2010–2019 թթ․
Կյանքի հնարավորություն
Հոկտեմբեր 2011


Կյանքի հնարավորություն

Ձեր նվիրյալ ծառայության և կամավոր զոհաբերության շնորհիվ, ձեր միսիան ձեզ համար սուրբ հող կդառնա:

Միսիոների կյանքի կարևորագույն փուլ է հանդիսանում նրա վերջին, կամ «ազատման», հարցազրույցը միսիայի նախագահի հետ: Հարցազրույցի առանցքում ընկած են կյանքի հիշարժան փորձառությունների և հիմնական դասերի քննարկումը, որոնք ձեռք են բերվում ընդամենը 18–24 ամիսների ընթացքում:

Թեև այդ փորձառություններից և դասերից շատերը կարող են միանման լինել միսիոներական ծառայության ժամանակ, յուրաքանչյուր միսիա առանձնահատուկ է՝ իր խնդիրներով և հնարավորություններով, որոնք կլարեն և կփորձեն մեզ՝ ըստ մեր կարիքների և բնավորությունների:

Լիաժամկետ միսիայում ծառայելու համար մեր երկնային տունը թողնելուց շատ առաջ, մենք թողել ենք մեր երկնային ծնողներին՝ մեր մահկանացու առաքելությունը կատարելու համար: Մենք ունենք Հայր Երկնքում, որը ճանաչում է մեզ՝ մեր ուժեղ կողմերը և թուլությունները, ունակությունները և ներուժը: Նա գիտի, թե ինչ միսիայի նախագահ, զուգընկերներ, անդամներ և հետաքրքրվողներ են մեզ հարկավոր, որպեսզի մենք դառնանք միսիոներ, ամուսին, հայր և քահանայություն կրող, որն ունակ ենք դառնալու:

Մարգարեները, տեսանողները և հայտնողները նշանակում են միսիոներներին Սուրբ Հոգու առաջնորդությամբ և ազդեցությամբ: Ոգեշնչված միսիաների նախագահները վերահսկում են փոխանցումները վեց շաբաթը մեկ և արագ սովորում են այն մասին, որ Տերը ճշգրիտ գիտի, թե որտեղ պետք է ծառայի յուրաքանչյուր միսիոներ:

Մի քանի տարի առաջ, Երեց Խավյեր Միսյեգոն՝ Մադրիդից, Իսպանիա, ծառայում էր լիաժամկետ միսիայում Արիզոնայում: Այդ ժամանակ Միացյալ Նահանգներ նրա միսիայի կանչը տարօրինակ էր թվում, քանի որ Իսպանիայից երիտասարդների մեծ մասը կանչվում էին ծառայելու իրենց երկրում:

Ցցի հավաքի ավարտին, որտեղ նա և նրա զուգընկերը հրավիրված էին մասնակցելու, Երեց Միսյեգոյին մոտեցավ Եկեղեցու քիչ-ակտիվ մի անդամ: Նա եկել էր ընկերոջ հետ և երկար տարիների ընթացքում առաջին անգամ էր, որ նա հայտնվել էր կրկին հավաքատան ներսում: Երեց Միսյեգոյին հարցրեցին, թե արդյոք նա ճանաչում էր Խոսե Միսյեգոյին Մադրիդում: Երբ Երեց Միսյեգոն պատասխանեց, որ իր հոր անունը Խոսե Միսյեգո էր, տղամարդը ոգևորված մի քանի հարց ևս տվեց, համոզվելու համար, որ դա հենց նույն Խոսե Միսյեգոն էր: Երբ պարզվեց, որ նրանք խոսում էին նույն մարդու մասին, այդ քիչ-ակտիվ անդամը սկսեց արտասվել: «Ձեր հայրը միակ մարդն էր, ում ես մկրտեցի իմ ողջ միսիայի ընթացքում», - բացատեց նա, նկարագրելով, թե ինչպես էր իր միսիան, իր կարծիքով, ձախողված եղել: Ակտիվ չլինելու իր տարիները նա վերագրեց անհամատասխանության և դեպրեսիայի իր զգացումներին, քանի որ համոզված էր, որ չէր արդարացրել Տիրոջ սպասելիքները:

Այնուհետև Երեց Միսյեգոն նկարագրեց, թե ինչ էր նշանակում իր ընտանիքի համար այդ «թվացյալ ձախողումը»: Նա ասաց, որ իր հայրը, որը մկրտվել էր երիտասարդ ամուրի լինելով, ամուսնացել էր տաճարում, որ նա վեց երեխաներից չորրորդն էր, որ բոլոր երեք տղաները և մեկ քույրը ծառայել են լիաժամկետ միսիայում, որ բոլորը ակտիվ են Եկեղեցում, և որ բոլոր ամուսնացածները կնքվել են տաճարում:

Քիչ ակտիվ վերադարձած միսիոները սկսեց լաց լինել: Իր ջանքերի շնորհիվ, մի շարք կյանքեր էին օրհնվել, և Տերը ուղարկել էր մի երեցի Մադրիդից, Իսպանիա, որպեսզի գար Արիզոնայում հավաքի և իրեն հայտներ, որ նա ձախողում չէր ունեցել: Տեր գիտի, թե որտեղ պետք է ծառայի յուրաքանչյուր միսիոներ:

Անկախ նրանից, թե ինչպես է Տերը որոշում օրհնել մեզ միսիայի ընթացքում, միսիոներական ծառայության օրհնությունները չեն ավարտվում, երբ մենք ազատվում ենք մեր ցցի նախագահի կողմից: Ձեր միսիան ձեր կյանքի պատրաստման փուլն է: Հավատարիմ ծառայության ընթացքում ձեռք բերած փորձառությունները, դասերը և վկայությունը նպատակ ունեն ապահովելու ավետարանի վրա կենտրոնացած հիմք, որը կծառայի մահկանացու կյանքում և հավերժություններում: Այնուամենայնիվ, որպեսզի օրհնությունները շարունակվեն միսիայից հետո, պետք է բավարարել որոշակի պայմանների: «Քանզի բոլոր նրանք, ովքեր կամենում են օրհնություն ստանալ իմ ձեռքից, պիտի մնան օրենքի մեջ, որը նշանակվել է այդ օրհնության համար, և նրա պայմանների մեջ» (ՎևՈւ 132.5): Այս սկզբունքը ուսուցանվում է Ելիցի պատմության մեջ:

Իր հանձնարարությունը Տիրոջից ստանալուց հետո, Մովսեսը վերադառնում է Եգիպտոս՝ ազատելու Իսրայելի զավակներին գերությունից: Ժանտախտը ժանտախտից հետո թույլ չէր տալիս, որ նրանք ազատ լինեին, մինչև հասավ 10-րդ վերջին ժանտախտի ժամանակը. «Այն գիշերը Եգիպտոսի երկրովը պիտի անցնեմ, և զարկեմ Եգիպտոսի երկրումը ամեն առաջնեկը» (Ելից 12.12):

«Կործանիչից» պաշտպանվելու համար (տող 23), Տերը հրահանգեց Իր ժողովրդին զոհաբերություն կատարել՝ «անարատ» գառ (տող 5) և հավաքել զոհաբերության արյունը: Այնուհետև նրանք պետք է վերցնեին արյունը և քսեին յուրաքանչյուր տան մուտքին՝«երկու կողմի դրանդիներին և …վերի սեմին» (տող 7), այս խոստումով. «Եվ երբոր արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ. և հարուածը ձեր վրա պիտի չգա ձեզ կորցնեու համար» (տող 13):

«Իսրայելի որդիքը գնացին, և արին ինչպես Եհովան պատվիրել էր» (տող 28): Նրանք կատարեցին զոհաբերությունը, հավաքեցին արյունը և քսեցին այն իրենց տների վրա: «Եվ եղավ որ կես գիշերին Եհովան Եգիպտոսի երկրումը ամեն առաջնեկին զարկեց» (տող 29): Մովսեսը և նրա ժողովուրդը, համաձայն Տիրոջ խոստմանը, պաշտպանված էին:

Իսրայելցիների կողմից օգտագործած արյունը, որը խորհրդանշում էր Փրկչի ապագա Քավությունը, նրանց արած զոհաբերության արդյունքն էր: Ինչևէ, զոհաբերությունը և արյունը բավական չէին խոստացված օրհնությունը ստանալու համար: Եթե արյունը չքսվեր մուտքի դռանը, զոհաբերությունը ապարդյուն կլիներ:

Նախագահ Մոնսոնը ուսուցանել է. «Միսիոներական աշխատանքը դժվար է: Այն տանում է մեր եռանդից, այն լարում է մեր ունակությունները, այն պահանջում է մեր լավագույն ջանքերը: … Չկա աշխատանք, որը պահանջում է ավելի երկար ժամեր կամ ավելի մեծ նվիրվածություն կամ նման զոհաբերություն և ջերմեռանդ աղոթք» (“That All May Hear,” Ensign, May 1995, 49):

զոհաբերության արդյունքում մենք վերադառնում ենք մեր միսիաներից մեր անձնական պարգևներով: Հավատքի պարգև: Վկայության պարգև: Հոգու դերի հասկացողության պարգև: Ավետարանի ամենօրյա ուսումնասիրության պարգև: Մեր Փրկչին ծառայելու պարգև: Պարգևները խնամքով փաթեթավորված են մաշված սուրբ գրքերում, Քարոզիր Իմ Ավետարանը պատառոտված գրքույկում, միսիոներական ամսագրերում և շնորհակալ սրտերում: Ինչևէ, ինչպես Իսրայելի զավակները, միսիոներական ծառայության ընթացիկ օրհնությունները զոհաբերությունից հետո կիրառում են պահանջում:

Մի քանի տարի առաջ, երբ Քույր Վադելը և ես Իսպանիա Բարսելոնա միսիայում էինք, ուր ես նախագահում էի, ես յուրաքանչյուր միսիոների իրենց վերջին հարցազրույցի ժամանակ տալիս էի վերջին հանձնարարությունը: Տուն վերադառնալիս նրանք պետք է անմիջապես ժամանակ հատկացնեին, խորհելով այն դասերի և պարգևների մասին, որոնք նրանց տվել էր մեծահոգի Երկնային Հայրը: Նրանք պետք է աղոթքով թվարկեին և մտածեին, թե ինչպես լավագույնս կարող էին կիրառել միսիայից հետո այդ դասերը, դասեր, որոնք ազդեցություն կունենային իրենց կյանքի բոլոր բնագավառներում՝ կրթության և կարիերայի ընտրության, ամուսնության և երեխաների, Եկեղեցու ապագա ծառայությունների, և, ամենակարևորը, այն հարցում, թե ինչ էին նրանք շարունակելու դառնալ, ինչպես նաև որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ իրենց շարունակ զարգացման մեջ:

Չկա վերադարձած միսիոներ, որի համար շատ ուշ կլինի մտածել այն դասերի մասին, որոնք նա ստացել է հավատարիմ ծառայության ընթացքում, և կիրառել դրանք ավելի մեծ ջանասիրությամբ: Այդպես մենք կյանքում ավելի լիարժեք կզգանք Հոգու ազդեցությունը, մեր ընտանիքները կամրացվեն և մենք կմոտենանք մեր Փրկչին և Երկնային Հորը: Նախորդ գերագույն համաժողովներից մեկին Երեց Լ. Թոմ Փերին հետևյալ հրավերն ուղղեց. «Ես կոչ եմ անում ձեզ՝ վերադարձած միսիոներներ, վերանվիրագործեք ինքներդ ձեզ, որպեսզի կրկին լցվեք միսիոներական ծառայության ցանկությամբ և հոգով: Ես կոչ եմ անում ձեզ ձգտել, լինել և գործել որպես մեր Երկնային Հոր ծառայող: … Ես ուզում եմ ձեզ խոստանալ, որ ձեզ համար պահված են մեծ օրհնություններ, եթե դուք շարունակեք առաջ գնալ այն եռանդով, որն ունեք լիաժամկետ միսիայում ծառայելիս» (“The Returned Missionary,” Liahona, Jan. 2002, 88, 89; Ensign, Nov. 2001, 77):

Այժմ, այն երիտասարդ տղամարդկանց հետ, ովքեր դեռ պետք է ծառայեն լիաժամկետ միսիայում, ես կիսվում են Նախագահ Մոնսոնի խորհրդով, որը նա տվեց անցյալ հոկտեմբերին. «Ես կրկնում եմ այն, ինչ երկար ժամանակ ուսուցանել են մարգարեները. յուրաքանչյուր արժանի, ունակ երիտասարդ տղամարդ պետք է պատրաստվի ծառայելու միսիայում: Միսիոներական ծառայությունը քահանայական պարտականություն է՝ պարտավորություն, որը Տերն ակնկալում է մեզանից, ում այդքան շատ է տրվել» («Կրկին հանդիպելով», Լիահոնա, նոյ. 2010, 5–6):

Ինչպես անցյալ և ներկա միսիոներների դեպքում, Տերը ճանաչում է ձեզ և ձեզ համար ունի պատրաստած միսիոներական փորձառություն: Նա ճանաչում է ձեր միսիայի նախագահին և նրա հիանալի կնոջը, որոնք կսիրեն ձեզ իրենց երեխաների նման, և ովքեր ոգեշնչում և ուղղություն կհայցեն ձեզ համար: Նա ճանաչում է ձեր բոլոր զուգընկերներին և այն, թե ինչ դուք կսովորեք նրանցից: Նա գիտի, թե որ բնագավառներում դուք կաշխատեք, որ անդամներին կհանդիպեք, ում կուսուցանեք և ինչ կյանքեր կփոխեք հավերժության մեջ:

Ձեր նվիրյալ ծառայության և կամավոր զոհաբերության շնորհիվ, ձեր միսիան ձեզ համար սուրբ հող կդառնա: Դուք դարձի հրաշքի ականատեսը կլինեք, երբ Հոգին ձեր միջոցով աշխատի և փոխի նրանց սրտերը, ում դուք ուսուցանում եք:

Շատ բան կա անելու, երբ դուք պատրաստվում եք ծառայելու: Տիրոջ արդյունավետ ծառա դառնալը պահանջում է ավելին, քան պարզապես ձեռնադրվել, կրել կրծքանշանը կամ մտնել միսիոներների պատրաստման կենտրոն: Դա մի գործընթաց է, որը սկսվում է շատ առաջ նրանից, երբ ձեզ կդիմեն որպես «Երեց»:

Ձեր միսիայի ժամանեք Մորմոնի Գրքի ձեր անձնական վկայությամբ, որը ձեռք եք բերել ուսումնասիրության և աղոթքի միջոցով: Մորմոնի Գիրքը Քրիստոսի աստվածային էության հզոր վկայություն է: Այն նաև Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով կատարված Վերականգնման ապացույցն է: Որպես միսիոներ, դուք նախ պետք է ունենաք անձնական վկայություն այն մասին, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Սուրբ Հոգու այս վկայությունը պետք է դառնա ձեր ուսուցանման առանցքը (Քարոզիր Իմ Ավետարանը [2004], 103):

Ձեր միսիայի ժամանեք, արժանի լինելով Սուրբ Հոգու ընկերակցությանը: Նախագահ Էզրա Թավթ Բենսոնի խոսքերով. «Հոգին այս աշխատանքում միակ առավել կարևոր տարրն է: Հոգու շնորհիվ ձեր կոչումը մեծարելով, դուք կարող եք հրաշքներ գործել Տիրոջ համար ձեր միսիայի դաշտում: Առանց Հոգու, դուք երբեք հաջողության չեք հասնի, անկախ ձեր տաղանդներից և ընդունակություններից»: (Քարոզիր Իմ Ավետարանը, 176).

Ձեր միսիայի ժամանեք՝ պատրաստ աշխատելու: Որպես միսիոներ ձեր հաջողությունը հիմնականում կգնահատվի գտնելու, ուսուցանելու, մկրտելու ւ հաստատելու ձեր վճռականությամբ: Ձեզանից պահանջվում է արդյունավետ աշխատել ամեն օր, անելով լավագույնը՝ Քրիստոսի մոտ հոգիներ բերելու համար: (Քարոզիր Իմ Ավետարանը, 10, 11):

Ես կրկնում են Երեց Մ. Ռասսել Բալլարդի հրավերը, տրված ծառայության պատրաստվող երիտասարդների նախորդ խմբին. «Մենք նայում ենք ձեզ՝ Ահարոնյան Քահանայության իմ երիտասարդ եղբայրներ: Մենք ունենք ձեր կարիքը: Հելամանի 2000 անվախ մարտիկների նման, դուք նույնպես Աստծո հոգևոր որդիներն եք, և դուք նույնպես կարող եք օժտվել Նրա արքայությունը կառուցելու և պաշտպանելու զորությամբ: Մենք ունենք ձեր կարիքը, որպեսզի դուք կապեք սուրբ ուխտերը, ինչպես նրանք արեցին: Դուք պետք է լինեք խորապես հնազանդ և հավատարիմ, ինչպես նրանք էին» (“The Greatest Generation of Missionaries,” Liahona, Nov. 2002, 47):

Ընդունելով այս հրավերը, դուք մեծ դաս կսովորեք, ինչպես սովորեց Երեց Միսյեգոն և բոլոր նրանք, ովքեր հավատարիմ ծառայեցին, վերադարձան և կիրառեցին: Դուք կիմանաք, որ մեր մարգարե՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի խոսքերը ճշմարիտ են. «Միսիոների կյանքի հնարավորությունը ձերն է: Հավերժության օրհնությունները սպասում են ձեզ: Ձերն է արտոնությունը քահանայության ծառայության բեմի վրա լինելու ոչ թե դիտորդներ, այլ մասնակիցներ» (Ensign, May 1995, 49): Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: