիստ է այդ բանը», և այդ ժամանակվանից Նրա հետևորդներից շատերը «ետ գնացին, եւ այլեւս ման չէին գալիս նորա հետ» (Հովհաննես 6.60, 66): Ակնհայտորեն նրանք չէին ընդունել Նրա ավելի վաղ ուսմունքը, որ իրենք պետք է «առաջ Աստուծոյ արքայութիւնը … խնդրեն» (Մատթեոս Զ.33): Նույնիսկ այսօր ովքեր դավանում են Քրիստոնեություն, ավելի շատ հրապուրվում են աշխարհիկ բաներով՝ այն բաներով, որոնք կյանք են ապահովում երկրի վրա, բայց սնուցում չեն տալիս ի հավերժական կյանք: Ոմանց համար Նրա [խիստ ասածը] դեռևս պատճառ է չհետևելու Քրիստոսին:

Քավությունը

Փրկչի մահկանացու ծառայության գագաթնակետը Նրա Հարությունն էր և աշխարհի մեղքերի համար Նրա Քավությունը: Հովհաննես Մկրտիչը մարգարեացավ այս, երբ նա ասաց. «Ահա Աստուծոյ Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը» (Հովհաննես Ա.29): Հետագայում Հիսուսն ուսուցանեց, որ «մարդի Որդին չեկավ, որ իրան ծառայեն, այլ որ ինքը ծառայէ, և շատերի փոխանակ իր անձը փրկանք տայ» (Մատթեոս Ի.28): Վերջին Ընթրիքին Հիսուսը բացատրեց, համաձայն Մատթեոսի պատմության, որ գինին, որ Նա օրհնեց «իմ արյունն է նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ի թողութիւն մեղաց» (Մատթեոս ԻԶ.28):

Հայտնվելով Նեփիացիներին՝ հարություն առած Տերը հրավիրեց նրանց առաջ գալ՝ շոշափելու Իր կողքի վերքը և գամերի հետքերը Իր ձեռքերում և Իր ոտքերին: Նա արեց դա, ինչպես ինքը բացատրեց. «որ դուք կարողանաք իմանալ, որ ես եմ Իսրայելի Աստվածը, և ամբողջ երկրագնդի Աստվածը, և սպանվել եմ աշխարհի մեղքերի համար» (3 Նեփի 11.14): Եվ պատմությունը շարունակվում է, բազմությունը ընկավ «ցած՝ Հիսուսի ոտքերի մոտ և երկրպագեցին նրան» (հատված 17): Սրա համար ողջ աշխարհն ի վերջո կերկրպագի նրան:

Հիսուսն ուսուցանեց արժեքավոր լրացուցիչ ճշմարտություններ Իր Քավության մասին: Մորոմոնի Գիրքը, որը մանրամասնում է Փրկչի ուսմունքները և տալիս Նրա առաքելության լավագույն բացատրությունը, հաղորդում է այս ուսմունքը.

«Իմ Հայրն ուղարկեց ինձ, որպեսզի ես խաչի վրա բարձրացվեմ … որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ …

Որպեսզի նրանք կարողանան դատվել՝ համաձայն իրենց գործերի:

Եվ … ով որ ապաշխարի և մկրտվի իմ անունով, նա կլցվի. Եւ եթե նա համբերի մինչև վերջ, ահա նրան ես անմեղ կհամարեմ իմ Հոր առաջ այն օրը, երբ ես կկանգնեմ՝ դատելու աշխարհը …

Եվ ոչ մի անմաքուր բան չի կարող մտնել նրա արքայությունը. Ուստի, ոչինչ չի մտնում նրա հանգիստը, բացի նրանցից, ովքեր լվացել են իրենց հանդերձներն իմ արյունով իրենց հավատքի, և բոլոր իրենց մեղքերից ապաշխարության, և մինչև վերջ իրենց հավատարմության շնորհիվ» (3 Նեփի 27.14–16, 19):

Եվ այսպիսով, մենք հասկանում ենք, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը տալիս է մեզ հնարավորություն հաղթահարել հոգևոր մահը, որն առաջանում է մեղքից և, սրբազան ուխտեր կապելու և պահելու միջոցով ունենալ հավերժական կյանքի օրհնությունները:

Մարտահրավեր և վկայություն

Հիսուսը մարտահրավեր նետեց. «Ձեզ ի՞նչպես է երեւում Քրիստոսի համար» (Մատթեոս ԻԲ.42): Պողոս Առաքյալը կոչ արեց Կորնթացիներին «Փորձեցէք ձեր անձերը, թե արդյոք հավատքո՞ւմն էք» (Բ Կորնթացիս ԺԳ.5): Մենք բոլորս պետք է ինքներս մեզ համար պատասխանենք այս կոչին: Որտեղ է մեր վերջնական հավատարմությունը: Արդյոք մենք նմա՞ն ենք Երեց Մաքսվելի հիշարժան նկարագրության Քրիստոնյաներին, ովքեր իրենց բնակարանը տեղափոխել են Սիոն, բայց դեռ փորձում են պահել մի երկրորդ բնակարան Բաբելոնում: 1

Չկա միջին տարածք: Մենք Հիսուս Քրիստոսի հետևորդներն ենք: Մեր քաղաքացիությունը Նրա Եկեղեցում է և Նրա ավետարանում, և մենք չպետք է մուտքի արտոնագիր օգտագործենք Բաբելոն այցելելու համար կամ վարվենք դրա քաղաքացիների պես: Մենք պետք է պատվենք Նրա անունը, պահենք Նրա պատվիրանները և «չփնտրենք աշխարհի բաները, այլ փնտրենք … նախ կառուցել Աստծո արքայությունը և հաստատել նրա արդարությունը» (Մատթեոս 6.33, Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 6.38):

Հիսուս Քրիստոսը Աստծո Միածին և Սիրելի Որդին է: Նա մեր Արարիչն է: Նա Աշխարհի Լույսն է: Նա մեր Փրկիչն է մեղքից ու մահից: Սա ամենակարևոր գիտելիքն է աշխարհում, և դուք ինքներդ կարող եք իմանալ դա, ինչպես ես ինքս գիտեմ դա: Սուրբ Հոգին, ով վկայում է Հոր և Որդու մասին և առաջնորդում մեզ դեպի ճշմարտություն, հայտնի է դարձրել դրանք ինձ և Նա ձեզ էլ հայտնի կդարձնի: Ուղին ցանկությունն է և հնազանդությունը: Ցանկության մասին Հիսուսն ուսուցանել է: «Խնդրեցէք եւ կտրուի ձեզ. Որոնեցէք եւ կգտնէք, դուռը թակեցէք եւ կբացուի ձեզ» (Մատթեոս Է.7): Հնազանդության մասին Նա ուսուցանել է. «Եթե մեկը կամենում է նորա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար, թե արդյո՞ք Աստվածանից է, կամ եթե ես իմ անձիցն եմ խոսում» (Հովհաննես Է.17). Ես վկայում եմ այս բաների ճշմարտության մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. Տես Neal A. Maxwell, A Wonderful Flood of Light (1990), 47: