Ունենալ գործելու տեսիլք

Երեց Օ. Վինսենթ Հալեք

Յոթանասունից


Երեց Օ. Վինսենթ Հալեք
Եթե ուզում ենք բարգավաճել, ոչ թե ոչնչանալ, ապա մենք պետք է ձեռք բերենք ինքներս մեր մասին տեսիլքը այնպես, ինչպես Փրկիչն է մեզ տեսնում:

Ինչպես բոլոր լավ ծնողները, իմ ծնողները պայծառ ապագա էին ցանկանում իրենց զավակների համար: Հայրս անդամ չէր և արտասովոր պայմանների պատճառով, որոնք տիրում էին այդ ժամանակ, ծնողներս որոշեցին, որ եղբայրներս, քույրերս և ես Հարավային Խաղաղօվկիանոսյան Ամերիկյան Սամոայի մեր հարազատ կղզուց մեկնեինք Միացյալ Նահանգներ՝ դպրոց հաճախելու համար:

Մեզանից բաժանվելը դժվար որոշում էր ծնողներիս, հատկապես՝ մորս համար: Նրանք գիտեին, որ նոր պայմաններում անհայտ խնդիրներ կլինեին: Ինչևէ, հավատքով և վճռականությամբ, նրանք առաջ տարան իրենց ծրագիրը:

Վերջին Օրերի Սրբերի դաստիարակություն ունենալու շնորհիվ, մայրս ծանոթ էր ծոմի և աղոթքի սկզբունքներին, և երկու ծնողներս էլ զգում էին, որ երկնային օրհնությունների կարիքն ունեին՝ իրենց զավակներին օգնելու համար: Այդ ոգով նրանք սկսեցին ամեն շաբաթ մեկ օր հատկացնել մեզ համար ծոմ պահելուն և աղոթելուն: Նրանց նպատակն էր պատրաստել իրենց զավակներին պայծառ ապագայի համար: Նրանք գործում էին այդ տեսիլքով, երբ կիրառում էին իրենց հավատքը փնտրելով Տիրոջ օրհնությունները: Ծոմի և աղոթքի միջոցով նրանք ստանում էին սփոփանք, խաղաղություն և հավաստիացում, որ ամեն ինչ լավ կլինի:

Ինչպե՞ս ենք մենք՝ մեր կյանքի խնդիրների մեջ, ստանում այն տեսիլքը, որն անհրաժեշտ է այն անելու համար, ինչը մեզ կմոտեցնի Փրկչին: Տեսիլքի հետ կապված Առակաց գիրքը ուսուցանում է մեզ այս ճշմարտությունը. «Առանց մարգարեության ժողովուրդը կվայրենանայ» (Առակաց ԻԹ.18): Եթե ուզում ենք բարգավաճել, ոչ թե ոչնչանալ, ապա մենք պետք է ձեռք բերենք ինքներս մեր մասին տեսիլքը այնպես, ինչպես Փրկիչն է մեզ տեսնում:

Փրկիչը այդ խոնարհ ձկնորսների մեջ, որոնց կանչեց հետևել Իրեն, տեսավ ավելին, քան իրենք էին տեսնում իրենց մեջ. Նա ուներ տեսիլք, թե ինչ նրանք կարող էին դառնալ: Նա գիտեր նրանց բարության և ներուժի մասին, և Նա գործի անցավ՝ կանչելով նրանց: Սկզբում նրանք փորձառու չէին, սակայն հետևելով, նրանք տեսան Նրա օրինակը, զգացին Նրա ուսմունքները և դարձան Նրա աշակերտները: Եկավ մի ժամանակ, երբ Նրա աշակերտներից մի քանիսը հեռացան Նրանից, քանի որ այն, ինչ լսել էին, դժվար էր իրենց համար: Հասկանալով, որ մյուսները նույնպես կարող են հեռանալ, Հիսուսը հարցրեց Տասներկուսին. «Մի՞թե դուք էլ ուզում եք գնա» (Հովհաննես Զ.67): Պետրոսի պատասխանը արտահայտում է այն, թե որքան էր նա փոխվել և նա ստացել էր տեսիլքն այն մասին, թե ով էր Փրկիչը: «Ո՞ւմ մոտ գնանք. Հավիտենական կյանքի խոսքեր ունիս դու» (Հովհաննես Զ.68),- պատասխանեց նա:

Այդ տեսլիքով զինված, այդ հավատարիմ և նվիրված աշակերտները կարողացան կատարել դժվար գործեր, ճանապարհորդելով և քարոզելով ավետարանը և հիմնելով Եկեղեցին Փրկչի հեռանալուց հետո: Ի վերջո, նրանցից ոմանք մեծագույն զոհաբերություն կատարեցին իրենց վկայության համար:

Սուրբ գրքերում կան այլ օրինակներ նրանց մասին, ովքեր ստացել են ավետարանի տեսիլքը և առաջ են գնացել, գործելով ըստ այդ տեսիլքի: Ալմա մարգարեն տեսիլք ստացավ, երբ լսեց Աբինադիի համարձակ ուսմունքը և վկայությունը Նոյ թագավորի մոտ: Ալման գործեց ըստ Աբինադիի ուսմունքների և սկսեց ուսուցանել այն, ինչ սովորել էր, և մկրտել շատերին, ովքեր հավատացին իր խոսքերին (տես Մոսիա 17.1–4, 18.1–16): Չնայած որ առաջին Սրբերին Պողոս Առաքյալը հալածում էր, նա դարձի եկավ Դամասկոսի ճանապարհին, ապա գործեց, ուսուցանելով և վկայելով Քրիստոսի մասին (տես Գործք Թ.1–6, 20–22, 29):

Մեր օրերում երիտասարդ շատ տղամարդիկ, կանայք և ավագ զույգեր արձագանքում են միսիաներում ծառայելու Աստծո մարգարեի կոչին: Հավատքով և խիզախությամբ նրանք թողնում են իրենց տները և այն ամենը, ինչ հարազատ է իրենց, որովհետև իրենց հավատքով կարող են մեծ գործ կատարել որպես միսիոներներ: Գործելով ըստ ծառայելու իրենց տեսիլքի, նրանք օրհնում են շատերի կյանքը և այդ ընթացքում փոխում իրենց սեփական կյանքը: Անցած գերագույն համաժողովին Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը շնորհակալություն հայտնեց մեզ այն ծառայության համար, որը մենք կատարում ենք միմյանց համար, և հիշեցրեց մեզ Իր զավակներին երկրի վրա օրհնելու գործում Աստծո ձեռքերը լինելու մեր պատասխանատվության մասին (տես «Մինչև նոր հանդիպում», Լիահոնա, նոյ. 2011, 108): Այս կոչի իրականացումը ջերմացնում է մեր սրտերը, մինչ Եկեղեցու անդամները գործում են ըստ այդ տեսիլքի:

Հասկանալով, որ մենք օգնության կարիք կունենանք, հեռանալուց առաջ Փրկիչն ասաց. «Ձեզ որբ չեմ թողիլ» (Հովհաննես ԺԴ.18): Նա սովորեցրեց Իր աշակերտներին. «Մխիթարիչը՝ սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկէ իմ անունովը, նա ամեն բան կսովորեցնէ ձեզ, և կհիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասացի» (Հովհաննես ԺԴ.26): Սա նույն Սուրբ Հոգին է, որը կարող է հզորացնել և խրախուսել մեզ անելու այն, ինչ մեզ ուսուցանում են Փրկիչը և մեր օրերի մարգարեները և առաքյալները:

Գործի դնելով մեր ղեկավարների ուսմունքները, մենք ավելի խորը հասկացողություն ենք ստանում մեր վերաբերյալ մեր Փրկչի տեսիլքի մասին: Այս համաժողովի ընթացքում մենք ստացանք ոգեշնչված խորհուրդներ մեր մարգարեներից և առաքյալներից: Ուսումնասիրեք նրանց ուսմունքները և խորհեք դրանց մասին ձեր սրտերում, միևնույն ժամանակ փնտրելով Սուրբ Հոգին, որպեսզի նա օգնի ձեզ տեսնել այդ ուսմունքների տեսիլքը ձեր կյանքում: Այդ տեսիլքով հանդերձ, գործադրեք ձեր հավատքը, հետևելով նրանց խորհուրդներին:

Քննեք և ուսումնասիրեք սուրբ գրությունները՝ ավելի շատ լույս և գիտելիք ստանալու մտադրությամբ: Խորհեք դրանց մասին ձեր սրտերում և թույլ տվեք, որ դրանք ոգեշնչեն ձեզ: Այնուհետև գործեք ձեր ոգեշնչմանը համաձայն:

Ընտանիքով սովորելով, մենք գործում ենք, երբ ծոմ ենք պահում և աղոթում: Ալման ծոմի և աղոթքի մասին խոսում է որպես հավաստիացում ստանալու եղանակի. «Ես ծոմ եմ պահել ու աղոթել շատ օրեր, որ ես ինքս կարողանայի իմանալ այս բաները» (Ալմա 5.46): Մենք նույնպես սկսում ենք հասկանալ ինչպես վարվել կյանքի խնդիրների հետ ծոմի և աղոթքի միջոցով:

Մենք դժվարություններ ենք ունենում մեր կյանքում, որոնք երբեմն կարող են թուլացնել մեր տեսիլքը և հավատքը և թույլ չտալ անել այն, ինչ պետք է անենք: Մենք դառնում ենք այնքան զբաղված, որ հաճախ գերծանրաբեռնված ենք մեզ զգում և անընդունակ անելու ավելին: Թեև մենք բոլորս տարբեր ենք, ես խոնարհաբար հավատում եմ, որ մենք պետք է մեր տեսիլքը կենտրոնացնենք Փրկչի և Նրա ուսմունքների վրա: Ի՞նչ Նա տեսավ Պետրոսի, Հակոբոսի, Հովհաննեսի և մյուս Առաքյալների մեջ, ինչը հուշեց Նրան հրավիրել նրանց հետևել Իրեն: Նրանց համար ունեցած Իր տեսիլքի պես, Փրկիչը մեծ տեսիլք ունի նրա վերաբերյալ, թե ովքեր մենք կարող ենք դառնալ: Կպահանջվի նույն հավատքը և քաջությունը, որ ցուցաբերեցին առաջին Առաքյալները, որպեսզի մենք վերակենտրոնացնենք մեզ այլ բաների վրա, որոնք առավել կարևոր են տևական երջանկություն և մեծ ուրախություն ունենալու համար:

Երբ մենք ուսումնասիրում ենք մեր Փրկչի կյանքը և Նրա ուսմունքները, մենք տեսնում ենք Նրան մարդկանց մեջ՝ ուսուցանելիս, աղոթելիս, բարձրացնելիս և բժշկելիս: Երբ մենք ընդօրինակում ենք Նրան և անում այն, ինչ Նա է անում, մենք սկսում ենք տեսիլք ձեռք բերել՝ թե ովքեր մենք կարող ենք դառնալ: Դուք կօրհնվեք ներշնչմամբ՝ Սուրբ Հոգու օգնությամբ, որպեսզի անեք բարիք: Փոփոխություններ կգան և դուք այլ կարգ կներմուծեք ձեր կյանք, որը կօրհնի ձեզ և ձեր ընտանիքին: Նեփիացիների մեջ Իր ծառայության ընթացքում Փրկիչը հարցրեց. «Ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել»: Նա պատասխանեց. «Ճիշտ ինչպես ես եմ» (3 Նեփի 27.27): Մենք ունենք Նրա կարիքը, որպեսզի դառնանք Նրա նման, և Նա ցույց է տվել մեզ ուղին. «Հետևաբար, խնդրեք և դուք կստանաք. թակեք և կբացվի ձեզ. քանզի նա, ով խնդրում է, ստանում է. և նրա համար, ով թակում է, կբացվի» (3 Նեփի 27.29):

Ես գիտեմ, որ մեր մասին Փրկչի աչքերով տեսիլք ձեռք բերելու և ըստ այդ տեսիլքի գործելու արդյունքում մեր կյանքը կօրհնվի անսպասելի ճանապարհներով: Իմ ծնողների տեսիլքի շնորհիվ ոչ միայն օրհնվեց իմ կյանքը կրթությամբ, այլ ես հայտնվեցի այնպիսի պայմաններում, որտեղ գտա և ընդունեցի ավետարանը: Ավելի կարևոր է, որ ես սովորեցի լավ և հավատքով լի ծնողների կարևորության մասին: Պարզ ասած, իմ կյանքը ընդմիշտ փոխվեց:

Ինչպես տեսիլքը օգնեց իմ ծնողներին ծոմ պահել և աղոթել իրենց զավակների բարօրության համար, և ինչպես առաջին Առաքյալների տեսիլքը օգնեց իրենց հետևել Փրկչին, այդ նույն տեսիլքը մատչելի է նաև ոգեշնչելու և օգնելու մեզ գործել: Եղբայրներ և քույրեր, մենք տեսիլքի և հավատքով ու քաջությամբ գործելու պատմություն ունեցող ժողովուրդ ենք: Տեսեք, թե որտեղից ենք մենք եկել և ինչ օրհնություններ ենք ստացել: Հավատացեք, որ Նա կարող է օրհնել ձեզ ձեր կյանքի տեսիլքով և գործելու քաջությամբ:

Ես բերում եմ ձեզ իմ վկայությունը Փրկչի և Նրա ցանկության մասին, որ մենք վերադառնանք Իր մոտ: Դա անելու համար մենք պետք է հավատք ունենանք գործելու՝ հետևելու Նրան և դառնալու Նրա նման: Մեր կյանքի տարբեր ժամանակներում Նա բարձրացնում է Իր ձեռքը և հրավիրում մեզ.

«Ձեր վերայ առեք իմ լուծը և ինձանից սովորեցեք. որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք:

Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև» (Մատթեոս ԺԱ.29–30):

Ճիշտ ինչպես Փրկիչը տեսավ մեծ ներուժ Իր առաջին աշակերտների մեջ, Նա նաև տեսնում է այն մեր մեջ: Եկեք մենք տեսնենք մեզ այնպես, ինչպես մեզ տեսնում է Փրկիչը: Ես աղոթում եմ, որ մենք ունենանք այդ տեսիլքը՝ գործելու հավատքով և քաջությամբ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: