2010–2019 թթ․
Ահարոնյան Քահանայություն. Վեր կաց և օգտագործիր Աստծո զորությունը
Ապրիլ 2012


Ահարոնյան Քահանայություն. Վեր կացեք և օգտագործեք Աստծո զորությունը

Քահանյությունը պետք է գործադրվի բարիք իրականացնելու համար: Դուք կանչվել եք «վեր կենալու և շողալու», չթաքցնելու ձեր լույսը խավարում:

Վերջերս ես Հարավային Աֆրիկայում էի, այցելելով մի տուն Տաբիսոյի՝ քահանաների քվորումի առաջին օգնականի հետ Կագիսո ծխում: Տաբիսոն և նրա եպիսկոպոսը, որը նախագահում է և կրում քվորումի բանալիները, աղոթել էին քվորումի անդամների համար, ովքեր ավելի քիչ ակտիվ էին, ոգեշնչում որոնելով, թե ում այցելեին և թե ինչպես օգնեին նրանց: Նրանք հուշում էին զգացել այցելել Թեբելլոների տուն, և նրանք հրավիրեցին ինձ գնալ իրենց հետ:

Հենց որ անցանք կատաղի պահապան շան կողքով, մենք հայտնվեցինք հյուրասենյակում՝ Թեբելլոյի մոտ, մի հանգիստ պատանու, որը դադարել էր եկեղեցի հաճախել, որովհետև կիրակի օրը սկսել էր զբաղվել այլ գործերով: Նա լարված էր, բայց ուրախ էր ընդունել մեզ և նույնիսկ հրավիրեց իր ընտանիքին միանալ մեզ: Եպիսկոպոսը հայտնեց իր սերը ընտանիքի հանդեպ և իր ցանկությունը նրանց օգնելու տաճարում կնքվելով հավերժական ընտանիք դառնալ: Նրանց սրտերը հուզվեցին, և մենք բոլորս զգացինք Սուրբ Հոգու ուժեղ ներկայությունը առաջնորդելով յուրաքանչյուր բառ և ամեն մի զգացում:

Տաբիսոյի խոսքերն էին, որ տարբերություն մտցրեցին այցելության մեջ: Ինձ թվաց, որ այդ երիտասարդ քահանան խոսում էր հրեշտակների լեզվով՝ սիրո խոսքերով, որ մենք բոլորս կարողանում ենք լիովին հասկանալ, բայց որը հատկապես հուզեց իր ընկերոջը: «Ես այնքան մեծ բավականություն էի ստանում քեզ հետ ողջ ժամանակ եկեղեցում խոսելով», ասաց նա: «Դու միշտ բարի խոսքեր ունես ինձ համար: Եվ գիտես մեր ֆուտբոլի թիմը լիովին անհետացել է այժմ, երբ դու մեզ հետ չես: Դու այնքան լավ ես խաղում»:

«Ափսոսում եմ, - ասաց Թեբելլոն, - Ես կվերադառնամ ձեզ մոտ, տղանե՛ր»:

«Դա սքանչելի կլինի, - ասաց Տաբիսոն, - Իսկ դու հիշո՞ւմ ես, թե ինչպես էինք պատրաստվում ծառայել որպես միսիոներ: Կարո՞ղ ենք նորից սկսել դա անել»:

«Այո», կրկնեց Թեբելլոն: «Ես ուզում եմ ետ գալ»:

Հավանաբար, մեծագույն ուրախությունը, որ ես զգում եմ որպես Երիտասարդ Տղամարդկանց գերագույն նախագահության խորհրդական այն ժամանակ է, երբ տեսնում եմ Ահարոնյան Քահանյություն կրողներին ողջ աշխարհում, թե ինչպես են գործադրում Ահարոնյան Քահանայության զորությունը: Բայց երբեմն ես նաև տխուր սրտով ականատես եմ լինում՝ որքան շատ երիտասարդ տղամարդիկ չեն հասկանում, թե որքան շատ բարիք նրանք կարող են անել այն զորությամբ, որ իրենք են կրում:

Քահանայությունը հենց Իր՝ Աստծո զորությունն է և իշխանությունը Իր զավակների ծառայությունում գործելու համար: Օհ, եթե միայն յուրաքանչյուր երիտասարդ տղամարդ, յուրաքանչյուր Ահարոնյան Քահանայություն կրող կարողանար լիովին ըմբռնել, որ իր քահանյությունն ունի սպասավորող հրեշտակների բանալիները: Եթե միայն նրանք կարողանային հասկանալ, որ նրանք ունեն սրբազան պարտք՝ օգնելու իրենց ընկերեներին գտնել դեպի Փրկիչը տանող արահետը: Եթե միայն նրանք իմանային, որ Երկնային Հայրը կտա նրանց զորություն բացատրելու վերականգված ավետարանի ճշմարտություններն այնպիսի հստակությամբ և անկեղծությամբ, որ ուրիշները կզգային Քրիստոսի խոսքերի անհերքելի ճշմարտացիությունը:

Սիրելի երիտասարդ տղամարդիկ, թույլ տվեք մի հարց տալ ձեզ, որը հուսով եմ դուք կպահեք ձեր սրտերում ձեր մնացած կյանքի ընթացքում: Ինչպիսի՞ ավելի մեծ զորություն դուք կարող եք ձեռք բերել երկրի վրա, քան Աստծո քահանայությունը: Ի՞նչ զորություն կարող է հնարավորինս ավելի մեծ լինել, քան մեր Երկնային Հորը օգնելու կարողությունը մերձավորների կյանքը փոխելիս, օգնելու նրանց առաջ գնալ հավերժական երջանկության արահետով՝ մաքրված լինելով մեղքից և անիրավությունից:

Ինչպես որևէ այլ զորություն, քահանյությունը պետք է գործադրվի բարիք իրականացնելու համար: Դուք կանչվել եք «վեր կենալու և շողալու» (ՎևՈՒ 115.5), չթաքցնելու ձեր լույսը խավարում: Միայն նրանք, ովքեր քաջարի են, նրանք կհամարվեն ըտրյալների թվում: Երբ դուք գործադրեք ձեր սրբազան քահանայության զորությունը, ձեր քաջությունն ու վստահությունը կմեծանա: Երիտասարդներ, դուք գիտեք, որ դուք լավագույն վիճակում եք, երբ Աստծո ծառայության մեջ եք: Դուք գիտեք, որ դուք ամենաերջանիկն եք, երբ ոգևորությամբ զբաղված եք բարի գործով: Մեծարեք ձեր քահանյության զորությունը՝ լինելով մաքուր և արժանի:

Ես միացնում եմ իմ ձայնը Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի կոչին, որը նա արեց վեց ամիս առաջ այս ամբիոնից: «Ես փնտրում եմ, – ասաց նա, – տղամարդկանց՝ երիտասարդ, թե ծեր, ովքեր այնքան անտարբեր չեն բարու և չարի միջև այս ճակատամարտի նկատմամբ, որ պատրաստ են զինվորագրվելու և չլռելու: Մենք պատերազմի մեջ ենք»: Նա շարունակեց. «Ես խնդրում եմ ավելի ուժեղ ու ավելի նվիրված ձայն, ոչ միայն ձայն, որը դեմ է չարին … այլ ձայն, որը կողմ է բարուն, ձայն, որը կողմ է ավետարանին, ձայն, որը կողմ է Աստծուն» («Բոլորս հավաքագրված ենք», Լիահոնա, նոյ. 2011, 44, 47):

Այո, Ահարոնյան Քահանայություն կրողներ, մենք պատերազմի մեջ ենք: Եվ այս պատերազմում չարից պաշտպանվելու լավագույն ուղին ակտիվորեն արդարությունն առաջ մղելն է: Դուք չեք կարող լսել գարշելի խոսքեր և ձևացնել, որ չեք լսում: Դուք չեք կարող դիտել միայնակ կամ ուիրիշների հետ պատկերներ, որոնք գիտեք, որ պիղծ են և ձևացնեք, թե չեք տեսնում: Դուք չեք կարող շոշափել որևէ անմաքուր բան և ձևացնեք, թե ոչ մի բան էլ չի եղել: Դուք չեք կարող անտարբեր լինել, երբ սատանան ձգտում է կործանել այն, ինչն օգտակար է և մաքուր: Ընդհակառակը, համարձակ պաշտպանեք այն, ինչը գիտեք, որ ճիշտ է: Երբ լսում եք կամ տեսնում որևէ բան, որը խախտում է Տիրոջ չափանիշները, հիշեք, թե ով եք դուք՝ զինվոր հենց Իր՝ Աստծո բանակում, լիազորված Նրա սուրբ քահանայությամբ: Չկա ավելի լավ զենք թշնամու՝ ստերի հոր դեմ, քան ճշմարտությունը, որը դուրս կգա ձեր բերանից, երբ դուք գործադրեք քահանայության զորությունը: Ձեր հասակակիցներից շատերը կհարգեն ձեզ՝ ձեր քաջության և ձեր ազնվության համար: Ոմանք էլ չեն հարգի: Բայց դա նշանակություն չունի: Դուք ձեռք կբերեք Երկնային Հոր հարգանքն ու վստահությունը, որովհետև օգտագործեցիք Նրա զորությունը, որպեսզի իրականացնեք Նրա նպատակները:

Ես կոչ եմ անում յուրաքանչյուր Ահարոնյան Քահանայության քվորումի նախագահությանը, մեկ անգամ ևս բարձրացնել ազատության դրոշը և կազմակերպել և առաջնորդել ձեր գումարտակները: Օգտագործեք ձեր քահանայության ուժը հրավիրելով ձեր շրջապատում գտնվողներին գալ դեպի Քրիստոս՝ ապաշխարության և մկրտության միջոցով: Դուք ունեք Երկնային Հոր հանձնառությունն ու զորությունն այդ անելու համար:

Երկու տարի առաջ Չիլիի Սանտյագո այցելության ժամանակ ես մեծ տպավորություն ստացա Դանիել Օլեյթից՝ մի երիտասարդից, որը հաճախ էր ուղեկցում միսիոներներին: Ես խնդրեցի նրան գրել ինձ, և նրա թույլտվությամբ, ես կկարդամ ձեզ մի հատված նրա վերջին նամակից. «Իմ 16 տարեկանը հենց նոր է լրացել և կիրակի օրը ես ձեռնադրվեցի քահանայի պաշտոնում: Այդ նույն օրը ես մկրտեցի իմ ընկերուհիներից մեկին. նրա անունը Կարոլինա է: Ես նրան ուսուցանում էի ավետարանը, և նա կանոնավորապես հաճախում էր եկեղեցի և նույնիսկ ստացավ Անձնական Զարգացման պարգևներից մեկը, բայց նրա ծնողները թույլ չէին տալիս նրան մկրտվել, մինչև նրանք սկսեցին ճանաչել և վստահել ինձ: Նա ուզում էր, որ ես մկրտեի իրեն, այսպիսով մենք ստիպված էինք սպասել մեկ ամիս մինչև կիրակի օրը, երբ 16 տարեկանս լրանար: Ես այնքան լավ եմ զգում, օգնելով այդքան լավ անձնավորությանը մկրտվել, և ես երջանիկ եմ զգում, որ հենց ես մկրտեցի նրան»:

Դանիելը ուղղակի մեկն է շատ երիտասարդ տղամարդկանցից ողջ աշխարհում, ովքեր ապրում են համաձայն այն զորության, որ Աստված վստահել է նրանց: Մյուսը Լուիս Ֆերնանդոն է՝ Հոնդուրասից, որը նկատել էր, որ իր ընկերը վտանգավոր ճանապարհով էր քայլում և կիսվել էր իր վկայությամբ նրա հետ, տառացիորեն փրկելով նրա կյանքը (տես “A Change of Heart,” lds.org/youth/video): Օլավոն Բրազիլիայից մեկ այլ օրինակ է: Իսկական քահանա իր տանը (տես ՎևՈՒ 84.111), Օլավոն ոգեշնչեց իր մորը վերադառնալ լիակատար ակտիվության Եկեղեցում (տես “Reunited by Faith,” lds.org/youth/video): Դուք կարող եք գտնել այս պատմվածքներից մի քանիսը և սրանց նման շատ ուրիշներ Եկեղեցու երիտասարդական վեբ կայքում՝ youth.lds.org: Ի միջի այլոց, համացանցը, սոցիալական կայքերը և այլ տեխնոլոգիաները միջոցներ են, որոնք Տերը դրել է ձեր ձեռքը՝ օգնելու ձեզ գործադրելու ձեր քահանայության պարտավորությունները և տարածելու ճշմարտության և առաքինության ազդեցությունը:

Սիրելի երիտասարդ տղամարդիկ, երբ դուք գործադրում եք Ահարոնյան Քահանայությունն այն ձևով, որ ես նկարագրեցի, դուք նախապատրաստվում եք ձեր ապագա պարտականություններին: Բայց դուք անում եք շատ ավելին, քան այդ: Հովհաննես Մկրտիչի՝ այդ օրինակելի Ահարոնյան Քահանայություն կրողի պես, դուք ևս նախապատրաստում եք Տիրոջ ճանապարհը և ուղիղ դարձնում Նրա ուղիները: Երբ դուք համարձակությամբ հայտարարում եք ապաշխարության և մկրտության ավետարանը, ինչպես Հովհաննեսն արեց, դուք պատրաստում եք մարդկանց Տիրոջ գալստին (տես Մատթեոս Գ.3, ՎևՈՒ 65.1–3, 84.26–28): Ձեզ հաճախ է ասվում ձեր մեծ ներուժի մասին: Դե, այժմ է այդ ներուժը գործի դնելու ժամանակը, օգտագործելու այն ունակությունները, որոնք Աստված է տվել ձեզ՝ ուրիշներին օրհնելու համար, բերելու նրանց խավարից դեպի լույս և պատրաստելու Տիրոջ ճանապարհը:

Եկեղեցին տվել է ձեզ «Պարտականություն Աստծո հանդեպ» գրքույկը որպես միջոց՝ օգնելու ձեզ սովորել և կատարել ձեր պարտականությունները: Հաճախ ուսումնասիրեք այն: Ծնկի իջեք՝ տեխնոլոգիայից հեռու, և փնտրեք Տիրոջ առաջնորդությունը: Իսկ հետո վեր կացեք և օգտագործեքԱստծո զորությունը: Ես խոստանում եմ, որ դուք կստանաք պատասխաններ Երկնային Հորից, թե ինչպես վարեք ձեր սեփական կյանքը և թե ինչպես օգնեք ուրիշներին:

Ես մեջբերում եմ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի խոսքերը. «Երբեք մի թերագնահատեք ձեր վկայության հեռու գնացող ազդեցությունը: … Դուք ունեք կարողություն նկատելու աննկատելին: Երբ դուք ունեք աչքեր տեսնելու, ականջներ լսելու և սրտեր զգալու համար, դուք կարող եք հասնել և փրկել ուրիշներին» (“Be Thou an Example,” Liahona, May 2005, 115):

Ես վկայում եմ ձեզ, որ քահանայության զորությունը իրական է: Ես վկայություն եմ ձեռք բերել ինքս գործադրելով քահանյությունը: Ես տեսել եմ հրաշք հրաշքի ետևից, որոնք կատարվել են նրանց կողմից, ովքեր ունեն Ահարոնյան Քահանայության զորությունը: Ես վկա եմ եղել սպասավորող հրեշտակների զորությանը, երբ հավատարիմ Ահարոնյան Քահանյություն կրողները խոսել են հույսի Հոգով լցված խոսքեր, բացելով ինչ որ մեկի սիրտը, ով լույսի և սիրո կարիք ունի: Հիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ՝ մեր առաջնորդի և մեր Փրկչի անունով, ամեն: