2010–2019 թթ․
Փակելով այս համաժողովը
Ապրիլ 2012


Փակելով այս համաժողովը

Թող որ դուք խորհեք այն ճշմարտությունների մասին, որ լսեցիք, և թող դրանք օգնեն ձեզ դառնալ էլ ավելի լավը, քան դուք այս համաժողովից առաջ էիք՝ միայն երկու օր առաջ:

Սիրտս լցվում է, երբ մենք մոտենում ենք այս փառավոր համաժողովի ավարտին: Մենք այնպիսի առատությամբ օրհնվեցինք, լսելով նրանց խորհուրդները և վկայությունները, ովքեր խոսեցին մեզ հետ: Կարծում եմ, կհամաձայնվեք ինձ հետ, որ մենք զգացինք Տիրոջ Հոգին, երբ մեր սրտերը հուզվեցին և մեր վկայությունները ամրացան:

Կրկին մենք վայելեցինք գեղեցիկ երաժշտությունը, որը զարդարեց և հարստացրեց համաժողովի բոլոր նիստերը: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլորին, ովքեր կիսվեցին մեզ հետ իրենց տաղանդներով:

Իմ սրտանց շնորհակալությունը ուղղված է յուրաքանչյուրին, ով խոսեց, ինչպես նաև նրանց, ովքեր ասացին աղոթքները յուրաքանչյուր նիստին:

Անթիվ մարդիկ են աշխատում և բեմի ետևում, և յուրաքանչյուր համաժողովի քիչ տեսանելի դիրքերում: Մենք չէինք կարողանա անցկացնել այս նիստերը առանց նրանց օգնության: Իմ շնորհակալությունը ուղղված է բոլոր նրանց նույնպես:

Ես գիտեմ, որ դուք կմիանաք ինձ, խորը երախտագիտություն հայտնելով այն եղբայրներին և քույրերին, ովքեր ազատվեցին այս համաժողովին իրենց պաշտոններից: Մենք կկարոտենք նրանց: Տիրոջ աշխատանքին կատարած նրանց ներդրումը ահռելի է և կզգացվի սերունդներ շարունակ:

Բարձրացրած ձեռքերով մենք նաև հաստատեցինք եղբայրներին և քույրերին, ովքեր այս համաժողովին կանչվեցին նոր պաշտոնների: Մենք ողջունում ենք նրանց և ցանկանում, որ իրենք իմանան, որ մենք ուրախությամբ կծառայենք նրանց հետ Վարդապետի գործի համար: Նրանք կանչվել են վերստին ստացված ոգեշնչման ներքո:

Այս համաժողովը աննախադեպ տարածման է արժանացել, անցնելով մայրցամաքների և օվկիանոսների միջով և հասնելով մարդկանց ամենուրեք: Թեև մենք շատ հեռու ենք ձեզանից շատերից, մենք զգում ենք ձեր հոգին և ձեր նվիրումը, և ուղարկում ենք մեր սերը և երախտագիտությունը, որտեղ էլ որ լինեք:

Որքան օրհնված ենք մենք, իմ եղբայրներ և քույրեր, որ ունենք Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը մեր կյանքում և մեր սրտերում: Այն տալիս է կյանքի մեծագույն հարցերի պատասխանները: Այն իմաստ, նպատակ և հույս է հաղորդում մեր կյանքին:

Մենք ապրում ենք անհանգիստ ժամանակներում: Ես հավաստիացնում եմ ձեզ, որ մեր Երկնային Հայրը մտահոգ է մեր խնդիրների համար: Նա սիրում է մեզանից յուրաքանչյուրին և ցանկանում է օրհնել և օգնել մեզ: Թող որ մենք կանչենք առ Նա աղոթքով, ինչպես Նա է հորդորել. «Անդադար աղոթիր, և ես իմ Հոգին դուրս կթափեմ քո վրա, և մեծ կլինի քո օրհնությունը, այո, նույնիսկ ավելի մեծ, քան եթե դու ձեռք բերեիր երկրի գանձերը»:1

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, թող ձեր տները լցված լինեն սիրով և բարյացկամությամբ և Տիրոջ Հոգով: Սիրեք ձեր ընտանիքներին: Եթե կլինեն անհամաձայնություններ կամ վեճեր, ես կոչ եմ անում ձեզ լուծել դրանք այժմ: Փրկիչն ասել է.

«Եվ ձեր մեջ չպիտի լինեն վիճաբանություններ …

Քանզի ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա, որ ունի հակառակության ոգին, ինձանից չէ, այլ դևից է, որը հակառակության հայրն է, և նա դրդում է մարդկանց սրտերը բարկությամբ վիճելու մեկը մյուսի հետ:

Ահա, սա իմ վարդապետությունը չէ … այլ այս է իմ վարդապետությունը, որ այդպիսի բաները պիտի վերացվեն»:2

Որպես ձեր խոնարհ ծառա, ես կրկնում եմ իր ժողովրդին ուղղված Բենիամին թագավորի խոսքերը.

«Ես չեմ պատվիրել ձեզ … որ, դուք մտածեք, որ ես ինքս ավելին եմ, քան մի մահկանացու մարդ:

Այլ ես ձեր պես՝ ենթակա եմ ամեն ձևի թուլությունների՝ ի մարմնո, և ի մտոք. սակայն ես ընտրված եմ … Տիրոջ ձեռքով … և պահվել ու պահպանվել եմ նրա անզուգական զորությամբ՝ ծառայելու ձեզ ողջ զորությամբ, մտքով և ուժով, որը Տերը շնորհել է ինձ»:3

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես իմ ողջ սրտով ցանկանում եմ կատարել Աստծո կամքը և ծառայել Նրան և ձեզ:

Այժմ, հեռանալով այս համաժողովից, ես խնդրում եմ, որ երկնքի օրհնությունները տրվեն ձեզ: Թող որ դուք, ովքեր հեռու են իրենց տներից, ապահով տուն վերադառնաք: Թող որ դուք խորհեք այն ճշմարտությունների մասին, որ լսեցիք, և թող դրանք օգնեն ձեզ դառնալ էլ ավելի լավը, քան դուք այս համաժողովից առաջ էիք՝ միայն երկու օր առաջ:

Մինչև որ մենք կրկին կհանդիպենք վեց ամիս անց, ես խնդրում եմ Տիրոջ օրհնությունները ձեզ և մեր բոլորի համար, և անում եմ դա Նրա՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: