Նա իսկապես սիրում է մեզ

Յոթանասունից


Երեց Փոլ Ե. Քոլիքեր
Ընտանիքի երկնային նմուշով ստեղծված օրինակի օգնությամբ մենք ավելի լիարժեքորեն ենք հասկանում, թե ինչպես է մեր Երկնային Հայրը իսկապես սիրում մեզանից յուրաքանչյուրին հավասարապես և լիարժեք ձևով:

Ես սիրում եմ լինել լիաժամկետ միսիոներների հետ: Նրանք լի են հավատքով, հույսով և իսկական գթությամբ: Նրանց միսիոներական փորձառությունը նման է մի փոքրիկ կյանքի փաթեթի, որ ունի 18–24 ամսվա տևողություն: Նրանք ժամանում են որպես հոգևոր մանուկներ, ովքեր լուրջ ցանկություն ունեն սովորել և հեռանալ որպես հասուն չափահասներ, կարծես, պատրաստ հաղթահարելու ցանկացած և բոլոր դժվարությունները, որոնք դրված են նրանց առջև: Ես նաև սիրում եմ նվիրված տարեց միսիոներներին, ովքեր լի են համբերությամբ, իմաստությամբ և մեղմ վստահությամբ: Նրանք կայունության և սիրո պարգև են հաղորդում իրենց շրջապատող երիտասարդ միսիոներների ջանքերին: Երիտասարդ միսիոներները և ավագ զույգերը միասին ներկայացնում են բարու հզոր, հաստատակամ ուժ, որը շատ մեծ ազդեցություն է ունենում իրենց և նրանց կյանքում, ում նրանք ծառայում են:

Վերջերս ես լսեցի այս հրաշալի երիտասարդ միսիոներներից երկուսին, երբ նրանք խոսում էին այդ օրը ունեցած իրենց փորձառությունների ու ջանքերի մասին: Այդ պահին, երբ նրանք խոսում էին այդ մասին, նրանք մտածում էին այն անհատների մասին, ում հանդիպել էին այդ օրը, որոնցից ոմանք մյուսներից ավելի պատրաստակամ էին գտնվել: Հաշվի առնելով հանգամանքները, նրանք հարցրեցին. «Ինչպե՞ս մենք կարող ենք օգնել յուրաքանչյուր անհատի Երկնային Հոր մասին ավելին իմանալու ցանկություն զարգացնել: Ինչպե՞ս ենք մենք օգնում նրանց զգալ Նրա Հոգին: Ինչպե՞ս մենք կարող ենք օգնել նրանց իմանալ, որ մենք սիրում ենք իրենց»:

Ես մտովի պատկերացրեցի այս երկու երիտասարդ տղամարդկանց երեք կամ չորս տարի իրենց միսիան ավարտելուց հետո: Ես պատկերացրեցի, որ նրանք գտել էին իրենց հավերժական զուգընկերներին և ծառայում էին երեցների քվորումում կամ ուսուցանում էին երիտասարդների մի խմբի: Այժմ, իրենց լսողների մասին մտածելու փոխարեն, նրանք տալիս էին նույն հարցերը իրենց քվորումի անդամների վերաբերյալ կամ երիտասարդ տղաների վերաբերյալ, ում նրանք լիազորված էին կրթել: Ես տեսա, թե ինչպես նրանց միսիոներական փորձառությունը կարող էր կիրառվել որպես օրինակ իրենց կյանքի մնացած մասում ուրիշներին կրթելիս: Երբ արդարակյաց աշակերտների այս բանակը վերադառնում է միսիայից աշխարհի տարբեր երկրներ, նրանք դառնում են Եկեղեցին վերականգնելու աշխատանքի հիմնական նվիրատուները:

Մորմոնի գրքի մարգարե Լեքին միգուցե այս միսիոներների նման խորհեց նույն հարցերի շուրջ, երբ լսեց իր որդիների պատասխանները իրեն տրված առաջնորդությունների և տեսիլքների վերաբերյալ. «Եվ այսպես Լամանը և Լեմուելը, լինելով ավագները, տրտնջում էին իրենց հոր դեմ: Եվ նրանք տրտնջում էին, որովհետև չգիտեին գործերն այն Աստծո, որը ստեղծել էր իրենց» (1 Նեփի 2.12):

Հավանաբար, մեզանից յուրաքանչյուրն էլ զգացել է այն հուսախաբությունը, որը Լեքին զգաց իր երկու ավագ որդիների հետ կապված: Երբ մենք հանդիպում ենք ճշմարիտ ճանապարհից հեռացող երեխայի, լսողի, ով դեռևս չի պարտավորվում ընդունել ավետարանը կամ հեռանկարներում չկողմնորոշվող երեցի, մեր սիրտը ցավում է նրանց համար, ճիշտ ինչպես Լեքիի սիրտը, և մենք հարցնում ենք՝ ինչպես ես կարող եմ օգնել նրանց զգալ և լսել Հոգին, որպեսզի նրանք չշեղվեն աշխարհիկ բաներով: Երկու սուրբ գրություններ են առանձնանում իմ մտքում, որոնք կարող են օգնել մեզ գտնել մեր ճանապարհը այս շեղումների մեջ և զգալ Աստծո սիրո զորությունը:

Նեփին հայտնում է մեզ սովորելու գաղտնիքը իր անձնական փորձառության միջոցով. «Ես Նեփիս, … ունենալով մեծ իղձեր՝ իմանալու Աստծո խորհուրդները, ուստի, ես կանչեցի առ Տերը. և ահա, նա այցելեց ինձ և այնպես փափկացրեց իմ սիրտը, որ ես հավատացի այն բոլոր խոսքերին, որոնք ասվել էին հորս կողմից. այդ պատճառով ես չապստամբեցի նրա դեմ՝ իմ եղբայրների նման» (1 Նեփի 2.16):

Իմանալու ցանկություն արթնացնելը մեզ հոգևոր ունակություն է տալիս լսելու երկնքի ձայնը: Այդ ցանկությունը արթնացնելը և զարգացնելը յուրաքանչյուրիս՝ միսիոներների, ծնողների, ուսուցիչների, առաջնորդների և անդամների որոնումն ու պարտականությունն է: Երբ մենք զգում ենք, որ այդ ցանկությունը առաջանում է մեր սրտերում, մենք պատրաստվում ենք օգուտ քաղել երկրորդ սուրբ գրության ուսումնասիրությունից, որն ուզում եմ նշել:

1831թ. հունիսին, երբ կոչումներ էին տրվում վաղ շրջանի Եկեղեցու ղեկավարներին, Ջոզեֆին Սմիթին ասվեց, որ «Սատանան դրսում է երկրի վրա, և նա առաջ է գնում խափելով ազգերին»: Այս շեղող ազդեցությունը կասեցնելու համար, Տերն ասաց, որ մեզ կտա «մի օրինակ, բոլոր բաների համար, որպեսզի [մենք] չխափվենք» (ՎևՈՒ 52.14):

Օրինակները ձևանմուշներ, առաջնորդություններ, կրկնվող քայլեր կամ ուղիներ են, որոնց մարդը հետևում է Աստծո նպատակներն իրականացնելու համար: Եթե մենք հետևենք դրանց, դրանք մեզ կպահեն խոնարհ, արթուն և ի վիճակի կլինենք տարբերելու Սուրբ Հոգու ձայնը այն ձայներից, որոնք մեզ շեղում և հեռացնում են: Այնուհետև Տերը հրահանգում է մեզ. «Նա, ով դողում է իմ զորության ներքո, ուժեղ պիտի դարձվի, և գովասանքի և իմաստության պտուղներ պիտի բերի, համաձայն հայտնությունների ու ճշմարտությունների, որոնք ես տվել եմ ձեզ» (ՎևՈՒ 52.17):

Անկեղծ միտումով ասված խոնարհ աղոթքի օրհնությունը թույլ է տալիս Սուրբ Հոգուն դիպչել մեր սրտին և օգնում է մեզ հիշել այն, ինչ մենք գիտեինք մինչև այս մահկանացու կյանքում ծնվելը: Երբ մենք ավելի պարզ ենք հասկանում մեզ համար նախատեսված մեր Երկնային Հոր ծրագիրը, մենք սկսում ենք ընդունել մեր պարտականությունը՝ օգնելու ուրիշներին սովորել և հասկանալ Նրա ծրագիրը: Որպեսզի օգնենք ուրիշներին հիշել, առաջին հերթին մենք պետք է անձամբ ապրենք և կիրառենք ավետարանը մեր իսկ կյանքում: Երբ մենք իրականում ապրում ենք ավետարանով Տեր Հիսուս Քրիստոսի սովորեցրած օրինակի համաձայն, ուրիշներին օգնելու մեր ունակությունը մեծանում է: Հաջորդ փորձառությունը մի օրինակ է, թե ինչպես կարող է այս սկզբունքը աշխատել:

Երկու երիտասարդ միսիոներներ թակեցին մի դուռ, հուսալով գտնել մեկին, ով կընդուներ իրենց ուղերձը: Դուռը բացվեց և բավականին խոշոր մի տղամարդ բարևեց նրանց ոչ ընկերական ձայնով. «Կարծում եմ ասել եմ ձեզ, որ իմ դուռը կրկին չթակեք: Ես զգուշացրել էի ձեզ, որ եթե դուք երբևէ վերադառնաք, դա հաճելի փորձառություն չի լինի: Այժմ ինձ հանգիստ թողեք»: Նա շտապ փակեց դուռը:

Մինչ երեցները հեռանում էին, ավելի փորձառու ավագ միսիոները իր ձեռքը դրեց կրտսեր միսիոների ուսին, որ մխիթարեր և քաջալերեր նրան: Տղամարդը պատուհանից աննկատելիորեն նայում էր նրանց՝ համոզվելու համար, որ նրանք հասկացել էին իր ասածը: Նա միանգամայն ակնկալում էր տեսնել նրանց ծիծաղելիս և ծաղրելիս իր անբարյացակամ վերաբերմունքը ի պատասխան իրենց այցելության: Ինչևիցե, երբ նա տեսավ բարության արտահայտություն երկու միսիոներների միջև, նրա սիրտը անմիջապես փափկեց: Նա կրկին բացեց դուռը և խնդրեց միսիոներներին վերադառնալ և կիսել իրենց ուղերձը իր հետ:

Երբ մենք հնազանդվում ենք Աստծո կամքին և ապրում Նրա օրինակով, զգում ենք Նրա Հոգին: Փրկիչը սովորեցրել է. «Սորանով կգիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք» (Հովհաննես ԺԳ.35): Իրար հանդեպ սեր ունենալու այս սկզբունքը ևքրիստոսակենտրոն ունակություն զարգացնելը մեր մտածելու, խոսքի և վարքի մեջ հիմնարար դեր ունի Քրիստոսի աշակերտ և Նրա ավետարանի ուսուցիչներ դառնալու գործում:

Այսպիսի ցանկություն արթնացնելը պատրաստում է մեզ խոստացված օրինակներ փնտրելուն: Օրինակներ փնտրելը առաջնորդում է մեզ դեպի Քրիստոսի վարդապետությունը, ինչպես այն ուսուցանվել է Փրկչի և Նրա մարգարե առաջնորդների կողմից: Այս վարդապետության օրինակներից մեկը մինչև վերջ համբերելն է. «Եվ օրհնված են նրանք, ովքեր կջանան հաստատել իմ Սիոնն այդ օրը, քանզի նրանք կունենան Սուրբ Հոգու պարգևն ու զորությունը. և եթե համբերեն մինչև վերջ, նրանք կբարձրացվեն վերջին օրը, և կփրկվեն Գառի հավիտենական արքայությունում» (1 Նեփի 13.37):

Ո՞րն է լավագույն եղանակը, որի միջոցով մենք կարող ենք վայելել Սուրբ Հոգու պարգևն ու զորությունը: Դա այն զորությունն է, որը գալիս է Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտ լինելուց: Դա մեր սերն է Նրա և մեր մերձավորների հանդեպ: Փրկիչն է, որ սահմանեց սիրո օրինակը, երբ սովորեցրեց մեզ. «Նոր պատուիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրէք. ինչպէս ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրէք» (Հովհաննես ԺԳ.34):

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին հաստատել այս սկզբունքը, երբ ասել է. «Տիրոջը սիրելը պարզապես խորհուրդ չէ. այն պարզապես մաղթանք չէ: Այն պատվիրան է: … Աստծո սերը ամեն առքինության, ամեն բարության, բնավորության ամբողջ ուժի, ճիշտը գործելու ամբողջ հավատարմության հիմքն է» (“Words of the Living Prophet,” Liahona, Dec. 1996, 8):

Հոր ծրագրում ընտանիքի օրինակը նախատեսում է օգնել մեզ սովորել, կիրառել և հասկանալ սիրո զորությունը: Իմ սեփական ընտանիքի կազմավորման օրը իմ սիրելի Աննան ու ես գնացինք տաճար և ամուսնության ուխտի մեջ մտանք: Այդ օրը ես մտածում էի, թե այնքան շատ էի սիրում նրան, սակայն ես ընդամենը սկսում էի տեսնել սիրո սկիզբը: Մինչ մեր յուրաքանչյուր երեխան և թոռը մուտք էին գործում մեր կյանք, մեր սերն ընդլայնվում էր նրանցից յուրաքանչյուրին հավասարաչափ և լիարժեք սիրելու համար: Թվում է, թե սիրելու ունակության զարգացմանը վերջ չկա:

Մեր Երկնային Հոր սիրո զգացողությունը նման է երկնքի ձգողական դաշտին: Երբ մենք հեռացնում ենք շեղող բաները, որոնք մեզ ձգում են դեպի աշխարհ և գործածում ենք մեր ազատությունը Նրան փնտրելով, մենք բացում ենք մեր սրտերը երկնային ուժերի համար, որոնք ձգում են մեզ դեպի Նա: Նեփին նկարագրել է դրա ազդեցությունը «այն աստիճան, որ [նրա] մարմինը այրվում է» (2 Նեփի 4.21): Սիրո այս նույն զորությունը ստիպեց Ալմային երգել «քավիչ սիրո երգը» (Ալմա 5.26, տես նաև հատված 9): Այն այնպես էր դիպչել Մորմոնին, որ նա խորհուրդ տվեց մեզ «աղոթել [մեր] … սրտի որջ կորովով», որ մենք կարողանանք լցվել Նրա սիրով (Մորոնի 7.48):

Ժամանակակից և հին սուրբ գրությունները լի են Իր զավակների հանդեպ Երկնային Հոր հավերժական սիրո հիշեցումներով: Ես վստահ եմ, որ մեր Երկնային Հոր բազուկները շարունակ մեկնված են, նույնիսկ պատրաստ՝ գրկելու մեզանից յուրաքանչյուրին և ասելու յուրաքանչյուրին այդ մեղմ թափանցող ձայնով՝ «Ես սիրում եմ քեզ»:

Ընտանիքի երկնային նմուշով ստեղծված օրինակի օգնությամբ մենք ավելի լիարժեք ենք հասկանում, թե ինչպես է մեր Երկնային Հայրը իսկապես սիրում մեզանից յուրաքանչյուրին հավասարապես և լիարժեք ձևով: Ես վկայում եմ, որ դա ճիշտ է: Աստված գիտի և սիրում է մեզ: Նա տվել է մեզ Իր սուրբ վայրի տեսիլքը և կանչել է մարգարեների և առաքյալների, որ ուսուցանեն սկզբունքներն ու օրինակները, որոնք մեզ կվերադարձնեն Իր մոտ: Մինչ մենք ջանում ենք սովորելու ցանկություն արթնացնել մեր և ուրիշների մեջ, և մինչ մենք ապրում ենք համաձայն մեր հայտնաբերած օրինակների, մենք կմոտենանք Նրան: Ես վկայում եմ, որ Հիսուսը հենց Աստծո Որդին էր, մեր Օրինակը և մեր սիրելի Քավիչը, ինչը ես ասում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: