2010–2019 թթ․
Ահարոնյան Քահանայության զորությունը
Հոկտեմբեր 2011


Ահարոնյան Քահանայության զորությունը

Ձեր կրած Ահարոնյան Քահանայության պաշտոնով դուք կարևոր դեր ունեք Իր զավակների հետ Երկնային Հոր աշխատանքը կատարելու և այս երկիրն Իր Սուրբ Որդու Երկրորդ Գալստյանը նախապատրաստելու գործում.

Վերջերս անցկացված Բարձրագույն Իշխանավորների ուսուցման նիստի ժամանակ, Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը կրկին ընդգծեց Ահարոնյան Քահանայություն կրողների պարտականություններն ու հնարավորությունները.1 Այս ուսուցման ոգով ես կխոսեմ ձեզ հետ, եղբայրներ:

Պատշաճ կատարվող պարտականությունը որոշիչ դեր ունի ժողովուրդների եւ ազգերի ճակատագրում: Պարտականության սկզբունքն այքան հիմնարար է, որ քահանայություն կրողներին հորդորվում է.«Ուստի, այժմ թող ամեն տղամարդ սովորի իր պարտականությունը և ողջ ջանասիրությամբ գործի այն պաշտոնում, որում նշանակված է».2

Նախագահ Մոնսոնը բացատրում է. «Պարտականության կանչը կարող է գալ աննկատ, մինչ մենք՝ քահանայություն կրողներս, արձագանքում ենք ստացած հանձնարարություններին».3 Նախագահ Մոնսոնը մեջբերել է Ջորջ Ալբերտ Սմիթին. «Ձեր պարտականությունն է՝ առաջին հերթին, իմանալ, թե ինչ է Տերը ցանկանում, և ապա Իր սուրբ Քահանայության իշխանությամբ եւ զորությամբ մեծարել ձեր կոչումը ձեր մերձավորների ներկայությամբ այնպես, որ մարդիկ ուրախ լինեն հետեւելու ձեզ».4

Խոսելով Իր պարտականության մասին, մեր Տերն ասել է. «Ես չեմ փնտրում իմ կամքը, այլ Հոր կամքը»:5 «Ես երկնքից իջայ ոչ թէ իմ կամքը կատարելու համար, այլ կամքը նրա, ով ինձ ուղարկեց»:6 Քանի որ Հիսուս Քրիստոսը կատարեց Իր պարտականությունը, «ողջ մարդկությունը կարող է փրկվել՝ հնազանդվելով Ավետարանի օրենքներին եւ արարողություններին».7 Եղբայրներ, սա է այն չափանիշը, որին պետք է հետեւենք:

Իմ փորձից ելնելով գիտեմ, որ դուք, որ ծառայում եք որպես սարկավագներ, ուսուցիչներ և քահանաներ, պատրաստակամ, վստահելի եւ ունակ եք կատարելու ձեր պարտականությունը, ինչպես ինքներդ եք ակնկալում: Մենք հիանում ենք ձեզանով: Ձեր կենսունակությունը վարակիչ է, ձեր կարողություններն՝ ապշեցուցիչ, ձեր ընկերությունը՝ ոգևորիչ: Ձեր կրած Ահարոնյան Քահանայության պաշտոնով դուք կարևոր դեր ունեք Իր զավակների հետ Երկնային Հոր աշխատանքը կատարելու և այս երկիրն Իր Սուրբ Որդու Երկրորդ Գալստյանը նախապատրաստելու գործում: Ձեր և ձեր պարտականության մասին մեր տեսլականը անցնում է ձեր տարիքից: Պողոսը խոսել է ձեր մասին, երբ ասել է. «Թող ոչ ոք չանարգի քո երիտասարդությունը. բայց դու օրինակ եղիր հավատացյալներին խոսքով, վարքով, գթությամբ, սիրով, հավատքով, սրբությունով».8

Տղամարդկանց հնում եկավ յուր ժամ

Քահանայությունն Ահարոնյան:

Ղևտացիների, քահանաների, մարգարեների հետ

Այն մի միջոց էր Աստծո որդկանց օրհնության.

Ապա եկավ աշխարհի Փրկիչը

Փնտրեց Հովհաննես անունով մեկին,

Որ մկրտվի նույն իշխանությամբ

Ի նշան սկզբի փրկության:

Վերջին օրերին նույն իշխանությունը

Կրկին վերականգնվեց երկրի վրա,

Ավետարանի ճշմարտությունը՝ սկզբից մինչ վերջ

Կարող է ծնվել մարդու հոգու մեջ:

Ահարոնյան Քահանայություն, վսեմ ճշմարտություն,

Եկ ի նախապատրաստություն,

Որ Աստծո Սիրելի Որդու միջոցով

Հասնի մեզ փրկագնում:

Իսկ նա, ով ունի այդ զորությունները

Պատանի չէ պարզապես:

Քահանայության թիկնոցն ուսին գցած,

Ասում ենք. «Ահա՝ տղամարդը»:9

«Ահարոնյան Քահանայության զորությունն ու իշխանությունն է՝ կրել հրեշտակների սպասավորման բանալիները և սպասավորել արտաքին արարողությունները, ավետարանի գիրը, ապաշխարության մկրտությունը՝ մեղքերի թողության համար՝ համաձայն ուխտերի և պատվիրանների»:10 Նախագահ Բոյդ Ք. Փաքերը նկատել է. «Մենք շատ լավ բաշխել ենք քահանայության իշխանությունը Մենք քահանայության իշխանությունը սերմանել ենք գրեթե ամենուր … Սակայն քահանայության իշխանության տարածումը առաջ է անցել քահանայության զորության տարածումից»:11 Աստծո զավակների հավերժական բարեկեցության համար, սա պետք է ուղղվի:

Մեր մարգարեն մեզ ասել է, թե ինչպես կարելի է դա անել: Մեջբերելով Ջորջ Ք. Քենոնին, Նախագահ Մոնսոնն ասել է. «Ես ուզում եմ տեսնել Քահանայության զորությունը ամրապնդվելիս … Ես ուզում եմ տեսնել, որ այս ուժն ու զորությունը սփռվում են բոլոր Քահանայություն կրողների միջոցով՝ ամենաբարձրից մինչեւ ամենացածրը … մինչև Եկեղեցու ամենափոքր եւ ամենահամեստ սարկավագը: Ամեն մարդ պետք է փնտրի եւ վայելի Աստծո հայտնությունները, իր հոգում փայլող երկնքի լույսը, որը նրան գիտելիքներ է տալիս իր պարտականությունների վերաբերյալ, աշխատանքի այն մասի համար, որը դրված է նրա վրա՝ իր Քահանայության շնորհիվ».12

Ի՞նչ կարող է անել սարկավագը, ուսուցիչը կամ քահանան, որպեսզի ստանա հայտնության հոգին եւ մեծարի իր կոչումը: Նա կարող է ապրել այնպես, որ վայելի Սուրբ Հոգու մաքրող, սրբագործող և լուսավորող ազդեցությունը:

Դրա կարևորությունը երևում է Ալմայի հետևյալ խոսքերում. «Արդ, ես ասում եմ ձեզ, որ սա է կարգը, ըստ որի ես կանչված եմ … քարոզելու. … աճող սերնդին … որ նրանք պետք է ապաշխարեն և վերստին ծնվեն»:13 Երբ մեկը վերստին ծնվում է, նրա սիրտը փոխվում է: Նա ոչ մի հակում չի ունենում չար կամ անմաքուր բան անելու: Նա խոր ու մնայուն սեր է զգում Աստծո հանդեպ: Նա ցանկանում է լավը լինել, ծառայել ուրիշներին եւ պահել պատվիրանները.14

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը նկարագրել է այս հզոր փոփոխության իր փորձը. «Զգացումը, որ եկավ ինձ վրա, խաղաղության, սիրո եւ լույսի մաքուր զգացում էր: Ես զգացի իմ հոգում, որ եթե մեղք էի գործել, … այն ներվել էր ինձ. որ ես իսկապես մաքրվել էի մեղքից, իմ սիրտը հուզված էր, եւ ես զգում էի, որ չեմ վնասի իմ ոտքերի տակի ամենափոքր իսկ միջատին: Ես, կարծես, ցանկություն էի զգում բարիք անել ամենուր, բոլոր մարդկանց եւ ամեն արարածի: Ես զգում էի նոր կյանք, նոր ցանկության՝ անելու այն, ինչը ճիշտ էր: Իմ հոգում չէր մնացել չարի ցանկության անգամ մի մասնիկ: Ճիշտ է, ես պատանի էի, … սակայն ես զգում էի, որ նման մի ազդեցություն իջավ ինձ վրա, եւ ես գիտեմ, որ դա Աստծուց էր, եւ այն եղել է ու միշտ կլինի կենդանի վկայություն ինձ համար, որ Տերն ընդունել է ինձ».15

Այսպիսով, մենք կոչ ենք անում ձեզ՝ հրաշալի երիտասարդ եղբայրներ, որ ջանասիրաբար ձգտեք «վերստին ծնվել»:16 Աղոթեք այս հզոր փոփոխության համար ձեր կյանքում: Ուսումնասիրեք սուրբ գրությունները: Ամենից առավել, ցանկացեք ճանաչել Աստծուն եւ դառնալ Նրա սուրբ Որդու նման: Վայելեք ձեր երիտասարդությունը, բայց «մի կողմ դրեք երեխայական բաները»:17

Հեռու մնացեք անվայել ու անմիտ շատախոսությունից:

Փախչեք ամեն տեսակի չարիքից:

Խուսափեք հակառակությունից:

Երբ կարիք կա, ապաշխարեք:18

Սա կօգնի ձեզ բարձրանալ տղամարդու ձեր հասակի ողջ չափով: Քաջության, արժանահավատության, խոնարհության, հավատքի եւ բարության հատկանիշները ձերը կդառնան: Ընկերները կհիանան ձեզանով, ծնողները կգովաբանեն ձեզ, քահանայության եղբայրները կապավինեն ձեզ և երիտասարդ աղջիկները կպաշտեն ձեզ և ավելի լավը կդառնան ձեր շնորհիվ: Աստված կպատվի ձեզ և ձեր քահանայության ծառայությանը զորություն կտա ի վերուստ.

Մնացածս կանենք մեր մասը: Որպես ծնողներ եւ պապեր՝ մենք ձեզ ավելի խիզախ ծառայության կպատրաստենք Աստծո արքայությունում: Որպես ձեր եղբայրներ՝ մենք օրինակ կլինենք, որին կցանկանաք նմանվել: Մենք կավելացնենք ձեր քվորումների ուժը: Մենք կաջակցենք ձեր քվորումների նախագահություններին, մինչ նրանք գործադրում են իրենց նախագահողի բանալիները: Մենք ձեզ հնարավորություն կտրամադրենք լիովին ստանձնել Ահարոնյան Քահանայության պարտականությունները եւ մեծարել ձեր կոչումը:

Ձեր ծառայության միջոցով մեծ օրհնություններ կտրվեն Եկեղեցուն: «Հրեշտակները խոսում են Սուրբ Հոգու զորությամբ»:19 Դուք նույնպես կարող եք դա անել: Երբ խոսում եք Սուրբ Հոգու զորությամբ և սպասավորում եք սուրբ հաղորդության խորհրդանիշերը, տղամարդիկ և կանայք, տղաներն ու աղջիկները կձգտեն ապաշխարել, բարձրացնել իրենց հավատքն առ Քրիստոս և Սուրբ Հոգին միշտ իրենց հետ ունենալ:

Երբ ծոմ պահեք և հավաքեք ծոմի նվիրատվությունները, անդամների մոտ ցանկություն կառաջանա Փրկչին նմանվելու գործեր անել: Տերը հոգում էր աղքատների և ճնշվածների մասին և կոչ էր անում: «Եկեք, հետեւեք ինձ»:20 Պակաս հաջողակ մարդկանց ծառայելը մեզ հնարավորություն է տալիս մասնակցել Նրա սուրբ աշխատանքին և օգնում է մեզ պահպանել մեր անցյալ մեղքերի ներումը:21

Երբ «այցելում եք յուրաքանչյուր անդամի տուն»,22 մի վախեցեք ոչ էլ ամաչեք: Ճիշտ պահին Սուրբ Հոգին ձեզ կհուշի ինչ խոսքեր խոսել, ինչ վկայություն բերել, ինչ ծառայություն մատուցել:

«Եկեղեցու վրա միշտ հսկելու»23 ձեր ջանասեր ջանքերը կլինեն արգասաբեր: Ձեր պարկեշտ պահվածքը զինաթափ կանի ամենաանհավատ սիրտը և կթուլացնի հակառակորդի ազդեցությունը: Ձեզ հետ եկեղեցի գալու, հաղորդությունից ճաշակելու և ձեզ ծառայելու հրավերը կողջունվի և բալասան կդառնա ստվերում կորածների համար, որտեղ ավետարանի լույսը խամրած անթեղ է կամ ամենևին լույս չի տալիս:

Օ, իմ սիրելի երիտասարդ եղբայրներ, «մի անտեսեք ձեզանում եղած շնորհքը»,24 որը դուք ստացել եք, երբ կարգվել եք և ձեզ շնորհվել է Ահարոնյան Քահանայություն:

«Աստված չտվեց մեզ երկչոտության ոգի, այլ զորութեան եւ սիրո եւ զգաստութեան:

Ուրեմն ամոթ մի համարիր մեր Տիրոջ վկայությունը … այլ վայելիր ավետարանը Աստծո զորության համեմատ.

Որ փրկեց մեզ և սուրբ կոչումով կանչեց … Քրիստոս Յիսուսում հավիտենական դարերից առաջ»:25

Մեր սիրելի մարգարեն ձեզ կոչ է արել «կանգնել գույների ներքո»:26 Մենք ողջունում ենք ձեզ, աղոթում ենք ձեզ համար, ուրախ ենք ձեզ հետ ծառայելու համար և Աստծուն գոհություն ենք հայտնում ձեր փրկարար ծառայության զորության համար:

Ես վկայություն եմ բերում, որ Աստված մեր Հավերժական Հայրն է, և բնակվում է երկինքներում: Հիսուս Քրիստոսը Աստծո վուրբ Որդին է՝ աշխարհի Քավիչը, և դուք՝ Ահարոնյան Քահանայություն կրողներդ, Նրա պատվիրակներն եք երկրի վրա է: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: