2010–2019 թթ․
Դու կարևոր ես Նրա համար
Հոկտեմբեր 2011


Դու կարևոր ես Նրա համար

Հոգու արժեքը կշռելիս, Տերը միանգամայն այլ կշեռք է օգտագործում, քան աշխարհը:

Մովսեսը` աշխարհում երբևիցե ճանաչված ամենամեծ մարգարեներից մեկը, մեծացվել էր Փարավոնի աղջկա կողմից և անց էր կացրել իր կյանքի առաջին 40 տարիները Եգիպտոսի թագավորական սրահներում: Նա, ի սկզբանե, ծանոթ էր այդ հնադարյան թագավորության փառքին ու շքեղությանը:

Տարիներ անց, հեռավոր լեռան գագաթին, հեռու գտնվելով հզոր Եգիպտոսի շքեղությունից ու փառքից, Մովսեսը կանգնեց Աստծո ներկայության մեջ և խոսեց Նրա հետ դեմառդեմ, ինչպես մարդը խոսում է իր ընկերոջ հետ:1 Այդ այցելության ժամանակ, Աստված ցույց տվեց Մովսեսին Իր ձեռքի աշխատանքները, թույլ տալով նրան տեսնել Իր աշխատանքի ու փառքի մի փոքր մասը: Երբ տեսիլքն ավարտվեց, Մովսեսն ընկավ գետնին և մնաց այդպես շատ ժամերի ընթացքում: Երբ նրա ուժը վերջապես վերականգնվեց, նա հասկացավ մի բան, որ այդ բոլոր տարիների ընթացքում Փարավոնի պալատներում երբեք նախկինում մտքովն էլ չէր անցել:

«Ես գիտեմ, - ասաց նա, - որ մարդը ոչինչ է»:2

Մենք ավելի չնչին ենք, քան կարծում ենք

Որքան շատ ենք մենք սովորում տիեզերքի մասին, ավելի շատ ենք մենք հասկանում, գոնե փոքրագույն չափով, թե ինչ գիտեր Մովսեսը: Տիեզերքը այնքան մեծ է, անբացատրելի և փառահեղ, որ անըմբռնելի է մարդկային մտքի համար: «Անթիվ աշխարհներ եմ ես ստեղծել», - ասաց Աստված Մովսեսին:3 Գիշերային երկնքի հրաշալիքները այդ ճշմարտության գեղեցիկ վկայությունն են:

Մի քանի բաներ կան, որ լցրել են ինձ շնչահեղձ ակնածանքով, ինչպես գիշերվա խավարում թռչելը օվկիանոսների և մայրցամաքների վրայով և իմ խցիկի պատուհանից դուրս նայելը միլիոնավոր աստղերի անսահման փառքին:

Աստղագետները փորձել են հաշվել աստղերի թիվը տիեզերքում: Մի խումբ գիտնականներ մոտավորապես հաշվարկել են, որ աստղերի թիվը մեր հեռադիտակների համաձայն 10 անգամ մեծ է, քան աշխարհի ծովափների և անապատների ավազի բոլոր հատիկները:4

Այս եզրակացությունը ակնառու նմանություն ունի մարգարե Ենովքի հայտարարության հետ. «Եթե հնարավոր լիներ, որ մարդը կարողանար հաշվել երկրի մասնիկները, այո, սրա նման միլիոնավոր երկրները, դա չէր լինի քո արարչագործությունների թվի սկիզբը»:5

Աստծո արարչագործությունների մեծության մասին խորհելով, չի կարելի զարմանալ, որ հրաշալի Բենիամին Թագավորը խորհուրդ է տվել իր ժողովրդին. «Միշտ պահեք ձեր հիշողության մեջ Աստծո մեծությունը և ձեր սեփական ոչնչությունը»:6

Մենք ավելի մեծ ենք, քան մենք կարծում ենք

Բայց, չնայած որ մարդը ոչինչ է, մտածելը, որ «հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում», լցնում է ինձ զարմանքով ու ակնածանքով:7

Եվ մինչ մենք կարող ենք նայել տիեզերքի հսկայական ընդարձակ տարածությանը և ասել. «Ի՞նչ է մարդը արարչագործության փառքի համեմատությամբ», Աստված Ինքն է ասել, որ մենք ենք պատճառը, որ Նա ստեղծեց տիեզերքը: Նրա գործը և փառքն է, այս փառահեղ տիեզերքի նպատակն է` փրկել և վեհացնել մարդկությանը:8 Այլ կերպ ասած, հավերժության հսկայական ընդարձակ տարածությունը, անսահման տարածության և ժամանակի փառքերն ու գաղտնիքները, բոլորը կառուցված են հասարակ մահկանացուների օգտի համար, ինչպիսին դուք և ես եմ: Մեր Երկնային Հայրը ստեղծեց տիեզերքը, որպեսզի մենք կարողանանք հասնել որպես Նրա որդիներ և դուստրեր մեր ներուժին:

Սա է մարդու պարադոքսը. Աստծո հետ համեմատած` մարդը ոչինչ է, այնուամենայնիվ, մենք ամեն ինչ ենք Աստծո համար: Մինչ անսահման արարչագործության համեմատությամբ մենք կարող ենք ոչինչ թվալ, մենք հավերժական կրակի կայծ ունենք, որը վառվում է մեր սրտերում: Մենք ունենք մեզ հասանելի վեհացման անըմբռնելի խոստումը` աշխարհներ առանց վերջի: Եվ Աստծո մեծագույն ցանկությունն է` օգնել մեզ հասնել դրան:

Հպարտության անխոհեմությունը

Մեծ մոլորեցնողը գիտի, որ Աստծո զավակներին մոլորեցնելու իր ամենաարդյունավետ գործիքներից մեկը մարդու պարադոքսի ծայրահեղություններով հրապուրելն է: Ոմանց նա հրապուրում է իրենց հպարտության հակվածությամբ, դարձնելով նրանց իրենց մեջ փքված և խրախուսելով նրանց հավատալ իրենց սեփական անձի երևակայական կարևորությանը և անհաղթելիությանը: Նա ասում է նրանց, որ նրանք անցել են սովորական սահմաններից և ունակություններից, ի ծնե ունեցած իրավունքի կամ հասարակական դիրքի պատճառով նրանք ավելի բարձր են իրենց շրջապատողներից բոլոր չափանիշներով: Նա բերում է նրանց այն եզրակացության, թե նրանք ենքակա չեն որևէ մեկի օրենքներին, և չպիտի իրենց անհանգստացնեն որևէ մեկի խնդիրներով:

Աբրահամ Լինքոլնը սիրում էր այս պոեմը.

Օհ, ինչու պիտի մահկանացուի հոգին հպարտ լինի:

Ինչպես սրընթաց ընկնող ասուպ, արագ թռչող ամպ,

Կայծակի փայլ, ալիքի անկում:

Մարդը հեռանում է կյանքից` գտնելու իր հանգիստը գերազմանում:9

Հիսուս Քրիստոսի աշակերտները հասկանում են, որ հավերժության հետ համեմատած, մեր գոյության այս մահկանացու շրջանը միայն «մի փոքր պահ» է:10 Նրանք գիտեն, որ անձի իսկական արժեքը քիչ առնչություն ունի այն բանի հետ, ինչը աշխարհի կողմից մեծապես հարգված է: Նրանք գիտեն, որ դուք կարող եք դիզել ողջ աշխարհի արժույթը, և դրանով չեք կարողանա գնել մեկ հաց երկնքի տնտեսությունում:

Ովքեր «կժառանգեն Աստծո թագավորությունը»11 նրանք են, ովքեր դառնում են «ինչպես մի երեխա` ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի»:12 «Որովհետեւ ամեն ինքն իրան բարձրացնողը կխոնարհուի, եւ ինքն իրան խոնարհեցնողը կբարձրանայ»:13 Այսպիսի աշակերտները նաև հասկանում են, «որ երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:14

Մենք մոռացված չենք

Մեկ այլ ճանապարհ, որի միջոցով Սատանան մոլորեցնում է մեզ, հուսալքվածությունն է: Նա փորձում է մեր ուշադրությունը կենտրոնացնել մեր իսկ աննշանության վրա, մինչև որ մենք սկսում ենք կասկածել, որ ունենք մեծ արժեք: Նա ասում է մեզ, որ մենք շատ փոքր ենք, որ որևէ մեկը մեզ նկատի, որ մենք մոռացված ենք` հատկապես Աստծո կողմից:

Թույլ տվեք կիսվել ձեզ հետ անձնական փորձով, որը կարող է որոշ չափով օգնել նրանց, ովքեր իրենց զգում են աննշան, մոռացված կամ միայնակ:

Շատ տարիներ առաջ ես հաճախում էի օդաչուի գործնական ուսուցման Միացյալ Նահանգների Ռազմաօդային Ուժերում: Ես հեռու էի գտնվում իմ տնից` երիտասարդ մի զինվոր Արևմտյան Գերմանիայից, ծնված Չեխոսլովակիայում, մեծացած Արևելյան Գերմանիայում և մեծ դժվարությամբ անգլերեն խոսացող: Ես պարզ հիշում եմ իմ ճամփորդությունը դեպի Տեխասի մեր մարզումների ռազմաբազա: Ես ինքնաթիռի մեջ էի, նստած մի ուղևորի կողքին, ով խոսում էր ծանր հարավային արտասանությամբ: Նրա ասածից ես հազիվ թե մի բառ էի հասկանում: Ես ավելի ճիշտ մտածում էի, թե ինձ սխալ լեզու էին սովորեցրել այդ ամբողջ ընթացքում: Ինձ սարսափեցնում էր այն միտքը, որ ես պետք է պայքարեի օդաչուի գործնական ուսուցման ցանկալի բարձր տեղերի համար այն ուսանողների հետ, ում մայրենի լեզուն անգլերենն էր:

Երբ ես ժամանեցի Տեխաս` Բիգ Սփրինգ փոքրիկ քաղաքի ռազմաօդային բազա, ես փնտրեցի և գտա Վերջին Օրերի Սրբերի ճյուղը, որը բաղկացած էր մի բուռ հրաշալի մարդկանցից, որոնք հանդիպում էին բազայի կողմից վարձակալված սենյակներում: Անդամները կառուցում էին մի փոքրիկ ժողովատուն, որը կծառայեր որպես Եկեղեցու մշտական վայր: Այդ ժամանակներում նոր շենքեր կառուցելիս գործի մեծ մասը անդամներն էին կատարում:

Օրեցօր ես հաճախում էի օդաչուի իմ գործնական ուսուցումներին և սովորում իմ ողջ ջանասիրությամբ, այնուհետև իմ ազատ ժամանակի մեծ մասը անց էի կացնում նոր ժողովատան վրա աշխատելով: Այնտեղ ես սովորեցի, որ երկուս-չորսը պարի քայլ չէ, այլ փայտի կտոր: Ես նաև սովորեցի մեխին խփելիս իմ բթամատը պաշտպանելու կարևոր հմտությունը:

Ես այնքան շատ ժամանակ էի անցկացնում ժողովատան վրա աշխատելով, որ ճյուղի նախագահը, որը նաև մեր թռիչքի ուսուցիչներից էր, մտահոգություն հայտնեց, որ միգուցե ես պետք է ավելի շատ ժամանակ տրամադրեի սովորելուն:

Իմ ընկերներն ու ուսանող օդաչուները իրենց ազատ ժամերը նույնպես նվիրում էին միջոցառումներին, չնայած ես կարծում եմ, որ կարող եմ ասել, որ այդ միջոցառումներից մի քանիսը ներդաշնակ չէին այսօրվա Երիտասարդներին Զորացնելու համար գրքույկի հետ: Ինչ վերաբերվում է ինձ, ես վայելում էի իմ ժամանակը, լինելով արևմտյան Տեխասի այս փոքրիկ ճյուղի ակտիվ մասնիկը, կատարելագործելով նոր ձեռք բերած հյուսնի իմ հմտությունները և լավացնելով իմ անգլերենը, կատարելով երեցների քվորումում և կիրակնօրյա դպրոցում ուսուցանելու իմ ծառայությունները:

Այդ ժամանակ Բիգ Սփրինգը, չնայած իր անվանը, մի փոքր, աննշան և համբավ չունեցող վայր էր: Եվ ես հաճախ ինձ նույնպես էի զգում`աննշան, համբավ չունեցող և բավականին միայնակ: Այնուամենայնիվ, ես ոչ մի անգամ չեմ մտածել, թե Տերը մոռացել է ինձ, կամ որ Նա երբևէ չի կարողանա գտնել ինձ այնտեղ: Ես գիտեի, որ Երկնային Հոր համար նշանակություն չուներ, թե որտեղ էի ես, ինչ դիրք ունեի ուրիշների կողքին իմ օդաչուի գործնական ուսուցման դասարանում կամ որն էր իմ կոչումը Եկեղեցում: Նրա համար նշանակություն ուներ այն, որ ես անում էի լավագույնը, որ կարող էի անել, որ իմ սիրտը դարձված էր առ Աստված, և որ ես հոժար էի օգնել իմ շուրջը գտնվողներին: Ես գիտեի, որ եթե ես անեի լավագույնը, որ կարող էի անել, ամեն ինչ լավ կլիներ:

Եվ ամեն ինչ լավ էր:15

Վերջինները առաջինները կլինեն

Տիրոջ համար ամենևին նշանակություն չունի, թե մենք անցկացնում ենք մեր օրերը, աշխատելով մարմարե սրահներում, թե` ախոռի մսուրում: Նա գիտի, թե որտեղ ենք մենք, անկախ նրանից, թե որքան հասարակ են մեր պայմանները: Նա կօգտագործի Իր իսկ ճանապարհով և Իր սուրբ նպատակներով նրանց, ովքեր դարձնում են իրենց սրտերը դեպի Իրեն:

Աստված գիտի, որ ամենամեծ հոգիներից ոմանք, ովքեր երբևէ ապրել են, նրանք են, ովքեր երբեք չեն հայտնվի պատմության ժամանակագրությունում: Նրանք օրհնված, խոնարհ հոգիներ են, ովքեր հետևում են Փրկչի օրինակին և իրենց կյանքի օրերն անց են կացնում, բարիք գործելով:16

Մի այսպիսի զույգ` իմ ընկերոջ ծնողները, այս սկզբունքի օրինակ են հանդիսանում ինձ համար: Ամուսինը աշխատում էր Յուտայի պողպատի գործարանում: Ճաշի ժամին նա կհաներ իր սուրբ գրությունները կամ Եկեղեցու թերթը և կկարդար: Երբ մնացած աշխատողները տեսնում էին դա, նրանք ծաղրում էին նրան և փորձում նրա հավատքը: Երբ նրանք անում էին դա, նա խոսում էր նրանց հետ բարությամբ և վստահությամբ: Նա թույլ չէր տալիս, որ նրանց անհարգալից վերաբերմունքը բարկացներ նրան կամ տխրեցներ:

Տարիներ անց ամենաբարձրաձայն ծաղրողներից մեկը շատ հիվանդ էր: Մինչև մեռնելը նա պատվիրեց, որ այս խոնարհ մարդը խոսեր իր թաղմանը, ինչը նա արեց:

Եկեղեցու այս հավատարիմ անդամը երբեք շատ բան չէր ունեցել, ինչ վերաբերվում է հասարակական դիրքին կամ հարստությանը, բայց նրա ազդեցությունը լայնորեն տարածվում էր բոլոր նրանց վրա, ովքեր գիտեին նրան: Նա մահացավ աշխատավայրում վթարի արդյունքում, մինչ փորձում էր օգնել մեկ ուրիշ աշխատողի, ով անելանելի դրության մեջ էր հայտնվել ձյան պատճառով:

Այդ տարի նրա այրին գլխուղեղի վիրահատություն տարավ, որի արդյունքում չկարողացավ քայլել: Բայց մարդիկ սիրում են գալ ու ժամանակ անցկացնել նրա հետ, քանի որ նա լսում է: Նա հիշում է: Նա մտահոգվում է: Ի վիճակի չլինելով գրել, նա մտապահում է իր երեխաների ու թոռնիկների հեռախոսահամարները: Նա սիրով հիշում է ծնունդներն ու տարելիցները:

Նրանք, ովքեր այցելում են նրան, հեռանում են ավելի լավ զգացմունքներ ունենալով կյանքի և իրենց անձի հանդեպ: Նրանք զգում են նրա սերը: Նրանք գիտեն, որ նա մտահոգվում է: Նա երբեք չի բողոքում, այլ անց է կացնում իր օրերը, օրհնելով ուրիշների կյանքը: Նրա ընկերներից մեկն ասել է, որ այս կինը այն մի քանի մարդկանցից է, ում նա երբևիցե ճանաչել է, ովքեր իսկապես Հիսուս Քրիստոսի սիրո և կյանքի օրինակներն են եղել:

Այս զույգը առաջինը կարող էր ասել, որ նրանք այս աշխարհում այդքան էլ կարևոր չեն եղել: Սակայն, հոգու արժեքը կշռելիս, Տերը միանգամայն այլ կշեռք է օգտագործում, քան աշխարհը: Նա գիտի այս հավատարիմ զույգին, Նա սիրում է նրանց: Նրանց գործերը առ Նա նրանց ամուր հավատքի կենդանի վկայություն են:

Դու կարևոր ես Նրա համար

Եղբայրներ և քույրեր, միգուցե ճիշտ է, որ մարդը ոչինչ է տիեզերքի մեծության հետ համեմատած: Երբեմն մենք նույնիսկ կարող ենք մեզ աննշան, անտեսված, միայնակ կամ մոռացված զգալ: Սակայն միշտ հիշեք` դուք կարևոր եք Նրա համար: Եթե դուք երբևէ կասկածեք դրան, խորհեք այս չորս աստվածային սկզբունքների շուրջ.

Առաջինը, Աստված սիրում է հեզին ու խոնարհին, քանզի նրանք են «մեծ երկնքի արքայության մեջ»:17

Երկրորդը, Տերը հանձնարարում է, որ «[Իր] ավետարանի լրիվությունը թույլերի և պարզամիտների միջոցով հռչակվի աշխարհի ծայրերում»:18 Նա ընտրել է, որ «աշխարհի թույլ բաներն առաջ … գան և ջարդեն զորավորներին և ուժեղներին»19 և ամաչեցնեն «զորավորներին»:20

Երրորդը, անկախ այն բանից, թե որտեղ եք դուք ապրում, անկախ այն բանից, թե որքան համեստ են ձեր պայմանները, որքան աղքատիկ ձեր աշխատանքը, որքան սահմանափակ ձեր ունակությունները, որքան սովորական ձեր արտաքինը, կամ որքան փոքր ձեր Եկեղեցու կոչումը կարող են թվալ, դուք անտեսանելի չեք ձեր Երկնային Հոր համար: Նա սիրում է ձեզ: Նա գիտի ձեր խոնարհ սիրտը և ձեր սիրալիր ու բարի գործերը: Միասին դրանք կազմում են ձեր նվիրվածության և հավատքի հարատև վկայությունը:

Չորրորդը և վերջինը, խնդրում եմ, հասկացեք, որ ինչ դուք տեսնում և զգում եք այժմ, այն չէ, ինչ հավերժ կլինի: Դուք չեք զգա միայնակություն, վիշտ, ցավ կամ հիասթափություն հավերժորեն: Մենք ունենք Աստծո հավատարիմ խոստումը, որ Նա ոչ կմոռանա և ոչ էլ կթողնի նրանց, ովքեր դարձնում են իրենց սրտերը դեպի Իրեն:21 Հուսացեք ու հավատացեք այդ խոստումին: Սովորեք սիրել ձեր Երկնային Հորը և դառնալ Նրա աշակերտը` խոսքով և գործով:

Վստահ եղեք, որ եթե դուք միայն համբերեք, հավատաք Նրան և հավատարմությամբ պահեք պատվիրանները, մի օր դուք ինքներդ կունենաք խոստումները, որոնք հայտնի դարձվեցին Պողոս Առաքյալին. «Ինչ որ աչք չտեսաւ եւ ականջ չլսեց եւ մարդի սիրտ չընկաւ, այն պատրաստեց Աստուած իրան սիրողների համար»:22

Եղբայրներ և քույրեր, տիեզերքի ամենահզոր Էակը ձեր հոգու Հայրն է: Նա ճանաչում է ձեզ: Նա սիրում է ձեզ կատարյալ սիրով:

Ատված նայում է ձեզ ոչ միայն որպես մահկանացու էակի` փոքր մոլորակի վրա, ով ապրում է մի կարճ ժամանակահատված: Նա նայում է ձեզ որպես Իր զավակի: Նա նայում է ձեզ որպես այն անձի, որը դուք կարող եք և նախատեսված եք դառնալ: Նա ուզում է, որ դուք իմանաք, որ կարևոր եք Նրա համար:

Թող որ մենք հավատանք, վստահենք և այնպես ապրենք մեր կյանքը, որպեսզի մենք հասկանանք մեր իսկական հավերժական արժեքն ու ներուժը: Թող որ մենք արժանի լինենք թանկարժեք օրհնություններին, որոնք մեր Երկնային Հայրը պահել է մեզ համար, իմ աղոթքն է Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: